ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2020 թվականի
ապրիլի 30-ին
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-201 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացիական կացության ակտերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ընտանեկան օրենսգրքով, Քաղաքացիական օրենսգրքով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և իրավական այլ ակտերով:»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմինները
1. Արցախի Հանրապետությունում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները, դրանցում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելը, այդ գրանցումները չեղյալ հայտարարելը, կորած գրանցումները վերականգնելը, քաղաքացիական կացության ակտերի մատյանները վարելը կամ պահպանելը և վկայականների կրկնօրինակներ ու քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր տալը, ինչպես նաև դրանցից բխող սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները իրականացնում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները (այսուհետ` ՔԿԱԳ մարմին):
2. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով իրականացնում է ՔԿԱԳ մարմինների գործունեության կազմակերպումը, համակարգումը, դրանց վերահսկումը, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
3. Օտարերկրյա պետություններում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթներն իրականացնում են այդ պետություններում գտնվող՝ Արցախի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները` սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումն իրականացվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում` քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելու և դրա հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայական տրամադրելու միջոցով:»:
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ յուրաքանչյուր գրառում ստորագրվում է կատարող ՔԿԱԳ մարմնի աշխատողի ու ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով:
Քաղաքացիական կացության ակտի գրանցման վերաբերյալ գրառումը ենթակա չէ տրամադրման, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը
1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը քաղաքացիական կացության ակտային գրանցման հիման վրա և դրա վերաբերյալ տեղեկություններ պարունակող, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ պատրաստվող էլեկտրոնային փաստաթղթեր են, որոնք տրամադրվում են նաև փաստաթղթային կրիչով:
2. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը տրամադրող մարմնի ղեկավարի ստորագրությամբ և այդ մարմնի կնիքով հաստատված ուղարկվում են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին: Դիմողի պահանջով տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը):
3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքը ստորագրվում են քաղաքացիական կացության ակտը գրանցող կամ դրա մեջ ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարող, ինչպես նաև վկայական կամ տեղեկանք տրամադրող համապատասխան ՔԿԱԳ մարմնի ղեկավարի կողմից և հաստատվում ՔԿԱԳ մարմնի կնիքով:
4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի վրա զետեղվում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը և արագ արձագանքման ծածկագիրը:
5. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի իսկության ստուգումը կատարվում է սույն հոդվածի 4-րդ մասով ամրագրված համարանիշը մուտքագրելով պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգ կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները` արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
6. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների ձևանմուշները, դրանց լրացման կարգը, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները, ինչպես նաև դրանց ոչնչացման կարգը հաստատում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը:
7. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի, վկայականի կրկնօրինակի և քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տրվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միասնական էլեկտրոնային գրանցամատյանում գրառված ակտային գրանցումների հիման վրա այն մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ, որին վկայականի կրկնօրինակ ստանալու դիմում է ներկայացվել:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման դիմում կարող է ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ` անկախ քաղաքացիական կացության ակտի գրանցման կամ դիմողի մշտական բնակության վայրից:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականի կրկնօրինակի տրամադրման կարգը և ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը:»:
Հոդված 7. Օրենքի 9.1-ին հոդվածի 3-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.
«Միասնական գրանցամատյանում ձևավորվող բոլոր փաստաթղթերը ստորագրվում և կնքվում են էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 8. Օրենքի 9.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9.2. Քաղաքացիական կացության ակտերի համար դիմելը
1. Սույն օրենքով նախատեսված՝ ՔԿԱԳ մարմիններ դիմում ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, երբ դիմող անձը ՔԿԱԳ մարմնի աշխատակցին է տրամադրում դիմումը պատրաստելու համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը և ստորագրում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով պատրաստված դիմումը:
2. Եթե դիմողը տեսողական խանգարում ունեցող անձ է, ապա ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը բարձրաձայն ընթերցում է դիմումի բովանդակությունն ամբողջությամբ` առնվազն մեկ վկայի ներկայությամբ: Վկան դիմումի վրա ստորագրություն դնելու միջոցով հաստատում է իր ներկայությամբ դիմումի բովանդակությունը ՔԿԱԳ աշխատակցի կողմից ընթերցված և դիմողի համար պարզաբանված լինելու փաստը:
3. Սույն օրենքով նախատեսված դիմումները կարող են ներկայացվել սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված մարմիններ` ըստ դիմողի նախընտրության:»:
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների 4-րդ մասերում «պայմանագրի» բառից հետո լրացնել «և ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) որոշման» բառերը:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածում.
- 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, սեռը, ծնողների փոխադարձ համաձայնությամբ և ցանկությամբ՝ նաև ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը.»,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասեր.
«4. Ծննդի ակտային գրանցման մեջ որպես երեխայի ծննդյան վայր նշվում է երեխայի փաստացի ծննդյան վայրը կամ այն վայրը, որտեղ գտնվել է երեխան (շրջանի, քաղաքային կամ գյուղական համայնքի անվանումը):
5. Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում` ուղերթի ընթացքում, ապա որպես երեխայի ծննդյան վայր նշվում է այն վայրը, որտեղով ծննդյան պահին տեղաշարժվում է այդ տրանսպորտային միջոցը, բացառությամբ օդային և ջրային տրանսպորտի համար օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
6. Անձի ծննդյան ակտային գրանցման մեջ լրացվում են կյանքի ընթացքում այդ անձի վերաբերյալ կատարված բոլոր քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ տեղեկությունները:»:
Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի «ա» կետում «ազգանունը,» բառից հետո լրացնել «սեռը,» բառը:
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի «ե» կետում, 30-րդ հոդվածի «դ» կետում, 38-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում, 43-րդ հոդվածի «ե» կետում, 56-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետում, 62-րդ հոդվածի «դ» կետում, 68-րդ հոդվածի «դ» կետում «ժամանակը» բառից հետո լրացնել «և տրամադրող ՔԿԱԳ մարմնի անվանումը» բառերը:
Հոդված 15. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում և 27-րդ հոդվածի 7-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով» բառերը փոխարինել «Ընտանեկան օրենսգրքով» բառերով:
Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Օրենքի 49-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 20. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմնում` Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:»:
Հոդված 21. Օրենքի 64-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ պարբերություն.
«Արցախի Հանրապետությունում գրանցվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում մահացած օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահը:»:
Հոդված 22. Օրենքի 65-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 23. Օրենքի 67-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 67. Մահվան ակտի գրառման բովանդակությունը։ Մահացած ան-ձանց վերաբերյալ փաստաթղթերը փոխանցելը».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. ՔԿԱԳ մարմինը մահացած անձանց անձը հաստատող փաստաթղթերը մեկամսյա պարբերականությամբ փոխանցում է Արցախի Հանրապետության ոստիկանության լիազոր մարմին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները` 15-օրյա պարբերականությամբ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:»:
Հոդված 24. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարվում են այն անձի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ կատարված է գրանցումը կամ նրա լիազորած անձի դիմումի հիման վրա:»:
Հոդված 25. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում, 5-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 6-րդ մասում, 7-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերում, 9.1-ին հոդվածի 1-ին մասում, 11-րդ հոդվածի 2-րդ մասում, 12-րդ հոդվածում, 13-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում, 26-րդ հոդվածի 6-րդ մասում, 27-րդ հոդվածի 1-1.2-րդ մասերում, 5-րդ և 8-րդ մասերում, 58-րդ հոդվածի 5-րդ մասում, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 69-րդ հոդվածի 1-ին մասում, 70-րդ հոդվածում, 72-74-րդ հոդվածներում, 76-81-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2020թ. մայիսի 19
Ստեփանակերտ
ՀՕ-15-Ն