Ընդունված է 2002թ. հոկտեմբերի 30-ին
Հոդված 1. Օրենքի նպատակները
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմամշակութային ժառանգության մասը կազմող աշխարհագրական ան-վանումների կանոնավորման, միօրինակացման, օգտագործման, հաշվառման և պահպանության իրավական հիմքերը, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարած-քային միավորների և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահ-ված դեպքերի:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործված են հետևյալ հիմնական հասկացությունները.
ա/ աշխարհագրական օբյեկտ՝ աշխարհագրական որոշակի դիրքով ամբողջական և համե-մատաբար կայուն կազմավորում, որն ունի բնական կամ արհեստական ծագում:
Աշխարհագրական օբյեկտներ են՝
- մայրցամաքները, աշխարհամասերը, օվկիանոսները, ծովերը, լեռները, գետերը, լճերը, դաշտավայրերը, բարձրավանդակները և այլ ֆիզիկաաշխարհագրական օբյեկտները,
- պետությունները, դրանց վարչատարածքային միավորները և գործառական տարածքները,
- երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ջրամբարները, ջրանցքները և այլ ինժեներատեխնիկական կառույցները,
- փողոցները, հրապարակները, պուրակները, զբոսայգիները և այլ ներբնակավայրային օբյեկտները.
բ/ աշխարհագրական օբյեկտի անվանում /աշխարհագրական անվանում/՝ աշխարհա-գրական օբյեկտը ճանաչելու և առանձնացնելու նպատակով տրվող հատուկ անուն.
գ/ աշխարհագրական օբյեկտի անվան կանոնավորում՝ աշխարհագրական անվանումների ոլորտի օրենսդրությանը և կիրառման ավանդույթներին համապատասխան աշխարհագրական անվան ու դրա գրելաձևի որոշում.
դ/ աշխարհագրական անվանումների պետական քարտադարան՝ որևէ պետության տա-րածքի աշխարհագրական անվանումների համավաք՝ բազային համարվող տեղագրական քար-տեզներում արտահայտված աշխարհագրական անվանումների ծավալով.
ե/ աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկ՝ որոշակի սկըզ-բունքներով ստեղծված աշխարհագրական անվանումների ֆոնդ:
Հոդված 3. Աշխարհագրական օբյեկտների անվանումների բացահայտումը
Աշխարհագրական օբյեկտների անվանումները բացահայտվում են քարտեզների, տպագիր կամ ձեռագիր աղբյուրների վերլուծության, տեղացիների, մասնագետների տեղեկատվության, հարցումների և այլ աղբյուրների միջոցով:
Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական
օբյեկտների անվանակոչումը
1. Անվանումները տրվում են՝
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նոր ստեղծված վարչատարածքային միավոր-ներին, բնակավայրերին և գործառական տարածքներին.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անանուն աշխարհագրական օբյեկտներին:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակո-չումը կատարվում է՝ տվյալ վայրի աշխարհագրական, պատմական, մշակութային, ազգագրա-կան, կենցաղային և այլ տեղական պայմանները հաշվի առնելով:
Աշխարհագրական անվանումը պետք է ունենա բառակազմական մեծ հնարավորություն, լինի բարեհունչ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտներին կարող են տրվել դրանց հայտնաբերման, ուսումնասիրման, յուրացման կամ հիմնադրման գործում մեծ ավանդ ներդրած առանձին անհատների անունները:
Տվյալ աշխարհագրական օբյեկտի հետ առնչություն չունեցող նշանավոր պետական, հասա-րակական, զինվորական գործիչների, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, այլ նշանավոր անհատների անունով կարող են անվանակոչվել անանուն աշխարհագրական օբյեկտները:
4. Չի թույլատրվում անանուն աշխարհագրական օբյեկտներին շնորհել նույնատեսակ օբ-յեկտների անվանումները կրկնող անուններ:
Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական
օբյեկտների անվանափոխումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների ան-վանափոխում թույլատրվում է՝
ա/ առանձին օբյեկտների պատմական անունները վերականգնելիս.
բ/ օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս.
գ/ աշխարհագրական անունները կանոնավորելիս:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխարհագրական օբյեկտների ան-վանափոխումները պետք է բավարարեն սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պա-հանջները:
Հոդված 6. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման կարգը
1. Աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջար-կություններ կարող են անել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները, իրավա-բանական ու ֆիզիկական անձինք:
2. Ըստ աշխարհագրական օբյեկտների գտնվելու տեղի՝ առաջարկությունները ներկայաց-վում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջանների վարչակազմերի ղեկավարներին:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները մեկամսյա ժամկետում քննում են աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանա-փոխման մասին առաջարկություններն ու դրանք հիմնավորող փաստաթղթերը և իրենց եզրակա-ցությունն են ներկայացնում աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կա-ռավարման լիազորված մարմին՝ կցելով անվանափոխման կամ անվանակոչման հետ կապված ծախսերի նախահաշիվը:
4. Աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ստեղծած մասնագիտական հանձնաժողովի հետ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչման կամ անվանափոխման մասին առաջարկությունները: Դրական կարծիքի դեպքում սահմանված կարգով դրանք ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն՝ որոշում կայացնելու համար:
Հոդված 7. Աշխարհագրական օբյեկտների անվանումների լեզուն
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները տրվում են հայոց լեզվով:
2. Միջազգային օգտագործման համար նախատեսված փաստաթղթերում, քարտեզներում և այլ նյութերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումները փոխանցվում են լատիներեն այբուբենի տառերով՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հա-մաձայն:
Հոդված 8. Աշխարհագրական օբյեկտների անվանումների կանոնավորումը
1. Հայոց լեզվով աշխարհագրական օբյեկտների հայերեն և օտարալեզու անվանումների կանոնավորված գրելաձևը որոշվում է օրենքների, այլ իրավական ակտերի, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին և կիրառման ավանդույթներին համապատասխան:
2. Աշխարհագրական անվանումների կանոնավորումը կատարվում է գործող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:
Հոդված 9. Աշխարհագրական անվանումների գրանցումը և հաշվառումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումները ենթակա են պարտադիր գրանցման և հաշվառման: Աշխարհագրական օբյեկտների գրանցման և հաշվառման տվյալների հիման վրա ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշ-խարհագրական անվանումների պետական քարտադարանը:
Սպառողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների մասին պաշտոնական տեղեկատվությամբ ապահովելու համար աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի տվյալների հիման վրա պարբերաբար հրատարակվում է /են/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պաշտոնական տեղեկատու /գազետիր/, ընդհանուր ու թեմատիկ բառարաններ, այլ տեղեկատուներ և ցանկեր:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների գրանցման և հաշվառման, ինչպես նաև աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարությունը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 10. Աշխարհագրական անվանումների բնագավառում Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության իրավասությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա/ ապահովում է աշխարհագրական անվանումների բնագավառում պետական քաղաքակա-նության իրականացումը.
բ/ որոշումներ է կայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի աշխար-հագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասին, բացառությամբ Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների և տեղական ինքնակա-ռավարման մարմինների իրավասությանը վերապահված դեպքերի.
գ/ կազմավորում է աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխում-ների մասնագիտական հանձնաժողով.
դ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 11. Պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունը
Պետական կառավարման լիազորված մարմինը՝
ա/ վերահսկում է աշխարհագրական անվանումների բնագավառում իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից.
բ/ ղեկավարում է աշխարհագրական անվանումների ազգային տեղեկատվական բանկի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտա-դարանի ստեղծման ու վարման աշխատանքները.
գ/ համաձայնեցնում և հաշվառում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներբնակավայրային օբյեկտների անվանափոխումներն ու անվանակոչումները.
դ/ սահմանված կարգով լիցենզիա է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական անվանումների բառարանների, տեղեկա-տուների, գազետիրների, ցանկերի, քարտեզների ու ատլասների հրատարակման համար.
ե/ համագործակցում է միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ.
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Լեռնա-յին Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ֆիզիկական ու իրավաբանա-կան անձանց տեղեկություն է տալիս աշխարհագրական անվանումների մասին.
է/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 12. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման
նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի համակարգը
1. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկա-կան փաստաթղթերը սահմանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների բացահայտման, կանոնավորման, օգտագործման և պահպանության նկատմամբ միասնական պահանջները, նորմերը և կանոնները:
2. Աշխարհագրական անվանումների բնագավառի կարգավորման նորմատիվ-տեխնիկա-կան փաստաթղթերը հաստատում է աշխարհագրական անվանումների բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Հոդված 13. Աշխարհագրական անվանումների բնագավառի ֆինանսավորումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվա-նումների բացահայտման, կանոնավորման, անվանակոչման և անվանափոխման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծման ու վարման հետ կապված բոլոր ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով են ֆինանսավորվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծման ու վարման ծախսերը:
2. Ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանա-փոխման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են տեղական բյուջեների միջոցների հաշվին:
Հոդված 14. Աշխարհագրական անվանումների պահպանությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանումները պահպանում է պետությունը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 15. Պատասխանատվությունն աշխարհագրական անվանումների մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը
խախտելու համար
Աշխարհագրական անվանումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 նոյեմբերի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-13