ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն առանձնազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
18 հունվարի 2020

 

Հայաստանի Հանրապետության ԱԺ և Արցախի Հանրապետության ԱԺ միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքներն ամփոփելուց հետո տեղի է ունեցել երկու խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ողջունել է Արցախի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը և ընդգծել Բաքվի հայ բնակչության հանդեպ իրականացված անմարդկային գործողությունների թեմայի քննարկումը հանձնաժողովի հատուկ նիստի ձևաչափով անց կացնելու կարևորությունը։ Այնուհետև Արարատ Միրզոյանը շեշտել է,-

«Միջխորհրդարանական հանձնաժողովի ընդունած հայտարարությունը պատմական իրադարձություն է, որը վաղուց է հասունացել։ Այն ինչ-որ չափով հարգանքի տուրք է Բաքվի հայ բնակչության ջարդերի անմեղ զոհերի հիշատակին»։

Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար և շնորհավորել երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի հերթական հաջողված միջոցառման առթիվ.

«Այսօրվա հայտարարության մեջ ամեն ինչ ասված է։ Այն պարունակում է շատ ճիշտ շեշտադրումներ, որոնք պետք է ուղեցույց հանդիսանան հայկական երկու հանրապետությունների ներկայացուցիչների համար Բաքվի հայ բնակչության հանդեպ կատարված հանցագործությունները արտաքին աշխարհում ներկայացնելիս»,-ընդգծել է Աշոտ Ղուլյանը։

Հանդիպման վերջում անդրադարձ է կատարվել նաև Արցախում 2020 թվականին սպասվող ընտրություններին։ Երկուստեք կարևորվել է ազատ, մրցակցային ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու նշանակությունը` թե՛ Արցախում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից, թե՛ միջազգային կառույցներում դրանց արդյունքները ներկայացնելու առումով։

ԼՈՒՐԵՐ