Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                      հունիսի 27-ին

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ

ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Արտակարգ դրությունը

 

1. Արտակարգ դրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։

2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապե­տության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Արցախի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը:

3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

 

Հոդված 2. Արտակարգ դրության մասին իրավական ակտերը

 

1. Արտակարգ դրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, այլ օրենքներով, արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ իրավական ակտերով:

 

Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետու­թյան նախագահի հրամանագիրը, ինչպես նաև հրամանագրի մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները անհապաղ հրապարակվում են հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Արցախի Հանրապետության նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, եթե Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրում ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ։

3. Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկաց­վում են Արցախի Հանրապետությունում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարները, ինչպես նաև  օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները։

 

Հոդված  4. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետության նախագահի  հրամանագրի բովանդակությունը

 

1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետու­թյան նախագահի հրամանագրով սահմանվում են՝

1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.

4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառում­ները, միջոցները և ուժերը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամանակավոր սահմանա­փակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրավունքների և ազատությունների սահմանափակումների ծավալը` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջների.

6) արտակարգ դրության ժամանակահատվածում սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն ստեղծված պետական հատուկ մարմինները և նրանց իրավասության շրջանակը.

7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք.

8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, տարեթիվը և դրա գործողության ժամկետները։

 

Հոդված 5. Արտակարգ դրության գործողության ժամկետը

 

1. Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսա­ցել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով:

 

Հոդված 6. Արտակարգ դրության դադարումը

 

1. Եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ  դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված որևէ առանձին միջոցառման իրականացումն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չեղյալ հայտարարվելու դեպքում դադարում է միայն այդ միջոցառման հետագա իրականացումը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված որոշումն ուժի մեջ է մտնում «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 97-րդ հոդվածի 5-րդ մասով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հրապարակվելու պահից:

 

Հոդված 7. Արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանա-փակումները

 

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները.

1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումներ.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում.

5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում.

8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում.

9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարած­քային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում.

10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտա­կու­թյան կամ վնասման համար.

11) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակա­հատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում.

13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում.

14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում.

15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ:

2. Արտակարգ դրության ժամանակ Արցախի Հանրապետության նախագահն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը։

3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Արցախի Հանրապե­տության Ազգային ժողովի, Արցախի Հանրապետության դատարանների և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավո­րապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն օրենքի իմաստով՝ տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը:

 

Հոդված 8. Արտակարգ դրության տարածքում պետական կառավարման հատուկ մարմինները

 

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով կարող է ստեղծվել արտակարգ դրության տարածքի պարետատուն (այսուհետ՝ Պարետատուն)։

2. Պարետատունն իրականացնում է արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումը։ Պարետատունը ղեկավարում է Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակած պարետը։

 

   Հոդված  9. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը

 

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։

2. Ոստիկանության, ազգային անվտանգության և պաշտպանության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները գործադրվում են հետևյալ խնդիրներն իրականացնելու նպատակով.

1) արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.

2) ռեժիմային, հատուկ ռեժիմային և հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

3) անօրինական զինված միավորումների գործունեության դադարեցում.

4) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված սահմանափակումների ապահովում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացման համար պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերը (այսուհետ` զինված ուժեր) կարող են ներգրավվել միայն այն դեպքում, եթե այդ խնդիրները հնարավոր չէ ապահովել ոստիկանության և ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերով:

4. Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը և ապահովվի ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերի հետ փոխգործակցության և փոխօգնության շրջանակներում։

5. Զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք և մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան։

6. Զինված ուժերի այն զինծառայողները, որոնք կարող են ներգրավվել սույն հոդվածի 2-րդ մասում նշված խնդիրների իրականացմանը, անցնում են հատուկ պատրաստություն՝ Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից այդ խնդիրների իրականացման նպատակով գործադրվող հմտությունների և մեթոդների վերաբերյալ: Սույն հոդվածով սահմանված դեպքերում արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը կարող են ներգրավվել միայն այդ պատրաստությունն անցնելուց հետո:

 

Հոդված 10. Արտակարգ դրության պայմաններում ժամանակավոր

սահմանափակումների և կիրառվող միջոցների սահմանները

 

1. Սույն օրենքում նշված իրավունքների և ազատությունների նկատմամբ սույն օրենքով թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են, և պետք է լինեն համաչափ` հիշյալ նպատակների համեմատությամբ։

2. Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին։

3. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցառումները և իրավունքների ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն Արցախի Հանրապետության Սահմանադրու­թյան  76-րդ հոդվածի պահանջներին։

 

Հոդված 11. Արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբա­նական  անձանց իրավունքների երաշխիքները

 

1. Արտակարգ դրության ընթացքում յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր խախտված իրավունքները և ազատությունները վարչական և դատական կարգով պաշտպանելու իրավունք:

2. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը և տրամադրվում է անհրաժեշտ օգնություն` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց գույքն ու այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրու­թյան իրավական ռեժիմի ապահովման նպատակով, իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքն արտակարգ դրության դադարումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վերադարձվում է դրանց սեփականատերերին կամ դրանց նկատմամբ տիրապետման կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց։

 

Հոդված  12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները

 

1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման` օրենքներով սահմանված պայմաններն ու սահմաններն արտակարգ դրության ժամանակ ենթակա չեն փոփոխման։

 

Հոդված 13. Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը

 

1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից մինչև պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչև նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավելի, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ։ Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները և տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաև դրանց վրա մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել։ Ձերբակալման և արգելանքի մասին որոշումները ֆիզիկական անձը կարող է վիճարկել դատական կամ վարչական կարգով։

Հոդված 14. Արտակարգ դրությունը դադարեցնելու իրավական հետևանքները

 

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված և ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում և տարածքում, ուժը կորցրած են համարվում արտակարգ դրությունը դադարեցնելու պահից։

 

Հոդված 15. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արտակարգ  դրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1992 թվականի հունվարի 8-ի ՀՆ-0016-1 օրենքը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. հուլիսի 17

Ստեփանակերտ

ՀՕ-90-Ն