ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը
28 նոյեմբերի 2019

 

Նոյեմբերի 28-ին Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը: Բացման խոսքում ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը տեղեկացրել է «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ այս օրերին խորհրդարանում ընթացող հանձնաժողովային քննարկումների մասին: Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է օրակարգային առաջին հարցի քննարկմանը:

Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը, ներկայացնելով Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար Դավիթ Խաչատրյանի թեկնածության վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը, խորհրդարանին առաջարկել է ընտրել նրան:

Դավիթ Խաչատրյանի կենսագրական և գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը լսելուց հետո խորհրդարանը անցել է գաղտնի քվեարկության:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Ռամելա Դադայանը, ամփոփելով քվեարկության արդյունքները, նշել է, որ քվեատուփում առկա 30 քվեարթերթիկից անվավեր է ճանաչվել 2-ը, իսկ ձայները բաշխվել են 26 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Այսպիսով՝ Դավիթ Խաչատրյանը ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ:

Հաջորդիվ խորհրդարանը լսել է Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը:

«2020թ-ի հունվարի 1-ից, կիսամյակային պարբերականությամբ, մինչև 2021թ-ի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգ ծառայությունների սակագները»,- ընդգծել է Միքայել Վիրաբյանը:

ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահը նաև պատասխանել է արևային էներգիայի կայանի կառուցման համար անհրաժեշտ ուսումնասիրություններին և կառուցված ու կառուցվող ՀԷԿ-երին տրված լիցենզիաների թվի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի և խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի հարցերին:

Անցնելով օրենսդրական նախագծերին՝ խորհրդարանը քննարակել է ԱՀ նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետաշխատակազմի ղեկավար Արայիկ Լազարյանի ներկայացրած՝ ««Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով օրենքը համապատասխանեցվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո 28 կողմ ձայներով օրենքն ընդունվել է:

Ներկայացնելով ««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը  ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը նշել է, որ այն ևս առաջարկվում է համապատասխանեցնել ԱՀ Սահմանադրությանը:

Գլխադասային՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո օրենքն ընդունվել է 29 կողմ ձայնով:

Նիստի հաջորդ հատվածում պատգամավորական հայտարարությամբ հանդես է եկել Հայկ Խանումյանը:

Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է գործադիր իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Տեղի է ունեցել օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:

Մինչ հարցուպատասխանին անցնելը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավարի նամակը, որով տեղեկացվում է, որ ԱԺ անկախ պատգամավորներ Արամ Սարգսյանը և էրիկ Հարությունյանը ընդգրկվել են «Հայրենիք» խմբակցության կազմում:

Այնուհետև, նախարարները՝ պետական նախարարի գլխավորությամբ պատասխանել են պատգամավորների առաջադրած՝ ուսուցիչների նվազագույն աշխատավարձի չափին, օդերևութաբանական ցանցի արդիականացմանը, Ստեփանակերտի նորակառույց հանրակացարանում սենյակների հատկացման կարգին, Ասկերան քաղաքի բժշկական կենտրոնի և Խանձաձոր համայնքի Հայկավան գյուղի դպրոցի շենքային պայմաններին, Հադրութում կաթի մթերման կետի կառուցմանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մատուցած ծառայությունների սակագներին, զորացրված սպաների սոցիալական պաշտպանությանը և այլ թեմաների վերաբերող հարցերին:

Ամփոփելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը խոսել է նոյեմբերի 28-ի երեկոյան մեկնարկող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի մասին՝ կոչ անելով բոլորին ակտիվ մասնակցել: ԱԺ նախագահը նաև հայտարարել է, որ այս տարի Ազգային ժողովի կողմից հիմնադրամին է նվիրաբերվելու 1մլն 400 հազար դրամ:

ԼՈՒՐԵՐ