ԼՂՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի

                                                                                                   մայիսի 30-ին

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  2013  թվականի  ապրիլի 25-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 356.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 356.2. Նոտարի գործունեությանը միջամտելը

 

Նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ ներգործելը՝

պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 363.1-ին հոդվածով.

 

«Հոդված 363.1. Նոտարի մոտ կեղծ երդում տալը

 

1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որևէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում:»:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս

 

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                          Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. հունիսի 11

Ստեփանակերտ

ՀՕ-29-Ն