ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
հունիսի 27-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 17-ի ՀՕ-18 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) չորրորդ մասի «ժ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետ.
«ժա) կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց հետ նախապես համաձայնեցնել օբյեկտի կառուցման ճարտարապետաշինարարական նախագծերի այնպիսի փոփոխությունները, որոնք հանգեցնում են իրավունքով ծանրաբեռնված ապագա գույքերի հարաչափերի, հատակագծերի փոփոխությունների՝ նախաձեռնելով կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրերի լուծում կամ փոփոխում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մաս.
«Կառուցվող շենքի, շինության զբաղեցրած հողամասի և կառուցվող շենքի, շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակի այլ անձի փոխանցվելու դեպքում փոխանցումից ծագող իրավունքների պետական գրանցման պահից ձեռք բերողը հանդիսանում է սույն հոդվածով սահմանված կառուցապատող (համակառուցապատող) և կրում է դրանից բխող՝ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պարտավորությունները քաղաքաշինական գործունեության մասնակիցների և երրորդ անձանց հանդեպ:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Շինարարության ավարտական ակտը և շահագործման թույլտվությունը
1. Շենքերի, շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտով (այսուհետ` ավարտական ակտ)` տվյալ օբյեկտի շինարարության թույլտվության համար հիմք հանդիսացող հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո:
Ավարտական ակտը տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը)՝ Կառավարության սահմանած կարգով, որը հիմք է ավարտված օբյեկտի և դրա կազմում առանձնացված միավորների նկատմամբ իրավունքների գրանցման համար:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքներն ավարտելուց և հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվությունը տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը)` Կառավարության սահմանած կարգով:
Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումը թույլատրվում է միայն շահագործման թույլտվությունը ձևակերպելուց հետո:
3. Շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` օբյեկտի սեփականատիրոջ (սեփականատերերի) և (կամ) օգտագործողի միջոցների հաշվին: Շենքերի, շինությունների շահագործման նվազագույն պարտադիր նորմերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հուլիսի 17
Ստեփանակերտ
ՀՕ-83-Ն