ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հուլիսի 22-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման) ստացվող եկամուտները:
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների` էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում վերջակետը փոխարինել միջակետով և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» և «ը» կետերով.
«է) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման) ստացվող եկամուտների ստացման հետ կապված ծախսերը.
ը/ ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը:»:
Հոդված 3. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված 1-ին պարբերության և 2-րդ հոդվածով սահմանված «է» կետի դրույթները գործում են մինչև 2029 թվականի հունվարի 1-ը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. օգոստոսի 12
Ստեփանակերտ
ՀՕ-106-Ն