ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանը ընդունել է ՄՄՀ ուսանողներին
09 հոկտեմբերի 2019

Հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի (ՄՄՀ) «Կովկասագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներին, որոնք այս օրերին փորձուսուցում են անցնում խորհրդարանում:

Ողջունելով ուսանողներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել տարբեր մասնագիտություններով ուսանողների փորձուսուցման կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում: Նա ընդգծել է կովկասագիտություն մասնագիտության կարևորությունն ու կիրառական նշանակությունը և հորդորել ուսանողներին ամենօրյա աշխատանքով կատարելագործել գիտելիքները:

Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը ուսանողներին է ներկայացրել պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերը, խորհրդարանի առօրյա գործունեությունը և Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները:

Պատասխանելով ուսանողների հարցերին՝ խորհրդարանի ղեկավարը անդրադարձել է կրթական ժամանակակից հնարավորություններին և դրանք Արցախի կրթական համակարգի զարգացման համար օգտագործելու անհրաժեշտությանը, հանրապետությունում սպասվող ընտրական գործընթացներին, հանրության իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաների:

Հանդիպմանը մասնակցել է ՄՄՀ պրոռեկտոր Ղարիբ Բաբայանը:

 

ԼՈՒՐԵՐ