ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին
28 մայիսի 2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը իր և խորհրդարանի պատգամավորների անունից, Առաջին Հանրապետության օրվա առթիվ, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրվա առթիվ:
 

1918թ-ի մայիսի 28-ին հայ ժողովրդի հավաքական կամքի և միասնության դրսևորմամբ իրականություն դարձավ անկախ պետականությունը վերականգնելու հայոց դարավոր երազանքը:
Հանրապետության տոնն իր մեջ կրում է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ վերածվելով հայ ազգի միասնականության և միաբանության լավագույն առհավատչյայի:

 

Երկրի և իշխանությունների առջև դրվող հրամայական խնդիրները տարբեր ժամանակահատվածներում տարբեր են լինում, սակայն միայն ժողովրդին է վերապահված սեփական հայրենիքի ճակատագրի տնօրենը լինելու իրավունքը: Այդ համատեքստում անգնահատելի է պատմական և քաղաքական վճռորոշ իրադարձությունների ժամանակ ինքնամիաբանվելու, հաստատակամ և միասնական քայլ անելու հայ ժողովրդի ձիրքը:
 

Մաղթում եմ, որ կուռ և միասնական լինի հայի անպարտ ոգին, միաբանություն և միասնականություն Հայկական երկու պետություններին և աշխարհասփյուռ հայությանը:
 

Եվս մեկ անգամ շնորհավոր Հայաստանի Առաջին Հանրապետության տոն օրը»:

ԼՈՒՐԵՐ