ԼՈՒՐԵՐ
ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
27 նոյեմբերի 2019

 

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Արպատ Ավանեսյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի,  բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2020թ.-ի ծախսերը, նշել է, որ այն կկազմի 5 մլրդ 493մլն 219հազ դրամ, ինչը 2019թ-ի համեմատ ավել է 210մլն 949հազար դրամով: Նախարարը ծրագրային ծախսերի ցուցանիշները հրապարակելուց հետո պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝  բույսերի կենտրոնացված պաշտպանությանը, կոոպերացիաների աջակցության ծրագրին, ոռոգման կաթիլային համակարգերի ներդրմանը, անասունների համակարգված պատվաստմանը և անասնագլխաքանակի հաշվառմանը վերաբերող հարցերին:

Գալիք տարվա բյուջեով, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի խոսքով, կապիտալ ծախսերի համար նախատեսված է 19մլրդ 840մլն դրամ, նախորդ տարվա 19մլրդ 086մլն դրամի փոխարեն: Նախարարը  նաև նշել է, որ ընթացիկ տարվա կապիտալ ծախսերի ցուցանիշը մինչև տարեվերջ կկազմի 22մլրդ 800մլն դրամ: Ըստ բնագավառների կապիտալ շինարարության ծախսերը մանրամասնելուց հետո Կարեն Շահրամանյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ Ասկերանի հիվանդանոցի շենքային պայմաններին, Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգման ծրագրին, Աստղաշենի մանկապարտեզի շահագործման ժամկետին վերաբերող հարցերին:

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ներկայացնելով 2020թ-ի նախարարության պահպանման ծախսը, նշել է, որ այն կազմում է 590մլն 225հազ դրամ: Պատգամավորները նախարարի հետ քննարկել են Արցախում բջջային երկրորդ օպերատոր ունենալու հնարավորության, Ստեփանակերտի օդանավակայանի աշխատանքների ֆինանսավորման, էլեկտրաէներգիայի ծախսերի սուբսիդավորման, տնտեսական հարաբերությունների համար նախատեսված գումարների արդյունավետ օգտագործման վերաբերյալ թեմաներ:

Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը, խոսելով 2020 պետական բյուջեով նախատեսված գումարի մասին, նշել է, որ բնապահպանության ոլորտի կառավարման մարմինների պահպանման համար նախատեսում է հատկացնել 201մլն 712 հազար դրամ: Նախարարը ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել գալիք տարում նախատեսվող՝ օդի մոնիթորինգի փորձնական ծրագրի, ՀԷԿ-երի շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների վերացման, ապօրինի ծառահատումների կանխարգելման և ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ  պատգամավորների առաջադրած հարցերին:

Ընդմիջումից հետո մշտական հանձնաժողովների համատեղ նիստը շարունակվել է:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանի խոսքով, 2020թ.-ին կկազմեն 203մլն 663 հազ դրամ, ինչը 2մլն 283հազ դրամով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Խորհրդարանականները ոլորտի պատասխանատուի հետ քննարկել են էլեկտրաէներգիայի սակագներին, 3G ցանցի թարմացմանը և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակին վերաբերող հարցեր:

Գյուղի և գյուղատնտեսության  աջակցության հիմնադրամի  նախագահ Տիգրան Ծատրյանի փոխանցմամբ, հիմնադրամին պետական բյուջեից տրամադրվելու է 1 մլրդ 500մլն դրամ, որոնք ուղղվելու են տեղական ագրարային տնտեսությունների աջակցության տարբեր ծրագրերի իրականացմանը, փոխառությունների տրամադրմանը և առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար նախատեսվող վարկերի մասնակի սուբսիդավորմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել  ծրագրային մոնիթորինգի և հողագործության սուբսիդավորման վերաբերյալ  պատգամավորների հարցերին:

Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահ Քաջիկ Խաչատրյանը, խոսելով հիմնադրամի 2020թ.-ի ծախսերի մասին, նշել է, որ այն կկազմի 4մլրդ դրամ: Հիմնադրամի նախագահը պատասխանել է պատգամավորների առաջադրած՝ վարկերի ստացման ընթացակարգին  և այլ թեմաների վերաբերող հարցերի:

ԼՈՒՐԵՐ