«Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                      հունիսի 27-ին

 

 

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) օրենքով սահմանված կարգով ձևակերպում է շինարարության ավարտական ակտ, տրամադրում է ավարտված շինարարական օբյեկտի շահագործման թույլտվություն, ինչպես նաև կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրա հետևանքների վերացումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետ.

«14.1) կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերի, որոնց ստորաբաժանված միավորները առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով աջակցում է կառուցապատողի գործառույթների իրականացման համար սեփականատերերի կողմից համապատասխան կազմակերպության ընտրու­թյան գործընթացին կամ կառուցապատողի գործառույթների իրականացումը վերապահում է համայնքում գործող՝ բազմաբնակարան շենքի կառավարման որևէ մարմնի, որն իրականացնում է կառուցապատողի գործառույթներ առանձնացված միավորների սեփականատերերի միջոցներով.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ­ման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 2019թ. հուլիսի 17

 Ստեփանակերտ

 ՀՕ-86-Ն