ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հողի հարկի մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-28 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում՝
1) «զ» կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետեր.
«է) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.
ը) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմն իրեն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` սույն հոդվածի «է» կետով սահմանված շենքերի ու շինությունների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի համար 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Օրենքի 10-րդ հոդվածի «ը» կետով սահմանվող արտոնությունը տարածվում է նաև 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. նոյեմբերի 13
Ստեփանակերտ
ՀՕ-117-Ն