ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հոկտեմբերի 31-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետ.
«7) քննարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրերը և պատասխանում է դրանց:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 111.1-ին հոդվածով.
«Հոդված 111.1. Ազգային ժողով ներկայացված հանրագրերը քննարկելու և դրանց պատասխանելու կարգը
1. Հանրագրերն Ազգային ժողով կարող են ներկայացվել միայն Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ:
2. Հանրագիրը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ: Եթե գրությունը սույն հոդվածի 1-ին մասի կամ «Հանրագրերի մասին» օրենքով սահմանված պահանջներին՝
1) չի համապատասխանում և հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Աշխատակազմը վերադարձնում է գրությունը՝ նշելով պատճառների մասին, իսկ «Հանրագրերի մասին» օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում մերժում է հանրագրի քննարկումը.
2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը հանրագիրն ուղարկում է իրավասու մշտական հանձնաժողով կամ հանձնաժողովներ, եթե հանրագիրը վերաբերում է մեկից ավելի մշտական հանձնաժողովների իրավասության ոլորտներին:
3. Աշխատակազմը գրանցում է մշտական հանձնաժողով ուղարկված հանրագիրը և այն տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
4. Մշտական հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանրագիրն ուղարկում է հանձնաժողովի անդամներին, որոնք կարող են հանրագիրն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնել հանրագրի պատասխանի նախագիծ: Եթե սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահը կարող է հանրագրի պատասխանի նախագիծ մշակել նաև հանձնաժողովի այլ անդամի կողմից հանրագրի պատասխանի նախագիծ ներկայացվելու դեպքում:
5. Հանձնաժողովի նիստում հանրագրի պատասխանի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով: Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում են Կանոնակարգի 101-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Եթե հանրագրի պատասխանի վերաբերյալ հանձնաժողովը որոշում չի կայացնում, ապա հարցի քննարկումը համարվում է ավարտված:
6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը, իսկ պատասխանի վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում` համապատասխան գրությունը, երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Աշխատակազմ, որն այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է անհատական հանրագիրը ներկայացրած անձին կամ կոլեկտիվ հանրագրում որպես պատասխանատու նշված անձին: Հանրագրի պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:
7. Հանրագրերի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաև հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու վերաբերյալ Աշխատակազմի որոշումները կամ այլ գործողությունները (անգործությունը) բողոքարկման ենթակա չեն:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. նոյեմբերի 13
Ստեփանակերտ
ՀՕ-114-Ն