Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 

ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  2003 թվականի նոյեմբերի 26-ի  ջրային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1-ին հոդվածում վաթսունյոթերորդ պարբերության «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«երաշտ՝ տեղումների երկարատև բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի և խոնավության նվազեցման հետ համատեղ օդերևութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը և դրանց ոչնչացմանը.

սակավաջրություն՝ իրավիճակ, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է՝ հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, և երբ, ըստ բազմամյա դիտարկումների տվյալների, գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է 66,7 տոկոսը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 30.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ               2-4-րդ մասերով.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են նաև, եթե՝

1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝

ա. որոնցում առկա են Արցախի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,

բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է,

գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը.

2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝

ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,

բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,

գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,

դ. գետերի հոսքի ձևավորման տարածքներում,

ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,

զ. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված գետերի ցանկը սահմանում է կառավարությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետով նախատեսված սողանքային տարածքները սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրության կամ երաշտի մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 33-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չի կարող հինգ տարուց ավելի լինել, բացառությամբ հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու նպատակով ջրօգտագործման թույլտվության համար դիմած անձին (անկախ տվյալ տարածքում ջրավազանային կառավարման պլանի առկայության հանգամանքից) ջրօգտագործման թույլտվությունը տրվում է մեկ տարի ժամկետով, որը լիցենզիայի ստացման դեպքում համարվում է երկարաձգված` լիցենզիայի ժամկետին հավասար, բայց ոչ ավելի, քան 20 տարի, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ ժամկետ սահմանված չէ, որի դեպքում ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված ջրավազանային կառավարման պլանով նախատեսված ժամկետով: Ջրավազանային կառավարման պլանների հաստատումից կամ դրանցում փոփոխություններ կատարելուց հետո նախկինում տրամադրված ջրօգտագործման թույլտվություններն ենթակա են վերանայման:»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 2-րդ մասի «սակավաջրություն և երաշտ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «սակավաջրություն կամ երաշտ» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ