«Սնանկության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                      հունիսի 27-ին

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենս­գրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր չհամարվող ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունները սույն օրենքի իմաստով համարվում են պարտավորություն, եթե համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի դրույթների` դրանք ենթակա են կատարման նրա հաշվին: Ընդ որում, այն պարտավորությունները, որոնք ենթակա են կատարման սույն մասով նախատեսված ֆոնդի կառավարչի հաշվին միայն ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում, այդ կառավարչի համար սույն օրենքի իմաստով պարտավորություն են համարվում միայն ֆոնդի ակտիվների չբավարարող մասով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենս­գրքով նախատեսված ֆոնդի կառավարման պայմանագրի կողմ համարվող և այդ ֆոնդի միջոցների սեփականատեր համարվող ֆոնդի կառավարիչը համարվում է անվճարունակ նաև այն դեպքում, եթե իր կողմից կառավարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին կատարման ոչ ենթակա պարտավորու­թյունները գերազանցում են ֆոնդի կառավարչի այն ակտիվների արժեքը, որոնք իր կողմից կառավարվող ֆոնդի ակտիվներ չեն:»:

 

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ արգելադրումն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ արգելադրում իրականացնելու միջոցով:»:

 

Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվ­ներում ունեցած բաժնի վաճառքն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայը (փայերը) օրենքով սահմանված կարգով օտարելու միջոցով:»:

 

Հոդված 4. Օրենքի 95-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Ֆոնդի կառավարչի լուծարման դեպքում նրա կողմից կառավարվող և նրա սեփականությունը համարվող ֆոնդի (ֆոնդերի) ակտիվների հաշվին բավարարվում են միայն տվյալ ֆոնդի կառավարման հետ կապված այն պարտավորություններով պարտատերերի պահանջները, որոնք, օրենքի համաձայն, ենթակա են կատարման ֆոնդի ակտիվների հաշվին: Ֆոնդի մնացորդային ակտիվները օրենքով սահմանված կարգով փոխանցվում են այլ ֆոնդի կառավարչի:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հուլիսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-76-Ն