ԼՈՒՐԵՐ
Խորհրդարանի մշտական հանձնաժողովները գումարել են նիստեր
24 հոկտեմբերի 2019

 

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ: Օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի և «Հանրագրերի մասին» օրենքի նախագծի և կից փաթեթի քննարկումն էր:

«Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը հանձնաժողովին է ներկայացրել նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը: Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դիրքորոշումն է հայտնել Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Պատգամավորները հարցեր են առաջադրել հիմնական ու հարակից զեկուցողներին և հանդես եկել ելույթներով: Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում նախագիծը բացասական եզրակացությամբ ուղարկվել է հերթական նիստի քննարկմանը:

Հաջորդիվ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, որը, հանձնաժողովի որոշմամբ, ստացել է դրական եզրակացություն: Նախագիծը ԱԺ հերթական նիստում քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ :

Նախօրեին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Գույքահարկի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Պատգամավորները քննարկել և դրական եզրակացություն են տվել նախագծերի փաթեթը հերթական նիստում քննարկելուն:

Նիստերին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

ԼՈՒՐԵՐ