«Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Առևտրական գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե հարկային տարվա ընթացքում թույլ է տվել ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պահանջների խախտման երկրորդ դեպք: Սույն մասում նշված դեպքում արտոնագրային վճար վճարողը դադարում է համարվել այդպիսին մինչև խախտման օրը ներառող հար­կա­յին տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`               

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Առևտրական գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարողները պարտավոր են, օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, փաստաթղթավորել ապրանքներ ձեռք բերելու գործարքները, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման գործարքները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. Արտոնագրային վճար վճարողները «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 284-րդ հոդվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

 «2.1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 4. Օրենքի N 1 հավելվածի 1-ին տողում «առևտրական տարածքը չգերազանցող խանութի, կրպակի, տաղավարի» բառերը փոխարինել «տարածքը չգերազանցող խանութի, կրպակի, տաղավարի (այդ թվում` ապրանքների պահպանումն ապահովող այլ տարածքի)» բառերով:

 

Հոդված 5. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-62-Ն