«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                  հունիսի 14-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 38-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ ու 40-րդ կետեր.

«39) արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ռազմական նշանակության արտադրանքի իրացումը:

Սույն կետով սահմանված արտոնության կիրառության շրջանակը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

40) պետության ստեղծած հիմնադրամի կողմից հողամասի կամ այլ անշարժ գույքի օտարումը:»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18. Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարողները ԱԱՀ-ով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային էլեկտրոնային փաստաթուղթը: Հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է և պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Մանրածախ առևտրի, բնակչության համար աշխատանքների կատարման և (կամ) բնակչությանը ծառայությունների մատուցման գործարքների մասով հարկային հաշիվների դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառող ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կարող է հարկային հաշիվ դուրս չգրել, եթե ապրանքի գնորդը, աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունն ստացողը չի պահանջում դուրս գրել հարկային հաշիվ:

Հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝

1) այն հարկային հաշիվների, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

2) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, երբ հարկային հաշիվները կարող են դուրս գրվել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկային հաշիվները դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող՝ հանձնակատար կամ գործակալ համարվող կազմակերպություն­ները և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխանաբար հանձնարարողի կամ պրինցիպալի անունից կարող են դուրս գրել հարկային հաշիվներ կամ ճշգրտող հարկային հաշիվներ, եթե հանձնակատարին կամ գործակալին տրվել է այդպիսի հարկային հաշիվներ դուրս գրելու լիազորագիր: Սույն պարբերությամբ սահմանված դեպքերում հանձնակատարի կամ գործակալի կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում, բացի նրանց տվյալներից, լրացվում է նաև հանձնարարողին կամ պրինցիպալին վերաբերող՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նշված տեղեկատվությունը:

Այն դեպքում, երբ սահմանված կարգով Արցախի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Արցախի Հանրապետությունում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, սույն օրենքի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից:

Գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված`

1) հարկային հաշիվները կարող են դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ այդ հարկային հաշվում նշված ապրանքները պետք է մատակարարվեն հարկային հաշվում նշված՝ ապրանքների մատակարարման օրը, կամ աշխատանքները պետք է կատարվեն, կամ կատարումն ավարտվի հարկային հաշվում նշված՝ աշխատանքների կատարման կամ կատարումն ավարտելու օրը, կամ ծառայությունները պետք է մատուցվեն, կամ մատուցումն ավարտվի հարկային հաշվում նշված՝ ծառայությունների մատուցման կամ մատուցումն ավարտելու օրը.

2) հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման գործարքների մասով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել հաշվարկային ժամանակահատվածի համար ծառայությունների մատուցումն ավարտելուց հետո.

3) սույն հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված դեպքերում հարկային հաշվի դուրսգրումը սույն հոդվածով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի, աշխատանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հարկային հաշիվը փաստացի ստանալու օրը:

Սույն հոդվածի հինգերորդ և վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվները, սույն օրենքի կիրառության իմաստով, հավասարեցվում են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից դուրս գրված հարկային հաշիվներին:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հարկային հաշիվն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության կամ ֆիզիկական անձի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում.

1) հարկային հաշիվը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.

2) հարկային հաշիվը դուրս է գրվել սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ.

3) ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

4) հարկային հաշվով մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի կամ մատուցվող  ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ԱԱՀ-ի դրույքաչափ կամ ԱԱՀ-ի գումար) լրացվել է սխալ:

Չեղարկված հարկային հաշիվը դրա կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքն անվավեր է ճանաչվում դատարանի վճռի համաձայն:

Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը, սույն հոդվածի համաձայն, ճանաչվում է անվավեր:

Անվավեր ճանաչված գործարքը դրա կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) չի առաջացնում, բացառությամբ սույն հոդվածի տասնչորսերորդ պարբերությամբ սահմանված դեպքերում գործարքի անվավերության հետևանքների:

Գործարքի անվավերության դեպքում կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) առաջանում են միայն չվերադարձված ապրանքի, չվերադարձված աշխատանքի արդյունքի և (կամ) չվերադարձված ծառայության արդյունքի մասով:

Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչման՝ սույն հոդվածի տասնմեկերորդ պարբերությամբ սահմանված հիմքերն առկա չեն, սակայն գործարքի կողմերն այն անվավեր են ճանաչել, ապա գործարքի անվավեր ճանաչումը հաշվի չի առնվում:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը ճշգրտվում է հետևյալ դեպքերում.

1) գործարքի  առարկան  պիտանիության  (պահպանմանժամկետ  ունեցող ապրանք է.

2) գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.

3) գործարքի առարկա համարվող ապրանքի քանակը, ծավալը և (կամ) որակական հատկանիշները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, ստուգվում են գնորդի կողմից ապրանքի ընդունման պահին, և պարզվում է, որ դրանցից որևէ մեկը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին, որի հետևանքով ապրանքը (կամ դրա մի մասը) ենթակա է մասնակի ընդունման կամ վերադարձման.

4) գործարքի առարկա համարվող ապրանքները մատակարարվել են ավելի, քան սահմանված է եղել հարկային հաշվով, և գնորդի կողմից ավելի մատակարարված ապրանքներն ընդունվել են.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման այն գործարքների դեպքում, երբ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ծավալը գործարքի ավարտին ավելի կամ պակաս է սկզբնապես դուրս գրված համապատասխան հարկային հաշվով նախատեսված ծավալից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

ա. աշխատանքները կամ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) կատարվել կամ մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող՝ դուրս գրված հարկային հաշվում նշված պայմաններով.

բ. աշխատանքի կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ աշխատանքի կամ ծառայության արդյունքի հետ հանձնումը հնարավոր չէ:

Դուրս գրված այն հարկային հաշվի մասով, որի դուրսգրման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, չի կարող դուրս գրվել ճշգրտող հարկային հաշիվ:

Ճշգրտված գործարքը դրա կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, առաջացնում է միայն այն մասով, որը մնում է գործարքի ճշգրտման արդյունքում:

Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների) սույն հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաև ճշգրտող հարկային հաշիվ: Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները գործարքի ճշգրտման արդյունքն արտացոլում են հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերի համաձայն ճշգրտման կատարման օրը ներառող ամսվա ընթացքում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի համար դուրս գրվող համապատասխան հարկային հաշվում:

Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման՝ սույն հոդվածի տասնվեցերորդ պարբերությամբ սահմանված հիմքերն առկա չեն, սակայն ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կատարել է գործարքի ճշգրտում (դուրս է գրել ճշգրտող հարկային հաշիվ), ապա գործարքի ճշգրտումը հաշվի չի առնվում:

Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին կետում «կողմից» բառից հետո լրացնել «, բացառությամբ առևտրի հարկ վճարողների` «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ հարկային հաշիվների դուրսգրման դեպքում» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Եթե ԱԱՀ վճարողը միաժամանակ իրականացնում է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված որևէ գործարք և այնպիսի գործարք, որի մասով պետք է դուրս գրվի հարկային հաշիվ, ապա կարող է հարկային հաշվում ներառել նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքները:»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին հոդվածով.

 

«Հոդված 19.1. ԱԱՀ վճարողները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվները:

Սույն օրեքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքում սույն օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային հաշվի դուրսգրումը համարվում է տվյալ հարկային հաշվի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացում:»:

 

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝

1) հարկային հաշվի սերիան ու համարը.

2) հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը.

4) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.

5) ակցիզային հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).

6) բնապահպանական վճարի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (միայն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների և արտադրող-իրացնողների կողմից հարկային հաշիվների  դուրսգրման դեպքում).

7) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը.

8) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը.

9) ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:

Սույն օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված դեպքերում Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ Արցախի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից դուրս գրվող հարկային հաշվում, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշվում, որպես ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող հարկ վճարողի հաշվառման համար նշվում է Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ Արցախի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին պարբերությունում «հարկային հաշիվները» բառերից հետո լրացնել «(այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվներըբառերը:

 

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր:»:

 

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում «կամ որոնց մասով սույն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան տեղեկություններ չեն ներկայացվել» բառերը փոխարինել «, կամ որոնք մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունում «բյուջե» բառից հետո լրացնել «, եթե դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտին համապատասխանող ԱԱՀ-ի գումարի դրական տարբերությունը սույն օրենքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե:»:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) երրորդ պարբերությունից հանել «և (կամ) սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների ճշգրտումներ (ճշտված տեղեկություններ)» և «և (կամ) տեղեկությունները» բառերը.

2) չորրորդ պարբերությունից հանել «ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում հարկային հաշվի վերաբերյալ նախկինում չներկայացված տեղեկությունները ներկայացնելու,» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները ԱԱՀ-ի մասով արտացոլել՝

1) համապատասխան ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.

2) հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները:

Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել ճշգրտման կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում:»:

 

Հոդված 11. Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 42. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն ՀՀ դրամից:»:

 

Հոդված 12. Օրենքի 431-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 431. Հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո դուրս գրված, սակայն այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող) առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով հաշվանցման ենթակա չեն և կարող են հաշվանցվել այդ հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու օրն ընդգրկող հետագա հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով (հաշվարկներով):»:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                               Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-60-Ն