ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2019Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ժամը 1100

         Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են 32 պատգամավորներ, բացակա՝ 1-ը:

 

Հարգելի գործընկերներ, ներկաներ, տիկնայք և պարոնայք, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը սկսում է հերթական՝ 10-րդ նստաշրջանի աշխատանքները: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ մինչև նստաշրջանի և այսօրվա նիստի օրակարգերին անդրադառնալը, ամփոփ կներկայացնեմ անցած երկու ամիսների ընթացքում խորհրդարանի կողմից իրականացված աշխատանքները: Սակայն, մինչ այդ, քանի որ սեպտեմբեր ամսին այս կազմով առաջին անգամ ենք հանդիպում, թույլ տվեք բոլորիս անունից շնորհավորել հայությանը Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տոների առթիվ: Սեպտեմբերը հայ նորագույն պատմության մեջ նշանավորվում է մեր պատմական հայրենիքի այս հատվածում երկու հայկական հանրապետությունների հռչակմամբ, որով վերականգնվել է դարերի ընթացքում կորսված մեր պետականությունը: Ուզում եմ մաղթել, որ ամեն նոր տարեդարձով իրապես զգանք մեր միասնական հայրենիքի հզորացումը՝ որպես համայն հայության անվտանգության, իրավունքների պաշպանության, ազատ ու ստեղծագործ առաջընթացի բնօրրան:

Հարգելի գործընկերներ, օգոստոս ամսվա ընթացքում, թեև խորհրդարանը գտնվել է արձակուրդային ռեժիմում, այնուամենայնիվ շարունակել է իրականացնել սահմանադրական լիազորությունները, մասնավորապես, արտաքին քաղաքական կապերի ընդլայնման ասպարեզում: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվել նաև սեպտեմբեր ամսվա առաջին հատվածում: Այսպես՝ օգոստոսի 6-ին Արցախի խորհրդարանում հյուրընկալել ենք համահայկական խաղերի շրջանակներում Արցախ այցելած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

Նույն օրը ընդունել ենք նաև Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Ղարփեթյանին:

Օգոստոսի 7-ին Ազգային ժողով են այցելել Բուլղարիայի Ազգային ժողովի  պատգամավորներ Վալերի Սիմեոնովը, Իորդան Ապոստոլովը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ:

Օգոստոսի 26-ին խորհրդարանում ընդունել ենք Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը՝ կազմված գերմանացի տարբեր բնագավառների մասնագետներից:

Նույն ժամանակահատվածում հյուրընկալել ենք նաև Երևանի պետական համալսարանի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվիրակություններին:

Սեպտեմբերի 6-ին խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովները Շուշիում գումարել են համատեղ նիստ, որի արդյունքներով մշտական հանձնաժողովների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովում ընդունել ենք հանրապետությունում կայացած ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ այցելած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 11-ին այս դահլիճում հյուրընկալել ենք Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Գի Տեսիեի գլխավորությամբ: Ֆրանսիացի բարեկամների այցի շրջանակներում Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը։

Արտաքին կապերի ընդլայնման համատեքստում գոհունակությամբ ուզում եմ տեղեկացնել նաև, որ երկու օր առաջ խորհրդարանի նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակի հիմնադիր ժողովը, ընդունվել է հռչակագիր, և շրջանակի ղեկավար է ընտրվել Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Երեկ էլ ընդունել ենք Ավստրալիայի պատգամավորներից կազմված պատվիրակությանը: Շնորհավորելով շրջանակի անդամներին՝ բոլորիս անունից մաղթում եմ արդյունավետ և մեր երկրի համար արգասաբեր գործունեություն:

Հարգելի գործընկերներ, այսպիսին է նախընթաց ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը:

Մեկնարկող նստաշրջանը 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին ամբողջական նստաշրջանն է լինելու, որի ընթացքում պետք է ձգտենք ավարտին հասցնել երկրի օրենսդրությունը մայր օրենքին համապատասխանեցնելու գործընթացը, ուստի ունենալու ենք օրենսդրական նախաձեռնություններով հագեցած գործունեություն: Նախորդ շաբաթների ընթացքում մասնագիտական հանձնաժողովներում կազմակերպված նախնական քննարկումների հիմքով էլ ձևավորվել է այսօրվա նիստի օրակարգը:

Բոլորիս մաղթելով արդյունավետ աշխատանքներ՝ ինձ վերապահված լիազորությամբ՝ 6-րդ գումարման Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանը հայտարարում եմ բացված:

Օրհներգ

Հարգելի գործընկերներ, այժմ պիտի խնդրեմ գրանցվել նիստի աշխատանքները սկսելու համար. Գրանցում: Լիագումար նիստին ներկա են` 32 պատգամավորներ, բացակա՝ 1 պատգամավոր: Բացակայում է պարոն Բալայանը: Նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, և այժմ անցնում ենք նստաշրջանի և նիստի օրակարգերի քննարկմանը:

Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքով նախատեսված ընթացակարգով` այսօր 10-րդ նստաշրջանի առաջին նիստում ձեր քննարկմանն ենք ներկայացնում նոր նստաշրջանի օրակարգը:  Այս օրակարգը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում մենք ներառել ենք հարցեր, որոնք նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է նախորդ նստաշրջանի օրակարգում լինելու պայմանով և այն մեկն է` մտքի, խղճի,  դավանանքի, ազատության և կրոնական  կազմակերպությունների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, այսինքն` փաթեթը: Սա առաջին մասն է: Երկրորդ մասում այն նախագծերն են, որոնք ընդգրկվում են նստաշրջանի օրակարգում գլխադասային հանձնաժողովի կողմից ստացված դրական եզրակացության պայմաններում: Մենք ունենք այս բաժնում երեք հարց` Հանրագրերի մասին նախագիծն է կից փաթեթով Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է և Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է: Այսպիսինն է մեր նստաշրջանի առայժմ, սկզբնական օրակարգը: Եթե կան հարցեր, խնդրեմ: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին: Քվեարկություն: Կողմ` 32, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Նստաշրջանի օրակարգը հաստատված է:

Քննարկմանն է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգի մասին: Ինչպես քիչ առաջ նշեցինք մեր նստաշրջանի օրակարգում ներառված հարցերը շատ հանգիստ կարող ենք ընդգրկել նաև հերթական նիստի օրակարգում: Այս հարցերը երեքն են, քիչ առաջ մեր հաստատված հարցերի ցանկից են` Հանրագրերի մասին նախագիծն է կից փաթեթով: Երկար է, երևի նախագիծը ներկայացնելու դեպքում դրանք կներկայացվեն ցանկով և հաջորդ երկու հարցերը` Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է և Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին հարցերն են: Այսօր մենք ունենք Արցախի Հանրապետության նախագահի և Կառավարության անդամների հարցուպատասխան և պատգամավորական հայտարարություններ, ինչպես նախատեսված է Կանոնակարգով: Այսքանը` որպես այսօրվա նիստի օրակարգ, եթե հարցեր կան, խնդրեմ: Հարցեր չկան: Շնորհակալություն, քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգի մասին: Քվեարկություն: Կողմ` 32, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Այսօրվա նիստի օրակարգը նույնպես հաստատված է: Նախքան նիստի օրակարգին անցնելը, ուզում եմ շնորհավորենք միասին, այսօր Ազգային ժողովի պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի ծննդյան օրն է, շնորհավորենք և մաղթենք հաջողություններ: Մեր աշխատակազմի երեք ներկայացուցիչների ծննդյան օր էլ է, լավ հագեցած օր է, շնորհավորում ենք, և անցնում ենք օրակարգային հարցերի քննարկմանը: Առաջին օրենսդրական նախագիծը` Հանրագրերի մասին» օրենքի նախագիծն է փաթեթով, և այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

 

 Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում` 1-ին ընթերցմամբ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ», «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Հանրագրեր ներկայացնելու իրավունքը` որպես քաղաքական իրավունք, կարևորագույն նշանակություն ունի անհատական և հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006թ. Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված էր, որ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց դիմումներ, առաջարկություններ և հանրագրեր ներկայացնելու, բայց օրենսդրորեն մեխանիզմներ սահմանված չէին: 2017 թվականի փետրվարի 20-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում ընդունված` Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրվեց հանրագիր ներկայացնելու իրավունքը, որը նպատակ ունի հնարավորինս օգտագործել քաղաքացիական հասարակության ներուժը, ապահովել պետական իշխանության և հանրության ներկայացուցիչների միջև կայուն հաղորդակցությունը: Հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հանրագրերի ինստիտուտի ներդրումը՝ անհրաժեշտ է ընդունել առանձին օրենք, որը համակողմանիորեն կկարգավորի հանրագրերի ներկայացման և հետագա ընթացքի հետ կապված հարաբերությունները:

Առաջարկվող կարգավորումների բնույթը.

 Արցախի Հանրապետության Սահմանադրության 53-րդ հոդվածով ամրագրված հանրագիր ներկայացնելու իրավունքն ամբողջ ծավալով իրացնելու նպատակով  մշակվել է Հանրագրերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով, մասնավորապես, առաջարկվում են հետևյալ կարգավորումները.հանրագիրն Արցախի Հանրապետության Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական և հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն է, հանրագրերը կարող են ներկայացվել գրավոր կամ բանավոր եղանակով: Գրավոր հանրագրերը կարող են ներկայացվել թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային եղանակով: Բանավոր հանրագրերը ներկայացվում են անհատական ընդունելության ընթացքում, հանրագրերը կարող են լինել անհատական և կոլեկտիվ: Անհատական հանրագիրը ներկայացվում է մեկ ֆիզիկական կամ մեկ իրավաբանական անձի կողմից: Կոլեկտիվ հանրագիրը ներկայացվում է երկու և ավելի անձանց կողմից միևնույն հարցով, կրկնակի է համարվում այն հանրագիրը, որը ներկայացվել է միևնույն անձի կողմից միևնույն հարցով և հիմնավորմամբ միևնույն մարմնին կամ պաշտոնատար անձին և որի վերաբերյալ` Հանրագրերի մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել, օրենսդրական ամրագրում է տրվում հրապարակային հանրագրերին՝ նախատեսելով վերջինս ներկայացնելու և քննարկելու առանձնահատկությունները: Մասնավորապես, հրապարակային հանրագիրը ներկայացվում է էլեկտրոնային միասնական հարթակում` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանած ձևաթուղթը լրացնելու միջոցով, հանրագիր ներկայացնող անձի պահանջը չի կարող վերաբերել այնպիսի միջոցառումների, որոնք ուղղված կլինեն Արցախի  Հանրապետության ինքնիշխանության դեմ կամ սահմանադրական կարգի բռնի տապալմանը կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն կամ այլ խտրական վերաբերմունք հարուցելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների խախտմանը կամ մարդու արժանապատվության նսեմացմանը, նախագծով սահմանվում են հանրագիր ներկայացրած անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավունքները և պարտականությունները, hանրագիր ներկայացրած անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնել հանրագիրը կամ հրաժարվել կոլեկտիվ հանրագրից: Սակայն իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը իրավունք ունի շարունակել դրա քննարկումը, եթե հանրագրի առարկան հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից ունի էական նշանակություն, հանրագրերը ենթակա են պարտադիր գրանցման: Անանուն հանրագիրը, ինչպես նաև այն հանրագիրը, որում նշված չէ հետադարձ կապի վերաբերյալ որևէ տեղեկություն, ենթակա չէ գրանցման և քննարկման, հանրագիրը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով, նախատեսվում է հանրագիրը վերահասցեագրելու և հանրագրի քննարկումը մերժելու իրավական հիմքեր, նախատեսվում է նաև հանրագիրը հետ վերադարձնելու հնարավորություն, եթե չեն պահպանվել հանրագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, հանրագիրը ենթակա է քննարկման` հանրագիրը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում, ընդ որումանհրաժեշտության դեպքում քննարկման ժամկետը իրավասու պաշտոնատար անձի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով, հանրագրի քննարկումը մերժելու հիմքերի առկայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հանրագիրը ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում հանրագրի քննարկումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին` հանրագիրը, կից փաստաթղթերը և որոշումն ուղարկելով հանրագիրը ներկայացրած անձին, հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ու պաշտոնատար անձի գործողությունը (անգործությունը) ենթակա են բողոքարկման վարչական կամ դատական կարգով, նախատեսվում է անհատական ընդունելության հնարավորություն, որը հնարավորություն է տալիս ավելի արագ արձագանքել առաջադրված հարցերին և խնդիրներին: Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով, նախագծով կարգավորվել են նաև Արցախի Հանրապետության Նախագահին հանրագրեր ներկայացնելու հետ կապված առանձնահատկությունները, նախագծով սահմանվել է, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված հանրագրերի քննարկումն իրականացվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված առաջարկություններն այսուհետ կարգավորվելու են «Հանրագրերի մասին» Արցախի Հանրապետության օրենքով` առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2009թ. հոկտեմբերի 28-ի ընդունված օրենքը:

Հանրագրերի ինստիտուտի ներդրումն Արցախի Հանրապետությունում ապահովելու նպատակով՝ համապատասխան փոփոխություններ են իրականացվել նաև «Հյուպատոսական ծառայության մասին» «Տեղական ինքնակառավարման մասին», «Հանրային ծառայության մասին» «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում և «Դիվանագիտական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքներում:

Ակնկալվող արդյունքները. «Հանրագրերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի ընդունմամբ անհրաժեշտ իրավական կառուցակարգեր կստեղծվեն Արցախի Հանրապետության Սահմանադրության 53-րդ հոդվածով նախատեսված` հանրագիր ներկայացնելու իրավունքի գործնական իրացումն ապահովելու համար:

Մասնավորապես, նախագծով ակնկալվում են հետևյալ արդյունքները. որպես լրացուցիչ իրավական երաշխիք` հանրագրերի ինստիտուտի ամրագրումը կխթանի ժողովրդավարության ամրապնդմանը, ժողովրդաիշխանության առավել ամբողջական իրացմանը, կապահովվի հասարակության մասնակցությունը պետական և տեղական ինքնակառավարման գործընթացին, հնարավոր կդառնա վեր հանել հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտներին վերաբերող խնդիրներ, կապահովվի հասարակության պահանջմունքների բացահայտումը և դրանց համապատասխան իրավակարգավորումը, կամրապնդվի պետության հետ փոխհարաբերություններում հաղորդակցությունը և համագործակցությունը, կապահովվի հասարակական վերահսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ, կբարձրանա հանրային իշխանության սուբյեկտների պատասխանատվությունը հասարակության առջև:

Օրենքը ընդունելու դեպքում այն պետք է հրապարակվի, և 17-րդ օրը այն կմտնի ուժի մեջ, բայց օրինագծի որոշ հոդվածներ անցումային դրույթներով նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնեն 2020թ. հունվարի 1-ին: Դա վերաբերում է էլեկտրոնային հարթակում այդ ամրագրումները կներկայացվեն բոլոր գործընթացները:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Հարցեր կա՞ն պարոն Դանիելյանին, խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, Էրիկ Հարությունյան:

Էրիկ Հարությունյան – Պարոն նախարար, Հանրագրերի մասին օրենքը ընդունելով ուժը կորցնում է քաղաքացիների առաջարկությունները դիմումները, բողոքները քննարկելու կարգի մասին օրենքը: Հանրագրերը զուտ առաջարկություններ են լինելու հասարակության կողմից: Կմշակվի՞ ուրիշ օրենք կամ թեկուզ կարգ` քաղաքացիների դիմումների ընդունելությունների համար:

Արարատ Դանիելյան – Ուրեմն, մենք ունենք Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին օրենքը, որը ընդունվել է 2015թ. և այդ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել այդ նշված օրենքի քաղաքացիների դիմումները, առաջարկությունները, բողոքները: Այդ դիմումների և բողոքների մասով ուժը կորցրած է ճանաչվել: Այդ օրենքը գործում էր միայն առաջարկությունների մասին: Բայց այս օրենքը ընդունելով` լրիվությամբ կարգավորվում են այդ հարցերը: Այս օրենքում կա հոդված, որի համաձայն,  եթե հարցը պետք է ընթանա որպես սովորական առաջարկություն կամ դիմումի տեսքով, ապա Վարչարարության հիմունքների և Վարչական վարույթի մասին մեր կողմից ընդունած գործող օրենքով կկարգավորվի, բայց լրացուցիչ օրենք` ոչ:

Աշոտ Ղուլյան –  Լրացուցիչ հարցեր կա՞ն: Ոչ: Շնորհակալություն: Հարցերի մասով մենք ունեցանք քննարկում: Պարոն Դանիելյան, Դուք կարող եք նստել: Այժմ մենք լսելու ենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, և ես հրավիրում եմ խորհրդարանի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ` Հովիկ Ջիվանյանին, խնդրեմ, պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան – Հարգելի գործընկերներ,  Հանրագրերի մասին օրենքի նախագիծը ներկայացվեց արդարադատության նախարարի կողմից: Այս օրենքի նախագծին ուղեկցվում է նաև մի մեծ փաթեթ, կարծում եմ` ավելորդ  է օրենքների նախագծերի անունները թվարկելը: Ասեմ, որ օրենքը ինքը բավականին պարզ է և կառուցվածքով, և բովանդակությամբ: Նախարարը մանրամասն ներկայացրեց: Օրենքի նախագիծը և իրա ուղեկցող օրենքի նախագծերը նույնպես քննարկվել են պետա-իրավական հանձնաժողովում, որպես գլխադասային հանձնաժողով, մենք տվել ենք մեր դրական եզրակացությունը և առաջարկել ենք Ազգային ժողովի լիագումար նիստին դնել քննարկման: Առաջարկում եմ օրենքների նախագծերի փաթեթը ընդունել 1-ին ընթերցմամբ: Այսքանը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Մենք ունենք հիմա մտքերի փոխանակության հնարավորություն, եթե կա այդպիսի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Չկա մտքերի փոխանակության ցանկություն: Մենք կարող ենք եզրափակիչ ելույթն էլ լսել, բայց, քանի որ հարցերին տրվեցին պատասխաններ և չեղան մտքերի փոխանակություն: Պարոն Դանիելյան, եզրափակիչ ելո՞ւյթ, չկա, պարոն Ջիվանյան, չկա: Շատ լավ, հավանաբար այն ինչ նշվել է դա բավարար է, որպեսզի մենք անցնենք քվեարկությանը, որովհետև այն ժամանակ մենք նորից ենք անդրադառնալու այս նախագծին, որը շատ կարևոր է, և մեր նոր Սահմանադրության հնարավորությունն է, նոր հնարավորություններից է մարդու իրավունքները նաև բավարարելու համար:

Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Հանրագրերի մասին,  Հյուպատոսական ծառայության մասին օրենքում լրացում կատարելու մասին, Տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Դիվանագիտական ծառայության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքներն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին: Քվեարկություն: Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Որոշումն ընդունված է և, երևի այս պահից սկսում է այս պահից 2-րդ ընթերցման նախապատրաստելու այդ ռեժիմը: Շնորհակալություն: Հաջորդ մեր օրակարգային հարցը` Փաստաբանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է, այն նորից ներկայացնելու համար հրավիրենք արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանին:

 Արարատ Դանիելյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Փաստաբանության մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Փոփոխությունները հիմնականում պայմանավորված են նոր Սահմանադրության ընդունմամբ և նախագծով առաջարկվում է օրենքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն բառերը փոխարինել Արցախի Հանրապետության Սահմանադրություն բառերով, պետական կառավարման մարմինների անունները համապատասխանացնել Սահմանադրությանը և Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված անվանումների:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, եթե հարցեր կան պարոն Դանիելյանին, խնդրում եմ գրանցվել: Էրիկ Հարությունյան, ուրի՞շ: Ուրիշ չկա: Խնդրեմ, Էրիկ Հարությունյան:

 

Էրիկ Հարությունյան - Պարոն Նախարար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախ անվանումները ինչ-որ ձևի կարո՞ղ է ուրիշ հանրապետություններում, ասենք միջազգային պայմանագրերում, տարբեր բնորոշում ունենան` թե երկուսն էլ նույն հավասար ուժը ունենան: Միջազգային պայմանագրերի մասով:

Արարատ Դանիելյան – Մեր Սահմանադրության 1-ին հոդվածի 2-րդ մասը հենց ամրագրում է, որ Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են: Եթե 2006թ. Սահմանադրությամբ 1-ինը նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մենք նաև չպետք է մոռանանք, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և երկու անուններն էլ նույնական անուններ են, բայց աշխարհում, նման տարբեր դեպքեր կան, երբ պետությունը, նույն Մեծ Բրիտանիան ունի երեք-չորս անուն, նույնը նաև Ֆինլանդիան, բայց կոնկրետ մերի մասով մենք խնդիր չունենք, մենք կիրառում ենք երկուսն էլ, բայց վերջերս ընդունած Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքը, այդ օրենքով բոլոր այդ բոլոր հարցերը լրիվությամբ կարգավորվել է: Երբ հիշատակվում են օրենքները, տարբեր իրավական փաստաթղթերը այդ օրենքը տալիս է այդ կարգավորումները:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Մենք հարցերի համար գրանցում ունեինք, մեկ հարց հնչեց և տրվեց պատասխան, շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք հիմա լսում, և նորից հրավիրում ենք պարոն Ջիվանյանին:

Հովիկ Ջիվանյան – Փաստաբանության մասին ԼՂՀ օրենքի նախագիծը, ինչպես տեսանք, կրում է զուտ ձևական բնույթ` խմբագրական բնույթ, առաջարկվել է խմբագրական փոփոխություններ: Քննարկվել է այստեղ բովանդակային քննարկում: Մենք տվել ենք մեր դրական եզրակացությունը, և հիմա այն առաջարկում ենք ընդունել այն որպես օրենք, այսքանը:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք պարոն Ջիվանյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան պարոն Ջիվանյանին: Շնորհակալություն: Մտքերի փոխանակության համար, եթե կա’ ցանկություն, չկա: Մենք անցնում ենք քվեարկության, և ես խնդրում եմ ուշադիր լինել: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Փաստաբանության մասին ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 30, դեմ` չկա, ձեռնպահ` 1 ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվում է:

         Հաջորդ օրակարգային հարցը` Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է: Այն Ազգային ժողովին է ներկայացնում աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը, խնդրեմ:

Սամվել Ավանեսյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգարժան Ազգային ժողովի պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է` օրենքի 55-րդ հոդվածում կատարել լրացում` մասնավորապես սահմանել, որ հավելու տրվում է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին: Առաջին խմբի համար, աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար, սահմանված հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, երկրորդ խմբի համար` աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով: Օրինագիծը ընդունելու դեպքում հավելումները կվերաբերեն 255 թոշակառուի, որոնք ունեն հաշմանդամություն` 1-ին և 2-րդ խմբի:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Եթե կան հարցեր պարոն Ավանեսյանին, խնդրում եմ գրանցվել: Ալյոշա Գաբրիելյան, Էրիկ Հարությունյան: Խնդրեմ` Ալյոշա Գաբրիելյան:

Ալյոշա Գաբրիելյան – Հարց է առաջանում պարոն Ավանեսյան, բա 3-րդ կարգի հաշմանդամների թոշակը չի բարձրացվում:

Սամվել Ավանեսյան – Ոչ, նախագծով առաջարկվում է բարձրացնել միայն 1-ին, 2-րդ կարգի հաշմանդամներին, հաշվի առնելով, որ 3-րդ կարգի հաշմանդամները նաև աշխատանքային սահմանափակման առումով ի վիճակի են աշխատելու` համապատասխանեցնելու դեպքում աշխատատեղը և այլ ինչ-որ մոտեցումներ ունենալու դեպքում:

Աշոտ Ղուլյան –  Բավարարվա՞ծ եք, պարոն Գաբրիելյան, շնորհակալություն, Էրիկ Հարությունյան:

Էրիկ Հարությունյան – Պարոն Ավանեսյան, այդ 15-րդ հոդվածի 6-րդ կետը այդ օրենքը ունենալու է հետընթաց ուժ, այսինքն, գործելո՞ւ է հունվարի մեկից, թե` գործելու է հաջորդ ամսից:

Սամվել Ավանեսյան – Անպայման գործելու է հունվարի մեկից, կատարվելու է հետհաշվարկ և տրամադրվելու է: Եթե հաշվարկը կատարվելու է դեկտեմբեր ամսում, ուրեմն կտրամադրվի 10 ամսվա հավելումը:

Աշոտ ՂուլյանԲավարարվա՞ծ եք, պարոն Հարությունյան, շնորհակալություն, շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Գլխադասային եզրակացության համար հրավիրվում է  Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Արարատ Օհանջանյանին:

Արարատ Օհանջանյան – Հարգելի գործընկերներ, Պետական կենսաթոշակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկվել է մեր հանձնաժողովում` առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: Միանշանակ տրվել է դրական եզրակացություն: Այն ներկայացվել է Ազգային ժողովի լիագումար նիստին` այն ընդունելու որպես օրենք:

Աշոտ Ղուլյան –  Եթե կան հարցեր գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Օհանջանյան: Ելույթներ, մտքերի փոխանակություն, նույնպես չկա: Հարգելի գործընկերներ, քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը` Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ` 31, դեմ` չկա, ձեռնպահ` նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն:

Մենք այսքանով սպառում ենք օրակարգի օրենսդրական հարցերի բաժինը, և մենք երկու տարբերակ կարող ենք հիմա առաջարկել` մեկը, քանի որ ժամանակ ունենք հայտարարությունների համար` հիմա բացենք օրակարգը կամ թողենք հարցուպատասխանից հետո, ինչպես սովորաբար լինում է մեր օրակարգում` հերթականությունը: Շարունակո՞ւմ ենք, այս դեպքում  մենք բացում ենք հայտարարությունների օրակարգային հարցը: Հայտարարությունների համար, խնդրում եմ գրանցվել Ռոմելա Դադայան, Ռիտա Մնացականյան, Հայկ Խանումյան: Ուրի՞շ, չկա: Շնորհակալություն: Պատգամավորական հայտարարությունների համար հրավիրվում է պատգամավոր Ռոմելա Դադայանը, խնդրեմ:

 

Ռոմելա Դադայան - Հարգելի' գործընկերներ, ուզում եմ հիշեցնել մեծ մտածող Կոնֆուցիոսի նշանավոր տողերը. «Եթե ձեր ծրագրերը 1 տարվա համար են, ցորեն ցանեք, եթե 10 տարվա համար են, ծառ տնկեք, իսկ եթե 100 տարվա համար են, կրթեք երեխաներին»:

Հեռատես մարդու մտքեր են: Թեկուզ ամեն անգամ փորձում եմ մեջբերումներով  բոլորիս ուշադրությունը սևեռել դեպի դպրոցն ու կրթական համակարգը, սակայն նույն ջուրն է, նույն ջրաղացը: Ցավոք, մեր կրթական համակարգի երախտավորներին թվում է, թե այնտեղ`վերևներում, իրենց չեն հիշում, ու պրոբլեմներից խոսող չկա: Փառք Աստծո, անտեղյակ չենք

Վերջին անգամ` օգոստոսին, համակարգի ղեկավարների հետ կրթական հանձնաժողովում հանդիպման ժամանակ ուսուցիչներին մտահոգող բոլոր հարցերը շոշափվեցին ու առաջարկություններ կատարվեցին, որոնք կնպաստեին կրթության որակի բարձրացմանըուսուցչի ծանրաբեռնվածության թեթևացմանը, անգամ սեպտեմբերի 1-ից աշխատավարձի աննշան բարձրացումը քննարկվեց, որը թեկուզ չնչին, բայց ոգևորել էր ուսուցչին. գոնե այս անգամ հիշվեցին. դա առավել կարևոր էր նրանց համար: Հիասթափություն ապրեցինք բոլորս, երբ իմացանք, որ աշխատավարձի  անգամ աննշան բարձրացումը հունվարից կկատարվի, իսկ Հայաստանի Հանրապետությունում` սեպտեմբերիցԵրբ  առաջարկություններից ու փոփոխություններից ենք խոսում, միասնական դաշտն ենք նշումիսկ աշխատավարձերի բարձրացման դեպքում, ստացվում է, կարող ենք ինքնուրույնության դիմել: Լավ չէ երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող մարդուն հիասթափեցնել:

         Մարդ, ով հիմնական աշխատաժամանակից բացի, տանն էլ պարտավոր է նախապատրաստվել հաջորդ օրվա դասաժամերին, տնային աշխատանքներն ու օրվա գնահատականները էլեկտրոնային տարբերակով ուղարկել ծնողներին: Այսքանից հետո համակարգի ղեկավար աշխատողների քամահրանքն ու քննադատությունը կուլ տալ: Իհարկե, խոսքս բոլորին չի վերաբերում: Ծառից ծառատակ հեշտ է երևում:

Իր գործին լավատեղյակ ու բանիմաց ուսուցիչը համոզված է, որ կրթությունն ինքնին կյանք է և երկրի գլխավոր պաշտոնյան ուսուցիչն է: Գաղտնիք չէ, որ կրթության համակարգում առանցքային դերակատարում մշտապես ունեցել է և ունի ուսուցիչը, համաժողովրդական սերն ու հարգանքը պիտի վայելի ուսուցիչը: Նա է դպրոցի հենասյունը: Ուսուցիչը պարտավոր է որակյալ կրթություն մատուցել, իսկ պետությունը`պատշաճ ուշադրության և հոգածության ներքո պահել ուսուցչին` որպես այն կարևորագույն մասնագետի, որը ստեղծում, ամրապնդում, ամրացնում է պետության հիմքը և ձևավորում քաղաքացիներ, ովքեր պատրաստ լինեն պայքարելու նոր մարտահրավերների դեմ և ունենալու ձեռքբերումներ ու հաղթանակներ`ի նպաստ երկրի

Հարգելի գործընկերներ, նրանց աչքերը համամիտ են արտահայտածս մտքին  կոչ կանեի կանգնել  ուսուցչի կողքին, մեր դեմքն ուղղենք դեպի կրթությունն ու այն իրականացնողը, որպես հանրային արժեք` բարձրացնենք ուսուցչի վարկանիշը, որ դարերով ենք արել առանց որևէ պետական փաստաթղթի կամ օրենքի նախագծի:

Շուտով հոկտեմբերի 5-ն է` ուսուցչի մասնագիտական տոնը: Պահն օգտագործելով` ուզում եմ իմ ձայնը միացնել շնորհավորանքի բոլոր մաղթանքներին ու ասել.

Շնորհավոր տոնդ, ուսուցիչ, ձեր իմաստությամբ, համբերությամբ ու սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու լավի խորհուրդը: Մաղթում ենք Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում:

                                                                                                                         

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, տիկին Դադայան, բոլորս միանում ենք շնորհավորանքներին, բայց խնդրում ենք բոլորին տեղավորվել երեք րոպեի մեջ, մենք ստիպված կլինենք այդ լավ խոսքերից կրճատել: Շնորհակալություն: Հաջորդ հայտարարության համար հրավիրվում է տիկին Ռիտա Մնացականյանը:

 

Ռիտա Մնացականյան –  Հարգարժան նախագահ, Ազգային ժողովի հարգելի ներկաներ:

Սեպտեմբերի 8-ին Արցախում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում 228 համայնքներից միայն 6-ում է ընտրվել կին ղեկավար, իսկ ավագանու 1139 անդամներից կին է՝ ընդամենը 128-ը: Մտահոգիչ հանգամանք

Արցախի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածը հռչակում է՝ «Կանայք և տղամարդիկ հավասար են»: Սա նշանակում է կանանց և տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ և դրա իրականացման համար հավասար հնարավորություններ: Ուզում եմ հիշեցնել նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովումը կարևոր նախապայման է ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն կառուցելու համար:

ՏԻՄ ընտրությունների արդյունքում խախտվել է այդ իրավահավասարության սկզբունքը, այդ մարմինների կազմում կանանց և տղամարդկանց ներկայացվածության համամասնությունը: Արդյունքում՝ շարունակում ենք ունենալ խնդիր՝ կանանց ոչ բավարար մասնակցությունը համայնքների սոցիալ-տնտեսական, մշակութային զարգացման գործընթացին:

Ցանկացած խնդիր լուծում է պահանջում, ինչքան շուտ, այնքան լավ:

Կա՞, արդյոք, կնոջ նկատմամբ խտրականություն մեր ազգային մտածողության և հոգեբանության մեջ: Ընդունենք, այն ամբողջովին արմատախիլ արված չէ, և այն  նկատելի ազդեցություն ունի ընտրությունների վրա:

Ընտրովի մարմիններում կանանց  հավասար մասնակցությունը երաշխավորող մեխանիզմների ապահովման հարց ունենք այսօր:

Տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածության ապահովման միջոցների  օրենսդրական կարգավորման խնդիր ունենք: Սա թերևս ամենամեծ խնդիրն է, քանզի՝ օրենքով սահմանված հարաբերակցությամբ սեռերի հավասարակշռված ներկայացվածություն ապահովող քվոտաների կիրառումը մեր հասարակության մեջ առկա կարծրատիպերի պայմաններում կծնի նոր խնդիրներ:

Այս բոլոր խնդիրների լուծումը մեր բոլորի մտահոգության առարկան պիտի լինի՝ անկախ քաղաքական հայացքներից: Պետք է ստեղծել պայմաններ` կնոջ հնարավորությունների լիակատար դրսևորման համար, քանզի կնոջ և տղամարդու՝ բնությունից եկած առանձնահատկությունները և տարբերությունները լրացնում են մեկը մյուսին՝ գրավական հանդիսանալով ներդաշնակ հասարակություն ստեղծելու համար:

Ու եթե որևէ մեկի մոտ թերահավատություն կա կնոջ հնարավորությունների նկատմամբ, ուզում եմ հիշեցնել այսօր մեր երկրում կնոջ ուսերին է ամենադժվար, ամենապատասխանատու գործը՝ մատաղ սերնդի դաստիարակությունը: Մտածենք միասին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, տիկին Մնացականյան: Պատգամավորական հայտարարության համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը:

Հայկ Խանումյան Հարգելի ներկաներ, ժամանակին մենք ստեղծել ենք բիզնեսը խթանելու տարբեր մեխանիզմներ, որոնցից ամենահայտնիները Արցախի ներդրումային հիմնադրամն է և գյուղի ու գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը: Ուսումնասիրելով այս հիմնադրամների բարդ փաստաթղթերը, ինչպես նաև որոշակի հարցումներ ուղարկելով և պատասխաններ ստանալով` գալիս ենք այն եզրակացության, որ գործարարության խթանման ծրագրերը առավելապես աշխատել են իշխանական կուսակցության ուժեղացման և բազմաթիվ պաշտոնյանների հարստացման համար: Մեխանիզմը շատ պարզ է: Որևէ շրջանում, բազմաթիվ գործ սկսողների ֆինանսավորելու կամ վարկերը սուբսիդավորելու փոխարեն, մեծ չափով ֆինանսական աջակցություն են ստանում հովանավորվող անձինք, խիստ մրցակցային ոլորտներում գործունեություն ծավալելու համար: Միաժամանակ նրանք կարծում են այդ տարածքի լավ տղա, սկսում են օրինակ ու ապօրինի բոլոր միջոցներով աշխատել իրենց վարկավորած պաշտոնյայի ու նրա կուսակցության օգտին: Ակնհայտ է, որ տնտեսության մեջ հովանավորվող դերակատարների ստեղծումը միայն մեկ նպատակ ունի` տնտեսապես ուժեղացնել տարածքի ձայն բերողներին: Եվս մեկ գերշահութաբեր ոլորտ, որտեղ ներդրումների խնդիր չկա, քանզի հայաստանյան ու արտասահմանյան կապիտալը մեծապես ներգրաված,սակայն այս ոլորտում ևս պետական աջակցությամբ ստեղծված հիմնադրամների միջոցով վարկավորում է իրականացվում` խոսքը ՀԷԿ-երի շինարարության մասին է: Արցախի հիմնադրամի միջոցով ֆինանսավորվել է 2 միլիարդ 250 միլիոն դրամի 7 փոխառություն  ևս երկու վարկ սուբսիդավորել է հիմնադրամը` վճարվել է ընդհանուր 460 միլիոն դրամի տոկոս: Ես չեմ խոսում տարբեր կասկածելի գրավով այդ բիզնեսների անվան տակ ներգրավված միջոցների մասին, որոնք նույնպես ուղղվել են այս ոլորտին: Դրա համար էլ ՀԷԿ-երի ոլորտում, տասնյակ միլիոնավոր դոլարի ներդրումներ են անում նախկին ու գործող շրջանների ղեկավարները, նախարարները, նախագահի խորհրդականները և նրանց հարազատները: Մարդկանց ևս մի առանձին խումբ, որը սովորաբար ընտրությունների ժամանակ օգտագործում է վարչական ռեսուրսը իշխանության վերարտադրության համար: Ինչո՞ւ հիմնադրամները չեն դարձել միջին խավ ստեղծելու գործիքներ, որովհետև ինքնաբավ, տնտեսապես անկախ մարդիկ, այսինքն, միջին խավը լրջագույն սպառնալիք է եղել այս տիպի իշխանության համար, այս որակի իշխանության համար: Դրա համար, երբ որ ուսումնասիրենք տարբեր տնտեսական ցուցանիշներ կհասկանանք թե ինչո՞ւ տնտեսական աճ կա, ինչը չի բերում տնտեսական զարգացման: Շնորհակալություն:

 

Աշոտ ՂուլյանԱյսքանով ավարատում ենք նաև պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցը, քանի որ մենք ունենք հարցուպատասխան Կառավարության հետ, և այն նախատեսված է Կանոնակարգով 13.00-ին: Այժմ հայտարարվում է ընդմիջում մինչև 13.00-ն:

 

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆ

 

Աշոտ ՂուլյանՀարգելի գործընկերներ, Կառավարության հարգարժան անդամներ, շարունակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին նիստի` սեպտեմբերի 26-ի նիստի աշխատանքները, և այս պահին մենք ունենք Կառավարության հետ հարցուպատասխանի հարցը: Նախապես պլանավորված էր, որ Հանրապետության նախագահը պետք է լինի ներկա, բայց հանգամանքների բերումով նա Հանրապետությունում չէ, բայց Կառավարության անդամները ներկա են` պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ հարցեր տալու հետ կապված պատգամավորների իրավունքները նախատեսված են Ազգային ժողովի կանոնակարգ 53-րդ հոդվածով, որի համաձայն, հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին մեկական հարցեր տալու իրավունք ունեն պատգամավորները, պատասխանից հետո` հարցեր տվողը և զեկուցողը արձագանքելու իրավունք ունեն: Եթե հարցերի ընդհանուր տևողությունը սահմանված չէ, ապա հարցերի համար հատկացվում է երկուական րոպե, հարցերին պատասխանելու համար հատկացվում է երեքական րոպե, արձագանքելու համար հատկացվում է մեկական րոպե: Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին արտահերթ հարցեր տալու իրավունք ունի Ազգային ժողովի նախագահը կամ նիստը նախագահողը: Մնացած կետերը վերաբերում են, եթե նիստից բացակայում է պատգամավորը, ապա նա զրկվում է հարց տալուց: Կարծում եմ` այդպիսի դեպք մենք չենք ունենալու: Այժմ, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել հարցեր տալու համար, որից հետո արդեն կսկսենք պատասխաններ սպասել: Գագիկ Բաղունց, Էրիկ Հարությունյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Ղահրամանյան,  Ռոմելա Դադայան, Արպատ Ավանեսյան, Հայկ Խանումյան, Լյուդմիլա Բարսեղյան, Վիլեն Սաֆարյան, Ռիտա Մնացականյան, Արթուր Թովմասյան: Ես հիմա պիտի նորից կրկնեմ, որպեսզի հետո չլինեն տարակարծություններ: Հարցերի համար գրանցվել են պատգամավորներ` Գագիկ Բաղունցը, Էրիկ Հարությունյանը, Արմեն Սարգսյանը, Ռոբերտ Ղահրամանյանը,  Ռոմելա Դադայանը, Արպատ Ավանեսյանը, Հայկ Խանումյանը, Լյուդմիլա Բարսեղյանը, Վիլեն Սաֆարյանը, Ռիտա Մնացականյանը, Արթուր Թովմասյանը: Բոլորին գրանցե՞լ ենք, շատ լավ, ուրեմն հարցերը տալիս ենք ամբիոնից, պատասխանները նույնպես հնչեցնում ենք ամբիոնից: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Էրիկ Հարությունյանը:

Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, կարծում եմ մեր երկրի ապագայով մտահոգված յուրաքանչյուրս պարտավոր ենք օգտագործել ցանկացած հարթակ` բարձրացնելու և մեր մասնակցությունն ու լուման ունենալու կրթության որակի բարձրացման անչափ կարևոր հարցում: Վաղուց լուծում պահանջող` համապետական հարթություն տեղափոխված, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման առանցքային հիմնախնդիրը այդպես էլ ակնկալվող ժամկետներում չի ստանում պատշաճ լուծում: Կուզենայի դիմել անձամբ երկրի նախագահին, քանզի այս հարցի չլուծված լինելը արդեն իսկ սպառնում է մեր ազգային անվտանգությանը և այն հանգուցալուծման ենթակա չէ ոչ կրթության նախարարության և ոչ էլ զուտ մտավորականության կողմից: Ավելորդ եմ համարում կրկնել` բազմիցս հիմնավորած և բազմակողմանի արծարծված այն ակնհայտ միտքը, որ հնարավոր չէ ունենալ երկրի անվտանգությունը և զարգացումը ապահովող տեխնիկապես գրագետ սպա, բարձր որակավորում ունեցող ինժեներ և գյուղատնտես` առանց մեծատառով ուսուցչի, ում գոյատևման գրեթե բոլոր հիմքերը արմատախիլ են արվել վերջին տասնամյակում: Նույն ժամանակահատվածում, մի քանի տասնյակ տոկոս գնաճի ֆոնի վրա, մի քանի տասնյակ միլիարդով համալրված պետական բյուջեն, համոզված ենք հնարավորություն է ընձեռում կատարել ծայրահեղ պահանջված և ամենայն խորությամբ գիտակցված ու հաշվարկված այս քայլը, որը ուսուցիչների համար արժանապատիվ պայմանների ապահովման գործընթացի սկիզբ կդառնա: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն: Քանի որ հարցը վերաբերում է վարձատրությանը` կպատասխանեմ ես: Օրեր առաջ, Կառավարության կողմից հաստատվել է 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, և ուզում եմ ընդգծել այն հանգամանքը, որ ծրագրում նախատեսվել է, մասնավորապես կրթության ոլորտի` ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը, որի շրջանակներում 2020թ. հունվարի 1-ից հանրակրթական ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան 10 տոկոսով: Լրացուցիչ կարիք չկա ներկայացնել դա Կառավարությանը, դա Կառավարության ուշադրության կենտրոնում է մշտապես: Առնվազն, նույն ծավալով տեղ կգտնի 2020թ. պետական բյուջեի նախագծում:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Բաղունց: Գագիկ Բաղունց:

Գագիկ Բաղունց – Պարոն Մարտիրոսյան, Ձեր կողմից հիշատակված միջնաժամկետ ծախսերի 2020-2022թթ.. 2020,2021,2022 թվականերին նախատեսված աճը, 2019թ. նկատմամբ մնում է նույնը, այսինքն, այս աշխատավարձերի ավելացումը չի կրելու շարունակական բնույթ, այսինքն, դրանով սահմանափակվելու եք մոտակա տարիներին:

Գրիգորի Մարտիրոսյան - Այս պահի դրությամբ մենք հստակ կարող ենք ֆիքսել, որ 2020թ. կնախատեսվի այդ 10 տոկոսանոց բարձրացումը: Հետագա տարիներին, այս պահի դրությամբ մենք հստակ, դեռևս պլանավորած ծավալ չունենք: Կախված մակրոտնտեսական զարգացումներից` Կառավարությունը հնարավորությունների սահմաններում կքննարկի  այդ հարցերը մյուս տարիներին` պետական բյուջեների նախագծերի շրջանակներում:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցի համար, հրավիրվում է պատգամավոր Էրիկ Հարությունյանը, թող պատրաստվի պատգամավոր Արմեն Սարգսյանը:

Էրիկ Հարությունյան –  Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի ներկաներ: Հարցս վերաբերում է Բերձոր քաղաքում մշակույթի տուն ունենալուն: Ինչքանով տեղյակ եմ, շրջկենտրոններից միայն Բերձորում չկա մշակույթի օջախ: Իհարկե, ես հասկանում եմ, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ տարբեր ոլորտներում` կապված բնակֆոնդի հետ, որը ներկա դրությամբ առաջնայինն է, բայց մշակույթի տուն ունենալը ևս ոչ պակաս կարևոր է: Ես կուզենայի իմանալ, այս հարցի շուրջ կա՞ն քննարկումներ Կառավարությունում, նախատեսվո՞ւմ է ինչ-որ բան առաջիկայում, ոչ միայն պետական բյուջեի հաշվին, այլ նաև մասնավոր ներդրումներով:

Երկրորդ հարցս` Շուշի քաղաքի մարզադաշտի վերանորոգման վերաբերյալ է, որի արհեստական խոտածածկույթը քանդված է: Մարզադաշտը իր չափերով փոքր է, քան մայրաքաղաքի և մյուս շրջանների մարզադաշտերը, բայց այնտեղ են մարզվում շրջանի Քիրս ֆուտբոլային թիմը, մարզադպրոցի սաները, Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի աշակերտները և նաև երիտասարդները: Կնախատեսվի մարզադաշտի արհեստական խոտածածկը փոխել, ինչը իրենից մեծ ծախսեր չի պահանջում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը:

Կարեն Շահրամանյան –  Շնորհակալություն հարցի համար: Նշեմ, որ ոչ միայն Բերձորում` Քաշաթաղի շրջանում, այլ նաև Ասկերան քաղաքում չկա մշակույթի տուն, այսինքն` կա, բայց շատ անմխիթար վիճակում է: Ինչ վերաբերում է Բերձորի մշակույթի տանը, ասեմ, որ  դեռևս մի քանի տարի առաջ Բերձորի մշակույթի տան վերակառուցման հետ կապված, այնտեղ կա նախկին շենքը, շատ անմխիթար վիճակում, չի օգտագործվում, բայց դրա վրա մենք մշակել ենք նախագիծ` վերակառուցման այդ նախագիծը արդեն պատրաստ է, անցել է փորձաքննություն, և իմ կարծիքով`  հնարավորության սահմաններում դա կարելի է ընդգրկել պետական բյուջեի ծրագրերի շրջանակներում և իրականացնել աշխատանքները: Այս պահի դրությամբ մենք չունենք նախատեսված միջոցներ` մշակույթի տան վերանորոգման աշխատանքները իրականացման համար: Եթե չեմ սխալվում, խոսքը վերաբերում է մինչև 700 միլիոն դրամի մասին է խոսքը: Ինքը բավականին մեծ շենք է` բավականին մեծ դահլիճով` երկու հարկանի, որտեղ նախատեսվում է և մշակույթի, արվեստի այդ դպրոցները, և դահլիճը` տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար, անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում հնարավոր է իրականացնել:

Աշոտ Ղուլյան -  Արձագանքո՞ւմ եք:

Կարեն Շահրամանյան –  Շուշիի մարզադաշտի հետ կապված, Շուշիի ֆուտբոլի մարզադաշտը մինի ֆուտբոլի մարզադաշտ է, որը իրականացվել է բարեգործական ծրագրերով` Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից Հայաստանի Հանրապետության: Տարիների ընթացքում, այո, ուրեմն ենթարկվել է ամորտիզացիայի և ինչ-որ տեղ արդեն չի համապատասխանում, բայց այդ դաշտը, տարածքը հնարավորություն չի տալիս, որպեսզի ժամանակակից մարզադաշտի պարամետրերով ապահովել, այսինքն, եթե ուզում եք ունենալ նորմալ մարզադաշտ` 106 մետր իր պարամետրերով, երկարությամբ, դա պետք է կառուցել այլ տեղ: Այդ մարզադաշտը նախատեսված է միայն մինի ֆուտբոլի համար:

Աշոտ Ղուլյան -  Արձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան, խնդրեմ, Էրիկ Հարությունյան:

Էրիկ Հարությունյան – Պարոն Շահրամանյան, հարցս եղել է նրա մասին, որ խոտածածկը քանդված է, ես նկատի ունեմ խոտածածկույթը փոխելուն:

 

Կարեն Շահրամանյան –  Կքննարկենք այդ հարցը, խոտածածկը հավիտենական չէ, այն տարիների ընթացքում մաշում է և ենթակա է փոխարինման: Երևի, այդ ժամանակն անցել է և հնարավորության սահմաններում մենք կանդրադառնանք այդ հարցին:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցի համար հրավիրվում է Արմեն Սարգսյանը, թող պատրաստվի Ռոբերտ Ղահրամանյանը:

Արմեն Սարգսյան – Հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ: Բնական է, որ ամեն մի նախարարություն ունի իր ոլորտի զարգացման ծրագիրը և այդ ծրագրի իրականացման համար կարևոր է ծրագրից բխող ներդաշնակ, համահունչ, կոնկրետ ծրագրերի իրականացումը: Գիտենք` տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը և գյուղերի վիճակը: Կարևոր է` այս վիճակից դուրս գալու համար, արդյունաբերության, գյուղատնտեսության, հայրենադարձության, միասնական ծրագրերի իրականացումը գյուղերում: Հարցս հետևյալն է, Կառավարությունը ունի՞ յուրաքանչյուր գյուղի զարգացման համար կոնկրետ ծրագիր, եթե ոչ` պատրաստվում է այդ ծրագրերի կազմումը, թե ոչ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն: Օրենսդրությամբ նախատեսված է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մշակվող և հաստատվող համայնքի զարգացման քառամյա ծրագիրը: Յուրաքանչյուր համայնքի ավագանի այդպիսի ծրագիր հաստատում է: Կառավարությունը, բնական է, առանձին համայնքների գծով այդպիսի ծրագրեր չի քննարկում և չի հաստատում` կենտրոնանալով ոլորտային կամ առանձին դեպքերում տարածաշրջանային ծրագրերի վրա:  

Աշոտ Ղուլյան -  Արձագանքո՞ւմ եք, պարոն Սարգսյան: Արմեն Սարգսյան:

Արմեն Սարգսյան – Այսինքն, կոնկրետ ծրագրեր յուրաքանչյուր գյուղի համար, միասնական ծրագրեր չկա, այսպես հասկացա:

Գրիգորի Մարտիրոսյան – Ըստ առանձին համայնքների համար, այո, չկա, ես նշեցի, որ չկա:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանը, թող պատրաստվի Ռոմելա Դադայանը:

Ռոբերտ Ղահրամանյան – Կառավարության հարգելի անդամներ, երկու հարց ունեմ: Առաջին հարցս վերաբերում է Ասկերանի շրջանի Սխնաղ համայնքի բնակիչ Վարդան Հայրիյանի բնակարանային խնդրին: Վարդան Հայրիյանի բազմանդամ ընտանիքը` հինգ անչափահաս երեխաներով, բնակվում է վթարային տան: Հարցի կապակցությամբ գրավոր դիմել եմ քաղաքաշինության նախարարին` կից ներկայացնելով Վարդան Հայրիյանի խնդրանք-դիմումը, որտեղ նկարագրված է բնակարանի վթարային պայմանները, որը այս պահի դրությամբ գտնվում է փլուզման փուլում, որը իր հերթին իրենից ներկայացնում է ծանր հետևանքներ ընտանիքի անդամների համար: Նամակով դիմել եմ 2019թ. փետրվարին, սակայն, առայսօր այդ խնդիրը մնում է չլուծված: Խնդրում եմ պատասխանել, երբ է հնարավոր լուծել այս ընտանիքին սպասվող վտանգը վերացնելու հարցը:

Երկրորդ հարցս վերաբերում է Ավետարանոցի դպրոցի շենքի անմխիթար վիճակին, մասնավորապես, տանիքի, ջարդված պատուհանների և ջեռուցման ներքին ցանցի ոչ պիտանի լինելուն: Հարցին տեղյակ են և կրթության նախարարը, և քաղաքաշինության նախարարը, իսկ 2019թ. հուլիսին գրավոր դիմել ենք Հանրապետության պետական նախարարին` կից ներկայացնելով դպրոցի ուսուցիչների խնդրանք-դիմումը` նշված հարցի լուծման համար: Նշեմ, որ, տարիների ընթացքում, ձմռան ցրտաշունչ օրերին, հարկադրաբար դադարեցվում են դպրոցի դասընթացները: Սույն թվականի, տարվա երկրորդ կեսից, քանդվել է շենքի տանիքը` վերականգնման նպատակով, որը համոզված չեմ, որ մինչև տարվա վերջ ավարտին կհասցվի, բայց պատուհանների և ջեռուցման համակարգի վերանորոգման հարցը մնում է չլուծված: Խնդրում եմ ասեք, հնարավոր է այս տարի լուծում տալ այս խնդրին, թե էլի հարկադրաբար դպրոցում դադարեցվելու են դպրոցի դասընթացները ձմռան օրերին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան -  Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախարար, պարոն Կարեն Շահրամանյանը:

Կարեն Շահրամանյան –  Շնորհակալություն հարցի համար: Ես բազմիցս իմ ելույթներում նշել եմ, որ հինգ և ավելի երեխաների բազմազավակ ընտանիքիների բնակարանային պայմանների բարելավման ծրագիրը դեռևս համատարած չի սկսվել` հաշվի առնելով ֆինանսական միջոցների` մեծ միջոցների բացակայությունը: Ըստ Կառավարության որոշման, տվյալ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի ավարտը նախատեսվում է 2021թ. դեկտեմբեր ամիսը` մինչև այժմ ընդունած որոշումների մասին է խոսքը: Խոսքը վերաբերում է մոտավորապես արդեն 400 բազմազավակ ընտանիքներին, որոնք ունեն հինգ և ավելի երեխաներ: Այսօրվա դրությամբ մենք արդեն դիմել ենք շրջանի վարչակազմերին` գրավոր, որպեսզի ներկայացնեն բազմազավակ ընտանիքների ցանկը` ըստ առաջնահերթության, որովհետև մի տարում հնարավոր չէ իրականացնել այդքանը և ըստ ներկայացված ցանկի, մեր կողմից սկսվելու են տների տեղակայման աշխատանքները և անհրաժեշտ միջոցներ, հնարավորության սահմաններում, ինչքան որ հերիքի, նախատեսվելու է 2020թ. պետական բյուջեով, որպեսզի այդ աշխատանքները արդեն սկսենք և 2021թ. ինչպես նշեցի, հասցնենք արդեն ավարտին: Կոնկրետ, տվյալ ընտանիքի հետ կապված, մենք կդիմենք վարչակազմի ղեկավարին, հնարավորության սահմաններում` գյուղում այլ բնակարանում վարձակալության հիմունքներով տեղափոխվելու, մինչև այս հարցը լրիվությամբ մենք կարողանանք լուծել:

Աշոտ Ղուլյան -  Արձագանքո՞ւմ եք, Ռոբերտ Ղահրամանյան:

Ռոբերտ Ղահրամանյան – Հարցին ես ծանոթացել եմ, և վարձակալության տրվող բնակարան չկա գյուղում, այսինքն, այդ ձևով լուծել խնդիրը հնարավոր չէ:

Կարեն Շահրամանյան –  Միևնույն է, հիմա անհնարին է այս կարճ ժամանակամիջոցում կառուցել և ավարտին հասցնել բնակելի տունը: Ես կառաջարկեմ, կքննարկենք և ինչ-որ արդեն լուծում կգտնենք, մինչև:

Հաջորդ հարցը` դպրոցի հետ կապված, կոնկրետ այդ ենթաշրջանում Ավետարանոցի և Ակնաղբյուրի դպրոցները վերանորոգման կարիք ունեն: Ակնաղբյուրի դպրոցի տանիքը արդեն լրիվությամբ վերանորոգվել է, իսկ Ավետարանոցինը գտնվում է ընթացքում, և այս տարի մենք ավարտելու ենք տանիքի վերանորոգման աշխատանքները: Երկու դպրոցի համար էլ պատվիրված է նախագիծ` վերակառուցման նախագիծ: Այս տարի այդ նախագծերի մշակումն աշխատանքները ավարտվելու են և հաջորդ տարվա` պետական բյուջեի քննարկման ընթացքում, կարող ենք քննարկել և համապատասխան որոշումներ կայացնենք:

 Աշոտ Ղուլյան -  Արձագանքո՞ւմ եք, Ռոբերտ Ղահրամանյան:

Ռոբերտ Ղահրամանյան –  Այսինքն, հնարավոր, որ այս ընթացիկ տարվա ընթացքում ցրտի պատճառով նորից դասընթացները դադարեցվեն, որի հիմնական պատճառը ջարդված պատուհանների անմխիթար վիճակն է:

Կարեն Շահրամանյան –  Միայն պատուհանները փոխելը հնարավոր չէ, որովհետև այդտեղ նախատեսված են ուժեղացման աշխատանքներ, որտեղ նախատեսվում է նաև կամ պատուհանները փոքրացնել, կամ տեղափոխել: Ասենք միայն փոխենք պատուհանները, այնուհետև նորից ասենք, վերանորոգման հետևանքով նորից այդ պատուհանները փոխարինել, իմ կարծիքով` աննպատակահարմար է, և ավելորդ ծախսեր ենք իրականացնելու: Շենքը 7 բալանի շենք է, յուրաքանչյուր շենք վերանորոգելու համար, ըստ մեր քաղաքաշինական նորմերի, պետք է ենթարկվի վերակառուցման, ուժեղացման տարբերակով, իսկ ուժեղացումը իր հետ հետապնդում է տարբեր աշխատանքներ, այդ թվում նաև այդ պատուհանների փոքրացման:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Ռոմելա Դադայանը, թող պատրաստվի Արպատ Ավանեսյանը:

Ռոմելա Դադայան – Հարգելի գործընկերներ, Կառավարության հարգելի ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 10-ին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, տիկին Զարուհի Բաթոյանի այցից հետո, մամուլի հրապարակումներից և սոցցանցերից տեղեկացանք, որ քննարկվել են հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, սոցիալական աջակցությանը, վերաբնակեցմանը: Բոլորն էլ կարևոր խնդիրներ են և անհանգստացնող: Ցանկալի է, որ գոնե իմանանք, տեղեկացված լինենք, թե համատեղ իրականացվելիք ինչ ծրագրերի շուրջ են համագործակցության եզրեր գտնվել:

Հաջորդ հարցը, փաստ է, որ երկրում, վերջին տարիներին դպրոցաշինությունը ստացել է մեծ թափ, սակայն սարքածը նաև պահել է պետք: Ստեփանակերտի համար 1 դպրոցի 2-րդ մասնաշենքը շահագործման հանձնելուց հետո 2-րդ տարում դրսի պատի որոշ տեղերում երեսպատված սալիկներից սկսել են պոկվել և նստվածք տալու հետևանքով դրսիս ու ներսից պատերին առաջացել են ճեղքվածքներ: Դիմել են պատկան մարմիններին, ահազանգել են, 3-րդ տարում ներկայացել են և նախարարը, և նախագծողը, և շինարարը: Տրվել են հանձնարարություններ: Շուտով կլրանա շենքը հանձնելու 5-րդ տարին, պարզ է, շինարարը պատասխանատվությունից կազատվի, բեռը կմնա պետության վրա: Ինչո՞ւ մեզ թույլ տանք նման շռայլություն, արդյոք, գոնե մոտ ժամանակներս կկատարվե՞ն աշխատանքները, թե նորից ձեռքներս մեկնենք բյուջեին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցի համար: Իրոք, դուք գիտեք մենք ցանկացած առիթ օգտագործում ենք ընդգծելու համար, որ սոցիալական պաշտպանության ոլորտը և կարգավորող օրենսդրությունը երկու հանրապետություններում, լավագույն դեպքում պետք է լինեն նույնը, կամ էլ ամեն ինչ պետք է արվի, որ տարբերությունները քիչ լինի: Գիտեք նաև, որ ցանկացած մի նոր մոտեցում, մի նոր որոշում, մի նոր օրենք, որը որ մեր նպատակից հեռացնում է, մենք մի քիչ ցավոտ ենք ընդունում, բայց ինչ վերաբերում է տիկին Բաթոյանի այցին, իհարկե, մեր համագործակցությունը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ Հայաստանի Հանրապետության շարունակական բնույթ ունի և գրեթե այդպիսի տարի չունենք, որ մի քանի անգամ, փոխադարձ այցերով կամ մենք Հայաստանի Հանրապետություն չժամանեն կամ իրենք չգան Արցախ: Քննարկել ենք հարցեր, որոնք որ այսօր` թե իրենց կողմից, թե մեր կողմից, համարվում են օրակարգային: Նշեմ, որ մեր հայաստանյան գործընկերները առանձին ուշադրություն դարձրեցին այն ծրագրերին, որոնք որ իրականացվում են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, որոնք ուղղված են այդ նպատակին: Կարելի է արձանագրել, երևի թե, որ այն փորձը, որը որ կա Արցախի Հանրապետությունում, բերեց նրան, որ այսօր մեր գործընկերները քննարկում են, որոշակի նոր ծրագրերի ներդրման և գործող ծրագրերի չափերի ավելացման հարցը: Հիմնականում այդքանը:

Ինչ վերաբերում է բնակեցման ծրագրերին, ապա դա մեր կողմերից ներկայացվեց ուղղակի ի գիտություն, քանի որ մեր գործընկերները այդ ոլորտով չեն զբաղվում: Կարելի է նշել նաև նա, որ մեր գործընկերները կարևորվեցին հասարակական սեկտորի հետ աշխատանքների ակտիվացումը և նաև օրինակ ծառայեցին, այսպես ասած, կազմակերպեցին մի մեծ հանդիպում մեր հասարակական կազմակերպությունների հետ, որտեղ մտքերի փոխանակում տեղի ունեցավ, և պայմանավորվեցին այդ շփումները կրկնել և ստանա պարբերական բնույթ: Այսօր էլ ունենք նախարարությունում երկու կառույցի ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության նախարարությունից, որոնք իրենց, այսպես ասած, պրոֆիլային  հարցերով եկել, քննարկումներ ենք անում և փորձում ենք հասկանալ հետագա զարգացումները, ինչպես անենք, որ գնանք մեկ ուղղությամբ:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, Ռոմելա Դադայան:

Ռոմելա Դադայան – Շնորհակալություն, պարոն Ավանեսյան, գիտե՞ք, մի բան է մանրամասնորեն իմանալ ինչ է կատարվել, այլ բան է հենց այնպես` թռուցիկ հայտարարություն անելը: Շատ ցանկալի կլիներ, եթե գոնե մեր հանձնաժողովի նախագահը` համագործակցության առումով, ներկա լիներ այդ հանդիպմանը, այդ հարցն էլ չի առաջանա, շնորհակալություն:

Սամվել Ավանեսյան – Տիկին Դադայան, ճիշտն ասած, ես լավ չեմ պատկերացնում մեր երկու նախարարության աշխատանքային քննարկումների, աշխատանքային հանդիպումների ժամանակ Ազգային ժողովի պատգամավորի ներկայությունը ինչ կարող է տալ, բայց, միաժամանակ ընդունում եմ, երբ որ առաջանում է այդ հարցը, մենք ձեզ որոշակի հաշվետվություն և տեղեկություն ներկայացնել:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը:

Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն հարցի համար: Այն, որ վերջին տարիներին այդ շինարարության բնագավառում որակի տեսակետից մեծ նվաճումներ ենք ապրել, դա անզեն աչքով տեսանելի է, բայց դա չի նշանակում, որ մենք հասել ենք այն մակարդակի, որ կարող ենք ասել, որ մենք իդեալական ենք, բոլոր աշխատանքները կատարվում են որակով, չկան թերություններ: Ամեն դեպքում, թերություններ եղել են և լինելու են, բայց դա չի նշանակում, որ շինարարը պետք է հրաժարվի պատասխանատվությունից, և այն բոլոր շենքերը, որոնք հանձնում է շահագործման, անկախ նրանից, թե անցել է երաշխիքային ժամկետը, որը, ի դեպ, մեկուկես տարի է: Այն աշխատանքները, որոնք մենք գտնում ենք, որ թերությունները կատարվել են շինարարների մեղքով` տվյալ կազմակերպությունը իր միջոցների հաշվին վերացնում են այդ աշխատանքները, անկախ նրանից, թե անցել է երաշխիքային ժամկետը կամ` ոչ: Կոնկրետ 1-ին դպրոցի հետ կապված, ասեմ, որ այդ մասնաշենքի մի հատվածը և ներքին բակը, դուք ինքներդ տեղյակ եք, որ կառուցվել է լիցքի վրա: Շենքի այդ փոքր ճաքերը նորմատիվային ճաքեր են, շենքի հետ ոչ մի խնդիր չկա, մտահոգվելու խնդիր չկա, իսկ ներքին բակում այո, կա, այս սալերը նստել են, նստվածք է տվել, որը շինարարը իր ուժերով առանց որևէ պետական բյուջեի հատկացումների, վերացնելու է: Ինչ վերաբերում է նրան, որ այդ աշխատանքների համար պետական բյուջեից պետք է ֆինանսական միջոցներ հատկացվեն, բացառված է: Մենք խոսել ենք շինարարական կազմակերպության ղեկավարի հետ և այդ աշխատանքները ինքն իր ուժերով, իր միջոցներով իրականացնելու է:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, տիկին Դադայան: Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցը` Արպատ Ավանեսյանն, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:

Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, Կառավարության շատ հարգելի, սիրելի ներկայացուցիչներ: Ես հարցս ուղղում եմ Կառավարությանը` պայմանավորված շուրջ մեկուկես ժամ առաջ, մեր պատգամավորի կողմից հնչեցված մի մտայնության հետ: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ այս տարիքում, ես բավական անտեղյակ եմ, որ մեր Ազգային ժողովի, մեր Կառավարության անդամների վիճակից, գործունեությունից, որովհետև ըստ պարոն Խանումյանի, Կառավարության անդամները և մեր պատգամավորները Արցախի պետական բյուջեի հաշվին հիդրոկայանների տեր են դարձել, չգիտեմ` ինչ-ինչ կարողություններ ունեն, ընտրական պրոցեսներին ինչպիսի մասնակցություններ ունեն: Ես ինձ մի տեսակ կեղեքված եմ զգում, որ ես այդքան անտեղյակ եմ: Ես կխնդրեի, որպեսզի, եթե Կառավարությունը այդպիսի տվյալներ ունի, որ մեր պատգամավորները բյուջեի հաշվին ունեն կառուցած ՀԷԿ-եր, կամ այլ բիզնեսներ` տեղեկացնեն, որպեսզի ինձ նման միամիտները այսպես անտեղյակ չլինեն, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Գործող օրենսդրությամբ նախատեսված է Կառավարության անդամների և պատգամավորների եկամուտների և գույքի հայտարարագրում, հայտարարագրերը հրապարակվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ես, իհարկե, հիմա առանձին չեմ տիրապետում, թե Կառավարության անդամների, թե պատգամավորների գույքի վերաբերյալ անհատական տեղեկատվությանը, բայց այդ տեղեկությունները հասանելի են: 2-րդը` պետության հաշվին ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ` այդպիսի տեղեկություն չկա, չգիտեմ, հնարավո՞ր է համարել պետության հաշվին կառուցելը ԱրցախՀԷԿ-ի կողմից իրականացվող կապիտալ ներդրումները, որոնք իրականացվել են այն ժամանակահատվածում, երբ որ Կառավարությունը մասնակցություն է ունեցել այդ ընկերության բաժնեմասում, որովհետև դա միջնորդավորված մասնակցություն է, այլ ոչ թե պետության կողմից անմիջականորեն կառուցում: Խոսքը, հավանաբար, գնում է այն հարցին, որ պարոն Խանումյանը հարցում է, կատարել Արցախի ներդրումային հիմնադրամին` ստանալու այն տեղեկատվությունը, թե եղել է վարկավորում կամ սուբսիդավորում ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ: Այդ հարցման վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է, պարոն Խանումյանին:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Ավանեսյան: Արպատ Ավանեսյան:

Արպատ Ավանեսյան – Ես բավարարված չեմ, որովհետև ինձ հետաքրքրում է, թե մերոնցից իսկապես այդպիսի մարդ կա, որ մենք տեղյակ չենք: Կոնկրետ ես ինձ շատ վատ եմ զգում, որ բոլորը կարողանում են, ես` չէ:

Գրիգորի Մարտիրոսյան – Պարոն Ավանեսյան, ավելացնելու ոչինչ չունեմ, արդեն պատասխանեցի այդ հարցին:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն պետնախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, հաջորդը` Լյուդմիլա Բարսեղյանն է:

Հայկ Խանումյան – Պարոն Ավանեսյան, այդ հարցը ինձ տայիք, ես կպատասխանեի, փաստաթղթերով, բանով: Ես պատգամավորի անուն չեմ տվել, տվել եմ նախկին ու գործող` շրջանների ղեկավարների, նախարարների մասին, փաստաթղթերը կան, պարոն պետնախարարը ճիշտ է ենթադրում, ֆինանսավորումը Արցախի ներդրումային հիմնադրամի սուբսիդավորման և վարկավորման տեսքով է եղել, դա մեկ: Տասնյակ միլիոնավոր դոլարների մասնակցության մասին է պաշտոնյաների ՀԷԿ-երում, բաց աղբյուրներում կան տվյալները, բայց հայտարարագրերում իրենց, ի դեպ, չկա:

Հարցս ուզում էի տայի ոստիկանապետին կամ իրեն նշանակողին, երկուսն էլ այստեղ չեն: Պիտի մի հատ մտահոգիչ թեմայի շուրջ խոսեմ, չգիտեմ` ով կպատասխանի: Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը` խոշտանգումների վերաբերյալ տարբեր հաղորդումներ լսվեց, առաջարկություններ ներկայացրեց, ինչ-որ դատախազությունում սկսվեց գործընթաց, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա հեռացվեց համակարգից` գնդապետ Միրզոյանի մասին է, վերականգնվել է էլի: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է նոր ոստիկանապետի կողմից այդ վարքագիծը, ինչը, թքած ունենք Ազգային ժողովի կարծիքի վրա, թե՞ թքած ունենք այդ խոշտանգումների վրա, այսինքն, ինչ ուղերձ է հասարակությանը, խոշտանգել ենք ու էլի ենք խոշտանգելու, լավ ենք արել` թե, ուղղակի շանտաժ է այդ պաշտոնյայի կողմից, որ գիտեք` ինձ ասել եք խոշտանգի, խոշտանգել եմ, կամ նշանակի կամ ասելու եմ, որ դուք եք այդ հրամանը տվել: Ո՞նց է տեղի ունենում, ընդհանրապես, խոշտանգումների մասին ահռելի նյութ է հավաքվում` մեզանից անկախ: Մենք Ազգային ժողովում արել ենք փակ քննարկումներ այս թեմայով, բայց տեսնում ենք մամուլում, ֆեյսբուքյան էջերում էլի հայտնվում է: Այս հարցը բերեք վերջնականապես լուծենք, դրա առաջին քայլը` այդ խոշտանգող պաշտոնյաներին պաշտոնից ազատելը պետք է լինի ու ոչ մի հանդուրժողականություն չպետք է լինի խոշտանգողների նկատմամբ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Հարցին պատասխանում է արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Ինչ վերաբերում է ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, հարցադրումներին, երևի թե, գրավոր հարցադրումը լինի, Կառավարությունը կտա իր պատասխանը, բայց ես արդարադատության նախարարության մասով ասեմ, որ հիմա մեր կողմից աշխատանքներ է տարվում, կա միջազգային կոնվենցիա` կապված խոշտանգումների հետ: Դա, ասենք, չի նշանակում, որ եթե այդ կոնվենցիան չկա, միջազգային փաստաթուղթը կարող է նման բան տեղի ունենա նման հիմնարկներում: Բայց մենք, այսօր սպասում ենք միջազգային պայմանագրերի մասին նոր օրենքը, որը պետք է ընդունվի, բայց զուգահեռ աշխատանքներ է տանում այդ երկու կոնվենցիան, որպեսզի մենք փորձենք միանալ, քանի որ նախատեսվում է նաև, որ 2020թ. այդ համակարգը ոստիկանությունից պետք է տեղափոխվի արդարադատության նախարարության համակարգ և այդ շրջանակներում մենք փորձում ենք, որպեսզի համատեղ, զուգահեռ նաև, եթե հնարավոր լինի այդ ամբողջ օրենսդրական փաթեթի հետ մեկտեղ նաև այդ կոնվենցիան ներկայացվի խորհրդարան և հույս ունեմ, որ հետագայում ինչ-որ հարց, եթե լինի, թեկուզ նորից կրկնեմ, այդ կոնվենցիան ընդունելով` չի նշանակում, որ նման երևույթներ, եթե լինում են, կարող է միանգամից վերանալ, բայց ճիշտ կլինի, որ Դուք գրավոր հարցադրում անեք ու պատասխան կստանաք, թե ինչ վիճակում է այդ հարցը:  

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան: Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան – Կոնվենցիաների մասին չէ խոսքը, խոսքը պրակտիկայի մասին է խոսքը, պարոն Դանիելյան: Ես ասում եմ, որ բազմաթիվ հաղորդումներ կան տարբեր բարձրաստիճան ոստիկանների վերաբերյալ: Մարդիկ զբաղվել են  խոշտանգումներով: Քննարկումներում անուններ էլ ենք հնչեցրել, ասել ենք, որ այդքանը կա: Հիմա կամ նստեք այդ մարդկանց ասեք, ինչ է, ուզում եք վենդենտայով լուծել այդ հարցը, մեկի արժանապատվությունը, որ նվաստացրել են, խոշտանգել են, բանտից դո՞ւրս է գալու, չէ, նստեք այդ մարդկանց հարցը լուծեք իրավական ճանապարհով, մաքրեք այդ մարդկանց, հանեք, թող նրանք մեր հաշվին թոշակ չստանան: Ինչ նոր ոստիկան գալիս է, իրա հեռացված բարեկամին ու ծանոթին բերում է, վերականգնում է, որ թոշակ ստանա: Հասարակությունը պարտավոր է խոշտանգողներին թոշակ վճարի:

Արարատ Դանիելյան – Այդ հարցադրումը ինձ չի վերաբերում, դրա համար ասում եմ գրավոր ընթացակարգ արել, պետք է, որ գրեիք, որ այսօր պահանջեիք այդ պատասխանը: Ես ասեցի, որ խորհրդարանը տեղյակ լինի, որ նման գործընթացներ սկսված է, ու մենք կփորձենք այդ շրջանակներում ինչ-որ աշխատանքներ կատարել: Դիմեք գրավոր` կստանաք պատասխանը:

Աշոտ Ղուլյան –  Շատ լավ, շնորհակալություն: Ես բոլորին եմ խնդրում այս ամբիոնից պահել խոսքի կուլտուրան: Այն, ինչ-որ խոսվում է դրսում, դա չի նշանակում, որ նույն ձևով կարելի է կրկնել ամբիոնից:

Հաջորդ հարցը` Լյուդմիլա Բարսեղյան, թող պատրաստվի Վիլեն Սաֆարյանը:

Լյուդմիլա Բարսեղյան – Հարգելի գործընկերներ, հարգելի Կառավարության անդամներ, ունեմ երկու հարց: Ինձ է դիմել փախստականի կարգավիճակ ունեցող Վիկտորիա Հովհաննեսի Ասրյանը, որ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով, ստիպված է եղել ընտանիքով արտագաղթել Ադրբեջանից` Բաքվից և հաստատվել Ստեփանակերտում: Նրան գրանցել են Մխիթար Գոշ 7 հասցեում գտնվող հանրակացարանում, ներկայումս ԱրՊՀ հանրակացարանն է` խոստանալով բնակարան ազատվելու դեպքում, անմիջապես բավարարել: Արդեն 31 տարի է, Վիկտորիա Ասրյանը ապրում է վարձով: Առայսօր շարունակում է դիմել տարբեր ատյաններ` թե գրավոր, թե բանավոր, սակայն որևէ մեկը իր վրա չի վերցնում հարցի լուծումը: Հարցս հետևյալն է. ո՞ր մարմինն է զբաղվում փախստականների հարցով, և երբ է լուծվելու Վիկտորիա Ասրյանի բարձրացրած հարցը` կոնկրետ ո՞ւմ դիմի նա:

Երկրորդ հարցը` 2019թ. հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է պատվավոր կոչումների մասին օրենքը, որը ուժի մեջ է մտել սույն թվականի հուլիսի 1-ից: Դրա համաձայն, վաստակավորի պատվավոր կոչումներ ունեցողները պետք է ստանան պատվովճար, որի կարգն ու չափը սահմանում է Կառավարությունը: Հարց` երբ է Կառավարությունը  քննարկելու և ընդունելու պատվովճարի մասին կարգն ու չափը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար, պարոն Սամվել Ավանեսյանը:

Սամվել Ավանեսյան – Շնորհակալություն հարցերի համար: Ի գիտություն ասեմ, փախստականների հարցերով է զբաղվում է աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը: Կապված Մխիթար Գոշ 7 հասցեում գտնվող հանրակացարանի հետ. ճիշտն ասած, ես տեղյակ չեմ` ով կարող է, ով է փախստականներին խոստացել, որ տրամադրելու է բնակարան, որովհետև եթե խոսում ենք պետական ծրագրերի շրջանակներում, ապա բնակարանային պայմանների բարելավման ծրագիր` կապված փախստականների հետ, կան սուբսիդավորման, կանխավճարի մասնակի տրամադրման տեսքով, ուղղակի բնակարանի տրամադրման ծրագիր փախստականներին` չի գործում Արցախի Հանրապետությունում: Դա չի նշանակում, որ այն կատեգորիաները, որոնք որ այսօր ընդգրկված են այդ ծրագրում և բնակարանային հարցերը այդ քաղաքացիներին, այդ ընտանիքներին բավարարելուց հետո չեն անդրադառնալու, երբևիցե, ուրեմն, այն փախստականների ընտանիքներին, որոնք 30 տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառներով այդ խնդիրը ինչ-որ ձևով չեն լուծել: Ես ենթադրում եմ, որ այդ հարցին կանդրադառնա Կառավարությունը` մեկ-երկու տարի հետո, երբ ձեզ հայտնի չորս կատեգորիաների ընտանիքները հիմնականում կբավարարվեն բնակարաններով:

Վարձավճարի մասով` եթե հանրակացարաններում բնակպայմանները ընդունենք անտանելի են կամ բարվոք չեն, ուրեմն նման քաղաքացիների և ընտանիքների համար, մի քանի տարի առաջ, ներ է դրվել ծրագիր, որը որ փոխհատուցում է  վարձավճարը, այսինքն, այդ ընտանիքը կարող է շարունակել բնակվել վարձով, մինչև որ հարցը կլուծվի կարդինալ ձևով:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, տիկին Բարսեղյան: Լյուդմիլա Բարսեղյան:

Լյուդմիլա Բարսեղյան – Խոսքը անմիջապես հանրակացարանի բնակարանի մասին է, և կա տեղեկություններ, որ ազատվել են բնակարաններ, բայց ինչ-ինչ պատճառներով ինքը չի ստացել, ոչ թե ուրիշները ստացել են ինքը չի ստացել, այլ պետք է մի հատ լավ ուսումնասիրել` ով է ստացել տեսնենք: Այնտեղ բնակարաններ ստացել են ժառանգության պես:

Սամվել Ավանեսյան – Ձեզ հետ համատեղ կուսումնասիրենք և կհասկանանք, որովհետև այդ հանրակացարանները տիրազուրկ չեն, բոլորը ինչ-որ մեկի հաշվեկշռում են գտնվում և ինչ-որ մի պետական մարմին որոշակի պատասխանատվություն է կրում ցանկացած գործողության հետ` կապված այդ հանրակացարանների սենյակների հետ:

Երկրորդ հարցի վերաբերյալ, ի պատասխան ասեմ, որ օրենքը ուժի մեջ է մտել և օրենքով ամրագրված է կարգերի սահմանումը` Կառավարության որոշումներով: Եթե չեմ սխալվում, ծրագիրը պետք է գործի հունվարի 1-ից: Կարգը` կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք բոլորս էլ կատարում ենք օրենքը, հարգում ենք օրենքը, և այդ կարգը կսահմանվի Կառավարության կողմից, երբ որ նիստում` դա դժվար է ասել, բայց ինձ թվում է մոտակա նիստերից մեկում:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, տիկին Բարսեղյան: Լյուդմիլա Բարսեղյան:

Լյուդմիլա Բարսեղյան – Օրենքը ուժի մեջ է մտել սույն թվականի հուլիսի 1-ից: Դուք էլ եք տեղյակ, դիմել եմ Ձեզ, ասել եք, որ պետք է ծրագիր մշակվի, պետք է այս մեկը այն մեկը, մի խոսքով` գիտեք ինչ եմ ասում:

Սամվել Ավանեսյան – Այո, ես նորից հաստատում եմ, որ ցանկացած նոր ծրագիր, որը ներ է դրվում Արցախի Հանրապետությունում, և նմանատիպ ծրագիր չունենք Հայաստանի Հանրապետությունում` որոշակի խնդիրներ է առաջ քաշում: Ինչո՞ւ, որովհետև մոտեցումները, լուծումները տրվում են մեր երկու կառույցների համատեղ ինչ-որ աշխատանքի արդյունքում: Բայց դա, նորից եմ կրկնում, չի նշանակում, որ որևիցե մեկը կարող է չկատարել օրենքի պահանջը:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, թող պատրաստվի Ռիտա Մնացականյանը:

Վիլեն Սաֆարյան – Իմ կողմից սույն թվականի հուլիսի 12-ին, օգոստոսի 17-ին, օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 22-ին Թարթառի հովտում դիտարկված ջրաչափական տվյալներից պարզվել է, որ Թարթառ ՀԷԿ-ի գլխամասում Գետավանի հատվածում էկոլոգիական թոխքը 4 տոննանոց մետրի փոխարեն կազմել է 165-185 լիտր վայրկյան, այն էլ միայն ֆիլտրացիոն ջրերի հաշվին, այսինքն` էկոլոգիական թողքը այստեղ զրո է: Լեո-ի հովտում գետահունը լրիվ չոր են, այստեղ էկոլոգիական թողքի մասին խոսք անգամ չի էլ կարող լինել: Ուրեմն,  նույն վիճակն է տեղի ունենում Աղավնու և (չի լսվում) հովտում, նույնիսկ այստեղ կարել է նշել, որ Աղավնուի հովտում արդեն սկսվել է ճաղճաղգոյացման գործընթաց: Հիմա հարց է առաջանում, ուր են գովաբանված ջրաչափերը և վերահսկողությունը: Ինչ քայլեր են կատարվում այսպիսի խախտումները բացահայտելու և բացառելու համար:

Երկրորդ հարցս վերաբերում է մեր խմբակցության կողմից առաջարկված` լրացուցիչ ֆինանսավորման միջոցով կատարել նմուշարկում, մասնավորապես Դրմբոնի պոչամբարների շրջակայքում էկոլոգիական իրավիճակի բացահայտման նպատակով: Մշակում կատարվել է թե որ, երբ կարող ենք ծանոթանալ անկախ փորձագետների կողմից տրված եզրակացությանը: Նշեմ, որ, անկախ փորձագետներ բառակապակցության վրա նախկինում պնդել եմ և հիմա էլ պնդում եմ: Ինչքանով է տրամաբանական, որ ջրօդերևութաբանական մոնիթորինգի այդ քայքայված ոլորտը գտնվում է արտակարգ իրավիճակների ծառայության կազմում, որի տվյալներից, մեղմ ասած այն չի օգտվում և շահագրգռվածություն չունի այդ ոլորտը զարգացնելու, մինչդեռ այդ պահանջատերը պետք է լինի կամ բնապահպանության, կամ գյուղատնտեսության նախարարությունը: Նույն իրավիճակն է տիրում նաև սննդի անվտանգության բնագավառը: Ինչ կապ ունի գյուղատնտեսության նախարարությունը լոլիկի կամ ձմերուկի մեջ նիտրատների քանակի կամ ժամկետն անց թթվասերի կամ երշիկի հետ: Ինձ թվում է` այս հարցերը լրիվ առնչվում են առողջապահության ոլորտին, քան թե գյուղատնտեսության ոլորտին: Կառավարությունը մտադի՞ր է հետագայում ինչ-որ որոշակի փոփոխություններ կատարել` մասնավորապես  այդ նշված երկու խնդիրների վերաբերյալ:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հարցերին պատասխանում է բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար պարոն Ֆելիքս Գաբրիելյանը, վերջին հարցին կպատասխանի պետնախարարը:

Ֆելիքս Գաբրիելյան – Շնորհակալություն հարցի համար: Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում գործող հիդրոէլեկտրակայանները բավականին լուրջ դերակատարում ունեն էներգետիկայի ոլորտում և հանդիսանում են կարևոր հայրենական արտադրանք տրվող կառույցներ` հատկապես հաշվի առնելով արտաքին քաղաքականության սպառնալիքներն ու վտանգները, հատուկ ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի անվտանգության համար, սակայն ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսները վերականգնելու հարցը դարձել է հրատապ: Ելնելով ԼՂՀ ջրային օրենսգրքի 88-րդ հոդվածի ՀՏԿ-ի վթարի հետևանքով առաջացող աղետները կանխելու նպատակով` արգելվում է ՀՏԿ-ի օգտագործման հանձնելը և օգտագործել առանց պատվարներում և կարևորագույն հիդրոտեխնիկական այլ կառույցներում, հսկիչ չափի սարքերի և նախագծով նախատեսված դիտակետերից ցանքի ներդնումը և 32-րդ հոդվածի ջրօգտագործման թույլտվության պահանջների, ջրալի կետերն ապահովել ջրաչափական դիտակետերով ու կատարել ջրային հաշվառում: Ինչպես ես ասեցի` ստուգումների արդյունքներում ես ձեզ տեղեկացնում եմ, որ ստուգումների արդյունքում 6 հատ ՀԷԿ-ի մասով` տեղադրված չեն եղել ջրաչափերը: Բնապահպանության նախարարության և ընդերքի պետական տեսչության կողմից փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչները, սույն թվականի հուլիսի 8-ին հրավիրվել են հարուցված գործի քննությանը, բայց չեն ներկայացել: Համաձայն ԼՂՀ-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 275,276 հոդվածների պահանջների, սույն թվականի հուլիսի 22-ին փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչները նորից են հրավիրվել մասնակցելու վարչական գործի նյութի քննությանը և միաժամանակ տեղեկացվել, որ չներկայանալու դեպքում, վարչական գործի նյութերը քննության կառնվեն առանց նրանց մասնակցության: Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ԼՂՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի, 69-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների ու բնապահպանական և պետական տեսչության 2019թ. հուլիսի 23-ի որոշման համաձայն, ջրաչափը` տեղադրված 6 փոքր ՀԷԿ-երը ենթարկել վարչական պատասխանատվության: Նշված 6 փոքր ՀԷԿ-երի ղեկավարությունը վարչական բողոք են ներկայացրել Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, տեսչության վարչական ակտերը ճանաչել անվավեր խնդրանքով: Բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի 2019թ. օգոստոսի 22-ի հրամանով` տեսչության վարչական ակտը թողվել է անփոփոխ: Այնուհետև, վերոհիշյալ ընկերությունները վիճարկման հայց են ներկայացրել դատարան տեսչության 2019թ. հուլիսի 23-ին և իր վարչական ակտերը, և նախարարի 2019թ. օգոստոսի 22-ի հրամանները վերացնելու խնդրանքի մասին:  Բացի դրանից, 2019թ. սեպտեմբերի 10-ին իրենք պարտավորվել են, որ մինչև հոկտեմբերի 10-ը և ջրաչափերը, և ընդհանուր առմամբ, մակարդակաչափերը կտեղադրվեն:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան, խնդրեմ, Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Դուք նախկինում խոսել եք այդ ժամկետներում մայիսի մասին, իսկ հիմա Ձեր պատասխանից տպավորություն է, որ Կառավարությունում զեկույցի համար նախատեսված ինչ-որ նյութ է, ոչ թե իմ հարցի պատասխանը, պարոն Գաբրիելյան: Այստեղ ոչ թե խոսքը 6 ՀԷԿ-ին է վերաբերում, այլ ամբողջ Թարթառի ավազանին է վերաբերում: Ձեր այս պատասխանը ինձ բոլորովին ոչ բավարարում է, ոչ էլ գոհացնում է: Դա պատասխան չէ, այլ պատասխանից խուսափելու ինչ-որ մի ձև է: 

Ֆելիքս Գաբրիելյան – Եթե մի քիչ ծանոթ եք, ես իմ կյանքում ոչ մի բանից չեմ խուսափում, ամեն մի իմ խոսքի համար տալիս եմ պատասխանում եմ: Հիմա, խնդիրը նրա մեջ է, որ ես Ձեզ տեղեկացրեցի նրա մասին, որ այդ ՀԷԿ-երի մասով` բոլոր ՀԷԿ-երում տեղադրված են ջրաչափերը, 6 ՀԷԿ-ի մասով տեղադրված չեն եղել և մենք շարժվել են իրավական դաշտով առաջ: Դրա մասին է գնում խոսքը, դրանից հետո, երբ որ վտանգը զգացել ենք, որ կասեցվելու է, կասեցման մասով ընդունվել է որոշում, իրենք պարտավորվել են, որպեսզի հոկտեմբերի 10-ին և ջրաչափերը, և մակարդակաչափերը տեղադրվեն: Եթե ջրաչափերը և մակարդակաչափ տեղադրվեն, ապա այն ժամանակ հստակ բոլոր տեղեկությունները երևալու են: Ի գիտություն Ձեզ կասեմ, որ հոկտեմբերի վերջին, կլոր սեղանի շուրջը անցկացնենք քննարկումներ և կհրավիրենք, որպեսզի Դուք տեսնեք այդ տեղեկությունները:

Այդ պոչամբարի հետ կապված, ինչպես Դուք ասում եք, որ լքված, կոնսերվացված հանքավայրերի մասով ունենք ծրագիր, դուք առաջարկություն եք արել այդ ժամանակ, այդ առաջարկությունը ընդունվել է: Այդ ծրագրի շրջանակում կատարվում են համապատասխան աշխատանքներ և այդ փորձանմուշները` պոչամբարների մասով, վերածվել է փորձանմուշները և ուղարկվել է համապատասխան փորձաքննության: Խոսք եմ տալիս, որ եթե Ձեզ պետք լինի, մենք կներկայացնենք:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան, խնդրեմ, Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Այդ առաջարկությունը, պարզապես, ինքնանպատակ չենք ներկայացրել, դրանք ոչ թե պետք են, այլ խիստ պետք են ու անհրաժեշտ են, որովհետև այդ պոչամբարի շրջակայքում կան գործող վարելահողեր և արոտավայրեր, որտեղ անասուններ են այնտեղ արածում: Նախնական տվյալներով` պարզապես, ես չեմ ուզում թիվը բացահայտեմ, խայտառակ վիճակ է տիրում: Ոչ թե ինձ պետք է, այլ, անպայման, է ինձ անհրաժեշտ է ունենալ այդ տվյալները: Ես նորից պնդելու եմ, որովհետև Դուք Ձեր ծրագրում ունեիք այդ աշխատանքները կատարելու համար: Նորից պնդել և պնդում եմ անկախ փորձագիտական եզրակացության վրա:

Ֆելիքս Գաբրիելյան – Ես ասեմ Ձեզ, որ կատարում ենք կառուցվածքային փոփոխություններ, և բնապահպանական, և լաբորատոր հետազոտությունների ՊՕԱԿ ենք ստեղծում, որ հետագայում վերահսկողությունը ավելի ուժեղացնենք: Իսկ այն փորձանմուշները, որոնք որ ուղարկել ենք Հայաստանի Հանրապետություն, կտանք այդ տեղեկությունները: ՀԷԿ-երի հետ կապված, ինչպես ես ասեցի,որ մենք շարժվում ենք իրավական դաշտում, ես ասեցի, որ մենք կատարում ենք համապատասխան գործողություն և համապատասխան իրենց կողմից պատասխան են տալիս: Նրանք պատասխան են տալիս, բայց դա չի նշանակում, մենք չենք շարժվելու այդ ճանապարհով, որպեսզի կարգավորենք մեր հարցերը: Վերջիվերջո, հոկտեմբերի 10-ին` ՀԷԿ-երը առանձին-առանձին գրել են, որ մենք պարտավորում ենք, որ տեղադրենք ջրաչափերը, և մակարդակաչափերը տեղադրեն: Հենց մեր աշխատանքի շնորհիվ է, որ այդ պարտավորվածությունը վերցրել են:

Աշոտ Ղուլյան –   Շնորհակալություն, պարոն նախարար: Երկրորդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Եվ օդերևութաբանական ծառայության մասով, և սննդի անվտանգության ծառայության մասով, պետք է նշեմ, որ դրանց ենթակայությունը գերատեսչական, որևէ կերպ չի անդրադառնում, կամ չի խոչընդոտում դրանց աշխատանքի արդյունավետության կամ արդյունքների ապահովման վրա: Այս պահի դրությամբ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների կամ առանձին ծառայությունների ենթակայության վերանայման հարցերը Կառավարության օրակարգում ներառված չեն:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան, խնդրեմ, Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան – Պարոն պետնախարար, ներկայումս այդ գլոբալ տաքացման և անապատացման այդ հիմնախնդիրների մարտահրավերներին դիմակայելու համար, ջրօդերևույթաբանական մոնիթորինգի այդ ստացած ինֆորմացիան ավելի կարևոր է բնապահպանության և գյուղնախարարության համար, քան արտակարգ իրավիճակների համար: Այսօրվա մարտահրավերներն են դա պահանջում: Ես չեմ առաջարկում կատարել փոփոխություն, դա մտնում է Ձեր իրավասության մեջ, պարզապես ասեմ այդ մասով, որ գնված օդերևութաբանական նոր սարքավորումները, որոնք պետք է ուժեղացնեն Ստեփանակերտի կայանը, ուղարկել են, չգիտեմ ինչու Բերձոր, այդ նույն հաջողությամբ կարող են դնել անկիզելի պահարանի մեջ` իրենց մոտ: Իրենք չեն օգտվում այդ տվյալներից, մի քիչ աբսուրդ իրավիճակ է այստեղ, եթե իրենց պետք չի այդ տվյալները, ինչի համար պետք է շահագրգռված  լինեն զարգացնեն այդ ոլորտը: Այդ տվյալները անհրաժեշտ են այլ նախարարություններին:

Գրիգորի Մարտիրոսյան – Սարքավորումների տեղադրման վայրերը ևս մեկ անգամ կքննարկվեն Կառավարությունում, տեղեկատվության փոխանակման վերաբերյալ որևէ խնդիրներ չկան, և այս պահին նույնպես գերատեսչությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում իրականցվում է: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար, հրավիրվում է պատգամավոր Ռիտա Մնացականյանը և եզրափակիչ հարց ` Արթուր Թովմասյան:

Ռիտա Մնացականյան – Կառավարության հարգարժան անդամներ, հարգելի ներկաներ: Արցախի Հանրապետության Կառավարության հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար, Արցախի Հանրապետության քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգով` հիփոթեքային վարկ է տրամադրում նաև պայմանագրային զինծառայողներին և սպայական անձնակազմին: Այդ ենթատեքստում վարկավորումից դուրս են մնում ենթասպաները, ինչքանով է դա արդարացի, մանավանդ, որ ենթասպաների մեծ մասը մարտական ծառայություն են կատարում: Ինչո՞ւ են նրանք դուրս մնում: Երկրորդ հարցս` փաստաբանական ծառայություններից օգտվելը թանկ հաճույք է, սա փաստաբանական ծառայությունից օգտվողների միանշանակ կարծիքն է: Պարզվում է, միայն մի հայցադիմում գրելու համար, ամենաքիչը պահանջվում է 50 հազար դրամ, շեշտում եմ` ամենաքիչը` հաստատված հատուկ գնացուցակով, էլ չեմ խոսում փաստաբանական ծառայության մասին ընդհանրապես: Որտեղ և ովքեր են հաստատում այդ գնացուցակը: Մի երկրում, որտեղ նվազագույն կենսաթոշակը, ասենք այսօրվանից, կազմում է 25 հազար դրամ է, նվազագույն աշխատավարձը` 55 հազար դրամ: Ինչքանո՞վ են արդարացված նման գները: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարարը` Գրիգորի Մարտիրոսյանը, հաջորդ հարցին` արդարադատության նախարարը:

Գրիգորի Մարտիրոսյան – Շնորհակալություն հարցի համար: Զինծառայողների մատչելի հիփոթեքային պայմաններով տրամադրման գործընթացը և այդ պայմանները սահմանվել է Կառավարության կողմից` առաջնորդվելով զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության օրենքի պահանջներով: Այդ օրենքով սահմանված են այն շրջանակը, որի համար պետք է ապահովի մատչելի հիփոթեքային պայմանները:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, տիկին Մնացականյան: Ռիտա Մնացականյան:

Ռիտա Մնացականյան – Ինչո՞ւ մի ստվար խումբ են, եթե ասենք զինված ծառայության մեջ: Ինչո՞ւ են նրանք դուրս մնացել:

Գրիգորի Մարտիրոսյան – Հարցադրումը, կարծում եմ` ճիշտ չէ, դուրս մնալ բառը այստեղ, երևի, կիրառելը ճիշտ չէ, նորից կրկնեմ: Այդ շրջանակը սահմանել է օրենքով` Կառավարությունը այդ շրջանակի համար սահմանել է մատչելի հիփոթեքային պայման, մնացած բոլոր շահառուները ևս օգտվում են, այլ դեպքերում հիփոթեքային վարկերի մատչելիության ապահովման ծրագրերից, այլ ընդհանուր պայմաններով:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հաջորդ հարցին պատասխանում է արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան – Շնորհակալություն հարցի համար: Փաստաբանության հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են համապատասխան օրենքով: Մենք գիտենք որ, կա հանրային պաշտպանի գրասենյակը, որը այդ օրենքի համաձայն` մոտ 12, 13 կատեգորիայի քաղաքացիներին տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն, բայց այդ հարցը, որը Դուք բարձրացնում եք` իրոք, դա կա: Ընդհանարապես, դիմել ենք ֆինանսների նախարարությանը, որպեսզի տեսնենք` փաստաբաններից ովքեր են զբաղվում ձեռներեցությամբ, և այդ տվյալները ստացել ենք: Որոշ փաստաբանների հետ մենք աշխատել ենք: Կան փաստաբաներ, որ իրենք էլ են իրենց կողմից ասում, որ կա նման խնդիր: Մենք, փորձում ենք այդ վստահորդի հետ, երբ կնքվում է պայմանագիրը, պարտադիր պետք է ինչ-որ գումար նշվի, այսինքն` պայմանագրում նշվում է մի գումար, բայց հետո կարող է այլ գումար պահանջել: Եղել են դեպքեր, երբ մենք այդ դիմողներին խնդրել ենք, ասել ենք եկեք, գոնե դուք կանգնեք, ասեք, ապացուցեք, որ իրոք նման պահանջ է առաջարկվել փաստաբանի կողմից, բայց բոլորը հրաժարվել են: Եթե մենք ստանանք ձեր օգնությունը, փորձենք այդ հարցը ինչ-որ ձևի կարգավորել: Այդ նույն խնդիրը կա նաև Հայաստանի Հանրապետությունում, փաստորեն իրավաբանորեն ինչ-որ ձևի կարգավորված է, բայց, քանի որ անկախ այդ ինստիտուտն է և մենք այդ ուղղությամբ, գիտեք Հայաստանի Հանրապետության համապատասխան փաստաբանական դպրոցի հետ էլ ունենք պայմանագիր, և ասենք, նոր փաստաբանները, ովքեր անցնում են այդ դասընթացները, պետք է նորից վերադառնան, գան և աշխատեն այստեղ, և այդ բացասական երևույթները, որը կա, փորձենք վերացնել:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, տիկին Մնացականյան: Ռիտա Մնացականյան:              

Ռիտա Մնացականյան – Հանրային պաշտպանից օգտվում են որոշակի խավեր, ինչպես Դուք ասացիք: Մեր երկրում կան սոցիալապես անապահով, սակավակարող հազարավոր ընտանիքներ, հնարավոր չէ՞ նրանց էլ ընդգրկել, թեկուզ որոշակի զեղչերով, ցանկերի մեջ:

Արարատ Դանիելյան – Հնարավոր է, դա պետք է օրենքում կատարել համապատասխան փոփոխությունը: Օրենքի 42-րդ հոդվածն է, եթե չեմ սխալվում, թվարկված է մոտ 10,11 կատեգորիա:  Սահմանված է, ասենք ովքեր են համարվում այդ կատեգորիաները, թե չէ ասենք մենք հաճախակի հանդիպում ենք այդ փաստաբանական պալատի ղեկավարության հետ և պահանջում, որ իրենք տան այդ հաշվետվությունը, որ դուք գրում եք, որ անվճարունակ է, բայց ինչից գիտեք որ անվճարունակ է: Մերսեդեսով գալիս է, 100 մետր հեռու կանգնում ու դիմում, որ ես անվճարունակ եմ: Այսինքն` այդ փաստաթղթերը, որը պահանջում ենք, դեռ բավարար չէ: Քանի որ օրենքը կարգավորում է, որպես քաղաքացիական հասարակության, անկախ անմիջապես գործող կառույց, էլեմենտ, դրա համար, օրենքը թույլ է տալիս այնքան, ինչքան մենք կարողանում ենք ազդել:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն պարոն նախարար:

Մեր այսօրվա հարցուպատասխանի արդյունքները ամփոփենք: Հարցերի համար գրանցվել են 11 պատգամավոր, հարցերը հնչեցրել են 10 պատգամավոր, ընդհանուր առմամբ ներկայացվել են 17 հարց ու հարցադրումներ, և բոլոր հարցերին տրվել են անհրաժեշտ պատասխաններ ու պարզաբանումներ: Ուզում եմ պատգամավորական կազմի անունից շնորհակալություն հայտնել մեր Կառավարության անդամներին, գործընկերներին, կարծում եմ` այս նստաշրջանում սա միայն սկիզբն է, և մենք հանդիպելու ենք հաջորդ ամիսներին, հաշվի առնելով` հաջորդ տարվա բյուջեի գործընթաց էլ է մեզ սպասում: Շնորհակալություն, քանի որ այս օրակարգային հարցով մենք սպառել ենք այսօրվա ընդհանուր նիստի օրակարգը` սեպտեմբերի 26-ի Ազգային ժողովի հերթական նիստը հայտարարում եմ փակված: Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում: Ցտեսություն: