Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                             հունիսի 27-ին

 

ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ

ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է եկամտային հարկի, կենսաթոշակային վճարի (այսուհետ` երկուսը միասին` եկամտային հարկ) և սոցիալական վճարի անձնավորված հաշվառում (այսուհետ` անձնավորված հաշվառում) իրականացնելուն առնչվող հարաբերությունները, սահմանում է անձնավոր­ված հաշվառման գործընթացում ներգրավված կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

2. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Արցախի Հանրապետու­թյունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:

 

Հոդված 2. Անձնավորված հաշվառման իրավական կարգավորումը

 

1. Անձնավորված հաշվառմանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Եկամտային հարկի մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով:

 

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) վարձու աշխատող` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի.

2) ինքնազբաղված անձ` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի.

3) անհատ ձեռնարկատեր՝ համաձայն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, բացառությամբ «Արտոնա­գրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահման­ված` արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի.

4) պայմանագրային եկամուտ` համաձայն «Կուտակային կենսաթոշակ­ների մասին» Արցախի Հանրապետության օրենքի.

5) ֆիզիկական անձ` վարձու աշխատող, ինքնազբաղված անձ, անհատ ձեռնարկատեր, պայմանագրային եկամուտ ստացող.

6) անձնավորված հաշվառման տեղեկատվական բազա (տեղեկատվական բազա)` ֆիզիկական անձանց վերաբերող` սույն օրենքով սահմանված տվյալների ամբողջություն.

7) անձնավորված հաշվարկ` Արցախի Հանրապետության կառավարու­թյան սահմանած կարգով ձևավորված և ներկայացված էլեկտրոնային փաստաթուղթ` «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` եկամտային հարկի տարեկան հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկ, եկամտային հարկի պարզեցված հաշվարկ և «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետու­թյան օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված` անձնավորված (պարզեցված) հաշվարկներ.

8) գրանցման հայտ` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձևավորված և ներկայացված` «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` ֆիզիկական անձին հարկային մարմնում գրանցելը, նրա անձնական տվյալներում փոփոխություններ կատարելն ապահովող էլեկտրոնային փաստաթուղթ.

9) անձնավորված հաշվառում` գրանցման հայտ, անձնավորված (պարզեցված) հաշվարկ ձևավորելը, ներկայացնելը, ֆիզիկական անձի համար անհատական հաշիվ բացելը, ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը, պահպանելը, տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը.

10) գործատու` համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի:

 

Հոդված 4. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրները

 

1. Անձնավորված հաշվառման նպատակներն ու խնդիրներն են`

1) հարկային օրենսդրության կիրառման և ֆիզիկական անձանց եկամուտների հարկման ճշտության ապահովումը.

2) մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծումը և հաշվարկ-կանխատեսումների իրականացումը.

3) կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի բնականոն գործունեության ապահովումը.

4) ֆիզիկական անձանց կենսաթոշակային իրավունքների իրականացման ապահովումը:

 

Հոդված 5. Անձնավորված հաշվառման սկզբունքները

 

1. Անձնավորված հաշվառման սկզբունքներն են`

1) անձնական տվյալների հաշվառման անձնավորված լինելը.

2) եկամտային հարկ և սոցիալական վճար վճարած յուրաքանչյուր ֆիզիկական անձի` անձնավորված հաշվառման համակարգում պարտադիր ընդգրկված լինելը.

3) իրեն վերաբերող տվյալների հասանելի լինելը ֆիզիկական անձին (տվյալների սուբյեկտին).

4) տեղեկատվական բազայում ներառված տվյալների օգտագործումը բացառապես օրենքով նախատեսված դեպքերում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայում ներառված տեղեկությունները խորհրդապահական են և կարող են տրամադրվել տվյալների սուբյեկտին և երրորդ անձանց միայն օրենքով նախատեսված դեպքերում: Անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից տվյալների սուբյեկտին, ինչպես նաև երրորդ անձանց տրամադրվող տվյալները և տրամադրման կարգը սահմանվում են Արցախի Հանրապետու­թյան օրենքով և Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

Հոդված 6. Անձնավորված հաշվառում իրականացնող մարմինը

 

1. Անձնավորված հաշվառումն իրականացնում է եկամտային հարկի և սոցիալական վճարի հավաքագրում իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

 

Հոդված 7. Տեղեկատվական բազայում ներառվող տվյալները

 

1. Տեղեկատվական բազան ներառում է`

1) ֆիզիկական անձանց վերաբերող հետևյալ տվյալները.

ա. ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը և տարին, անձի մահվան դեպքում` մահվան օրը, ամիսը և տարին,

բ. Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագրի և, առկայության դեպքում, նույնականացման քարտի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) սերիան ու համարը, Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` Արցախի Հանրապետու­թյունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան ու համարը, Արցախի Հանրապետու­թյան քաղաքացու անձնագիրը և նույնականացման քարտը տվող մարմնի ծածկագիրը, տրման օրը, ամիսը, տարին,

գ. հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),

դ. սեռը,

ե. բնակության վայրի հասցեն,

զ. քաղաքացիությունը,

է. առնչությունը սոցիալական վճարներ կատարելուն.

2) վարձու աշխատողի (պայմանագրային եկամուտ ստացողների) դեպքում նաև`

ա. աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակա­հատվածի (աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի) սկիզբը և վերջը, մասնագիտությունը (պաշտոնը)` ըստ գործատուների,

բ. գործատուի (գործատուների) հարկ վճարողի հաշվառման համարը, պետական ռեգիստրում գրանցման համարը,

գ. հաշվարկված (վճարված) աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների, դրանցից հաշվարկված, վճարված եկամտային հարկի և սոցիալական վճարի չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը` ըստ ամիսների,

դ. վճարված պայմանագրային եկամտի, դրանից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը` ըստ գործատուների և ըստ ամիսների,

ե. հարկվող եկամտից նվազեցված կամավոր կուտակային վճարի չափը (առկայության դեպքում),

զ. սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում` վճարման ենթակա եկամտային հարկը և սոցիալական վճարը սահմանված ժամկետում չվճարելու համար հաշվարկված տույժերը,

է. գործատուի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով սոցիալական վճարը չփոխանցվելու դեպքում հաշվարկված տույժերը,

ը. վարձու աշխատողի չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը),

թ. վարձու աշխատողի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը (սկիզբը և վերջը).

3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև`

ա. պետական հաշվառման օրը, ամիսը և տարին, պետական ռեգիստրում հաշվառման համարը, ձեռնարկատիրական գործունեության տեսակը, ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու օրը, ամիսը և տարին,

բ. ձեռնարկատիրական գործունեությունը ժամանակավորապես կասե­ցնե­լու և ձեռնարկատիրական գործունեությունը վերսկսելու օրը, ամիսը և տարին,

գ. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով եկամտային հարկը չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

դ. ձեռնարկատիրական գործունեությունից ստացված` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած սոցիալական վճարի չափը, սոցիալական վճարը կատարելու օրը, ամիսը և տարին, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին,

ե. վճարած եկամտային հարկի կանխավճարների չափը` վճարման օրը, ամիսը և տարին.

4) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև`

ա. այդ գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակա­հատվածի սկիզբը և ավարտը,

բ. վճարված եկամտային հարկի չափը` ըստ հաշվետու տարիների,

գ. վճարված սոցիալական վճարի չափը` ըստ հաշվետու տարիների,

դ. Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին.

5) ինքնազբաղվածի դեպքում նաև`

ա. գործունեության տեսակը՝ ըստ էկոնոմիկայի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված զբաղմունքների դասակարգչի,

բ. որպես ինքնազբաղված անձ ստացած` եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած եկամտային հարկի չափը, «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում և կարգով եկամտային հարկը չվճարելու և սույն օրենքով սահմանված կարգով անձնավորված հաշվարկը չներկայացնելու համար հաշվարկված տույժերն ու տուգանքները, հարկի վճարման օրը, ամիսը և տարին,

գ. որպես ինքնազբաղված անձ ստացած` սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված և վճարած սոցիալական վճարի չափը, սոցիալական վճարը կատարելու օրը, ամիսը և տարին, ինչպես նաև փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումներ փոխանցելու օրը, ամիսը և տարին.

6) վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը, վճարված ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տեսակը, Արցախի Հանրապետության պետական բյուջեից և գործատուի միջոցներից վճարված նպաստի գումարների չափերը, նպաստից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափերը, այդ գումարները փաստացի վճարելու ամիսը:

 

Հոդված 8. Անհատական հաշիվը

 

1. Անհատական հաշիվը յուրաքանչյուր ֆիզիկական անձի` տեղեկատ­վական բազայում ներառված անձնական տվյալների ամբողջությունն է:

2. Անհատական հաշիվ բացում է լիազոր մարմինը`

1) գործատուի ներկայացրած գրանցման հայտի հիման վրա.

2) անհատ ձեռնարկատիրոջ, ինքնազբաղված անձի հարկային հաշվառման կանգնելու հիման վրա.

3) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից լիազոր մարմին ներկայացված` կուտակային բաղադրիչին կամավորության սկզբունքով անձի միանալու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա.

4) սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի՝ հարկային հաշվառման կանգնելու հիման վրա:

3. Անհատական հաշիվ բացելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

 

 

Հոդված 9. Տեղեկատվական բազայի ձևավորումը և վարումը

 

1. Տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմինը ստանում է`

1) գործատուներից.

2) սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանցից.

3) «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողից.

4) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած պետական կառավարման մարմիններից:

2. Գործատուները և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձինք սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տվյալները ներկայացնում են սույն օրենքով սահմանված կարգով` գրանցման հայտերի և անձնավորված (պարզեցված) հաշվարկների միջոցով` էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ:

Լիազոր մարմինը գործատուներին և սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձանց ապահովում է հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկները ձևավորելու և էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողը, պետական կառավարման մարմինները տվյալները տրամադրում են էլեկտրոնային տարբերակով:

3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալների անվտանգությունն ապահովվում է օրենքով սահմանված կարգով:

4. Գրանցման հայտը և անձնավորված (պարզեցված) հաշվարկը ձևավորելու և լիազոր մարմին ներկայացնելու կարգը, պետական կառավարման մարմինների և «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տեղեկատվական բազան ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները լիազոր մարմին տրամադրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը, իսկ անձնավորված հաշվարկների, գրանցման հայտի ներքին և արտաքին ձևը, լրացման կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 10. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները գործատուների կողմից ներկայացվելը

 

1. Գործատուն (հարկային գործակալը) գրանցման հայտ է ներկայացնում`

1) վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու (քաղաքացու հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելու), վարձու աշխատողին աշխատանքից ազատելու (օրենքով սահման­ված կարգով աշխատանքային հարաբերությունները դադարելու) դեպքում.

2) քաղաքացու հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու, քաղաքացու հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողու­թյան ժամկետը ավարտվելու (պայմանագիրը լուծելու, դադարելու) դեպքում.

3) Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքում.

4) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած վարձու աշխատողի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմում ներկայացնելու դեպքում.

5) սույն մասով սահմանված` գրանցման հայտի հիման վրա ներկայացված որևէ տվյալում (այդ թվում` վարձու աշխատողի պաշտոնին վերաբերող) փոփոխություն կատարելու դեպքում.

6) վերակազմակերպմամբ (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում) պայմանավորված՝ վարձու աշխատողների տեղափոխման դեպքում: Սույն կետով սահմանված դեպքում գրանցման հայտը ներկայաց­վում է օրենքով սահմանված կարգով իրավանախորդ և իրավահաջորդ ճանաչված գործատուների կողմից:

2. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած անձնավորված հաշվարկը պարունակում է՝

1) անձնավորված տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում իր հաշվարկած աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ եկամուտների, պայմանագրային եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ.

2) ամփոփ տեղեկություններ նախորդ ամսվա ընթացքում տվյալ հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց համար հաշվարկված պասիվ եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի վերաբերյալ:

3. Գործատուի (հարկային գործակալի) ներկայացրած գրանցման հայտում և անձնավորված հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդա­կությունը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Բացառությամբ սույն մասում նշված դեպքերի՝ գործատուները (հարկային գործակալները) գրանցման հայտերը լիազոր մարմին են ներկայացնում մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հանգամանքն առաջանալու (հաշվետու) ամսվա համար անձնավորված հաշվարկը ներկայացնելը, իսկ հաշվետու ամսվա համար անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը: Նոր աշխատողին (բացառությամբ Արցախի Հանրապետությու­նում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող ֆիզիկական անձանց) աշխատանքի ընդունելու (աշխատանքների կատարման (ծառայություն­ների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու) դեպքում գրանցման հայտը ներկայացվում է «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում, իսկ վարձու աշխատողին աշխատանքից ազատելու, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդն ավարտվելու դեպքերում գործատուները գրանցման հայտը ներկայացնում են ոչ ուշ, քան հանգամանքն առաջանալու ամսվան հաջորդող ամսվա 20-ը։

5. Օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուն իր վարձու աշխատողների համար գրանցման հայտ չի ներկայացնում:

 

Հոդված 11. Տեղեկատվական բազան ձևավորելու համար անհրաժեշտ տվյալները անհատ ձեռնարկատերերի, ինքնազբաղվածների, սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվելը

 

1. Անհատ ձեռնարկատերերը, ինքնազբաղված անձինք սույն օրենքի հիման վրա անձնավորված հաշվարկները լիազոր մարմին են ներկայացնում յուրաքանչյուր տարվա համար` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողները և պայմանագրային եկամուտ ստացողները գործատուների համար սահմանված ժամկետում ներկայացնում են պարզեցված հաշվարկ:

2. Անհատ ձեռնարկատերերի, ինքնազբաղված անձանց ներկայացրած հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ տարվա ընթացքում իրենց ստացած եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված և պահված սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայաց­վող պարզեցված հաշվարկները տեղեկատվություն են պարունակում նախորդ ամսվա ընթացքում իրենց համար եկամուտներ հաշվարկած` սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործատուի, հաշվարկված եկամուտների, այդ եկամուտներից պահված եկամտային հարկի, իսկ սոցիալական վճարներ կատարող անձանց մասով` նաև հաշվարկված (վճարման ենթակա) սոցիալական վճարների վերաբերյալ, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված այլ տվյալներ:

4. Անհատ ձեռնարկատերերի, ինքնազբաղված անձանց` սույն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կողմից ներկայացվող անձնավոր­ված (պարզեցված) հաշվարկում ներառվող տեղեկատվության բովանդակությունը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 12. Ներկայացված տվյալները տեղեկատվական բազա ներառելը

 

1. Լիազոր մարմինը գրանցման հայտի կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկի հիման վրա ներկայացված տվյալները համադրում է տեղեկատվական բազայում առկա և պետական կառավարման մարմիններից ու այլ կազմակերպություններից ստացած տեղեկատվության հետ:

2. Եթե ներկայացված տվյալներում անճշտություններ չեն հայտնա­բերվում, ապա լիազոր մարմինը տվյալները ներառում է տեղեկատվական բազա:

3. Ներկայացված տվյալներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում լիազոր մարմինը մերժում է գրանցման հայտը կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկն ընդունելը՝ այդ մասին տեղեկացնելով տվյալներ ներկայացնողին: Այդ դեպքում գրանցման հայտը կամ անձնավորված (պարզեցված) հաշվարկը համարվում է չներկայացված:

4. Տվյալներ ներկայացնողին անճշտությունների մասին տեղեկացնելու կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

 

Հոդված 13. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելը

 

1. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում, եթե`

1) տվյալներում առկա են անճշտություններ.

2) փոխվել է ֆիզիկական անձին վերաբերող որևէ տվյալ:

2. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու համար կարող են դիմել`

1) գործատուն (կամ նրա իրավահաջորդը).

2) ֆիզիկական անձը (տվյալների սուբյեկտը):

3. Տեղեկատվական բազայում ներառված տվյալներում փոփոխություններ են կատարվում`

1) գործատուի կամ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական անձի ներկայացրած գրանցման հայտի կամ ճշտված հաշվարկի հիման վրա.

2) պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպու­թյուններից ստացված տեղեկատվության հիման վրա.

3) լիազոր մարմնի` օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված վարչական, այդ թվում` ստուգման ակտի հիման վրա.

4) հարցն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված` ճշտված անձնավորված հաշվարկ ներկայացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

5. Պետական կառավարման մարմիններից և այլ կազմակերպու­թյուններից ստացված տեղեկատվության հիման վրա տեղեկատվական բազա ներառված տվյալներում փոփոխություններ կատարելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. Տեղեկատվական բազայից պետական մարմիններին և այլ կազմակերպություններին տվյալներ տրամադրելը

 

1. Տեղեկատվական բազայից լիազոր մարմինը տվյալներ է տրամադրում`

1) Արցախի Հանրապետության կառավարության լիազորած` կենսաթո­շակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին.

2) «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված` մասնակիցների ռեեստրը վարողին.

3) Արցախի Հանրապետության օրենքով և Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին:

 

Հոդված 15. Ֆիզիկական անձի իրավունքները և պարտականությունները

 

1. Ֆիզիկական անձն իրավունք ունի`

1) հարկային մարմնի հրամանով սահմանած կարգով լիազոր մարմնից ստանալու իր անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

2) իր անհատական հաշվում առկա անձնական տվյալները ճշտելու (ուղղելու) համար գրավոր դիմելու լիազոր մարմնին կամ գործատուին.

3) գործատուից անվճար ստանալու լիազոր մարմին ներկայացրած իր անհատական տվյալների կրկնօրինակը.

4) դատական և վարչական կարգով բողոքարկելու կամ վիճարկելու լիազոր մարմնի կամ գործատուի պաշտոնատար անձանց` իր անհատական հաշվում առկա տվյալներին առնչվող գործողությունները կամ անգործությունը:

2. Ֆիզիկական անձը պարտավոր է`

1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված տվյալները.

2) լիազոր մարմնի պահանջով ներկայացնել անհատական հաշվում ներառելու ենթակա տվյալները հաստատող փաստաթղթերը.

3) գործատուին և լիազոր մարմին ներկայացնել իրեն վերաբերող տվյալները հաստատող փաստաթղթերը:

 

Հոդված 16. Գործատուի իրավունքները և պարտականությունները

 

1. Գործատուն իրավունք ունի`

1) իր վարձու աշխատողներից և պայմանագրային եկամուտ ստացողներից պահանջելու և ստանալու ներկայացված տվյալները հաստատող փաստաթղթերը.

2) սույն օրենքով սահմանված կարգով ճշտելու տեղեկատվական բազա ներառված` իր վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին վերաբերող տվյալները:

2. Գործատուն պարտավոր է`

1) սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքով սահմանված անձնավորված հաշվարկը և գրանցման հայտերը.

2) իր վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացողի գրավոր դիմումի հիման վրա նրան անվճար տրամադրել լիազոր մարմին ներկայացրած նրա անձնական տվյալների կրկնօրինակը:

 

Հոդված 17. Լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմնի լիազորություններն են`

1) գործատուից, ֆիզիկական անձանցից և պետական կառավարման մարմիններից Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստանալ տվյալներ, ուսումնասիրել ներկայացված տվյալների հավաստիությունը, փոփոխություններ կատարել տեղեկատվական բազա ներառված տվյալներում.

2) անհատական հաշվառման համակարգում բացել ֆիզիկական անձի անհատական հաշիվ.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետ­ներում պահպանել գործատուների և ֆիզիկական անձանց ներկայացրած գրանցման հայտերն ու անձնավորված հաշվարկները.

4) գործատուին ծանուցել նրա ներկայացրած տվյալներում առկա անճշտությունները վերացնելու անհրաժեշտության մասին.

5) տվյալների սուբյեկտի դիմումի հիման վրա հարկային մարմնի հրամանով սահմանած կարգով տրամադրել նրա անհատական հաշվի քաղվածքը` փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով.

6) գործատուներին և ֆիզիկական անձանց ապահովել հասանելիություն` գրանցման հայտը և անձնավորված հաշվարկները ձևավորելու և էլեկտրո­նա­յին եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերին:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված անհատական հաշվի քաղվածքը փաստաթղթային տեսքով ստանալու համար տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամից ավելի դիմելու դեպքում տվյալների սուբյեկտը վճարում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

 

Հոդված 18. Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար

 

1. Սույն օրենքը խախտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 19. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սոցիալական վճարին առնչվող դրույթները` 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                               Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2019թ. հուլիսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-66-Ն