ԼՈՒՐԵՐ
Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը
12 հոկտեմբերի 2019

Շարունակվում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ ժամանած պատվիրակությունների հետ հանդիպումներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում:

ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ – Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Արցախ ժամանած Կանադայի պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել կանադացի բարեկամներին օվկիանոսից այն կողմ Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու համար, ինչի վառ օրինակը մարտին Կանադայում ձևավորված Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումն է:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Արցախի ճանաչման գործում Կանադայի հայկական կազմակերպությունների և կանադացի բարեկամների տեսանելի աշխատանքը և ընդգծել.

«Մենք գիտենք, որ միջազգային ճանաչման տանող ճանապարհը երկար է լինելու, սակայն մենք համբերատար ենք ու վստահ մեր հաջողության մեջ, քանի որ տարեցտարի ավելանում են Արցախի բարեկամները»:

Քվեբեկի Ազգային ժողովի պատգամավոր Գի Ուելետը, նշել է, որ տպավորված է Արցախով և Արցախի ժողովրդի ջերմ ընդունելությամբ: Ուելետի խոսքով, որպես խաղաղ երկրի քաղաքացի, նա պատրաստ է խաղաղության և արդարության դեսպան լինել Արցախի համար.

«Ժամանակակից սոցիալական մեդիայի և կեղծ նորությունների աշխարհում շատ կարևոր է Արցախի ճիշտ ներկայացումը: Այս պահին շատերն ինձ անհամբեր սպասում են Քվեբեկում, որպեսզի կիսվեմ իմ տպավորություններով և հավաստի տեղեկություններ հաղորդեմ ձեր երկրի մասին»:

Օնտարիոյի Օրենսդրական ժողովի անդամ Արիս Պապիկեանն իր հերթին հավաստիացրել է.

«Ղարաբաղի ժողովուրդը միայնակ չէ ճանաչման բարդ ճանապարհին և չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնց առերեսվում են Կանադայի հայկական կառույցները Արցախը ճանաչելի դարձնելու գործում, մեր բարեկամների աջակցությամբ բոլոր խոչընդոտները հաղթահարելի են»:

«Իմ հոգին Տորոնտոյում է, իսկ սիրտս՝ Արցախում», - ասել է Տորոնտոյի քաղաքային խորհրդի անդամ Ջիմ Կարիջիաննիսը:

Կարիջիաննիսը կիսվել է քաղաքային խորհրդում իր համակիրների հետ համատեղ  աշխատանքների առաջընթացի մասին և հույս հայտնել, որ շուտով լավ նորություններ կունենան:   

Մոնրեալի Գործադիր կոմիտեի անդամ Մարի Դերոսը նշել է.

«Շատ բարձր եմ գնահատում այստեղ լինելու հնարավորությունը: Ես տեսա Արցախի ներուժը: Այստեղ բազմաթիվ տաղանդավոր և կրթված երիտասարդներ կան: Նրանք են Արցախի ապագան: Շարունակեք քաջալերել նրանց»:

Հանդիպմանը մասնակցել են նաև Կանադայի Հայ դատի՝ Քվեբեկի և Օնտարիոյի հանձնախմբերի անդամներ Աբրահամ Նիզիպլեանը և Հարութ Մաթոսեանը, որոնք խոսել են հայկական օրակարգային հարցերի ուղղութամբ տարվող աշխատանքների մասին և վստահեցրել, որ հաջորդ այցի ժամանակ պատվիրակության կազմն ավելի մեծ և ընդգրկուն կլինի:

ԼՈՒՐԵՐ