ԼՈՒՐԵՐ
Ազգային ժողովում հյուրընկալել են Մարտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությանը
26 օգոստոսի 2019

 

Եվրախորհրդարանի պատգամավոր Մ արտին Զոնեբորնի գլխավորած պատվիրակությունը Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ ժամանել է Արցախ և հանդիպումներ ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և «ԱՀ-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի պատգամավորների հետ:

Ողջունելով պատգամավորի հերթական այցն Արցախ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Մարտին Զոնեբորնին Եվրախորհրդարանի ընտրություններում վերջերս գրանցած հաջողության առիթով և ընդգծել նրա դերակատարությունը Գերմանիայից տարբեր բնագավառների մասնագետների այցելությունն Արցախ կազմակերպելու գործում:

«Նման մակարդակով համագործակցությունը Եվրոպական ընդհանուր ընտանիքի հետ հարաբերություններ հաստատելու լավագույն միջոցն է, ինչի շնորհիվ նաև աշխարհին են ներկայացվում այն ցանկություններն ու երազանքները, որոնք ունի Արցախի ժողովուրդը», - նշել է Աշոտ Ղուլյանը:

Մարտին Զոնեբորնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով արդեն իսկ հաստատված ամուր կապերի շարունակականությունը.

«Ուրախ եմ, որ Արցախի նկատմամբ հետաքրքրությունն աճում է մեր փոքրիկ աշխարհում՝ Գերմանիայում, ինչի վառ ապացույցը Գերմանիայից նախորդ տարվա համեմատ հինգ անգամ ավելի մեծ պատվիրակության այցն է Արցախ»:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը:

Այնուհետև Եվրախորհրդարանի պատգամավորի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի անդամներին:

Քննարկվել են հետագա համատեղ ծրագրերի իրականացմանը, ոլորտային ուղղություններով մասնագիտական մակարդակով խորհրդատվությունների անցկացմանն ու դիտորդական գործունեությանը վերաբերող հարցեր:

ԼՈՒՐԵՐ