ԼՈՒՐԵՐ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են մշտական հանձնաժողովի նախկին նախագահին
01 հունիսի 2020

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արամ Հարությունյանի նախագահությամբ, խորհրդարանի նիստերի փոքր դահլիճում կազմակերպել է հանդիպում՝ 6-րդ գումարման ԱԺ համանուն հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Արամ Հարությունյանը, բացելով հադիպումը, բարձր է գնահատել Արմեն Սարգսյանի երկարամյա գործունեությունը ոլորտում և նրա՝ ասպարեզի խնդիրների խորքային իմացությունը: Հանձնաժողովի նախագահը առաջարկել է նման ձևաչափով հանդիպումների ընթացքում վեր հանել ոլորտի հիմնական խնդիրները և առանձնացնել առաջնահերթությունները:

Արմեն Սարգսյանը, շնորհավորելով նորընտիր պատգամավորներին, մաղթել է արդյունավետ գործունեություն: Ներկայացնելով հանձնաժողովի աշխատանքները՝ վերջինս ընդգծել է կառավարության հետ մշտական կապի անհրաժե»տությունը և ոլորտներին առնչվող հարցերի շուրջ հաճախակի քննարկումների կազմակերպումը: Մշտական հանձնաժողովի նախկին նախագահը կարևորել է նաև Արցախի և Հայաստանի խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը և մատնանշել այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացված գործնական քայլերը, մասնավորապես՝ օրենսդրական դաշտում փոխգործակցությունն ու համատեղ լսումների կազմակերպումը: Արմեն Սարգսյանն առաջարկել է շարունակել ընդլայնել ՀՀ խորհրդարանի հետ աշխատանքները:

Հանդիպմանը քննարկվել են կրթական համակարգերի ուսումնասիրմանը, մշտական հանձնաժողովի վերահսկողական գործառույթներին, ոլորտում գործողությունների ռազմավարության մշակմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:

Քննարկմանը մասնակցել է նաև 7-րդ գումարման ԱԺ նախագահի տեղակալ, 6-րդ գումարման Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Բաղունցը:

ԼՈՒՐԵՐ