ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի
մայիսի 30-ին
«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի սեպտեմբերի 14-ի ՀO-218 օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կատարում է հետևյալ նոտարական գործողությունները՝
ա) վավերացնում է գործարքներ (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքվող պայմանագրերի.
բ) միջոցներ է ձեռք առնում ժառանգական գույքի պահպանության համար.
գ) տալիս է ժառանգության իրավունքի վկայագրեր.
դ) տալիս է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով անձանց պատկանող գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր.
ե) վավերացնում է փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների իսկությունը.
զ) վավերացնում է փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը.
է) վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը.
ը) հաստատում է քաղաքացու ողջ լինելու փաստը.
թ) հաստատում է քաղաքացու՝ որոշակի վայրում գտնվելու փաստը.
ժ) հաստատում է լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնությունը.
ժա) հաստատում է փաստաթղթեր ներկայացնելու ժամանակը.
ժբ) դեպոզիտ է ընդունում, պահպանում, հանձնում և վերադարձնում դրամական գումար և արժեթղթեր, թանկարժեք մետաղներ, քարեր և տալիս է վկայագիր.
ժգ) ի պահ է ընդունում փաստաթղթեր.
ժդ) հավատարմագրային կառավարման է հանձնում ժառանգական գույքը.
ժե) տալիս է կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրեր.
ժզ) բոլոր ժառանգների համաձայնությամբ չեղյալ է համարում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրերը.
ժէ) տալիս է նոտարական ակտերի կրկնօրինակներ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. հունիսի 11
Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն