ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովն ընդունել է մի շարք օրենքներ
30 ապրիլի 2020

Ընդմիջումից հետո 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն՝ շարունակվել են օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգով: Կառավարության անդամները՝ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ պատասխանել են  պատգամավորների՝ համավարակի պայմաններում հեռավար կրթության կազմակերպման ռազմավարության մշակման հնարավորությանը, Արցախում COVID-19 համավարակի ներկա իրավիճակին և այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերին:

Խորհրդարանը հաջորդիվ լսել է ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2019 թվականի գործունեության մասին տեղեկությունները և ԱՀ դատախազության 2019 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրինագիծը ուղեկցող նախագծերի փաթեթով: Հեղինակի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի եղել: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրենքը:

Շարունակելով՝ Արարատ Դանիելյանը հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքի նախագիծը: Պետական-իրավական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը կողմ է քվեարկել օրենքի ընդունմանը:

Նախարարը, այնուհետև ներկայացրել է «Քաղաքացիական կացության  ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ ուղեկցող օրինագծերի փաթեթով: Արարատ Դանիելյանի խոսքով՝  նախածերի փաթեթի ընդունմամբ կկարգավորվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական  էլեկտրոնային կառավարման համակարգի լրիվ ծավալով գործադրման հետ կապված հարաբերությունները.

  1. կսահմանվի համապատասխան գործառույթների իրականացման նպատակով քաղաքացիների՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԱԿԳ) մարմիններ դիմելու իրավունքը, ինչը չի սահմանափակվի որևէ վարչական տարածքով
  2. կնվազեցվեն ՔԱԿԳ մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը
  3. կապահովվի ՔԱԿԳ մարմինների սպասարկման որակը

Գլխադասային պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո խորհրդարանը ընդունել է օրենքը:

Հաջորդիվ Արդարադատության նախարարը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով՝

  1. հստակեցվել են Պաշտպանի ընտրության ժամկետները՝ այն համապատասխանեցնելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի պահանջներին,
  2. ամրագրվել են Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները,
  3. նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու կարգը,
  4. լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է օրենքը :

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման  նախարար Սամվել Ավանեսյանը: Նախարարի փոխանցմամբ՝ նախագծի  ընդունումը բխում է իրավակիրառ պրակտիկայում առաջացած  խնդիրների լուծման, կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների երաշխիքների ընդլայնման անհրաժեշտությունից: Մասնավորապես՝ մասնագիտական աշխատանքային ստաժում կհաշվարկվի համատեղությամբ աշխատելու ժամանակահատվածը,  օրենքից կհանվի  տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուի կողմից աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը և այլ լրացումներ ու փոփոխություններ:

Նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն է ներկայացրել սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արարատ Օհանջանյանը: Խորհրդարնն ընդունել է օրենքը:

Շարունակելով՝ նախարարը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  օրենքը համապատասխանեցնել Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո խորհրդարանն ընդունել  է օրենքը:

Ընդմիջումից հետո Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է  ֆիզիկական անձանց կողմից  տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավել հարկային մարմնից անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով  ստանալու համար սահմանել բազային չափով պետական տուրք:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո, խորհրդարանն ընդունել է օրենքը:

«Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրինագծերով  ԱԺ-ին է ներկայացրել էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է արգելել սահմանափակման ենթակա  ծառայության օբյեկտները բազմաբնակարան  շենքի և (կամ) ոչ բնակելի տարածքում, ինչպես նաև կրթական և պատմամշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատությունների տարածքներում տեղակայելը:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: Պատգամավորները կողմ են քվեարկել օրենքների փաթեթին:

«Ջրային օրենսգրքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով պատգամավորներին է ներկայացրել հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի  նախագահ Միքայել Վիրաբյանը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ուղղված են  ջրային ոլորտում օրենսդրական բարեփոխումների իրականացմանը՝ ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությանը:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո Ազգային ժողովը ընդունել է օրենքը:

Պատգամավորական հայտարարությամբ ԱԺ 5 տարվա գործունեությունն ամփոփել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:

 

ԼՈՒՐԵՐ