ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2019Թ. ՄԱՅԻՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ժամը 11.00
Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 31, բացակա՝ 2 պատգամավորներ:
Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Այսօրվա հերթական նիստով մենք շարունակում ենք 6-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի աշխատանքները: Նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում խորհրդարանը շարունակել է իր գործառույթների իրականացումը թե օրենսդրական ոլորտում, թե Սահմանադրությամբ վերապահված այլ բնագավառներում՝ մասնակցություն ունենալով նաև մայիսյան եռատոնին նվիրված համապետական միջոցառումներին:
Մայիսի 14-16-ը Ազգային ժողովի պատվիրակությունը՝ աշխատանքային այցով, գտնվում էր Երևանում: Այցը ընթացքում կազմակերպվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Կարծում եմ՝ հայաստանյան մեր գործընկերների հետ ունեցած քննարկումները, մասնավորապես խորհրդարանական, դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ, առաջիկայում կարտահայտվեն առավել շոշափելի և գործնական արդյունքներում: Մենք պայմանավորվածություն ունենք՝ առաջիկայում, հայկական խորհրդարանների մշտական հանձնաժողովների համատեղ նիստերի միջոցով անդրադառնալ մեր օրակարգում գտնվող հրատապ մի քանի թեմաների:
Մայիսի 20-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկումները շարունակվում են մշտական հանձնաժողովներում, որից հետո քննարկումներ կկազմակերպվեն նաև խմբակցություններում:
Այսքանը, որպես ներածական վերջին, գրեթե մեկ ամսվա ընթացքում խորհրդարանի գործունեության վերաբերյալ: Սրան զուգահեռ, նախորդ շաբաթների ընթացքում, մասնագիտական հանձնաժողովներում, կազմակերպվել են քննարկումներ շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ, որոնց հիմքով էլ ձևավորվել է այսօրվա նիստի օրակարգը:
Կարող ենք անցնել նիստի աշխատանքներին: Դրա համար, խնդրում եմ պատգամավորներին գրանցվել: Գրանցում: Լիագումար նիստին ներկա են՝ 29 պատգամավորներ, բացակա՝ 4 պատգամավոր: Երեք պատգամավորների բացակայության մասին մենք տեղյակ ենք: Ամեն դեպքում, նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ, պարոն Աշոտ Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը հերթական նիստի մեկնարկին մենք նաև թարմացնում ենք, այդպես է նաև այսօր, մեր այսօրվա հերթական նիստին ներկայացված լրացումները և փոփոխությունները նստաշրջանի օրակարգում, իհարկե, կատարվել են կանոնակարգային բոլոր պահանջները հաշվի առնելով: Նստաշրջանի օրակարգում ունենք հարցեր, որոնք պարտադիր քննարկման են ենթակա, դրանք մենք ներառում ենք առաջին բաժնում, 2-րդ բաժնում մենք ունենք հարցեր, որոնք օրենսդրական նախաձեռնություն թեմաներն են հիմնականում, որոնց մասով գլխադասային հանձնաժողովները ունեն դրական եզրակացություն, 3-րդ մասում ունենք հարցեր, որոնց մասով գլխադասային հանձնաժողովը ունի բացասական եզրակացություն: Քանի որ, հաճախակի չեն այդպիսի երեք բաժնանոց մեր օրակարգերը, ես խնդրում եմ ուշադիր լինել, որովհետև այսօր նստաշրջանի օրակարգում առաջարկվող այդ թարմացման մեջ ունենք այդպիսի մի հարց: Կանոնակարգի 34-րդ հոդվածի համաձայն, եթե հերթական նստաշրջանի օրակարգում փոփոխություն կատարելու մասին Ազգային ժողովի որոշման մեջ լինում են այսպիսի բացասական եզրակացությամբ հարցեր, ապա անց է կացվում հակիրճ քննարկում: Այդպիսի հարց մենք ունենք՝ 8-րդ մասում 3-րդ կետով, հեղինակների պահանջով կարող են անցկացվել նախորդ՝ 3-րդ բաժնում ներառված այդ հարցերի կարճատև քննարկումները, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է բացասական եզրակացություն: Այս դեպքում 3-ական րոպե տևողությամբ ելույթի իրավունք ունեն հեղինակը, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, որից հետո, միայն այս հարցով տեղի է ունենում առանձին քննարկում: Եթե այդպիսի առաջարկություն կա, եթե այդպիսի ցանկություն կա, կարող են նաև հեղինակները առաջադրել: Կա՞, խնդրեմ, տիկին Լյուդմիլա Բարսեղյան:
Լյուդմիլա Բարսեղյան – Հարգելի գործընկերներ, համառոտ ներկայացնեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի բովանդակությունը: Հանրապետության գիտության, կրթության, մշակույթի, լրագրության, առողջապահության, իրավագիտության, տնտեսագիտության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների աշխատողներին, ձեռք բերած ակնառու հաջողությունների և բացառիկ ավանդի համար, շնորհվում է վաստակավոր պատվավոր կոչում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին օրենքում, ես առաջարկել եմ կատարել փոփոխություն: Փոփոխության էությունը հետևյալն է, վաստակավոր, պատվավոր կոչմանը արժանացած չաշխատող անձինք, օրենքի նախագծի ընդունման դեպքում կստանան պատվովճար, որը կարժևորի նրանց վաստակը և որոշակի աջակցություն կհանդիսանա: Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ 34-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով առաջարկում եմ քվեարկել կողմ և օրենքի նախագիծը ընդգրկել Ազգային ժողովի 6-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգ: Նստաշրջանի օրակարգ մտցնելու դեպքում առաջարկում եմ հարցի քննարկումը տեղափոխել 2019թ. հունիս ամսում կայանալիք նիստը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը, տվյալ դեպքում ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցեր հանձնաժողովի նախագահ պարոն Արամ Գրիգորյանն է, խնդրեմ:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը մանրակրկիտ քննարկվել է հանձնաժողովի նիստում: Իհարկե, մեջը նշված դրույթները միանշանակ ողջունելի է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքները, որ կան որոշ պարզաբանումների անհրաժեշտություն, հանձնաժողովի նիստում ձայները վերաբաշխվել են հետևյալ կերպով՝ մեկ կողմ, 2 ձեռնպահ: Ես պաշտպանում եմ տիկին Բարսեղյանի առաջարկը, ակնկալելով, որ պարզաբանումներից հետո այս օրենքի նախագիծը ստանալու է մեր քվեն: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Գրիգորյան, կարող եք նստել: Այդ դեպքում մինչև 3-ական րոպե ելույթներ են: Կարծում եմ՝ հարցը պարզ է: Նախագծի հեղինակը առաջարկում է բացասական եզրակացությամբ հանդերձ այն մտցնել նստաշրջանի օրակարգ, բայց հարցի քննարկումը տեղափոխել հունիս ամսվա հերթական նիստի ընթացքում: Կանոնակարգի համաձայն այս հարցը քննարկվում է այս հակիրճ քննարկումից հետո: Այժմ առաջարկում եմ Ազգային ժողովին միայն այս հարցով, տիկին Բարսեղյանի առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը նստաշրջանի օրակարգ ներառելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Ես մոռացա վերջում ավելացնել, որ նստաշրջանի օրակարգ մտցվում է հենց նույն առաջարկությամբ, որ այսօրվա նիստում չի քննարկվելու: Շատ լավ, քանի որ նստաշրջանի օրակարգում առաջարկվող փոփոխությունները քվեարկեինք մասամբ, և բացասական եզրակացությամբ առաջարկված գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկված հարցի: Այժմ առաջարկում եմ ամբողջ նստաշրջանի օրակարգին վերաբերվող Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ինչպես նշեցի կանոնակարգի համաձայն այդ երկու մշտական բաժիններն ունենք՝ պարտադիր քննարկվող հարցեր և հարցեր, որոնց հանդեպ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն: Օրակարգը բաժանված է, չեմ ուզում նորից ընթերցել, ուզում եմ տրամադրվել, որպեսզի տրամադրվենք, որ այսօրվա նիստը, գուցե նախատեսվածից մի քիչ երկար է տևելու, հարցերը շատ են: Հիմա, խնդրում եմ պատգամավորներին քվեարկել Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման, 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29 դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես:
Վահրամ Բալայան – Մայիսի 30-ի Ազգային ժողովի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանին:
Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, քիչ առաջ քվեարկությամբ հաստատված օրակարգը արդեն հուշում է, թե այսօրվա հերթական նիստի օրակարգը ինչպիսին պետք է լինի: Ուզում եմ հակիրճ ասել, որ դրանք բաղկացած են երկու բաժնից, որտեղ մենք ունենք պարտադիր քննարկվող հարցեր: Այսօր այդ հարցերը, փաստորեն, պետական կառույցների կողմից ներկայացվող երկու հաղորդումներ և հաշվետվություններ են՝ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ, գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը, հաջորդը՝ Արցախի հանրային հեռուստառադիո ընկերության 2018թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը: Այսօր նիստի օրակարգում ունենք Վերածնունդ խմբակցության հարցապնդման քննարկման մասին հարցը: Ունենք 2-րդ ընթերցմամբ ներկայացված 2 նախագիծ, որը խորհրդարանին հայտնի է՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին նախագիծն է և Պետական սուրհանդակային կապի մասին հարցն է: Հաջորդ բաժինը՝ Ազգային ժողովում նոր շրջանառության մեջ գտնվող հարցերի շարք է, որոնք թվով 11-են: Արդեն մեկ հարցը՝ տիկին Բարսեղյանի առաջարկը հանում ենք, այսինքն` ես քվեարկության եմ առաջարկելու այդ հարցը՝ հանված արդեն օրակարգից, և ունենք պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցը: Ահա այսպիսի նախագիծ է ներկայացվում նիստի օրակարգի համար:
Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան՝ խնդրեմ: Չկան:
Աշոտ Ղուլյան – Քվեարկության է ներկայացվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. մայիսի 30-ի նիստի օրակարգը հաստատելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Մենք օրակարգերը հաստատեցինք: Այժմ անցնում ենք այսօրվա հերթական նիստի օրակարգային հարցերին քննարկմանը: Արդեն ասեցի, որ մենք Ազգային ժողովի նիստերում սկսում ենք պարտադիր քննարկման ենթակա հարցերի քննարկումից: Այդ շարքից ես առաջինը ուզում եմ հայտարարել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ.գործունեության, ինչպես նաև Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արտակ Բեգլարյանը, խնդրեմ: Ուզում եմ բացատրել, որ պետական մարմինների զեկույցները, հաղորդումները, հաշվետվությունները ներկայացնելու, շրջանառության մեջ դնելու քննարկումների ընդհանուր կարգը կանոնակարգի 115-րդ հոդվածի համաձայն է իրականացվելու, որի համապատասխան մենք մինչև 30 րոպե տևողությամբ հիմնական զեկուցողին ենք հիմա մենք ունկնդրելու, որից հետո կարող են լինել հարցեր, որից հետո մտքերի փոխանակություններ և եզրափակիչ ելույթներ, խնդրեմ, պարոն Բեգլարյան:
Արտակ Բեգլարյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ: Ձեզ եմ ներկայացնում Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Ձեզ ներկայացվել է արդեն՝ ըստ սահմանված կարգի, գրավոր ներկայացվել է, ծանոթացել եք, ընդհանուր առմամբ բովանդակությունը կներկայացնեմ լրացուցիչ հարցերի դեպքում՝ պատրաստ եմ պատասխանել հարցերին: Նախ` նշեմ, որ ինչպես տեղյակ եք, հաշվետու տարում՝ 2018թ. ընթացքում եղել է մարդու իրավունքների պաշտպանի փոփոխություն, մինչև հոկտեմբերի 3-ը Ռուբեն Մելիքյանն էր այս պաշտոնը ստանձնել, իսկ հոկտեմբերի 31-ին արդեն ձեր կողմից ընտրվել եմ ես, որպես Մարդու իրավունքների պաշտպան: Այս տարեկան հաղորդման մեջ ամփոփված է ամբողջ տարվա հաշվետվությունը՝ և Ռուբեն Մելիքյանի, և իմ ժամանակաշրջանի: Հաշվետու տարում կարևոր հիմքը մեր գործունեության եղել է Մարդու իրավունքների պաշտպանի մասին Արցախի Հանրապետության նոր օրենքը, որը 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել և այդ հիմքով բավականին փոփոխություններ են կատարվել՝ և լիազորությունների տեսանկյունից, և գործիքակազմի, և նաև կառուցվածքային տեսանկյունից՝ աշխատակազմի: Դրանից բխող որոշ գործողություններ, բարեփոխումներ կատարվել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ներառյալ` որոշ կարգեր են ընդունվել և առայսօր այդ բարեփոխումները շարունակվում են: Մի քանի ուղղություն առանձնացնեմ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության՝ դիմումների ստացում, քննարկումը, ուսումնասիրությունը: Դրանից բացի մշտադիտարկման աշխատանքներն են, որ կատարել ենք, հետազոտություններն են, որ կատարել ենք մեր կարողությունների սահմաններում և նաև օրենսդրական դաշտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներն են: Գլխավոր գործառույթը, իհարկե, դիմումների քննարկումն է, քաղաքացիներից ստացել ենք գրավոր և բանավոր դիմումներ: Վիճակագրությանը ներկայացված է տարեկան հաղորդման մեջ, բայց ամփոփ ներկայացնեմ ընդհանուր գծերով՝ ստացել ենք 138 դիմում 159 անձանց կողմից, այսինքն, որոշ դիմումներ եղել են կոլեկտիվ դիմումներ, 78 դիմումներ եղել են գրավոր, 60 դիմում եղել է բանավոր: Դիմումների վիճակագրություն պահել ենք երկու չափորոշիչի հիման վրա՝ ըստ իրավունքի և ըստ աշխարհագրության, այսինքն` շրջանի կամ մայրաքաղաքի: Ըստ իրավունքի առանձնացնեմ, որոշ իրավունքներ, գլխավոր՝ ամենաշատ դիմումները ստացել ենք սոցիալական ապահովության իրավունքի վերաբերյալ՝ 26 դիմում, որոնք հիմնականում վերաբերել են պետական կենսաթոշակների և նպաստների ստացման հարցին: Պետական ծրագրերի շրջանակներում որոշակի խումբ անձանց շինանյութի տեսքով օժանդակություն տրամադրելու հարցին, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների և անհատական տների վերանորոգման հարցի և մի շարք այլ հարակից հարցերի: Այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կատարել ենք անհատական դեպքերով էլ, որոշ դեպքերում դրական հաջողություններ են եղել, այսինքն, լուծվել են մարդկանց խնդիրը, իրավունքների խախտումները վերացվել են, որոշ դեպքերում իրավունքների խախտումներ չեն արձանագրվել, պարզաբանվել են մեր կողմից նրանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Մյուս իրավունքը առանձնացնեմ՝ սեփականության իրավունքն է, ստացել ենք 24 դիմում: Դիմումները հիմնականում վերաբերել են վերաբնակեցված անձանց, վերաբնակիչների տների, սեփականության իրավունքով հատկացմանը, որոշ խնդիրներ այստեղ կան ժամկետների առումով, որոշ վարչարարական խնդիրներ են առաջանում: Մեր կողմից քննարկվել են հարցերը, ներկայացվել են առաջարկներ՝ և անհատական դեպքերով և նաև ընդհանուր ոլորտը բարելավելու ուղղությամբ: Այլ խնդիր եղել է սեփականության իրավունքի տեսանկյունից նաև փախստական անձանց բնակարան հատկացնելու կամ բնակվարձի փոխհատուցումից օգտվելու ծրագրի շրջանակներում:
Մյուս իրավունքը՝ արդար դատաքննության իրավունքն է: Ներկայացվել է 14 դիմում, 3-րդ տեղում է: Ինչպես տեղյակ եք, մարդու իրավունքների պաշտպանը՝ օրենսդրությամբ սահմանված, չի կարող միջամտել դատարանների աշխատանքներին, մասնավորապես այն գործերը, որոնք արդեն գտնվում են դատական վարույթում կամ առկա է այդ գործով դատարանի ուժի մեջ մտած վերջնական ակտ, Մարդու իրավունքների պաշտպանը որևէ կերպ չի կարող քննարկել այս հարցերը: Բայց նմանատիպ հարցեր, բողոքներ ստացել ենք, գոնե պարզաբանել ենք մարդկանց իրավունքները և նաև արձանագրել ենք խնդիրները: Խնդիրներից գլխավորն այն է, որ դատական նիստերին և փորձաքննությունների նշանակման և իրականացման հարցում, երբեմն, ողջամիտ ժամկետի խախտումներ են տեղի ունենում, որը պայմանավորված է և օբյեկտիվ հանգամանքներով, և սուբյեկտիվ: Մասնավորապես, օրինակ` մի դեպք՝ մենք բողոք ենք ստացել, եթե չեմ սխալվում, արդեն 2,8 ամիս շարունակ, 5 անձինք, կոնկրետ մեկ բողոքով ընդգրկված մեղադրյալներ, ազատազրկման մեջ են, բայց առայսօր փորձաքննության արդյունքները ամբողջությամբ չեն ստացել կամ դատական նիստերի ձգձգումներ են տեղի ունենում: Հաջորդը վերաբերում է ազատ տեղաշարժի իրավունքին, ստացել ենք 13 դիմում, հիմնականում այս հարցերը վերաբերել են հաշվառման վայրի փոփոխությանը և անձնագիր ստանալու իրավունքներին: Սրանք իրենք իրենց հերթին որոշակի այլ խախտումների են հանգեցրել: Հինգերորդը վերաբերում է աշխատանքային իրավունքներին: Ստացել ենք 12 դիմում, հիմնականում հարցերը վերաբերել են աշխատանքային պայմանագրի անհիմն դադարեցմանը, նկատողություն տալու սահմանված իրավական ընթացակարգին չհետևելուն և այլն: Առանձնացնեմ 6-րդը՝ պատշաճ վարչարարության իրավունքին է վերաբերվել, ստացել ենք 10 դիմում: Այստեղ կա երկու հիմնական խնդիր՝ պետական լիազոր մարմինների կողմից, քաղաքացիների դիմումներին օրենքով սահմանված ժամկետներում պատասխան չտալն է և երկրորդը՝ տեղեկություններ չտալն է, քաղաքացիների հարցումներին պատասխան: Որոշ դեպքերում էլ էլի դրական հաջողություններ եղել են, մեր միջամտության արդյունքում իրավունքի խախտումները վերացել են, որոշ դեպքերում առաջարկներ ենք ներկայացրել, որպեսզի պետական լիազոր մարմինները իրենց վարչարարությունը ավելի պատշաճ և ավելի արդյունավետորեն իրականացնեն, որպեսզի տեղի չունենան այդպիսի խախտումներ: Մի շարք այլ իրավունքների առումով էլ բողոքներ ստացել ենք, մասնավորապես՝ առողջության պահապանման իրավունքի, հավաքների ազատության իրավունքի, առանձնացված նաև երեխաների հետ կապված, մանրամասները տարեկան հաղորդման մեջ ներկայացված են, սակայն կուզեի այս տեսանկյունից երկու հիմնական առաջարկ ներկայացնել՝ մասնավորապես, մեր դիտարկումներով և հետազոտություններով առաջարկում ենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիտարկի երեխաների իրավունքների մասին և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիաներին միանալու հնարավորությունը, և կարծում եմ՝ այս կոնվենցիաներին միանալու միջոցով, մի շարք դրական արդյունքներ մենք կունենանք, մասնավորապես, մեր պետական իրավունքում բավականին փաստաթղթեր կունենանք այս ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար: Մեզ համար՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար, լրացուցիչ մշտադիտարկման մեխանիզմներ կձևավորեն, որպեսզի կարողանանք ավելի արդյունավետորեն դիտարկենք ոլորտը, և իհարկե, նաև իր միջազգային արտաքին քաղաքական ազդեցությունն էլ, համոզված եմ, կունենա: Առանձնացնեմ հատկապես, հարկադիր պահման վայրերում մեր կատարած աշխատանքները: Այս ոլորտը, այս ուղղությունը կարևող ուղղություններից մեկն է, քանի որ հիմնական խոցելի խմբերը նաև գտնվում են հարկադիր պահման վայրերում: Հիմնական ուշադրություն ենք դարձրել քրեակատարողական վարչությունում, մասնավորապես քրեակատարողական հիմնարկում և քննչական մեկուսարանում Մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, որոշակի անհատական դիմումներ ստացել ենք, բայց, բացի դրանից, նաև մշտադիտարկման աշխատանքների շնորհիվ, որոշ համակարգային խնդիրներ ենք առանձնացրել, որոնք ամփոփվել են տարեկան հաղորդման մեջ, և նաև ես առանձին գրությամբ ոստիկանապետին եմ առաջարկներ ներկայացրել: Մի քանի խնդիր այս տեսանկյունից առանձնացնեմ՝ մասնավորապես, տեսակցության, ազատազրկված անձանց, իրենց հարազատների տեսակցության կարգի հետ կապված որոշակի հարցեր կան, տեսակցության սենյակների գերծանրաբեռնվածության խնդիրներ կան: Տեսակցության սենյակում միջնապակու առկայություն: Այս իրավունքի հետ կապված, այսինքն` արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի հետ կապված մեկ այլ խնդիր կար քննչական մեկուսարանում՝ հեռախոսակապն էր բացակայում ամբողջությամբ այնտեղ, այսինքն` քննչական մեկուսարանում պահվող ազատազրկված անձինք, որևէ կերպ հնարավորություն չունեին իրենց հարազատների հետ հեռախոսակապի հնարավորություն ունենալ, ինչը, բնականաբար իրավունքի խախտում է: Մեկ այլ խնդիր էլ կար՝ շերտավարագույրների հետ կապված: Որոշ խցերում արտաքին հատվածից երկաթե շերտավորություններ են առկա, և դա հանգեցնում էր բնական լուսավորվածության բավականին լուրջ սահմանափակման: Այս բոլոր խնդիրները առանձնացրել ենք, առաջարկել ենք, և ողջունում եմ, որ այս ամիսների ընթացքում՝ տարեկան հաղորդումը հրապարակելուց հետո՝ ապրիլին, մայիսին քրեակատարողական վարչությունում, գրեթե բոլոր հարցերը լուծվել են՝ միջնապակին հանվել է, քննչական մեկուսարանում հեռախոսակապը դրվել է, երկաթե շերտավարագույրները հանվել են: Կար նաև մեկ այլ խնդիր, որ փաստաբանների հետ տեսակցության սենյակում առկա չէր դռան վրա համապատասխան հարմարանք, որպեսզի հեռակա կարողանային վարչության աշխատակիցները հետևել փաստաբանի և ազատազրկված անձի շփմանը, որը օրենքի պահանջ էր: Արդյունքում դուռը բաց վիճակում էին հետևում նրանց շփմանը, ինչը իրավունքների խախտում էր: Մեր առաջարկի շնորհիվ այս խնդիրն էլ վերացվեց, և պայմանները ապահոված են: Մի շարք խնդիրներ կան դեռևս, իհարկե քրեակատարողական վարչությունում, և ես, անձամբ հետևողականորեն եմ լինելու, որ հնարավորինս արագ կերպով մեր ունեցած կարողությունների սահմաններում խնդիրները լուծվեն, իհարկե տեղյակ եք, որ որոշ խնդիրներ վերաբերվում են պահման պայմաններին են, ընդհանուր առմամբ, շենքային պայմաններով է պայմանավորված: Այս տեսանկյունից հաջորդ առաջարկս այն է, որ Ազգային ժողովը քննարկի նաև միջազգայնորեն շատ հայտնի այլ կոնվենցիային միանալու հարցը, հնարավորությունը, մասնավորապես խոշտանգումների դեմ կոնվենցիաներ, իսկ ավելի կոնկրետ ասած, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան: Սա կրկին նույն ազդեցությունը կունենա, ինչ-որ նշեցի նախորդ կոնվենցիաների պարագայում: Հակիրճ ներկայացնեմ մյուս ոլորտները շատ արագ: Հանրային իրազեկման ուղղությամբ որոշ աշխատանքներ կատարել ենք, կազմակերպել ենք միջոցառումներ, հանրային հաղորդակցության այլ մեխանիզմներ ենք օգտագործել, մասնավորապես նաև լրատվամիջոցներով, սոցցանցերով և այլն: Այս տեսանկյունից շատ եմ կարևորում հանրային իրազեկման աշխատանքները, քանի որ բազմաթիվ խնդիրներ պայմանավորված են նաև քաղաքացիների իրավագիտակցության ոչ պատշաճ մակարդակով, և որքան շատ մենք կարողանանք համատեղ ներկայացնել քաղաքացիներին իրենց իրավունքներն ու իրենց պաշտպանության մեխանիզմները, այնքան ավելի պաշտպանված կլինեն մեր քաղաքացիների իրավունքները: Հաջորդը՝ քաղաքացիական հասարակության հետ աշխատանքն է, որը շատ կարևոր ուղղություն է, քանի որ առանց արդյունավետ զարգացած, կայացած, քաղաքացիական հասարակության, հնարավոր չէ արդյունավետ կերպով պատկերացնել իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այստեղ ես և նախորդ շրջանում՝ Ռուբեն Մելիքյանը, մեր հանձնառությունն ենք ստանձնել հնարավորինս աջակցել քաղհասարակությանը իրենց կարողությունների զարգացման և նոր ռեսուրսների հայթայթման գործում: Եվ մյուս ուղղությունը՝ արտաքին փոխգործակցությունն է: Սա առանձնացրել ենք մի քանի ուղղությամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունն է, որը շարունակել ենք բարձր մակարդակով՝ և բողոքների փոխանցման շրջանակներում և նաև փորձի փոխանակման շրջանակներում: Գործում քայլեր են կատարել՝ սփյուռքյան կառույցների հետ համագործակցությունն է: Որոշ կառույցների հետ ակտիվ համագործակցել ենք, որոշների դեպքում բավականին շոշափելի արդյունքներ ունենք, օրինակ Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հետազոտել և հրապարակել է հատուկ զեկույց՝ Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքը և թշնամությունն ընդդեմ հայերի խորագրով, որը անգլերենով է հրապարակվել. և արդեն տարբեր հարթակներում, այդ թվում եվրոպական պառլամենտում, ներկայացվել է: Մյուս ուղղությունը՝ միջազգային կառույցների, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքն է: Այս ուղղությամբ որոշ քայլեր կատարվել են, բայց տեղյակ եք, որ սահմանափակությունները շատ են, դեռևս շոշափելի արդյունքներ այս տեսանկյունից չէի ասի, թե կան, բայց աշխատանքները շարունակում ենք:
Այսքանը, եթե հարցեր կան, պատրաստ եմ պատասխանել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Բեգլարյան, խնդրեմ, եթե հարցեր ունեք մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ կապված, խնդրում եմ գրանցվել հարցերի համար: Ռիտա Մնացականյան, Դավիթ Իշխանյան, ուրի՞շ: Չկա: Հիմա անդրադառնում ենք հարցերին, Ռիտա Մնացականյան:
Ռիտա Մնացականյան – Պարոն Բեգլարյան, Դուք մանրամասն ներկայացրեցիք Ձեր կատարածը և մտահոգությունը բանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցում: Կցանկանայի իմանալ՝ ի՞նչ կարող է անել Մարդու իրավունքների պաշտպանը այդ բանտարկյալների ազատության մեջ մնացած երեխաների, մանավանդ անչափահաս երեխաների համար, որոնք գտնվում են սոցիալական, հոգեբանական ծանր հոգեվիճակի մեջ:
Արտակ Բեգլարյան – Շնորհակալություն, տիկին Մնացականյան: Շատ կարևոր հարց է: Այդ հարցին կարող ենք կապել նաև ազատազրկված անձանց, երբ արդեն ազատության մեջ են գտնվում, այսինքն` պատիժը կրելուց հետո իրենց սոցիալական վերականգնման հարցն է, որը պետության պարտավորությունների մեջ է մտնում, սակայն մեզ մոտ դեռևս այս համակարգը չի ձևավորվել, հույս ունեմ, որ առաջիկայում որոշ աշխատանքներ կկատարվեն՝ այդ թվում քրեակատարողական վարչությունը տեղափոխելով արդարադատության նախարարության կառավարման ներքո, բայց ինքնին ազատազրկված անձանց և իրենց ընտանիքների սոցիալական վերականգնումը բոլորիս է անհրաժեշտ, քանի որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ազատազրկման համակարգը պատժողականից դարձնենք վերականգնողական համակարգ, արդյունքում կքչանան կրկնակի հանցագործությունների քանակը և նաև այս անձանց հարազատները, որոնք, երբեմն, բավականին ծանր վիճակում են գտնվում, կկարողանան իրենք էլ սոցիալապես վերականգնվել: Անձամբ, ես՝ Մարդու իրավունքների պաշտպանը, ուղիղ որևէ գործառույթ չունենք այդ ընտանիքներին աջակցելու, բայց կմտածենք այդ ուղղությամբ, պետական լիազոր մարմինների հետ համապատասխան ծրագրեր փորձել մշակել, որպեսզի հասցեական աշխատանք, թիրախային աշխատանք կատարվի նրանց հետ և իրենց հարազատի ազատազրկման մեջ գտնվելու ընթացքում և դրանից հետո, և 2-րդ ուղղությունն է, որ քաղաքացիական հասարակության կառույցները այս ուղղությամբ ունեն անելիք, իհարկե, նաև պետական աջակցության միջոցով, կարծում եմ, կարող են որոշակի վերականգնողական աշխատանքներ տանել՝ և հոգեբանական, սոցիալական, ֆինանսական տեսանկյուններից:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, տիկին Մնացականյան: Չէ: Շնորհակալություն: Հաջորդ հարցը՝ Դավիթ Իշխանյան, խնդրեմ:
Դավիթ Իշխանյան - Շնորհակալություն: Իհարկե, մենք առիթ ենք ունեցել անցած ամսվա ընթացքում ծանոթանալու ներկայացված տարեկան հաղորդումը՝ Մարդու իրավունքների պաշտպանի: Ես կուզեի անդրադառնալ ազատ տեղաշարժի իրավունքի բաժնի և ընդհանրապես այդ ոլորտին՝ 13 դիմում եք ստացել, ներկայացված է այստեղ, նաև ուղղվածությունը, հիմնականում, ներքին դաշտին միտված քայլեր են: Իհարկե, զեկույցի մեջ, հաղորդման մեջ, պատրաստված զեկույցի մեջ նաև արտաքին կապեր՝ համագործակցություն Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և մի շարք կառույցների հետ: Արդյո՞ք, ստացել եք, և գիտեք՝ որքա՞ն խնդիրներ են առաջանում օտարերկրացիների մուտքի հետ կապված՝ Արցախի Հանրապետություն, ազատ տեղաշարժի իրավունքի, նույնը մեր քաղաքացիները: Արդյո՞ք, ստացել եք գրավոր կամ բանավոր դիմումներ օտարերկրացիներից կամ մեր քաղաքացիներից ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների հետ կապված այլ երկրներ և արդյունքներն քննարկումները, բնականաբար եղել են, ի՞նչ ընթացքի մեջ են և ի՞նչ արդյունքներ եք ունեցել Ձեր գործընկերների Հայաստանի Հանրապետության կամ այլ կառույցների քննարկումների դաշտում: Շնորհակալություն:
Արտակ Բեգլարյան – Շնորհակալություն, պարոն Իշխանյան: Իրականում խնդիրը առկա է, բավականին ծավալուն կերպով է առկա, բայց բողոքներ չենք ստացել այդ տեսանկյունից, ինչը չի նշանակում, որ մեր ուշադրության ներքո չի եղել: Անընդհատ հետևում ենք, հատկապես հրապարակային միջոցներով հրապարակված այդպիսի դեպքերին՝ երկու հիմնական խնդիր կարող ենք առանձնացնել. մեկը՝ խախտողը Ադրբեջանն է, որը օտարերկրացիների առջև է որոշակի խնդիրներ, արգելքներ ստեղծում, երկրորդը՝ մեր քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի խախտումներ են, որոնք կատարում են հիմնականում օտարերկրյա պետությունները: Իհարկե, որոշ չափով՝ ըստ իմ տեղեկությունների, նաև Ադրբեջանի ճնշման ներքո, սակայն, հատկապես 2-րդ ոլորտը շատ դժվար է ապացուցել, քանի որ, երբ մարդիկ փորձում են ստանալ վիզա, ինչ-որ դեսպանատնից մերժում են ստանում, բայց հիմնականում մերժման մեջ հիմքը չի լինում, թե ինչ հիմքով ենք մերժում ձեզ: Իհարկե, տեղյակ եք, որ խնդիրներ են առաջանում հատկապես Արցախի Հանրապետության պաշտոնյանների հետ կապված, երբ հիմնական սահմանափակությունները նաև պաշտոնյաներին են վերաբերվում, բայց դեպքեր, ես անձամբ լսել եմ, որ մարդիկ կրթության իրավունքի հետ կապված խնդիրներ են ունեցել, այսինքն` չեն ստացել մուտքի արտոնագիրը տվյալ պետության և իրենց կրթության իրավունքը խախտվել է նաև առողջության պահապանման իրավունքի հետ կապված: Այս բոլոր հարցերի ուղղությամբ այժմ մեր աշխատակազմը հետազոտություն է կատարում, համապարփակ կերպով ցանկանում ենք հավաքել բոլոր դեպքերը, որոնք առնչվում են Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումներին՝ պայմանավորված Արցախի Հանրապետության չճանաչվածության և նաև Ադրբեջանի քաղաքականությամբ՝ վարքով, երբ բազմաթիվ իրավունքներ արդեն առանձնացրել ենք, այդ թվում, ազատ տեղաշարժի իրավունքները: Եթե դուք տեղյակ լինեք նմանատիպ կոնկրետ դեպքերի, ես խնդրում եմ, որ մեզ էլ տեղյակ պահեք, քանի որ որոշակի դաշտային աշխատանք ենք կատարում, այսինքն` որակական հետազոտություն ենք կատարում նաև ադրբեջանական աղբյուրներից էլ հավաքագրում ենք տեղեկություններ և այս պահին աղբյուրագիտական աշխատանք ենք կատարում: Այնպես, որ յուրաքանչյուրիդ աջակցությունը այս հարցում շատ կարևոր է լինելու, և հուսով եմ, որ առաջիկա ժամանակաշրջանում կկարողանանք ամբողջությամբ ամփոփել և մի քանի օր հետո հրապարակել այս հետազոտությունը, որը բոլորիս համար կլինի արդյունավետ, որպեսզի և որոշումներ կայացնենք և նաև կարողանանք միջազգային հարթակներում ներկայացնել այս իրավունքների խախտումները:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք: Չէ: Շնորհակալություն, պարոն Բեգլարյան: Մենք հիմա պետք է անցնենք մտքերի փոխանակությանը և եթե այդպիսի ցանկություն կա, ես խնդրում եմ գրանցվել պատգամավորներին, ելույթներ՝ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի հետ կապված, չկա: Մտքերի փոխանակության ցանկություն չկա և դրանից հետո մեզ մնում է անդրադառնալ եզրափակիչ ելույթների: Ենթադրում եմ, որ եթե մտքերի փոխանակություն չի եղել, եզրափակիչ ելույթների անհրաժեշտություն էլ չի ծագում, պարոն Բեգլարյան, եզրափակիչ ելո՞ւյթ, ոչ: Շնորհակալություն: Ուրեմն, մենք այսքանով ամփոփում ենք Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. գործունեության, ինչպես նաև Մարդու իրավունքների ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդման քննարկումը խորհրդարանում, որևէ փաստաթուղթ չի ընդունում, չի քվեարկվում և համարենք, որ այս հարցը մենք արդեն ավարտեցինք: Անցնում ենք օրակարգային հաջորդ հարցին՝ Արցախի Հանրային հեռուստառադիո ընկերության 2018թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ հաղորդման, երևի նմանության, Ազգային ժողովի կանոնակարգով՝ հոդված 117-ը, հատուկ նշում է Մարդու իրավունքների պաշտպանինը, իսկ 119-ը, այս մեկը՝ տեղեկատվության ազատության վիճակի մասին հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի տարեկան հաղորդումն է ներկայացվում խորհրդարանին: Ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը, այն նույնպես խորհրդարան է ներկայացվել և քննարկվում է համապատասխան հանձնաժողովում: Այժմ ես հրավիրում եմ Արցախի հանրային հեռուստառադիո ընկերության խորհրդի նախագահ պարոն Արսեն Առուստամյանին՝ ներկայացնելու հանրային հեռուստառադիո ընկերության գործունեության վերաբերյալ հաղորդումը, խնդրեմ:
Արսեն Առստամյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ:
Ներկայացնում եմ Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2018թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը:
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2018թ., երեսնամյա երիտասարդի ավյունով հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակել է իր առաքելությունն իրականացնել՝ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում ապահովելով հանրության համար կարևոր ու նշանակալից տեղեկատվություն ստանալու մարդու սահմանադրական իրավունքը:
2018թ. Հանրային հեռուստատեսությունը շարունակել է աշխատանքը օրը չորսժամյա, իսկ հանրային ռադիոն՝ հինգժամյա ռեժիմով: Հեռուստատեսության և ռադիոյի եթերացանցում 2018թ. փետրվարից տեղի են ունեցել փոփոխություններ: Նոր եթերաշրջանում տեղ են գտել ինչպես 2017թ. հաղորդումներից, այնպես էլ ավելացել են նորերը` տարբեր թեմատիկ ուղղություններով` նպատակ ունենալով առավելագույնս բավարարելու հանրության տարբեր շերտերի և սոցիալական խմբերի հեռուստատեսային պահանջմունքները:
Հարկ է ընդգծել, որ 2018թ. Հանրային հեռուստատեսությունը տեխնիկապես վերազինվել է. Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով ձեռք են բերվել նոր թվային սարքավորումներ, որոնք ԱՄՆ-ից Արցախ է հասցվել, Հայաստան համահայկական հիմնադրամի աջակցությամբ, իսկ տեղադրման աշխատանքներն իրականացվել են ՊանԱրմենիա մեդիագրուպի մասնագետների աջակցությամբ: Արդյունքում, 2018թ. փետրվարից Հանրայինը հեռարձակվում է նաև HD ձևաչափով:
Հանրայինը իր պաշտոնական կայքէջի միջոցով շարունակել է իրականացնել հաղորդումների ներբեռնումը՝ հասանելի դարձնելով հաղորդումների դիտումն աշխարհում:
Հանրային հեռուստառադիոընկերությունն իր գործունեությունն իրականացրել է պետական բյուջեից ստացված միջոցների, գովազդից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտների հաշվին: Ֆինանսավորումն իրականացվել է հարյուր տոկոսով, առանց ուշացումների:
2018թ. աշխատանքներ են տարվել Հայաստանի Հանրապետությունում գործող հեռուստառադիոընկերությունների հետ կապերի և փոխհարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Այպիսով, ամփոփելով 2018թ., վստահաբար կարող ենք ասել, որ ընկերությունը հաջողությամբ է ավարտել տարին, ինչպես արտադրական, այնպես էլ ֆինանսատնտեսական տեսանկյունից:
Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք 2018թ. կեսերին փոխվել է հանրայինի ղեկավար կազմը: Խորհրդի նախկին նախագահ Նորեկ Գասպարյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ավարտով պայմանավորված, մրցութային հանձնաժողովի կողմից ընտրվել է խորհրդի նոր անդամ, խորհրդի անդամներն էլ ընտրել են խորհրդի նոր նախագահ: Իսկ խորհուրդն էլ ընտրել է Հանրային հեռուստառադիոընկերության նոր գործադիր տնօրեն: Եվ փաստը, որ ղեկավար կազմի փոփոխությամբ աշխատանքներն իրականացվել են սահուն և առանց ցնցումների, դա, նախ և առաջ արդյունք է մեզ թողած համակարգային ժառանգության: Եվ այսօր, օգտագործելով այս առիթը, թույլ տվեք իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել Արցախի հեռուստառադիոյի բոլոր ժամանակների ղեկավարներին ու աշխատողներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իր ժամանակահատվածում անմնացորդ նվիրումով է կատարել աշխատանքը:
Այսօր եկել է մեր ժամանակը՝ կերտելու պահը: Իսկ այդ ժամանակը մենք կերտելու ենք անցած երեսուն տարիների ձեռքբերումները խտացնելու և մեզ համար հենման ամուր հիմք դարձնելու ճանապարհով և նախորդներին գերազանցելու նժդեհական պատգամով, որովհետև ով չի գերազանցում իր նախորդներին՝ նա անարգում է նրանց անունը՝ մեղանչելով ոգու զարգացման օրենքի դեմ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Առստամյան: Մենք նույն ձևով ենք հիմա անում, որպեսզի նորից չկարդամ, եթե կան հարցեր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին, խնդրում եմ գրանցվել: Գագիկ Բաղունց, Արպատ Ավանեսյան, Հայկ Խանումյան և ես: Ես էլ մի հարց ունեմ: Ուրեմն անցնում ենք հարցերին, խնդրեմ, պատգամավոր Գագիկ Բաղունց, հետո՝ պարոն Արպատ Ավանեսյան:
Գագիկ Բաղունց – Պարոն Առստամյան, վերջին ամիսներին Արցախ TV-ի կայք քչից օգտվելու հնարավորությունը կտրուկ նվազել են, ի՞նչ է կատարվում այդ ուղղությամբ՝ վերականգնելու նախկինում բավականին լայն և հարմար հնարավորությունների ուղղությամբ:
Արսեն Առստամյան – Շնորհակալություն հարցի համար: Մեր կայքէջը պիտի ասենք, որ և տեխնիկապես և բարոյապես, մաշված է: Վերջին շրջանում, իսկապես հաճախակի են լինում խափանումներ: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում նոր կայքէջ ունենալու շուրջ, կարծում եմ՝ առաջիկայում մենք կլուծենք այդ հարցը: Բայց մինչ այդ, կարող եք յութուբյան մեր ալիքով դիտել և նաև սոցիալական ցանցերում էլ է տարածվում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հարցը, խնդրեմ պատգամավոր Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Պարոն Առստամյան, հաշվետվության մեջ նշեցիք, որ որոշ հաղորդումներ լրացուցիչ կերպով ընդգրկել եք: Մի մասը, որոնք որ, երևի թե, չեն բավարարել մեր հեռուստադիտողների պահանջներին, հանել եք, բայց ես կարող եմ հիշեցնել, որ մենք ունեինք մի շատ լավ հաղորդում, որը հեղինակում էր Լեռնիկ Հովհաննիսյանը՝ չգիտեմ մինչև Ձեզ, թե Ձեր ժամանակ, հանվել է, կարծում եմ, որ անհրաժեշտ է, որպեսզի այդ հաղորդումը Ձեր ապագա ծրագրերի մեջ ներգրավեք, անեք լրացուցիչ ֆինանսավորում, որովհետև այն տարածքները, որոնք ժամանակին թաթարների ձեռքին են եղել՝ մեր հարևան, հնարավորինս բոլոր հայկական պատմաճարտարագիտական կառույցները, ավիրել են, էլ չեմ խոսում, որ մի մասը նույնիսկ տեղը հերքել են: Լեռնիկ Հովհաննիսյանը անգնահատելի աշխատանք է արել, և մտածեք այդ ուղղությամբ, թե ինչպես անեք, որ ընդգրկվի Ձեր հաղորդումների ցանկում:
Արսեն Առուստամյան – Շնորհակալություն: Ձեր հարցը ընդունում ենք ի գիտություն: Ապագայում՝ աշնանանային ենթաշրջանում կամ 2020թ. եթերացանցում կքննարկենք հնարավորությունները և կընդգրկենք ձևաչափը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, հաջորդ հարցը՝ Հայկ Խանումյան, խնդրեմ:
Հայկ Խանումյան – Մի քիչ ռեպլիկի տեսքով է: Այդ ղեկավարության սահմանմամբ ոնց, որ, ոճի անցում է եղել, հատկապես այդ զեկույցի հաղորդման ոճի: Ավելի լավ կլինի մի քիչ ավելի հստակ ոճ լինի, քան այդ գեղարվեստական խոսք՝ խուսափելով գեղարվեստական ոճից:
Արսեն Առուստամյան – Հստակ ոճը հաղորդման մեջ ներկայացված է, դրա համար չցանկացա լրացուցիչ անել:
Աշոտ Ղուլյան – Հարց կա՞, ցանկությո՞ւն է, շնորհակալություն:
Պարոն Առուստամյան, կապված է վերապատրաստման հետ: Իհարկե, շատ կարևոր է տեխնիկական վերապատրաստումը: Ինչպես նշեցիք, անցյալ տարի էլ որոշ մասով կատարվեն: Վերջերս, երբ որ Հայաստանի Հանրապետությունից Հանրային հեռուստաընկերության խորհրդի անդամներն էին, նրանք, կարծես, պատրաստակամություն ենք հայտնել: 2018թ. այդպիսի գործընթաց իրականացվել է, և այս տարվա ընթացքում էլ ի՞նչ է նախատեսվում:
Արսեն Առուստամյան – Վերապատրաստման գործընթացները հանրայինում իրականացվել են պարբերաբար: Այլ հարց է, դա բավարարում է մեզ,թե չէ: Այս տարի մենք ևս հանդիպել ենք և հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենին և հանրային ռադիոյի գործադիր տնօրենի հետ, և կարծում եմ՝ առաջիկայում համագործակցության շատ լուրջ ծրագրեր կունենանք, այդ թվում, նաև վերապատրաստման առումով:
Աշոտ Ղուլյան – Պայմանավորվածությունները կա՞ն:
Արսեն Առուստամյան – Այո:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, մենք ավարտեցինք հարցերի այս մասը՝ հատվածը, և կարող ենք անցնել մտքերի փոխանակության, եթե այդպիսի ցանկություն կա: Խնդրեմ, գրանցում ենք ելույթների համար: Ելույթների ցանկություն չկա: Մենք ամփոփում ենք օրակարգային այս հարցը: Մենք լսեցինք հանրային հեռուստառադիո ընկերության հաղորդումը 2018թ. գործունեության մասին, քանի որ մենք հանձնաժողովային քննարկման ժամանակ ենք խոսել դրա մասին, կարծում եմ՝ տրվել են որոշ պարզաբանումներ հանձնաժողովային քննարկումների ժամանակ, և պետք է շարունակենք, որովհետև սա մշտական այդպես գործընթաց է, և տարվա ընթացքում, հավանաբար կլինի նոր հնարավորություններ՝ հանդիպման և մեր տեսակետները փոխանցելու հնարավորություն: Այսքանով մենք ավարտում ենք այս հարցը և անցնում ենք օրակարգային հաջորդ հարցին՝ Վերածնունդ խմբակցության հարցապնդումն է այս օրակարգային հաջորդ հարցը, քանի որ մենք հաճախակի չենք դրան անդրադառնում, ես ուզում եմ հիմա հիշեցնել, որ կանոնակարգի 110-րդ հոդվածի համապատասխան, խմբակցությունը, այսպես է նախատեսված 2-րդ մասով, խմբակցությունը նույն հերթական նստաշրջանի ընթացքում հանրապետության Նախագահին և Կառավարության անդամներին հարցապնդմամբ կարող է դիմել ոչ ավել, քան մեկ անգամ: Հարցապնդումների պատասխանները ներկայացվում է խմբակցության առաջարկությամբ, խմբակցության առաջարկությամբ քննարկվում են Ազգային ժողովում, Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման սկզբում, մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով, հարցապնդման պատասխանը ներկայացնում է Կառավարության անդամը, եթե խմբակցությունը չի առաջարկել հարցապնդումը քննարկել, ապա Կառավարության անդամի ելույթից հետո հարցի քննարկումը համարվում է ավարտված: Խմբակցության առաջարկությամբ, հարցապնդման պատասխան Ազգային ժողովի նիստում քննարկվում է հետևյալ կարգով՝ հարցապնդման պատասխանը ներկայացնող Կառավարության անդամին կարող են տրվել հարցեր, ելույթով հանդես է գալիս հարցապնդումը ներկայացնող խմբակցության ներկայացուցիչը, որին կարող են տրվել հարցեր, մտքերի փոխանակության և եզրափակիչ ելույթով հանդես են գալիս հարցապնդման համապատասխան ներկայացնող Կառավարության անդամը այնուհետև խմբակցության ներկայացուցիչը: Քանի որ Ազգային ժողովում հարցը քննարկվում է, մինչև հինգ րոպե տևողությամբ ելույթով, հարցապնդման պատասխանը ներկայացնում է Կառավարության անդամը: Ազգային ժողովին այն ներկայացնում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը, խնդրեմ, պարոն Գրիգորյան:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ: Սույն թվականի ապրիլի 16-ին Կառավարություն մուտք է գործել Ազգային ժողովից՝ պատգամավոր Հայկ Խանումյանի հարցապնդումը, որը վերաբերվում է Արցախգազ և Արցախէներգո ընկերությունների մասնավորեցման որոշ պայմաններին: Հարցապնդման մեջ նշվում է մասնավորեցման մեջ գնի գրավի դեմ պարտավորությունների և ներդրումների մասին: Մենք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացրել ենք հարցապնդման պատասխանները, որը մեկ անգամ ևս կհնչեցնեմ այս ամբիոնից: Արցախգազ և Արցախէներգո փակ բաժնետիրական ընկերությունները, հանդիսանալով 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ, ընդգրկված են եղել պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրերում: Մասնավորեցվել են Կառավարության 2017թ. համապատասխան որոշումների համաձայն: Կառավարության որոշմամբ, վերոհիշյալ որոշումներում մասնավորեցման ձև է ընտրվել մրցույթը: Մասնավորեցումը իրականացվել է բաժնետոմսերի անհատույց տրամադրման եղանակով մրցույթով սահմանված պայմանների կատարման դիմաց: Մասնավորեցման պահին, ընկերությունները ունեցել են հետևյալ պարտավորությունները. Արցախգազ ՓԲԸ–ն 5 միլիարդ 736 միլիոն 700 հազար դրամ, Արցախէներգո ՓԲԸ-ն 15 միլիարդ 299 միլիոն 716 հազար 700 դրամ, որոնք Կառավարության վերոհիշյալ որոշումներով՝ կնքված մասնավորեցման և գրավի պայմանագրերով փոխանցվել են մասնավորեցվող սուբյեկտներին: Բաժնետոմսերը մասնավորեցվել են մրցույթի պայմաններին առավելագույնը բավարարող և լավագույն առաջարկ ներկայացրած մասնակցին: Մինչև ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը, մասնավորեցված ընկերություններ համարվում են գրավի առարկա: Գրավառու է հանդիսանում Արցախի Հանրապետությունը: Մասնավորեցման ընկերությունների պայմանների մասին. Արցախգազ ՓԲԸ-ն պայման է դրել ներդրումների նվազագույն չափը՝ մեկ ու կես միլիարդ դրամ, մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից սպառողների մատակարարող գազի սակագնի պահպանում առնվազն առաջիկա երեք տարվա ընթացքում, ընկերությունը մասնավորեցման օրվա դրությամբ ձևավորված աշխատավարձի ֆոնդի պահպանում՝ առնվազն մեկ տարվա ընթացքում: Մրցույթի արդյունքներով՝ մասնավորեցվող սուբյեկտը առաջարկել է մինչև 2021թ. կատարել մեկ միլիարդ 505 միլիոնի չափով ներդրումներ և պահպանել մնացած երկու պայմանները: Արցախէներգո ՓԲԸ-ի մասով. ներդրումների նվազագույն չափ սահմանել 2,5 միլիարդ դրամ, մասնավորեցման պայմանագրի կնքման օրվանից սպառողներին մատակարարող էլեկտրաէներգիայի սակագնի պահպանում առնվազն առաջիկա երեք տարիների ընթացքում, ընկերությունում մասնավորեցման օրվա դրությամբ, ձևավորված աշխատավարձի ֆոնդի պահպանում՝ առնվազն առաջիկա մեկ տարվա համար: Սուբյեկտը ներկայացրել է առաջարկությունը մինչև 2021թ., ներառյալ` կատարել 2,7 միլիարդ դրամի ներդրումներ և պահպանել մնացած բոլոր կետերը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Փաստորեն, մենք լսեցինք Կառավարության անդամի ներկայացումը, թե այս հարցով ինչպիսին է դիրքորոշումը: Մենք՝ երեկ, աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ճշտել ենք, և հարցապնդման հեղինակը պնդել է, որ հարցը քննարկվում է, այդպես է, չէ՞, պարոն Խանումյան: Ուրեմն, հիմա մենք կարող ենք Կառավարության անդամին դիմել հարցերով, խնդրեմ, հարցերի համար, խնդրում եմ գրանցվել: Հովիկ Ջիվանյան, ուրիշ, հարցեր չկա՞ն: Խնդրեմ, պարոն Հովիկ Ջիվանյան՝ հարցի համար:
Հովիկ Ջիվանյան – Ես կհնչեցնեմ մի հարց՝ երկու մասնավորեցված օբյեկտների վերաբերյալ: Մասնավորեցումը կատարվել է 2017թ. ուղղակի, եթե Դուք ունեք տվյալներ, մինչև 2017թ. այս ընկերությունների վրա, ուրեմն առաջինը 5 միլիարդ, երկրորդի վրա 15 միլիարդ: Ինչքա՞ն գումարներ է ընդհանրապես, մինչև մասնավորեցումը, պետական բյուջեից ինչքա՞ն գումարներ է ծախսվել սրանց վրա, եթե ունեք այդպիսի տվյալներ:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն հարցի համար, ես կդժվարանամ հիմա պատասխանել Ձեր հարցին, որովհետև պետք է դասակարգեմ առաջին հերթին՝ ինչ է նշանակում ինչքան գումար է ծախսվել ընկերությունների վրա: Եղել են կապիտալ ներդրումներ՝ և գազամատակարարման ոլորտում և էլեկտրամատակարարման ոլորտում, որոնք որ համապատասխան կերպով արտացոլվել են ընկերության հաշվեկշռում կամ կոնկրետ պետական կառավարման մարմնի հաշվեկշռում: Թիվ, ուղղակի, հնչեցնել կդժվարանամ, որովհետև մեր ոլորտում չի եղել այդ մշտադիտարկումը իրականացնելու խնդիրը: Մասնավորեցման պահին մենք գնահատում ենք ընկերության ակտիվները և պասիվները և դրանց տարբերությունը ձևավորում է մասնավորեցվող արժեքը ընկերության:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, Հովիկ Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան - Այդ դեպքում այլ ձև ձևակերպեմ: Այ, ինչքա՞ն է կազմել գնահատումները, մասնավորեցման պահին այդ ընկերությունների գնահատումները մասնավորեցման պահին այդ ընկերությունների գնահատումները, ի՞նչ արժեք են կազմել,արժեքների գնահատականը: Մասնավորեցման պահին ի՞նչ արժեն այդ հիմնարկները:
Լևոն Գրիգորյան – Մենք Արցախգազ ընկերությունում ունեցել ենք գնահատման պահին ակտիվները 9/9 միլիարդ, մի քիչ էլ ավել՝ 10 միլիարդին մոտ և պասիվներ 5/4 միլիարդ: Արցախէներգո ընկերությունում մենք ակտիվները ունեցել ենք 20/4 մոտավորապես միլիարդ և պասիվները՝ 15/2 միլիարդ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Շնորհակալություն պարոն Գրիգորյան: Դուք կարող եք նստել: Մենք հարցապնդումը խորհրդարանում քննարկելու ընթացակարգով, այժմ հարցապնդման հեղինակին տալիս ենք ելույթի հնարավորություն, խնդրեմ, պատգամավոր Հայկ Խանումյան: Մենք կարող ենք հարցեր տալ նաև հարցապնդման հեղինակին:
Հայկ Խանումյան – Հարգելի ներկաներ, ես նախ հարցում էի ուղարկել՝ խնդրելով տրամադրել Արցախգազ և Արցախէներգո ընկերությունների մասնավորեցման պայմանագրերը, սակայն նախարարությունը դա մեկնաբանել է առևտրային գաղտնիք և չեր տվել, ստիպված հարցապնդում ենք ուղարկել՝ ավելի հստակեցնելով հարցերը, թե ի՞նչ պայմանների դիմաց, ի՞նչ պայմաններում և նախարարը ներկայացրեց, սակայն խնդիրը, կասկածները առաջանում են տարբեր հանգամանքների հետ կապված: Նախ` կուտակված հսկայական պարտքերի՝ մի դեպքում 5/7 միլիարդ դրամ, մի դեպքում 15/3 միլիարդ: Նախարարը նույնպես ակտիվների ու պասիվների մասին նշեց, և այդ կասկածները ավելի են մեծանում, որովհետև եթե ակտիվները, ենթադրենք գնահատել ենք 24 միլիարդ, սակայն 15/3 միլիարդի պարտավորության դիմաց և 2,5 միլիարդ ներդրումների դիմաց ենք մասնավորեցնում, ապա էլի 24 միլիարդին չի հասնում, ենթադրենք Արցախէներգոյի թիվը: Եթե ուսումնասիրենք, թե որ բանկերից են այդ վարկերը վերցվել, հատկապես Արցախգազի դեպքում, նույնպես էլի հարցեր են առաջանում: Սա է եղել հիմնական բանը: Նաև որոշակի հարցեր կան ներդրումների իրականացման հետ կապված՝ ինչ ծավալով են իրականացնում: Սա կարող եք ընդունել հարցի տեսքով, և արդյոք, կատարվում են նշված պայմանները:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն, հարցապնդման հեղինակին: Արպատ Ավանեսյան, ուրի՞շ: Ուրիշ հարցեր չկան: Հարցի համար գրանցվել է պատգամավոր Արպատ Ավանեսյանը, խնդրեմ, պարոն Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Ուրեմն,Դուք ասացիք, որ հարցեր եք առաջանում այդ գործառույթների պարագայում: Եթե կարելի է, մեկնաբանեք այդ ինչի մասին է խոսքը:
Հայկ Խանումյան – Հստակ ասեցի, որ ակտիվների և պասիվների տարբերությունն է, եթե 24 միլիոն դրամ է ակտիվները գնահատվում, և մենք իրան փոխանցում ենք 15 միլիարդ պարտքը վերցնելու և 2,5 միլիարդ դրամ՝ ներդրման դեպքում, տեսնում ենք, որ այդ 24 միլիարդին չի հասել գումար:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Ավանեսյան: Չէ: Շնորհակալություն: Կարող եք նստել, պարոն Խանումյան: Մենք հիմա ունենք մտքերի փոխանակության հնարավորություն, այսինքն, պատգամավորները նույնպես կարող են ելույթ ունենալ, եթե այդպիսի ցանկություն կա: Մտքերի փոխանակությո՞ւն, ելույթներ: Արթուր Թովմասյան, ուրի՞շ: Չկա, խնդրեմ, ելույթի համար, պատգամավոր Արթուր Թովմասյան:
Արթուր Թովմասյան – Կարծում եմ՝ ելույթս վերջում վեր է ածվելու հարցի և եզրափակիչ ելույթում կարող է նախարարը պատասխանի: Իհարկե, այս հարցը շատ է քննարկվում մեր հասարակությունում: Հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ: Եթե չեմ սխալվում, Արցախէներգոյի հետ պայմանագրում կար կետ, որ բարձրավոլտը պետք է քաղաքից դուրս գար: Դա նաև պայմանագրային կետ է, եթե չեմ սխալվում: Այս տարի մասնավոր ընկերության կողմից այդ հարցը լուծվելո՞ւ է:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Մենք մտքերի փոխանակության մասն էլ ավարտեցինք, որը իր մեջ ուներ հարցադրումներ, և մեզ մնում է միայն եզրափակիչ ելույթների հնարավորություն: Իհարկե, սկզբից Կառավարության ներկայացուցչին, ինչպես կանոնակարգը ենթադրում է, այնուհետև, եթե խմբակցության ներկայացուցիչը կունենա: Խնդրեմ, պարոն Լևոն Գրիգորյան՝ եզրափակիչ ելույթի համար:
Լևոն Գրիգորյան – Շնորհակալություն: Հնչեցրած հարցերին կանդրադառնամ հերթականությամբ: Առաջին հերթին, պետք է ասեմ, որ մեր մասնավորեցված բոլոր գործարքների հիմքում ընկած է թափանցիկության ապահովման խնդիրը՝ էֆեկտիվության և անխափանության ապահովման խնդիրը: Թող ոչ մեկի մոտ չառաջացնեն կասկածներ նման գործարքները, որովհետև այս գործարքները իրականացվում են առկա իրողության և առկա հնարավորությունների սահմաններում: Ինչ վերաբերում է ներդրումների ծավալին: Այո, բաժանված ըստ տարիների, ներդրումների հստակ չափաքանակներ ունենք, որոնց տակ դրված են համապատասխան աշխատանքներ: Ամեն տարվա՝ ապրիլից մինչև հունիս ամիսը, իրականացվում է ոչ միայն այս երկու ընկերությունների, այլ մնացած 12 ընկերությունների, որոնք հիմա մասնավորեցման ընթացքում են: Նրանց կատարված աշխատանքների ուսումնասիրությունն ու մշտադիտարկումները: 2017թ. տվյալները ամփոփվել են, որ 2018թ. ներկայացվել է Ազգային ժողովին, նրանք տարեկան պարտավորությունների կատարումն էր, որը ֆիքսվել է նախարարության կողմից: Աշխատանքները շարունակական են, պարոն Թովմասյան: Կա աշխատանքային ծրագիր, ընկերությունները իրենց աշխատանքների և հնարավորությունների սահմաններում՝ ըստ առաջնահերթությունների կազմակերպում են իրենց աշխատանքները: Ինչ վերաբերվում է պայմանագրերի չտրամադրելուն: Ես ուզում եմ ֆիքսենք մի բան, որ սա Կառավարության կողմից որևէ պայմանագրի չտրամադրումը ինքնանպատակ չէ, մենք շատ կարևորում ենք մեր գործընկերների հարաբերությունները գործընկերային և այդ գործընկերային հարաբերությունների հիմքում ընկած են գործող օրենսդրության պահպանման խնդիրները: Պայմանագրային երկու կողմերը աշխատում են իրավական հարաբերությունների դաշտում, և մի կողմի ցանկությամբ չի կարող խախտվել մյուս կողմի իրավունքները: Այդ իսկ պատճառով, մենք համարելով, որ ունենք պարտավորություններ մեր գործընկերների նկատմամբ և ունենք որոշ առևտրային գաղտնիքներ տվյալ պայմանագրերի շրջանակներում, հրաժարվել ենք տրամադրել տվյալ պայմանագրերը ամբողջությամբ, բայց պատրաստ ենք պատասխանել և ներկայացնել տեղեկանքներ ցանկացած այն հարցի վերաբերյալ, որը գործող օրենսդրությամբ սահմանվում է և հնարավորություն է տրվում քննարկել հրապարակային:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Եզրափակիչ ելույթի հնարավորություն ունի նաև հարցապնդումը ներկայացրած խմբակցության ներկայացուցիչը՝ տվյալ դեպքում պատգամավոր Հայկ Խանումյանը, խնդրեմ:
Հայկ Խանումյան – Մի անգամ էլ հստակեցնեմ, ուրեմն ընկերություններին տրվել են անհատույց, պարտավորությունների դիմաց: Եթե ակտիվները գնահատվել են 24 միլիարդ դրամ, մասնավորապես, Արցախէներգոյի, մենք դրանց փոխանցել ենք 15,2 միլիարդ դրամ պարտավորություն և 2,5 միլիարդ դրամի ներդրման դիմաց, այսինքն` մոտավորապես 12,5, 18 միլիարդ դրամի դիմաց, բայց էլի եմ կրկնում, ակտիվները Արցախէներգոյի եղել են 24 միլիարդ, հարցերը առաջանում են այստեղից, որ ինչո՞ւ ենք այսքան քիչ ներդրումների պահանջ ներկայացրել կամ ինչի չենք վաճառել, ենթադրենք 6 միլիարդը, որ այդ 24 միլիարդը լրացնենք: Սրա մասին է խոսքը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր մնացել են, կարող եք հետո էլ քննարկել: Կարծում եմ՝ միայն այս ծավալով և այս ընթացքում չէ, որ կարող ենք դրան անդրադառնալ: Ամեն դեպքում, մենք ավարտեցինք նաև այս հարցի քննարկումը՝ դա խմբակցության հարցապնդումն էր, հարցապնդման քննարկումն էր Ազգային ժողովում, և մենք անցնում ենք օրակարգային հաջորդ հարցերին: Կարելի է ասել առաջին խումբ հարցերը՝ մենք ավարտում են այսքանով, անցնում ենք օրենսդրական նախաձեռնություններին, որոնց առաջին հերթին Ազգային ժողովին ներկայացվում է 2-րդ ընթերցմամբ ներկայացվող նախագծերի միջոցով: Մեր ցանկում՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենսդրական նախաձեռնությունն է, այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ, պարոն Դանիելյան:
Արարատ Դանիելյան – Բարև ձեզ: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում 2-րդ ընթերցմամբ Նորմատիվ իրավական ակտերի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նշված օրենքի փոփոխությունը պայմանավորված է 2017թ. իրականացված սահմանադրական բարեփոխումներով: Դրանում ներառվել են ոչ միայն սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո անհրաժեշտ համապատասխանեցման իրավակարգավորումները, այլև հայեցակարգային նոր ինստիտուտներ և դրանից բխող նոր իրավակարգավորումներ: Նախագծով օրենքի կարգավորման շրջանակը սահմանափակվել է միայն նորմատիվ իրավական ակտերի համակարգի, նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների սահմանմամբ: Միևնույն ժամանակ, նախագծով սահմանվել են նորմատիվ իրավական ակտ ընդունելու լիազորություն ունեցող մարմինների և անձանց շրջանակը` հիմք ընդունելով 2017թ. Սահմանադրությամբ ամրագրված այն մարմինների կամ անձանց շրջանակը, որոնց Սահմանադրությամբ և օրենքներով իրավունք է վերապահված ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Նախագծով նախատեսվում է կարգավորել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման և կարգավորման ազդեցության գնահատման հիմնադրույթները: Ժամանակակից իրավահարաբերությունները պահանջում են արդիական մոտեցումներ իրավական ակտերի կիրառելիությունը և հասանելիությունը ապահովելու համար: Հիմք ընդունելով վերոգրյալ պահանջը` նախագծով նախատեսվել է, որ 2022թ. հուլիսի 1-ից ընդունված նորմատիվ իրավական ակտերը պարտադիր կերպով հրապարակվելու են իրավական ակտերի հրապարակման պաշտոնական ինտերնետային կայքէջում: Մինչ այդ, նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակում կիրականացվի պարբերական հրատարակությունների միջոցով, որոնք ևս որոշակի փոփոխությունների են ենթարկվել՝ պայմանավորված Սահմանադրությամբ և նախագծով իրավական ակտերի աստիճանականության նոր մոտեցումներին: Այսպես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական և գերատեսչական տեղեկագրերի փոխարեն այժմ կհրապարակվի մեկ միասնական՝ Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր: Նախագծի անցումային դրույթներում համապատասխան կարգավորումներ են նախատեսվել նշված նորմերի ժամկետների առումով:
Նախագծով տրված նոր իրավակարգավորումներից են նաև օրենքի և իրավունքի անալոգիայի հասկացությունների սահմանումը և դրանց կիրառման շրջանակը: Նախագծում նախատեսվել են իրավական ակտերի մեկնաբանման և պարզաբանման ինստիտուտների վերաբերյալ դրույթներ: Միաժամանակ, մեկնաբանման կանոնները բավականին ընդլայնվել են` հաշվի առնելով մեկնաբանման տեսական մոտեցումները և իրավակիրառ պրակտիկան: Գործող օրենքի համաձայն` օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին: Մինչդեռ օրենսգիրքը ընդամենը իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող նորմերը համակարգված ձևով շարադրված օրենքն է: Այս հիմքով, նախագծում օրենսգրքին տրվել է օրենքին հավասար ուժ: Այս օրենքի ընդունմամբ, հնարավորություն կընձեռվի օրենսդիր և գործադիր իշխանություններին, որպես ուղենիշ կօգտագործվի իրենց ամենօրյա գործունեությունում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ 2-րդ ընթերցմամբ, հիմնական զեկուցողին կարող են հարցեր տալ, եթե առաջարկություններ են ներկայացվել այդ առաջարկությունների հեղինակները, քանի որ հարցեր չեն եղել, ուրեմն մենք հիմա հարցեր չենք ունենալու: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք հիմա լսելու ենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, և ես հիմա հրավիրում եմ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանին, խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան – Նորմատիվ իրավական ակտերի մասին նախագիծը, ինչպես հեղինակի կողմից նշվեց, առաջին ընթերցմամբ քննարկվել էր: Առաջացած բոլոր հարցերին՝ հենց առաջին ընթերցման ժամանակ էլ, տրվել են պատասխաններ: Հանձնաժողովում նույնպես առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նույնպես կայացել է հանձնաժողովի նիստը: Մենք տվել ենք մեր դրական եզրակացությունը, և առաջարկում եմ հիմա այն ընդունել որպես օրենք:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարակից զեկուցմամբ էլ մենք հարցեր չենք ունենալու, որովհետև առաջարկներ չեն եղել: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, բայց մտքերի փոխանակության հնարավորություն կա, եթե պատգամավորների կողմից կա ցանկություն արտահայտվելու, կարող ենք լսել: Չկա: Մտքերի փոխանակության ցանկություն չկա: Ուզում եմ ամփոփել ասելով, որ շատ կարևոր օրենք են հիմա ընդունում Ազգային ժողովում, հատկապես խորհրդարանական գործունեության հետ կապված, որովհետև մեր բոլոր քայլերը՝ օրենքի նախագիծ մշակելու, քննարկելու, ներկայացնելու հենց այս օրենքի նախագծի հետ են կապված: Ուզում եմ նշել, որ օրենքի նախագիծը իսկապես շատ հետևողական և ճիշտ ձևով է մշակման փուլ անցել, որի հետևանքով բոլոր հարցերը, որ եղել են առաջին ընթերցմամբ ներկայացնելու ժամանակ, սպառել ենք: Շատ լավ, մենք ավարտում ենք այս հարցի քննարկումը, և ես Ազգային ժողովին հիմա պիտի խնդրեմ պատրաստվել քվեարկության: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն, այս հարցը մենք ավարտեցինք: Անցնում ենք օրակարգային հաջորդ հարցին, նույնպես 2-րդ ընթերցմամբ ներկայացվող՝ Պետական սուրհանդակային կապի մասին օրենսդրական նախաձեռնությունն է: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պարոն Սամվել Շահրամանյանը, խնդրեմ:
Սամվել Շահրամանյան – Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ: Նիստի օրակարգի համաձայն, հակիրճ ձեզ եմ ներկայացնում Պետական սուրհանդակային կապի մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից: Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության սուրհանդակային կապի բաժինը ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է: Այսօրվա դրությամբ սուրհանդակային կապի մարմնի գործունեությունը լիարժեք կարգավորված չէ համապատասխան նորմատիվ ակտերով, ինչով պայմանավորված է սույն նախագծի մշակումը: Պետական սուրհանդակային կապի մասին Արցախի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում կհստակեցվեն սուրհանդակային մարմնի կողմից թղթակցության ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված առանձնահատկությունները: Կհստակեցվեն սուրհանդակային կապի մարմնի գործունեության իրավական հիմքերը, խնդիրները և սկզբունքները: Օրենքի ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի սահմանել սուրհանդակային կապի մարմնի իրավունքներն ու պարտականություններն, կարգավորել այդ մարմնի աշխատողների իրավական պաշտպանվածությունը, նրանց կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը, ինչպես նաև նրանց պաշտպանվածությունը: Այսքանով հակիրճ ներկայացրի Պետական սուրհանդակային կապի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Շահրամանյան: Քանի որ հարցեր չենք ունեցել, պատգամավորները միայն հարցերի դեպքում կարող են դիմել հիմնական զեկուցողին: Շնորհակալություն, հիմա մենք կլսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի հարցերի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյան, խնդրեմ տիկին Գալստյան:
Ժաննա Գալստյան – Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ: Օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո որևէ առաջարկություն չի եղել՝ հանձնաժողովում, պատգամավորների կողմից: Ուստի հանձնաժողովը առաջարկում է ձեզ նախագիծը ընդունել, որպես օրենք, մանավանդ, որ այս օրինագծում այսպես թե այնպես վաղուց , շատ որակով կատարվում է, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գալստյան: Այստեղ նույնպես մենք հարցեր չունենք հարակից զեկուցողին: Եթե կա ցանկություն ելույթների, խնդրեմ: Եթե չէ՝ ամփոփենք: Այս հարցը նույնպես կանոնակարգով նախատեսված և ժամկետում, և ընթացակարգերով քննարկել ենք, տիկին Գալստյանը արդեն նշեց: Փաստորեն, մենք երկար ժամանակ այս օրենսդրական ոլորտում, ազգային օրենսդրություն չենք ունեցել և հիմա լրացվում է այդ բացը: Եվ ինչքան հնարավոր է եղել, մենք փորձել ենք այս ոլորտում տեղի ունեցող զարգացումները, հնարավոր պահանջները նույնպես հաշվի առնել: Հույս ունեմ, որ մենք բոլոր հարցերը հաշվի ենք առել: Եթե չէ, կարող ենք դրան անդրադառնալ ապագայում՝ այս թեմայով, լրացումների և փոփոխությունների միջոցով: Հիմա խորհրդարանին խնդրում եմ պատրաստվել քվեարկության: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Պետական սուրհանդակային կապի մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա , ձեռնպահ՝ նույնպես: Որոշումը ընդունված է, օրենքը ընդունվում է և ուղարկվում է վավերացման: Շնորհակալություն: Մենք ժամանակ ունենք մինչև առաջին ընդմիջում, քանի որ հաջորդ հարցը այդ մեծ փաթեթն է՝ Քննչական կոմիտեի մասին: Ես առաջարկում եմ, պարոն Դանիելյանին հնարավորություն տանք, գոնե այդ հիմնավորման մասը ներկայացնի, քանի որ ինքը բավականին ծավալուն է, որից հետո կորոշենք ընդմիջման հարցը: Հաջորդ մեր հարցը՝ երկրորդ խումբ օրենքներին են մենք անցնում՝ նախագծերին, Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մասին նախագիծն է կից մեծ փաթեթով, Ազգային ժողովին այն ներկայացնում է արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:
Արարատ Դանիելյան – Հարգելի խորհրդարան, ձեր քննարկմանն է ներկայացվում՝ առաջին ընթերցմամբ Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը և այդ նախագծի փաթեթով մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը:
Արցախի Հանրապետությունում վերջին տարիներին առանձնապես օրակարգային է դարձել նախաքննական մարմինների գործունեությանը խոչընդոտող օբյեկտիվ ու սուբյեկտիվ երևույթների վերացման ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու և առկա խնդիրները վերացնելու արդարացի պահանջը: Նշված մարմինների պրակտիկ աշխատանքի վերլուծությունը առաջ է քաշել մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են նախաքննական մարմինների կազմակերպա-իրավական կարգավիճակում փոփոխությունների և կառուցակարգային նոր մոտեցումների մասին: Այդ հանգամանքները հետևյալն են.
Առաջին՝ պետական կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը ինստիտուցիոնալ հարթությունում կամ միևնույն պետական մարմնի համակարգում նախաքննության և հետաքննության մարմինների գործելու անթույլատրելիությունը:
Երկրորդ՝ պետական կառավարման և քննչական մարմինների տարանջատվածությունը պաշտոնային հարթությունում: Երրորդ՝ պետական կառավարման և քննչական մարմինների գործառույթների անհամատեղելիությունը քրեադատավարական հարթությունում:
Նախնական քննության ընթացքում հետաքննության և նախաքննության մարմինների շահերի միջև պարբերաբար կարող են առաջանալ բախումներ, որոնցից տուժում է բուն քննությունը: Շատ դեպքերում նախաքննական մարմինը ստիպված է լինում ապահովել հետաքննության մարմնի աշխատանքի արդյունավետությունը: Այլ պետական մարմինների համակարգում գործող քննչական ստորաբաժանումները ինքնուրույն պետական մարմիններ չեն, ղեկավարվում են ոչ թե նախաքննություն կատարող ստորաբաժանման ղեկավարի, այլ պետական կառավարման համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի կողմից: Գործադիր իշխանության մարմնի կազմում քննչական մարմինը գործում է տվյալ գործադիր իշխանության մարմնի նյութատեխնիկական բազայի հիման վրա, ինչն ուղղակի ազդեցություն է ունենում քննչական մարմինների անկախության վրա: Գտնվելով նույն համակարգում, ինչ հետաքննության մարմինն է, քննիչները պետական տվյալ մարմնի կառուցվածքի առանձնահատկություններով պայմանավորված, ընկնում են նաև վարչաիրավական կախվածության մեջ, ինչը ողջամիտ կասկած կարող է առաջացնել նախաքննական մարմնի անկախության հարցում: Այս պարագայում առաջ է քաշվում գործադիր իշխանության համակարգում գործող պետական մարմինների կողմից մինչդատական քրեական վարույթ իրականացնելու իրավաչափության հարցը: Այս առումով ակնհայտ է, որ նախաքննության մարմինները չեն կարող գործել պետական կառավարման համակարգում և որպես պետական կառավարման մարմին իրականացնել մինչդատական վարույթ:
Երկրորդ հանգամանքը. այսպես, Արցախի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումներ: Ինչպես նկատում ենք, ԱՀ Սահմանադրությամբ տարանջատված է դատարաններում, դատախազությունում և քննչական մարմիններում պաշտոնները զբաղեցնող անձանց և պետական ռազմականացված մարմինների ծառայողների՝ կոնկրետ իրավունքի սահմանափակման իրավական կարգավորումը: Ավելին, ԱՀ Սահմանադրությամբ նշված պաշտոնատար անձանց առանձին իրավունքների սահմանափակման հարցերի տարբերակված կարգավորումը կրում է սկզբունքային բնույթ: Այսպես, ԱՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորները, դատախազները և քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ: Օրենքով կարող են սահմանափակվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ: Ինչպես նկատում ենք, դատավորի, դատախազի և քննիչի՝ կուսակցության անդամ լինելու իրավունքը հստակ սահմանափակված է սահմանադրական արգելքով, իսկ պետական կառավարման ռազմականացված մարմինների ծառայողների համար կուսակցության անդամագրվելու իրավունքի հնարավոր սահմանափակումը թողնված է օրենսդրի հայեցողությանը:
Երրորդ հանգամանքը՝ պետական կառավարման և քննչական մարմինների գործառույթների անհամատեղելիությունը քրեադատավարական հարթությունում: Պետական կառավարման և քննչական մարմինների գործառութային անհամատեղելիության մասին է վկայում այն, որ մի կողմից քննչական մարմինները իրականացնում են այնպիսի գործառույթ, որին օտար է վարչաիրավական ենթակայությունը, մյուս կողմից պետական կառավարման մարմիններին ներհատուկ են վարչաիրավական ենթակայության հարաբերությունները, որի պայմաններում էապես սահմանափակվում են քննիչի անկախության և դատավարական ինքնուրույնության սկզբունքները: Պատահական չէ, որ օրինակ գործադիր իշխանության ղեկավար աշխատողների կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը քննող Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական մարմինը չի մտնում պետական կառավարման մարմինների համակարգի մեջ:
Այսպիսով, քննչական մարմինը քրեական արդարադատության համակարգում իրականացնում է անկախություն և դատավարական ինքնուրույնության բարձր աստիճան ենթադրող գործառույթներ: Այս առումով՝ քննչական մարմինը չի կարող ենթակա լինել Արցախի Հանրապետության կառավարությանը կամ նախարարություններին: Քննչական մարմինների ծառայողը քննիչն է, ով կազմակերպում և իրականացնում է մինչդատական քրեական վարույթ, քննիչի լիազորությունները նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում և միասնական են նախաքննության բոլոր մարմինների քննիչների համար: Այլ կերպ ասած անկախ պետական ապարատում նախաքննության մարմնի զբաղեցրած տեղի, բոլոր քննչական մարմինների և ստորաբաժանումների քննիչներն օժտված են միասնական դատավարական կարգավիճակով, ինչը ենթադրում է միասնական կարգավիճակ նաև աշխատանքային և ծառայողական հարաբերությունների այլ ոլորտներում: Քննիչների անկախությունը և դատավարական ինքնուրույնությունը կլինի երաշխավորված, եթե քննիչները, անկախ պետական մարմինների պատկանելությունից, օժտված լինեն միևնույն իրավական կարգավիճակով, սոցիալական, տնտեսական և իրավական միևնույն երաշխիքներով: Դատավարական հարաբերություններից դուրս՝ քննիչների իրավական կարգավիճակի տարբերակումը կարող է լինել բացառիկ դեպքերում, երբ այդ տարբերակումը պատշաճ հիմնավորված է, բխում է պետական տվյալ ծառայության առանձնահատկություններից: Գործող օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք ոլորտներում քննիչներն, ըստ գերատեսչական պատկանելիության, ունեն միմյանցից էապես տարբերվող կարգավիճակներ: Քննիչների կարգավիճակի տարբերություններից կարելի է առանձնացնել հետևյալը:
Քննիչների կարգավիճակի տարբերակումը քննիչների նշանակման ոլորտում: Տարբեր պետական մարմինների՝ քննիչի պաշտոնում նշանակվելու համար թեկնածուներին օրենքով ներկայացվում են տարբեր պահանջներ: Մասնավորապես, համապատասխան օրենքներով ոստիկանությունում, ազգային անվտանգության մարմիններում և հարկային ծառայություններում պաշտոնի նշանակվելու համար սահմանված առանձին պահանջներ կարող են տարբերվել իրարից: Բացի այդ, տարբեր պետական մարմինների քննիչների նշանակման կարգերը էապես տարբերվում են. մի դեպքում այն իրականացվում է պարզ մրցութային կարգով, մեկ այլ դեպքում գործում է ավելի բարդ կարգ:
Քննիչների կարգավիճակի տարբերակումը նյութական և սոցիալական ապահովվածության ոլորտում: Տարբեր քննչական մարմինների առկայության պարագայում էապես տարբերվում են նաև քննիչների նյութական և սոցիալական ապահովվածության երաշխիքները: Տարբեր գերատեսչություններում գործում են քննիչների տարբեր աշխատավարձի չափեր, սոցիալական ապահովության տարբերվող երաշխիքներ: Մինչդեռ, սոցիալական արդարությունը պահանջում է միասնականացնել նույնաբնույթ աշխատանք կատարող քննիչների աշխատավարձը և սոցիալական երաշխիքները: Նախաքննության մարմինների տարանջատվածության բացասական կողմերից է նաև հանցագործությունների քննության միասնական մեթոդիկայի և կադրերի պատրաստման միասնականության բացակայությունը, ինչը խոչընդոտում է իր էությամբ միասնական գործունեության ամբողջական ձևավորմանը: Շատ դեպքերում միևնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետևանքով խաթարվում է օրենքի առջև հավասարության սկզբունքը: Վերաշարադրվածից ակնհայտ է, որ նախնական քննության իրականացման գործող վիճակն ունի անավարտ, մասնատված բնույթ, ինչի լուծման տարրերից մեկը պիտի հանդիսանա միասնական քննչական մարմնի ստեղծումը: Ըստ այդմ, առաջարկվում է պետական կառավարման մարմինների համակարգում գործող քննչական ստորաբաժանումները լուծարել՝ այդ գործառույթը վերապահելով ինքնուրույն պետական մարմին համարվող քննչական մարմնին, ինչպես նաև միասնականացնել քննիչների իրավական կարգավիճակը:
Վերաշարադրվածից ակնհայտ է, որ նախնական քննության իրականացման գործող վիճակն ունի անավարտ, մասնատված բնույթ, ինչի լուծման տարրերից մեկը պիտի հանդիսանա միասնական քննչական մարմնի ստեղծումը: Ըստ այդմ, առաջարկվում է պետական կառավարման մարմինների համակարգում գործող քննչական ստորաբաժանումները լուծարել՝ այդ գործառույթը վերապահելով ինքնուրույն պետական մարմին համարվող քննչական մարմնին, ինչպես նաև միասնականացնել քննիչների իրավական կարգավիճակը: Կարգավորման նպատակն է՝ ամրապնդել քննչական մարմինների անկախությունը, բարձրացնել քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը և Արցախի Հանրապետության ոստիկանության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և հարկային մարմնի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին: Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի` որպես քննչական մարմնի, կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը և պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:
Մանրամասն կարգավորվում են քննչական կոմիտեի լիազորությունները և գործունեության սկզբունքները: Քննչական կոմիտեի լիազորություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը:
Սահմանվում է քննչական կոմիտեի համակարգը, ծառայողական վերադասությունը, իսկ քրեադատավարական վերադասությունը կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
Այնուհետև, նախատեսվում է սահմանել քննչական կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները, ծառայողների թեկնածուների ցուցակի համալրման կարգը և ցուցակից հանելու հիմքերը, ծառայողական առաջխաղացման ցուցակները:
Առանձին գլուխ նվիրված է քննչական կոմիտեի ծառայողի իրավունքներին ու պարտականություններին, ատեստավորմանը, վերապատրաստմանը, նրա նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակներին և կարգապահական տույժերին: Օրենքի նախագծով կարգավորվում են նաև քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները, որոնց վրա առաջարկվում է տարածել «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են քննչական կոմիտեի աշխատակազմում պետական ծառայության նկատմամբ և չեն հակասում օրենքին:
Նախագծի ներկայացմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում: Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության և օրենսդրության կատարելագործման բաժնի կողմից: Նախագծի մշակման աշխատանքներին ակտիվորեն ներգրավվել են Արցախի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները: Այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք պայմանավորվեցինք, որ մինչև ընդմիջում լսենք: Քանի որ արդեն ժամանակն է ընդմիջման՝ չչարաշահենք, և ընդմիջումից անմիջապես հետո մենք հարցերն ենք ցուցակագրվելու, որից հետո հնարավորություն կլինի նաև հարցերին անդրադառնալ: Շնորհակալություն, հայտարարվում է ընդմիջում՝ մինչև ժամը 13.00-ն:
Հարգելի ներկաներ, շարունակում ենք հերթական նիստի աշխատանքները, նաև այն հույսով, որ քիչ հետո մեր գործընկերները կմիանան: Քանի որ ընդմիջում մենք հայտարարեցինք այն կետում, երբ պարոն Դանիելյանը ներկայացրեց օրենքի նախագիծը, ես հիմա պիտի խնդրեմ, որ պարոն Դանիելյանը մոտենա ամբիոնին, իսկ պատգամավորներին պիտի խնդրեմ գրանցվել հարցերի համար: Խնդրեմ, հարցեր պարոն Դանիելյանին: Հարցեր չկա՞ն: Այս պահին հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Մենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունն ենք հիմա լսելու: Ես հրավիրում եմ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանին, խնդրեմ պարոն Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Հարգելի գործընկերներ, օրենքի նախագիծը Քննչական կոմիտեի մասին» իրա կից օրենքների նախագծերով՝ փաթեթով՝ 19: Իրականում կարծում եմ՝ կարևոր օրենքի նախագիծ է, և մենք շատ ճիշտ ենք անում՝ այդ մարմինը ստեղծելով: Ասեմ, որ, օրենքի նախագիծը շատ նեղ մասնագիտական փաստաթուղթ է, և նաև հարցերի բացակայությունը պայմանավորվում է դրանով: Ամեն դեպքում, այն կարծիքին եմ, որ առաջին ընթերցումից հետո հույս ունեմ, որ առաջին ընթերցմամբ օրենքի նախագիծը կընդունվի: Հույս ունեմ, որ ամեն դեպքում կլինեն ավելի նեղ մասնագիտական հոդվածների կոնկրետ կարգավորումների վերաբերյալ հարցեր, բայց դա առաջին ընթերցումից հետո: Ամեն դեպքում, որպես պետական-իրավական հանձնաժողովի նախագահ, որպես գլխադասային հանձնաժողով, հանձնաժողովում օրենքի նախագիծը քննարկվել է և դրական եզրակացությամբ, մենք տվել ենք օրենքի նախագծին դրական եզրակացություն և հիմա հորդորում եմ բոլորին քվեարկել օրենքի ընդունման օգտին, բայց, քանի որ օրենքը մայր օրենք է, հեղինակն էլ առաջարկեց և առաջարկում եմ օրենքը ընդունել: Այսքանը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Հարցեր ունե՞նք պարոն Ջիվանյանին: Արմեն Սարգսյան, ուրի՞շ, եթե հարցեր կան գրանցում ենք, չկան: Արմեն Սարգսյան, խնդրեմ:
Արմեն Սարգսյան – Պարոն Ջիվանյան, հարցը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում, երբ հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են եկել, Ազգային անվտանգության քննչական մարմինը չի մտել քննական կոմիտեի մեջ, մերը չի լսվում, ես ողջունում եմ իմ անձնական կարծիքով, մոտավորապես ի՞նչն էր պատճառը, որ իրենք դա չարեցին:
Հովիկ Ջիվանյան - Ողջամտությունը: Ես էլ եմ այդ կարծիքին, որ մենք ավելի ճիշտ կարգավորում ենք տվել, ես էլ այդ կարծիքին, որ մենք իրականում ավելի ճիշտ կարգավորում ենք տվել, որովհետև սա ընդհանուր այս մարմնի՝ քննչական կոմիտեի ամբողջ գործառույթը ամբողջ միջնորդական վարույթը, փաստորեն իրականացվող մարմինն է և օժտված անկախությամբ, որը գտնում եմ՝ շատ ավելի ողջամիտ է և շատ ավելի է բարձրացնում անկախության մակարդակը:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, պարոն Սարգսյան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Եթե ցանկություն կա ելույթների՝ այս օրինագծի հետ կապված, խնդրեմ, գրանցվեք: Չկան: Մենք այս նախագիծը քննարկել ենք, իհարկե, և մի քանի անգամ անդրադարձել ենք նաև պետաիրավական հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ, կարծում եմ՝ պակաս կարևոր չէ, որ մենք բազմաթիվ օրենքներում, թիվը ասվեց՝ 15 օրենքների նախագծերում նույնպես փոփոխություններ է առաջարկում՝ հաշվի առնելով, որ նոր նախագիծ է, նաև որոշակի առաջադրում է նոր իրավակարգավորումներ: Ցանկը երկար է, միևնույն է, որոշման նախագիծը ընդունելուց, չեմ ուզում դրանք ներկայացնեմ, եթե ուրիշ հարցեր չկան, մենք հիմա անցնում ենք քվեարկության՝ այս մեծ փաթեթի հետ կապված Ազգային ժողովի դիրքորոշումը հստակեցնելու համար: Պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել, հիմա քվեարկում ենք Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի մասին», Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին», Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հանրաքվեի մասին», Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Տեղական հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝չկա, ձեռնպահ՝ նույնպես: Օրենքի նախագիծը ընդունվել է 1-ին ընթերցմամբ, և մենք ժամանակ ունենք աշխատելու նախագծի վրա՝ պատրաստելու այն 2-րդ ընթերցմամբ և վերջնական տեսքով ընդունելու համար: Այս հարցը նույնպես ավարտել ենք, հաջորդը նույնպես ներկայացնում է արդարադատության նախարարը, և այս անգամ նոր փաթեթ է՝ Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, մնացածը կներկայացնի պարոն նախարարը, խնդրեմ պարոն Դանիելյան:
Արարատ Դանիելյան – Հարգելի խորհրդարան, ձեր քննարկմանն է ներկայացվում Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկության հետ առաջարկում եմ փաթեթով նաև ևս 3 օրենք՝ Պետական տուրքի մասին,Հյուպատոսական ծառայության մասին, Քաղաքացիական և քրեական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերը: Ծավալը շատ մեծ է՝ փորձեմ միայն հիմնական լրացումները ներկայացնել, որը վերաբերվում է Նոտարիատի մասին օրենքին և հիմնականում այն առանցքային փոփոխություններին, որը նախատեսվում է կատարել՝ այս օրինագիծը ընդունելով:
Հստակեցվում են այն դեպքերը և ժամկետը, երբ նոտարը նոտարական գործողությունը կատարում է նոտարական գրասենյակից դուրս: Դրանք են՝ շահագրգիռ անձի տեղաշարժի հնարավորությունը սահմանափակող հիվանդությունը կամ անօգնական վիճակը: Այդ անձի դիմումի հիման վրա նոտարը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրը կամ դրան հաջորդող օրը նոտարական գործողությունը կատարել նոտարական գրասենյակից դուրս: Ընդ որում, ի տարբերություն գործող իրավակարգավորումների, դա նոտարի իրավունքը չէ, այլ պարտականությունը:
Նախագծով սահմանվում է նոտարի պաշտոնում նշանակվող անձի նվազագույն տարիքը՝ 25 տարեկանը: Բացի այդ, սահմանվում է, որ նոտարի օգնականը պարտավոր է առնվազն 3 տարին մեկ անգամ նախարարության կողմից որոշված հաստատությունում անցնել վերապատրաստում նախարարի սահմանած կարգով և պայմաններում:
Մտցվում է նոտարի ստաժորի ինստիտուտը, սահմանվում են ստաժորին ներկայացվող պահանջները և ստաժորի կողմից իրականացվող գործողությունները:
Հստակեցվում են նոտարի ժամանակավոր բացակայության ժամանակ նոտարին փոխարինելու հիմքերը, այն է՝ արձակուրդում գտնվելը, ժամանակավոր անաշխատունակությունը, վերապատրաստումները, գործուղումները և այլն:
Հստակեցվում են նաև նոտարի գործունեության նկատմամբ նախարարության կողմից վերահսկողություն իրականացնելու գործընթացը, ինչպես նաև ստուգման ընթացքում նոտարի և ստուգողի իրավունքներն ու պարտականությունները:
Նախագծով նախատեսվում է, որ նոտարները 3 տարին մեկ անգամ արդարադատության նախարարի սահմանած կարգով պետք է անցնեն վերապատրաստում, որոնց տևողությունը 30-ից 60 ակադեմիական ժամ է: Մեկ ակադեմիական ժամի տևողությունը 40 րոպե է:
Նախագծով իրավական հիմք է ստեղծվում նոտարական էթիկայի կանոններ սահմանելու համար, որոնք հաստատվելու են արդարադատության նախարարի հրամանով: Հստակեցվում են նաև նոտարի կարգապահական պատասխանատվության հիմքերն ու առիթները, կարգապահական վարույթի շրջանակներում վարույթ իրականացնող անձի և նոտարի իրավունքներն ու պարտականությունները: Նախագծով ընդլայնվում և ամբողջացվում է նոտարի կողմից իրականացվող գործողությունների շրջանակը, մասնավորապես, որպես նոր նոտարական գործողություններ նախատեսվում են կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագիր տալու, ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու գործողությունները: Բացի այդ նախագծով նոտարին իրավունք է վերապահվում հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր: 1) անձանց ազգակցական հարաբերությունները 2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը. 3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը. 4) ժառանգությունն ընդունելը և ժառանգության բացման վայրը. 5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը. 7) անձանց բանավոր հայտարարությունները.
Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Նշված գործառույթների հիմնական մասը վերապահված է դատարաններին, ուստի այդ գործառույթների լիարժեք իրականացման ապահովելու համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան, և վերջիններս ուժի մեջ կմտնեն 2021թ. հունվարի մեկից: Դա հնարավորություն կտա, որպեսզի դատարանների ծանրաբեռնվածությունը որոշակի թեթևացնեն: Մտցվում է նոտարական ակտ նոր հասկացությունը և դրան ներկայացվող պահանջները: Նոտարական ակտ է հանդիսանում նոտարական գործողությունների արդյունքում կայացվող որոշումը, գործարքի կամ այլ փաստաթղթի հաստատումը և վավերացումը:
Հստակեցվում են նոտարական գործողությունը մերժելու մասին որոշում կայացնելու ժամկետները, այն է՝ որոշումը կարող է մերժվել դիմելու օրը կամ հաջորդ օրը, իսկ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում ՝ դիմելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:
Սահմանվում է նոտարի բացակայության դեպքում գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նոտարին փոխարինողի իրավունքը: Թվարկվել են միայն օրենքում կատարվող առանցքային փոփոխությունները, բացի նշվածից կատարվել են նաև հստակեցումներ և այլ խմբագրական բնույթի փոփոխություններ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան, եթե հարցեր կան պարոն Դանիելյանին, խնդրեմ, գրանցվում ենք հարցերի համար: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Դանիելյան: Լսում ենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պարոն Հովիկ Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Նոտարիատի մասին օրենքի նախագիծը իրա կից փաթեթով նույնպես քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում՝ տվել ենք դրական եզրակացություն: Ասեմ, որ փոփոխությունները և լրացումները կոչված են նպաստելու քաղաքացիների համար իրենց իրավունքների՝ նոտարիատի հետ կապված, քաղաքացիների իրավունքների յուրացվելիության հետ կապված, կարծում եմ՝ մեխանիզմները արդեն հիմնական զեկուցողը շատ ավելի կոնկրետ հոդվածների տեսքով ներկայացրեց: Կարծում եմ՝ մենք լավ բան կանենք՝ քվեարկելով կողմ օրենքի նախագծին: Առաջարկում եմ հիմա քվեարկել կողմ օրենքի նախագծին՝ այն ընդունելով որպես օրենք, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե հարցեր կան պարոն Ջիվանյանին, խնդրում եմ գրանցվել: Պարոն Ջիվանյանին չկա նույնպես հարցեր, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե ելույթների ցանկություն կա՞, խնդրեմ: Կարծում եմ՝ այս թեման էլի քննարկվել է, հատուկ այդպիսի պարզաբանումները արդեն բավարար են, որպեսզի մենք արտահայտենք մեր դիրքորոշումը: Ես հիմա քվեարկության եմ ներկայացնում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Նոտարիատի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, Հյուպատոսական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, և հաջորդը նույնպես ներկայացվում է արդարադատության համակարգի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունն է, արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանը:
Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը: Այն պայմանավորված է հետևյալ սկզբունքներով հետևյալ հանգամանքներով: Առաջին՝ ընթերակայի ինստիտուտի բարեփոխման ընդհանուր զարգացման միտումներով, երկրորդ՝ տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի և նրանց ներկայացուցիչների շահերի արդյունավետ պաշտպանմամբ և օրինականության, արդարության, խտրականության բացառման սկզբունքների և երրորդը՝ քրեական վարույթի պատշաճ ընթացքն ու անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովմամբ:
Ընթացիկ օրենսդրությամբ նախատեսված չէ ընթերակաների ներգրավման ինստիտուցիոնալացված ընթացակարգ, բացակայում է որևէ տեղեկատվական համակարգ, որի հիման վրա հնարավոր կլիներ հրավիրել ընթերակաների, բացակայում է ընթերակաների մասնակցությամբ պայմանավորված նրանց ծախսերի հատուցման մեխանիզմները։ Ընթերակաների ներգրավման ինստիտուցիոնալ համակարգի և ընթացակարգերի բացակայությունը էապես բարդացնում է քննիչների և հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից ընթերակա հրավիրելու աշխատանքի կազմակերպումը, ինչը բացասաբար է ազդում աշխատանքի արդյունավետության վրա: Ընթերակայի ներգրավման օրենսդրական կարգի բացակայությունը պարունակում է նաև կորդիլինեն ռիսկեր, քանի որ գործնականում հանդիպում է գոյություն չունեցող «ընթերակաների» ինստիտուտի կիրառումը։
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունները և լրացումները հիմնված են այն դրույթների վրա, որ ընթերակա չեն կարող հրավիրվել հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցներից, ինչպես նաև, որ միևնույն անձը մեկ ամսվա ընթացքում միևնույն գործով կարող է ներգրավել, որպես ընթերակա՛ ոչ ավելի քան երկու անգամ: Քննչական գործողությունների կատարման ժամանակ ընթերակայի մասնակցության տեսանկյունից նախագծում տարբերակվել են հետևյալ իրավիճակները. Առաջին՝ քննչական գործողություններ, որոնց ընթերակայի մասնակցությունը պարտադիր է: Երկրորդ՝ քննչական գործողություններ, որոնց ընթացքը միայն տեսաձայնագրվում է: Երրորդ՝ քննչական գործողություններ, որոնց մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ կամ փորձագետներ: Չորրորդ՝ քննչական գործողություններ, որոնց ընթերակա չի մասնակցում կամ դրանց ընթացքը չի տեսաձայնագրվում: Առաջինը՝ Առաջարկվում է ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանել, որ քննիչը, հետաքննության մարմինը, ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի և նամակագրության առգրավմանն ու զննմանը: Զննմանն ընթերականեր չեն հրավիրվում, եթե` 1) փաստաթուղթը կամ առարկան զննվում է այն ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ և փաստաթուղթը կամ առարկան կցված է քրեական գործին. 2) կապի օպերատորներից օրենքով սահմանված կարգով ստացված մուտքային և ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդագրությունների վերծանումների, աբոնենտների տվյալների, հեռախոսազանգերը սպասարկած ալեհավաք կայանների հասցեների մասին փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցված են քրեական գործին. 3) օրենսգրքի 252–րդ հոդվածով, «Օպերատիվ–հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 14–րդ հոդվածի 1–ին մասի 12–րդ կետով նախատեսված գործողությունների արդյունքում ձեռքբերված ձայնագրությունները կցված են քրեական գործին։
Երկրորդ. այս ռեժիմով կատարվում է դիակը ճանաչման ներկայացնելը, որի ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրման կիրառմամբ:
Երրորդը, ինչպես նշվեց, քննչական գործողություններ են, որոնց մասնակցում են գործի ելքով շահագրգռված մասնագետներ կամ փորձագետներ: Նկատի ունենալով, որ քննչական գործողություններին մասնակցում է անաչառ մասնագետը կամ փորձագետը, ուստի ընթերակայի ներկայությունն անհրաժեշտ չէ: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով անձանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության անհրաժեշտությունը, առանձին դեպքերում բացառվել է նաև տեսաձայնագրվողը: Այս խումբ քննչական գործողություններն են՝ 1.Քննումը կատարվում է բժշկի կամ դատաբժշկության բնագավառի մասնագետի մասնակցությամբ: Եթե քննումը չի զուգորդվում քննվող անձին մերկացնելու հետ, ապա քննվող անձի համաձայնությամբ նրա մարմնի վրա առկա հանցագործության հետքերը կամ հատուկ նշանները կարող են լուսանկարահանել կամ տեսաձայնագրվածով: 2. Արտաշիրմումը կատարվում է քննիչի և դատաբժշկության բնագավառի մասնագետի, իսկ անհրաժեշտության դեպքում այլ մասնագետի մասնակցությամբ: Արտաշիրման ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառմամբ 3. Մարդուց նմուշ ստանալը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդուց նմուշներ ստանալը անձնական կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից նպատակահարմար չէ տեսաձայնագրել, այդ իսկ պատճառով նախագծով որպես երաշխիք, համարվել է փորձագետի կամ մասնագետի պարտադիր մասնակցությունը: Ընդ որում, մաշկի մանրադիտակային քերվածքների՝ քրտինքի և այլ արտաթորանքների նմուշներ ստանալը կատարվում է միևնույն սեռին պատկանող փորձագետին կամ մասնագետին: Չորրորդ՝ քննչական գործողություններ, որոնց ընթերակա չի մասնակցում կամ դրանց ընթացքը չի տեսաձայնագրառվում: Այս խումբ քննչական գործողությունների ցանկում են ընդգրկված այն դեպքերը, երբ փաստաթղթերը, առարկաները կցվում են քրեական գործին և կարող են յուրաքանչյուր դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից հետազոտվել: Նման պայմաններում վերանում է այն տեսաձայնագրելու կամ առավել ևս, ընթերակայի մասնակցությամբ զննելու անհրաժեշտությունը: Այս խումբ քննչական գործողություններն են՝ 1. անձի մասնակցությամբ նրա ներկայացրած փաստաթղթերի ու առարկաների զննություն, 2. ձայնագրությունը զննելու և լսելու, նամակագրությունը զննելու և առգրավելու ընթացքում մասնակցում են գործի ելքով չշահագրգռված մասնագետներ, կապի հաստատության ծառայողներ, հետևաբար նրանց լրացուցիչ ընթերակայի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը բացակայում է: 2-րդ փոփոխությունը, որ առաջարկվում է կատարել օրենսգրքում, վերաբերում՝ Օրենսգրքի 273-րդ հոդվածի 1-ին: Համաձայն դրան քննիչը պարտավոր է շահագրգիռ անձանց գրավոր տեղեկացնել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին և միաժամանակ պարզաբանել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել նույն օրենսգրքով նախատեսված կարգով:
Նշված նորմերի մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ քննիչը զուտ տեղեկացնում է որոշման մասին: Այսինքն, շահագրգիռ անձիք, տեղեկանալով կասեցված վարույթի մասին, չեն ստանում որոշումը, այլ վերջիններիս ուղղակի բացատրում են դրա բողոքարկման հնարավորության մասին: Հարկավոր է հաշվի առնել, որ քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումն ուղղակիորեն վերաբերում է տուժողի շահերին, և հաշվի առնելով այն, որ անձանց արդյունավետ պաշտպանության իրավունքի իրականացման համար միջոցների նախատեսումն ու մատչելիության ապահովումը պետության պոզիտիվ պարտականությունն է, տրամաբանական կլիներ, որ քննիչը տուժողին տրամադրեր քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշումը և պարզաբաներ, որ նշված որոշումը կարող է բողոքարկվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
3-րդ փոփոխությունը, որը կատարվում է օրենսգրքով՝ 216-րդ հոդվածի համաձայն՝ եթե նախաքննություն կատարելիս ծագում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 214-րդ և 215-րդ հոդվածներով սահմանված պահանջները: Եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և այդ մասին հայտարարում մեղադրյալին:
Այսինքն՝ վերոհիշյալ դրույթների տառացի մեկնաբանությունը վկայում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսվում է միայն առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու հնարավորություն: Այնինչ, հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ որպես մեղադրյալ ներգրավված անձի առնչությամբ քննվող գործով ի հայտ գան այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք տան մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու համար, այդ թվում՝ մեղմացման առումով, սակայն անձին մեղադրանք առաջադրված չլինի՝ վերջինիս հետախուզման մեջ գտնվելու պատճառով: Այս դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորության հարցը, առկա օրենսդրական ձևակերպումների պայմաններում, խիստ վիճելի է և կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան, նորից գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը լսենք՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Հովիկ Ջիվանյան, խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես գլխադասային հանձնաժողովում՝ պետաիրավական հանձնաժողովում, քննարկվել է, մանրամասն ներկայացվել է հեղինակի կողմից: Ասեմ, որ սրանք մասնագիտական կարգավորումներ են, և կարծում եմ՝ դրանով է պայմանավորված հարցերի բացակայությունը: Մենք տվել ենք դրական եզրակացություն: Առաջարկում եմ քվեարկել օրենքի նախագծի օգտին և ընդունել այն, որպես օրենք:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր ունենք պարոն Ջիվանյանին, խնդրեմ: Հարցեր չունեք: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Բոլոր դեպքերում ես պարտավոր եմ հայտարարել՝ եթե ելույթի ցանկություն կ՞ա, նույնպես չկա: Պարոն Ջիվանյանի ասածը, իհարկե, նեղ մասնագիտական թեմաներ են, բայց շատ կարևոր թեմաներ, որովհետև մենք քրեական դատավարության օրենսգրքում ժամանակի ընթացքում հայտնաբերված բացերը հիմա փորձում ենք այդ կարգավորումներով լրացնել: Կարծում եմ՝ մենք պատրաստ ենք քվեարկել և, խնդրում եմ պատգամավորներին պատրաստվել քվեարկության: Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: Հաջորդ հարցը մեր հաստատած օրակարգի՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՝ պատգամավորական նախաձեռնությամբ ներկայացված հարցն է, և ես հրավիրում եմ նախաձեռնության հեղինակ, Ազգային ժողովի պատգամավոր, պարոն Էդուարդ Աղաբեկյանին, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգարժան նախագահություն, հարգելի գործընկերներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը փորձ է արվում հստակեցնել, ավելի շատ ամրագրել, ըստ երևույթի, ըստ իս, համենայնդեպս, նախընտրական քարոզչության նախագահի ընտրության ժամանակ վաղուց հասունացած՝ հեռուստաբանավեճերի օրենսդրորեն ամրագրել դրա պարտադիր լինելը: Կարծում ենք՝ սա վաղուց հասունացած անհրաժեշտություն է: Համենայնդեպս, բոլոր կողմերով դրական ազդեցություն կթողնի թե նախագահների թեկնածուները լիարժեք հանրությանը ներկայանալու, թե բնակչության կողմից թեկնածուների տեսլականերին, ծրագրերին ավելի մանրամասն ծանոթ լինելուն: Ինչո՞ւ չէ, մի կարևոր դիտարկում՝ նախագահական ընտրությունների ժամանակ, կարծես թե՝ հասարակությունը տրոհման միտումներ են զգացվում: Սույն օրենքի նախագծով, կարծում ենք՝ մարդիկ տանը նստած, երկու հարևաներով՝ կբարելավի մթնոլորտը: Օրենքը նախնական քննարկվել է հանձնաժողովային մակարդակով: Կառավարության առաջարկությունների մասին. քանի որ հանձնաժողովին արտահայտվել եմ Կառավարության առաջարկությունների մասին: Ըստ էության, Կառավարությունը առարկություն չունի, Կառավարության պաշտոնական գրության մեջ է նշվում՝ Կառավարությունը առարկություններ չունի: Պետք է ֆիքսենք, որ Կառավարությունը՝ Ազգային ժողովի կանոնակարգով, առարկություն անելու իրավասություն էլ չունի: Կառավարությունը ընդամենը տալիս է եզրակացություն կամ առաջարկություն: Կառավարության եզրակացությունը ընդունելի է՝ բացասական կամ դրական: Համենայնդեպս, Կառավարության կողմից, ինչպես ես եմ հասկացել Կառավարության կողմից ընդունվում է, սակայն առաջարկություններ առաջին ընթերցումից միաժամանակ Ազգային ժողովի օրակարգ ընդգրկվելու դեպքում: Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ Կառավարությունը, որտեղից է վերցրել, որ կարող է նաև չմտնի օրակարգ, որովհետև այստեղ ֆորսմաժոր պետք է լինի: Որպես հեղինակ օրենքի նախագծի, հայտնում ենք մեր պատրաստակամությունը այս փոքր փոփոխությանը՝ Կառավարության օրենքը, առաջարկությունների , քննարկումների, ենթադրում եմ, որ այն կարելի է առաջին ընթերցումից հետո, քանի որ այսպես է ձևակերպում՝ առաջարկում ենք ընդունել առաջին ընթերցմամբ, որպեսզի հնարավորություն ընձեռվի և հանձնաժողովում, և փոխադարձ հանդիպումներում Կառավարության, մասնավորապես արդարադատության հետ առաջարկվող հարցերին պատասխանելու: Մոտավորապես հինգ հատ են, բացի կետադրական նշաններից, ամեն ինչին առաջարկություն կա: Մեր պատրաստակամությունն ենք հայտնում մանրամասն քննարկել վերջնական՝ առաջին ընթերցմամբ ընդունել:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն պարոն Աղաբեկյան: Նախքան հարցերին անդրադառնալը, պարզապես ես զուտ տեսլական եմ ասում, որ ասում եք, որ ոնց կարող է օրակարգ չմտնի, կարող է տեսականորեն ամեն ինչ լինի: Հիմա կարող է լինի բացասական եզրակացություն և Ազգային ժողովը պիտի քվեարկի առանձին և չքվեարկի, որպեսզի գա ու օրակարգ մտնի: Մենակ դա չէ, ինչ եք ամենածայրահեղ վիճակը ընդունում: Ամեն դեպքում, տեսականորեն ընդունենք, որ ամեն ինչ հնարավոր է, խնդրեմ հարցերի համար: Արթուր Թովմասյան, ուրի՞շ: Ես էլ ունեմ երկու հարց: Շնորհակալություն: Արթուր Թովմասյան՝ հարցի համար:
Արթուր Թովմասյան - Պարոն Աղաբեկյան, գաղափարը ընդունելի է: Ասեմ, որ առաջին ընթերցման համար քվեարկելու եմ կողմ, բայց ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը: Շատ հնարավոր է սա չգնա 2-րդ ընթերցում, որովհետև արդարադատության նախարարը այստեղ նստած է, մեզ ընտրական օրենսգիրք է սպասվում ընդունելու, որովհետև համապետական ընտրություններում այդ նոր ընտրական օրենսգրքով ենք մենք առաջնորդվելու: Հիմա հարցս հետևյալն է, լավ կլինի չգնանք՝ 2-րդ ընթերցման ժամանակ խորհրդարանը մտածի, երևի հանձնաժողովը աշխատում է այդ օրենքի նախագծի վերաբերյալ: Պարոն Աղաբեկյան, մինչև հիմա, մենք չենք ունեցել դա, բայց արդյո՞ք, օրենքը թույլ չի տվել, որպեսզի բանավիճեն նախագահի թեկնածուները: Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, Ուկրաինայում, տարբեր տեղեր, ասենք, եթե թեկնածուները կողմ են, կարող է մեկը համաձայն չէ այդ բանավեճին, բայց մի չորս, հինգ թեկնածու գնան ու բանավիճեն: Հիմա, եթե մենք ամրագրում ենք օրենքով, ես չգիտեմ ճիշտ եմ ասում, թե սխալ, պետք է, Դուք պետք է պարզաբանեք: Ենթադրենք, գրանցված է 7 կամ 10 թեկնածու, և մեկը չի գնում այդ բանավիճման, արդյոք, կա՞ մեկը, որ կարող է այդ մեկին ասել, ասենք կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է գրանցումից հանել այդ թեկնածուին, եթե ոչ սա ընդունում ենք, ի՞նչ անենք: Թեկուզ կողմ եմ քվեարկելու, թող ամրագրված լինի: Այն նախկին օրենքն էլ է թույլ տալիս: Ոչ մի օրենքում գրված չէ, որ պետք է բանավիճեն, բայց եթե թեկնածուները պայմանավորվում են՝ նախկին օրենքն էլ չի արգելում: Քանի որ օրենքի նախագծի հեղինակը Դուք եք, այդ փոփոխության, գուցե ավելի շատ բաների եք տիրապետում: Հարցին կարճ կպատասխանեք:
Էդուարդ Աղաբեկյան – Նոր ընտրական օրենսգրքի մասին՝ համընդհանուր: Օրենսգիրքը ընդունելու նախապայմաններից մեկը՝ ինչքան հնարավոր է ընտրություններից հեռու: Ընտրություններից հեռու՝ նշանակում է սուբյեկտիվ գորոծոնների նվազում: Չորս տարի է մեզ անընդհատ ասում են. նոր ընտրական օրենսգիրք ենք բերելու: Վաղը մյուս օր բերելու են՝ անհետաձգելի ռեժիմով: 2004թ. այս հեռուստաբանավեճի գաղափար ես հրապարակավ հնչեցրել եմ: 2012թ. նախագահական ընտրություններին առաջարկություն է արել երկու շտաբերի, այն պայմաններում, որ օրենքով պարտադրված չի եղել, համենայնդեպս, ունեցել ենք այն, ինչ-որ ունենք: Մեր կարծիքն է, իսկ եթե մակը գալիս է, չի գալիս: Չի գալիս, որովհետև չունի ասելիք, թող ժողովուրդն էլ ըստ դրան կկազմեն կարծիք և պոտենցիալի, և ծրագրերի, և մնացածների մասին, չգիտեմ: Եթե ունեն ասելիք՝ պիտի ներկայանան: Օրենքի ընդունմամբ նախատեսում ենք տալ այլ մանրամասներ հեռուստատեսության սահմաններում:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք:
Արթուր Թովմասյան - Նորից եմ ասում, կողմ եմ քվեարկելու, բայց դա պատասխան չէ: Բանավեճի կարող է չմասնակցել մեկը՝ իրեն ցածր համարելով այն մարդկանց հետ, որտեղ ինքը պետք է գնա բանավեճի: Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ ով որ բանավեճից հրաժարվել է՝ ընտրվել է տվյալ երկրի առաջնորդ:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Մարդ իրա կարծիքն է ասում:
Աշոտ Ղուլյան - Դուք էլ կարող եք ասել: Չկա՞, շատ լավ այդ դեպքում ես հնչեցնեմ իմ հարցը: Մոտավորապես, երևի նույն բովանդակության հետ է առնչվում: Շարունակելով պարոն Թովմասյանին ասեմ, որ, իհարկե, գաղափարը ընդունելի է: Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք և կամաց-կամաց գնում ենք դրան: Սովորաբար, տարբեր երկրների ընտրական օրենսգրքերում այս թեման այնպես է ձևակերպվում, որ դա չդառնա պարտադրանք և դրանից բխող հետևանքները նաև թեկնածուներին այս կամ այն ձևով չազդեն տարբեր կերպ: Մենք հանձնաժողովում էլ ենք քննարկել, բայց որպեսզի ընկալվի, ճիշտ թեկնածուները շատ են, թեկնածուների մի մասը մասնակցում է, մի մասը չի մասնակցում, թեկնածուները նախապես՝ քարոզչության համար ունեն գրաֆիկ, որի մեջ չեն կարողանում տեղավորվել: Սրանից հետո որևէ բան ենթադրո՞ւմ է, որ եթե թեկնածունները կամ մեկ թեկնածուն չի մասնակցում՝ ի՞նչ հետևանք է ունենում: Այսինքն, այդպիսի որևէ բան մենք նախատեսո՞ւմ ենք: Եվ 2-րդը զուտ տեխնիկական առաջարկ եմ ուզում անել, որ Ընտրական օրենսգիրք նոր ներկայացնելու մասով, ինչքան էլ մեր կասկածները տեղի ունենան, բայց, այնուամենայնիվ, գործը սկսված է, և շատ մոտ ապագայում դա ավարտվելու է: Նոր Ընտրական օրենսգիրք ներկայացնելու պարագայում՝ վերջին հոդվածով, նախկին ընտրական օրենսգիրքը համարվելու է ուժը կորցրած, եթե մենք այդպիսի առաջարկ ենք անում նախկինի մեջ: Ինչո՞ւ եմ սա ասում, երբ որ Դուք ասում եք 1-ին ընթերցում անենք և հետո կքննարկենք, ես առաջարկում եմ 1-ին ընթերցում անենք և փորձենք սինխրոնիզացնել նոր ընտրական օրենսգրքի այս օրենքի հետ, եթե կընդունվի, կընդունվի, որպեսզի մենք վաղը այս նոր ընդունվող կետը, առաջարկը չդնենք նորից կասկածի տակ կամ չհամարենք ուժը կորցրած: Շնորհակալություն:
Էդուարդ Աղաբեկյան – Ցանկացած առաջարկություն մենք պատրաստակամ ենք քննարկել, մանավանդ դա սկսվում է երկու օրվա ընթացքում: Եվ մենք պատրաստ ենք 14 օրվա ընթացքում ընդունել ցանկացած առաջարկություն: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ սպասեք, որ նոր ընտրական օրենսգիրք ենք բերում, մինչև հիմա սպասում ենք: Սահմանադրության վերաբերյալ Վենետիկի կամ Գերմանիայի հանձնաժողովի եզրակացությանը: Էլի ինչքա՞ն սպասենք: 15 տարի է անցել, 15 տարի է նույն գաղափարը, 7,8 տարին մեկ ասում եք: Հիմա, որպես պատգամավոր՝ ունենք օրենսդրական նախաձեռնության իրավունք, առաջարկում ենք: Մանրամասնությունների չենք ձգտում, մանրամասնություններ կարելի է, չի հասցնում կամ հասցնում է: Նախընտրական շտաբը որոշեն, արժե գնալ, թե չգնալ: Գնալ թե չգնալ, դա քաղաքական քայլ է, քաղաքական հայտարարությամբ պետք է հանդես գալ: Եթե չի գնում, ուրեմն ասելիք չունի, ուրեմն նախագահի թեկնածուն իրավունք էլ չունի ընդհանրապես լինել նախագահի թեկնածու: Կամ ներկայումս՝ կարծես, մրցույթ է գնում, ինչքան նեօրդինալ, չգիտեմ ինչ: Հլը հարց է, մեր երկրի անվտանգության հետ ինչքանով են վնասում կամ չեն վնասում: Պետք է լրջություն տալ այս պրոցեսին:
Աշոտ Ղուլյան - Ես իմ մեկ րոպեն արձագանքում եմ, ոչ թե հարց եմ տալիս: Մի քանի անգամ արդեն ասել եք, պարոն Աղաբեկյան, բայց երբեք չենք արձագանքել, որևէ մեկը Սահմանադրության ժամանակ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություն չի առաջարկել, իսկ գերմանական մասնագիտական տեսակետ, եզրակացություն արդեն եղել է: Եթե չունեք, կարող եմ տալ: Ամեն անգամ դրա մասին խոսում եք: Վենետիկինը չի լինելու, բայց գերմանական մասնագիտական եզրակացությունը Ձեզ կտամ:
Էդուարդ Աղաբեկյան - Հաջորդ սահմանադրությա՞նը:
Աշոտ Ղուլյան - Չէ, այսօր երեկոյան: Եթե չեք լսել, դա չի նշանակում, որ չկա: Շնորհակալություն: Մենք հարցերի մասով ավարտեցինք, հարցերը լսեցինք, և հիմա կլսենք Կառավարության տեսակետը այս նույն հարցով: Խնդրեմ, որպես հարակից զեկուցում:
Արարատ Դանիելյան – Ինչպես նշվեց, Կառավարությունը տվել է իր դրական եզրակացությունը այդ հարցի վերաբերյալ, առավել ևս այդ աշխատանքները կատարվում են և մոտ ժամանակներս, երևի մինչև 2րդ ընթերցումը կստանաք նախագիծ, որտեղ կա հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության և զանգվածային լրատվության այլ միջոցներում նախընտրական քարոզչությունը իրականացվում է հեռուստաբանավեճերի և այլն, և այլն: Նախագահի նախընտրական քարոզչությունը, հանրապետության նախագահի թեկնածուները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռուստատեսության ուղիղ եթերում՝ միմյանց հետ, մասնակցում են մինչև 60 րոպե տևողությամբ հեռուստաբանավեճերի: Նախագահի թեկնածուներից յուրաքանչուրին տրվում է հարցեր տալու և հարցերին պատասխանելու հավասար ժամանակ, հեռուստաբանավեճեր անցկացման մանրամասները անց է կացնվում հանրային հեռուստաընկերության խորհուրդը: Սա սահմանվում է 90-րդ հոդվածով, կա նաև 5-րդ մաս, բայց քննարկման արդյունքում մեր տեսակետն է, որ 2-րդ փուլում պարտադիր պետք է նախատեսվի, եթե նախագահի ընտրությանը լինի 2-րդ փուլ, ապա ավելի արդյունավետ է 2-րդ փուլում նաև լինի այդ բանավեճը: Այսինքն` նախագիծը պատրաստվում է և մինչև 2-րդ ընթերցմամբ, երևի դուք կունենաք նախագիծը: Դրա համար ճիշտ կլինի ամբողջությամբ, ոչ թե առանձին փոփոխություն կատարել: Կառավարության տեսակետը դա է, այսինքն` այս մոտ ամիսներին չի լինի բանավեճի անհրաժեշտություն, այլ ընդհանրապես, այդ համապետական ընտրությունների ժամանակ, բայց այն առաջարկները, որը դուք ներկայացրել եք, ընդգրկված է այդ նախագծում, այսինքն` միևնույն է, վերջին խոսքը խորհրդարանին է, ոնց ընդունեք:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, եթե հարցեր կան պարոն Դանիելյանին, խնդրեմ, Էդուարդ Աղաբեկյան, Արթուր Թովմասյան:
Էդուարդ Աղաբեկյան – Ճիշտ հասկացա, Ձեր մեջբերումները նոր ընտրական օրենսգրքի՞ց է:
Արարատ Դանիելյան – Այո, նախագիծն է:
Էդուարդ Աղաբեկյան – Այսինքն, այդ ընտրական օրենսգրքով մենք պետք է գնանք տեղական ինքնակառավարման ընտրություններին և՞ս:
Արարատ Դանիելյան – Տեղականը մնալու է նույնը, այսինքն` տեղական ինքնակառավարման մարմինների մասը մնում է նույնը, մինչև Սահմանադրության այդ փոփոխություններով՝ կապված վարչատարածքայինի հետ կապված, խնդիրը դա է: Այսինքն` կարելի է օրենսգիրք գրել ինչ-որ ձևի, բայց հիմնականում դա կներկայացվի խորհրդարանին, որը կարգավորում է նաև այդ համապետական ընտրությունները և մոտակա աշնանային ընտրությունները:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Եթե գաղափարը ընդունում եք, մեզ խնդիր չունենք, մեզ համար կարևորը հեռուստաբանավեճի գաղափարն է՝ հեռուստաբանավեճի գաղափարը պարտադրել օրենսդրորեն: Հիմա ոնց, ինչքան, այսպես, այնպես:
Աշոտ Ղուլյան – Հաջորդ հարցը՛ Արթուր Թովմասյան, խնդրեմ:
Արթուր Թովմասյան – Պարոն Դանիելյան, համամիտ եմ Ձեր պարզաբանումների հետ, բայց մի օր առաջ է այդ օրենքի նախագիծը մտել Ազգային ժողով՝ չպահենք վերջում, վերջին պահին, որովհետև մի ամիս է, իմ կարծիքով, լինելու են լսումներ: Մենք գնում ենք ընտրության, որ որևէ քաղաքական ուժի մոտ կասկած չառաջանա ընտրական օրենսգրքի մասով:
Արարատ Դանիելյան – Չի լինելու, անհետաձգելի խնդիր չէ սա, սա իմ անձնական տեսակետն է:
Արթուր Թովմասյան – Ինձ թվում է, որ սկսել ենք համապատասխանեցնել Սահմանադրությանը, առաջինը պետք է սկսեինք Ընտրական օրենսգիրքը, որ այսօր այսպիսի, ասենք օրենսդրական փոփոխությունների, առաջարկ չլինի: Այն ժամանակ, առաջ էլ քաղաքական ուժերը իրենց քաղաքական տեսակետները և արտախորհրդարանական ուժերը, որոնք խորհրդարանում ներկայացված չեն, իրենց առաջարկները: Հանրային քննարկման արդյունքում, իրականում մենք պետք է ունենանք այնպիսի ընտրական օրենսգիրք, որ որևէ քաղաքական ուժի մոտ կասկածանք չառաջանա առաջիկա համապետական ընտրություններում որևէ կեղծումներ ընտրական օրենսգրքում թույլ տալու: Սա մտահոգում է նաև ամբողջ ժողովրդին, ինչքան շուտ, այնքան լավ:
Արարատ Դանիելյան – Մենք աշխատում ենք, հիմնական ու կարևորագույն սկզբունքը դա է, որպեսզի լինի մի այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը չի արտահայտի որևիցե կուսակցության շահ: Ընդհանրապես, օրենսգիրք, որը մեր երկրի համար պատիվ կլինի, որ ունենք նման օրենսգիրք: Ինչ մինչև խորհրդարան ներկայացնելը մենք կփորձենք նաև առանձին և խորհրդարանական, և արտախորհրդարանական կուսակցությունների հետ առաջարկներ անել, որովհետև ասում եմ, որ վերջին ընդունողը խորհրդարանն է, խոսքը խորհրդարանինն է:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Թովմասյան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար նորից հրավիրում եմ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանին:
Հովիկ Ջիվանյան – Հարգելի գործընկերներ, Ընտրական օրենսգիրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է պետական-իրավական հանձնաժողովում, որպես գլխադասային հանձնաժողով: Ես չգիտեմ կարիք կա՞ անդրադառնալու բոլոր հնչեցված մտքերին, թե՝ չէ, բայց ամեն դեպքում: Ըստ էության, օրենքի քչությունը մեկն է՝ մի կողմից կա թեկնածուների իրավունքների սահմանափակման խնդիր, այսինքն` սրանով մենք պարտադրում ենք թեկնածուներին, որ, անպայման մասնակցեն բանավեճին: Մի կողմից սա կարող է դիտվել, որպես իրենց իրավունքների սահմանափակում: Կշեռքի էս նժարին, կշեռքի մյուս նժարին մեր հասարակության, մեր ժողովրդի իրավունքն է՝ լսել թեկնածուների հրապարակային խոսքը: Ո՞րն է այստեղ ավելի ճիշտը: Ամեն մեկը կարող է պատասխանել յուրովի: Նախագծի առաջադրման փուլից էլ ծանոթ եմ գաղափարին, կոնկրետ՝ իմ համար, գերադասելի է մեր ժողովրդի, մեր հարակցության իրենց առաջնորդների, ապագա առաջնորդների կամ առաջնորդության թեկնածուներին հրապարակային խոսքը, լսելի իրավունքը շատ ավելի բարձր է իմ համար, քան մեկ, երկու կամ տասը կամ քսան թեկնածուների իրավունքի սահմանափակումը: Ի՞նչ ենք անում մենք, ընդամենը պարտադրում ենք մասնակցել բանավեճին: Դրա համար, ոչ քրեական պատասխանատվություն ենք նախատեսում, ոչ էլ ոչ մի բան: Թե ինչ հետևանք կունենա, ամեն դեպքում, թող հասարակությունը ասի, թող հասարակությունը տեսնի, որ իրենց առաջնորդը շարունակում է իրա ճանապարհը օրենքի խախտումով: Կտա՞ այդ հետևանքը իրա արդյունքը՝ կտա, չի տա՝ չի տա, այսքանը: Գլխադասային հանձնաժողովը տվել է իրա դրական եզրակացությունը, ես էլ կոչ եմ անում ընդունել այն որպես օրենք: Ինչ վերաբերվում է դեռ նախապատրաստվում է օրենքի նախագիծ բերել, Կառավարությունը տվել է եզրակացություն: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է, որ ժողովրդին (չի լսվում): Ինձ չի թվում, որ այս օրենքի ընդունմամբ որևիցե ձևով խանգարում ենք ապագա բերվելիք ընտրական օրենսգրքին, թողեք բերեն, թող նորը բերեն: Այսքանը, շնորհակալություն, եթե հարցեր կան, խնդրեմ:
Աշոտ Ղուլյան - Պարոն Ջիվանյան, Դուք ասեցինք որպես օրենք, երևի տեխնիկապես է, առաջին ընթերցմամբ չէ՞:
Հովիկ Ջիվանյան – Հա:
Աշոտ Ղուլյան – Հարցեր պարոն Ջիվանյանին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա ցանկություն արտահայտվելու այս թեմայով, խնդրեմ, Դավիթ Իշխանյան՝ մտքերի փոխանակության մասով, խոսքը տրվում է Դավիթ Իշխանյանին:
Դավիթ Իշխանյան – Շնորհակալություն: Ի սկզբանե խնդրում եմ իմ խոսքը ընկալվի ճիշտ ու տարօրինակ չթվա: Պիտի ասեմ, որ հարցը մեր խմբակցությունում քննարկվելիս ես ունեցել եմ մի քիչ տարբերվող տեսակետ նկատի առնելով, որ մեր խմբակցության մոտ կա համապատասխան դրական մոտեցում, և չի կարող մի կառույց, ինչպիսին Դաշնակցությունն է, ինչպիսին քաղաքական կյանքում մշակույթների նախաձեռնողի դերում հանդես եկող այդպիսի մի կառույցը, չողջունի և չունենա դրական տեսակետ: Այնուհանդերձ, ես խնդրում եմ հարցը նայել նաև քաղաքական տեսանկյունից՝ փորձել բացել նաև բանավեճի դաշտ: Այդ բանավեճի դաշտը վերաբերում է մեր իրականությանը, այն իրականությանը, որի մեջ ապրում ենք մենք և գործում ենք հենց այդ իրականության մեջ: Արդարադատության նախարարի կողմից, վերջերս, Ընտրական օրենսգրքի հետ կապված, որոշ քաղաքական խորհրդատվություններ է անցկացվել, չգիտեմ մյուս քաղաքական ուժերի հետ եղել են չեն եղել: Մեր կառույցի հետ որոշի խորհրդատվություններ են եղել՝ տեսակետներ, մտքեր կապված օրենքի նախագծի հետ: Այդ առումով, տվել ենք մեր տեսակետները, իհարկե, կոնկրետ այս հարցի հետ կապված, նախագահի թեկնածուների երկխոսելու, դեբատներին հնարավորություն տալու, ավելի ճիշտ օրենքին ամրագրելու հարցին չենք անդրադարձել, և կասկած էլ չկա, որ համապատասխան դեբատների հնարավորություն ինքը, բնականաբար բխում են ոչ միայն ժողովրդավարական սկզբունքներից, ոչ միայն առաջընթաց է, այլ նաև շարժիչ ուժ է: Այստեղ հարց է առաջանում՝ դեբատների պարտադիր լինելը, հենց մեր իրականության մեջ: Ես երկրորդում եմ արդարադատության նախարարին այն տեսակետին, որ երկրորդ փուլում կարող է սա լինել անհրաժեշտ և իրականություն դառնալ: Նկատի առնելով այն հանգամանքը, որ նախընտրական փուլում կարող են լինել բազմաթիվ թեկնածուներ, բազմաթիվ թեկնածուներ, ովքեր առաջադրվում են քաղաքական ուժերի կողմից, իսկ քաղաքական ուժերի կողմից, բնականաբար պաշտպանելու են իրենց տեսակետները ներկայացնելու առումով՝ նաև 2-րդ փուլ անցնելու դեպքում, անհրաժեշտություն է նաև կողմնորոշման խնդիրները, կողմնորոշվելու ոչ միայն հասարակությանը, այլ նաև քաղաքական ուժերին, իսկ այդ քաղաքական ուժերը պետք է որոշակի ուղղորդում տան նաև ընտրողներին: Իմ մոտ ստեղծվել է այն տպավորությունը, որ այս օրենքի ընդունումը մոտավորապես նման կլինի Ապպա - ի օրենքի ընդունմանը, որը ժամանակին ընդունվել է որպես պարտադիր պայման, բայց մեր իրականության մեջ այն ամբողջապես չի կիրառվում, իսկ ինչ վերաբերվում է քաղաքական բաժնին, ապա մենք փորձենք հիշել՝ 20 տարվա ընթացքում, ընտրական օրենսգրքով և նաև ընտրական մեխանիզմների մեջ, համամասնական ընտրակարգի անցնելու գործընթացը: Ես նորից եմ ուզում կրկնվել և նորից շեշտել, որ այո, սա առաջընթաց է, եթե մենք գիտակցում ենք, հասկանում ենք, որ այդ առաջընթացը պետք է օր առաջ մենք ամրագրենք օրենքով, բնականաբար անհրաժեշտություն է, բայց կարծում եմ մեր քաղաքական դաշտը և մեր հարակցության քաղաքական ինքնագիտակցությունը բավարար չէ նման օրենքի ընդունման դեպքում, նման պայմանները օրենքի ուժող ամրագրելու դեպքում ապահովել այն ակնկալիքները, որ հնչեցնում են հենց այստեղ՝ այս ամբիոնից: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք մտքերի փոխանակությունն էլ ավարտեցինք, և եթե եզրափակիչ խոսքի ցանկություն կա, կարող եք դրան անդրադառնալ, հետո քվեարկել: Եզրափակի՞չ, խնդրեմ, պարոն Աղաբեկյան՝ եզրափակիչ ելույթի համար:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, ճիշտն ասած ես չհասկացա վերջնականապես կարծիքը, տեսակետը պատգամավոր Դավիթի, եթե քննարկվել է ինչ-որ հայեցակարգ, ապա մեր խմբակցությունը գտնում է, որ ավելի նպատակահարմար է հարցի լուծման համար պետք է ունենալ հայեցակարգ՝ ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ խնդիրների են բախվում, ի՞նչ տեսլականներ ու ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ղարաբաղի հաղթաթուղթը՝ նորմալ ընտրական գործընթացներն են եղել,բայց հիմա կիլոմետրերով մնում ենք հետ այդ նույն Հայաստանի ընտրական գործընթացից: Որևէ մեկը՛ կարծում եմ՝ չի ժխտում, որ ընտրական պրոցեսը, ընտրական քվեարկություն փուլը նորմալ է անցել, առանց զանազան այլ բաների: Համամասնականի ներդրման մասին, պարոն Իշխանյանը ասեց, ես չգիտեմ, համամասնականի հազար տեսակ կա, հիմա մենք պետք է ընդունենք համամասնականը: Գնո՞ւմ ենք համամասնականի, հա, ասե՞լ է Սահմանադրությունը, բայց համամասնականի, որ տեսակը, թե պարզապես, այսպես պարփակվել սեփական պատյանի մեջ ու ասել, ո՞ր մեր մոտ ամեն ինչ լավ է: Չի լինի այսպես, հանրության պահանջը ավելի է, քան մենք՝ քաղաքական ուժերը առաջարկում ենք, մենք առաջարկում ենք պետությունը: Մանավանդ իմ ելույթում ես ասացի, որ ցանկացած առաջարկություն մենք պատրաստ ենք քննարկելու: Մեզ մոտ չեն հրավիրում, չեն կանչում որևէ տեղ քննարկումների և այլն, և այլն: Թող սա նաև առիթ դառնա, որ մենք կասենք մեր տեսակետները այդ զանազան հարցերի վերաբերյալ: Ես ասել եմ, որ մենք պատրաստակամ ենք քննարկել ցանկացած հարց՝ ընդհուպ մինչև կետադրական նշանները: Հիմա, եթե կուշանա նոր ընտրական օրենսգիրքը, ինչպես միշտ, որպես կանոն, ուշանալու է, ես չեմ հավատում: Ժամանակը կգա, ընթացս կլինի երկու պրոցեսները, կլինի-կլինի, չէ, չէ: Այս մեկը կլինի: Ասում եք 2-րդը, որ կա, 1-ինը ուժը դադարեցնելու է: Թող դադարեցնի, թող դադարեցնեն ընտրական օրենսգիրքը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Մենք ավարտում ենք այս հարցի քննարկումը: Կարծում եմ, որ մեր այս տարբեր կարծիքներով հանդերձ, որևէ մեկը չվիճարկեց գաղափարը և բոլորի համար էլ ընդունելի է, պարզապես խոսքը վերաբերում է այն ընթացակարգերին, որով առաջարկում է: Ես հիմա առաջարկում եմ, քանի որ և հեղինակի կողմից, և գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկվել է առաջին ընթերցմամբ, սա նաև ժամանակ է տալիս մեզ, որպեսզի նորից անդրադառնանք: Հենց այդ ձևով կատարենք մեր քվեարկությունը, և պատգամավորներին խնդրում եմ հիմա պատրաստվել քվեարկություն: Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքը 1-ին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 20, դեմ՝ չկա , ձեռնպահ՝ 6: Որոշումն ընդունվում է և առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունվում է և պատրաստվում ենք հաջորդ քննարկումներին, շնորհակալություն:
Հաջորդ մեր օրակարգային հարցը՝ Քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է այն Ազգային ժողովին է ներկայացնում քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ, պարոն Բորիս Առուշանյանը:
Բորիս Առուշանյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, փոխնախագահ, հարգելի պատգամավորներ,գործընկերներ: Քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը:
Օրենքի ընդունումը պայմանավորված է 2017թ. փետրվարի 20-ին ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներով՝ նրան համապատասխանացնելու նպատակով: Արցախի Հանրապետության նախագահի 2017թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով սահմանվել է Կառավարության նոր կառուցվածք: Ստեղծվել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի Կառավարության գործերի կառավարչություն առանձնացված ստորաբաժանումը և Արցախի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը: Նոր նախագծով առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել նաև վերը նշված մարմիններում, բացի դրանից նախագծով հստակեցվում է աշխատակազմի ղեկավարների պաշտոնում նշանակելու, խրախուսելու, ազատելու և տույժի միջոցներ կիրառելու իրավահարաբերություններ: Միաժամանակ առաջարկվում է կատարել նաև որոշակի խմբագրական բնույթի փոփոխություններ: Օրինակ, ԼՂՀ–ն փոխարինել Արցախի Հանրապետություն բառերով և այլն: Օրենքի նախագիծը քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի առընթեր, Սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդում, նրանց կողմից եղել են մի քանի առաջարկություններ, որոնք ևս ընդգրկվել են օրենքի նախագծում: Քանի որ նախագիծը շատ ծավալուն նյութ է, նպատակահարմար չեմ գտնում կարդալ մեկ-մեկ՝ ձեզ մոտ կա: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Առուշանյան: Եթե հարցեր կան քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Առուշանյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է նորից պետա-իրվական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Ջիվանյանը:
Հովիկ Ջիվանյան – Ինչպես արդեն նշվեց, օրենքի էությունը, ըստ էության, լինելու է, ինչպես գիտենք, Կառավարության կառուցվածքի փոփոխություն է տեղի ունեցել, ստեղծվել է Կառավարության գործերի կառավարչության գործերի առանձին ստորաբաժանում, ստեղծվել է պետական նախարարի աշխատակազմ առանձին ստորաբաժանում: Օրենքի ընդունումը պայմանավորված է հենց Կառավարության կառուցվածքի այս փոփոխություններով, ինչպես նաև հստակեցվում են աշխատակազմի ղեկավարների պաշտոններում նշանակելու և ազատելու, տույժի և խրախուսման միջոցների կիրառելու իրավահարաբերությունների հստակեցմամբ է պայմանավորված: Ասեմ, որ հանձնաժողովում քննարկվել է օրենքի նախագիծը, տվել ենք մենք դրական եզրակացությունով առաջարկում եմ ընդունել օրենքի նախագիծը, որպես օրենք, այսքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե հարցեր կան պարոն Ջիվանյանին, գրանցվենք, հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե այս հարցով ելույթի, մտքերի փոխանակության ցանկություն կա, խնդրեմ: Հանձնաժողովային քննարկումներին մենք բոլոր հարցադրումներին անդրադարձել ենք, և կարծում եմ՝ պատրաստ ենք քվեարկության: Խնդրում եմ պատգամավորներին պատրաստվել քվեարկության՝ Ազգային ժողովի որոշման նախագիծը Քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25 , դեմ՝ չկա , ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն, պարոն Առուշանյան:
Մեր օրակարգում հաջորդ հարցը՝ ես հիմա մի փոքր տեղափոխություն ենք անում, և ես առաջարկում եմ քննարկման ընդունել՝ Սեյսմիկ պաշտպանության մասին Արցախի Հանրապետության նոր օրենքի նախագիծը և Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին փաթեթն է, և այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն պարոն Լևոն Մնացականյանը, խնդրեմ, պարոն Մնացականյան:
Լևոն Մնացականյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեզ եմ ներկայացնում՝ Սեյսմիկ պաշտպանության մասին Արցախի Հանրապետության նոր օրենքի նախագիծը և Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Արցախի Հանրապետության Սահմանադրության պահանջներին ապահովելու և Արցախի Հանրապետության նախագահի գործունեության միջոցառումների ծրագիրն իրականացնելու նպատակով՝ մշակվել և Կառավարության հաստատմանն է ներկայացվել տվյալ նախագծերը:
Սեյսմիկ պաշտպանության մասին և Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ. 1) Հստակ կսահմանազատվեն սեյսմիկ անվտանգության ապահովման հարցերով պետական կառավարման հանրապետական տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը: 2) Լիովին կձևավորվի բարձր սեյսմիկ շրջաններում հողօգտագործման, նախագծման, ավարտված շենքերի ընդունման և հետագա շահագործման կարգը որոշող ենթաօրենսդրական դաշտը: 3) Կսահմանվեն սեյսմակայունության գնահատման հստակ պայմանները և պահանջները, որոնց պահանջները կվերահսկվի սեյսմիկ անվտանգության ապահովման գործառույթներ իրականացվող մարմինների կողմից՝ սեյսմիկ ռիսկերի ու սեյսմախոցելիության գնահատականի հետ կապված հետազոտությունների անցկացման մեխանիզմներով: 4) Քաղաքաշինարարական ծրագրային փաստաթղթերում և Արցախի Հանրապետության շրջանների զարգացման ծրագրերում կներառվեն լիազոր մարմնի կողմից հաստատված սեյսմիկ շրջանցման և սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները: 5) Կհստակեցվեն սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազոր մարմնի լիազորությունները:
Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում կատարվել են խմբագրական փոփոխություններ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները համապատասխանեցնելով Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի պահանջներին: Այդքանը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Մնացականյան: Եթե կան հարցեր պարոն Մնացականյանին, խնդրում եմ գրանցվել՝ Գագիկ Բաղունց, ուրի՞շ, Վիլեն Սաֆարյան: Երկու հարց՝ Գագիկ Բաղունց, խնդրեմ:
Գագիկ Բաղունց – Պարոն Մնացականյան, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության աշխատավարձերի չափազանց ցածր մակարդակը լուրջ խոչընդոտներ է ստեղծում, բարձր որակի մասնագետների ներհոսքի ծառայությունը, ինչը անմիջապես ազդում է ծառայության աշխատանքների գործունեության էֆեկտիվությանը: Նկատի առնելով՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մեջ ընդգրկվածությունը՝ քննարկվե՞լ է, արդյոք, սեյսմիկ պաշտպանության ծառայության անձնակազմի ռազմականացնելու խնդիրը: Ինչը կնպաստի, բնականաբար աշխատավարձերի բարձրացման և ինչու չէ, համոզված եմ, որ աշխատանքների բարելավում՝ գործունեության բարելավման:
Լևոն Մնացականյան – Ռազմականացման մասին քննարկումներ, ընդհանրապես չեն եղել, կան որոշ մոտեցումներ, միգուցե ես Ձեզ առանձին կասեմ, քանի որ ուղիղ եթերում է: Հարցեր կան, որ ես չէի ցանկանա հնչեցնել: Ինչ վերաբերում է ընդհանուր աշխատավարձերի մասով՝ վերջերս փոփոխության ենք ենթարկել հաստիքացուցակը, որոշակի առումով, աշխատավարձերին չենք անդրադարձել, բայց աշխատանքներ այդ ուղղությամբ ընթանում են: Կան ահագին հարցեր, որոնք որ պետք է վարձատրվեին, կիրառվեին: Կան հատուկ պայմաններ՝ համապատասխան Կառավարության որոշումներով, որոնք որ նախկինում չեն կիրառվել, դա կիրառելուց, բնականաբար աշխատավարձերի բարձրացում, միանշանակ, կլինի: Հիմա՝ ամսի 1-ից, անցնում ենք նոր հաստիքների ու տարվում է զուգահեռ աշխատանքներ, որպեսզի Կառավարությանը ներկայացնենք մեր աշխատավարձերի մասով առաջարկություններ: Հաշվի առնելով մեր արդեն վերջնական ճշգրտված գործառույթները, որոնք որ բխում է մեր համապատասխան օրենսդրական դաշտից: Այդ աշխատանքները հիմա ընթացքի մեջ են՝ մոտ երկու ամիս է, սկսել ենք:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Բաղունց: Չէ, շնորհակալություն: Հաջորդ հարցը՝ Վիլեն Սաֆարյան, խնդրեմ:
Վիլեն Սաֆարյան – Պարոն Մնացականյան, սեյսմիկ շրջանացման աշխատանքները կատարվել են 90-ական թթ վերջին՝ Հայաստանի ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի կողմից, բայց սեյսմիկ ռիսկերի այդ գնահատման վերաբերյալ, այդ աշխատանքները ո՞ւմ միջոցով է ենթադրվում կատարվել, նույն կազմակերպության թե՞ այլ սկզբունքով:
Լևոն Մնացականյան – Արևելյան ՊՈԱԿ մեր կազմակերպության միջոցով, բացի դրանից աշխատելու ենք հրավիրենք նաև մասնագետների՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հետ համագործակցելու ենք: Այդ աշխատանքների ուսումնասիրության փուլում, որովհետև շատ աշխատանքներ կան կատարելու այդ ուղղությամբ: Կատարվող աշխատանքները չեմ ներկայացրել՝ 13 կետում կա, ինչ պետք է կատարենք մենք՝ լրիվությամբ պետք է գնահատվի դաշտը, լրիվությամբ հատելը պետք է կազմվի, լրիվությամբ պետք է որոշվի ռիսկերը, աշխատանքները շատ են կատարվելու՝ մեր և համատեղ Հայաստանի Հանրապետության ուժերով, միայն մեր ուժերով հնարավոր չի լինելու այդ օրենքից բխող բոլոր գործառույթները իրականացնել:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան: Խնդրեմ:
Վիլեն Սաֆարյան – Պարզապես, դա ահռելի ծավալի աշխատանք է՝ սեյսմիկ ռիսկերի գնահատումը և մեծ դժվարություններ են սպասվում ձեզ, պարոն Մնացականյան:
Լևոն Մնացականյան – Դրա համար մեր ուժերով՝ մենակ, հնարավոր չէ անել դա:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցերը հնչեցին և հարցերին համապատասխան նաև տրվեցին պատասխաններ, շնորհակալություն պարոն Մնացականյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը լսենք՝ հրավիրում եմ, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանին, խնդրեմ:
Ժաննա Գալստյան – Հարգելի գործընկերներ, վերոհիշյալ օրինագծերի փաթեթը քննարկվել է հանձնաժողովում, եզրակացությունը դրական է ու առաջարկում ենք ձեզ ընդունել առաջին ընթերցմամբ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե կան հարցեր տիկին Գալստյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, տիկին Գալստյան: Ցանկությո՞ւն այս հարցով՝ ելույթ ունենալու, մտքերի փոխանակություն ծավալելո՞ւ, նույնպես չկա: Մենք կարող ենք այս թեման էլ ամփոփել: Քանի որ գործ ունենք նոր նախագծի հետ՝ Սեյսմիկ պաշտպանության մասին նոր մայր օրենք է առաջարկում, հանձնաժողովային քննարկման ընթացքում խոսել ենք այդ անհրաժեշտության մասին՝ նպատակահարմարության, օրենքի նախագծերի փաթեթը առաջարկում է առաջին ընթերցմամբ: Ես հիմա, խնդրում եմ պատրաստվել քվեարկության, Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Սեյսմիկ պաշտպանության մասին Արցախի Հանրապետության նոր օրենքի նախագիծը և Տեղական ինքնակառավարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա , ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Առաջին ընթերցումից հետո՝ նախատեսված բոլոր ընթացակարգերը առջևում են: Շնորհակալություն, պարոն Մնացականյան: Հաջորդ օրակարգային հարցը՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին նախագիծն է, և ես նորից պիտի խնդրեմ, արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյանին մոտենալ ամբիոնին՝ ներկայացնել օրենքի նախագիծը:
Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, հարգելի ներկաներ ու գործընկերներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, առանձին հոդվածներով անդրադառնալով արտակարգ դրության որոշակի հարցերին, հստակ նշում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուստի, կարևորելով արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, մշակվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՛ նպատակ ունենալով սահմանել արտակարգ դրության գործողության ժամկետները, կարգավորել արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումների, արտակարգ դրության ժամանակ Արցախի Հանրապետությունում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների հնարավոր սահմանափակումների հետ կապված առանձին հարցերը, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ուժերի օգտագործման սահմաններն ու նպատակները և այլն: Նախագիծը քննարկվել է Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստում և արժանացել խորհրդի հավանությանը: Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, առանձին հոդվածներով անդրադառնալով արտակարգ դրության որոշակի հարցերին, հստակ նշում է, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Ուստի, կարևորելով արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները, արտակարգ դրության ժամանակ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, մշակվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, նպատակ ունենալով սահմանել արտակարգ դրության գործողության ժամկետները, կարգավորել արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումների, արտակարգ դրության ժամանակ Արցախի Հանրապետությունում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների հնարավոր սահմանափակումների հետ կապված առանձին հարցերը, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ուժերի օգտագործման սահմաններն ու նպատակները և այլն: Նախագիծը քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստում և արժանացել խորհրդի հավանությանը: Նախագծով սահմանվել է, որ արտակարգ դրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության հատուկ իրավական ռեժիմ է: Բացի այդ, նշվում է, որ այն ժամանակավոր բնույթ կրող ռեժիմ է և Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ Հանրապետության առանձին տարածքներում` 60 օրը: Կարգավորում են ստացել նաև արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումների և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են արտակարգ դրություն հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը, արտակարգ դրության դադարեցման հիմքերը, արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական հատուկ կառավարման մարմինները, արտակարգ դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները, մասնավորապես սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, տրամադրվում է անհրաժեշտ է օգնություն: Միաժամանակ նախատեսվում է, որ արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո մեկ շաբաթյա ժամկետում վերադարձվում է դրանց սեփականատերերին կամ դրանց նկատմամբ տիրապետման կամ օգտագործման իրավունք ունեցող անձանց։ Նախագծով կարգավորվել են նաև ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի և մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները, պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման հետ կապված հարաբերությունները: Այս առումով նախատեսվել է, որ պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման՛ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից՝ մինչև պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչև նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավել, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մանրամասն կարգավորել Արցախի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները` հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելով արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների ապահովման համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Եթե հարցեր կան պարոն Դանիելյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Դանիելյան: Այսօրվա Ձեր համբերատար բացատրությունների համար էլ շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար, հրավիրվում է խորհրդարանի պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ, տիկին Ժաննա Գալստյանը:
Ժաննա Գալստյան - Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է հանձնաժողովում, եզրակացությունը դրական է, խնդրում ենք ձեզ առաջին ընթերցմամբ ընդունել: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան - Հարցեր տիկին Գալստյանին: Հարցեր չկան: Շնորհակալություն տիկին Գալստյան, ելույթնե՞ր: Ես ուզում եմ մի փոքր հավելում անել, որ այս թեմայի մասին շատ ենք խոսել, որ մենք Սահմանադրությամբ ունենք նախատեսված ռազմական դրության, արտակարգ դրության հետ կապված հոդվածներ: Դրանց բացատրությունը և իրավական ռեժիմը մեկնաբանված չէ: Այս օրենքի նախագծով մենք նաև այդ իրավական ռեժիմներին ենք անդրադառնում, և հույս ունեմ, որ դրանց ընդունումից հետո, մենք ճիշտ և վերջնական պատկերացումներ կունենանք, թե ինչպես են գործում այդ իրավական ռեժիմները: Խնդրում եմ, պատգամավորներին պատրաստվել քվեարկության, Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին Արցախի Հանրապետության օրենք՝ առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 24 , դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Շնորհակալություն: Որոշումն ընդունված է: Մենք անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնություններին՝ Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ.. ծրագրի մասին հարցն է: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը, խնդրեմ:
Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ձեր քննարկմանն է ներկայացվում Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ.. ծրագրի մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Ներկա դրությամբ գործողության մեջ է Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ.. ծրագրի մասին ԼՂՀ օրենքը, որը գործում է օրենքի 4-րդ հոդվածի համաձայն: Ծրագրով հաստատված ցանկում ընդգրկված էր տնտեսության տարբեր ճյուղերին պատկանող, թվով 18 ընկերություն, որոնց վերաբերյալ իրականացվող մշտադիտարկման արդյունքում, օրենքով սահմանված կարգով՝ իրականացվել են պահանջվող գործառույթներ, կապված այդ ընկերությունների մասնավորեցման, լուծարման կամ վերակազմակերպման հետ: Մասնավորապես 2010-2018թթ –ի ընթացքում դրանցից երկուսը լուծարվել են, երկուսը գտնվում են լուծարման ընթացքում, 6-ը վերակազմակերպվել է նոր ստեղծվող ընկերությունների հետ միացման ձևով, մեկի պետական բաժնեմասը օտարվել է և 4-ը մասնավորեցվել են: Ի՞նչի արդյունքում, մասնավորեցման սուբյեկտները ստանձնել են և իրականացնում են պայմանագրային պարտականություններ կապված 4,3 միլիարդ դրամի չափով ներդրումների կատարման և ավելի քան 1000 աշխատատեղերի պահպանման, իսկ հետագայում նաև նոր աշխատատեղերի ստեղծման հետ: Մասնավորեցման և պետական բաժնեմասի օտարման արդյունքում՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջե վճարվել է ավելի քան 5,6 միլիարդ դրամ: Անհրաժեշտություն է առաջացել ընդունել նոր ծրագիր և ցանկում թողել միայն այն ընկերությունները, որոնք շարունակվում են պահպանել իրենց գրավչությունը՝ թե իրականացվող գործունեության ուղղվածության, թե ունեցած ակտիվների և ենթակառուցվածքների կարողության առումով, ինչպես նաև ընդգրկել այն կազմակերպությունները, որոնք օրենքի պահանջով՝ Կառավարության կողմից ընտրվել են սույն նախագծում ներկայացված սկզբունքների հիման վրա և նոր են առաջարկում մասնավորեցման: Ըստ տնտեսության ոլորտների ցանկում ներկայացված են թվով 7 ընկերություններ, որոնցից մեկը շինանյութերի արտադրության, երկուսը՝ ճանապարհաշինության և շահագործման, երկուսը կոմունալ ծառայությունների և երկուսը այլ ճյուղերին պատկանող ընկերություններն են: Ինչպես գործող օրենքը, այնպես էլ սույն նախագիծը՝ օրենքի պահանջների համաձայն, սահմանում է տնտեսության այն ճյուղերն ու ոլորտներն, որոնցում մասնավորեցում չի պահանջում, մասնավորեցման ընթացքում գտնվող ընկերությունների նկատմամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումներ, տարաժամկետ վճարումների սանդղակը փոքր ու անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերում: Նախագիծը քննարկվել է համապատասխան հանձնաժողովում, և առաջարկում եմ այն ընդունել առաջին ընթերցմամբ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե կա՞ն հարցեր պարոն Գրիգորյանին, խնդրում եմ գրանցվել՝ Հովիկ Ջիվանյան, ուրի՞շ: Չկա: Հարցի համար, խնդրեմ պարոն Հովիկ Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Չգիտեմ, ճիշտն ասած, որպես հարց, թե որպես մոտեցում: Ես կառաջարկեի, որ մենք վերանայեինք մեր փիլիսոփայությունը մասնավորեցման գործընթացին, մեր վերաբերմունքը վերանայեինք: Վերջում կասեմ իմ առաջարկությունը: Ես կառաջարկեի, բայց դա վերջին նախադասությունը կասեմ: Ըստ էության, ի՞նչը նկատի ունեմ: Մենք բերում ենք մասնավորեցման՝ ցանկում ընդգրկում ենք օբյեկտներ, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ այս օրենքի ընդունումից հետո, Կառավարության որոշումներով կանի համապատասխան աշխատանքները, կգնահատի, չգիտեմ, կանի ուսումնասիրություններ, առաջարկներ կձևակերպվի: Ի՞նչն է խանգարում, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ այդ գնահատման աշխատանքները, նախնական աշխատանքները, բովանդակային վերջնական աշխատանքները, մասնավորեցման օրենքի նախագծին, անպայման, կցված լինեն և կազմի նրա մասը՝ անբաժանելի մասը, որպեսզի, ըստ քչության, ի՞նչ է կատարվում: Պետական սեփականությունը, որին որ մենք՝ խորհրդարանը, Ազգային ժողովը, թույլտվություն է տալիս: Կամ, ասես պետական սեփականությունը վաճառում ենք կամ նվիրում ենք կամ վառում ենք՝ Կառավարությունը կատարում է դա, բայց մենք տալիս ենք այդ իրավունքը, առանց հասկանալու ի՞նչ իրավունք ենք տալիս ու ի՞նչի մասին ենք իրավունք տալիս: Սրանով կառաջարկեմ նախարարին հետ վերցնել օրենքի նախագիծը, գոնե հիմա, կարծում եմ՝ բոլորս էլ մեր սխալը, մեր սխալը սկսած հենց, միգուցե, առաջին մասնավորեցման գործընթացից, բայց ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք: Ես կառաջարկեի, գոնե հիմա՝ այս փաթեթով, օրենքի նախագիծը, նախարարը հետ վերցնի և այդ բովանդակային առաջարկը ձևակերպի, կկցի օրենքի նախագծին, նոր մենք կորոշենք՝ ինչ անենք: Շնորհակալություն:
Լևոն Գրիգորյան - Շնորհակալություն: Մասնավորեցման մասին օրենքը այս տեսքով դրվել է շրջանառության մեջ, դեռ 90-ական թվականերին, և ինչ-որ տեղ պարունակում է այդ տարիների գաղափարախոսությունը: Ինչ վերաբերում է գնահատման և գնահատման նյութերին, օրենքի նախագծին կցելը: Մենք օրենքը ընդունում ենք երեք տարվա համար, և դժվար կլինի հիմա գնահատել մի ընկերություն, ունենալ հաջորդ տարի հայտ, այն ժամանակ, երբ որ այդ ընկերության հիմնական ցուցանիշները արդեն փոփոխված կլինեն, որովհետև մենք գնահատում ենք ընկերությունը և ներկայացնում ենք օտարման՝ կոնկրետ պահի, կոնկրետ ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ձևավորված ցուցանիշների համապատասխան: Մենք նախնական ուսումնասիրություններ ենք անում, և այս օրենքը՝ Մասնավորեցման մասին երեք տարվա, հնարավորություն է տալիս, որպեսզի պետական գույքի լիազոր մարմինը աշխատանքներ տանի, ընկերության հնարավորությունները գնահատվելու և ներկայացնելու օտարման: Այս պահի դրությամբ մոտեցումը սա է:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Ջիվանյան՝ մեկ րոպե, խնդրեմ:
Հովիկ Ջիվանյան – Ինձ պարզ է Ձեր մոտեցումը, բայց կարծում եմ՝ շեղումները, որոնք որ վերաբերում է բովանդակային, փաստարկը նա է, որ այդ գնահատումներից հետո, կարող է անցնել որոշակի ժամանակ, այդ ընթացքում՝ մինչև մասնավորեցում ինչ-որ բան կլինի: Ասեմ, որ պետական բյուջեով բոլոր օբյեկտների պահպանության ծախսեր է նախատեսվում և դրա համար ծախսեր է կատարվում, արդյունքում՝ շեղումները քիչ են լինելու, բայց բովանդակային առումով՝ չեմ ժխտում, որ այլ տրամաբանությամբ ենք մինչև հիմա շարժվել, դրա համար ես ասեցի, որ դա բոլորիս մեղկն է, միգուցե, առաջին հերթին իմ՝ այդ թվում նաև իմ, բայց ես ասում եմ, որ փոխենք փիլիսոփայությունը, ընդհանարապես և սկսել հենց սրանից՝ հենց այսօրվանից, սա էր իմ առաջարկությունը, շնորհակալություն:
Լևոն Գրիգորյան – Պատրաստ ենք ցանկացած առաջարկ՝ առարկայական քննարկել միասին:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, պարզ է առաջարկության իմաստը, կարող եք արտահայտվել նաև հետո՝ ելույթով: Մենք հարցի համար մեկ հայտ ունեինք և բավարարեցինք, շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հիմա հրավիրենք Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ պարոն Արամ Գրիգորյանին:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ.. ծրագրի մասին նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում: Իհարկե, պարոն Ջիվանյանի կողմից բարձրացված հարց-առաջարկը իր տրամաբանությունն է իր մեջ ներառվում, և հաշվի առնոլով նաև այդ հանգամանքը, հանձնաժողովը նույնպես առաջարկում է ընդունել առաջին ընթերցմամբ, այնուհետև ձևավորել համապատասխան առաջարկներ, ներկայացնել Կառավարությանը և եզրակացություն, պատասխանը ստանալուց հետո՝ վերջնական որոշում կայացնել, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Գրիգորյանին: Էդուարդ Աղաբեկյան, ուրի՞շ: Խնդրեմ, հարցի համար՝ Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Այս ցանկում ընդգրկվել է Ջերմուկ կոյուղին էլ է ընդգրկվել ու ասում ենք, դրական է: Աշխարհում կա՞ գոնե մի երկիր, գոնե, որտեղ որ ջուրը սեփականության իրավունքով տված է որևէ մեկին: Կա՞ նման նախադեպ:
Արամ Գրիգորյան – Ջուրը, թե՞ սպասարկումը:
Էդուարդ Աղաբեկյան – Ջերմուկ կոյուղի ինչ է նշանակում, վաղն էլ գինն էլի որոշելու:
Արամ Գրիգորյան – Պարոն Աղաբեկյան, Ձեր հարցը հասկանալի է, հենց դրա համար էլ օրենքի նախագիծը ընդունվում է առաջին ընթերցմամբ: Յուրաքանչյուր պատգամավոր իրավասու է ձևավորել հարցը և իր վերջնական որոշումը տալ՝ երկրորդ ընթերցման ներկայացնելու պարագայում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մեկ հարց է եղել հայտավորված, եթե կա՞ ցանկություն այս թեմայով արտահայտվելու, խնդրեմ, ելույթների, մտքերի փոխանակության համար: Չկան: Կարծում եմ՝ հանձնաժողովի նախագահի առաջարկը, որ առաջին ընթերցումից հետո՝ շարունակել քննարկումները տեղին են, ուզում եմ դրան հավելել, որ մենք Ազգային ժողովի կանոնակարգով՝ հատուկ, ունենք նախատեսված՝ Պետական գույքի մասնավորեցման ծրագրի քննարկումը: Մենք, հիմա օրենքով ենք դրան անդրադառնում: Պարբերաբար, տարբեր և բյուջեի նախագիծ ընդունելուց, և բյուջեի կատարողականի ժամանակ մենք կարող ենք դրան անդրադառնալ: Ամեն դեպքում, եթե կա այդպիսի ցանկություն, կարծում եմ՝ մենք դաշտը բացել ենք և առաջին ընթերցումից հետո կարող ենք դրան անդրադառնալ: Խնդրում եմ, ուշադրություն դարձնել, անցնում են քվեարկության՝ Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ. ծրագրի մասին Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ, Ազգային ժողովի նախագծի համար: Քվեարկություն: Կողմ՝ 19, դեմ՝3, ձեռնպահ՝ 3: Ձայների այսպիսի հարաբերակցությամբ որոշումն ընդունվում է: Շնորհակալություն: Հիմա, հայտարարում եմ հաջորդ մեր օրակարգային հարցը, բայց խնդրում եմ պատգամավորները մտածեք, այս հարցից հետո քննարկենք: Մենք հիմա, փաստորեն 2-րդ մեկ ու կես ժամը սպառել ենք, կարող ենք աշխատել ևս կես ժամ և ավարտել օրակարգը, կարող ենք կես ժամ ընդմիջում անել, հետո շարունակել, կարող ենք անել մեծ ընդմիջում, հետո շարունակենք: Շարունակե՞նք, ինձ թվում է մի կես ժամից կավարտենք:
Հաջորդ օրակարգային հարցը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն է: Այն խորհրդարանին է ներկայացնում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար պարոն Կարեն Աբրահամյանը, խնդրեմ, պարոն Աբրահամյան:
Կարեն Աբրահամյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, նիստի հարգելի մասնակիցներ: Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Արցախի Հանրապետության 2018թ. հոկտեմբերի 31-ի 51 N օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում և 73-րդ հոդվածում 2-րդ մասում լրացումները կատարելու անհրաժեշտությունը ծագել է դեռևս 2018թ. ամռանը և նախքան Հայաստանի Հանրապետության Մխիթար հերացու անվան բժշկական համալսարան ընդունվելը, Արցախի Հանրապետության վեց քաղաքացիներ ցանկություն են հայտնել, նպատակային ուսումնառության շրջանակում, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքել. իրավական բնույթի պայմանագիր և ուսումը ավարտելուց հետո անցնել պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից, նշված վայրում և պայմաններով, սակայն մերժում է ստացել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից, համապատասխան օրենսդրական դաշտի բացակայության պատճառաբանությամբ: Նշված բացը վերացնելու նպատակով, այսօր նիստում քննարկման ենք ներկայացրել նախագիծը, և հաշվի առնելով, որ սույն թվականի մայիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այն ենթարկվել է մանրակրկիտ քննարկման և պարզաբանման, ապա առաջարկում եմ անցնել գործին:
Աշոտ Ղուլյան – Քվեարկության մի քիչ շուտ է անցնել, մենք իրավունք ունենք նաև տալ հարցեր, ասել մեր կարծիքները, բայց Ձեր առաջարկությունը՝ նախագիծը, որպես օրենք ընդունելու վերաբերյալ է, որը, իհարկե քվեարկությամբ պետք է արվի: Շատ լավ, հիմա, եթե հարցեր ունեք պարոն Աբրահամյանին, խնդրեմ, գրանցվենք հարցերի համար:
Կարեն Աբրահամյան – Ես մինչև անցնելը՝ գրանցվելը, ինչու ասեցի քվեարկենք, սա նույն Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանության նախարարության Պատիվ ունեմ ծրագիրն է, որը հնարավորություն ենք տալիս, որ օգտվեն մեր քաղաքացիները, ովքեր ուսման են գնացել Հայաստանի Հանրապետությունում, որ ընդգրկվեն այդ ծրագիր մեջ: Այս պահի դրությամբ ունենք մարդիկ, ովքեր որ դիմել են: Ինչո՞ւ ենք բերել այս նիստին, որ զորակոչն է սկսվում, որպեսզի մենք կարողանանք այդ պատասխանները օրենսդրական դաշտում պահել, սա է խնդիրը: Պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին:
Աշոտ Ղուլյան – Շատ լավ, հարցե՞ր: Հարցեր չկան, տեսնում ենք, պարոն Աբրահամյան բոլորը համաձայն են, որ ընդունվի առաջարկը: Հարց՝ Հովիկ Ջիվանյան:
Հովիկ Ջիվանյան – Շատ ճիշտ եք ասում, այնպես, որ հիմա մենք կոնկրետ կանգնել ենք խնդրի առաջ: Եթե ինչ-որ մեկին նպատակահարմար է օրենքի ընդունումը, ինչպես Դուք ասացիք, սրանով մենք լուծում ենք Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող երեխաների իրավունքները սրանով մենք վերականգնում ենք, բայց չմոռանանք՝ ուզում եմ հիշեցնել, որ ամեն դեպքում մենք բաց ենք թողել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների իրավունքները, ուղղակի կառաջարկեի դա հաշվի առնեք: Հանձնաժողովի նիստում նույնպես այս բաները եղել են, ամեն դեպքում ողջունում եմ օրենքի ընդունումը, քանի որ, իրոք հրատապ է՝ կանգնել ենք կոնկրետ խնդրի առաջ:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, շնորհակալություն, պարոն Աբրահամյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայանում է պաշտպանության, անվտանգության, օրինապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ տիկին Ժաննա Գալստյանը, խնդրեմ:
Ժաննա Գալստյան – Պաշտպանության նախարարի մանրամասն ներկայացնելուց հետո՝ մնում է միայն ներկայացնել, որ հանձնաժողովի եզրակացությունը դրական է, բայց օրենքի վրա մենք դեռ աշխատելու ենք միասին, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե հարցեր կա՞ն տիկին Գալստյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, կարող եք նստել, տիկին Գալստյան: Ցանկությո՞ւն ելույթ ունենալու, մտքերի փոխանակության, նույնպես չկա: Հետևաբար, խնդրում եմ պատգամավորներին պատրաստվել քվեարկության: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝չկա , ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունվում է միաձայն: Շնորհակալություն, պարոն նախարար:
Հաջորդ մեր օրակարգային հարցերը դեռ մնում են մեր ցանկում, և հիմա ես հայտարարում եմ օրենսդրական՝ նախավերջին առաջարկությունն է՝ Թափոնների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծն է, այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար պարոն Ֆելիքս Գաբրիելյանը:
Ֆելիքս Գաբրիելյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և գործընկերներ: Ձեզ եմ ներկայացնում Թափոնների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Թափոնների մասին և Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների դրույթների համաձայն, վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահման և փոխադրման գործունեությունը դիտարկվում է որպես մի ամբողջություն, և դրա ցանկացած բաղադրիչի համար լիցենզիա ձեռք բերելու նպատակով, տնտեսվարող սուբյեկտը հարկադրված է՛ ներկայացնելու մյուս բաղադրիչների վերաբերյալ փաստաթղթերը՝ բավարարել այդ բոլոր բաղադրիչներին վերաբերող պահանջները: Այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը մտադիր է իրականացնել վտանգավոր թափոնների փոխադրում, վերջինս հարկադրված է լիցենզիա խնդրարկելիս, ապահովել նաև վտանգավոր թափոնների վերամշակմանը, վնասազերծմանը, պահպանմանը և տեղադրմանը ներկայացնող փաստաթղթերը և պահանջները: Այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը, մտադրվում է իրականացնելու օրենքով չարգելված կոնկրետ գործունեություն: Պետությունը պարտավոր է համապատասխան երաշխիքներ և խթաներ ստեղծել նշված գործունեության իրականացման համար, ձեռնպահ մնալ դրան որևէ կերպ խոչընդոտելուց: Առկա իրավակարգավորման պարագայում ոչ միայն բացակայում են համապատասխան երաշխիքներ, այլ նաև լրացուցիչ խոչընդոտներ ու ավելորդ բեռ է ստեղծում տնտեսվարող սուբյեկտի համար, տնտեսական գործունեություն նախաձեռնվելիս: Վերջինս պարտավորված է ապահովել որոշակի պահանջներ, որոնք կապված չեն իր կողմից նախաձեռնող գործունեության հետ՝ չեն բխում դրանից: Սույն օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լիցենզավորման ոլորտում առկա տնտեսական գործունեությունը խաթարող որոշ նորմերի ազատականացնելու և առավել արդարացի դարձնելով՝ մասնավոր գործունեության բաղադրիչները առաջարկվում է տարանջատել և արդյունքում տնտեսվարող սուբյեկտի համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ: Այսինքն, գործունեության բաղադրիչներից որևէ մեկը նախաձեռնելու դեպքում, գործարարը պարտավորված է լինելու ներկայացնել միայն տվյալ բաղադրիչի ներկայացվող պահանջները: Սույն օրենսդրական փոփոխություն, վտանգավոր թափոնների գործածության, գործունեության, լիցենզիաների տրամադրման լիազորությունը վերապահվելու է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը: Նախարարությունը օժտվում է նախնական հսկողությամբ և հետագա վերահսկողության հետագա վերահսկողության իրավասությամբ: Նշված լիազորությունը հնարավորություն է տալիս ապահովել օրենքի նպատակի իրագործումը: Այլ կերպ ասած, լիազորված մարմինը օժտված է համապատասխան լիազորությամբ, որը հնարավորություն է տալիս վերահսկելու վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման, տեղադրման լիցենզիա ստացած, սուբյեկտի կողմից գործունեության կողմից գործունեության նկատմամբ սահմանված համապատասխան պահանջների և պայմանների պահպանումը և միայն համապատասխան բաղադրիչի իրականացումը: Սույն օրենսդրական փոփոխությամբ ակնկալվում է լիցենզիայի տրամադրման գործընթացի հստակեցումը վտանգավոր թափոնների գործածության լիցենզիա հայցող անձանց կտրամադրվի իրենց համար նախընտրելու գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթը: Ինչը հնարավորինս նպաստավոր պայմաններ կստեղծի վտանգավոր թափոնների գործածության, գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար, կտարանջատվի վտանգավոր թափոնների բլոկում յուրաքանչյուր գործունեությանը համապատասխանող լիցենզիան, ինչպես նաև կրճատմանը համամասնորեն կբաժանվի պետական տուրքի գումարը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Հարցեր, եթե կա՞ն՝ հիմնական զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցե՞ր, Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Նու հարց, դիտարկում, ռեպլիկ, չգիտեմ: Հարցս չի վերաբերում բովանդակությանը՝ մեխանիզմին, թափոնների անհետաձգելի, որն է, թափոնների բանը որոշում ենք Ազգային ժողովում՝ անհետաձգելի: Դա ի՞նչ թափոն է՝ փչացո՞ղ է, պայթունավտանգ է, դա, որն է եղել: Անհետաձգելի ռեժիմ նշանակում է ֆորսմաժոր՝ մի բան, որը հնարավոր չէ կանխատեսել: Քննարկումը անհետաձգելի ռեժիմով, դա ի՞նչ է: Ընտրական օրենսգիրք չէ, սեյսմիկ ծառայության մասին չէ, զինվորական ծառայության մասին չէ: Թափոնի անհետաձգելիությունը, որն է:
Ֆելիքս Գաբրիելյան – Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր բոլոր ուսումնասիրությունները շրջաններում՝ ցույց է տալիս, որ այսօրվա վիճակը, ընդհանուր առմամբ, վիճակը գտնվում է անբարեշուք վիճակում, մենք հաշվի ենք առել, որ հնարավորություն ունենք, որպեսզի լիցենզավորենք և այդ գործունեությունը կազմակերպենք ճիշտ, այսօրվա դրությամբ, մենք ներկայացրինք այդ ձևի, որպեսզի շուտ հարցին լուծում տանք: Սա է խնդիրը, ուրիշ այդպիսի հարց չկա: Այսինքն, հնարավորությունը ունենք, ես կարող եմ Ձեզ տեղեկացնել: Նախատեսված է, որ բժշկական թափոնների վնասազերծման նպատակով՝ շուտով շահագործման կհանձնվի ԷԿՈ սպեկտոր ընկերության արտադրության, կոշտ կենցաղային և արտադրական թափոնների բարձր ջերմաստիճանը՝ մինչև 1300 աստիճան, վնասազերծման համար նախատեսված Վուլկան մակնիշի աղբակես վառարանը: Առավելագույն բեռնվածությունը 200 կիլոգրամ է: Այսինքն` այս համակարգը պատրաստ է: Մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ բժշկական աղբի տեսանկյունից՝ հաստատ շատ առաջնային հարց է, ներկայացրեցին այդ ձևի, որպեսզի շուտափույթ այդ հարցերին տանք լուծում:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան, շատ լավ: Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Արպատ Ավանեսյանը:
Արպատ Ավանեսյան – Հարգելի գործընկերներ, ես ձեր վիճակը շատ լավ եմ հասկանում, դրա համար կարճ ասեմ, որ հարցը քննարկվել է մեր հանձնաժողովում և տվել ենք դրական եզրակացություն, և ակնկալում ենք ձեր բարեհաճ վերաբերմունքը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն պարոն Ավանեսյանին: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Ելույթների ցանկությո՞ւն, մտքերի փոխանակությո՞ւն: Չկան: Պատգամավորներին խնդրում եմ պատրաստվել քվեարկության: Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Թափոնների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին: Լիցենզավորման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և Պետական տուրքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 19, դեմ՝ չկա , ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Վերջին՝ եզրափակիչ օրենսդրական նախաձեռնությունը, մեր այսօրվա նիստի օրակարգում՝ Ավտոմոբիլային ճանապարհների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն է: Այն Կառավարության կողմից լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը, խնդրեմ պարոն նախարար:
Կարեն Շահրամանյան – Շնորհակալություն: Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն եմ ներկայացնում՝ Ավտոմոբիլային ճանապարհների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքը: Ինչպես գիտենք, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են 3 դասի՝ միջպետական նշանակության, հանրապետական, տեղական կամ շրջանային: Այդ ավտոճանապարհների պահպանման, շահագործման, նորոգման, կահավորման, կահավորման պատվիրատուի լիազորությունները վերապահված է պետական լիազոր մարմնի՝ քաղաքաշինության նախարարության պատվիրակության: 2018թ. ինչպես գիտեք, Արցախուղի ընկերությունը, որը իրականացնում է այդ ճանապարհների պահպանման, շահագործման, ընթացիկ նորոգման աշխատանքները վերակազմավորվել է և շրջանների մասնաճյուղերը տրամադրվել է շրջանների վարչակազմերին: Հենց դրանից էլ բխում է օրենքի փոփոխությունը այսինքն, եթե գործող օրենքի համաձայն, ընդհանուր օգտագործման պետական օգտագործման ճանապարհների կառավարման մարմնի վրա է դրված ընդհանուր օգտագործման այդ ճանապարհների, պահպանման, շահագործման, ընթացիկ վերանորոգման լիազորությունները այս օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք շրջանների վարչակազմերին վերապահել տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նշված աշխատանքների իրականացման լիազորությունները: Բացի այդ, ԼՂՀ նախագահի՝ 27.07.98թ. հրամանագրի 12-րդ կետի բ ենթակետի համաձայն տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառում շրջանի վարչակազմի ղեկավարը կազմակերպում է շրջանային նշանակության ճանապարհային շինարարության պահպանումը և շահագործումը: Նախագծի ընդունմամբ կբացառվեն տարբեր իրավական ակտերի միջև այդ հակասությունները: Առաջարկում եմ ընդունել այս օրենքի նախագիծը:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար: Եթե կան հարցեր քաղաքաշինության նախարարին, խնդրում եմ գրանցվել՝ Էդուարդ Աղաբեկյան: Ուրի՞շ, չկա: Խնդրեմ՝ հարց:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն Շահրամանյան, եթե ճիշտ հասկացա, այսինքն Արցախուղին տվել եք մասերի, հիմա օրենքը փոփոխում եք:
Կարեն Շահրամանյան - Ոչ թե տվել ենք մասերի, այլ շրջանների տեղական նշանակության ճանապարհների պահպանման լիազորությունները վերապահում ենք շրջանների վարչակազմերին:
Էդուարդ Աղաբեկյան – (Չի լսվում):
Կարեն Շահրամանյան – Դա եղել է անցած տարի, այդ փոփոխությունները:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախարար, կարող եք նստել: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ խնդրեմ կրկին, պարոն Արպատ Ավանեսյան:
Արպատ Ավանեսյան – Նույն հիմնավորմամբ ասեմ, որ հանձնաժողովում հարցը քննարկվել է, և տրվել է դրական եզրակացություն, ուստի ակնկալում եմ ձեր բարեհաճ վերաբերմունքը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարցեր ունե՞ք, բարեհաճ վերաբերմունքի դիմաց: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Ավանեսյան: Ցանկությո՞ւն ելույթների, կիսվել մտքերով: Նույնպես չկա, խնդրում եմ պատգամավորներին պատրաստվել քվեարկության: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Ավտոմոբիլային ճանապարհների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 22 , դեմ՝ չկա , ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Մենք այսքանով՝ սպառեցինք օրենսդրական նախաձեռնությունների ցանկը՝ այսօրվա մեր հերթական նիստի օրակարգի, մեզ մնում է միայն մեկ հարց՝ պատգամավորական հայտարարությունները: Եթե կա ցանկություն, խնդրում եմ գրանցվել՝ պատգամավորական հայտարարությունների համար: Արթուր Թովմասյան, Գագիկ Բաղունց, Ռիտա Մնացականյան, Վարդգես Բաղրյան, Դավիթ Իշխանյան: Ես նորից ընթերցում եմ, պատգամավորական հայտարարությունների համար գրանցվել են՝ Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը, Ռիտա Մնացականյանը, Վարդգես Բաղրյանը և Դավիթ Իշխանյանը:
Արթուր Թովմասյան - Մեր ազգային օրակարգում կա մեկ գերխնդիր. դա Արցախի անվտանգության հարցն է: Այս էլ արդեն քանի տարի այն դարձել է համազգային կարեւորության եւ մտահոգման առարկա: Իսկ համազգային խնդիրները լուծել հնարավոր է լինում միայն համազգային ներուժի միջոցով: Այդ ներուժն իրեն երբեք չի դավաճանել, ինչ փորձությունների միջով էլ, որ անցնելու է եղել մեր ազգը: Յուրաքանչյուր հայից է կախված այսօր մեր երկրի հետագա անվտանգության խնդիրը: Իսկ դրա լավագույն երաշխիքը կարող է դառնալ միասնականության եւ համերաշխության անպարտելի ոգին: Մեր միասնական ժողովրդի մասնատման, մեր արժեհամակարգից հայրենասիրության գաղափարի ընկալման խեղաթյուրման ցանկացած փորձ մենք պարտավոր ենք որակել որպես ազգադավ միտում: Արցախյան մեծ ազատամարտում եւ 2016թ.-ի ապրիլյան պատերազմում մեր եղբայրների արյան գնով ձեռք բերած հաղթանակներն ու մեր հայրենիքի խաղաղությունը հնարավոր է պահպանել ու զորացնել միմիայն միասնության, համախմբվածության, եղբայրության եւ սիրո ոգու շնորհիվ: Հարաբերական խաղաղության պայմաններում մենք փորձում ենք ստեղծել ժողովրդավարական սկզբունքներին համահունչ, ավելի բարեկեցիկ երկիր, եւ այդ ճանապարհին Արցախ աշխարհի ժողովրդին պետք է առաջնորդեն միմիայն ներքին համերաշխության եւ միասնության գաղափարները: Հավատացեք, միմիայն ձեռք ձեռքի տված, քննադատելով ծրագրերը եւ ոչ թե անհատների, հետեւողական լինելով խոստումների իրականացմանը եւ ոչ երբեք սադրելով իրավիճակներ, մենք միասին կդառնանք Արցախի Հանրապետության նորօրյա պատմության հպարտ տարեգիրը: Այն միասնականությունը, որ առաջնորդել է մեզ մեր պատմության ծանր օրերին, չպետք է թուլանա ու կտրվի նորանկախ հանրապետության գալիք օրերի եւ ոչ մի գործընթացի զարգացման արդյունքում: Մեզ ոչ ոք չի կարող սովորեցնել, թե ինչպես պետք է սիրենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, նամանավանդ, եթե խոսքը մեր, իսկ ազգակիցներին է վերաբերվում: Նման մոտեցումներն աներկբա պետք է դեռ էն գլխից դատապարտվեն անհաջողության, որովհետեւ ազգային համերաշխությունն է բոլոր հարցերի լուծման ճանապարհը: Կան անհատներ, քաղաքական-հասարակական գործիչներ, ովքեր իրենց ելույթներում օգտագործում են եզրույթներ, որոնք անթույլատրելի են անկախության ուղին բռնած Արցախի Հանրապետության անվտանգության եւ համայն հայության միասնության համար: Մեր երկրում ընթացող ցանկացած զարգացումների ընթացքում առաջնորդվենք միմիայն ողջախոհության, միասնականության եւ մեր երկրի խաղաղությունը բոլոր տեսակի պառակտումներից գերադասելու սկզբունքներով: Սա նաեւ Ազատ հայրենիք կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի սթափության կոչն է բոլորիս: Հիշենք, մենք իրավունք չունենք ներքին պառակտումների միջոցով թշնամու արկածախնդրության զոհասեղանին դնելու սահմանը հսկող երիտասարդ զինվորների մատաղ կյանքները: Ողջախոհություն ամենքիս, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան, խնդրում եմ տեղավորվեք երեք րոպեի մեջ: Պատգամավորական հայտարարությունների համար հրավիրվում է Գագաիկ Բաղունցը, թող պատրաստվի Ռիտա Մնացականյանը:
Գագիկ Բաղունց - Մայիսի սկզբին նշվեց մամուլի ազատության միջազգային օրը,որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվել է 1993 թ.-ին` նպատակ ունենալով հիշեցնելու միջազգային հանրությանը, որ մամուլի եւ կարծիքի արտահայտման ազատությունը մարդու հիմնական իրավունքներից է:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2018թ զեկույցում Հայաստանը եւ Արցախը ներառնված են ,,մասնակիորեն ազատ երկրներ’’ խմբում: Այս պարագայում չափազանց կարեւոր եմ համարում միջազգային հանրության կողմից Արցախի` 2020թ. ընտրությունների ժողովրդավարության եւ թափանցիկության աստիճանի հետ խստագույն փոխկապակցվածության ճանաչման գիտակցումը եւ ընկալումը: Դա իր հերթին ուղղակիորեն կապված է երկրում խոսքի ազատության իրավիճակի հետ: Ցավոք, մենք ավելի շատ հռչակագրում ենք այդ արժեքներին ձգտումը, քան թե իրականում մոտենում դրանց: Ինչպես ասում են` не стимулируем, а симулируем : Տեղի եւ անտեղի խոսքի ազատությունը շատ հաճախ զոհաբերվում է ազգային անվտանգության ծայրահեղ լայն եւ կոշտ ընկալմանը: Ավելին, ներքաղաքական դասավորությունը եւ աճող սոցիալական լարվածությունը պայմանավորել են մեր հասարակության ծայրահեղ անհանդուրժողականությունը: Այլակարծության կրողը դիտվում է ոչ թե որպես ընդդիմախոս, այլ թշնամի: Իհարկե, խոսքի ազատության ճնշման ծայրահեղ մեթոդները, բարեբախտաբար, մեր քաղաքական եւ հասարակական կյանքում չեն դրսեւորվել: Բայց լայն տարածում են գտել համեմատաբար անվնաս թվացող մեթոդիկաներ եւ հնարքներ: Թվարկեմ միայն մի քանիսը. լուսաբանման կանխամտածվածություն, անհրաժեշտ տեղեկատվության տարածման նպատակային, ոչ ադեկվատ ցիտումներ, հիմնախնդիրների անտեսում, ԶԼՄ-ների ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների բացակայություն, լրագրողական գործունեության խոչընդոտում, չինովնիկների կողմից տեղեկատվության տրամադրման արգելք և այլն:
Բերեմ մի քանի կոնկրետ օրինակներ, որոնք կհաստատեն վերը թվարկածը:
Հակված չլինելով ԱԺ պատգամավորի ծեծը համարել Արցախում խոսքի ազատության մշտական ատրիբուտ, ակնհայտ եմ համարում կատարվածին ավելի խոր եւ կոշտ գնահատական տալու անհրաժեշտությունը:
Արցախի հասարակական-քաղաքական իրավիճակի մասին մարտ ամսում գրած իմ հոդվածն այդպես էլ չտպագրվեց Ազատ Արցախ հանրապետական թերթում:
Ազգային ժողովի նիստերի ուղիղ հեռարձակումը, որը մեր կողմից ընդունվեց որպես արցախյան ժողովրդավարության, անկասկած, նվաճում, քիչ թե շատ ոչ ստանդարտ իրավիճակում ձախողվում է: Այսպես, Ազգային ժողովում Արցախի նախագահի ուղերձի քննարկմանը Շարժում 88 խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի քննադատական ելույթը չի հեռարձակվել` իբր տեխնիկական պատճառներով և այլն:
Մյուս կողմից, չեմ կարող անուշադրության մատնել վտանգավոր չափերի հասնող ֆեյքերը եւ ֆեյք ռեսուրսները` որպես ներքաղաքական կոշտ պայքարի հետեւանք: Սպառնալի իրավիճակ է ստեղծվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Արցախում: Եւ պարզապես տարակուսելի է համապատասխան կառույցների անզորությունը, իսկ երբեմն էլ` հովանավորությունը, հատկապես բախտորոշ նախագահական ընտրությունների շեմին:
Պետությունը պարտավոր է աջակցել ոչ կոմերցիոն եւ հասարակական կազմակերպությունների ստեղծմանը, որոնք շահագրգռված են իշխանության մարմինների և մասնավոր բիզնեսի գործունեության մասին ամբողջական և մանրամասն ինֆորմացիայի մեջ: Երկրում պետք է ստեղծվի սոցիալական ինստիտուտների համակարգ, որը կապահովի խոսքի ազատությունը , քաղաքացիներին հետաքրքրող հիմնախնդիրների և իրադարձությունների հայթայթումը և տարածումը: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Հաջորդ պատգամավորական հայտարարություն՝ Ռիտա Մնացականյան, թող պատրաստվի Վարդգես Բաղրյանը:
Ռիտա Մնացականյան - Հարգարժան ներկաներ, թույլ տվեք հայկական երկրորդ հանրապետության օրենսդիր մարմնի ամբիոնից շնորհավորել բոլորիս օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչներին, ամբողջ հայ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում, հայոց պետականության վերականգնման 101-ամյակի և Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման 100-ամյակի կապակցությամբ: Մայիս 28-ը հայոց մեծագույն տոնն է: Մեծագույն, քանզի պետականությունը մեծագույն արժեքն է, եթե չասենք՝ սրբագույն արժեք: Եվ ազգային-պետական մեծագույն սրբազան տոնը պետք է նշվի մեծագույն տոնախմբությամբ, որը որ, ցավոք, չտեսանք:
Այդ բարձրագույն արժեքին սովորելու և մեր սերունդներին ժառանգելու և սովորեցնելու համար, համաժողովրդական ցնծությամբ ու խանդավառությամբ մշտապես պետք է հաստատենք պետականություն ունենալու մեր անվերապահ համոզմունքն ու բնական իրավունքը:
Մեծագույն տոնը պիտի նշվի համաժողովրդական տոնախմբությամբ, ազգային-ազգագրական երգ ու պարով, դհոլ-զուռնայով, ազգային կերակուրներով ու սովորություններով: Բոլոր բնակավայրերը պիտի զարդարվեն պետական խորհրդանիշներով, ամեն քայլի բոլոր միջոցներով պիտի փառաբանվեն հայկական պետությունն ու պետականությունը, փառաբանվեն հայոց պետականության հիմնադիր հայրերը՝ Պարույր Սկայաորդուց մինչև Արամ Մանուկյան: Պետականության տոնի կարևորության շուրջ մենք միակարծիք պիտի լինենք:
Ցավոք տոնը չենք կարողանում համաժողովրդական տոնախմբության վերածել: Արդյունքում՝ նաև պետական մտածելակերպից զուրկ իշխանավոր ենք տեսնում և հայրենի հողից աստիճանաբար հեռացող ռամիկ: Մտածենք միասին:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն տիկին Մնացականյան: Բոլորի անունից նաև ընդունում եմ այդ շնորհավորանքները և ետ վերադարձնում, որովհետև իրականում այս օրերի հիմնական խորհուրդը դա է: Խնդրեմ, Վարդգես Բաղրյան և եզրափակիչ հայտարարություն՝ Դավիթ Իշխանյան:
Վարդգես Բաղրյան – Այն, ինչ հատկապես վերջին ժամանակներս կատարվում է համահայկական դաշտում, չի կարող չմտահոգել ու չանհանգստացնել մեզ: Ամենաթողությունը, կարծես թե, հասել է գագաթնակետին, որը բնավ ոչ մի աղերս չունի ժողովրդավարության և խոսքի ազատության հետ:
Որպես ժողովրդավարական հասարակություն՝ մենք պետք է ապահովենք ցանկացած քաղաքացու խոսքի ազատության հիմնարար իրավունքը, սակայն երբ այդ խոսքը վեր է ածվում սպառնալիքի, հանրային համերաշխության դեմ ուղղված կոչերի հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է արձագանքի խստագույնս՝ կանխելով նման երևույթների ակտիվացումը:
Բանը հասել է նրան, որ սոցցանցերում, և ոչ միայն, հայը հային պիտակավորում է ամենակեղտոտ խոսքերով, փորձում սեպ խրել մեր միասնության մեջ:
Ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով: Որոշ տականքներ իրենց թույլ են տալիս հարձակվել թոռնիկների հետ զբոսնող, հայտնի քաղաքական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա, անպատվել նրան: Եվ երևի ուժ գործադրեր այդ խառնամբոխը, եթե չմիջամտեր ոստիկանությունը: Միջամտեց այո, բայց ոչ մեկն այդ ճիվաղներից պատասխանատվության չենթարկվեց: Նաև դա՞ չէր արդյոք պատճառը, որ ոմն Ջիվան Աբրահամյան ոստիկանների ներկայությամբ սպառնաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և դարձյալ մնաց անպատիժ: Ավելին, այդ ստահակը ոչ միայն ներողություն չխնդրեց նախագահից, այլև լկտիաբար հաստատեց իր խոսքերը: Այսպես ու՞ր ենք գնում. արդեն մոռացե՞լ ենք, որ պատերազմը չի ավարտվել, որ ունենք հակառակորդ, որը ծափ է տալիս ու ծիծաղում մեզ վրա ու մեծատառերով գրում՝ պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև: Ա՞յս ենք ուզում:
Բոլորին է հայտնի, թե ինչ նպատակով և ինչ կարգախոսով է սկսվել ղարաբաղյան շարժումը: Այդ ո՞ր մի հայը չի ուզում, որ օր առաջ դեֆակտո միացումը վերածվի դե յուրե միացման, վերականգնվի պատմական արդարությունը, Արցախը վերամիավորվի Մայր Հայաստանին: Լավ, արժե՞ այս հարցով շահարկումներ անել, էժանագին դիվիդենտներ փորձել հավաքել, ինչպես դա անում են որոշ քաղաքական ուժեր և առանձին անհատներ: Հասկացանք, որ առջևում ընտրություններ են , քվեներ են պետք, բայց արժե՞, արդյոք, դրա համար կամուրջներ վառել,