ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
փետրվարի 20-ին
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հաստատել փրկարարական ծառայության կանոնագիրքը` համաձայն հավելվածի:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020թ. մարտի 9
Ստեփանակերտ
ՀՕ-1-Ն
Հավելված
«Փրկարարական ծառայության կանոնագիրքը
հաստատելու մասին» օրենքի
Կ Ա Ն Ո Ն Ա Գ Ի Ր Ք
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն կանոնագրքի կարգավորման առարկան
1. Սույն կանոնագրքով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման, փրկարարական աշխատանքների և մարտական առաջադրանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (այսուհետ` նաև Ծառայություն) ծառայողների իրավունքները և պարտականությունները, նյութական պատասխանատվության և դրա կիրառման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ծառայության անցման հետ կապված այլ հարաբերություններ:
2. Սույն կանոնագրքի պահանջները տարածվում են արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում լիազորված պետական մարմնի՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգում կամ կառավարման ոլորտում գործող բոլոր փրկարարական ստորաբաժանումների վրա:
3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասում նշված փրկարարական ստորաբաժանումներից, սույն կանոնագրքի փրկարարական աշխատանքների կատարմանը վերաբերող պահանջները տարածվում են նաև Ծառայության ստորաբաժանումների հետ փրկարարական աշխատանքներ իրականացնող մասնագիտացված և կամավոր փրկարար ուժերի վրա:
4. Միևնույն կայազորի տարածքում տեղակայված Ծառայության և Արցախի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների միջև փոխհամագործակցու-թյան կարգը սահմանվում է Ծառայության ու պաշտպանության բնագավառի հանրա-պետական գործադիր մարմնի ղեկավարների համատեղ հրամանով:
Հոդված 2. Սույն կանոնագրքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Սույն կանոնագրքում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) Ծառայություն՝ պետական մարմին, որն իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության գործառույթներ, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ բնակչության և տնտեսության օբյեկտների (տարածքների) պաշտպանության, ինչպես նաև փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման և այլ աշխատանքներ.
2) ստորաբաժանումներ` Ծառայության համակարգի կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումներ, այլ ստորաբաժանումներ, որտեղ «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով անցնում են փրկարարական ծառայություն.
3) հրամանատարներ (պետեր)` Ծառայության ղեկավար, Ծառայության ղեկավարի տեղակալներ, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետ, վարչությունների պետեր, տնօրենի աշխատակազմի ղեկավար, ինչպես նաև Ծառայության այլ ստորաբաժանումների և այդ ստորաբաժանումների կազմի մեջ մտնող կառուցվածքային միավորների հրամանատարներ (պետեր).
4) ստորաբաժանումների գույք (այսուհետ` գույք)` պետական սեփականություն համարվող և ստորաբաժանումների տնօրինմանը, տիրապետմանը և օգտագործմանը հանձնված նյութական միջոցներ ու արժեքներ, որոնք արտահայտված են հանդերձանքի, սարքավորումների, նյութերի, հիմնական այլ միջոցների, ինչպես նաև դրամական միջոցների և դրանց համարժեքների ձևով.
5) իրական վնաս (այսուհետ` վնաս)` գույքի կորուստը կամ վնասվածքը, ինչպես նաև այն ծախսերը, որը Ծառայության ստորաբաժանումը կատարել է կամ պետք է կատարի կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար.
6) տեղամաս` արտակարգ իրավիճակի վերացման նպատակով մեկ ղեկավար և կոնկրետ խնդիր ունեցող ուժերի ու միջոցների կենտրոնացման վայր.
7) շտաբ` Ծառայության կազմակերպման և իրականացման ժամանակ մշտական գործող, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում ուժերի ու միջոցների ղեկավարման նպատակով ժամանակավոր կազմավորված ղեկավարման մարմին.
8) իրավիճակի գնահատում` արտակարգ իրավիճակի վայրում իրականացված հետախուզման արդյունքների, ստացված տեղեկությունների վերլուծություն և ընդհանրացում.
9) ուժերի և միջոցների ներգրավման պլան` փաստաթուղթ, որով սահմանվում են արտակարգ իրավիճակների կանխմանը, հետևանքների նվազեցմանը և վերացմանը ներգրավվող ուժերի և միջոցների քանակն ու կարգը.
10) պլան` համապատասխան իրավասու մարմնի կողմից հաստատված փաստաթուղթ, որով կարգավորվում են բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և տարածքային պաշտպանության կազմակերպման հարաբերությունները.
11) տեսչական ստուգում` ստորաբաժանումների պատրաստականության, պատրաստության, կարգապահության, ծառայության կազմակերպման և ներքին ծառայության հետ կապված հարցերի ուսումնասիրություն ու ստուգում:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3. Ներքին ծառայությունը
1. Ներքին ծառայությունը սահմանում է ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց փոխհարաբերությունները, պատասխանատվությունը, կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների հիմնական պաշտոնատար անձանց պարտականությունները, ներքին կարգ ու կանոնը և ներքին ծառայության հետ կապված այլ հարցեր:
Հոդված 4. Ներքին ծառայության նպատակը
1. Ստորաբաժանումներում ծառայողների ծառայությունն ու աշխատանքային գործունեությունն իրականացվում են ներքին ծառայությանը ներկայացվող պահանջներին համապատասխան:
2. Ներքին ծառայությունը նախատեսված է ստորաբաժանման ներքին կարգ ու կանոնի ու ծառայողական կարգապահության պահպանման համար, որոնք ապահովում են նրա մշտական պատրաստականությունը, անձնակազմի անդամների ուսուցումը, հերթափոխի ժամանակ նրանց պարտականությունների կազմակերպված կատարումը և ծառայողների առողջության պահպանումը:
Հոդված 5. Ներքին ծառայության պահանջների կատարումը
1. Ներքին ծառայությունը պահանջում է կազմակերպված գործողություններ՝ անկախ յուրաքանչյուր ծառայողի անձնական ցանկություններից: Ներքին ծառայությանը ներկայացվող պահանջների կատարումը ծառայողների մեջ պետք է զարգացնի պատասխանատվության զգացում, դաստիարակի ճշտապահություն, բարեխղճություն և ինքնուրույնություն:
2. Փոխըմբռնումը, բարյացակամությունը և միմյանց օգնելու պատրաստակամությունը պետք է նպաստեն ծառայողական ընկերության ամրապնդմանը և ծառայողների համախմբմանը, հնարավորություն ընձեռեն ոչ միայն լուծելու առօրյա գործունեության խնդիրները, այլև արտակարգ իրավիճակներում դիմակայելու ծանր փորձություններին:
3. Յուրաքանչյուր ծառայող պարտավոր է իմանալ և բարեխղճորեն կատարել ներքին ծառայության պահանջները:
Հոդված 6. Ներքին ծառայության ղեկավարումը
1. Ներքին ծառայության ղեկավարումը ստորաբաժանումներում իրականացնում է ստորաբաժանման հրամանատարը (պետը):
2. Նույն շինության ներսում մի քանի ստորաբաժանում տեղաբաշխելու դեպքում, որոնց հրամանատարները (պետերը) ընդհանուր անմիջական պետ չունեն, Ծառայության ղեկավարի հրամանով ներքին ծառայությունը ղեկավարում է այդ ստորաբաժանումներից մեկի հրամանատարը (պետը):
Հոդված 7. Ծառայության ծառայողի երդումը
1. Առաջին անգամ Ծառայությունում ծառայության անցնելիս քաղաքացիները տալիս են երդում` «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան:
2. Ծառայության անցնող քաղաքացիները Արցախի Հանրապետության դրոշի առջև տալիս են երդում:
3. Յուրաքանչյուր ծառայող երդում է տալիս անհատապես և հաստատում է այն սեփական ստորագրությամբ:
4. Ծառայության երդում տվող անձանց երդման տեքստի ձևաթղթերը`
1) նախապես պատրաստվում են Ծառայությունում.
2) հաստատվում են երդում տվող ծառայողի և «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` Ծառայության ղեկավարի ստորագրությամբ:
5. Ծառայության երդում տվող անձանց երդման տեքստի բլանկները պահվում են Ծառայության կադրային մարմնում` կցված անձնական գործին, և ծառայողի հաշվառման ծառայողական քարտում կատարվում է նշում «Ծառայության ծառայողի երդում» տալու մասին (օրը, ամիսը, տարին):
6. Ծառայության ծառայողի (այսուհետ` ծառայող) երդման տեքստն է`
«ԾԱՌԱՅՈՂԻ ԵՐԴՈՒՄ
Ես`__________________________________________, անցնելով փրկարարական ծառայության Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում, հանդիսավոր կերպով երդվում եմ անձնվիրաբար ծառայել Արցախի Հանրապետությանը, կատարել Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջները, բարեխղճորեն կատարել իմ պաշտոնեական պարտականությունները: Երդվում եմ:
Ստորագրություն`_______________»:
Հոդված 8. Ծառայության խորհրդանիշը և դրոշը
1. Ծառայությունն ունի խորհրդանիշ և դրոշ, որոնց նկարագրերը և գործածման կարգերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. Փրկարարության համար պետական պարգևները
1. Փրկարարության համար անձինք կարող են ստանալ պետական պարգևներ` օրենքով սահմանված կարգով:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Գ Լ ՈՒ Խ 3
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 10. Ծառայողը
1. Ծառայողը պետական (հանրային) ծառայող է, և Արցախի Հանրապետությունը երաշխավորում է նրա սոցիալական և իրավական պաշտպանվածությունը, միջոցներ է ձեռնարկում սոցիալական երաշխիքներ ապահովելու համար:
2. Ծառայողին տրվում է ծառայողական վկայական, որի տրման, օգտագործման, փոխարինման և վերադարձման կարգն ու ձևը սահմանում է Ծառայության ղեկավարը:
Հոդված 11. Ծառայողի ընդհանուր իրավունքները և պարտականությունները
1. Ծառայողի ընդհանուր իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքով և սույն կանոնագրքի պահանջներով:
2. Ծառայողների կողմից իրենց իրավունքների իրականացումը չպետք է վնաս հասցնի հասարակության, պետության իրավունքներին և օրինական շահերին, Ծառայությանը, ուրիշ ծառայողների և այլ անձանց իրավունքներին:
3. Ծառայողների օրինական շահերի և իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց պարտականությունները չկատարելու դեպքում հրամանատարները (պետերը) ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության:
Հոդված 12. Ծառայողի զենք կրելու իրավունքը
1. Ծառայողը ծառայողական պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունի զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք:
2. Ծառայողին զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք տրվում է Ծառայության ղեկավարի հրամանով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք ստացած՝
1) ծառայողի ծառայողական վկայականում կատարվում է այդ մասին համապատասխան նշում.
2) Ծառայության ղեկավարի սահմանած դեպքերում ծառայողին տրվում է Ծառայության ղեկավարի հրամանով սահմանված ձևի զենքի կրման անձնական քարտ և զենքի փոխարինման քարտ:
Հոդված 13. Ծառայողի ֆիզիկական ուժ գործադրելու իրավունքը
1. Ծառայողը հանցագործությունները կանխելիս, իր իրավասությունների սահմաններում առաջադրված պահանջներին ցույց տրվող դիմադրությունը հաղթահարելիս իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, եթե այլ կերպ չի կարող կատարել իր պարտականությունները:
Հոդված 14. Ծառայողի կողմից զենք գործադրելը
1. Ծառայողն իրավունք ունի անձամբ կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու`
1) ծառայողների, Ծառայության այլ անձնակազմի, պահպանվող օբյեկտների, շենքերի, շինությունների, մեքենաների շարասյուների ու տրանսպորտային միջոցների վրա կատարվող խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
2) իր զենքին կամ տեխնիկային տիրելու փորձերը կանխելիս.
3) մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.
4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.
5) առանց նախազգուշացման՝ Արցախի Հանրապետության պաշտպանությանն ուղղված խնդիրներ կատարելիս:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, եթե «Կանգնի'ր» արձագանքից և օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում:
3. Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում կամ մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում:
4. Ծառայողը պարտականությունները կատարելիս զենք գործադրելու իրավունք ունի նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Ծառայողին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններով կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի և առողջության համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի:
6. Զենք գործադրելու և օգտագործելու դեպքում ծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները շրջապատի քաղաքացիների անվտանգության ապահովման համար, իսկ անհրաժեշտության դեպքում` տուժածներին ցույց տալ անհետաձգելի բուժօգնություն:
7. Զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին ծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին):
8. Հրամանատարը (պետը) իրավունք ունի անձամբ զենք գործադրելու կամ հրամայելու զենք գործադրել կարգապահության և կարգ ու կանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:
Հոդված 15. Ծառայողի պաշտոնեական և հատուկ պարտականությունները
1. Յուրաքանչյուր ծառայող ունի պաշտոնեական պարտականություններ, որոնցով որոշվում են նրա զբաղեցրած պաշտոնին լրիվ համապատասխանությունը, իրեն հանձնարարված խնդիրների գործնական կատարման ծավալն ու սահմանները: Այդ պարտականությունները սահմանվում են ստորաբաժանման կանոնադրությամբ, պաշտոնի անձնագրով կամ գործառութային պարտականություններով և այլ իրավական ակտերով:
2. Օրվա հերթափոխի մեջ գտնվող, ինչպես նաև տարերային աղետների վերացման համար ներգրավված կամ այլ արտակարգ իրավիճակներում գտնվող ծառայողները կատարում են հատուկ պարտականություններ: Այդ պարտականությունները և դրանց կատարման կարգը սահմանվում են օրենքով, սույն կանոնագրքով, Ծառայության կանոնադրությամբ, Ծառայության անցման պայմանագրով:
Հոդված 16. Ծառայողի պատասխանատվությունը
1. Ծառայողները, անկախ կոչումից ու պաշտոնից, հավասար են օրենքի առջև և կրում են պատասխանատվություն:
2. Ծառայողն իր անօրինական գործողության (անգործության) համար պատասխանատվություն է կրում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԵՆԹԱԿԱՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԸ ԵՎ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 4
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԵՆԹԱԿԱՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆԸ ԵՎ ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17. Միանձնյա ղեկավարումը
1. Միանձնյա ղեկավարումը Ծառայության ղեկավարման և ծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է:
2. Միանձնյա ղեկավարումը հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը` ստորաբաժանման և յուրաքանչյուր ծառայողի կյանքի ու գործունեության համար:
3. Միանձնյա ղեկավարումը դրսևորվում է հրամանատարի (պետի) կողմից իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:
Հոդված 18. Պետերը և ենթակաները
1. Իրենց ծառայողական դիրքով և կոչումով ծառայողներից ոմանք մյուսների նկատմամբ կարող են լինել հրամանատարներ (պետեր) կամ ենթականեր:
2. Հրամանատարը (պետը) իրավունք ունի ենթակային հրամաններ տալու և պահանջելու դրանց կատարումը: Հրամանատարը (պետը) ենթակայի համար պետք է լինի պատվի և զսպվածության օրինակ, չստորացնի նրա մարդկային արժանապատվությունը, որի համար կարող է կրել պատասխանատվություն, իսկ ենթական պարտավոր է անվերապահորեն կատարել հրամանատարի (պետի) օրինական հրամաններն ու կարգադրությունները: Պետերը, որոնց ծառայողները ենթարկվում են ծառայության բերումով թեկուզև ժամանակավորապես, համարվում են ուղղակի պետեր:
Հոդված 19. Ավագները և կրտսերները
1. Այն ծառայողները, որոնք իրենց ծառայողական դիրքով և կոչմամբ մյուս ծառայողների նկատմամբ պետեր կամ ենթականեր չեն, կարող են լինել ավագներ կամ կրտսերներ:
2. Ավագությունը որոշվում է ծառայողի կոչումով:
3. Կոչումով կրտսերները պարտավոր են անառարկելիորեն կատարել ավագների օրինական պահանջները:
4. Միմյանց ենթակայության տակ չգտնվող ծառայողները ծառայողական պարտականությունները համատեղ կատարելիս, երբ նրանց ծառայողական փոխհարաբերությունները չի որոշել պետը, նրանցից պաշտոնով ավագը, իսկ հավասար պաշտոնների դեպքում` կոչումով ավագը, դառնում է պետ:
5. Հավասար պաշտոն և կոչում ունենալու դեպքում ծառայողները զեկուցում են վերադաս պետին` որոշում կայացնելու համար:
Հոդված 20. Հրամանը և կարգադրությունը, դրանց արձակման և կատարման կարգը
1. Հրամանը հրամանատարի (պետի) կարգադրությունն է` ուղղված ենթականերին, որով պահանջվում է կատարել որոշակի գործողություններ, պահպանել այս կամ այն կանոնը, սահմանվում են կարգ և ժամկետներ:
2. Հրամանը կարող է տրվել գրավոր, բանավոր, կապի և տեխնիկական միջոցներով՝ մեկ ծառայողին, ծառայողների խմբին կամ ստորաբաժանումներին:
3. Գրավոր հրամանը կառավարման հիմնական կարգադրիչ պաշտոնական փաստաթուղթն է (իրավական ակտը), որը միանձնյա ղեկավարման իրավունքով հրապարակում են ստորաբաժանումների պետերը:
4. Բանավոր հրամաններ տալիս են բոլոր պետերը:
5. Կարգադրությունը պետի կողմից մասնավոր հարցերի վերաբերյալ առաջադրանքը ենթականերին հասցնելու ձև է:
6. Կարգադրությունը տրվում է գրավոր կամ բանավոր:
7. Գրավոր կարգադրությունը պաշտոնական պարտադրող փաստաթուղթ է, որը հրապարակվում է Ծառայության ղեկավարի անունից:
8. Հրամանը և կարգադրությունը պետք է համապատասխանեն Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
9. Հրամանատարը (պետը) նախքան հրաման տալը պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:
10. Հրամանատարը (պետը) պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների, Արցախի Հանրապետության օրենսդրությանը հրամանի համապատասխանության, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի կամ ծառայողական լիազորությունների չարաշահման և գերազանցման համար:
11. Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն:
12. Հրամանները տրվում են ենթակայության կարգով:
13. Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ավագ պետը կարող է հրաման տալ ենթակային` շրջանցելով նրա անմիջական պետին, որի դեպքում նա անմիջական պետին հաղորդում է այդ մասին կամ ենթակային հրամայում է, որ ինքը զեկուցի նրան:
14. Հրամանատարի (պետի) հրամանը պետք է կատարվի անվերապահորեն, ճշտորեն և նշված ժամկետում, իսկ ծառայողը, ստանալով հրամանը, պատասխանում է` «Լսում եմ», և հետո կատարում է այն:
15. Անհրաժեշտության դեպքում տրված հրամանի ճիշտ ընկալումը ստուգելու նպատակով հրամանատարը (պետը) կարող է պահանջել դրա համառոտ կրկնությունը, իսկ ծառայողը, ստանալով հրամանը, կարող է դիմել հրամանատարին (պետին)` այն կրկնելու խնդրանքով:
16. Ստացված հրամանի կատարման մասին ծառայողը պարտավոր է զեկուցել հրաման տված պետին և իր անմիջական պետին:
17. Ծառայողներին չեն կարող տրվել հրամաններ և կարգադրություններ, որոնք առաջադրում են ծառայության հետ առնչություն չունեցող խնդիրներ կամ հակասում են օրենքի պահանջներին:
18. Եթե հրաման կատարող ծառայողը ծառայողական դիրքով կամ կոչումով ավելի բարձր հրամանատարից (պետից) ստանում է նոր հրաման, որը խոչընդոտում է նախորդի կատարմանը, նա այդ մասին զեկուցում է երկրորդ հրաման տվողին և հրամանի կրկնության դեպքում կատարում է վերջինը:
19. Նոր հրաման տվողն այդ մասին հաղորդում է առաջին հրաման տվողին:
20. Օրինական կամ նախորդ հրամանի կատարմանը չխոչընդոտող հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է ծառայողական պարտականությունների չկատարում և կարգապահական կանոնների խախտում:
Հոդված 21. Ծառայողների նախաձեռնությունը
1. Ծառայողն իր առջև դրված խնդրի հաջող կատարման նպատակով պետք է ցուցաբերի նախաձեռնություն, որն առանձնապես անհրաժեշտ է, երբ տրված հրամանը չի համապատասխանում կտրուկ փոփոխված իրադրությանը, իսկ պայմաններն այնպիսին են, որ ժամանակին նոր հրաման ստանալն անհնար է դառնում:
Հոդված 22. Ծառայողական ողջույնը
1. Ծառայողական ողջույնը ծառայողների ընկերական համախմբվածության, նրանց փոխադարձ հարգանքի և բարեկամության վկայությունն է:
2. Բոլոր ծառայողները պարտավոր են հանդիպելիս կամ միմյանց կողքով անցնելիս ողջունել իրար:
3. Ծառայողական ողջույնը կատարվում է կտրուկ և ձգված՝ պահպանելով շարային կեցվածքի և շարժման կանոնները՝ հետևալ կերպ.
1) շարքից դուրս՝ առանց գլխարկի, տեղում ծառայողական ողջույնի համար պետից (ավագից) երեք-չորս քայլ հեռավորության վրա ծառայողը շրջվում է պետի (ավագի) կողմը, ընդունում է շարային կեցվածք, նայում նրա դեմքին և գլուխը շրջում նրա շարժման ուղղությամբ: Եթե ծառայողը գլխարկով է, ապա, բացի դրանից, աջ ձեռքն ամենակարճ ճանապարհով մոտեցնում է գլխարկին այնպես, որ մատները լինեն իրար կպած, ափն ուղիղ, միջնամատը քսվի գլխարկի ներքևի եզրին (հովարիկի) մոտ, իսկ արմունկը լինի ուսի բարձրությամբ, նույն գծի վրա: Գլուխը պետի (ավագի) կողմը շրջելիս ձեռքի դիրքը գլխարկի մոտ մնում է անփոփոխ: Եթե պետը (ավագը) անցնում է ողջունող ծառայողի մոտից, վերջինս գլուխն ուղղում է՝ միաժամանակ իջեցնելով ձեռքը.
2) շարքից դուրս՝ առանց գլխարկի, շարժման ընթացքում ծառայողական ողջույնի համար պետից (ավագից) երեք-չորս քայլ հեռավորության վրա ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ դադարեցնում է ձեռքերի շարժումները, գլուխը շրջում պետի (ավագի) կողմը և, շարունակելով քայլել, նայում նրա դեմքին: Պետի (ավագի) մոտով անցնելուց հետո գլուխը պահում է ուղիղ և շարունակում ձեռքերի շարժումները: Եթե ծառայողը գլխարկով է, ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ գլուխը շրջում է պետի (ավագի) կողմը, աջ ձեռքը մոտեցնում գլխարկին և ձախ ձեռքը հպելով կողին՝ նայում նրա դեմքին: Պետի (ավագի) մոտով անցնելուն պես ձախ ոտքը գետնին դնելու հետ միաժամանակ գլուխը պահում է ուղիղ, իսկ աջ ձեռքը իջեցնում ցած: Պետից (ավագից) առաջ անցնելու դեպքում ծառայողական ողջույնը կատարում է անցնելու քայլի հետ միաժամանակ, երկրորդ քայլի հետ գլուխը պահում է ուղիղ, աջ ձեռքը իջեցնում ցած.
3) եթե պետն (ավագն) անցնում է մեքենայով, ծառայողը կանգնում է, շրջվում դեմքով պետի (ավագի) կողմը և ձեռքը հպում գլխարկին: Եթե ծառայողի ձեռքերը զբաղված են, ծառայողական ողջույնը կատարում է՝ գլուխը շրջելով պետի (ավագի) կողմը:
4. Ենթակաները և կոչումով կրտսերներն ողջունում են առաջինը:
5. Ծառայողները, բացի սույն հոդվածի 1-ին մասում նշվածից, պարտավոր են ողջունել (հարգանքի տուրք մատուցել)`
1) մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրներին (հուշարձաններին).
2) եղբայրական գերեզմաններին.
3) փրկարարական աշխատանքների ժամանակ զոհված փրկարարների շիրիմներին.
4) Արցախի Հանրապետության դրոշին` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.
5) Ծառայության դրոշին:
6. Ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են՝ Արցախի Հանրապետության նախագահին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Արցախի Հանրապետության պետական նախարարին և Ծառայության ղեկավարին, գեներալներին և բոլոր ուղղակի պետերին, ինչպես նաև ստորաբաժանման տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց:
7. Շարքից դուրս գտնվելիս՝ ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, ծառայողները պետերին ողջունում են «Զգա՛ստ» կամ «Ոտքի, զգա՛ստ» հրամաններով: Շարքից դուրս պարապմունքների դեպքում, ինչպես նաև խորհրդակցությունների ժամանակ, որոնց ներկա են միայն սպաներ, ծառայողական ողջույնի համար տրվում է «Պարոնայք սպանե՛ր» հրամանը: «Զգա՛ստ», «Ոտքի, զգա՛ստ» կամ «Պարոնայք սպանե՛ր» տալիս է ներկա գտնվող սպաներից (պետերից) ամենաավագը կամ եկած հրամանատարին (պետին) առաջինը տեսած ծառայողը: Այս հրամանով բոլոր ներկա գտնվողները ոտքի են ելնում, դառնում են եկած հրամանատարի (պետի) կողմը և ընդունում շարային կեցվածք, իսկ սպաները, ենթասպաները գլխարկ դրած դեպքում, դրանից բացի, ձեռքը հպում են գլխարկին: Ներկա գտնվող հրամանատարներից (պետերից) ամենաավագը մոտենում է եկողին և զեկույց տալիս: Եկած հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը, տալիս է «Ազա՛տ» կամ «Պարոնայք սպանե՛ր» հրամանը, իսկ զեկույց տվողը կրկնում է այդ հրամանը, որից հետո բոլոր ներկաներն ընդունում են «ազատ դիրքը» կամ նստում են: Սպաները, ենթասպաները գլխարկ դրած դեպքում իջեցնում են ձեռքը և այնուհետև վարվում են եկած հրամանատարի (պետի) ցուցումով:
8. «Զգա՛ստ» և «Ոտքի, զգա՛ստ» հրամանները և հրամանատարին (պետին) զեկույցը տրվում են տվյալ օրը Ծառայություն կամ ստորաբաժանում կատարած նրա միայն առաջին այցելության դեպքում: Ավագ հրամանատարի (պետի) ներկայությամբ կրտսերին ծառայողական ողջույնի համար հրաման և զեկույց չի տրվում: Լսարանային պարապմունքների ժամանակ «Զգաստ», «Ոտքի, զգաստ» կամ «Պարոնայք սպաներ» հրաման տրվում է յուրաքանչյուր պարապմունքի սկզբին և ավարտին:
9. Օրհներգի կատարման ժամանակ շարքում գտնվող ծառայողները շարային կեցվածք են ընդունում առանց հրամանի, իսկ ստորաբաժանումների հրամանատարները (պետերը), դրանից բացի, ձեռքը հպում են գլխարկին: Շարքից դուրս գտնվող ծառայողները օրհներգի կատարման ժամանակ ընդունում են շարային կեցվածք, իսկ գլխարկ կրելու դեպքում՝ ձեռքը հպում դրան:
10. Անհատ ծառայողներին պետի կամ ավագի դիմելու դեպքում այդ ծառայողները, բացառությամբ հիվանդների, շարային կեցվածք են ընդունում և նշում իրենց պաշտոնը, փրկարարական ծառայության կոչումը և ազգանունը: Ձեռքով բարևելիս ավագն առաջինն է մեկնում ձեռքը: Եթե ավագն առանց ձեռնոցի է, կրտսերը ձեռքսեղմումից առաջ իր աջ ձեռքից հանում է ձեռնոցը: Առանց գլխարկի ծառայողները ձեռքսեղմումն ուղեկցում են գլխի թեթև խոնարհումով:
11. Պետի կամ ավագի ողջույնին` «Ողջույն ձեզ», շարքում կամ շարքից դուրս եկած բոլոր ծառայողները պատասխանում են. օրինակ՝ «Ողջու՛յն, պարոն փրկարարական ծառայության գնդապետ»: Եթե պետը կամ ավագը հրաժեշտ է տալիս` «Ցտեսությու՛ն, պարոնա՛յք», ապա ծառայողները պատասխանում են` «Ցտեսությու՛ն»՝ ավելացնելով «պարոն» և կոչումը:
12. Եթե հրամանատարը (պետը) ծառայության կարգով շնորհավորում է ծառայողին կամ շնորհակալություն հայտնում նրան, ապա ծառայողը պատասխանում է հրամանատարին (պետին). «Ծառայում եմ Արցախի Հանրապետությանը»: Եթե հրամանատարը (պետը) շնորհավորում է Ծառայությանը (ստորաբաժանմանը), ապա վերջինս պատասխանում է եռակի երկարաձիգ «Ուռա»-ով, իսկ եթե հրամանատարը (պետը) շնորհակալություն է հայտնում, ապա Ծառայությունը (ստորաբաժանումը) պատասխանում է. «Ծառայում ենք Արցախի Հանրապետությանը»:
13. Ստորաբաժանումներին ծառայողական ողջույնի կատարման հրաման չի տրվում`
1) տագնապի, երթի, ինչպես նաև ուսումնավարժությունների ժամանակ.
2) կառավարման կետերում, կապի հանգույցներում (դիսպետչերական ծառայություններում) և հերթապահության ժամանակ.
3) արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքներ կատարելիս.
4) մարզական մրցումների և խաղերի ժամանակ.
5) սնվելու ժամանակ ու մինչև դրա ավարտը:
14. Ստորաբաժանումներում անցկացվող հանդիսավոր ժողովների, կոնֆերանսների, մշակութային միջոցառումների ժամանակ ծառայողական ողջույնի համար հրաման չի տրվում, և հրամանատարին (պետին) զեկույց չի տրվում:
Հոդված 23. Հրամանատարներին (պետերին) և տեսչական ստուգման եկած անձանց ներկայանալու կարգը
1. Ստորաբաժանում եկած ավագ հրամանատարին (պետին) ներկայանում է միայն ստորաբաժանման հրամանատարը, իսկ մյուս անձինք ներկայանում են ավագ հրամանատարին անմիջապես նրանց դիմելու դեպքում՝ նշելով իրենց պաշտոնը, կոչումը և ազգանունը:
2. Ստորաբաժանման տեսչական ստուգման ժամանակ ստորաբաժանման հրամանատարը ներկայանում է տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձին, եթե ստորաբաժանման հրամանատարը կոչումով հավասար է տեսչական ստուգման ղեկավարի կոչմանը, իսկ եթե ստուգողը կոչումով ցածր է ստորաբաժանման հրամանատարից, ապա նա ներկայանում է ստորաբաժանման հրամանատարին:
3. Նախքան տեսչական ստուգման սկսելը ստորաբաժանման հրամանատարը ստուգողին ներկայացնում է ստուգման ենթակա ստորաբաժանումների հրամանատարներին:
4. Տեսուչների (ստուգողների) կամ ավագ հրամանատարների կողմից ծառայողներին տրվող հանձնարարությունների կատարման ցուցումները հաղորդվում են ստորաբաժանման հրամանատարի միջոցով:
5. Ստուգողները պարտավոր են ստորաբաժանման հրամանատարին տեղյակ պահել տեսչական ստուգման կամ անձնակազմի վրա դրված ծառայողական պարտականությունների կատարման մասին:
Հոդված 24. Ծառայողական բարեկրթությունը
1. Ծառայողները պարտավոր են մշտապես ծառայել բարձր բարեկրթության, զսպվածության, համեստության օրինակ, պահպանել ծառայողական պատիվը, պաշտպանել սեփական արժանապատվությունը և հարգել այլոց արժանապատվությունը:
2. Ծառայողները պետք է հիշեն, որ իրենց վարքով ներկայացնում են ոչ միայն իրենց, այլև ամբողջ Ծառայության համակարգն ընդհանրապես:
3. Ծառայողների փոխհարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի հիման վրա:
4. Ծառայության ժամանակ ծառայողները պարտավոր են միմյանց դիմել «Դուք»-ով:
5. Պետերը և ավագները, ծառայության բերումով ենթականերին կամ կրտսերներին դիմելու դեպքում, նրանց կոչում են ծառայողական կոչումով և ազգանունով կամ միայն կոչումով` ավելացնելով «պարոն (տիկին)» բառը, օրինակ՝ «Պարոն փրկարարական ծառայության սերժանտ Հովհաննիսյան» կամ «Պարոն փրկարարական ծառայության սերժանտ»:
6. Ծառայությունից դուրս եղած ժամանակ և շարքից դուրս գտնվող ծառայողները միմյանց կարող են դիմել ոչ միայն կոչումով, այլև ազգանունով:
7. Առօրյա կյանքում ծառայողներին թույլատրվում է միմյանց հրաժեշտ տալիս «Ցտեսություն»-ի փոխարեն ասել` «Պատիվ ունեմ»:
8. Հրամանատարի (պետի) ներկայությամբ այլ ծառայողի դիմելու դեպքում պետք է ստանալ պետի թույլտվությունը. օրինակ՝ «Պարոն փրկարարական ծառայության գնդապետ, թույլ տվեք դիմել փրկարարական ծառայության կապիտան Հովհաննիսյանին»:
9. Ծառայողները պարտավոր են հարգանք տածել քաղաքացիական բնակչության նկատմամբ, հատուկ ուշադրություն ցուցաբերել ծերերի, կանանց և երեխաների հանդեպ, նպաստել քաղաքացիների պատվի և արժանապատվության պաշտպանությանը:
10. Ծառայողներին արգելվում է ձեռքերը պահել համազգեստի գրպանում, պետի ներկայությամբ նստել կամ ծխել առանց նրա թույլտվության, ինչպես նաև ծխել աշխատասենյակներում, վարչական շենքի տարածքում, փողոցում քայլելիս և չնախատեսված վայրերում:
11. Ծառայության համար սահմանվում են համազգեստի անհրաժեշտ տեսակներ` համաձայն «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի:
12. Ծառայության ծառայողների համազգեստի ձևը, տրման կարգը, օգտագործման ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
13. Ծառայությունից դուրս հանգստի մեջ կամ արձակուրդում գտնվող ծառայողներին թույլատրվում է ծառայողական համազգեստ չկրել:
Բ Ա Ժ Ի Ն 5
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 5
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ՈՒ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 25. Հրամանատարների (պետերի) պատասխանատվությունը և ընդ-հանուր պարտականությունները
1. Հրամանատարը (պետը) միանձնյա ղեկավար է և խաղաղ ու պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն վստահված ստորաբաժանման մշտական ու զորահավաքային պատրաստականության, ստորաբաժանմանն առաջադրվող խնդիրների հաջող կատարման համար, անձնակազմի պատրաստության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի և ծառայության անվտանգության, ներքին կարգ ու կանոնի համար, փրկարարական և այլ տեխնիկայի ու նյութական այլ միջոցների վիճակի ու պահպանության, ինչպես նաև ֆինանսական և սոցիալ-իրավական ապահովման համար:
2. Հրամանատարը (պետը) պարտավոր է կայուն և հետևողական կերպով կենսագործել պետական քաղաքականությունը, մշտապես կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և ստորաբաժանման ղեկավարման մեթոդները, հմտորեն աշխատանք տանել ստորաբաժանման անձնակազմի հետ, ղեկավարել գիտական և գյուտարարական աշխատանքը:
3. Հրամանատարը (պետը) պարտավոր է`
1) բարձր պահել վստահված ստորաբաժանման պատրաստականությունը.
2) մշտական պատրաստականության ուղղությամբ պլանավորել միջոցառումներ և ապահովել դրանց կատարումը, պլաններում ժամանակին կատարել անհրաժեշտ փոփոխություններ ու ճշգրտումներ.
3) հասնել փրկարարական և այլ տեխնիկայի ու նյութական այլ միջոցների լրիվ ապահովության, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը.
4) անցկացնել պարապմունքներ, վարժանքներ ստորաբաժանման պատրաստականության ուղղությամբ, հասնել անձնակազմի և իր պարտականությունների իմացությանն ու կատարմանը.
5) բազմակողմանիորեն տեղյակ լինել իրեն վստահված ստորաբաժանման իրական վիճակին, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ նրա ցուցակային և առկա կազմի, ինչպես նաև փրկարարական և այլ տեխնիկայի ու նյութական այլ միջոցների առկայության մասին.
6) միջոցներ ձեռնարկել պետական և ծառայողական գաղտնիքի պահպանությունն ապահովելու համար:
4. Հրամանատարը (պետը) պարտավոր է անմիջականորեն ղեկավարել ենթակաների պատրաստությունը`
1) պլանավորել և ժամանակին միջոցներ ձեռնարկել աշխատանքի արդյունավետ կազմակերպման ուղղությամբ.
2) մշտապես կատարելագործել ենթակաների մասնագիտական գիտելիքները.
3) անձամբ կազմակերպել և անցկացնել վարժանքներ, պարապմունքներ` ուղղված ենթակա անձնակազմի մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորմանը.
4) հսկողություն սահմանել և ենթականերին անհրաժեշտ օգնություն ցույց տալ պատրաստության ընթացքում, ուսուցման մեջ մտցնել մրցակցության ոգի, որը նպաստում է ենթակաների ուսուցման արդյունավետության բարձրացմանը, կատարելագործել ուսումնանյութական բազան.
5) պարբերաբար ամփոփել անձնակազմի պատրաստության արդյունքները.
6) ենթակաների մեջ ձևավորել և պահպանել բնակչության պաշտպանության ու մարտական խնդիրների կատարման համար բարոյական և հոգեբանական պատրաստակամություն, ծառայողների մեջ զարգացնել ծառայողական պարտքի կատարման համար անհրաժեշտ հատկանիշներ, ծառայողական երդման սրբության և անխախտելիության գիտակցություն, խիզախություն, զսպվածություն, հնարամտություն, զգոնություն, ծառայողական ընկերություն, փոխօգնության ձգտում.
7) կատարելագործել ազգամիջյան շփման մշակույթը, հոգ տանել ծառայողական կոլեկտիվի համախմբվածության և տարբեր ազգությունների փրկարարների բարեկամության ամրապնդման համար, հաշվի առնել ու հարգել նրանց ազգային ավանդույթները և սովորույթները.
8) ենթակաների նկատմամբ ցուցաբերել նրբազգացություն և ուշադրություն, փոխհարաբերությունների մեջ թույլ չտալ անտակտություն ու կոպտություն, բարձր պահանջկոտությունը և սկզբունքայնությունը համատեղել նրանց անձնական արժանապատվության հարգման հետ, միջոցներ ձեռնարկել ծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալ-իրավական պաշտպանվածության ապահովման համար, պայմաններ ստեղծել քաղաքավարության բարձրացման, առողջության ամրապնդման և ֆիզիկական պատրաստվածության աճի համար:
5. Հրամանատարը (պետը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել անձնակազմի անվտանգության ապահովման համար փրկարարական և այլ տեխնիկայի հետ աշխատելիս, հատուկ պարապմունքների և աշխատանքների անցկացման ժամանակ անվտանգության պահանջները նախօրոք հասցնել ենթականերին ու պահանջել դրանց խստագույն կատարումը:
6. Հրամանատարը (պետը) պարտավոր է պարապմունքները, աշխատանքները և ծառայության այլ միջոցառումներ սկսելուց առաջ անձամբ համոզվել, որ դրա համար ստեղծված և ապահովված են անվտանգ պայմաններ, ենթակաները յուրացրել են անվտանգության կանոնների պահպանման պահանջները և տիրապետում են դրանց իրականացմանն անհրաժեշտ գործնական հմտություններին:
7. Հրամանատարը (պետը) պարտավոր է իրեն ենթակա ստորաբաժանումում ապահովել ներքին կարգ ու կանոն`
1) ենթակա հրամանատարների գործողություններն ուղղել ծառայողների կողմից սույն կանոնագրքի և Ծառայության կանոնադրության պահանջների ուսումնասիրման ու կատարման կազմակերպմանը.
2) անձնակազմին նախապատրաստել օրվա վերակարգի ծառայության կատարմանը, հսկողություն սահմանել ներքին ծառայության կատարման նկատմամբ, ինչպես նաև օրվա վերակարգի ծառայության բարելավման համար մշակել հանձնարարականներ:
8. Հրամանատարը (պետը) պարտավոր է սարքին վիճակում պահել փրկարարական և այլ տեխնիկան ու նյութական այլ միջոցները, կազմակերպել տեխնիկական, նյութական, բժշկական, սոցիալ-իրավական, ֆինանսական և կենցաղային ապահովություն`
1) կազմակերպել ստորաբաժանում մուտք գործած փրկարարական տեխնիկայի ընդունումը և շարք մտցնելը, անձամբ ստուգել անձնակազմի պատրաստվածությունը.
2) պլանավորել փրկարարական և այլ տեխնիկայի շահագործումը.
3) կազմակերպել և իրականացնել վերահսկողություն փրկարարական և այլ տեխնիկայի տեխնիկական վիճակի ու շահագործման նկատմամբ, վթարների և պատահարների կանխման ուղղությամբ անցկացնել միջոցառումներ.
4) կազմակերպել փրկարարական տեխնիկայի հաշվառումը և պահպանությունը, ժամանակին պահանջել ու կազմակերպել նյութական այլ միջոցների ստացումը, կանխել փրկարարական գույքի և ունեցվածքի կորուստները, պակասորդը, փչացումն ու հափշտակումը և մեղավորներին ենթարկել պատասխանատվության:
9. Հրամանատարը (պետը) պարտավոր է կատարելագործել անձնական մասնագիտական պատրաստությունը և ստորաբաժանման ղեկավարման մեթոդները`
1) բարձրացնել իր ծառայողական, մանկավարժական և իրավական գիտելիքները, գիտենալ փրկարարական և այլ տեխնիկան, դրանց գործածման (շահագործման) և նորոգման կարգը.
2) իմանալ իր ծառայությանն առնչվող օրենքները, ծառայողական կանոնագրքերի և կանոնադրության դրույթները, խստորեն գործել դրանց համաձայն և ենթականերից պահանջել դրանց կատարումը.
3) իր և ենթակաների մեջ մշակել գործնականություն, քննադատական վերաբերմունք դրսևորել կատարած աշխատանքների արդյունքների նկատմամբ, աշխատանքի ընթացքում հաշվի առնել ենթակաների կարծիքը.
4) ենթակաների միջև հմտորեն բաշխել աշխատանքն ու պարտականությունները, իրականացնել հրամանների կատարման գործնական հսկողություն.
5) իրեն տրված իրավունքների սահմաններում գործել ինքնուրույնաբար, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ ունենալ սերտ կապ: Այդ նպատակով անցկացնել ծառայողական արարողություններ, մարզական տոներ և այլ միջոցառումներ` հրավիրելով հասարակության ներկայացուցիչների և ծառայողների ընտանիքների անդամներին.
6) ստորաբաժանման մեջ կազմակերպել և անցկացնել մրցակցություն` ուղղված ստորաբաժանման լուծելիք խնդիրների հաջող կատարմանը.
7) ենթակաների հետ հաճախակի ամփոփել պատրաստության արդյունքները, ծառայողական կարգապահության վիճակը, ներքին կարգ ու կանոնի պահպանումը և միջոցներ ձեռնարկել դրանք բարելավելու ուղղությամբ:
10. Հրամանատարը (պետը) պարտավոր է ՝
1) հմտորեն աշխատել ենթակա ստորաբաժանման անձնակազմի հետ, բազմակողմանիորեն ուսումնասիրել անձնակազմը անձնական շփման միջոցով, իմանալ ենթակաների գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները.
2) հոգ տանել ծառայողների առողջության պահպանման, ամրապնդման և բժշկական ապահովման ուղղությամբ:
Հոդված 26. Հրամանատարի պաշտոնի, գործերի, հրամանատարի պատասխանատվության տակ գտնվող նյութական արժեքների հանձնում-ընդունումը
1. Ստորաբաժանման նոր նշանակված հրամանատարը`
1) հրամանատարությունը ստանձնում է ավագ հրամանատարի (պետի) հրամանի հիման վրա.
2) անձնակազմին ներկայացվում է ավագ հրամանատարի (պետի) կողմից:
2. Ստորաբաժանման նոր նշանակված հրամանատարի`
1) պաշտոնի, գործերի և հրամանատարի պաշտոնի հանձնման-ընդունման ժամկետ է նշանակվում հինգ օրից ոչ ավելի, տեղակալներինը` երեք օրից ոչ ավելի, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման պետինը` տասն օրից ոչ ավելի.
2) գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ավարտ համարվում է այն պահը, երբ ավագ հրամանատարը (պետը) հաստատում է համապատասխան ակտը:
3. Գործերի և պաշտոնի հանձնման և ընդունման համար ավագ հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է հանձնաժողով, որը ստուգում է ստորաբաժանման ընդհանուր վիճակը, փրկարարական և այլ տեխնիկայի ու գույքի առկայությունն ու վիճակը, դրանց հաշվառումը, ինչպես նաև ստորաբաժանման ֆինանսատնտեսական վիճակը, որից հետո կազմվում է ակտ:
4.Գործերի և պաշտոնի հանձնման (ընդունման) ակտերում նշվում են ըստ ցուցակի ստորաբաժանման առկա անձնակազմը և պատրաստականության աստիճանը, ուսումնանյութական բազայի վիճակը, անձնակազմի ծառայողական կարգապահության վիճակը:
5. Փրկարարական և այլ գույքի ու տեխնիկայի հանձնման (ընդունման) ակտում նշվում են ըստ փաստաթղթերի տեխնիկայի քանակը, դրա առկայությունը, որակական ու տեխնիկական վիճակը, ինչպես նաև դրանց պահպանության պայմանները:
6. Նյութական միջոցների հանձնման և ընդունման ակտում նշվում են անձեռնմխելի պաշարների` վառելանյութի, սննդամթերքի, իրեղենի, տեխնիկական ունեցվածքի և այլ նյութական ու դրամական միջոցների առկայությունը, վիճակը, ծախսման օրինականությունը, հաշվառումը և պահպանության կարգը:
7. Ակտերը ստորագրում են ընդունող և հանձնող հրամանատարները, ինչպես նաև հանձնաժողովի անդամները, և ներկայացվում են ավագ հրամանատարի (պետի) հաստատմանը:
Հոդված 27. Վարչության պետի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Վարչության պետը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ենթակա ստորաբաժանման մշտական ու զորահավաքային պատրաստականության և նրա կողմից առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մշտական պատրաստության, դաստիարակության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի ու նյութական միջոցների պահպանության համար:
2. Վարչության պետը ենթարկվում է Ծառայության ղեկավարին:
3. Վարչության պետը վարչության անձնակազմի ուղղակի պետն է:
4. Վարչության պետը խաղաղ և պատերազմի ժամանակ`
1) ղեկավարում է ենթակա ստորաբաժանման գործունեությունը, պատասխանատու է վարչությանն առաջադրած խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) սահմանում է աշխատանքի բաշխում վարչության ստորաբաժանումների պետերի միջև.
3) ներկայացնում է ենթակա ստորաբաժանման կանոնադրությունը.
4) օրենքով, այլ իրավական ակտերով և ենթակա ստորաբաժանման կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման նպատակով մշակում ու Ծառայության ղեկավարին է ներկայացնում արտակարգ իրավիճակների կանխարգելման համար անհրաժեշտ առաջարկություններ.
5) իր լիազորությունների շրջանակներում Ծառայության ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
6) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման և այլ մարմինների փոխհարաբերությունները.
7) ստորագրում է ենթակա ստորաբաժանման անունից պատրաստվող փաստաթղթերը.
8) ենթակա ստորաբաժանման լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, միջնորդագիր, զեկուցագիր և այլ գրություններ.
9) իր լիազորությունների շրջանակներում կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան ստորաբաժանումների մասնագետների.
10) առաջարկություններ է ներկայացնում ենթակա ստորաբաժանման պաշտոններում քաղաքացիներին աշխատանքի ընդունման, աշխատողներին պաշտոնից ազատման, խրախուսման և կարգապահական տույժեր տալու վերաբերյալ.
11) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական, հրդեհաշիջման աշխատանքների և մարտական խնդիրների իրականացման համար ենթակա ստորաբաժանման անձնակազմի ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար սահմանված կարգով միջնորդում է պետական պարգևատրման.
12) իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է իրեն հատկացված գույքը.
13) բաշխում է ենթակա ստորաբաժանման գործունեության իրականացման համար անհրաժեշտ միջոցները և հսկում դրանց ռացիոնալ օգտագործումը.
14) իր լիազորությունների շրջանակներում տալիս է համապատասխան կարգադրություններ և արձակում հրամաններ:
5. Վարչության պետի պաշտոնի անձնագրով կարող են սահմանվել այլ պարտականություններ:
Հոդված 28. Բաժնի (ճգնաժամային կառավարման կենտրոնի, բաժանմունքի) պետի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Բաժնի (ճգնաժամային կառավարման կենտրոնի (այսուհետ՝ ՃԿԿ), բաժանմունքի) պետը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) մշտական ու զորահավաքային պատրաստականության և նրա կողմից առաջադրանքների հաջող կատարման, անձնակազմի մշտական պատրաստության, դաստիարակության, ծառայողական կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի ու նյութական միջոցների պահպանության համար:
2. Բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) պետը ենթարկվում է Ծառայության ղեկավարին (կառուցվածքային ստորաբաժանումների կազմի մեջ մտնող բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) պետը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետին) և ողջ անձնակազմի անմիջական պետն է:
3. Բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) պետը պարտավոր է՝
1) ղեկավարել անձնակազմի մշտական պատրաստությունն ու դաստիարակությունը, հմտորեն ղեկավարել բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) պլանավորման և կազմակերպման աշխատանքները.
2) բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) ծառայողների հետ անցկացնել պարապմունքներ.
3) ղեկավարել բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) մշտական պատրաստականության պլանի մշակման և կատարման գործընթացը.
4) իմանալ բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանքներ անցկացնել ծառայողական դաստիարակության և մասնագիտական պատրաստության ուղղությամբ.
5) բաժնում (ՃԿԿ, բաժանմունքում) հաստատել հրապարակայնություն, սոցիալական արդարություն, ծառայողների փոխադարձ վստահություն.
6) պահպանել բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) ներքին կարգ ու կանոնը.
7) ամիսը մեկ ամփոփել հիմնական միջոցառումների կատարման և ծառայողական կարգապահության վիճակը, արդյունքների վերաբերյալ Ծառայության ղեկավարին (կառուցվածքային ստորաբաժանումների կազմի մեջ մտնող բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) պետը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետին) ներկայացնել զեկույց.
8) կազմել և Ծառայության ղեկավարին (կառուցվածքային ստորաբաժանումների կազմի մեջ մտնող բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) պետը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետին) ներկայացնել բաժնի անձնակազմի հերթական արձակուրդների հատկացման գրաֆիկ-ժամանակացույց:
4. Բաժնի (ՃԿԿ, բաժանմունքի) պետի պաշտոնի անձնագրով կարող են սահմանվել այլ պարտականություններ:
Հոդված 29. Ավագ սպայի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Ավագ սպան պատասխանատու է իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին և ճիշտ կատարման համար: Նա ենթարկվում է ստորաբաժանման հրամանատարին (պետին):
2. Ավագ սպան պարտավոր է`
1) իմանալ և օրինակելիորեն կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված ծառայողական պարտականությունները.
2) ղեկավարվել սույն կանոնագրքով, վարչության և բաժնի կանոնադրություններով.
3) ստորաբաժանման հրամանատարի (պետի) բացակայության դեպքում կատարել նրա պարտականությունները.
4) մասնակցել բաժնի ամենամսյա և տարեկան պլանների մշակմանը, հսկողություն սահմանել դրանց կատարման նկատմամբ, ամփոփել և ներկայացնել տեղեկանք ստորաբաժանման հրամանատարին (պետին).
5) յուրաքանչյուր շաբաթվա աշխատանքային վերջին օրն ամփոփել և ստորաբաժանման հրամանատարին (պետին) ներկայացնել անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը.
6) մշտապես աշխատանք տանել իր մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ.
7) մասնակցել հրամանատարական պատրաստության պարապմունքներին և որակավորման դասընթացներին:
Հոդված 30. Սպայի պարտականությունները
1. Սպան խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է իր վրա դրված պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին ու ճիշտ կատարման համար: Նա ենթարկվում է բաժնի (բաժանմունքի) պետին:
2. Սպան պարտավոր է`
1) ղեկավարվել սույն կանոնագրքով, վարչության և բաժնի կանոնադրություններով, իր պաշտոնի անձնագրով.
2) իր ծառայողական պարտականությունները իրականացնելու նպատակով մշակել և բաժնի (բաժանմունքի) պետի հաստատմանը ներկայացնել ամենամսյա աշխատանքային պլան.
3) մշտապես աշխատանք տանել իր մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ.
4) մասնակցել հրամանատարական պատրաստության պարապմունքներին և որակավորման դասընթացներին:
Հոդված 31. Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (այսուհետ՝ ԱԱՀՍ) հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`
1) ԱԱՀՍ մշտական, մարտական և զորահավաքային պատրաստականության, փրկարարական և մարտական խնդիրների հաջող կատարման համար.
2) կադրերի ընտրության ու տեղաբաշխման, անձնակազմի պատրաստության, դաստիարակության, բարոյահոգեբանական վիճակի, աշխատանքների անվտանգության համար.
3) փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ կատարելուն նախապատրաստվելու համար.
4) օրինականության պահպանման, կարգապահության, ներքին կարգ ու կանոնի, փրկարարական տեխնիկայի, սարքավորումների և նյութական այլ միջոցների պահպանության ու վիճակի համար:
2. ԱԱՀՍ հրամանատարը՝
1) ստորաբաժանման ողջ անձնակազմի ուղղակի պետն է.
2) պատրաստության և դաստիարակության հիմնական կազմակերպիչն է:
3. ԱԱՀՍ հրամանատարը պարտավոր է`
1) հմտորեն ղեկավարել անձնակազմի պատրաստությունը և դաստիարակությունը.
2) պատերազմական և արտակարգ իրավիճակների ժամանակ գործելիս հմտորեն ղեկավարել ստորաբաժանումը.
3) իմանալ յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտապես աշխատանք տանել դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ, պարապմունքներ անցկացնել սպաների և ենթասպաների հետ, ինչպես նաև վարժանքներ ու պարապմունքներ՝ ստորաբաժանումների հետ.
4) ղեկավարել ստորաբաժանման պատրաստության պլանի մշակումն ու կատարումը.
5) ղեկավարել կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը քաղաքացիների ծառայության անցնելու գործընթացում.
6) կազմել ենթակա անձնակազմի արձակուրդների ժամանակացույցը.
7) միջոցներ ձեռնարկել իրավախախտումների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ դրանց առկայության դեպքում զեկուցել ավագ հրամանատարին (պետին).
8) վերլուծել պատրաստության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի վիճակը, ոչ ուշ, քան ամիսը մեկ ամփոփել արդյունքները և դրանց բարելավման համար ձեռնարկել միջոցներ.
9) գիտենալ ստորաբաժանումներում եղած փրկարարական տեխնիկան, սարքավորումները և նյութական այլ միջոցները, կազմակերպել ճիշտ շահագործումը և առնվազն երեք ամիսը մեկ անգամ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումը.
10) միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, հանդերձանքի, փրկարարական տեխնիկայի, սարքավորումների և նյութական այլ միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, պարբերաբար ստուգել դրանց առկայությունը, վիճակը և պատրաստականությունը, ոչ ուշ, քան տարեկան երկու անգամ` գարնան և աշնան ամիսներին, անցկացնել հանդերձանքի և փրկարարական ու ռազմական տեխնիկայի ստուգատես, արդյունքների մասին զեկուցել վերադասին.
11) հսկողություն իրականացնել փրկարարական տեխնիկայի ու սարքավորումների հետ աշխատելու, պարապմունքներ, ուսումնավարժություններ անցկացնելու և փրկարարական աշխատանքի ժամանակ անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.
12) անձամբ ներկա լինել վերակարգի հերթափոխությանը և ստուգել Ծառայության փաստաթղթերը, վերահսկել հրամանատարական կազմի կողմից անցկացվող պարապմունքները.
13) միջոցներ ձեռնարկել ենթակաների կենցաղի բարելավման, նրանց առողջության պահպանման և ամրապնդման ուղղությամբ.
14) հսկել շինությունների ճիշտ շահագործումը, ստորաբաժանման տարածքի պահպանությունը, ինչպես նաև հակահրդեհային պաշտպանությունը.
15) համաձայն փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, որոնողափրկարարական, լեռնափրկարարական, գազափրկարարական, ձյունափրկարարական, հրդեհաշիջման, բուժսանիտարական և այլ աշխատանքների իրականացման կանոնադրության՝ մեկնել հրդեհների, վթարների, տարերային աղետների վայր և, ելնելով ստեղծված իրավիճակից, ղեկավարել ստորաբաժանման աշխատանքները.
16) հսկել ստորաբաժանումում ծառայողական կարգապահությունը, հերթապահության համար նախատեսված սենյակների կահավորումն ու սանիտարական վիճակը, հանդերձանքի նպատակային օգտագործումը` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կապի և ազդարարման միջոցների անխափան աշխատանքի վրա.
17) փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, որոնողափրկարարական, լեռնափրկարարական, գազափրկարարական, ձյունափրկարարական, հրդեհաշիջման, բուժսանիտարական և այլ աշխատանքների վերաբերյալ կարգադրություն ստանալու դեպքում ճշտել խնդիրն ըստ տեղի, ժամանակի և իրականացման ուղիների, հնարավոր կարճ ժամկետում ապահովել դեպքի վայր ժամանումը, անհրաժեշտության դեպքում՝ անձամբ ղեկավարել.
18) արտակարգ իրավիճակների վայրում անձամբ ղեկավարել փրկարարական խմբերի բաշխումը՝ ըստ աշխատանքների վայրերի, հետևել աշխատանքների իրականացմանն ու անվտանգության կանոնների պահպանմանը.
19) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 32. Հրշեջ-փրկարարական մասի պետի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Հրշեջ-փրկարարական մասի (այսուհետ՝ ՀՓՄ) պետը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ՀՓՄ պատրաստականության, օրինականության անշեղ և խստիվ պահպանման ու կատարման համար, կադրերի ընտրության, կարգապահության, ծառայողական պատրաստվածության, ծառայության կազմակերպման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների անցկացման, մարտական խնդիրների կատարման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման, ՀՓՄ սենյակների, սարքավորումների կամ միջոցների, հրշեջ-փրկարարական տեխնիկայի պահպանման ու ճիշտ շահագործման համար:
2. ՀՓՄ պետը պարտավոր է՝
1) իմանալ սպասարկման տարածքը` հրդեհավտանգ օբյեկտների, շենքերի ու շինությունների վայրերը և հակահրդեհային վիճակը, հրդեհավտանգավորությունն ու կառուցվածքային առանձնահատկությունները, տարածքի հակահրդեհային ջրամատակարարումը, ճանապարհներն ու կապը, ՀՓՄ գտնվող հրշեջ-փրկարարական մեքենաների մարտավարական տվյալներն ու ճիշտ շահագործման ձևերը, ժամանակին օպերատիվ արձագանքել հրդեհային և փրկարարական իրավիճակի փոփոխմանը.
2) ուսումնասիրել և գիտենալ ենթակա անձնակազմի գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, ղեկավարել և անձամբ անցկացնել անձնակազմի պատրաստության դասընթացները, դաստիարակել նրանց մասնագիտությանը սիրով վերաբերվելու, կանոնագրքերի և կանոնադրությունների պահանջների ու պետերի հրամանների անառարկելի կատարման ոգով.
3) կազմակերպել և վերահսկել վերակարգի ծառայությունն ու ՀՓՄ անձնակազմի ամենօրյա աշխատանքը, նրանց ցույց տալ մշտական գործնական օգնություն.
4) իրավիճակից ելնելով՝ մշակել լրացուցիչ միջոցառումներ տարածքի (օբյեկտի) պահպանումն ուժեղացնելու համար և փոփոխություններ մտցնել ծառայության կազմակերպման մեջ.
5) ղեկավարել գազածխապաշտպան սարքերով աշխատող անձնակազմի պատրաստումը շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատելուն, վերահսկել գազածխապաշտպանների անվտանգ աշխատանքն ապահովող մեկուսիչ հակագազերի, կապի միջոցների, սարքավորումների և հանդերձանքի ճիշտ շահագործման ու պահպանման վիճակը.
6) կազմակերպել և ապահովել անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության և արտադրական հիգիենայի միջոցառումների կատարումը.
7) սահմանել վերակարգի մեջ չմտնող անձնակազմի աշխատանքները սկսելու ժամանակն ու կարգը.
8) մեկնել հրդեհների, վթարների և տարերային աղետների վայր ու համաձայն կանոնագրքի պահանջների և, ելնելով իրավիճակից, ղեկավարել հրդեհների մարման կամ անձնակազմի կողմից կատարվող` տարերային աղետների, վթարների հետևանքների նվազեցման աշխատանքները.
9) հոգատարություն ցուցաբերել ՀՓՄ անձնակազմին՝ կենցաղային պայմանների բարելավման համար, գիտենալ նրանց պահանջներն ու կարիքները, հոգալ դրանց բավարարումը.
10) անձամբ ներկա լինել վերակարգի հերթափոխությանը և ստուգել ծառայության փաստաթղթերը, վերահսկել հրամանատարական կազմի կողմից անցկացվող պարապմունքները.
11) ապահովել տեխնիկայի, սարքավորումների մշտապես պատրաստի վիճակում պահպանումը, յուրաքանչյուր ամիս ստուգել դրանց վիճակն ու վառելիքաքսուքային և շահագործման ծախսերի հաշվառումը.
12) կազմակերպել և անձամբ մասնակցել հրդեհաշիջման պլանների, քարտերի մշակմանը և դրանց վերամշակմանը.
13) ապահովել ՀՓՄ ծառայողական և կենցաղային սենյակների ճիշտ օգտագործումը, ինչպես նաև դրանց հակահրդեհային վիճակը.
14) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 33. ԱԱՀՍ օպերատիվ խմբի հրամանատարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. ԱԱՀՍ օպերատիվ խմբի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է խմբի մարտական պատրաստականության, ծառայողական առաջադրանքների հաջող կատարման համար, անձնակազմի պատրաստության, դաստիարակության, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի, ԱԱՀՍ օպերատիվ խմբում ներքին կարգ ու կանոնի պահպանման, հատուկ տեխնիկայի, սպառազինության և այլ գույքի վիճակի համար:
2. ԱԱՀՍ օպերատիվ խմբի հրամանատարը՝
1) ենթարկվում է ԱԱՀՍ հրամանատարին և ԱԱՀՍ օպերատիվ խմբում անձնակազմի ուղղակի պետն է.
2) ԱԱՀՍ օպերատիվ խմբում անձնակազմի ուսուցման և ամենօրյա դաստիարակության անմիջական կազմակերպիչն է:
3. ԱԱՀՍ օպերատիվ խմբի հրամանատարը պարտավոր է`
1) հմտորեն ղեկավարել ԱԱՀՍ օպերատիվ խումբը.
2) ԱԱՀՍ օպերատիվ խմբում կազմակերպել անձնակազմի պատրաստությունը, կազմել շաբաթական պարապմունքների դասացուցակը, պարապմունքներ անցկացնել օղակների անձնակազմերի հետ, իսկ արտակարգ իրավիճակներում հմտորեն ղեկավարել խումբը.
3) գործնական պարապմունքների և փրկարարական աշխատանքների ու մարտական խնդիրների կատարման ժամանակ իրականացնել անվտանգության կանոնների ու պահանջների կատարման հսկողություն.
4) ղեկավարել ԱԱՀՍ օպերատիվ խմբի անձնակազմի պատրաստությունն ու դաստիարակությունը.
5) պարապմունքներ անցկացնել ԱԱՀՍ օպերատիվ խմբի անձնակազմի հետ.
6) ղեկավարել ԱԱՀՍ օպերատիվ խմբի պատրաստության պլանի մշակումն ու կատարումը.
7) գիտենալ ԱԱՀՍ օպերատիվ խմբի յուրաքանչյուր ծառայողի կոչումը, ազգանունը, ազգությունը, ծառայության ժամկետը, զբաղեցրած պաշտոնը կամ մասնագիտությունը, ընտանեկան դրությունը, գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել դաստիարակության և մասնագիտական պատրաստության ուղղությամբ.
8) հետևել իր ենթակաների արտաքին տեսքին և կեցվածքին, համազգեստը կրելու կանոնների պահպանմանը, հանդերձանքի` համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.
9) ԱԱՀՍ օպերատիվ խմբում հաստատել սոցիալական արդարություն, փոխադարձ վստահություն, ջոկերում ստեղծել թերությունների, անտարբերության և պասիվության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ.
10) պահպանել ներքին կարգ ու կանոնը և ստուգել ԱԱՀՍ օպերատիվ խմբի անձնակազմի ներքին ծառայության կատարումը.
11) յուրաքանչյուր ամիս ամփոփել անձնակազմի պատրաստությունը, կարգապահության և ներքին ծառայության վիճակը.
12) գիտենալ ԱԱՀՍ օպերատիվ խմբում եղած փրկարարական տեխնիկան, հանդերձանքը և գույքը, կազմակերպել դրանց ճիշտ շահագործումը և առնվազն ամիսը մեկ անձամբ ստուգել դրանց առկայությունը, վիճակը և հաշվառումը, տեխնիկայի զննման (ստուգման) արդյունքները գրանցել տեխնիկայի զննման (ստուգման) գրքում.
13) վարժանքների դուրս գալիս կամ պարապմունքներից առաջ ստուգել խմբի փրկարարական տեխնիկայի նախապատրաստումը, ինչպես նաև դրանց առկայությունը վարժանքներից կամ պարապմունքներից վերադառնալուց հետո, միջոցներ ձեռնարկել աղետները, վթարները, փրկարարական տեխնիկայի վնասվածքները կանխելու համար, ապահովել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, վարժանքների և աշխատանքների անցկացման ժամանակ.
14) հետևել ԱԱՀՍ օպերատիվ խմբին հատկացված տարածքի վիճակին և ճիշտ շահագործմանը.
15) կատարել իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 34. ՀՓՄ պահակախմբի պետի և ՀՓՄ կից հրշեջ-փրկարարական ջոկի հրամանատարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. ՀՓՄ պահակախմբի պետը և ՀՓՄ կից հրշեջ-փրկարարական ջոկի (այսուհետ՝ ՀՓՋ) հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու են խմբի պատրաստականության և ծառայության, կարգապահության ու բարոյահոգեբանական վիճակի համար, ավտոմեքենաների, հրշեջ-տեխնիկական հագեցվածության պահպանման ու սարքին վիճակի համար:
2. ՀՓՄ պահակախմբի պետը ենթարկվում է ՀՓՄ պետին և ողջ անձնակազմի ուղղակի պետն է: ՀՓՋ հրամանատարը ենթարկվում է ՀՓՄ պետին և ողջ անձնակազմի ուղղակի պետն է:
3. ՀՓՄ պահակախմբի պետը և ՀՓՋ հրամանատարը պարտավոր են՝
1) գիտենալ խմբի անձնակազմի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, մշտական աշխատանք տանել անձնակազմի դաստիարակման ուղղությամբ, անցկացնել անձնակազմի մշտական պատրաստությունը և հետևել հրշեջ-փրկարարների և հրշեջ-վարորդների ճիշտ ուսուցմանը.
2) գիտենալ մեկնման տարածքը, կարևոր և հրդեհավտանգ օբյեկտների գտնվելու վայրերը, դրանց հրդեհավտանգավորությունը, շենքերի կառուցվածքային առանձնահատկությունները, մեկնման տարածքի հակահրդեհային ջրամատակարարումը և երթանցները, մոտակա ՀՓՄ գոյություն ունեցող հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների մարտավարատեխնիկական տվյալները.
3) հսկողություն սահմանել ծառայողական սենյակների հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, մաքրության և կարգ ու կանոնի, վերակարգի անձնակազմի շարային կեցվածքի, սահմանված հատուկ հագուստի և հանդերձանքի ճիշտ կրման ու զգեստավորման ճիշտ հարմարեցման նկատմամբ.
4) հերթափոխի ժամանակ, կախված իրավիճակից, տեղամասի հակահրդեհային պաշտպանությունն ուժեղացնելու համար մշակել լրացուցիչ միջոցառումներ.
5) գիշերային ժամերին, հանգստյան ու տոնական օրերին ուժեղացնել հսկողությունը պահպանվող օբյեկտի հակահրդեհային վիճակի վրա.
6) անձամբ վերահսկել ներքին ծառայությունը, վերակարգի անձնակազմի ծառայողական պարտականությունների ճիշտ և ժամանակին կատարումը.
7) հսկել, որ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները, հրշեջ տեխհագեցվածությունը և հանդերձանքը, կապի ու ազդանշանային սարքերը մշտապես պահվեն սարքին վիճակում: Անսարքություն հայտնաբերելու դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար և անհրաժեշտության դեպքում զեկուցել ՀՓՄ պետին ու հրդեհաշիջման ղեկավարին, ծառայողական փաստաթղթերում կատարել լրացումներ.
8) գլխավորել մարտական հաշվարկի մեկնումը հրդեհների, վթարների վայր և ղեկավարել հրդեհաշիջման կամ վերակարգի անձնակազմի աշխատանքները վթարների հետևանքների նվազեցման ժամանակ.
9) կարողանալ աշխատել հրշեջ-փրկարարական սարքավորումներով և առկա կապի միջոցներով.
10) կազմակերպել և տանել աշխատանքներ՝ հակահրդեհային ջրամատակարարման միջոցների սարքինության ստուգման ուղղությամբ.
11) գիտենալ քաղաքացիական պաշտպանության ազդանշանները և կարողանալ գործել դրանց ստացման դեպքում.
12) հանկարծակի հիվանդանալու դեպքում այդ մասին անմիջապես զեկուցել ՀՓՋ հրամանատարին կամ հրդեհաշիջման ղեկավարին և հետագայում գործել նրանց տված ցուցումներով.
13) կատարել իր պաշտոնի անձնագրով (գործառութային պարտականություններով) սահմանված խնդիրները:
Հոդված 35. ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի հրամանատարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի պատրաստականության, կարգապահության և ներքին կարգ ու կանոնի համար: Նա ենթարկվում է ԱԱՀՍ օպերատիվ խմբի հրամանատարին և ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի ողջ անձնակազմի ուղղակի պետն է:
2. ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի հրամանատարը պարտավոր է`
1) գործնական պարապմունքների և փրկարարական աշխատանքների ժամանակ մասնակցել անվտանգության կանոնների ու պահանջների կատարման հսկողությանը.
2) մասնակցել ԱԱՀՍ օպերատիվ խմբի պատրաստության պլանի մշակմանն ու կատարմանը.
3) ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի անձնակազմի հետ անցկացնել մասնագիտական պատրաստության և ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի պատրաստականության բարձրացմանն ուղղված պարապմունքներ.
4) իմանալ ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի յուրաքանչյուր ծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.
5) կազմակերպել և անձամբ անցկացնել միջոցառումներ` ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկում բարձրակարգ մասնագետների պատրաստման ուղղությամբ.
6) սարքին վիճակում պահել ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի հանդերձանքը, փրկարարական գույքը և տեխնիկան, հետևել դրանց ճիշտ շահագործմանը և մասնակցել դրանց ստուգմանը.
7) ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկում պահպանել ներքին կարգ ու կանոնը, կարգապահությունը, վերահսկել օրվա վերակարգի նախապատրաստությունն ու ծառայության կատարումը.
8) ժամանակավորապես փոխարինել ԱԱՀՍ օպերատիվ խմբի պետին՝ նրա բացակայության դեպքում ԱԱՀՍ հրամանատարի կարգադրությամբ.
9) կատարել իր պաշտոնի անձնագրով (գործառութային պարտականություններով) սահմանված խնդիրները:
Հոդված 36. ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է ՀՓՄ պահակախմբի ջոկի պատրաստականության և խնդիրների հաջող կատարման, ենթակաների բարոյահոգեբանական վիճակի, կարգապահության և արտաքին տեսքի, անձնակազմի ուսուցման ու պատրաստականության, հրշեջ-փրկարարական տեխնիկայի հագեցվածության պահպանման և օգտագործման համար, ենթարկվում է ՀՓՄ պահակախմբի պետին և ՀՓՄ պահակախմբի ջոկի անձնակազմի անմիջական պետն է:
2. ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարը պարտավոր է՝
1) գիտենալ յուրաքանչյուր ենթակայի գործնական և անձնական հատկությունները, ուսուցանել անձնակազմին և ցուցաբերել հոգատար վերաբերմունք հրշեջ-փրկարարական տեխնիկային և սարքավորումներին.
2) հասնել անձնակազմի կողմից հրշեջ-շարային պատրաստականության ցուցանիշների կատարմանը և սահմանված հատուկ համազգեստի ճիշտ կրմանը.
3) ՀՓՄ պահակախմբի ջոկի անձնակազմի հետ անձամբ անցկացնել պատրաստության պարապմունքներ, իսկ արտակարգ իրավիճակներում և մարտական խնդիրների կատարման ժամանակ հմտորեն ղեկավարել ջոկը.
4) հոգ տանել ենթակաների կենցաղի մասին.
5) պահակախմբի պետին զեկուցել հիվանդների, ենթակաների բողոքների և խնդրանքների, իրենց ամրակցված հրշեջ-փրկարարական հանդերձանքի կորստի կամ տեխնիկայի անսարքության դեպքերի, ինչպես նաև ծառայության ընթացքում և փրկարարական աշխատանքներ կատարելիս հրշեջների ցուցաբերած անձնվիրության և նախաձեռնության մասին.
6) հոգալ ենթակաների առողջության և կարիքների մասին, հսկողություն իրականացնել նրանց կողմից ծառայողական ու տնտեսական աշխատանքներ կատարելիս, գործնական դասընթացներ անցկացնելիս անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման նկատմամբ.
7) գիտենալ յուրաքանչյուր ենթակայի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ազգությունը, զբաղմունքը մինչև ծառայությունը, ընտանեկան դրությունը, պատրաստության գործում ունեցած հաջողություններն ու թերությունները, նրանց գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք անցկացնել կարգապահության և դաստիարակության ուղղությամբ, վարել ջոկի անվանական ցուցակը.
8) պահանջել և խստագույնս հետևել անձնակազմի կարգապահությանը, նրա արտաքին տեսքին, համազգեստ կրելու կանոնների կատարմանը, համազգեստի և կոշկեղենի ճիշտ հարմարեցմանը.
9) գիտենալ ՀՓՄ պահակախմբի ջոկում եղած տեխնիկայի նյութական մասը, շահագործման կանոնները և անձամբ ստուգել նրանց պատրաստվածությունը.
10) հետևել տեխնիկայի և նյութական այլ միջոցների ճիշտ շահագործմանը և առնվազն երկու շաբաթը մեկ անձամբ անցկացնել դրանց զննումը և առկայության ստուգումը.
11) ապահովել անվտանգության պահանջների կատարումը պարապմունքների, վարժանքների ժամանակ և տեխնիկայի հետ աշխատանքի ընթացքում.
12) գիտենալ ՀՓՄ պահակախմբի ջոկի մեկնման տարածքը, ջրաղբյուրների և կարևոր օբյեկտների, արտադրամասերի վայրերը, ինչպես նաև ՀՓՄ պահակախմբի ջոկի տեխնիկայի տակտիկատեխնիկական տվյալները.
13) նախապատրաստել հաշվարկի նշանակված հրշեջ-փրկարարներին, ստուգել նրանց կողմից ծառայողական պարտականությունների իմացությունը, համազգեստի ու հանդերձանքի վիճակը.
14) ստուգել հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների, անձնակազմի մեկուսիչ հակագազերի և հրշեջ-փրկարարական տեխնիկական հագեցվածության սարքինությունը.
15) ՀՓՄ պահակախմբի ջոկի հետ տագնապով մեկնել հրդեհի վայր և ղեկավարել հրդեհաշիջման, վթարների կամ տարերային աղետների հետևանքների նվազեցման աշխատանքները.
16) ՀՓՄ պահակախմբի պետի կարգադրությամբ ստուգել հերթապահների ծառայությունը.
17) ժամանակավորապես փոխարինել պահակախմբի պետին.
18) կարողանալ աշխատեցնել ավտոմեքենաների հատուկ սարքավորումները.
19) հերթապահության օրվա ամփոփումներն անցկացնելիս տալ անձնակազմի աշխատանքների գնահատականը.
20) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:
Հոդված 37. Փրկարարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Փրկարարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`
1) իր պարտականությունների և իրեն տրված առաջադրանքների ժամանակին և ճիշտ կատարման համար.
2) իրեն վստահված տեխնիկայի սարքին վիճակի և իրեն տրված գույքի պահպանման համար:
2. Փրկարարը ենթարկվում է ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի հրամանատարին:
3. Փրկարարը պարտավոր է`
1) խորապես գիտակցել փրկարարի պարտքը, օրինակելիորեն կատարել իր ծառայողական պարտականությունները.
2) իմանալ իր անմիջական և ուղղակի պետերին, նրանց պաշտոնները, կոչումները և ազգանունները.
3) հարգանք ցուցաբերել հրամանատարների (պետերի) և ավագների նկատմամբ, հարգել ընկերների պատիվն ու արժանապատվությունը, պահպանել ծառայողական քաղաքավարության, վարքի և ծառայողական ողջույնի կանոնները.
4) կատարելագործել իր ֆիզիկական պատրաստվածությունը, պահպանել անձ-նական հիգիենայի կանոնները.
5) համազգեստը կրել կոկիկ և ծառայողական պարտականությունների կատար-ման ժամանակ մշտապես լինել համազգեստով.
6) ունենալ սարքին գույք և մաքրված պատշաճ փրկարարական տեխնիկա ու կատարելապես տիրապետել դրանց.
7) տեխնիկայի հետ աշխատելիս և օգտագործելիս պահպանել տեխնիկական անվտանգության, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնները.
8) ԱԱՀՍ օպերատիվ խմբի ջոկի տեղաբաշխման սահմաններում իր դիրքից հեռանալու անհրաժեշտության դեպքում թույլտվություն ստանալ ջոկի հրամանա-տարից, իսկ վերադառնալիս զեկուցել նրան ժամանելու մասին.
9) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:
Հոդված 38. Հրշեջ-փրկարարի պատասխանատվությունը և պարտականու-թյունները
1. Հրշեջ-փրկարարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`
1) իր պարտականությունների և իր առջև դրված խնդիրների կատարման համար.
2) իրեն ամրակցված տեխնիկայի, սարքավորումների, հրշեջ-տեխնիկական հագեցվածության ու հանդերձանքի վիճակի համար:
2. Հրշեջ-փրկարարը ենթարկվում է ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարին:
3. Հրշեջ-փրկարարը պարտավոր է՝
1) գիտենալ ՀՓՄ պահակախմբի մեկնման տարածքը, հրդեհավտանգ և կարևորագույն օբյեկտների, ջրաղբյուրների վայրերը, ինչպես նաև ՀՓՄ պահակախմբի ջոկում գոյություն ունեցող հրշեջ ավտոմեքենաների և մյուս հրշեջ տեխնիկայի տակտիկատեխնիկական տվյալները.
2) բարեխղճորեն ուսանել հրշեջ-փրկարարական գործը, մշտապես կատարելա-գործել մասնագիտական գիտելիքները, հրշեջ-տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու ունակությունները.
3) գիտենալ և բարեխղճորեն կատարել կանոնագրքերի, հրահանգների ու անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջները.
4) լինել կարգապահ.
5) պահպանել պետական ունեցվածքը, մաքուր և պատրաստ վիճակում պահել հրշեջ-տեխնիկական սարքավորումներն ու հանդերձանքը.
6) պահակակետում հրդեհի (վթարի, տարերային աղետի) վայրում հստակորեն կատարել իր ծառայողական խնդիրները՝ ցուցաբերելով նախաձեռնություն.
7) օգնել ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարին՝ նոր ընդունված հրշեջների ուսուցանման գործում.
8) ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարի բացակայության դեպքում կատարել նրա պարտականությունները.
9) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիր-ները:
Հոդված 39. Բուժակ-փրկարարի պատասխանատվությունը և պարտականու-թյունները
1. Բուժակ–փրկարարը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`
1) իր պարտականությունների և իր առջև դրված խնդիրների կատարման համար.
2) իրեն ամրակցված գույքի և այլ նյութական միջոցների պահպանման համար:
2. Բուժակ–փրկարարը ենթարկվում է ստորաբաժանման հրամանատարին (պետին):
3. Բուժակ-փրկարարը պարտավոր է՝
1) մշտապես կատարելագործել իր գիտելիքները և պրակտիկ ունակությունները անհրաժեշտության դեպքում տուժածներին նախաբժշկական օգնություն ցուցաբերելու համար.
2) ուսումնամարզական պարապմունքների միջոցով միշտ պատրաստ լինել արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու.
3) արտակարգ իրավիճակի առաջացման (սպառնալիքի) դեպքերի, պատահար-ների առաջացման ժամանակ, արտակարգ իրավիճակի վայրում մասնակցել տուժած-ների բժշկական տեսակավորման միջոցառումներին, կազմակերպել ու ցուցաբերել անհետաձգելի նախաբժշկական օգնություն.
4) կատարել սրտի անուղղակի մերսում.
5) ներարկել սրտանոթային և ցավազրկիչ դեղամիջոցներ.
6) տեղադրել հականեխային վիրակապեր.
7) կատարել տուժածի անշարժացում և տեղափոխում.
8) կիրառել ժամանակակից նախաբժշկական օգնության մեթոդներ.
9) մասնակցել արտակարգ իրավիճակի գոտուց տուժածների տեղափոխմանը մոտակա բուժհիմնարկներ.
10) սուր հոգեբանական խանգարումներով մարդկանց մեկուսացնել և հարկ եղած դեպքում ներարկել դեղամիջոցներ.
11) բժշկական քարտերի լրացման միջոցով գրանցել տուժածներին.
12) ժամանակին թարմացնել և լրացնել հաշվառված դեղամիջոցները.
13) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:
Հոդված 40. ՀՓՄ վարորդ-փրկարարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. ՀՓՄ վարորդ-փրկարարը`
1) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է հրշեջ-փրկարարական տեխնիկայի սարքինության, ճիշտ պահպանման, շահագործման, ժամանակին տեխսպասարկման ու վերանորոգման համար.
2) ենթարկվում է ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարին:
2. ՀՓՄ վարորդ-փրկարարը պարտավոր է՝
1) գիտենալ ՀՓՄ ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, դրանց կառուցվածքը, օգտագործման, տեխսպասարկման, վերանորոգման կարգը և աշխատաժամերի հաշվառումը, ինչպես նաև մեկնման տարածքը, ջրաղբյուրները, ճանապարհներն ու երթանցները.
2) կարողանալ աշխատեցնել կապի միջոցները, փրկարարական տեխնիկան ու սարքավորումները.
3) ապահովել ՀՓՄ գտնվող տեխնիկայի տեխնիկապես ճիշտ պահպանումն ու օգտագործումը, դրանք պահել մշտապես պատրաստ վիճակում, անձամբ իրականացնել տեխնիկական սպասարկման աշխատանքները.
4) ստուգել ՀՓՄ ավտոմեքենաների տեխնիկական վիճակը, միջոցներ ձեռնարկել ճանապարհատրանսպորտային պատահարները, տեխնիկայի խափանումները կանխելու ուղղությամբ, դրանց պատճառների և ձեռնարկած միջոցների մասին զեկուցել ՀՓՄ պահակախմբի ջոկի հրամանատարին.
5) մարտական պայմաններում տեխնիկան թաքցնել և քողարկել.
6) ավտոմեքենայի շահագործման, նորոգման և տարատեղման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները.
7) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:
Հոդված 41. Վարորդ-փրկարարի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Վարորդ-փրկարարը`
1) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն կցված տեխնիկայի ու դրա վրա տեղադրված մեխանիզմների մշտապես պատրաստ վիճակի և անխափան շահագործման համար.
2) տեխնիկայի տեխնիկական սպասարկման հարցերով ենթարկվում է ջոկի հրամանատարին:
2. Վարորդ-փրկարարը պարտավոր է՝
1) գիտենալ իրեն ամրակցված տեխնիկայի տակտիկատեխնիկական բնութագիրը, նշանակությունը, կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, տեխնիկական սպասարկումը, անսարքությունները (նշանները), անսարքությունների (նշանների) պատճառները, վտանգավոր հետևանքները, ինչպես նաև մեկնման տարածքը, ճանապարհները և երթանցները.
2) իմանալ և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, կարողանալ վարել ջոկում գոյություն ունեցող բոլոր տեսակի ավտոմեքենաները տարբեր ճանապարհային և օդերևութաբանական պայմաններում՝ համաձայն վարորդական վկայականում արված նշումների.
3) կարողանալ շահագործել իրեն կցված ավտոմեքենայի հատուկ սարքավորումներն ու մեխանիզմները, ինչպես նաև ռադիոկայանը, ամբողջ ծավալով օգտագործել դրանց տեխնիկական և տակտիկական հնարավորությունները՝ փրկարարական գործողություններ կատարելիս.
4) պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները ծառայության, ավտոմեքենաների շահագործման, տեխնիկական սպասարկման և վերանորոգման ժամանակ.
5) ստուգել ամրակցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակը, կատարել դրա որակով, ժամանակին և ամբողջ ծավալով տեխնիկական սպասարկումները.
6) խնայողաբար օգտագործել վառելիքաքսուքային նյութերը և օգտագործվող մյուս նյութերը, կատարել դրանց օգտագործման ու պահպանման կանոնները.
7) պահպանել ավտոկայանատեղի սարքավորումների օգտագործման կանոնները, ճիշտ լրացնել ավտոմեքենաների շահագործման տեխնիկական փաստաթղթերը.
8) զեկուցել ջոկի հրամանատարին ամրակցված տեխնիկայի բոլոր անսարքությունների մասին և անմիջապես միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար.
9) մարտական պայմաններում տեխնիկան թաքցնել և քողարկել.
10) ավտոմեքենայի շահագործման, նորոգման և տարատեղման ժամանակ պահպանել անվտանգության կանոնները.
11) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:
3. Վարորդին, որն իր հետ չունի վարորդական վկայական և իրեն ամրակցված ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական, հերթապահության չի թույլատրվում:
4. Վարորդին արգելվում է տրանսպորտային միջոցի ղեկը փոխանցել այլ անձանց, այդ թվում՝ նրանց, որոնց ինքը ենթարկվում է:
Հոդված 42. Սակրավորի պատասխանատվությունը և պարտականությունները
1. Սակրավորը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է իրեն կցված տեխնիկայի, գույքի այլ մեխանիզմների մշտապես պատրաստ վիճակի և անխափան շահագործման համար:
2. Սակրավորը պարտավոր է ՝
1) իմանալ մարտական առաջադրանքը.
2) իմանալ հակառակորդի ինժեներական զինամթերքը, ինժեներական տեխնիկայի հնարավորությունները, ականադաշտերի տեղադրման կարգը.
3) իմանալ Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող մարմինների կողմից օգտագործվող ինժեներական զինամթերքը, դրանց մարտական բնութագրերը, տեղադրման և ականազերծման կանոնները.
4) իմանալ պայթուցիկ նյութերի տեսակները, կարողանալ օգտագործել պայթուցիկ նյութերը, իմանալ պայթեցման կարգը, ժամանակին և արագորեն կատարել հաշվարկներ.
5) իմանալ ամրաշինական կառույցների չափսերը, աշխատանքի ծավալը, սարքավորման հաջորդականությունը և ժամկետները, կատարել քողարկում, մարտական խնդիրներ կատարելիս ցուցաբերել քաջություն, նախաձեռնություն և հնարամտություն, օգնել ծառայակցին.
6) լինել ֆիզիկապես ամուր և դիմացկուն, տիրապետել ձեռնամարտի հնարքներին.
7) հրամանատարին պաշտպանել մարտի ժամանակ, նրա վիրավորվելու կամ զոհվելու դեպքում համարձակորեն իր վրա վերցնել ստորաբաժանման հրամանատարությունը, իմանալ հակառակորդի զանգվածային ոչնչացման և գերճշգրիտ զենքերից պաշտպանվելու եղանակները, հմտորեն օգտվել տեղանքից.
8) առանց հրամանատարի թույլտվության չլքել իր տեղակայման վայրը, վիրավորվելիս կամ թունավորվելիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ինքնօգնության և փոխօգնության համար և շարունակել առաջադրանքի կատարումը.
9) կարողանալ ինժեներական զինամթերքը, պայթեցման միջոցները և տեխնիկան պատրաստել մարտական օգտագործման, արագորեն և ճարպկորեն օգտագործել դրանք.
10) կատարել իր գործառութային պարտականություններով սահմանված խնդիրները:
Բ Ա Ժ Ի Ն 6
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԳՆԱՊ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 6
ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԳՆԱՊ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 43. Տագնապի տեսակները
1. «Տագնապ» ազդանշանով ՃԿԿ և ստորաբաժանումների հավաքն անցկացնում են Ծառայության ղեկավարը և նրա լիազորած անձը` իրենց իրավասությունների շրջանակներում:
2. Տագնապը լինում է մարտական և ուսումնական:
3. Տագնապի հայտարարման և անձնակազմի գործողությունների կարգը սահմանում է Ծառայության ղեկավարը:
Հոդված 44. Ստորաբաժանումների գործողությունները «Մարտական» տագնապի դեպքում
1. «Մարտական» տագնապի ժամանակ իրականացվում է ստորաբաժանման ողջ անձնակազմի հավաք` խնդիրների ճշտման, նախապատրաստման և կատարման նպատակով:
2. «Մարտական» տագնապով ստորաբաժանման գործողությունների կարգը սահմանվում է ստորաբաժանման հրամանատարի անմիջական ղեկավարմամբ մշակված և ավագ հրամանատարի հաստատած պլանով, որտեղ պետք է նախատեսված լինեն`
1) ով իրավունք ունի «Մարտական» տագնապ հայտարարելու.
2) ստորաբաժանումների ծանուցման, ծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը.
3) հերթափոխի գործողությունները «տագնապ» հայտարարելու ժամանակ.
4) հավաքակետերից անձնակազմի և տեխնիկայի դուրսբերման կարգը.
5) միջոցառումների համակողմանի ապահովումը.
6) կապի կազմակերպումը և կառավարումը:
Հոդված 45. Ստորաբաժանումների գործողություններն ուսումնական տագնապի դեպքում
1. «Ուսումնական» տագնապով ստորաբաժանման հավաքն անցկացվում է «իրական» տագնապով գործողություններին նախապատրաստելու նպատակով, ուսումնավարժության ժամանակ` արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ ստորաբաժանման գործողությունների պատրաստականության ստուգման համար:
Հոդված 46. Անձնակազմը տագնապի դեպքում
1. Բոլոր ծառայողները պետք է հաստատապես իմանան տագնապի դեպքում իրենց գործողությունները: Տագնապի ազդարարման ժամանակ անձնակազմը պետք է գործի արագ և կազմակերպված:
Բ Ա Ժ Ի Ն 7
ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ, ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 7
ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ, ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ
ՊԱՀՊԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հոդված 47. Ծառայության անցնելու համար ներկայացվող առողջական պահանջները, ծառայողների առողջության պահպանումը և ամրապնդումը
1. Ծառայության անցնող քաղաքացին պետք է համապատասխանի ներկայացվող առողջական պահանջներին:
2. Ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
3. Հրամանատարի (պետի) հոգածությունը ենթակաների առողջության նկատմամբ նրա հիմնական պարտականություններից մեկն է՝ ստորաբաժանման պատրաստության ապահովման ուղղությամբ:
Հոդված 48. Ծառայողների ծառայության և կենցաղային պայմանների բարելավումը
1. Ծառայողների ամենօրյա գործունեությունը ցանկացած իրադրության մեջ պետք է իրագործվի կանոնադրությունների և նրանց ծառայության ու կենցաղի պայմանների բարելավման հրահանգների պահանջների պահպանումով:
2. Ծառայողների ծառայության և կենցաղի պայմանների բարելավման ուղղությամբ հրամանատարների (պետերի) գործունեության հիմնական ուղղություններն են`
1) անվտանգության անհրաժեշտ պահանջների հաստատումը, ծառայողներին ժամանակին հասցնելը, դրանց կատարման ապահովումը.
2) ծառայողների տեղավորման, նրանց սննդի կազմակերպման, ջրամատակարարման և նյութական, կենցաղային ապահովման ձևերի մասին կանոնադրության պահանջների ու սանիտարական նորմերի խիստ կատարումը.
3) օրվա կանոնակարգի և աշխատաժամանակի բաշխման ճշգրիտ կատարման կազմակերպումը.
4) ծառայողների առողջության վրա վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության վերացումը կամ նվազեցումը մինչև սահմանված սահմանը:
3. Ծառայողների տեղավորման, շինությունների պահպանման, ջեռուցման, օդափոխության, լուսավորվածության, բնակության վայրերում տեղաբաշխման պայմանները և կարգը սահմանում է Ծառայության ղեկավարը:
Հոդված 49. Ծառայողների ֆիզիկական պատրաստությունը
1. Ծառայողների ֆիզիկական պատրաստությամբ և սպորտով զբաղվելն իրականացվում է շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների զանազան կտրուկ փոփոխությունների, ծառայողների առանձնահատկությունների և խնդիրների կատարման հետ կապված պայմանների նկատմամբ նրանց օրգանիզմի տոկունության բարձրացման նպատակով:
2. Ծառայողների ֆիզիկական պատրաստության պարապմունքների ժամանակ հաշվի են առնում ծառայողների առողջական վիճակը, տարիքը, տեղանքի կլիմայական պայմանները:
Հոդված 50. Ծառայողի անձնական հիգիենայի պահպանումը
1. Յուրաքանչյուր ծառայող պետք է հոգ տանի իր առողջության պահպանման համար, չթաքցնի հիվանդությունները, խիստ պահպանի անձնական և հասարակական հիգիենայի կանոնները:
2. Ծառայողի սանրվածքը, բեղերը պետք է լինեն կոկիկ, համապատասխանեն հիգիենայի պահանջներին և չխանգարեն ծառայողական պարտականությունների կատարմանը, անհատական պաշտպանական միջոցների կրմանը:
Հոդված 51. Առողջության պահպանմանն ուղղված միջոցառումները
1. Բուժկանխարգելիչ հիմնական միջոցառումներն են՝ ծառայողների շարունակական հսկողությունը, արտահիվանդանոցային, հիվանդանոցային և առողջարանային բուժումը:
2. Շարունակական հսկողությունը ներառում է անձնակազմի առողջական վիճակի բժշկական հսկողությունը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ծառայողների ծառայության և կենցաղի պայմանների ուսումնասիրությունը, նրանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտումը և կանխարգելիչ միջոցառումների անցկացումը:
3. Անձնակազմի պարտադիր շարունակական հսկողությունը կատարվում է տարին մեկ` Ծառայության ղեկավարի հրամանով սահմանված կարգի համաձայն:
4. Ծառայողներին ստացիոնար բուժման ուղարկում են Ծառայության ղեկավարի ուղեգրով, ծառայողական վկայականով, անհրաժեշտության դեպքում տրվում է տեղեկանք վնասվածքի մասին:
5. Աշխատանքից կամ պարապմունքից լրիվ կամ մասնակի ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը՝ երեք օրից ոչ ավելի ժամկետով:
6. Ծառայողական պարտականություններից ազատելու և հիվանդությունից հետո ծառայության դուրս գալու մասին հայտնվում է հրամանով՝ «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
7. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ ծառայողների անընկալունակությունն ապահովելու համար կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ:
8. Պատվաստումները կարող են լինել պլանային և ըստ համաճարակային ցուցումների:
9. Պատվաստումների մասին նշումները կատարվում են ծառայողի ամբուլատոր բժշկական քարտերում:
10. Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բուժծառայության առաջարկած միջոցառումները պարտադիր են բոլոր ծառայողների համար:
11. Ծառայողների մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերվելու դեպքում, թունավորումների, վնասվածքների մասին անհապաղ հայտնվում է վերադաս հրամանատարին (պետին) և բուժծառայությանը:
Բ Ա Ժ Ի Ն 8
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ
Գ Լ ՈՒ Խ 8
ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 52. Ծառայողի կարգապահությունը
1. Ծառայողի կարգապահությունն Արցախի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև ստորաբաժանումների կանոնադրություններով, Ծառայության ղեկավարի հրամաններով և իրավական այլ ակտերով սահմանված կարգ ու կանոնի խստիվ ու ճշգրիտ պահպանումն է բոլոր ծառայողների կողմից:
2. Կարգապահության նպատակը մարդու իրավունքները սահմանափակելը և բացառելը չէ, այլ համախմբվածություն, մասնագիտական պատրաստություն ապահովելն է Ծառայության առաջ ծառացած խնդիրները կատարելու համար:
3. Կարգապահությունը հիմնված է յուրաքանչյուր ծառայողի կողմից ծառայողական պարտքի և անձնական պատասխանատվության գիտակցման վրա:
4.Կարգապահությունը պարտավորեցնում է յուրաքանչյուր ծառայողի`
1) հավատարիմ լինել ծառայողի երդմանը, խստորեն պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, իր պարտքը կատարել հմտորեն և արիաբար, բարեխղճորեն ուսումնասիրել գործը, պահպանել գույքը.
2) պահպանել ծառայողների միջև հարաբերությունների սահմանված կանոնները.
3) հարգել հրամանատարներին (պետերին) ու միմյանց, պահպանել քաղաքավարության և ողջույնի կանոնները.
4) իրեն արժանապատվությամբ պահել հասարակական վայրերում, թույլ չտալ անվայել արարք ու նույնը պահանջել ուրիշներից, աջակցել քաղաքացիների պատվի և արժանապատվության պահպանմանը:
5. Բարձր կարգապահությունը ձեռք է բերվում`
1) իր պարտականությունների, սույն կանոնագրքի և ստորաբաժանումների կանոնադրությունների պահանջների կատարման համար յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությամբ.
2) ստորաբաժանումում ներքին կարգ ու կանոնի պահպանմամբ.
3) ծառայողական պատրաստության հստակ կազմակերպմամբ և այդ գործում անձնակազմի լրիվ ընդգրկմամբ.
4) ենթակաների նկատմամբ հրամանատարների (պետերի) ամենօրյա խստապահանջությամբ, նրանց արժանապատվության հարգմամբ, նրանց հանդեպ մշտական հոգատարությամբ, համոզման, հարկադրանքի և կոլեկտիվի հասարակական ներգործության միջոցների հմուտ զուգորդմամբ ու ճիշտ կիրառմամբ.
5) ստորաբաժանումներում անհրաժեշտ նյութական, կենցաղային պայմանների ստեղծմամբ:
Հոդված 53. Ստորաբաժանումներում կարգապահության վիճակի համար պատասխանատվությունը
1. Ստորաբաժանումներում կարգապահության վիճակի համար պատասխանատու է հրամանատարը (պետը), որը պետք է մշտապես պահպանի ծառայողական բարձր կարգապահությունը, նույնը պահանջի ենթականերից, խրախուսի արժանիներին, խստությամբ, բայց արդարացիորեն պատժի կարգազանցներին:
2. Ստորաբաժանումներում բարձր կարգապահության պահպանման նպատակով հրամանատարը (պետը) պարտավոր է`
1) ուսումնասիրել ենթակաների անձնական հատկանիշները, աջակցել ծառայողների միջև հարաբերությունների սահմանված կանոնների պահպանմանը, համախմբել կոլեկտիվը.
2) իմանալ կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, հասնել ենթակա հրամանատարների (պետերի) կողմից կարգապահության ամրապնդմանը նպաստող պահանջների, խնդիրների ու եղանակների միասնական ըմբռնմանը.
3) ղեկավարել ենթակա հրամանատարների (պետերի) գործունեությունը` ուղղված կարգապահության ամրապնդմանն ու անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը.
4) անհապաղ վերացնել ծառայության կատարման կանոնների խախտումները և վճռականորեն կանխել ստորաբաժանման պատրաստականությանը վնասող յուրաքանչյուր գործողություն, կազմակերպել իրավական քարոզչություն ու աշխատանք տանել պատահարների և զանցանքների կանխման ուղղությամբ:
3. Կարգապահության պահպանման ուղղությամբ հրամանատարի (պետի) գործունեությունը գնահատվում է ոչ թե կարգապահական տույժեր տալու քանակով, այլ օրենքների, կանոնադրությունների ճշգրիտ պահպանմամբ, իր կարգապահական իրավունքների լիակատար օգտագործմամբ, կարգ ու կանոն հաստատելու նպատակով իր պարտականության կատարմամբ ու կարգապահության խախտումները ժամանակին կանխելով:
4. Կանոնադրական կարգը և կարգապահության պահանջները պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ չապահովող, դրանք վերականգնելու նպատակով միջոցներ չձեռնարկող հրամանատարը (պետը) ենթակա է պատասխանատվության:
5. Հրամանատարը (պետը) պատասխանատվություն չի կրում ենթակաների կատարած այն հանցագործությունների, պատահարների ու զանցանքների համար, որոնք հրամանատարի (պետի) գործունեության կամ դրանք կանխելու միջոցներ չձեռնարկելու անմիջական հետևանք չեն:
Հոդված 54. Կարգապահական իրավունքները
1. Խրախուսանքի միջոցները կիրառվում ու կարգապահական տույժը տրվում է «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում, եթե այդ մասին հայտարարված է հրամանով, հրամանատարը (պետը) օգտվում է պաշտոնի ժամանակավոր կատարման կարգապահական իրավունքից:
Գ Լ ՈՒ Խ 9
ԽՐԱԽՈՒՍԱՆՔ
Հոդված 55. Խրախուսանքը
1. Խրախուսանքը ծառայողների դաստիարակման և կարգապահության ամրապնդման կարևոր միջոց է:
2. Յուրաքանչյուր հրամանատար (պետ) սույն կանոնագրքով իրեն տրված իրավունքների սահմաններում պարտավոր է միջնորդել ավագ հրամանատարին (պետին) խրախուսելու ենթակա ծառայողներին` սխրագործության, խելացի նախաձեռնության, ջանասիրության ու ծառայության մեջ աչքի ընկնելու համար:
3. Ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած արիության ու խիզախության, օրինակելի ղեկավարման և Արցախի Հանրապետությանը մատուցած ակնառու այլ ծառայությունների համար հրամանատարը (պետը), նրան հավասար ու բարձր հրամանատարները (պետերը) կարող են միջնորդել ենթակա ծառայողներին ներկայացնելու պետական պարգևներով պարգևատրման:
4. Ծառայողների նկատմամբ կիրառվում են «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված խրախուսանքի միջոցները: Ծառայողների նկատմամբ խրախուսանքի միջոցները կիրառվում են «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 57-րդ հոդվածի 4-7-րդ մասերով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 10
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 56. Կարգապահական պատասխանատվությունը
1. Ծառայության կարգապահության կամ հասարակական կարգի օրենքով սահմանված դեպքերում խախտման համար ծառայողն անձամբ կրում է կարգապահական պատասխանատվություն:
2. Ծառայողի կողմից Ծառայության կարգապահության կամ հասարակական կարգի խախտման դեպքում հրամանատարը (պետը) կարող է բավարարվել նրա պարտականություններն ու ծառայության պարտքը հիշեցնելով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև միջնորդել կարգապահական տույժ տալուն:
3. Հրամանատարը (պետը) պետք է հաշվի առնի, որ տույժը, որպես ծառայողի կարգապահության ամրապնդման ու դաստիարակման միջոց, պետք է համապատասխանի զանցանքի ծանրությանը և մեղքի աստիճանին, որը քննության արդյունքներով որոշում է Ծառայության ղեկավարը:
4. Ծառայողների նկատմամբ կիրառվում են «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 58-րդ հոդվածով սահմանված տույժերը: Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու կամ հանելու կարգը սահմանվում է «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 59-րդ հոդվածով:
Հոդված 57. Ծառայողների պատասխանատվության այլ պայմանները
1. Ծառայողները, բացի կարգապահական պատասխանատվությունից, նյութական պատասխանատվություն են կրում իրենց մեղքով պատճառված վնասի համար:
2. Եթե պատճառված վնասը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ, ապա ծառայողները պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
3. Ծառայողներն ազատվում են պետական գույքին հասցված նյութական պատասխանատվությունից, եթե վնասը պատճառվել է հրամանատարների (պետերի) հրամանը կատարելու, օրինաչափ գործողության, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, արդարացված ռիսկի կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
4. Ծառայողները նյութական պատասխանատվության են ենթարկվում Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
5. Միևնույն վնասի համար կրկնակի նյութական պատասխանատվություն չի կարող սահմանվել:
Հոդված 58. Ծառայողների սահմանափակ նյութական պատասխանատվությունը
1. Ծառայողները ծառայողական պարտականությունները կատարելիս պետական գույքին անզգուշաբար հասցված վնասը հատուցում են դրա լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական աշխատավարձի`
1) կրկնապատիկի չափով, եթե նշված չափը գերազանցում է ամսական աշխատավարձի կրկնապատիկը, սակայն չի գերազանցում եռապատիկը.
2) եռապատիկի չափով, եթե նշված չափը գերազանցում է ամսական աշխատավարձի եռապատիկը, սակայն չի գերազանցում հնգապատիկը.
3) հնգապատիկի չափով, եթե նշված չափը գերազանցում է ամսական աշխատավարձի հնգապատիկը:
2. Այն հրամանատարները (պետերը), որոնք իրենց հրամաններով ու կարգադրություններով խախտել են պետական գույքի պահպանման, օգտագործման, ծախսման, տեղափոխման և հաշվապահական հաշվառման սահմանված կարգը կամ իրենց իրավասության սահմաններում համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել հափշտակումները, վատնումները, փչացումներն ու կորուստները կանխելու, ինչպես նաև պատճառված վնասները մեղավոր անձանցից վերականգնելու ուղղությամբ, ենթարկվում են նյութական պատասխանատվության` պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական աշխատավարձի հնգապատիկի չափով:
3. Ծառայողներին Ծառայությունից անօրինական արձակելու (ազատելու), տեղափոխելու, հաստիքով չնախատեսված պաշտոնի նշանակելու կամ հաստիքով նախատեսվածից բարձր վարձատրվող պաշտոնի նշանակելու համար ստորաբաժանումների հրամանատարները (պետերը) նյութական պատասխանատվություն են կրում դրա հետևանքով պատճառված վնասի լրիվ չափով, բայց ոչ ավելի, քան ամսական աշխատավարձի եռապատիկի չափով:
4. Ամսական աշխատավարձի չափ է համարվում պատճառված վնասը հայտնաբերելու օրվան նախորդող ամսում ծառայողին վճարված աշխատավարձի ու աշխատավարձին հավասարեցված վճարումների գումարը:
Հոդված 59. Ծառայողների լրիվ նյութական պատասխանատվությունը
1. Ծառայողները պետական գույքին պատճառած վնասի լրիվ չափով նյութական պատասխանատվություն են կրում, եթե դա պատճառվել է`
1) ծառայողի դիտավորյալ գործողությունների հետևանքով, որը հանգեցրել է գույքի կորստի կամ վնասվածքի, ինչպես նաև բժշկական հաստատություններում նշված գործողություններից տուժած ծառայողների բուժման ծախսերի.
2) թմրամիջոցներ, թունամիջոցներ, ալկոհոլային և արբեցնող նյութեր օգտագործած, ոչ սթափ վիճակում գտնվող ծառայողի կողմից:
Հոդված 60. Պետական գույքին պատճառված վնասի չափը որոշելը
1. Պետական գույքին պատճառված վնասի չափը որոշվում է փաստացի կորուստներով` ստորաբաժանումների հաշվապահական հաշվառման տվյալների և կորած կամ վնասված գույքը վերականգնելու (ձեռք բերելու) համար կատարված կամ կատարվելիք ծախսերի հանրագումարի հիման վրա:
2. Պետական գույքին պատճառված վնասի չափը որոշելիս հաշվի են առնում գույքի մաշվածության աստիճանը և բնական կորուստները` վնասը հայտնաբերելու օրվա դրությամբ սահմանված նորմաների համաձայն, ու բոլոր դեպքերում վերականգնման ենթակա վնասի չափը չի կարող պակաս լինել այդ գույքի սկզբնական արժեքի 25 տոկոսից:
3. Ծառայողին հաստիքով չնախատեսված պաշտոնի անօրինական նշանակելու հետևանքով պետական գույքին պատճառված վնասի չափը որոշվում է վճարված աշխատավարձի չափով, իսկ նրան ավելի բարձր պաշտոնի անօրինական նշանակելու դեպքում` վճարված և փաստացի զբաղեցրած պաշտոնների աշխատավարձերի տարբերության չափով:
Հոդված 61. Դրամական պահումների իրականացման կարգը
1. Պետական գույքին պատճառված վնասի դիմաց ծառայողի աշխատավարձից ամենամսյա պահումները կատարվում են աշխատավարձի 20 տոկոսի չափով:
2. Եթե ծառայողի աշխատավարձից կատարվում են օրենքով սահմանված այլ պահումներ, ապա դրանց ընդհանուր չափը չի կարող գերազանցել ծառայողի աշխատավարձի 50 տոկոսը:
Հոդված 62. Ուսումնական հաստատություններում ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցումը
1. Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում ուսանած և հետագա ծառայության մասին պայմանագիրը խախտած ծառայողները փոխհատուցում են պետության կատարած ծախսերը` «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի 321-ին հոդվածով սահմանված դեպքերում:
Հոդված 63. Ուսումնական հաստատություններում ուսման համար պետության կատարած ծախսերի հաշվարկումը
1. Սույն կանոնագրքի 62-րդ հոդվածով սահմանված`
1) պետության կատարած ծախսերի մեջ հաշվարկվում են ուսման համար կատարված ծախսերը, կրթաթոշակը (բացառությամբ «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ ուսման ընթացքում պահպանված աշխատավարձի), հանրակացարանի համար կատարված ծախսերը, ուսման ընթացքում տրված լրացուցիչ համազգեստի ծախսերը.
2) պետության կատարած ծախսերի փոխհատուցման գումարի վերջնական չափը որոշվում է՝ ընդհանուր ծախսը բաժանելով պայմանագրով սահմանված ծառայության ամիսների վրա, մեկ ամսվա համար ստացված գումարը բազմապատկելով պայմանագրով սահմանված և չծառայած ամիսներով:
Բ Ա Ժ Ի Ն 9
ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 11
ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 64. Ծառայության օպերատիվ հերթապահությունը
1. Սույն կանոնագրքով սահմանվում են Ծառայության ստորաբաժանումներում օպերատիվ հերթապահության կազմակերպման և իրականացման կարգը, օպերատիվ հերթապահությունում ընդգրկված անձնակազմի գործառույթները, իրավասություններն ու պարտականություններն ամենօրյա գործունեության, արտակարգ իրավիճակների (դեպքերի, պատահարների) առաջացման, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ:
2. Ծառայության համակարգում օպերատիվ հերթապահության մեջ ներգրավված ստորաբաժանումների ցանկը և այդ ստորաբաժանումների գործառույթները սահմանում է Ծառայության ղեկավարը:
Հոդված 65. ՃԿԿ և ստորաբաժանումների օպերատիվ հերթափոխի կազմը
1. ՃԿԿ և ստորաբաժանումների օպերատիվ հերթափոխը կազմված է ՃԿԿ և ստորաբաժանումների անձնակազմերից, որում ընդգրկվում են ծառայողները և քաղաքացիական անձնակազմը:
2. Արցախի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակից ելնելով` Ծառայության ղեկավարի սահմանած կարգով ազդարարվում և ՃԿԿ են ժամանում Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:
3. Անհրաժեշտության դեպքում ՃԿԿ կարող են հրավիրվել պետական կառավարման մարմինների այլ աշխատակիցներ, ծառայողներ, շահագրգիռ կազմակերպությունների, ընկերությունների մասնագետներ, աշխատակիցներ:
4. Ամենօրյա գործունեության ժամանակ արտակարգ իրավիճակների և ճգնաժամերի առաջացման դեպքում ՃԿԿ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների աշխատակարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
5. Օպերատիվ հերթափոխերի կազմը, հերթապահության անցկացման և համալրման կարգը սահմանում է Ծառայության ղեկավարը:
6. Անձնակազմը հերթապահության ներգրավվում է Ծառայության ղեկավարի հրամանով` ըստ նախապես կազմված ժամանակացույցի, որին հերթապահության ներգրավված անձնակազմը ծանոթանում է նախապես և ստորագրում:
7. Օպերատիվ հերթապահության իրականացման ժամկետները և ընդունման-հանձնման կարգը սահմանում է Ծառայության ղեկավարը:
Հոդված 66. Օպերատիվ հերթափոխի համալրումը
1. Արցախի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակից ելնելով՝ մասնագիտական այլ խնդիրներ լուծելու նպատակով ՃԿԿ օպերատիվ հերթափոխը կարող է անհրաժեշտ ժամանակահատվածով համալրվել Ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողներով և այլ մասնագետներով:
2. Համալրված անձնակազմը օպերատիվ ծառայության հարցերով ենթարկվում է օպերատիվ հերթապահին, իսկ ներքին ծառայության հարցերով` նաև այդ ստորաբաժանման պետին:
3. Համալրված անձնակազմի գործառույթները, պատասխանատվությունն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնագրքով և Ծառայության ղեկավարի հրամանով:
Հոդված 67. Օպերատիվ խմբերի ստեղծումը
1. Արտակարգ իրավիճակների (դեպքերի, պատահարների) առաջացման ժամանակ դեպքի վայրում հետախուզության իրականացման, իրավիճակի գնահատման և հետևանքների վերացման համար անհրաժեշտ առաջնային գործողությունների ծավալման նպատակով Ծառայության ղեկավարի հրամանով, կարգադրությամբ կազմվում է օպերատիվ խումբ, որի կազմում կարող են ընդգրկվել այլ ստորաբաժանումների մասնագետներ, որոնք օպերատիվ միջոցառումներն իրականացնելիս ենթարկվում են օպերատիվ խմբի պետին:
Հոդված 68. Օպերատիվ հերթափոխում անձանց փոխարինումը
1. Հերթապահության և արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ օպերատիվ հերթափոխում ընդգրկված անձանց փոխարինումը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ հերթապահության ուժեղացումը կատարվում է Ծառայության ղեկավարի հրամանով:
2. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված անձանց փոխարինման և հերթապահության ուժեղացման կարգը հաստատում է Ծառայության ղեկավարը:
3. Օպերատիվ հերթափոխի անձնակազմի անհարգելի բացակայությունը հերթապահության սենյակից, ինչպես նաև կողմնակի անձանց մուտքը հերթապահության սենյակ արգելվում է:
Հոդված 69. Օպերատիվ հերթափոխի հանգիստը և սննդի ընդունումը
1. Օպերատիվ հերթափոխի հանգստի և սննդի ընդունման ժամերը սահմանում է օպերատիվ հերթափոխի պետը (օպերատիվ հերթապահը)` ելնելով օպերատիվ իրավիճակից:
2. Օպերատիվ հերթափոխի հանգստի և սննդի ընդունման կարգը հաստատում է Ծառայության ղեկավարը:
Հոդված 70. Օպերատիվ հերթապահության փաստաթղթերի պահպանումը
1. Օպերատիվ հերթապահության փաստաթղթերը պետք է պահպանվեն համապատասխան թղթապանակներում, չհրկիզվող պահարաններում, իսկ օպերատիվ առաջնայնություն ունեցող փաստաթղթերը` օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի) մոտ:
2. Օպերատիվ հերթապահության կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց պահպանման, վարման ու այլ մարմինների փոխանցման կարգը սահմանում է Ծառայության ղեկավարը:
3. Օպերատիվ հերթափոխի բոլոր ձևայնացված փաստաթղթերը պետք է լինեն կնքված, համարակալված և հաշվառված, իսկ մատյանները` նաև կարված: Ձևայնացված փաստաթղթերի վրա ուղղումներ չեն կատարվում. դրանք փոխարինվում են նորով:
4. Հերթապահության գաղտնի փաստաթղթերը պահվում են չհրկիզվող պահարանում՝ առանձին դարակում, որը կնքում է օպերատիվ հերթապահը և փակում բանալիով, որն իր հերթին պահվում է առանձին տուփով, կնքվում նույն կնիքով և պահվում չհրկիզվող պահարանի մեջ:
5. Չհրկիզվող պահարանի բանալին, ինչպես նաև կնիքը մշտապես պետք է գտնվեն օպերատիվ հերթապահի մոտ:
6. Գաղտնի փաստաթղթերի ընդունում-հանձնումը, օգտագործումը, տեղափոխումը, փոխարինումը, ոչնչացումն իրականացվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 71. Օպերատիվ հերթապահության տեխնիկական միջոցները
1. Կապի միջոցները, սարքերն ու սարքավորումները (բացառությամբ ավտոմեքենաների վրա տեղադրվածների) պետք է գտնվեն հերթապահության սենյակում կամ վերջիններիս համար առանձնացված վայրում, տեղադրված լինեն օգտագործման համար հարմար վայրում, լինեն սարքին և մշտապես միացված, իսկ դրանց աշխատանքը չպետք է խանգարի հերթապահության սենյակում իրականացվող ծառայությանը:
2. Պահուստային դյուրակիր ռադիոկայանները պետք է մշտապես լինեն սարքին և լիցքավորված:
3. Ավտոմեքենաների վրա տեղադրված կապի միջոցները պետք է շահագործվեն և պահպանվեն սահմանված կարգով:
4. Ռադիոկապի միջոցների շահագործման և պահպանման կարգը սահմանում է Ծառայության ղեկավարը:
5. Հերթապահ մասի գույքը, ինչպես նաև օպերատիվ հերթապահությունում ընդգրկված ավտոմեքենաները հաշվառվում, ընդունվում-հանձնվում են Ծառայության ղեկավարի սահմանած կարգով:
6. Հերթապահության ընթացքում օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս գույքի կորստի, շարքից դուրս գալու դեպքերում ձեռնարկվում են միջոցներ դրանց փոխարինման (վերանորոգման), շարքից դուրս գալու (կորստի) պատճառների բացահայտման ուղղությամբ՝ այդ մասին զեկուցելով Ծառայության ղեկավարին:
7. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված տրանսպորտային միջոցները պետք է գունազարդված լինեն Ծառայության տարբերանշաններով, իսկ դեպքի վայր մեկնող տրանսպորտային միջոցները` լրակազմված անհրաժեշտ լուսաձայնային սարքերով, դեպքի վայրում հետախուզություն իրականացնելու, փրկարարական աշխատանքներ ծավալելու և կառավարելու միջոցներով:
8. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված տրանսպորտային միջոցների դեպքի վայր մեկնելու կարգը սահմանում է Ծառայության ղեկավարը:
9. Օպերատիվ հերթափոխում ընդգրկված տրանսպորտային միջոցների վերանորոգումը, տեխնիկական զննումը, օպերատիվ հերթապահությունից հանելն իրականացվում են Ծառայության ղեկավարի հրամանով:
Հոդված 72. Ահազանգերի սպասարկումը
1. ՃԿԿ-ում և տարածքային բաժնում քաղաքացիների և այլ անձանց կողմից ահազանգերի սպասարկումը, տեղեկատվության ընդունումը, գրանցումը, փոխանցումը, վերադաս հրամանատարների հրամանների, կարգադրությունների կատարումը օպերատիվ հերթափոխի կողմից իրականացվում են սույն կանոնագրքի պահանջներով և Ծառայության ղեկավարի սահմանած կարգով:
Հոդված 73. Օպերատիվ հերթափոխի գործունեության փոփոխությունները
1. Ծառայության համակարգում կառուցվածքային, հաստիքապաշտոնային փոփոխությունների դեպքում, ինչպես նաև ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ սույն կանոնագրքում բերված պահանջները, օպերատիվ հերթափոխի գործառույթները, ներգրավված անձանց իրավասությունները, պարտավորություններն ու պատասխանատվությունը կարող են փոփոխվել օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 12
ՕՊԵՐԱՏԻՎ ՀԵՐԹԱՓՈԽՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 74. Օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի) պատասխանատվությունը, իրավասությունները և պարտականությունները
1. Օպերատիվ հերթափոխի պետը (օպերատիվ հերթապահը) խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է`
1) ստացվող և հաղորդվող տեղեկատվության ճշգրիտ ընդունման, գրանցման (փոխանցման), ստեղծված իրավիճակի գնահատման և ժամանակին ղեկավարությանը զեկուցելու ու շահագրգիռ ատյաններին (անձանց) իրազեկելու համար.
2) ստացված կարգադրությունները, հրամանները, ինչպես նաև սույն կանոնագրքով նշված պահանջները ժամանակին և ճիշտ կատարելու համար.
3) ահազանգողին վերաբերող տվյալների, հաղորդագրությունների, արտակարգ իրավիճակը (դեպքը, պատահարը) բնութագրող տեղեկությունների ընդունման, ճիշտ և ընթեռնելի գրանցման, գնահատման և համարժեք որոշումներ կայացնելու համար.
4) ըստ նախնական տվյալների՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատման, տվյալների ճշգրտման` այլ աղբյուրներից (հավաստի, լիազորված) տվյալներ ձեռք բերելու համար.
5) արձագանքող և շահագրգիռ ծառայությունների պաշտոնատար անձանց իրազեկման համար.
6) փրկարարական և այլ հերթապահ ծառայությունների արձագանքումը ժամանակին կազմակերպելու, վերջիններիս ստեղծված իրավիճակը ճիշտ ներկայացնելու և նրանց միջև փոխգործողությունների կազմակերպման համար.
7) վերադաս պետերի հրամանները, կարգադրությունները, հանձնարարությունները ժամանակին և պատշաճ կատարելու, իսկ այս կամ այն պատճառով դրանք չկատարելու դեպքում` նրանց ժամանակին իրազեկման համար.
8) Ծառայության ղեկավարի կարգադրությամբ` պետական կառավարման մարմինների ղեկավար կազմի ազդարարման, Ծառայության անձնակազմի ազդարարման և հավաքի կազմակերպման համար.
9) Ծառայության կողմից սահմանված պաշտոնատար անձանց արտակարգ իրավիճակի առաջացման (սպառնալիքի), դեպքերի, պատահարների առաջացման դեպքում ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների ճիշտ և ամփոփ ներկայացման համար.
10) արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) հետևանքների վերացման գործընթացին (ավարտին) իրազեկ լինելու, հավաստի աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերման, գրանցման, ձևակերպման և շահագրգիռ ատյաններին (անձանց) ժամանակին ներկայացման (զեկուցման, փոխանցման) համար.
11) հերթապահության գաղտնի փաստաթղթերն օգտագործելու և պահպանելու համար.
12) օպերատիվ հերթափոխի խնդրադրման, դեպքի վայր մեկնող օպերատիվ խմբին խնդրադրման և դեպքի վայրում անհրաժեշտ գործողությունների իրականացման համար.
13) օպերատիվ հերթափոխում ընդգրկված անձնակազմի համալրվածության, պատրաստականության և արհեստավարժության համար.
14) հերթապահությունը սահմանված կարգով ընդունման-հանձնման համար.
15) հերթապահության գույքի, սարքերի և սարքավորումների առկայության, սահմանված կարգով դրանց շահագործման և սարքինության համար.
16) հերթապահության փաստաթղթերի առկայության և ճիշտ վարման համար.
17) հերթապահության սենյակում մաքրություն և կարգ ու կանոն ապահովելու համար:
2. Օպերատիվ հերթափոխի պետը (օպերատիվ հերթապահը) ենթարկվում է Ծառայության ղեկավարին, կամ նրա լիազորած անձին:
3. Օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) `
1) ենթարկվում են օպերատիվ հերթափոխի անձնակազմը, իսկ օպերատիվ ծառայության հարցերով` Ծառայության հերթապահ ստորաբաժանումները.
2) հանգստի, սննդի ընդունման, դեպքի վայր մեկնելու ժամանակ փոխարինում է ավագ դիսպետչերը:
4. Օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի) փոխարինումն իրականացվում է Ծառայության ղեկավարի սահմանած կարգով:
5. Օպերատիվ հերթափոխի պետը (օպերատիվ հերթապահը) ամենօրյա գործունեության, արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման (սպառնալիքի) դեպքում իրավասու է`
1) մինչև ահազանգի աղբյուրի և ստացած տեղեկությունների վերջնական ճշգրտումը կազմակերպելու և իրականացնելու հերթապահ ստորաբաժանումների, մասնագետների արձագանքումը, ինչպես նաև ներգրավելու անհրաժեշտ թվով անձնակազմ, խմբեր, մասնագետներ, հաշվարկներ.
2) տեղեկատվության ձեռքբերման, ճշգրտման, փոխանցման, փոխանակման նպատակով օրվա ցանկացած ժամի կապ հաստատելու Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ, անհրաժեշտության դեպքում խնդրելու համապատասխան մասնագիտական օգնություն (աջակցություն), ուժերի և միջոցների ներգրավում.
3) Ծառայության ղեկավարի սահմանած կարգով տրամադրելու տեղեկատվություն զանգվածային լրատվամիջոցներին արտակարգ իրավիճակների, դեպքերի և պատահարների առաջացման մասին.
4) հեռախոսային խոսակցություններ վարելիս որոշելու զանգերին (ահազանգերին) անձամբ պատասխանելու առաջնայնությունը` թույլատրելով պատասխանելու օպերատիվ հերթափոխի անձնակազմին` անկախ ահազանգողի (զանգահարողի) պաշտոնեական դիրքից.
5) վերադաս հրամանատարության տված հրամանները, կարգադրությունները, առաջադրանքները իր որոշմամբ բաշխելու օպերատիվ հերթափոխի անձնակազմի անդամների միջև, ինչպես նաև թույլատրելու նրանց արդյունքների մասին վերադաս հրամանատարությանը զեկուցել անձամբ.
6) տեղեկատվության ընդունման ժամանակ, ելնելով վերջինիս առաջնայնությունից, հերթի դնելու կամ ժամանակի առումով տեղափոխելու տեղեկատվության գրանցման գործընթացը, ինչպես նաև բաշխելու տեղեկատվության ընդունումը, գրանցումը օպերատիվ հերթափոխի անձնակազմի միջև` ըստ շրջանների, ըստ ժամերի, ըստ ստորաբաժանումների, ըստ հեռախոսահամարների, ըստ տեղեկատվության բնույթի և այլն.
7) չընդունելու, չգրանցելու այն ահազանգերը, որոնք վերաբերում են նույն հասցեում գտնվող դեպքին և չեն հաղորդում լրացուցիչ տեղեկատվություն.
8) օպերատիվ խմբի` դեպքի վայրում երկարատև գտնվելու դեպքում կանչելու պահեստային հերթափոխի օպերատիվ խումբ.
9) ճանապարհից հետ կանչելու օպերատիվ խումբը կամ ընթացքից փոխելու նրա մեկնման հասցեն.
10) թույլատրելու դեպքի վայրում կատարել նկարահանումներ.
11) զեկույցի, տեղեկատվության ընդունման, փոխանցման, փոխանակման, ճշգրտման, պարզաբանման նպատակով օրվա ցանկացած ժամի, հանգստի և տոն օրերին ահազանգելու ղեկավարությանը, ստորաբաժանումների հրամանատարներին (պետերին), շահագրգիռ այլ անձանց.
12) արգելելու օպերատիվ հերթափոխի անձնակազմի անդամներին ընդունել (հանձնել) հերթափոխը, երբ վերջինիս ժամանակ խախտվել են համապատասխան պահանջները.
13) հանձնելու կամ ընդունելու հերթափոխը, երբ հերթափոխի անձնակազմը համալրված չէ`
ա. դեպքի վայրում երկարատև գտնվելու (մեկնելու) պատճառով,
բ. անձնակազմի անդամներից մեկի բացակայության պատճառով, եթե վերջինիս գործառույթում չի նախատեսված նյութական արժեքների ընդունում-հանձնում.
14) հերթապահության օրերից դուրս արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների հանդիպելիս իր վրա վերցնելու առաջնային օպերատիվ միջոցառումների, փրկարարական աշխատանքների ծավալումը և ղեկավարումը մինչև նրան փոխարինելը:
6. Օպերատիվ հերթափոխի պետը (օպերատիվ հերթապահը) պարտավոր է`
1) ժամանակին ներկայանալ ծառայության, իսկ այս կամ այն պատճառով չներկայանալու (չկարողանալու) դեպքում` ժամանակին իրազեկել վերադաս պետին.
2) Ծառայության ղեկավարի սահմանած կարգով ընդունել հերթապահությունը.
3) սահմանված ժամին ներկայանալ համապատասխան պետին` հերթապահության հանձնման և ընդունման զեկույցով՝ ներկայացնելով ընդունման ժամանակ ի հայտ եկած թերությունները, իսկ հանգստյան և տոն օրերին` տեղյակ պահել դրանց մասին.
4) ծանոթանալ նախորդ օրվա հերթապահության ժամանակ գրանցված դեպքերին, պատահարներին, իսկ դրանց շարունակվելու դեպքում ստորագրել և ընդունել դեպքերի (տեղեկատվության) փոխանցման թերթիկը` հետագայում կատարելով այնտեղ նշված առաջադրանքները.
5) իմանալ Արցախի Հանրապետությունում առկա վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող (պահեստավորող, տեղափոխող) օբյեկտները, դրանց հասցեները (գտնվելու վայրերը).
6) իմանալ Արցախի Հանրապետության տարածքում գործող հերթապահ ծառայությունները.
7) իմանալ Ծառայության հաշվեկշռում առկա հատուկ տեխնիկան, դրանց տեղակայման վայրերը, մարտական հաշվարկում գտնվող տեխնիկայի և անձնակազմի քանակը.
8) իմանալ սույն կանոնագիրքը և իրավական ակտերը, որոնցով կարգավորվում են օպերատիվ հերթապահության և օպերատիվ հերթափոխի գործառույթները և գործունեությունը.
9) իմանալ օպերատիվ հերթափոխի անձնակազմի իրավասությունները, պատասխանատվությունն ու պարտականությունները.
10) իմանալ ռադիոկայաններից օգտվելու կարգն ու կանոնները, հիմնական և պահեստային հաճախականությունները, Ծառայության ռադիոցանցի բոլոր ռադիոբաժանորդներին և ռադիոկանչերը.
11) իմանալ սահմանված մարտական ազդանշանները և դրանցով գործելու կարգը.
12) ծանոթանալ հերթապահ ուժերի և միջոցների վերաբերյալ ստորաբաժանումների հերթապահներից ստացված օրվա ամփոփագրերին, ստորագրել դրանք և սահմանված ժամկետում ապահովել դրանց փոխանցումը շահագրգիռ պաշտոնատար անձանց.
13) սահմանված ժամերին հետևել ռադիոկապի որակի ստուգմանը.
14) ծանոթանալ և տեքստից ազատ հատվածում ստորագրել օտարերկրյա պետություններից, պետական կառավարման մարմիններից, կազմակերպություններից ֆաքսիմիլային կապով ստացած տեղեկատվությունը, ապահովել դրա ծանուցումը (իրազեկումը, փաստաթղթի փոխանցումը) շահագրգիռ պաշտոնատար անձանց.
15) վերադաս պետին զեկուցել հերթապահության գույքի, սարքերի, սարքավորումների այս կամ այն պատճառով շարքից դուրս գալու մասին.
16) վարել հերթապահության փաստաթղթերը (իր մասով).
17) կազմակերպել օպերատիվ հերթափոխի հանգիստը և սննդի ընդունումը.
18) ապահովել հերթապահության սենյակի մաքրությունը, նախապատրաստել փաստաթղթերը, գույքը` ընդունման-հանձնման.
19) քաղաքացիների հետ շփվելիս և ահազանգերի սպասարկման ժամանակ լինել ներողամիտ, բարեհամբույր, հոգատար.
20) կատարել Ծառայության ղեկավարի հրամանով սահմանված այլ գործառույթներ:
Հոդված 75. Ավագ դիսպետչերի պատասխանատվությունը, իրավասությունները և պարտականությունները
1. Ավագ դիսպետչերը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է՝
1) ստացվող և հաղորդվող տեղեկատվության ճշգրիտ ընդունման, գրանցման (փոխանցման), համապատասխան արձագանքում կազմակերպելու համար.
2) առաջացած դեպքերի, պատահարների մասին տեղեկատվությունը օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) առաջնահերթ զեկուցելու համար.
3) ստացված կարգադրությունները, հրամանները, ինչպես նաև սույն կանոնագրքում նշված պահանջները ժամանակին և ճիշտ կատարելու համար.
4) իր ենթակայության տակ գտնվող անձնակազմի պատրաստականության և արհեստավարժության համար.
5) ահազանգողին վերաբերող տվյալների, հաղորդագրությունների, արտակարգ իրավիճակը (դեպքը, պատահարը) բնութագրող տեղեկությունների ընդունման, ճիշտ և ընթեռնելի գրանցման և օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) ժամանակին զեկուցելու համար.
6) արձագանքող և շահագրգիռ ծառայությունների ու պաշտոնատար անձանց՝ իր իրավասությունների սահմաններում իրազեկման համար.
7) Ծառայության ղեկավարի, ՃԿԿ պետի և օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի) հրամանները, կարգադրությունները, հանձնարարությունները ժամանակին և պատշաճ կատարելու, իսկ այս կամ այն պատճառով չկատարելու դեպքում՝ օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) կամ վերոհիշյալ պաշտոնատար անձանց ժամանակին իրազեկելու համար.
8) օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի) կարգադրությամբ ՃԿԿ անձնակազմի՝ իր իրավասության սահմաններում ազդարարման համար.
9) օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի) կարգադրությամբ արտակարգ իրավիճակների առաջացման (սպառնալիքի), դեպքերի, պատահարների առաջացման դեպքում ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների ճիշտ և ամփոփ ներկայացման համար.
10) արտակարգ իրավիճակների (դեպքի, պատահարի) հետևանքների վերացման գործընթացին (ավարտին) իրազեկ լինելու համար.
11) հերթապահությունը սահմանված կարգով ընդունել-հանձնելու համար.
12) հերթապահության գույքի, սարքերի և սարքավորումների առկայության, դրանց ճիշտ շահագործման և սարքինության համար.
13) հերթապահության փաստաթղթերի առկայության և ճիշտ վարման, դրանց ավարտվելու դեպքում՝ ժամանակին օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) տեղյակ պահելու համար.
14) հերթապահության սենյակում մաքրություն և կարգուկանոն ապահովելու համար:
2. Ավագ դիսպետչերը ենթարկվում է օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին):
3. Ավագ դիսպետչերի բացակայության, հանգստի, սննդի ընդունման ժամանակ նրա իրավասությունները, պատասխանատվությունն ու պարտավորությունները ստանձնում է դիսպետչերը: Ավագ դիսպետչերի փոխարինումն իրականացվում է Ծառայության ղեկավարի սահմանած կարգով:
4. Ավագ դիսպետչերն ամենօրյա գործունեության ժամանակ, արտակարգ իրավիճակի, դեպքերի, պատահարների առաջացման (սպառնալիքի) դեպքում իրավասու է՝
1) հերթապահության ընդունման ժամանակ չընդունել գույքը, սարքերն ու սարքավորումները, եթե դրանք շարքից դուրս են եկել, լրակազմ չեն կամ դրանց անվանումը առկա է գույքացուցակում, սակայն ֆիզիկապես բացակայում են հանձնելիս, կամ ՃԿԿ պետին, նախորդ օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) չի զեկուցվել դրանց անպիտանիության, լրակազմ չլինելու մասին.
2) չընդունել, չգրանցել այն տեղեկատվությունը, որը հաղորդվում է թերի, տրամաբանական սխալներով, առանց համապատասխան (անհրաժեշտ) բնութագրող տարրերի (եթե դրանց այս կամ այն կարգի թերությունը պայմանավորված չի եղել կապի վատ որակով) կամ այն դեպքում, եթե տեղեկատվությունը (ահազանգը) չի առնչվում Ծառայության գործառույթներին՝ նման տեղեկատվությունը գրանցել աշխատանքային մատյանում՝ մինչև ճշտված տեղեկատվություն ստանալը.
3) չընդունել, չգրանցել այն ահազանգերը, որոնք վերաբերում են նույն հասցեում գտնվող դեպքին և չեն հաղորդում լրացուցիչ տեղեկատվություն.
4) արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ ահազանգ գրանցելիս, այն դեպքում, երբ ահազանգողի (ահազանգողների) կողմից այս կամ այն պատճառով չեն տրվում (կամ այս կամ այն պատճառով չի հաջողվում ձեռք բերել) բավարար տեղեկություններ դեպքերի, պատահարների բնույթի, ծավալի, հնարավոր տարածման ուղղությունների մասին կամ իրավիճակը պատկերացնելու և հստակ որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, ներգրավել անհրաժեշտ քանակությամբ հրշեջ-փրկարարական հաշվարկներ, հատուկ տեխնիկա՝ իր հայեցողությամբ, ելնելով մասնագիտական փորձից և հնարավոր իրավիճակի հետագա զարգացումը կանխելու սկզբունքից, վերջիններիս դեպքի վայր մեկնելու անհրաժեշտությունը վերանալու դեպքում՝ վերադարձնել մշտական տեղակայման վայրեր.
5) հրդեհաշիջման գործընթացը ղեկավարելու ժամանակ իր հայեցողությամբ հանձնարարել դիսպետչերին հրդեհների առաջացման վերաբերյալ այլ ահազանգերի սպասարկումը՝ անհրաժեշտ ստորաբաժանումների արձագանքման կազմակերպումը, սակայն նախապես ծանոթանալով նոր ահազանգի (ահազանգերի) բնույթին, ինչպես նաև հանձնարարել դիսպետչերին՝ իր փոխարեն գրառել ռադիոկապով հաղորդվող տեղեկատվությունը, հետաձգել կամ հանձնարարել դիսպետչերին ընդունել շրջաններից ստացվող տեղեկագրությունները.
6) ռադիոեթերից օգտվող բաժանորդներից պահանջել փրկարարական աշխատանքների ընթացքում ազատել եթերը մինչև անհրաժեշտ աշխատանքների վերանալը.
7) կապի բացակայության դեպքում ստացիոնար և շարժական ռադիոկայանների հետ կապ հաստատելու նպատակով անհրաժեշտ ժամանակահատվածով ներգրավել ծառայության ստորաբաժանումների ստացիոնար և շարժական ռադիոկայանները, դրանց միջոցով փոխանցել և ստանալ օպերատիվ տեղեկատվություն.
8) արտակարգ իրավիճակների հետագա տարածումը կանխելու նպատակով, ստեղծված հնարավոր իրավիճակի վերջնական գնահատումից հետո, ահազանգողներին, ելնելով նրանց տարիքից, ֆիզիկական կարողություններից, հոգեկան վիճակից, տալ ցուցումներ, խորհուրդներ՝ արտակարգ իրավիճակների զարգացումը կանխելու, մարդկանց կյանքի և առողջության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ.
9) կատարել փրկարարական աշխատանքներ իրականացնող, պարապմունքներում այլ աշխատանքների ներգրավված մարտական հաշվարկների տեղահանում և տեղափոխում այլ հասցեով փրկարարական աշխատանքներ կատարելու.
10) արտակարգ իրավիճակի առաջացման (սպառնալիքի) վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում, առանց ահազանգի իսկությունը ստուգելու, կազմակերպել համապատասխան արձագանքում.
11) մինչ փրկարարական ուժերի աշխատանքի վայր հասնելը համապատասխան մարմիններից պահանջել տարածքի հոսանքազրկում, գազազրկում, ջրազրկում, ոստիկանության ներկայացուցիչներ, շտապ օգնության բրիգադներ և այլն:
5. Ավագ դիսպետչերը պարտավոր է՝
1) ժամանակին ներկայանալ ծառայության, չներկայանալու (չկարողանալու) դեպքում՝ նախօրոք իրազեկել ՃԿԿ պետին.
2) սահմանված կարգով ընդունել հերթապահությունը.
3) իմանալ սույն կանոնագիրքը և այլ իրավական ակտեր, որոնցով սահմանվում են Ծառայության գործառույթներն ու գործունեությունը.
4) իմանալ ռադիոկայաններից օգտվելու կարգն ու կանոնները, հիմնական և պահեստային հաճախականությունները, Ծառայության ռադիոցանցի բոլոր բաժանորդներին և նրանց ռադիոկանչերը.
5) հսկել կապի ստուգման գործընթացը, ռադիոկապի ստուգման ամփոփագրի լրացումը, ընդունել ամփոփագրերը, զեկուցել օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին), կապի բացակայության դեպքում՝ միջոցներ ձեռնարկել վերականգնման ուղղությամբ.
6) իր պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով ձեռքի տակ ունենալ համապատասխան փաստաթղթեր, որոնցում նշված են՝
ա. Ծառայության բոլոր ստորաբաժանումների տեղակայման վայրերը,
բ. Արցախի Հանրապետության տարածքում գործող հերթապահ և փրկարարական ծառայությունները, նրանց աշխատանքային ժամերը, գործառույթները և պատասխանատվության ոլորտները, նրանց հետ կապ հաստատելու ձևերը,
գ. պարապմունքների, այլ աշխատանքներ կատարելու մեկնած հրշեջ հաշվարկների գտնվելու վայրը,
դ. կարևորագույն և պայթունավտանգ օբյեկտների անվանումները, դրանց գտնվելու հասցեները, օբյեկտների հրդեհաշիջման բնութագրերը,
ե. հաշվարկում առկա Ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի և միջոցների քանակն ու բաշխվածությունը, ինչպես նաև դրանց շարքից դուրս գալու պատճառները, վերանորոգման աշխատանքների տևողությունը, մարտական հաշվարկից հանելու և վերադառնալու ժամերը,
զ. ռադիոկապ (հեռախոսակապ) չունեցող ստորաբաժանումները և նրանց հետ կապվելու միջոցները,
է. ցանկացած բնույթի ահազանգ ստանալիս սահմանված կարգով գրանցել և զեկուցել օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին),
ը. ապահովել տեղեկատվության, հեռախոսագրերի, հրամանների, կարգադրությունների փոխանցումը,
թ. կարգի բերել հերթապահության սենյակը, փաստաթղթերը, գույքը՝ նախապատրաստելով ընդունման-հանձնման,
ժ. քաղաքացիների հետ շփվելիս և ահազանգերի սպասարկման ժամանակ լինել ներողամիտ, բարեհամբույր, հոգատար:
Հոդված 76. Դիսպետչերի պատասխանատվությունը, իրավասությունները և պարտականությունները
1. Դիսպետչերը խաղաղ և պատերազմի ժամանակ պատասխանատու է՝
1) սահմանված կարգով ահազանգերի սպասարկման համար.
2) ստացվող և հաղորդվող տեղեկատվության ճշգրիտ ընդունման, գրանցման (փոխանցման), համապատասխան արձագանքում կազմակերպելու համար.
3) արտակարգ իրավիճակի ընթացքի ճիշտ ղեկավարման համար.
4) օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին), ավագ դիսպետչերին (շրջաններում՝ նաև շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետին) դեպքերի, պատահարների մասին տեղեկատվությունը ժամանակին զեկուցելու համար.
5) ստացված կարգադրությունները, հրամանները, ինչպես նաև սույն կանոնագրքի պահանջները ժամանակին և ճիշտ կատարելու համար.
6) ահազանգողին վերաբերող տվյալների, հաղորդագրությունների, արտակարգ իրավիճակը (դեպքը, պատահարը) բնութագրող տեղեկությունների ընդունման ճիշտ և ընթեռնելի գրանցման և օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին), (շրջաններում՝ նաև շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետին) ժամանակին զեկուցելու համար.
7) արձագանքող և շահագրգիռ ծառայությունների և պաշտոնատար անձանց՝ իր իրավասությունների սահմաններում իրազեկման համար.
8) օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի), (շրջաններում՝ շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետի) կարգադրությամբ անձնակազմի՝ իր իրավասության սահմաններում ազդարարման և հավաքի կազմակերպման համար.
9) արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) հետևանքների վերացման գործընթացին (ավարտին) իրազեկ լինելու համար.
10) հերթապահությունը սահմանված կարգով ընդունել–հանձնելու համար.
11) հերթապահության գույքի, սարքերի և սարքավորումների առկայության, սահմանված կարգով դրանց շահագործման և սարքինության համար.
12) հերթապահության փաստաթղթերի առկայության և ճիշտ վարման, դրանց ավարտվելու դեպքում՝ ժամանակին օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին), (շրջաններում՝ նաև շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետին) տեղյակ պահելու համար.
13) հերթապահության սենյակում մաքրություն և կարգուկանոն ապահովելու համար:
2. Դիսպետչերն ամենօրյա գործունեության ժամանակ, արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման (սպառնալիքի) դեպքում իրավասու է՝
1) չընդունել, չգրանցել այն տեղեկատվությունը, որը հաղորդվում է թերի, տրամաբանական սխալներով, առանց համապատասխան (անհրաժեշտ) բնութագրող տարրերի (եթե դրանց այս կամ այն կարգի թերությունը պայմանավորված չի եղել կապի վատ որակով) կամ այն դեպքում, եթե տեղեկատվությունը (ահազանգը) չի առնչվում Ծառայության գործառույթներին՝ նման տեղեկատվությունը գրանցել աշխատանքային մատյանում՝ մինչև ճշտված տեղեկատվություն ստանալը.
2) չընդունել, չգրանցել այն ահազանգերը, որոնք վերաբերում են նույն հասցեում գտնվող դեպքին և չեն հաղորդում լրացուցիչ տեղեկատվություն.
3) արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ ահազանգ գրանցելիս, այն դեպքում, երբ ահազանգողի (ահազանգողների) կողմից այս կամ այն պատճառով չեն տրվում (կամ այս կամ այն պատճառով չի հաջողվում ձեռք բերել) բավարար տեղեկություններ՝ դեպքերի, պատահարների բնույթի, ծավալի, հնարավոր տարածման ուղղությունների մասին կամ իրավիճակը պատկերացնելու և հստակ որոշում կայացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, ներգրավել անհրաժեշտ քանակությամբ հրշեջ-փրկարարական հաշվարկներ, հատուկ տեխնիկա՝ իր հայեցողությամբ, ելնելով մասնագիտական փորձից և հնարավոր իրավիճակի հետագա զարգացումը կանխելու սկզբունքից, վերջիններիս դեպքի վայր մեկնելու անհրաժեշտությունը վերանալու դեպքում՝ վերադարձնել մշտական տեղակայման վայրեր՝ առանց համապատասխան ստորաբաժանումների պետերին (հրամանատարներին) տեղյակ պահելու.
4) արտակարգ իրավիճակների վերաբերյալ ահազանգ ստանալիս ռադիոեթերից օգտվող բաժանորդներից պահանջել ազատել եթերը կամ անցնել պահուստային ալիքների վրա՝ մինչև հրդեհաշիջման ավարտը.
5) միաժամանակ մի քանի արտակարգ իրավիճակների առաջացման վերաբերյալ ահազանգ ստանալիս արձագանքման կազմակերպումը դնել հերթի՝ ելնելով դրանց բնույթից և բարդությունից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներգրավել շրջանի հրշեջ ստորաբաժանումները.
6) կապի բացակայության դեպքում փրկարարական աշխատանքներում ընդգրկված ստորաբաժանումների ստացիոնար և շարժական ռադիոկայանների հետ կապ հաստատելու նպատակով անհրաժեշտ ժամանակահատվածով ներգրավել Ծառայության այլ ստորաբաժանումների ստացիոնար և շարժական ռադիոկայանները, դրանց միջոցով փոխանցել և ստանալ օպերատիվ տեղեկատվություն.
7) արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքի վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում, արտակարգ իրավիճակների հետագա տարածումը կանխելու նպատակով, ստեղծված հնարավոր իրավիճակի վերջնական գնահատումից հետո ահազանգողներին, ելնելով նրանց տարիքից, ֆիզիկական կարողություններից, հոգեկան վիճակից, տալ ցուցումներ, խորհուրդներ՝ արտակարգ իրավիճակների զարգացումը կանխելու, մարդկանց կյանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ.
8) կատարել փրկարարական աշխատանքներ իրականացնող, պարապմունքներում այլ աշխատանքների ներգրավված մարտական հաշվարկների տեղահանում և տեղափոխում այլ հասցեով փրկարարական աշխատանքներ կատարելու.
9) արտակարգ իրավիճակների առաջացման (սպառնալիքի) վերաբերյալ ահազանգ ստանալու դեպքում, առանց իսկությունը ստուգելու, կազմակերպել համապատասխան արձագանքում.
10) մինչև հաշվարկների դեպքի վայր հասնելը համապատասխան ծառայություններից պահանջել տարածքի հոսանքազրկում, գազազրկում, ջրազրկում, ոստիկանության ներկայացուցիչներ, շտապօգնության բրիգադներ և այլն.
11) օպերատիվ հերթափոխի պետի (օպերատիվ հերթապահի) միջոցով դադարեցնել ավագ դիսպետչերի հանգիստը, սննդի ընդունումը:
3. Դիսպետչերը պարտավոր է ՝
1) ժամանակին ներկայանալ ծառայության, չներկայանալու (չկարողանալու) դեպքում՝ ժամանակին իրազեկել օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին), (շրջաններում՝ շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետին).
2) սահմանված կարգով ընդունել հերթապահությունը.
3) իմանալ սույն կանոնագիրքը և այլ իրավական ակտեր, որոնցով համակարգվում և կարգավորվում են ծառայության գործառույթներն ու գործունեությունը.
4) իմանալ ռադիոկայաններից օգտվելու կարգն ու կանոնները, հիմնական և պահեստային հաճախականությունները, ծառայության ռադիոցանցի բոլոր ռադիոբաժանորդներին և նրանց ռադիոկանչերը.
5) անցկացնել կապի ստուգում հերթապահ ստորաբաժանումների և ուղիղ կապ ունեցող բաժանորդների հետ, սահմանված կարգով լրացնել ռադիոկապի ստուգման և ստորաբաժանումների ամփոփագրերը, բլանկները, ստորագրել ամփոփագրերի, բլանկների համապատասխան տողում և արդյունքների մասին զեկուցել ավագ դիսպետչերին (շրջաններում՝ օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) և շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետին)՝ հանձնելով նրան ամփոփագրերը, կապի բացակայության դեպքում՝ միջոցներ ձեռնարկել կապի վերականգնման ուղղությամբ.
6) իր պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով ունենալ համապատասխան փաստաթղթեր, որոնցում նշված են՝
ա. փրկարարական ստորաբաժանումների տեղակայման վայրերը,
բ. Արցախի Հանրապետության տարածքում գործող հերթապահ ծառայությունները, նրանց աշխատանքային ժամերը, գործառույթները և պատասխանատվության ոլորտները, նրանց հետ կապ հաստատելու միջոցները,
գ. պարապմունքների, այլ աշխատանքներ կատարելու մեկնած հրշեջ հաշվարկների գտնվելու վայրը,
դ. «Բարձր կանչի» անվանումները, դրանց գտնվելու հասցեները, օբյեկտների բնութագրական տվյալները՝ հրդեհաշիջման տեսանկյունից,
ե. ռադիոկապ (հեռախոսակապ) չունեցող հրշեջ փրկարարական ստորաբաժանումները և նրանց հետ կապվելու ձևերը.
7) ցանկացած բնույթի ահազանգ ստանալիս սահմանված կարգով գրանցել և զեկուցել օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին), (շրջաններում՝ նաև շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետին).
8) կապի միջոցներով ապահովել տեղեկատվության, հեռախոսագրերի, հրամանների, կարգադրությունների փոխանցումը՝ սահմանված կարգով.
9) վարել հերթապահության փաստաթղթերը՝ սահմանված կարգով.
10) կարգի բերել հերթապահության սենյակը, փաստաթղթերը, գույքը՝ նախապատրաստելով ընդունման–հանձնման.
11) քաղաքացիների հետ շփվելիս և ահազանգերի սպասարկման ժամանակ լինել ներողամիտ, բարեհամբույր և հոգատար:
Հոդված 77. Օպերատիվ խմբում ընդգրկված անձնակազմի գործառույթները և իրավասությունները
1. Օպերատիվ հերթապահությունում ընդգրկված և աղետներին արձագանքող օպերատիվ խմբի գործառույթներն են`
1) արտակարգ իրավիճակի (դեպքերի, պատահարների) վայրում հետախուզության իրականացումը, ստեղծված իրավիճակի գնահատումը, զեկուցումը Ծառայության ղեկավարին և տեղեկացումը օպերատիվ հերթապահին ու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի պետին.
2) արտակարգ իրավիճակի (դեպքերի, պատահարների) վայրում առաջնային օպերատիվ միջոցառումների իրականացումը` ուղղված մարդկանց կյանքի, պետական և մասնավոր գույքի (նյութական այլ արժեքների) փրկմանը, արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) հետագա տարածման կանխմանը.
3) փրկարարական, կանխարգելիչ, վերականգնողական աշխատանքների ծավալման համար անհրաժեշտ ուժերի և միջոցների ներգրավումը.
4) օպերատիվ հերթափոխի պետին (օպերատիվ հերթապահին) արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) վերաբերյալ ճշգրիտ, անխափան, յուրաժամկետ տեղեկությունների տրամադրումը (զեկուցումը).
5) փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:
2. Աղետներին արձագանքող օպերատիվ խմբի պետը ենթարկվում է Ծառայության ղեկավարին կամ նրա կողմից լիազորված անձին, իսկ դեպքի վայրում` արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) ղեկավարումը ստանձնած, Ծառայության ավելի բարձր խմբի պաշտոն զբաղեցնող անձանց: Նրան են ենթարկվում օպերատիվ խմբի ողջ անձնակազմը, իսկ օպերատիվ ծառայության հարցերով` դեպքի վայր ժամանած բոլոր հերթապահ փրկարարական ստորաբաժանումները:
3. Արտակարգ իրավիճակի (դեպքի, պատահարի) վայրում օպերատիվ խմբի պետից բարձր պաշտոնատար անձինք են Ծառայության ղեկավարը, փրկարարական աշխատանքների ղեկավարների պարտականությունները ստանձնած վերադաս այլ պաշտոնատար անձինք:
4. Այն դեպքերում, երբ դեպքի վայր են ժամանել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն ու ի պաշտոնե ստանձնել արտակարգ իրավիճակի ղեկավարումը, օպերատիվ խմբի պետը ենթարկվում է նաև նրանց:
5. Օպերատիվ խմբի պետի փոխարինումը դեպքի վայրում իրականացվում է Ծառայության ղեկավարի սահմանած կարգով:
6. Օպերատիվ խմբի պետն արտակարգ իրավիճակի, դեպքերի, պատահարների վայրում իրավասու է`
1) մինչև շտապ օգնության բրիգադի ժամանելը ցուցաբերելու առաջին բուժօգնություն.
2) կանչելու դեպքի վայր Ծառայության բուժօգնության ստորաբաժանում կամ շտապ բուժօգնության բրիգադ.
3) արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի հետագա տարածումը կանխելու, փրկարարական գործողություններ ծավալելու, հետախուզություն իրականացնելու և ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով`
ա. առանց սեփականատերի համաձայնության մուտք գործելու ցանկացած տարածք` անկախ սեփականության ձևից,
բ. իրականացնելու գործողություններ, որոնց հետևանքով կարող է նյութական վնաս պատճառվել ուրիշի գույքին, ունեցվածքին՝ հանգեցնելով դրանց մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը,
գ. արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի վայրից (մերձակա տարածքներից) տարահանելու մարդկանց, ինչպես նաև արգելելու այդ վայրին մոտենալը,
դ. ներգրավելու անցորդներին, բնակիչներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին և բնակչությանը պատկանող տրանսպորտային միջոցները, գույքը (գործիքները, սարքերը, սարքավորումները, բուժական միջոցները), կապի միջոցները, էլեկտրաէներգիան, ջուրը,
ե. անձամբ կապ հաստատելու շահագրգիռ ծառայությունների հետ, պահանջելու անհրաժեշտ քանակի և տեսակի օգնություն,
զ. չմոտենալ արտակարգ իրավիճակի, դեպքի, պատահարի վայրին, եթե վտանգ է սպառնում իր կյանքին և առողջությանը,
է. տեղափոխելու, տեղաշարժելու, ձևափոխելու, իր իրավասության սահմաններում կատարելու այլ գործողություններ հետաքննչական արժեք ներկայացնող գույքի, փաստաթղթերի, իրերի, առարկաների, զինամթերքի նկատմամբ.
4) տուժածների, զոհվածների, ներգրավված տրանսպորտային միջոցների, մասնակից պաշտոնատար անձանց մասին ձեռք բերելու