ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
ապրիլի 30-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «և կենցաղային» բառերը փոխարինել «, կենցաղային և սահմանափակման ենթակա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով իրականացվող առևտրի և (կամ) մատուցվող ծառայությունների հետ կապված հարցերը կարգավորվում են սույն օրենքի 4.1-ին գլխով: Սույն օրենքի 4.1-ին գլխի կանոնները կիրառելի են հեռուստատեսային առևտրի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, կամ եթե նշված կանոնների կիրառումը չի հակասում դրա էությանը:»:
Հոդված 3. Օրենքի 51-ին հոդվածի 1-ին մասում «համապատասխան» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերը:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «Գնապիտակը կնքվում է վաճառողի կնիքով կամ ստորագրվում է պաշտոնատար անձի կողմից:» նախադասությունը.
2) 7-րդ մասից հանել «Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ:» նախադասությունը.
3) 15-րդ մասի «բ» կետում «առաքվող» բառը փոխարինել «մատակարարվող» բառով, իսկ «ժամը» բառը փոխարինել «օրը» բառով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «բարմենը,», «, մատուցողը» բառերը:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ գլուխներով.
«ԳԼՈՒԽ 4.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հոդված 15.1. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս ներկայացվող պահանջները
1. Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով առևտուր և (կամ) ծառայություն իրականացնելիս գնորդին պետք է հասանելի լինի հետևյալ տեղեկատվությունը.
1) պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ գործողությունների հաջորդականությունը, այդ թվում` օֆերտա կամ ակցեպտ համարվող գործողության վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն, որը պետք է պարունակի բավարար ու որոշակի տեղեկություններ պայմանագիրը կնքված համարվելու պահի մասին, ինչպես նաև տեղեկատվություն այն գործողության մասին, որն առաջացնելու է վճարման պարտականություն.
2) գնորդի նշած վայր ապրանքի մատակարարման (աշխատանքի կատարման, ծառայության մատուցման) սահմանափակումները՝ մինչև գնորդի կողմից ապրանքը գնելու գործողությունն սկսելը.
3) ապրանքի փոխանակման կամ վերադարձման պահանջների հետ կապված տեղեկությունները.
4) կայքի շահագործման հասանելիության սահմանափակումները` դրանց առկայության դեպքում.
5) կայքի շահագործման` սարքավորումների կամ ծրագրային ապահովման հետ համատեղելիության կամ փոխգործակցության սահմանափակումները, որոնց մասին տեղյակ է կամ ողջամտորեն պետք է տեղյակ լինի վաճառողը (աշխատանքներ կատարողը, ծառայություններ մատուցողը).
6) բողոքների քննության և վեճերի լուծման արտադատական կարգը.
7) օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված պարտադիր այլ տեղեկատվություն:
2. Ինտերնետային կայքում կամ էլեկտրոնային հավելվածում (էլեկտրոնային առևտրային հարթակում) կարող է հղում նախատեսվել մեկ այլ էլեկտրոնային փաստաթղթի, որը պարունակում է կնքվող պայմանագրի պայմանները: Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է ապահովի տվյալ հղման տեխնիկական հասանելիության կարգն ու ժամկետները:
3. Ինտերնետային կայքը կամ էլեկտրոնային հավելվածը պետք է հնարավորություն ընձեռի գնորդին պահպանելու կնքված պայմանագիրը կամ պայմանագրի կնքումից հետո ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան պայմանագրի կատարումն սկսելն այն այլ կերպով հասանելի դարձնել կողմին:
4. Ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ապրանքների վաճառք կարող են իրականացնել միայն որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելու և էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով վաճառում են անձնական գույքն ու իրերը, ապա էլեկտրոնային առևտրային հարթակում նախատեսվում է առանձին բաժին (ենթաբաժին)` անձնական գույքին վերաբերող գործարքները տարբերակելու համար:
Գ Լ ՈՒ Խ 4.2
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 15.2. Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով սահմանափակման ենթակա ծառայություններին վերաբերող հիմնական հասկացություններն են՝
1) սահմանափակման ենթակա ծառայություն` սպառողների ժամանցի և հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված որոշ ծառայությունների համալիր, որոնք մատուցվում են սույն օրենքով սահմանված սահմանափակման ենթակա ծառայությունների օբյեկտներում.
2) սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ` կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա.
3) կարաոկե` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողություն.
4) դիսկոտեկ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ.
5) հեստապարային ակումբ` սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար.
6) հեստապար` պարերով և (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են.
7) բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ։
Սույն կետի իմաստով հյուրանոցային տնտեսության օբյեկտի մաս չի համարվում հյուրանոցատիպ հանգրվանում մատուցվող ծառայությունը, որտեղ մատուցվող ծառայությունները չեն ներառում առնվազն մեկ գիշերակաց կամ չի վարվում հաճախորդի կամ հաճախորդի համար ամրագրում կատարող անձի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (ֆիզիկական անձանց համար՝ անձնագրային, իրավա-բանական անձանց համար պետական գրանցման տվյալներ, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն:
Հոդված 15.3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելն արգելվում է:
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը:
3. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանում է համայնքի ավագանին:»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածով Օրենքում լրացվող 15.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-25-Ն