Պետական սուրհանդակային կապի մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված  է 2019 թվականի       

                                                                                                                   մայիսի 30-ին

 

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ

 

 

1. Սույն օրենքը սահմանում է պետական սուրհանդակային կապի (այսուհետ` սուրհանդակային կապ) կազմակերպման սկզբունքները, այն իրականացնող մարմնի իրավունքներն ու պարտականությունները, ուժերն ու միջոցները, կարգավորում է այդ մարմնի գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) թղթակցություն` պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաթեթներ, ծանրոցներ, նամակահակեր, ինչպես նաև այլ ծառայողական (այդ թվում` ոչ գաղտնի) առաքանիներ, որոնք, սույն օրենքի համաձայն, ենթակա են առաքման.

2) սուրհանդակային կապ` մեթոդների ու միջոցների ամբողջություն, որն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց և պետական մարմինների թղթակցության օպերատիվ առաքումն ու երաշխիքային պահպանվածությունը.

3) սուրհանդակային կապի մարմին` սույն օրենքով սահմանված կարգով սուրհանդակային կապի բնագավառում գործունեություն իրականացնող մարմին.

4) սուրհանդակային երթուղի` թղթակցության առաքման համար սահմանված սուրհանդակային կապի մարմնի աշխատակցի ընթացուղին.

5) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցում` թղթակցու­թյան (բացառությամբ դիվանագիտական փոստի) ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված գործունեություն:

 

Հոդված 2. Սուրհանդակային կապի մարմինը

 

1. Սուրհանդակային կապն ապահովում է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժա­նումը (այսուհետ` սուրհանդակային կապի մարմին):

 

 

Հոդված  3. Սուրհանդակային   կապի   մարմնի   գործունեության   իրավական հիմքը

 

1. Սուրհանդակային կապի մարմնի գործունեությունը կարգավորվում է Արցախի  Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքներով և այլ  իրավական ակտերով:

2. Եթե Արցախի  Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 4. Սուրհանդակային կապի մարմնի խնդիրները

 

1. Սուրհանդակային կապի մարմնի խնդիրներն են`

1) սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը`

ա. Արցախի  Հանրապետության նախագահին և նրա աշխատակազմին,

բ. Արցախի  Հանրապետության Ազգային ժողովին,

գ. Արցախի Հանրապետության պետական նախարարին,

դ. Արցախի  Հանրապետության նախարարություններին,

եԱրցախի Հանրապետության  դատական իշխանության մարմին­ներին,

զ. Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությանը,

է. Արցախի Հանրապետության օրենքով ստեղծված մշտական գործող հանձնաժողովներին, խորհուրդներին,

ը. Արցախի  Հանրապետության պետական կառավարման այլ մարմիններին,

թ. Արցախի  Հանրապետության տարածքային կառավարման մարմին­ներին,

ժ. Արցախի  Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերին (բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանու­թյան նախարարության զորամասերի),

ժա. Արցախի Հանրապետությունում հավատարմագրված Անկախ Պետությունների Համագործակցության երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին.

2) Արցախի Հանրապետությունում հավատարմագրված արտասահման­յան պետությունների դիվանագիտական ներկայացուցչություն­ներին և հյուպատոսական հիմնարկներին ուղղված թղթակցության առաքումը:

2. Սուրհանդակային կապի ծառայությունների մատուցումը սուրհանդակային կապի մարմնի կողմից ապահովվում է միայն սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց և պետական մարմինների, ինչպես նաև դրանց ինքնուրույն կառուցվածքային (առանձնացված) ստորաբաժանումների միջև և Արցախի Հանրապետությունում սահմանափակվում  է շրջանային կենտրոններով և Ստեփանակերտ  քաղաքով:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց և պետական մարմինների թղթակցությունն անձեռնմխելի է և ենթակա չէ զննության:

3. Սուրհանդակային կապի ծառայություններից օգտվող մարմինները պարտավոր են իրենց իրավասության սահմաններում աջակցել թղթակցության օպերատիվ առաքման կազմակերպմանը, թղթակցության երաշխիքային պահպանվածության պայմանների ապահովմանը, ինչպես նաև օգնություն ցուցաբերել սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցներին թղթակցության փոխադրման պարտականությունները կատարելիս:

 

Հոդված 5. Սուրհանդակային կապի մարմնի գործունեության սկզբունքները

 

1. Սուրհանդակային կապի մարմնի գործունեությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով.

1) օրինականության.

2) մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու.

3) պետական և ծառայողական գաղտնիքի, ինչպես նաև օրենքով պաշտպանվող այլ տեղեկությունների պահպանության.

4) թղթակցության առաքման օպերատիվության և երաշխիքային պահպանվածության:

 

Հոդված 6. Թղթակցության  ընդունման  և  առաքման  կարգըառավելա­­գույն չափաքանակները

 

1. Թղթակցության ընդունման և առաքման կարգը, առավելագույն չափաքանակները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 7. Սուրհանդակային կապի մարմնի իրավունքները

 

1. Սուրհանդակային կապի մարմինն իրավունք ունի`

1) թղթակցությունը և այն ուղեկցող աշխատակիցներին փոխադրելու գործող օդային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիներով.

2) Արցախի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործելու հատուկ տրանսպորտային միջոցներ.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցելու կապի բնագավառում գործունեություն իրականացնող մարմինների հետ:

 

Հոդված 8. Սուրհանդակային կապի մարմնի պարտականությունները

 

1. Սուրհանդակային կապի մարմինը պարտավոր է`

1) սուրհանդակային կապի ծառայություններ մատուցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց և պետական մարմիններին.

2) ապահովել մշտապես գործող սուրհանդակային երթուղիների ցանցի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հատուկ սուրհանդակային երթուղիների միջոցով թղթակցության օպերատիվ առաքումը.

3) իրականացնել միջոցառումներ առաքվող թղթակցության պահպանման ուղղությամբ` ընդհուպ դրա ոչնչացումը, եթե բացակայում է պահպանությունն ապահովելու հնարավորությունը.

4) իր գործունեության ընթացքում կազմակերպել ու ապահովել պետական և ծառայողական գաղտնիքի, ինչպես նաև օրենքով պաշտպանվող այլ տեղեկությունների պահպանությունը.

5) ապահովել սուրհանդակային կապի համակարգի մոբիլիզացիոն պատրաստվածությունը` ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում գործելու համար.

6) Արցախի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում, լիազորված պետական կառավարման մարմնի իրավական ակտերի համաձայն, ապահովել սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների մասնագիտական պատրաստությունը՝ անցկացնելով համապատասխան պարապմունքներ նրանց հետ:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 9. Ծառայությունը սուրհանդակային կապի մարմնում

 

1. Ծառայությունը սուրհանդակային կապի մարմնում կարգավորվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքով  և այլ  իրավական ակտերով:

2. Սուրհանդակային կապի մարմնում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող անձանց գործունեությունը կանոնակարգվում է Արցախի  Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

 

Հոդված 10. Սուրհանդակային   կապի   մարմնի   աշխատակիցների   իրավական պաշտպանությունը և սոցիալական պաշտպանվածությունը

 

1. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցները ծառայողական պարտականությունները կատարելիս  գտնվում  են  պետության պաշտպանության ներքո:

2. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը, ծառայողական պարտականությունները կատարող աշխատակցին դիմադրելը, պատվին ու արժանապատվությանը վիրավորանք հասցնելը, բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքն առաջացնում են Արցախի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Ծառայողական պարտականությունների հետ կապված` սուրհանդակային կապի մարմնի աշխատակցի և նրա ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, պատվի, արժանապատվության և գույքի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից կատարվում է Արցախի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների` Արցախի  Հանրապետության սահմաններից դուրս գործուղվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի  Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով:

5. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է «Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի  մասին» Արցախի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով` ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների համար սահմանված կարգով:

 

Հոդված 11.  Սուրհանդակային կապի մարմնի տեխնիկական միջոցները

 

1. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցները թղթակցության առաքման ժամանակ երաշխիքային պահպանվածությունն ու օպերատիվությունն ապահովելու համար իրենց իրավասության սահմաններում օգտագործում են կապի տեխնիկական միջոցներ: Նշված տեխնիկական միջոցների կիրառումը չպետք է սպառնալիք դառնա մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև վնաս պատճառի շրջակա միջավայրին:

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ:

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման պայմանները

   

 

1. Սուրհանդակային կապի մարմնի զինծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կիրառելու ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ:

2. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին պարտավոր է կիրառման պահից սկսած` 24 ժամվա ընթացքում, գրավոր զեկուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին:

 

 

 

 

 

Հոդված  13. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների 

պատասխանատվությունը

 

1. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցներն իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ ձևով կատարելու համար ենթարկվում են պատասխանատվության՝ Արցախի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ

ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Հոդված 14. Սուրհանդակային կապի մարմնի ֆինանսական  և նյութատեխնիկական   ապահովումը

   

 

1. Սուրհանդակային կապի մարմնի ֆինանսավորումը և նյութատեխ­նիկական ապահովումը կատարվում են Արցախի Հանրապե­տության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված  15. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան հաջորդող օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-25-Ն