ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հուլիսի 22-ին
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ընտրական ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Ընտրությունների հիմունքները |
1. Արցախի Հանրապետության նախագահի (այսուհետ՝ Հանրապետության նախագահ), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ՝ Ազգային ժողով), Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
Հոդված 2. |
Ընդհանուր ընտրական իրավունքը |
1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի ընտրությունների (այսուհետ նաև՝ համապետական ընտրություններ) ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Արցախի Հանրապետության քաղաքացիները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն քվեարկության օրը 18 տարին լրացած՝ ընտրությունն անցկացվող համայնքում`
1) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները.
2) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում չունեցող Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու հանգամանքներով պայմանավորված.
3) մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Արցախի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձանց վրա:
4. Ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Հոդված 3. |
Հավասար ընտրական իրավունքը |
1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասար հիմունքներով:
2. Հանրային իշխանությունները հավասար պայմաններ են ապահովում ընտրողների ընտրական իրավունքի իրականացման համար:
3. Ընտրողները, անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն:
Հոդված 4. |
Ազատ ընտրական իրավունքը |
1. Ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման՝ ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի (կուսակցության (կուսակցությունների դաշինքի)) օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին:
Հոդված 5. |
Ուղղակի ընտրական իրավունքը |
1. Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են անմիջականորեն՝ ընտրողների կողմից:
Հոդված 6. |
Քվեարկության գաղտնիությունը |
1. Քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն: Ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:
Հոդված 7. |
Ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը: Ընտրություններ չանցկացնելը |
1. Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են պարբերաբար՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
2. Արտակարգ դրության կամ պատերազմի ժամանակ ընտրություններ չեն անցկացվում: Արտակարգ դրության կամ պատերազմի ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են արտակարգ դրության կամ պատերազմի պատճառով տեղի չունեցած՝ նոր հերթական ընտրություններ: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նոր հերթական ընտրության օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով) նախագահը՝ արտակարգ դրության կամ պատերազմի ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունները նշանակում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ արտակարգ դրության կամ պատերազմի ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո:
3. Ռազմական դրության ժամանակ ընտրություններ կարող են չանցկացվել, եթե Հանրապետության նախագահը ընդունել է համապատասխան հրամանագիր, և Ազգային ժողովը Սահմանադրությամբ սահմանված ժամկետում այն չի վերացրել: Հանրապետության նախագահի հրամանագրով ռազմական դրության ժամանակ ընտրություններ չանցկացնելու հիմքը վերանալուց ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական դրության պատճառով տեղի չունեցած՝ նոր հերթական ընտրություններ: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նոր հերթական ընտրության օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Հանրապետության նախագահի հրամանագրով ռազմական դրության ժամանակ ընտրություններ չանցկացնելու հիմքը վերանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրությունները նշանակում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ Հանրապետության նախագահի հրամանագրով ռազմական դրության ժամանակ ընտրություններ չանցկացնելու հիմքը վերանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո:
Ընտրությունների հրապարակայնությունը |
1. Ընտրությունները նախապատրաստվում և անցկացվում են հրապարակայնորեն:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում և ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվելուց հետո՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նույն օրը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Այդ ակտերն ընդունվելուց հետո՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքն է՝ «www.cecnkr.am»:
3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի անվտանգությունը, պաշտպանվածությունը և անխափան աշխատանքն ապահովելու, ընտրական հանձնաժողովներին սույն օրենսգրքով վերապահված լիազորությունները պատշաճ իրացնելու նպատակով համապատասխան ընտրական հանձնաժողովներն ապահով-վում են անհրաժեշտ ծրագրատեխնիկական և կապի միջոցներով, սարքավորումներով և գույքով:
4. Համապետական ընտրությունների ժամանակ Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած էլեկտրոնային ձևով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ ծրագրերը տեղադրում է համացանցային կայքում ներկայացվելուց հետո` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, բայց ոչ շուտ, քան նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:
5. Հանրապետության նախագահի թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, Հանրապետության նախագահի թեկնածուները, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների) գույքի և եկամուտների մասին հայտարարագիր: Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները: Հայտարարագրերի ձևերը (էլեկտրոնային ձևերը) և ներկայացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
6. Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների), Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հայտարարագրերը ներկայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների) հայտարարագրերի պատճենները, գրավոր դիմումի հիման վրա, տրամադրվում են վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:
7. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը բնակչության պետական ռեգիստրը վարող Արցախի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) հրապարակում է Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
8. Ընտրողները սույն օրենսգրքով սահմանված կարգով տեղեկացվում են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:
9. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են մինչև ժամը 11:30-ը, 14:30-ը, 17:30-ը և 20:30-ը տարածքային ընտրական հանձնաժողով հաղորդել համապատասխանաբար մինչև ժամը 11:00-ն, 14:00-ն, 17:00-ն և 20:00-ն տվյալ ընտրական տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը: Տարածքային ընտրական հանձնաժողովներն այդ տվյալները նույն պարբերականությամբ ամփոփում, հրապարակում և հաղորդում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ՝ քվեարկության օրը` ժամը 09:00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12:00-ից սկսած` մինչև ժամը 21:00-ն, 3-ժամյա պարբերականությամբ, ըստ ընտրական տարածքների հրապարակում է տեղեկություններ՝ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ: Քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին տեղեկությունների հրապարակումից հետո դրանք, ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Համապետական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն մասով նշված տվյալները հրապարակում է Արցախի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայրից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնից:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան քվեարկության հաջորդ օրը` ժամը 00:00-ից սկսած, իրականացնում է քվեարկության արդյունքների աղյուսակավորում` ըստ ընտրական տեղամասերի: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության նախնական արդյունքների աղյուսակավորումը և իր համացանցային կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է ընտրական տեղամասից քվեարկության արդյունքների վերաբերյալ վերջին տեղեկությունները ստանալուց հետո` ոչ ուշ, քան քվեարկության ավարտից հետո` 24 ժամվա ընթացքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրության արդյունքներով որոշումն ընդունելուց հետո՝ ոչ ուշ, քան նիստի ավարտից հետո՝ 6 ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքների վերջնական աղյուսակավորումը` ըստ ընտրական տեղամասերի, տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների և ընտրական տարածքների, ներբեռնելու հնարավորությամբ տեղադրում է իր համացանցային կայքում:
11. Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը (այդ թվում՝ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը:
12. Զորամասերում հաշվառված ընտրողների թիվը, ինչպես ընդհանուր, այնպես էլ ըստ ընտրական տեղամասերի, այն ընտրական տեղամասերի համարները և գտնվելու վայրերը, որտեղ քվեարկում են զորամասերում կազմվող ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողները, զորամասերում կազմվող ընտրողների ցուցակները ծանոթացման ենթակա չեն, դրանցից քաղվածքներ չեն կատարվում:
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ
Հոդված 9. |
Ընտրողների ռեգիստրը վարելը, ընտրողների ցուցակները կազմելը |
1. Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) և համայնքների: Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Արցախի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները: Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող ընտրողները Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում նրանց ընտրելու իրավունքը:
2. Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարում և ընտրողների ցուցակը կազմում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը պատասխանատու է Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և ընտրողների ցուցակը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:
3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև Արցախի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, քրեակատարողական հիմնարկի ղեկավարը և զորամասերի հրամանատարները:
4. Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հուլիս և հունվար ամիսներին (երկշաբաթյա ժամկետում), Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) և համայնքների, իսկ համապետական ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է:
5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Դիմումը պետք է պարունակի անհրաժեշտ հիմնավորումները, և դրան կից պետք է ներկայացված լինեն փաստական հանգամանքների ապացույցները: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ռեգիստրում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
Հոդված 10. |
Ընտրողներին ցուցակում ընդգրկելը |
1. Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:
2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողների միայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ընտրողների ցուցակում չեն կարող ընդգրկվել Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր այդ համայնքում հաշվառվել են ընտրություններ նշանակվելուց հետո: Սույն մասի 2-րդ նախադասության դրույթները չեն տարածվում Արցախի Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր համայնքում հաշվառվել են ամուսնությամբ, պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրվելու, ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու, Արցախի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվելու հանգամանքներով պայմանավորված:
3. Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցող հենաշարժական հաշմանդամություն ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմնին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և տեղաշարժման համար մատչելի ընտրական տեղամասին մոտ գտնվող վայրում հաշվառելու մասին` նշելով տեղաշարժման համար մատչելի վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ տեղաշարժման համար մատչելի վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Համապետական ընտրությունների ժամանակ հենաշարժական հաշմանդամություն ունեցող ընտրողները կարող են ընդգրկվել այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ առկա են տեղաշարժման համար մատչելի պայմաններ՝ ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից: Հենաշարժական հաշմանդամություն ունեցող ընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ լիազոր մարմնին ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և տեղաշարժման համար մատչելի ընտրական տեղամասին մոտ գտնվող վայրում հաշվառելու մասին` նշելով տեղաշարժման համար մատչելի վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնում ըստ տեղաշարժման համար մատչելի վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: Լիազոր մարմինը դիմողին այդ մասին տրամադրում է համապատասխան տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. Հայտ ներկայացրած Արցախի Հանրապետության այն ընտրողները, ովքեր բնակվում կամ գտնվում են Արցախի Հանրապետության տարածքից դուրս, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են Արցախի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակում: Արցախի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում սույն մասի 1-ին նախադասության մեջ նշված ընտրողն ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:
5. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները կարող են ընդգրկվել այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ նշանակված են տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել նաև տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի դիմումի հիման վրա, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14:00-ն: Դիմումի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
6. Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն համապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմին ներկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Արցախի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը Արցախի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
7. Համապետական ընտրությունների ժամանակ Արցախի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` ոստիկանություն) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, կազմում է քվեարկության օրն ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակը` նշելով ոստիկանության ծառայողների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը և օրը (այսուհետ` ամսաթիվ), հաշվառման վայրի հասցեն և ընտրական տեղամասի համարը: Լիազոր մարմինը, ըստ այդ ցուցակների, ոստիկանության ծառայողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում է ըստ գործուղվող տեղամասերի ընտրողների ցուցակում:
8. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող և քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը` նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը և հաշվառման վայրի հասցեն: Լիազոր մարմինը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին ժամանակավորապես հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ:
9. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները ծառայությունից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում հանվում են զորամասի ընտրողների ցուցակից և իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում: Հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
10. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նրանց հետ նույն տարածքում հաշվառված ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվում են զորամասի ընտրողների ցուցակում:
11. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը լիազոր մարմին ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում զորամասերում հաշվառված ընտրողների թիվը` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Սույն մասի դրույթները վերաբերում են նաև Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության զորքերին:
12. Զորամասի տարածքից դուրս հաշվառված պայմանագրային զինծառայողներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
13. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմում և Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողների ցուցակը:
Հոդված 11. |
Ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները |
1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների: Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասի ընտրողների ցուցակում համարակալման շարունակականությամբ ըստ առանձին բաժինների ներառվում են նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների ցուցակները:
2. Տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակում նշվում են ընտրական տարածքի համարը, ընտրական տեղամասի հերթական համարը, համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում՝ ընտրողի՝
1) հերթական համարը տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում.
2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը` համապատասխան հաշվառման փաստաթղթերում առկայության դեպքում).
3) ծննդյան ամսաթիվը.
4) հաշվառման վայրի հասցեն, Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Արցախի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից գործածվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված համարակալումը կատարվում է ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը: Սույն մասում նշված ընտրողների ցուցակներում նախատեսվում է ևս 4 սյունակ`
1) ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համար.
2) ընտրողի ստորագրության (ստորագրությունների) համար.
3) ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամի ստորագրության համար.
4) լրացուցիչ նշումների համար: Ընտրողների ցուցակում լրացուցիչ նշումներ կատարվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած դեպքերում և կարգով:
4. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով, բայց այն հաշվարկով, որ 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասին հատկացվող ընտրողների ցուցակների յուրաքանչյուր մատյան ընդգրկի մոտավորապես հավասար թվով ընտրողների տվյալներ: Ընտրողների ցուցակի յուրաքանչյուր էջում կարող են նշվել առավելագույնը 20 ընտրողի վերաբերյալ տվյալներ:
5. Միաժամանակ մեկից ավելի ընտրությունների դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:
6. Ընտրողների ցուցակը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում լիազոր մարմնի կողմից կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է լիազոր մարմինը:
7. Զորամասում և քրեակատարողական հիմնարկում կազմվող ընտրողների ցուցակները կազմում, էջակալում, ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում են համապատասխանաբար զորամասի հրամանատարը և քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:
Հոդված 12. |
Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրելը |
1. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին տրամադրում է ընտրողների ցուցակը, որը վերջին էջում ներառում է տեղեկանք ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամկետների մասին` տեղամասային կենտրոնում փակցնելու համար: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից 10 օր և 3 օր առաջ համապետական ընտրությունների դեպքում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` ըստ ընտրական տարածքների և ընտրական տեղամասերի: Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 3 օր հետո լիազոր մարմինը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրում է տեղեկանք ընտրողների թվի վերաբերյալ` համապետական ընտրությունների ժամանակ` ըստ ընտրական տարածքների, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ` ըստ համայնքների: Նշված տեղեկանքները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
3. Լիազոր մարմնի կազմած՝ տեղամասային կենտրոնում փակցվող և տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները` կազմված մատյանի ձևով (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների լրացուցիչ ցուցակը)` ըստ ընտրական տեղամասերի, և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված` քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:
4. Զորամասի հրամանատարը զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է քվեարկության օրվանից 3 օր առաջ՝ փակ և կնքված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից այն պահին, երբ ընտրական տեղամաս են այցելում զորամասի ցուցակում ընդգրկված ընտրողները:
5. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։
Հոդված 13. |
Ընտրողների ցուցակների մատչելիությունը |
1. Արցախի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում կազմվող ընտրողների ցուցակների, ազատ է ծանոթացման համար: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Համապետական ընտրությունների ժամանակ լիազոր մարմինն ընտրողների ցուցակը` ըստ ընտրական տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր և 2 օր առաջ տեղադրում է համացանցում՝ «www.police.nkr.am» հասցեով: Համացանցում ըստ ընտրական տեղամասերի տեղադրված ընտրողների ցուցակները պետք է ունենան ներբեռնվելու հնարավորություն:
3. Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը քվեարկության օրվանից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:
4. Ընտրողների ցուցակի, այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ ցուցակի օրինակը քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև քվեարկությանը հաջորդող 7-րդ օրը:
5. Զորամասում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից 10 օր առաջ փակցվում են զորամասում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:
6. Լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին:
Հոդված 14. |
Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու կարգը |
1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:
2. Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝
1) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.
2) սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում:
3. Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք: Տեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:
4. Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծվում են վերադասության կամ դատական կարգով` համապատասխանաբար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով կամ Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանն ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո՝ 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում՝ այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Վերադաս լիազոր մարմինը քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում բողոքը (դիմումը) բավարարելիս դիմողին տրամադրում է տեղեկանք քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին: Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կատարում է լիազոր մարմինը: Քվեարկության օրն ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին ակտի հիման վրա ընտրողի տվյալները ներառվում են քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով` տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից: Դատարաններն ընտրողների ցուցակներում ընտրողներին ընդգրկելու վերաբերյալ դատական ակտի պատճենն ուղարկում են լիազոր մարմին` նաև ընտրողների ռեգիստրում համապատասխան փոփոխություններ կատարելու համար:
5. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն՝ ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում (այդ թվում` լրացուցիչ ցուցակներում):
Հոդված 15. |
Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակը |
1. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ։
2. Ընտրողների լրացուցիչ ցուցակը կազմվում է, եթե քվեարկության օրն ընտրական տեղամաս են ներկայանում ընտրողներ, որոնք ընդգրկված չեն ընտրողների (այդ թվում` ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց լրացուցիչ) ցուցակներում և ներկայացնում են սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով կամ 4-րդ մասով նախատեսված` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանք կամ դատական ակտ:
3. Ընտրողին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք համարվող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:
4. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ՝ դատական ակտի կամ լիազոր մարմնի տեղեկանքի համարը և ամսաթիվը նշելու համար:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմած` ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության ավարտից հետո ցուցակի վերջում հանձնաժողովի նախագահը նշում է քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Հոդված 16. |
Ընտրական տեղամասերը |
1. Լիազոր մարմինը համայնքի ղեկավարի և տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել քվեարկության կազմակերպման համար:
2. Ընտրական տեղամասերը կազմավորվում են հերթական համարակալմամբ: Ընտրական տեղամասերի համարակալման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրական տեղամասը կազմավորման պահին չպետք է ունենա ավելի քան 2000 ընտրող: Սույն մասով սահմանված թիվը կարող է փոփոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման և սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
4. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:
Հոդված 17. |
Տեղամասային կենտրոնը, քվեարկության սենյակը |
1. Քվեարկությունն անցկացվում է տեղամասային կենտրոնում՝ դրա համար կահավորված դահլիճում, սրահում, սենյակում և այլ տարածքում (այսուհետ` քվեարկության սենյակ):
2. Տեղամասային կենտրոնը պետք է հնարավորին չափ մոտ լինի ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին: Տեղամասային կենտրոնում քվեարկության սենյակը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը և քվեարկության սենյակը սահմանելու և քվեարկության սենյակի` սույն օրենսգրքի 57-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան կահավորման համար պատասխանատու է համայնքի ղեկավարը: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է:
3. Տեղամասային կենտրոնը չի կարող գտնվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ռազմական ուսումնական հաստատությունների, զորամասերի և առողջապահական կազմակերպությունների զբաղեցրած տարածքներում:
4. Համապետական ընտրությունների ժամանակ տեղամասային կենտրոններ կազմավորվում են նաև`
1) Արցախի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում.
2) քրեակատարողական հիմնարկում:
5. Տեղական ինքնակառավարման մարմինները սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ:
Հոդված 18. |
Տեղամասային կենտրոն սահմանելը |
1. Համայնքի ղեկավարը (սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարը) քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 43 օր առաջ սահմանում է տեղամասային կենտրոն: Համայնքի ղեկավարն այդ մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովին և տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, իսկ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը՝ տարածքային ընտրական հանձնաժողովին:
2. Տեղամասային կենտրոնում քվեարկության պատշաճ կազմակերպման կամ քվեարկության անցկացման անհնարինության դեպքում համայնքի ղեկավարը պարտավոր է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով փոխել տեղամասային կենտրոնի գտնվելու տեղը, իսկ բացառիկ դեպքերում` նաև քվեարկության օրը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ:
3. Տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը փոխելու դեպքում համայնքի ղեկավարն ընտրողներին տեղեկացնում է անհապաղ:
Գ Լ ՈՒ Խ 4
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. |
Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները |
1. Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սույն օրենսգրքով սահմանված այն ժամանակահատվածն է, որի ընթացքում Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` սույն օրենսգրքով սահմանված կանոնները: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունն արգելվում է:
2. Պետությունն ապահովում է նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Այն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` նախընտրական ժողովներ, Հանրապետության նախագահի թեկնածուների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։
3. Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո համայնքի ղեկավարը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների և այլ շինությունների ցանկը, որոնք Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Տեղեկությունները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
4. Ընտրություն նշանակվելուց հետո կարող են կազմավորվել ընտրական շտաբներ: Ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ ընտրական շտաբները զբաղեցնում են այդ մարմիններին չպատկանող տարածք), հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերում, ինչպես նաև այն շենքերում, որտեղ գործում են ընտրական հանձնաժողովները: Ընտրական շտաբների վրա տեղադրված ցուցանակները սույն օրենսգրքի իմաստով քարոզչական տպագիր նյութեր չեն համարվում, եթե դրանք չեն ներառում Հանրապետության նախագահի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կոչեր:
5. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) հանրային ծառայողներին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
2) պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս.
3) դատավորներին, դատախազներին, քննչական կոմիտեի ծառայողներին, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, արտակարգ իրավիճակների պետական ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին.
4) ընտրական հանձնաժողովների անդամներին.
5) բարեգործական և կրոնական կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին.
6) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին, քաղաքացիություն չունեցող անձանց, բացառությամբ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց.
7) Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին.
8) Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամներին.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներին:
6. Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) Հանրապետության նախագահի թեկնածուների անուններին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումներին, համայնքի ղեկավարի թեկնածուների անուններին, համայնքի ավագանու անդամի թեկնածուների անուններին, ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի այդ թեկնածուները, այդ կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), կամ կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) առաջադրած թեկնածուները:
7. Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության՝ սույն օրենսգրքով կամ օրենսգրքի հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված կարգի պահպանումը։ Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների կողմից այդ կարգի խախտման դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուին, համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ դրանք կանխելու նպատակով կամ կիրառում նախազգուշացում խախտում թույլ տված Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ` տալով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ, որը չի կարող գերազանցել 3 օրը։ Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), համայնքի ղեկավարի թեկնածուն, համայնքի ավագանու անդամի թեկնածուն պարտավոր է որոշմամբ նշված ժամկետում վերացնել խախտումը (խախտման հետևանքները) և այդ մասին գրավոր տեղեկացնել ընտրական հանձնաժողովին։
8. Եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ապա Հանրապետության նախագահի թեկնածուին, համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան` Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Դատարանը Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կարող է ճանաչել, եթե հանգում է այն եզրակացության, որ խախտումը կատարվել կամ ուղղորդվել է Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի կողմից:
9. Ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները, համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընտրական գործընթացներում վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում օրական մինչև 2 ժամ տևողությամբ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում հանդիպումներ ունենալու մինչև 3 վստահված անձանց հետ:
10. Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության կամ պատերազմի քարոզումը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքումը, ինչպես նաև ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:
Հոդված 20. |
Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ունեն Արցախի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության եթերաժամերից հավասար պայմաններով անվճար և վճարովի (այդ թվում՝ ուղիղ եթերով) օգտվելու իրավունք:
2. Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) Արցախի հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը: Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի նախընտրական քարոզչությունը սկսվում է ընտրության 2-րդ փուլ անցկացնելու մասին որոշման կայացումից հետո՝ 2-րդ օրվանից:
3. Ընտրությունների ժամանակ Արցախի հանրային ռադիոն և հանրային հեռուստատեսությունը պարտավոր են Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ: Արցախի հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական քարոզարշավի վերաբերյալ ներկայացվում է անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն: Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չէ զանգվածային լրատվության միջոցի համար Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) քարոզարշավի մասին տեղեկություններ չհրապարակելու համար: Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կնքած` նախընտրական քարոզչության նպատակով եթեր տրամադրելու պայմանագրերը համարվում են ուժը կորցրած, և դադարեցվում է նախընտրական քարոզչության նպատակով եթերի տրամադրումը:
4. Ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հրապարակվում է իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) նախընտրական քարոզչություն իրականացնելու համար եթերաժամ տրամադրող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա` անկախ սեփականության ձևից: Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող մյուս ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո իրենց եթերով հրապարակում են իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:
6. Արցախի հանրային ռադիոյի, հանրային հեռուստատեսության և զանգվածային լրատվության այլ միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հեռուստաբանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:
7. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել առևտրային գովազդով:
8. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններն ու հեռուստաընկերություններն արբանյակային հեռարձակում իրականացնելիս պարտավոր են պահպանել սույն հոդվածի պահանջները:
9. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են մինչև ընտրվող մարմնի լիազորությունների ստանձնման օրը:
10. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը:
11. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած թերթերը և ամսագրերը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում պարտավոր են Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար ապահովել ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:
Հոդված 21. |
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործման կարգը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուներն իրավունք ունեն անարգել տարածելու քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր:
2. Հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`
1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.
2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա:
3. Քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են առանց սահմանափակման փակցվել կամ օգտագործվել նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու ժամանակ` այդ միջոցառումների անցկացման վայրում: Այդ միջոցառումների ժամանակ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը միջոցառման ավարտից հետո հանվում են Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի համապատասխան թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող համապատասխան կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կողմից:
4. Նախընտրական քարոզչություն իրականացնելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք առանց սահմանափակման կարող են կրել քարոզչական նյութեր:
5. Նախընտրական քարոզչությունն սկսելուց 10 օր առաջ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել (բացառությամբ հանրակրթական դպրոցների)` սահմանելով այնպիսի պայմաններ, որոնք Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես, հանրության համար հասանելիության և մատչելիության հավասար պայմաններ և այլն): Սույն լիազորությունը համայնքի ղեկավարի համար պարտադիր լիազորություն է:
6. Արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունները քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրման դեպքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների համար ապահովում են ոչ խտրական և ոչ կողմնակալ պայմաններ:
7. Արգելվում է քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը:
8. Ընտրական հանձնաժողովի որոշումն ստանալուց հետո համայնքի ղեկավարը, արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպությունների ղեկավարներն ապահովում են, որ գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանվեն: Գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների կողմից եռօրյա ժամկետում քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը չհանելու դեպքում դրանք հանում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարը գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչված Հանրապետության նախագահի թեկնածուներից, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), համայնքի ղեկավարի թեկնածուներից, համայնքի ավագանու անդամի թեկնածուներից պարտավոր է պահանջել իր կատարած ծախսերի փոխհատուցում:
9. Սույն հոդվածի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ: Սույն գործառույթը համայնքի ղեկավարի համար պատվիրակված լիազորություն է:
10. Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ:
11. Արգելվում է անանուն քարոզչական տպագիր նյութեր տարածելը: Անանուն կամ կեղծ քարոզչական տպագիր նյութեր հայտնաբերելու դեպքում իրազեկ ընտրական հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններին` ապօրինի գործողությունները դադարեցնելու համար:
Հոդված 22. |
Ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը |
1. Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների՝ որպես Հանրապետության նախագահի թեկնածու, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածու, համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի ավագանու անդամի թեկնածու գրանցված աշխատակիցներին, ինչպես նաև աշխատանքային կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր ունեցող անձանց արգելվում է ընտրությունների լուսաբանումը, ռադիոհաղորդումների կամ հեռուստահաղորդումների վարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված դեպքերի:
2. Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին: Արգելվում է քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը` մինչև ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ տպագիր մամուլով Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը:
3. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:
Հոդված 23. |
Հանրային ծառայող հանդիսացող Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների,համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները |
1. Հանրային ծառայող հանդիսացող Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները, համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են հետևյալ սահմանափակումների հաշվառմամբ.
1) արգելվում է Հանրապետության նախագահի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելուն ուղղված ուղղակի կամ անուղղակի կոչերը պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.
2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։
2. Եթե իրականացվում է սույն հոդվածում նշված Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի այլ գործունեության լուսաբանում, ապա վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցն այն հաշվի է առնում Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի մյուս թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) գործունեությունը լուսաբանելիս` սույն օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված լուսաբանման հավասարության ոչ խտրական սկզբունքը պահպանելու համար:
Գ Լ ՈՒ Խ 5
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 24. |
Ընտրությունների կազմակերպման և անցկացման ֆինանսավորումը |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման (ներառյալ՝ ընտրողների ցուցակները կազմելը, ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպելը), ինչպես նաև ընտրական հանձնաժողովների գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում առանձին հոդվածով:
2. Արտահերթ, նոր հերթական, նոր ընտրությունների, վերաքվեարկությունների, ինչպես նաև Հանրապետության նախագահի ընտրությունների 2-րդ փուլի անցկացման դեպքում ընտրությունները ֆինանսավորվում են պետական բյուջեի պահուստային ֆոնդից, իսկ դրա անհնարինության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգտագործում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցները:
3. Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար նախատեսված ֆինանսական միջոցները (այդ թվում` հանձնաժողովների պահպանման համար նախատեսված միջոցները) հատկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որը սույն օրենսգրքով և Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները: Ընտրական հանձնաժողովների նախագահները պատասխանատու են այդ միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նախահաշիվներին համապատասխան օգտագործելու համար:
Հոդված 25. |
Ընտրական գրավը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ:
2. Ընտրական գրավի գումարը դիմումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, վերադարձվում է`
1) ընտրվելու կամ մանդատների բաշխմանը մասնակցելու.
2) Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուներին, համայնքի ղեկավարի բոլոր թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի բոլոր թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, կուսակցության դեպքում` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 4 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի 5 կամ ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու.
3) մինչև Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցումն ինքնաբացարկ ներկայացնելու.
4) ընտրության արդյունքներն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություն նշանակվելու դեպքերում կամ
5) ժառանգներին` թեկնածուի մահվան դեպքում:
Հոդված 26. |
Նախընտրական հիմնադրամի ձևավորումը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ Հանրապետության նախագահի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամ չբացելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախընտրական հիմնադրամ չբացելու դեպքում իրավասու ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուներն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն: Համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները կարող են բացել նախընտրական հիմնադրամ համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին գրանցելու վերաբերյալ որոշումն ընդունվելուց հետո՝ 7 օրվա ընթացքում: Նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Արցախի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկում: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների դիմումների հիման վրա բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
2. Հանրապետության նախագահի թեկնածուի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`
1) իր անձնական միջոցներից.
2) իրեն առաջադրած կուսակցության տրամադրած միջոցներից.
3) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:
3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`
1) այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների) միջոցներից.
2) Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի անձնական միջոցներից.
3) ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում չնշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե: Պետական բյուջե են փոխանցվում նաև նախընտրական հիմնադրամների հաշվին կատարված անանուն մուծումները:
5. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
6. Նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափերը գերազանցող մասերը փոխանցվում են պետական բյուջե:
7. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի ավարտից հետո` 3 աշխատանքային օրը մեկ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն) տեղեկանք են ներկայացնում Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք և այն տեղադրում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
8. Նախընտրական հիմնադրամի միջոցների նկատմամբ չի կարող կիրառվել արգելանք, այդ միջոցները չեն կարող հանդիսանալ բռնագանձման առարկա՝ Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի նախընտրական քարոզչության հետ չկապված անձնական բնույթի պարտավորություններով:
Հոդված 27. |
Նախընտրական հիմնադրամի միջոցների օգտագործումը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատ-րաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործում են միայն նախընտրական հիմնադրամի միջոցները: Այդ նպատակով նախընտրական հիմնադրամից կատարվող ծախսերի առավելագույն չափը սահմանվում է սույն օրենսգրքով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, եթե մատուցվել են անհատույց կամ շուկայական արժեքից պակաս գնով կամ ձեռք են բերվել մինչև նախընտրական հիմնադրամի ձևավորումը, ապա իրենց շուկայական արժեքով ներառվում են նախընտրական հիմնադրամի ծախսերում:
3. Եթե Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշվում է, որ նախընտրական քարոզչության համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով մատուցված ապրանքը կամ ծառայությունը շուկայական արժեքով չի ներառվել նախընտրական հիմնադրամի ծախսերում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ: Եթե հարուցված վարույթի արդյունքում հիմնավորվում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ կիրառվում է վարչական տույժ՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով:
4. Եթե հիմնավորվում է, որ Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ուղղություններով կատարված ծախսերի՝ սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարչական վարույթ, և եթե վարույթի արդյունքում հիմնավորվում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության եզրակացությամբ նշված տեղեկությունը, ապա Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ կիրառվում է վարչական տույժ հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի եռապատիկի չափով:
5. Եթե հիմնավորվում է, որ Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի նախընտրական քարոզչության համար կատարված ծախսերը գերազանցել են նախընտրական հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը, ապա ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում` պարտավորեցնելով Հանրա-պետության նախագահի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքին), համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին հիմնադրամի` սույն օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարը փոխանցել պետական բյուջե:
6. Սույն հոդվածով սահմանված գումարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո` 5-օրյա ժամկետում, պետական բյուջե չփոխանցելու կամ նույն ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը դատական կարգով չբողոքարկելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված գումարը գանձում է դատական կարգով:
7. Նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
8. Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների դիմումի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տալիս հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո, բայց մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար:
9. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռամսյա ժամկետում, Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
10. Ընտրությունները չկայացած ճանաչվելու կամ ընտրություններն անվավեր ճանաչվելու և նոր հերթական կամ նոր ընտրություններ նշանակվելու դեպքերում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր հերթական կամ նոր ընտրությունների համար Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) թեկնածուների ընտրական ցուցակների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների գրանցումը: Նոր հերթական կամ նոր ընտրությունների դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները:
11. Նոր հերթական կամ նոր ընտրություններին չմասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները եռամսյա ժամկետում Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների հայեցողությամբ օգտագործվում են բարեգործական նպատակներով: Եռամսյա ժամկետը լրանալուց հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
12. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև Հանրապետության նախագահի ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում:
Հոդված 28. |
Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ: Հայտարարագրին կցվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ՝ տպագիր նյութերի) պատրաստման համար կնքված պայմանագրերը, ինչպես նաև կատարված վճարումները հավաստող փաստաթղթերը: Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող թեկնածուն, Հանրապետության նախագահի թեկնածություն առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար` սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց՝ հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:
3. Հայտարարագրում նշվում են`
1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ժամանակագրությունը, մուծված գումարի չափը.
2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր ծառայության, գույքի, ապրանքի ձեռքբերման համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.
3) հիմնադրամում մնացած գումարի չափը:
4. Հանրապետության նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացրած հայտարարագրերը եռօրյա ժամկետում տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:
Հոդված 29. |
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը |
1. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողություն: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը գործում է ընտրական հանձնաժողովներից անկախ և հաշվետու չէ նրանց:
2. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, ծառայության մյուս աշխատակիցը քաղաքացիական ծառայող է: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշանակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ 5 տարի ժամկետով: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
3. Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի և դրանց հաշվարկման նկատմամբ թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով համապետական ընտրությունները նշանակվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում կարող է նշանակել Արցախի Հանրապետությունում աուդիտորի որակավորում ստացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի։ Ազգային ժողովի խմբակցությունների` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները վարձատրվում են 2 ամսվա համար, յուրաքանչյուր ամսվա համար՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի եռապատիկի չափով։ Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 5-րդ օրը:
4. Համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ժամանակ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում մինչև մեկ ամիս ժամկետով պայմանագրային հիմունքներով կարող են ընդգրկվել մինչև 3 մասնագետ:
5. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ստանալուց հետո` 7 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ընտրության արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ ստուգում, ստուգման արդյունքներով կազմում է եզրակացություն և ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այն անհապաղ հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Եզրակացության մեջ խախտումներ արձանագրված լինելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է քննարկել այն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այդ նիստին հրավիրվում է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ներկայացուցիչը:
6. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորություններն են՝
1) ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ այն բանկերից, որտեղ նախընտրական հիմնադրամներ ձևավորելու համար բացվել են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ.
2) բանկերից, կուսակցություններից և ապրանքներ մատակարարող, ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող այլ կազմակերպություններից ստանալ համապատասխան տեղեկություններ, տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ՝ կուսակցությանը վճարված անդամակցության վճարների, կուսակցությանը կատարված նվիրատվությունների, բյուջետային ֆինանսավորման, քաղաքացիական իրավական գործարքներից ստացված դրամական միջոցների և օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերի և ծախսերի վերաբերյալ.
3) իր գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ նախապատրաստել որոշումների նախագծեր և դրանք ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը։
7. Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` սույն օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 6
ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հոդված 30. |
Դիտորդական առաքելության իրավունքը |
1. Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն`
1) միջազգային կազմակերպությունները.
2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.
3) Արցախի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին:
2. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ Արցախի Հանրապետության քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող: Սույն մասում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն`
1) Հանրապետության նախագահը.
2) Ազգային ժողովի նախագահը.
3) Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների` ընտրությունների վերաբերյալ զեկույցները տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:
Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների վկայականների տրամադրումը |
1. Սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:
2. Հավատարմագրվելու կամ հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարելու համար դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդներին տրվող վկայականներն այդ կազմակերպություններին հանձնում է դիմումն ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:
5. Դիտորդի կողմից Հանրապետության նախագահի որևէ թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի որևէ թեկնածուի, համայնքի ավագանու անդամի որևէ թեկնածուի աջակցելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն, ինչպես նաև Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլ չեն նշանակվել: Վերաքվեարկություն, ինչպես նաև Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի դեպքերում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում:
7. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ: Հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն այդ զանգվածային լրատվության միջոցին է հանձնում դիմումն ստանալուց հետո՝ 12 օրվա ընթացքում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը, եթե այն չի բավարարում սույն հոդվածի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին: Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից:
8. Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականների ձևերը և դրանց լրացման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հոդված 32. |
Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք ունեն`
1) ներկա գտնվելու ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում՝ չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը.
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին.
3) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
4) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին, չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների): Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է.
5) ազատ տեղաշարժվելու քվեարկության սենյակում՝ քվեաթերթիկների, ընտրողների ցուցակների ու քվեատուփի (քվեատուփերի) դիտարկման համար.
6) հրապարակայնորեն, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով հայտնելու կարծիք, անելու հայտարարություն՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ.
7) օգտվելու սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներից:
2. Դիտորդն իր իրավունքներն իրականացնելիս պարտավոր է լինել անկողմնակալ, չեզոք, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել իշխանության կամ ընդդիմության, Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների հետ կապված որևէ հարցի նկատմամբ: Դիտորդներն իրենց անձնական դիտարկումները կարող են ներկայացնել ընտրական հանձնաժողովներին դիտորդական առաքելության զեկույցի միջոցով: Դիտորդների բոլոր եզրահանգումների համար պետք է հիմք հանդիսանան իրենց անձնական դիտարկումները:
3. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչն իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, ներկայացնելու պահանջներ:
4. Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում՝ ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում՝ քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար: Դիտորդը, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, պարտավոր են ընտրական հանձնաժողովում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար պարտադիր կարգով տեսանելի ձևով կրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված սահմանված նմուշի վկայականը:
5. Դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին դուրս հանելու տեղամասային կենտրոնից կամ որևէ այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ մասով և 65-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի: Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին տեղամասային կենտրոնից կամ ընտրական հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:
Հոդված 33. |
Վստահված անձի կարգավիճակը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները՝ գրանցվելուց, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)՝ ընտրական ցուցակների գրանցումից հետո, ընտրական հանձնաժողովներում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում իրենց շահերը պաշտպանելու նպատակով կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:
2. Հանրապետության նախագահի թեկնածուներին, համայնքի ղեկավարի թեկնածուներին, համայնքի ավագանու անդամի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները գրանցելուց հետո` 5-օրյա ժամկետում, գրանցում իրականացրած ընտրական հանձնաժողովը Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցչին տալիս է կազմավորված ընտրական տեղամասերի թվի եռապատիկին հավասար թվով վստահված անձանց վկայականներ: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի անունը, հայրանունը, ազգանունը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը: Հանրապետության նախագահի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը, համայնքի ղեկավարի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, համայնքի ավագանու անդամի թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը վկայականները լրացնում և տրամադրում է (տրամադրում են) վստահված անձանց:
3. Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները:
Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները |
1. Վստահված անձն իրավունք ունի՝
1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.
2) ծանոթանալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին և ինքնուրույն կատարելու քաղվածքներ, ստանալու պատճեններ այն փաստաթղթերից, որոնք տեղադրված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, ծանոթանալու տեղամասային ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին (բացառությամբ քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), դատարանի համապատասխան վճիռներին, ընտրողին տրամադրած լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքին, ինչպես նաև քվեարկված քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, չմիջամտելով ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և չխաթարելով քվեարկության ընթացքը՝ ինքնուրույն կատարելու քաղվածքներ և նշումներ ընտրական փաստաթղթերից (բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից: Քվեարկության ընթացքում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից քաղվածքներ և նշումներ կատարելն արգելվում է.
4) սույն օրենսգրքով սահմանված կարգով և դեպքերում բողոքարկելու ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.
5) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և հաշվարկման գործընթացներին.
6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկ հատկացնող և քվեաթերթիկ կնքող անդամների, քվեատուփը հսկող անդամի (քվեատուփերը հսկող անդամների) կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.
7) ընտրական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնելու դիտարկումներ և առաջարկություններ.
8) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ իրավունքներ:
2. Վստահված անձն իր իրավունքներն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով: Վստահված անձինք իրավունք չունեն միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, ընտրական հանձնաժողովի անդամներին տալու ցուցումներ, միջամտելու քվեարկության ընթացքին:
3. Ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել Հանրապետության նախագահի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ վստահված անձ, համայնքի ղեկավարի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ, համայնքի ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ: Վստահված անձինք պարտավոր են գրանցվել ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում՝ ընտրական հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում ներկա գտնվելու համար:
4. Վստահված անձի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) վստահված անձին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ այլ կերպ նրան մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրա կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքերի, որոնք էապես խաթարում են ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է վստահված անձին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Հանձնաժողովի նախագահի կողմից վստահված անձին տեղամասային կենտրոնից կամ հանձնաժողովի նիստերից դուրս հրավիրելու դեպքում ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում` նշելով պատճառները:
Հոդված 35. |
Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների լիազոր ներկայացուցիչների կարգավիճակը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), համայնքի ղեկավարի թեկնածուները, համայնքի ավագանու անդամի թեկնածուները իրավունք ունեն Հանրապետության նախագահի թեկնածուին, համայնքի ղեկավարի թեկնածուին, համայնքի ավագանու անդամի թեկնածուին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովում նշանակելու մինչև 2 լիազոր ներկայացուցիչ:
2. Լիազոր ներկայացուցիչ կարող են լինել միայն ընտրական իրավունք ունեցող անձինք:
3. Լիազոր ներկայացուցչին տրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված նմուշի վկայական:
4. Լիազոր ներկայացուցիչն իրավունք ունի՝
1) ծանոթանալու համապատասխան ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին.
2) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու համապատասխան ընտրական հանձնաժողովի նիստերին:
5. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները կարող է ցանկացած պահի դադարեցնել նրան նշանակողը:
6. Լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքներով վերջնական որոշման հրապարակման պահից 7 օր հետո:
7. Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազոր ներկայացուցչի լիազորությունները դադարում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը:
Բ Ա Ժ Ի Ն 2
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 7
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ:
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 36. |
Ընտրական հանձնաժողովների համակարգը, կարգավիճակը և գործունեության կարգը |
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:
2. Արցախի Հանրապետության յուրաքանչյուր շրջանում և շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքում կազմավորվում է մեկական տարածքային ընտրական հանձնաժողով, որի նստավայրը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Եթե ընտրատարածքն ընդգրկում է մեկից ավելի շրջանների համայնքներ, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 65 օր առաջ որոշում է այն տարածքային ընտրական հանձնաժողովին, որին լիազորություն է վերապահվում տվյալ համայնքում ընտրությունների կազմակերպումը և անցկացումը: Ստեփանակերտ քաղաքում, որի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ընտրությունների կազմակերպման և անցկացման լիազորությունը վերապահվում է Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովին:
4. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են: Նրանց գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է:
5. Ընտրական հանձնաժողովներն իրենց լիազորություններն իրականացնում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տարածքային ընտրական հանձնաժողովներին անհատույց ապահովում են անհրաժեշտ աշխատանքային տարածքներով և գույքով, աջակցում հանձնաժողովներին՝ նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:
Հոդված 37. |
Ընտրական հանձնաժողովների գործառույթները |
1. Ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումը և պաշտպանությունը:
Հոդված 38. |
Ընտրական հանձնաժողովների ակտերը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և անհատական իրավական ակտեր, իսկ տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները` անհատական իրավական ակտեր: Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները կարող են ընդունել անհատական իրավական ակտեր:
2. Ընտրական հանձնաժողովների իրավական ակտերը՝ ընդունված իրենց լիազորությունների շրջանակում, ենթակա են պարտադիր կատարման:
Հոդված 39. |
Ընտրական հանձնաժողովների անդամների կարգավիճակը |
1. Ընտրական հանձնաժողովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին:
2. Ընտրական հանձնաժողովների անդամներն ազատվում են վարժական հավաքից և զինվորական վարժանքից: Համապետական ընտրությունների ժամանակահատվածում ընտրական հանձնաժողովների անդամները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ ընտրության ավարտից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն ազատվում են նաև զորահավաքից:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ հանձնաժողովի անդամը չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներն աշխատում են մշտական հիմունքներով և չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:
6. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:
7. Ընտրական հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն նախապես ծանոթանալու հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին, ելույթներ ունենալու հանձնաժողովի նիստերում, ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն, նիստի մասնակիցներին տալու հարցեր և ստանալու պատասխաններ:
8. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են կատարել հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները:
9. Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամներն այդ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ համապատասխանաբար պարտավոր են կամ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ստորադաս ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության օրը՝ ներկա գտնվել քվեարկության սենյակում:
10. Տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների իրականացման նպատակով սեփական նախաձեռնությամբ ազատվում են ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելուց:
11. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները, ինչպես նաև մասնակցել ընտրական հանձնաժողովի անդամների համար կազմակերպվող մասնագիտական դասընթացներին, որը չի համարվում աշխատանքից անհարգելի բացակայություն:
12. Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:
Հոդված 40. |
Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը, ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը |
1. Ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով և սույն հոդվածով սահմանված կարգով: Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ նաև արտաբյուջետային հաշիվ:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների (բացառությամբ քաղաքացիական և հայեցողական պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց) վրա տարածվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով նախատեսված` պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառելի դրույթները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին, բացառությամբ համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածից (60 օր), տրվում է ամենամսյա դրամական փոխհատուցում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն ամսական աշխատավարձ) 30 տոկոսի չափով: Համապետական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածի գործունեության յուրաքանչյուր ամսվա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի 2,5-ապատիկի չափով:
3. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի 40 տոկոսի չափով: Համապետական կամ Արցախի Հանրապետության շրջանի միաժամանակ 3 և ավելի համայնքներում (եթե սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված առաջին և վերջին ընտրությունների անցկացման օրերի միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում 30 օրը) կամ 1000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և տարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղարին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի 1,5-ապատիկի, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամին՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
4. Մինչև 1000 ընտրող ունեցող տեղամասի դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի 80 տոկոսի, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարին՝ 50 տոկոսի, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին՝ 30 տոկոսի չափով: 1000 և (կամ) ավելի ընտրող ունեցող տեղամասի դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի չափով, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին և տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարին՝ նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին՝ 40 տոկոսի չափով:
5. Ընտրական հանձնաժողովների անդամներին, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ նախադասությամբ սահմանված դեպքի, դրամական փոխհատուցում տրվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
6. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում ընտրական հանձնաժողովների նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին լրացուցիչ դրամական փոխհատուցում չի տրվում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին կամ անդամին դրամական փոխհատուցում չի տրվում, եթե նա չի ստորագրել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունը, կամ եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:
7. Համապետական ընտրությունների դեպքում ընտրությունների անցկացման ժամանակահատվածի մեկ ամսվա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը կրկնապատկվում են: Սույն մասով սահմանված ժամանակահատվածի համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի տարբերությունը նախատեսվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ծախսերում:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում առկա միջոցների մինչև 30 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված նախահաշվին համապատասխան, կարող է օգտագործվել ընտրական վարչարարության փորձի ուսումնասիրման, ընտրական վարչարարության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման, ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրական գրավների հատուկ հաշվեհամարում մնացած մյուս միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ կարող են օգտագործվել ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինման և ընտրական օրենսդրությանը վերաբերող նյութերի պատրաստման և հրատարակման համար:
Գ Լ ՈՒ Խ 8
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 41. |
Ընտրական հանձնաժողովներ կազմավորելու հիմունքները |
1. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի՝ համապատասխանաբար 42-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին համապատասխանող ընտրական իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիները:
2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Քրեական օրենսգրքի 147-158.2-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների, դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորները, Արցախի Հանրապետության պետական նախարարը, նախարարները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու համայնքի ավագանու անդամները, շրջանների վարչակազմերի ղեկավարները (Ստեփանակերտի քաղաքապետը) և նրանց տեղակալները, դատավորները, դատախազները, քննչական կոմիտեում ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման, արտակարգ իրավիճակների պետական ծառայություններում ծառայողները, զինծառայողները, վստահված անձինք, Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, Հանրապետության նախագահի, համայնքի ղեկավարի, համայնքի ավագանու անդամի թեկնածուները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ընտրական իրավունք ունեցող և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական ունեցող անձինք, բացառությամբ Արցախի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացնում է այդ հանձնաժողովների անդամների ուսուցումը:
5. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կազմակերպում և անցկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր սահմանած կարգին համապատասխան: Դասընթացները կազմակերպվում են Ստեփանակերտ քաղաքում և Արցախի Հանրապետության շրջաններում` Արցախի Հանրապետության քաղաքացիների դիմումների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացրած ցուցակների հիման վրա: Ներկայացված ցուցակներում ընդգրկված, ինչպես նաև դիմում ներկայացրած անձինք մասնակցում են մասնագիտական դասընթացներին՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես հրապարակված գրաֆիկին (օր, ժամ, վայր) համապատասխան: Որակավորման վկայականները տրվում են ստուգարքի հիման վրա:
6. Արցախի Հանրապետության քաղաքացին միաժամանակ կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:
7. Ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Հոդված 42. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`
1) Հանրապետության նախագահի նշանակած 3 անդամից.
2) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշմամբ, իսկ կուսակցության դաշինքի դեպքում՝ կուսակցության դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված 1-ական անդամից: Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և դաշինքների թիվը չի գերազանցում 3-ը, ապա յուրաքանչյուր կուսակցություն և կուսակցությունների դաշինք նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2-ական անդամ: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում, սույն կետի 1-ին և 2-րդ նախադասությունների պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց և մարմիններին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ: Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանին հաջորդող հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո՝ 60-րդ օրը: Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Եթե մինչև նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման վերջին օրը, սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության նախագահը:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է լիազորությունները վաղաժամկետ դադարած կամ դադարեցված անդամի պաշտոնավարման համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց և մարմինների առաջարկությունների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, սահմանվում է Հանրապետության նախագահի հրամանագրով:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում` գաղտնի քվեարկությամբ:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը քվեարկությամբ ընտրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին, և կարող է ընթանալ մինչև նույն օրվա ժամը 24:00-ն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:
8. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում` եռօրյա ժամկետում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է Հանրապետության նախագահը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:
Հոդված 43. |
Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
|
|
1. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով: Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից 15 օր հետո: Տարածքային ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը: Եթե մինչև տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սույն մասով սահմանված կարգով տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման` սույն հոդվածով սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում:
3. Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների տեղակալներին և տարածքային ընտրական հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով, տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, տարածքային ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Նիստը հրավիրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է տարածքային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
5. Սահմանված կարգով և ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից` եռօրյա ժամկետում:
Հոդված 44. |
Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով` 7-օրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության օրը` ժամը 08:00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թիվը 2/3-ից պակաս լինելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին: Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած անձանց թվից նշանակում է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը կայանում է տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, տեղամասային կենտրոնում: Նիստը հրավիրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
6. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ և տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար:
7. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահների տեղակալների և տեղամասային ընտրական հանձնաժողովների քարտուղարների ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:
8. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից:
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 5 օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից 5 օր հետո:
10. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում: Այս դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 45. |
Ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալին, ընտրական հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը |
1. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ, եթե պատշաճ չեն իրականացնում իրենց վերապահված լիազորությունները:
2. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ կարող են պաշտոնանկ արվել միայն, եթե քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ցուցաբերում են ակնհայտ անգործություն, որի հետևանքով կարող է վտանգվել քվեարկության նախապատրաստումը կամ քվեարկության բնականոն ընթացքը կամ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղար նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովի այլ անդամներից:
4. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`
1) եթե նա չունի հանձնաժողովում նշանակվելու իրավունք.
2) եթե դատապարտվել է Քրեական օրենսգրքի 147-158.2-րդ հոդվածներով, կամ նրա նկատմամբ որպես պատիժ կիրառվել է կալանք կամ ազատազրկում.
3) եթե ներկայացրել է հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Այդ դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը ներկայացնում է Հանրապետության նախագահին, իսկ մյուս հանձնաժողովների անդամները` վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահին.
4) եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարը ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Նման դիմում կարող է ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ մինչև ժամը 18:00-ն` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին.
5) եթե զորակոչվել է.
6) եթե նա մահացել է.
7) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի դեպքում արձանագրում է Հանրապետության նախագահը, իսկ մյուս հանձնաժողովների անդամների դեպքում` վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը:
6. Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ` վարչական դատարան) կարող է վաղաժամկետ դադարեցնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները` սույն օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում: Նման պահանջով վարչական դատարան դիմելու իրավունք ունի Հանրապետության նախագահը: Վարչական դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները` սույն օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում: Նման պահանջով վարչական դատարան դիմելու իրավունք ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ կարող է վաղաժամկետ դադարեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները` սույն օրենսգրքի դրույթները խախտելու դեպքում: Նման պահանջով տարածքային ընտրական հանձնաժողով կարող է դիմել տեղամասային ընտրական հանձնաժողովում նրան նշանակած տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրան առաջարկած տարածքային ընտրական հանձնաժողովի անդամը: Սույն մասով սահմանված կարգը Կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության հիմքով կարող է գործադրվել, եթե հանձնաժողովի անդամը 3 օրացուցային ամսվա ընթացքում ունի 3 կամ ավելի անհարգելի բացակայություն հերթական նիստերից: Սույն մասով սահմանված կարգը տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության հիմքով չի կիրառվում:
7. Երեք օրացուցային ամսվա ընթացքում Կենտրոնական կամ տարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից 3 կամ ավելի անհարգելի բացակայության դեպքում այդ հանձնաժողովն իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնելու հանձնաժողովի անդամի լիազորությունները:
Հոդված 46. |
Ընտրական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը |
|
|
1. Ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
2. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները սահմանում են հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները հերթական նիստեր գումարում են սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
3. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում՝ այդ մասին կապի հնարավոր միջոցներով տեղեկացնելով հանձնաժողովի անդամներին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:
4. Ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի: Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ հերթական նիստերն իրավազոր են` անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են հանձնաժողովի` նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:
5. Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը: Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների թվից: Համապետական ընտրությունների ժամանակահատվածում հերթական նիս-տերի իրավազորության վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությամբ և սույն մասի 3-րդ նախադասությամբ սահմանված դրույթները չեն տարածվում հանձնաժողովների նախագահ, նախագահի տեղակալ և հանձնաժողովի քարտուղար ընտրելու դեպքերի վրա: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում, հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող է ներկայացնել Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում:
6. Ընտրության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Ընտրական հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով` վերադաս հանձնաժողովի կնքած գործավարության մատյան (այսուհետ` գրանցամատյան): Գրանցամատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև այն լրացնելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
8. Գրանցամատյանում նշվում է նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցության մասին: Այդ գրառման տակ ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:
9. Ընտրական հանձնաժողովների անդամները, հանձնաժողովի նիստին (ներառյալ` քվեարկության օրը` քվեարկության սենյակում) ներկա լինելու իրավունք ունեցող անձինք (բացառությամբ քվեարկողների և տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների) վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (ընտրական տեղամասում):
10. Ընտրական հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել հանձնաժողովի նիստերին:
11. Ընտրական հանձնաժողովների որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանների գրառումների պատճենները և քաղվածքները (բացառությամբ վերահաշվարկի ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներից քաղվածքների) կնքում և ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը:
Հոդված 47. |
Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի առանձնահատկությունները |
1. Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին համապատասխան, սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով և ժամկետներում:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում դիմումի կամ բողոքի (այսուհետ` դիմում) քննարկման մասին դիմումատուն կամ բողոք ներկայացնողը (այսուհետ` դիմումատու) ծանուցվում է դիմումի քննարկման օրվա և ժամի մասին: Եթե դիմումում նշված է էլեկտրոնային կապի որևէ միջոց` հեռախոսահամար, էլեկտրոնային փոստային հասցե (այսուհետ` էլեկտրոնային կապի միջոց), ապա դիմումատուն տեղեկացվում է այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Տարածքային ընտրական հանձնաժողովում դիմումի քննարկման մասին դիմումատուն համարվում է ծանուցված դիմումի քննարկման օրվա և ժամի մասին տարածքային ընտրական հանձնաժողովում բոլորի համար տեսանելի տեղում ծանուցում փակցնելու միջոցով, իսկ եթե դիմումում նշված է հեռախոսահամար, ապա դիմումատուն տեղեկացվում է նաև այդ միջոցով, ըստ հնարավորության` նաև կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
3. Վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի կազմին կամ հանձնաժողովի անդամին վարույթի մասնակիցները չեն կարող բացարկ հայտնել, իսկ վարչական վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովի անդամն ինքնաբացարկ հայտնելու իրավունք չունի:
4. Ընտրությունների ժամանակահատվածում, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, վարչական վարույթի մասնակիցները վարչական վարույթի նյութերին ծանոթանում են վարույթն իրականացնող ընտրական հանձնաժողովում` այդ վարույթով հրավիրված նիստից առաջ: Հանձնաժողովի նիստը համառոտ արձանագրվում է:
5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում սույն օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում:
6. Տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից: Տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած վարչական ակտը փակցվում է տարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում, ակտն ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
7. Ընտրական հանձնաժողովի վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է վարչական վարույթի մասնակիցներին` առաքման անդորրագիրը կցելով գործին, եթե այդ ակտը վարույթի մասնակիցները հանձնաժողովում չեն ստացել: Եթե դիմումը ներկայացվել է 1-ից ավելի դիմումատուների կողմից համատեղ, ապա ընդունված վարչական ակտն ուղարկվում է դիմումում առաջինը նշված դիմումատուին:
8. Ընտրությունների ժամանակահատվածում վարչական վարույթը չի կասեցվում:
Հոդված 48. |
Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելը |
1. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) բողոքարկվել է և՛ վարչական, և՛ դատական կարգով, ապա վարչական վարույթը կարճվում է:
2. Դատական կարգով ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու կարգը սահմանվում է Վարչական դատավարության օրենսգրքով և «Սահմանադրական դատավարության մասին» օրենքով:
3. Ընտրական հանձնաժողովի որոշումը, գործողությունը (անգործությունը) կարող է բողոքարկել`
1) յուրաքանչյուր ոք, ով գտնում է, որ խախտվել կամ կարող է խախտվել իր՝ սույն օրենսգրքով սահմանված սուբյեկտիվ ընտրական իրավունքը.
2) վստահված անձը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
3) դիտորդը, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
4) զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը.
5) Հանրապետության նախագահի թեկնածուի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ թեկնածուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը, եթե գտնում է, որ խախտվել է իր կամ իր վստահորդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքը։
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները, բացառությամբ սույն մասի 3-րդ նախադասությամբ նախատեսված դեպքի, ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` 2 օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն մասի 1-ին նախադասությամբ նշված բողոքները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 09:00-ից մինչև 19:00-ն: Քվեարկության օրվա ընթացքում կամ քվեարկության հաջորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` քվեարկության օրը ժամը 08:00-ից մինչև ժամը 22:00-ն, կամ քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 09:00-ից մինչև ժամը 11:00-ն:
5. Ընտրությունների արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան: Տարածքային ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին: Սույն մասում նշված բողոքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել աշխատանքային օրերին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, իսկ քվեարկության նախորդ օրը` ժամը 09:00-ից մինչև 19:00-ն, քվեարկության օրը՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 22:00-ն, քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն: Եթե օրացուցային 3-րդ օրը լրանում է ոչ աշխատանքային օրը, բացառությամբ քվեարկության նախորդ, քվեարկության կամ քվեարկության հաջորդ օրերի, ապա բողոքը կարող է ներկայացվել հաջորդ աշխատանքային օրը` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն:
6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` համապետական ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Արցախի Հանրապետության Գերագույն դատարան (այսուհետ՝ Գերագույն դատարան): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) կարող են բողոքարկվել վարչական դատարան:
7. Տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովներն ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը, ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են 5-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև քվեարկության սկիզբը: Քվեարկության օրվանից սկսած՝ մինչև արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ՝ ժամը 18:00-ն, ստացված դիմումներին տարածքային և Կենտրոնական ընտրական հանձնաժողովները պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ ընդունում են մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, իսկ համապետական ընտրությունների ժամանակ՝ տարածքային ընտրական հանձնաժողովը` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից մեկ օր առաջ:
8. Սույն հոդվածի 9-15-րդ մասերով սահմանված են բացառություններ սույն հոդվածի 1-7-րդ մասերով սահմանված նորմերից:
9. Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել համապատասխանաբար միայն Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը):
10. Համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել համապատասխանաբար համայնքի ղեկավարի թեկնածուն, համայնքի ավագանու անդամի թեկնածուն:
11. Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել միայն գրանցումն իրականացրած ընտրական հանձնաժողով: Դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն: Գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումը ընտրական հանձնաժողովը քննարկում և դրա վերաբերյալ որոշում է ընդունում դիմումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12:00-ն։ Սույն մասի 3-րդ նախադասությամբ նշված որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան 3 օրացուցային օրվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ խախտման մասին, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ն: Վարչական դատարանը որոշում է կայացնում 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։
12. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն`
1) Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի թեկնածուն, համայնքի ավագանու անդամի թեկնածուն.
2) վստահված անձը, եթե քվեարկության օրը ներկա է գտնվել քվեարկության սենյակում կամ ներկա է գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփման նիստին.
3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին:
13. Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում իրավունք ունեն ներկայացնելու Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը), համայնքի ղեկավարի թեկնածուն, համայնքի ավագանու անդամի թեկնածուն:
14. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով իրավասու անձի կողմից` քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կամ քվեարկությունից հետո 2-րդ օրը` ժամը 09:00-ից մինչև ժամը 11:00-ն: Եթե դիմումի քննարկման արդյունքով տարածքային ընտրական հանձնաժողովը հանգում է այն եզրակացության, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին էապես ազդել քվեարկության արդյունքների վրա, և եթե հնարավոր չէ պարզել քվեարկության իրական արդյունքները, ապա տարածքային ընտրական հանձնաժողովն այդ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչում: Այդ դեպքում նյութերն ուղարկվում են Արցախի Հանրապետության դատախազություն:
15. Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում ընտրությունների արդյունքներն ամփոփող ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել ընտրության արդյունքներն ամփոփելու համար սույն օրենսգրքով սահմանված համապատասխան ժամկետից առնվազն 2 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն: Ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումների քննարկումը կատարվում է ընտրությունների արդյունքների ամփոփման շրջանակում, և դրանց վերաբերյալ առանձին որոշում չի կայացվում:
Հոդված 49. |
Դիմումներին ներկայացվող պահանջները: Ընտրական հանձնաժողովներում դիմումների քննարկման կարգը: Ապացուցման բեռը |
1. Ընտրական հանձնաժողովներ ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի դիմողի կողմից, ներառի նրա անունը, ազգանունը, դիմողի հասցեն, տրման ամսաթիվը: Դիմումը կարող է ներառել նաև դիմումատուի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն: Դիմումում պետք է սահմանված լինի դիմումատուի պահանջը, բերված լինեն դիմումատուի հիմնավորումները: Հնարավոր ապացույցները պետք է կցված լինեն դիմումին: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաև օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիր: Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, ընտրական հանձնաժողովի անդամի, լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված դիմումներին կից պետք է ներկայացվի դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (սահմանված նմուշի վկայականի) պատճենը: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չներառող կամ կեղծ տվյալներ ներառող դիմումները, իրավունքի չարաշահմամբ ներկայացված դիմումները, ոչ իրավասու անձի կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև սույն մասի 5-րդ նախադասությամբ սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում, և ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին: Այդ դեպքում ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարչական վարույթ:
2. Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին, կամ դիմողին հնարավորություն է ընձեռում շտկելու այդ սխալները` սահմանելով ողջամիտ ժամկետ: Եթե դիմումին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը համալրման համար սահմանում է ողջամիտ ժամկետ: Նշված ժամկետում սխալները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում, և ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին: Այդ դեպքում ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ իրականացնելու վարչական վարույթ:
3. Դիմողը դիմումը հասցեագրում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Եթե դիմում տալու համար սույն օրենսգրքով նախատեսված է վերջնաժամկետ, ապա դիմումը համարվում է պատշաճ ժամկետում ներկայացված, եթե այն մինչև վերջնաժամկետը մուտքագրվել է համապատասխան ընտրական հանձնաժողով: Ոչ իրավասու ընտրական հանձնաժողով ներկայացված դիմումները կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում և գրությամբ վերադարձվում են դիմումատուին` նշելով պատճառը:
4. Հանձնաժողովի նախագահը պատշաճ ժամկետում ներկայացված դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին, իսկ դիմումի պատճենը տրամադրվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Դիմումում բարձրացված հարցերն ուսումնասիրում են հանձնաժողովի անդամները: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի դիմումի վերաբերյալ որոշման նախագիծ ներկայացնելու` հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու համար: Եթե հանձնաժողովի որևէ անդամ վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման նախագիծ չի ներկայացնում, ապա վարչական վարույթը համարվում է հարուցված: Վարչական վարույթի հարուցումը մերժելու դեպքում դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ:
5. Վարչական վարույթի հարուցման դեպքում դիմումատուն իրավունք ունի մասնակցելու հանձնաժողովի նիստում իր դիմումի քննարկմանը, ներկայացնելու հիմնավորումներ, ունենալու ելույթ:
6. Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) վերադաս ընտրական հանձնաժողով բողոքարկելու դեպքում բողոք ներկայացնող կողմը կրում է իր ներկայացրած փաստական հանգամանքների ապացուցման բեռը, իսկ ընտրական հանձնաժողովը` իր կայացրած որոշման հիմքում ընկած փաստական հանգամանքների ապացուցման բեռը: Բողոքը քննող ընտրական հանձնաժողովն ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել: Սույն մասով սահմանված կանոնները վերաբերում են նաև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներին:
7. Տեղեկատվություն ստանալու մասին դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ: Եթե պահանջվող տեղեկատվությունը կամ փաստաթղթի օրինակը տեղադրված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում, ապա այդ մասին տեղեկացվում է դիմողը, և նրան դրանցից պատճեններ կամ քաղվածքներ չեն տրամադրվում:
8. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ: Նման դեպքերում առանձին ակտի տեսքով որոշումների ընդունումը պարտադիր չէ:
Հոդված 50. |
Քվեարկության արդյունքների վերահաշվարկը |
1. Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի թեկնածուն, համայնքի ավագանու անդամի թեկնածուն, Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի), համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի վստահված անձը, եթե նրանք ներկա են եղել ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփմանը, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը` ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունում քվեարկության արդյունքների ամփոփման կարգի վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու մասին գրառում կատարելու դեպքում, իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու տվյալ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները` տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին (այսուհետ` վերահաշվարկ) դիմում: Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կամ քվեարկությունից հետո 2-րդ օրը` ժամը 09:00-ից մինչև ժամը 11:00-ն:
2. Վերահաշվարկի դիմումը պետք է ներառի դիմողի անունը, ազգանունը, դիմողի հասցեն և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել: Դիմումին կարող են կցվել քվեարկության արդյունքների սխալ ամփոփման ապացույցներ: Վերահաշվարկի դիմումը պետք է ստորագրված լինի դիմումատուի կողմից:
3. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի արձանագրությունում կատարել է հատուկ կարծիք ունենալու մասին գրառում:
4. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի համար ներկայացվում է առանձին դիմում:
5. Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի դիմումները գրառում է գրանցամատյանում` նշելով ստացման ժամանակը:
6. Վերահաշվարկի աշխատանքներն սկսվում են վերահաշվարկի դիմումների ընդունման համար սահմանված վերջնաժամկետի օրը` ժամը 14:00-ից, և դադարեցվում են քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը՝ ժամը 14:00-ին (այսուհետ` վերահաշվարկի վերջնաժամկետ): Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի` ժամը 09:00-ից (բացառությամբ սույն մասով սահմանված դեպքի) մինչև ժամը 18:00-ն: Ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը ժամը 18:00-ից հետո, եթե չի ավարտել ընտրական տեղամասի՝ արդեն սկսած վերահաշվարկը, ինչպես նաև այն դեպքերում, եթե մինչև ժամը 18:00-ն աշխատելու պայմաններում մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը հնարավոր չէ ավարտել սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ առաջին հերթին իրականացվող ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկը:
7. Տարածքային ընտրական հանձնաժողովն առաջին հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի կարծիքով ներկայացված են քվեարկության արդյունքների սխալ ամփոփման հիմնավոր ապացույցներ, ինչպես նաև վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց արձանագրությունների ուսումնասիրմամբ (այդ թվում` անճշտությունների ուսումնասիրմամբ) տարածքային ընտրական հանձնաժողովում ծագել են արդյունքների սխալ ամփոփման վերաբերյալ կասկածներ: Տարածքային ընտրական հանձնաժողովը 2-րդ հերթին վերահաշվարկում է բոլոր այն ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, որոնց վերաբերյալ ներկայացվել է վերահաշվարկի դիմում: Յուրաքանչյուր հերթի համար տարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ է վերահաշվարկելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները:
8. Եթե սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է մինչև վերահաշվարկի վերջնաժամկետը, կամ այդպիսիք չեն եղել, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի առկա դիմումների հիման վրա վիճակահանությամբ որոշում է, թե ինչ հերթականությամբ են վերահաշվարկելու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները:
9. Դիմողի՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկից հրաժարվելը հիմք չէ վերահաշվարկ չիրականացնելու համար:
10. Վերահաշվարկն իրականացվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան: Վերահաշվարկ կատարելիս քվեաթերթիկի վավերականությունը որոշվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան: Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրամադրվում են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի արձանագրությունների պատճենները:
11. Կախված ծանրաբեռնվածությունից` տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կարող է իրականացնել հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով` զուգահեռ: Հանձնաժողովի առնվազն 3 անդամի կազմով վերահաշվարկ իրականացնելիս քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի համար սահմանված պարտականություններն իրականացնում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն այդ կազմում, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը:
12. Մեկ ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 4 ժամը:
13. Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները, ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի թեկնածուն, համայնքի ավագանու անդամի թեկնածուն:
14. Ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ Հանրապետության նախագահի թեկնածուն, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն, համայնքի ղեկավարի թեկնածուն, համայնքի ավագանու անդամի թեկնածուն, վստահված անձը և վերահաշվարկի դիմում ներկայացրած անձը այլ փաստաթղթերի հետ իրավունք ունեն ծանոթանալու ընտրողների ստորագրած ցուցակներին, ինքնուրույն կատարելու քաղվածքներ` առանց դրանք լուսապատճենահանելու, լուսանկարահանելու և տեսանկարահանելու իրավունքի: Վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել վերահաշվարկի աշխատանքները:
15. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:
16. Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի դրույթների խախտումով:
Գ Լ ՈՒ Խ 9
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 51. |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները |
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը`
1) վերահսկողություն է իրականացնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ.
2) ընդունում է իր և ստորադաս ընտրական հանձնաժողովների կանոնակարգերը.
3) կազմակերպում և անցկացնում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները, սահմանում դասընթացներ կազմակերպելու և որակավորում շնորհելու կարգը.
4) վերահսկողություն է իրականացնում սույն օրենսգրքի միատեսակ կիրառման նկատմամբ.
5) սահմանում է քվեաթերթիկների, արձանագրությունների և ընտրական այլ փաստաթղթերի ձևերը, նմուշները, դրանց լրացման և պահպանման կարգը, ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ ընտրական փաստաթղթերով.
6) սահմանում է Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.
7) իր լիազորությունների շրջանակներում ընդունում է որոշումներ, որոնք պարտադիր են կատարման Արցախի Հանրապետության ողջ տարածքում.
8) վերացնում, ուժը կորցրած, անվավեր կամ չեղյալ է ճանաչում ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.
9) լսում է ընտրական հանձնաժողովների և պետական մարմինների հաղորդումները ընտրությունների նախապատրաստման ու անցկացման մասին.
10) հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին.
11) գրանցում է Ազգային ժողովի ընտրված պատգամավորներին, Ազգային ժողովի պատգամավորներին տալիս է պատգամավորի վկայական.
12) ընդունում է սույն օրենսգրքով նախատեսված որոշումներ, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է ընտրական գործընթացների հետ կապված յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պարզաբանումներ այն դեպքերում, երբ համապատասխան գործառույթը վերապահված չէ պատասխանատու այլ մարմինների, ինչպես նաև ընտրական գործընթացները կանոնակարգելու նպատակով ընդունում է սույն օրենսգրքին չհակասող որոշումներ.
13) մշակում և հրապարակում է ուսումնական նյութեր՝ ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետների, Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վստահված անձանց, դիտորդների և ընտրողների համար.
14) սահմանում է ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը.
15) հաստատում է քվեատուփի (քվեատուփերի) նմուշը (չափսերը).
16) գրանցում է Հանրապետության նախագահի թեկնածուներին, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները, Հանրապետության նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.
17) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.
18) տալիս է սույն օրենսգրքի կատարումն ապահովող պարտադիր կատարման ենթակա հրահանգներ.
19) ուժը կորցրած է ճանաչում ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայականը, եթե համապատասխան որակավորման վկայական ստացած անձի կողմից խախտվել են սույն օրենսգրքի պահանջները.
20) սահմանում է քաղաքացիություն չունեցող ընտրողների անձը հաստատող այն փաստաթղթերի տեսակները, որոնք կարող են օգտագործվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ.
21) սահմանում է քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի տեսակները.
22) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
3. Համապետական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից որևէ մեկն ընտրությունների կազմակերպման և անցկացման, Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության վերաբերյալ հաղորդագրությամբ և առաջարկություններով հանդես է գալիս Ազգային ժողովում:
4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին՝ ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:
Հոդված 52. |
Տարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունները |
1. Տարածքային ընտրական հանձնաժողովը մշտական հիմունքներով գործող պետական մարմին է: Տարածքային ընտրական հանձնաժողովը`
1) վերահսկողություն է իրականացնում իր կողմից սպասարկվող տարածքում սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.
2) սահմանում է ընտրական տեղամասերի հերթական համարները` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.
3) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում Կենտրոնական ընտրական հանձնաժողով.
4) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության վերաբերյալ ստացված դիմումները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.
5) ըստ ընտրական տեղամասերի` տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հրապարակում է քվեարկության նախնական արդյունքները.
6) հետևում է ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք ընտրական տեղամասերում ներկայացնելուն.
7) վերահսկում է քվեարկության սենյակների` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան կահավորումը.
8) գրանցում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.
9) վերահսկողություն է իրականացնում տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի պահանջների կատարման նկատմամբ.
10) անվավեր է ճանաչում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները.
11) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 53. |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը`
1) կազմակերպում է ընտրությունների քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքներն ընտրական տեղամասում.
2) կազմում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրություն, արձանագրության օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում.
3) հանձնաժողովի կնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության 2 օրինակը, ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը (այսուհետ` ընդհանուր փաթեթ) և քվեատուփը (քվեատուփերը) ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողով.
4) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 54. |
Ընտրական փաստաթղթեր և այլ պարագաներ հանձնելը և ընդունելն ընտրական հանձնաժողովներում |
1. Ընտրական փաստաթղթերը և այլ պարագաները ընտրական հանձնաժողովներում հանձնվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրվելու և ստացական տալու միջոցով:
2. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեաթերթիկներ, ձևաթղթեր, այլ փաստաթղթեր, գրենական պիտույքներ և այլ պարագաներ, որոնց պահպանման պատասխանատուներն ընտրական հանձնաժողովների նախագահներն են:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո պահպանության են հանձնվում Արցախի Հանրապետության պետական արխիվ` սահմանված կարգով պահպանվելու համար:
Հոդված 55. |
Ընտրական հանձնաժողովների և ոստիկանության համագործակցությունը |
1. Ոստիկանությունը պարտավոր է ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ:
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 10
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 56. |
Քվեարկության տեղը և ժամանակը |
1. Քվեարկությունն անցկացվում է միայն Արցախի Հանրապետության տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Ժամը 20:00-ին քվեարկության սենյակում գտնվող, բայց դեռևս չքվեարկած ընտրողները քվեարկելու իրավունք ունեն:
2. Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների համար քվեարկությունը կազմակերպվում է ստացիոնար բժշկական հաստատությունում` շրջիկ արկղի (արկղերի) միջոցով: Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությունը կազմակերպվում է այն հաշվարկով, որ ավարտվի մինչև ժամը 18:00-ն:
Հոդված 57. |
Քվեարկության սենյակը |
1. Քվեարկությունն անցկացվում է այդ նպատակով կահավորված սենյակում` յուրաքանչյուր ընտրական տեղամասում մեկ սենյակ հաշվարկով:
2. Քվեարկության սենյակը պետք է լինի հնարավորինս ընդարձակ և բավարարի հետևյալ պահանջները.
1) հնարավորություն ընձեռի քվեարկության ողջ ընթացքում ապահովելու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց կանոնավոր աշխատանքը.
2) հնարավորություն ընձեռի տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց իրենց տեսադաշտում պահելու քվեատուփը (քվեատուփերը), քվեարկության խցիկները (պայմանով, որ չխախտվի քվեարկության գաղտնիությունը), քվեարկության խցիկներից մինչև քվեատուփը (քվեատուփերն) ընկած հատվածը:
3. Քվեարկության սենյակի կահավորումը պետք է ավարտվի քվեարկության նախորդ օրը` մինչև ժամը 24:00-ն:
Հոդված 58. |
Քվեարկության խցիկները |
1. Քվեարկության համար հատկացվում են խցիկներ` յուրաքանչյուր 750 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ խցիկ:
2. Քվեարկության խցիկը պատրաստվում է այնպես, որ ընտրողը կարողանա քվեարկության սենյակում գտնվող անձանցից գաղտնի քվեարկել, ունենա բավարար լուսավորվածություն, տեղադրված լինի գրիչ:
3. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորությամբ և այն դիրքով, որ ընտրողը քվեարկելիս լինի հանձնաժողովին դեմքով և թիկունքով՝ դեպի պատը:
Հոդված 59. |
Քվեաթերթիկը |
1. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որ ակնհայտ տարբերվեն միմյանցից: Միաժամանակ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար պատրաստվում են առանձին քվեաթերթիկներ, որոնք գույներով ակնհայտորեն տարբերվում են միմյանցից:
2. Քվեաթերթիկի նմուշը սահմանվում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին:
3. Քվեաթերթիկների տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. Հանրապետության նախագահի թեկնածուի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումները քվեաթերթիկում նշվում են ձախ կողմում, իսկ աջ կողմում նախատեսվում են դատարկ քառանկյուններ` քվեարկողի կողմից նշում կատարելու համար: Հանրապետության նախագահի թեկնածուների, համայնքի ղեկավարի թեկնածուների, համայնքի ավագանու անդամի թեկնածուների անունների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հերթականությունը որոշվում է վիճակահանությամբ:
5. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանվան տողի ներքևում նշվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում:
6. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10, և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ ընտրողների թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրած տեղեկանքի հիման վրա:
7. Ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան ընտրողների թվից 2 քվեաթերթիկ ավելին:
8. Քվեաթերթիկները տպագրելուց հետո Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի անունները, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը քվեաթերթիկներից հանվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Հոդված 60. |
Կնիքը, քվեատուփերը |
1. Ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Դրանք պատրաստվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 5 և ոչ ուշ, քան 3 օր առաջ հանձնում է տարածքային ընտրական հանձնաժողովին՝ յուրաքանչյուր ընտրական տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:
4. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության նախորդ օրը կնիքը հանձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ յուրաքանչյուրին մեկ կնիք:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության ավարտից հետո` եռօրյա ժամկետում: Վերաքվեարկություն, նոր հերթական, նոր ընտրություն, Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլ անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ։
6. Յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հատկացվում է առնվազն մեկ քվեատուփ: Համապետական ընտրությունների դեպքում յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հատկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկների և Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկների համար նախատեսված առանձին առնվազն մեկական քվեատուփ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում յուրաքանչյուր տեղամասային ընտրական հանձնաժողովի հատկացվում է համայնքի ղեկավարի ընտրությունների քվեաթերթիկների և համայնքի ավագանու անդամի ընտրությունների քվեաթերթիկների համար նախատեսված առանձին առնվազն մեկական քվեատուփ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերից բացի, տեղամասային ընտրական հանձնաժողովում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Հոդված 61. |
Քվեարկության նախապատրաստումը |
1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։
2. Քվեաթերթիկները, կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
4. Ընտրողների գրանցման, ընտրողներին քվեաթերթիկներ հատկացնելու և քվեաթերթիկները կնքելու համար տեղամասային կենտրոններում տեղադրվում են աշխատանքային սեղաններ:
5. Քվեատուփը (քվեատուփերը), հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
6. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են քվեաթերթիկների նմուշները, Հանրապետության նախագահի թեկնածուների կենսագրություններով ու լուսանկարներով պաստառը, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակները:
7. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի 3 անդամի, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24:00-ն, ստորագրել բոլոր քվեաթերթիկները (ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների հակառակ կողմում)՝ գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելով:
Հոդված 62. |
Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը |
1. Այլ պետություններում բնակվող կամ գտնվող Արցախի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները համապետական ընտրություններին կարող են մասնակցել Արցախի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Քվեարկությունից 7 օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտաքին գործերի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի միջոցով Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ է ուղարկում Հանրապետության նախագահի՝ գրանցված թեկնածուների տվյալները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) գրանցված ընտրական ցուցակները, քվեաթերթիկների, ընտրական այլ փաստաթղթերի նմուշները: Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը`
1) ապահովում է քվեաթերթիկների պատրաստումը՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.
2) հիմնարկի ղեկավարը, սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, նախապատրաստում, կազմակերպում և անցկացնում է ընտրությունները, ամփոփում է քվեարկության արդյունքները, կազմում է արձանագրություն և դրա տվյալները պաշտոնապես անհապաղ ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված արձանագրությունը՝ ընտրական փաստաթղթերի հետ միասին, կնքված վիճակում, հատուկ փոստով ուղարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հոդված 63. |
Ձերբակալված անձանց և քրեակատարողական հիմնարկում քվեարկության կազմակերպումը |
1. Ձերբակալված անձինք քվեարկությանը մասնակցում են իրենց հաշվառման վայրում կազմավորված տեղամասում: Ձերբակալված անձանց՝ քվեարկությանը մասնակցելու կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2. Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը սույն օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով նախապատրաստում, կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը: Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը անցկացվում է ժամը 09:00-ից հետո` կախված ընտրելու իրավունք ունեցող անձանց թվից: Քրեակատարողական հիմնարկի համար քվեարկության սկիզբը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20:00-ին:
3. Քրեակատարողական հիմնարկում քվեարկությունն անցկացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 64. |
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործողությունները քվեարկությունից առաջ |
1. Քվեարկության օրը` ժամը 07:00-ին, տեղամասային ընտրական հանձնաժողովը տեղամասային կենտրոնում կայացած նիստում վիճակահանությամբ որոշում է՝
1) ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի.
2) քվեաթերթիկներ հատկացնող հանձնաժողովի անդամներին՝ մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն մեկ անդամի.
3) քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու առնվազն մեկ անդամի.
4) քվեատուփի համար պատասխանատու առնվազն մեկ անդամի (քվեատուփերի համար պատասխանատու առնվազն մեկական անդամի).
5) շրջիկ արկղի (արկղերի) միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ (մեկական) անդամի, եթե տվյալ տեղամասային ընտրական հանձնաժողովը պետք է կազմակերպի շրջիկ արկղով (արկղերով) քվեարկություն.
6) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` 2 ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը:
2. Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վիճակահանությանը չեն մասնակցում:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները, ընտրողների ցուցակները, կնիքը և գրանցամատյանում կնիք դնելով՝ հայտարարում է կնիքի համարը, ստուգում է քվեատուփի (քվեատուփերի) դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը (քվեատուփերը), ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները հարյուրական փաթեթով հատկացնում է քվեաթերթիկներ հատկացնող անդամներին, կնիքը և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` քվեաթերթիկների կնքման համար պատասխանատու անդամին: Կատարված գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառումներ է կատարում տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Հոդված 65. |
Քվեարկության սկիզբը և կարգը |
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը` ժամը 08:00-ին, հայտարարում է քվեարկության սկիզբը և թույլատրում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կազմակերպում և վերահսկում է քվեարկության անցկացումը, անհրաժեշտության դեպքում օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց ժամանակավոր բացակայության դեպքում: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարը գրառումներ է կատարում գրանցամատյանում, օժանդակում գործառույթ իրականացնող անդամներին, փոխարինում նրանց ժամանակավոր բացակայության դեպքում:
3. Արգելվում է տեղամասային կենտրոն զենքով, զինամթերքով մուտք գործելը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:
4. Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, զինամթերքի: Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանության ծառայողները` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ:
5. Եթե քվեարկության սենյակում գտնվող ընտրողների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սահմանափակելու քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող՝ ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:
6. Քվեարկության սենյակում իրավունք ունի միաժամանակ ներկա գտնվել յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր: Ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում նաև տեղամասային կենտրոնում (քվեարկության սենյակում) կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև 2 դիտորդ՝ թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում՝ յուրաքանչյուր կազմակերպությունից մեկ դիտորդ:
7. Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավասու է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և ամեն դեպքում այդ որոշմամբ սահմանված թիվը չի կարող նվազ լինել 15-ից: Այդ սահմանափակումը չի տարածվում միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:
8. Քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է սահմանել լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:
Հոդված 66. Ընտրողների գրանցումը
1. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող գրանցվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի` գրանցման համար պատասխանատու անդամի մոտ գտնվող ընտրողների ցուցակում:
2. Ընտրողների գրանցման համար պատասխանատու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է նրա անուն-ազգանունը, դրա դիմացի դատարկ սյունակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները, և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց` ընտրողի ստորագրության համար նախատեսված սյունակում: Ընտրողի գրանցումն իրականացնող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց` համապատասխան սյունակում: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց:
3. Անձը հաստատող փաստաթուղթ է համարվում անձնագիրը, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զինվորական մասի կազմած ընտրողների ցուցակում: Պարտադիր ժամկետային զինծառայողները ծառայությունից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում քվեարկում են զինվորական գրքույկներով` ներկայացնելով նաև ծառայությունից ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը: Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:
Հոդված 67. Քվեարկությունը
1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր ընտրող ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (մեկական քվեաթերթիկ՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում):
2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) հանձնում է ընտրողին:
3. Ընտրողը մոտենում է քվեաթերթիկներ կնքող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը կարող է համոզվել ընտրողի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, կնքում է քվեաթերթիկը: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:
4. Ընտրողը քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) լրացնում է գաղտնի՝ քվեարկության խցիկում: Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկում:
5. Քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ: Անձն իրավունք ունի օգնելու քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություն անցկացվելու դեպքում) ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող միայն