«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված  է 2019 թվականի        

                                                                                                      հունիսի 27-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածում`

1) 6-րդ մասում «(փայի)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պարտապանին պատկանող պայմանագրային ներդրումային ֆոնդի փայի (փայերի)» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի (այսուհետ` ֆոնդ) կառավարման պայմանագրի կողմ ֆոնդի կառավարչի համար ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով նրա ստանձնած պարտավորությունների մասով սույն օրենքի իմաստով պարտապանի գույք է համարվում համապատասխան ֆոնդի գույքը, բացառությամբ, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի կամ այլ օրենքի դրույթների համաձայն` այդպիսի գործարքներով պարտավորությունները ենթակա են կատարման բացառապես ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի հաշվին: Ընդ որում, ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով ֆոնդի կառավարչի ստանձնած պարտավորությունների մարման համար ֆոնդի գույքի անբավարարության դեպքում ֆոնդի կառավարչի` ֆոնդի միջոցներ չհանդիսացող գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կատարվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված  դեպքերում:»:

 

Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա արգելանք կարող է դրվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենս­գրքով նախատեսված ուսումնական ավանդներում առկա դրամական միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել ավանդատուի կամ հաշվետիրոջ պարտավորությունների դիմաց, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 905.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 4. Օրենքի 47.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 «3. Ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի նկատմամբ բռնագանձում տարածվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայի (փայերի) նկատմամբ բռնագանձում տարածելու միջոցով:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 47.2. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների նկատմամբ բռնագանձում տարածելու կարգը

 

Օրենքի հիման վրա ստեղծված և ֆոնդի կառավարչին սեփականության իրավունքով պատկանող ֆոնդի միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել ֆոնդի կառավարչի միայն այն պարտավորությունների համար, որոնք ծագել են ֆոնդի կառավարման հետ կապված գործողություններից և սահմանված են այդ օրենքով:»:

 

Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի, իսկ 1-2-րդ մասերով սահմանված կանոնները՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.1-ին հոդվածով.

 

«Հոդված 59.1. Կուտակային կենսաթոշակի վրա բռնագանձում տարածելը

 

1. Ֆիզիկական անձի կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարած­վել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:

2. Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հուլիսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-75-Ն