«Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» (նախագծերի փաթեթ)

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գույքահարկի մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-72 օրենքի                     15-րդ հոդվածում`

1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Գույքահարկից ազատվում են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.».

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1)Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմն ազատվում է նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող` սույն մասի 3-րդ կետում նշված շենքերի և շինությունների համար 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվող արտոնությունը տարածվում է նաև 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                  

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.«Հողի հարկի մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-28 օրենքի               10-րդ հոդվածում՝

1) «զ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի և շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:».

3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմն ազատվում է նաև իրեն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` սույն հոդվածի «է» կետով սահմանված շենքերի ու շինությունների զբաղեցրած, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի համար 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանվող արտոնությունը տարածվում է նաև 2019 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                     

                                                                                                   

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ