ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հուլիսի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) 1-ին նախադասությունում «օրերով» բառից հետո լրացնել «(այդ թվում` օրացուցային)» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ նախադասություն.
«Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետներում ներառվում են հանգստյան և օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի`
1) 5-րդ մասում «աշխատանքային օրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերը.
2) 6-րդ մասում «թողնված» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների» բառերը.
3) 6-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն. «Օրացուցային օրերով հաշվարկվող ժամկետների դեպքում հայցադիմումը պետք է ներկայացվի դատարան մինչև ժամկետի ավարտի օրվա ժամը քսանչորսը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 144-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով» բառերը փոխարինել «Ընտրական օրենսգրքով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասում «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 146-րդ հոդվածում`
1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 8 օր առաջ։ Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
4. Ընտրողների և հանրաքվեի մասնակիցների ցուցակներում տեղ գտած` հայցվորի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, հայցվորին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ։ Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մաս.
«4.1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները քննվում և լուծվում են հայցադիմումները ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան յոթ օրացուցային օրվա ընթացքում։».
3) 5-րդ մասում «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերը.
4) 6-րդ մասում «քվեարկության օրը» բառերը փոխարինել «ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 148-րդ հոդվածի`
1) վերնագրում «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերը.
2) 1-ին և 2-րդ մասերում «կուսակցության» բառերից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 149-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 149. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող է բողոքարկել ընտրություններին մասնակցող թեկնածուն:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ գործի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաև այն անձը, որի ընտրվելը վիճարկվում է։ Նրա չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար։
3. Վարչական դատարանը գործը քննելիս իրավասու է պարզելու քվեարկության իրական արդյունքները:
4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերով վարչական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը և`
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. ընտրված ճանաչել համապատասխան թեկնածուին,
գ. ընտրությունները ճանաչել չկայացած։
5. Եթե գործի քննությունից հետո վարչական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն վարչական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, և դրանց համադրումը վկայում է դրանց միջև համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Արցախի Հանրապետության Սահմանադրության 7-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս վարչական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները։»:
Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ մասը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. օգոստոսի 12
Ստեփանակերտ
ՀՕ-98-Ն