ԼՈՒՐԵՐ
Մեկնարկել են «Բյուջե-2020»-ի հանձնաժողովային քննարկումները
25 նոյեմբերի 2019

Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արզիկ Մխիթարյանը և Արամ Գրիգորյանը:

Քննարկվել են «ԱՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված՝ արտաքին քաղաքական գործունեության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտների ֆինանսավորման հարցերը:

Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 803 մլն 254 հազ դրամ և մանրամասնել հատկացումների հիմնական ուղղությունները: Նախարարը նաև պատասխանել է պատգամավորների առաջադրած՝ ընդհանուր բարեկամության ցանց ստեղծելու ծրագրի և այլ երկրներում ներկայացուցչություններ ունենալու վերաբերյալ հարցերին:

Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ներկայացնելով գալիք տարվա զբոսաշրջության ծախսերը, նշել է, որ զբոսաշրջության զարգացման համար տրամադրվելու է 28մլն դրամ, նախորդ տարվա 25մլն-ի փոխարեն: Ըստ նախարարի՝ զբոսաշրջության հիմնական նպատակը լինելու է Արցախի Հանրապետության զբոսաշրջային արդյունքի զարգացումը և հանրահռչակումը թիրախային շուկաներում: 2020թ-ին հիմնական շեշտը դրվելու է էկոտուրիզմի զարգացմանը՝ գյուղական, արկածային տուրիզմի բաղադրատարրերով:

Լեռնիկ Հովհաննիսյանը նաև նշել է, որ գալիք տարում մարքեթինգային աշխատանքներն ուղղված են լինելու սոցիալական ցանցերում և որոնողական համակարգերում Արցախի բրենդի առաջխաղացմանն ու տարածմանը:

Պատգամավորները նախարարից տեղեկացել են Արցախում զբոսաշրջիկների նախընտրած վայրերի, զբոսաշրջային գոտիների պահպանման և ոլորտի զարգացման նպատակային ստարտափների օժանդակության թեմաներից:

Համատեղ նիստում այնուհետև լսել են ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանին, որը, ներկայացնելով  խորհրդի բյուջեն, նշել է, որ այն կկազմի 31մլն 546հազ դրամ՝ նախորդ տարվա 27մլն 958 հազարի փոխարեն: Արսեն Առստամյանը առանձնացրել է ծախսային հիմնական ուղղությունները և պատասխանել պատգամավորների հարցերին:

«Ազատ Արցախ» թերթի պահպանման ծախսերը, խմբագիր Նորեկ Գասպարյանի խոսքով, 2020թ.-ին ընթացիկ տարվա համեմատ փոփոխության չեն ենթարկվի՝ կազմելով 94մլն դրամ: Թերթի խմբագիրը պարզաբանումներ է տվել թերթի հանրայնացման վերաբերյալ պատգամավորների հնչեցրած առաջարկություններին:

Նիստին ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը:

ԼՈՒՐԵՐ