ԼՈՒՐԵՐ
Աշոտ Ղուլյանն ընդունել է Զոհրաբ Մնացականյանին
05 հուլիսի 2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել ՀՀ Արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Արցախ կատարած այցի շրջանակում խորհրդարանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները՝ ընդգծելով արտաքին քաղաքական հարցերում մշտական խորհրդատվությունների կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Արցախի իշխանական տարբեր թևերի հետ պարբերական շփումները՝ այդ համատեքստում անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

ԼՈՒՐԵՐ