ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                   մայիսի 30-ին

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հետաքննության մարմինը կամ քննիչը տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ ստուգում է դրանց սարքինությունը: Տեսաձայնագրառումը պետք է իրականացվի քննչական գործողություն սկսելու պահից, առանց ընդհատման, բացառությամբ անկանխատեսելի տեխնիկական անսարքության կամ այլ օբյեկտիվ պատճառների առկայության դեպքերի: Տեսաձայնագրառման ընդհատման դեպքում քննչական գործողությունն ընդհատվում է, որի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն, որտեղ նշվում են ընդհատման պատճառների մասին: Քննչական գործողության կատարումը շարունակվում է տեսաձայնագրառումը վերսկսելու պահից: Մինչ այդ հետաքննության մարմինը կամ քննիչը միջոցներ է ձեռնարկում քննչական գործողության կատարման վայրը, հետքերը և առարկաները պահպանելու ուղղությամբ: Տեսաձայնագրառման դեպքում ապահովվում են քննչական գործողության ընթացքի ամբողջականությունը, տեսանելիությունը (ընդգրկվածությունը, լուսավորությունը և այլն) և լսելիությունը: Տեսաձայնագրառման նյութերը ենթակա չեն մոնտաժման կամ այլ կերպ փոփոխության:».

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընթերական քրեական գործով չշահագրգռված՝ Արցախի Հանրապետության չափահաս քաղաքացին է, որ վարույթն իրականացնող մարմնի հրավերով մասնակցում է քննչական գործողության կատարմանը՝ դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները հաստատելու համար:

Ընթերակա չեն կարող հրավիրվել հետաքննության և նախաքննության մարմինների աշխատակիցներից:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի  89-րդ  հոդվածը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Միևնույն անձը մեկ ամսվա ընթացքում միևնույն գործով կարող է ներգրավվել որպես ընթերակա ոչ ավելի, քան երկու անգամ։»:

Հոդված 4. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասում «մարմինները և» բառերը փոխարինել «և տեղական ինքնակառավարման մարմինները,» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 200-րդ  հոդվածը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով.

«5. Քննիչը, հետաքննության մարմինը ընթերականեր է հրավիրում միայն քննչական փորձարարության, անձին կամ առարկաները ճանաչման ներկայացնելու, խուզարկության, առգրավման, զննման կատարմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի և սույն օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված նամակագրության առգրավման ու զննման:

6. Զննմանն ընթերականեր չեն հրավիրվում, եթե՝

1) փաստաթուղթը կամ առարկան զննվում է այն ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, և փաստաթուղթը (կամ դրա պատճենը) կամ առարկան կցված է քրեական գործին.

2) կապի օպերատորներից օրենքով սահմանված կարգով ստացված մուտքային և (կամ) ելքային հեռախոսազանգերի, կարճ հաղորդա­գրու­թյունների (sms) վերծանումների, բաժանորդների տվյալների, հեռախոսազանգերն սպասարկած ալեհավաք կայանների հասցեների մասին փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցված են քրեական գործին.

3) սույն օրենսգրքի 252-րդ հոդվածով, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները կցված են քրեական գործին։»։

 

Հոդված 6. Օրենսգրքի 216-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, ապա քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել՝ պահպանելով սույն օրենսգրքի 214-րդ և 215-րդ հոդվածներով սահմանված պահանջները, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում՝ համապատասխան փոփոխություն կամ լրացում կատարել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:

2. Եթե նախաքննության ընթացքում մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, ապա քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և դրա մասին հայտարարում մեղադրյալին, իսկ մեղադրյալի՝ քննությունից կամ դատից թաքնվելու կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չլինելու դեպքում համապատասխան փոփոխություն է կատարում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ՝ կայացնելով որպես մեղադրյալ ներգրավելու մասին նոր որոշում:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասից հանել                         «, ընթերակաների մասնակցությամբ» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասում «Ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:» նախադասությունը փոխարինել «Արտաշիրմման ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:» նախադասությամբ:

 

Հոդված 9. Օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քննումը կատարվում է բժշկի կամ դատաբժշկության բնագավառի մասնագետի մասնակցությամբ: Եթե քննումը չի զուգորդվում քննվող անձին մերկացնելու հետ, ապա քննվող անձի համաձայնությամբ նրա մարմնի վրա առկա հանցագործության հետքերը կամ հատուկ նշանները լուսանկարահանվում կամ տեսաձայնագրառվում են:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 232-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 234-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դիակը ճանաչման ներկայացնելու ընթացքը և արդյունքներն ամրագրվում են տեսաձայնագրառման կիրառումով:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասում «տվյալ հաստատության աշխատողների թվից առանձնացված ընթերակաների մասնակցությամբ» բառերը փոխարինել «նրա (նրանց) մասնակցությամբ» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 252-րդ հոդվածի 6-րդ մասում «Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը կատարվում են ընթերակաների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մասնագետի մասնակցությամբ» բառերը փոխարինել «Քննիչի կողմից ձայնագրության զննումը և լսումը անհրաժեշտության դեպքում կատարվում են մասնագետի մասնակցությամբ» բառերով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Քննչական փորձարարություն կատարելիս պետք է ներկա գտնվեն ընթերակաները:» նախադասությունը:

 

Հոդված 17. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մարդուց նմուշ ստանալը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Սերմնահեղուկի, մաշկի մանրադիտակային քերվածքների, քրտինքի և այլ արտաթորանքների նմուշներ ստանալը կատարվում է միևնույն սեռին պատկանող փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ: Դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշների ստացումը կատարվում է փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ և (կամ) տեսաձայնագրառմամբ:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 266-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ընթերականերին» բառը փոխարինել «փորձագետին» բառով.

2) 2-րդ մասի «Քննիչը՝ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է, և ընթերակաների ներկայությամբ» բառերը փոխարինել «Քննիչը փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ, եթե նա կանչվել է,» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քննիչը տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում մեղադրյալին և նրա պաշտպանին պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 270-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելը:

2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ, կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, ապա քննիչն իր որոշմամբ հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին՝ երկօրյա ժամկետում նշված որոշման հետ միաժամանակ վերջիններիս ուղարկելով քրեական գործ հարուցելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումների պատճենները, հետախուզվողի դատվածության ստուգման պահանջագիրը, հետախուզվողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

3. Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:

4. Հետաքննության մարմինը հետախուզում հայտարարելու մասին որոշումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կազմում է հետախուզական գործ, որի տվյալները եռօրյա ժամկետում հայտնում է քննիչին:»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 273-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քննիչը կասկածյալին, մեղադրյալին, պաշտպանին, ինչպես նաև տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, ինչպես նաև այն ֆիզիկական անձին կամ իրավաբանական անձի ներկայացուցչին, որոնց հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործը, պատշաճ ծանուցմամբ անհապաղ ուղարկում է քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը՝ պարզաբանելով գործի նյութերին ծանոթանալու նրանց իրավունքը և որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. hունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-31-Ն