Նորմատիվ իրավական ակտերի մասին

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված  է 2019 թվականի

                                                                                                մայիսի 30-ին                          

 

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

Գ Լ ՈՒ Խ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքը սահմանում է նորմատիվ իրավական ակտերի համակարգը, կարգավորում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքննության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման և գործողության դադարեցման, ինչպես նաև իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) և օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները և օրենսդրական տեխնիկայի կանոնները:

2. Սույն օրենքով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող օրենսդրական տեխնիկայի, նորմատիվ իրավական ակտի կառուցվածքի, նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու, ժամկետների հաշվարկման վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական և ներքին իրավական ակտերի վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այն նորմատիվ իրավական ակտով, որով նախատեսվել է անհատական կամ ներքին իրավական ակտի ընդունում:

3. Սույն օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների գործողությունը չի տարածվում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվող օրենքների կամ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերի վրա, ինչպես նաև քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված օրենքների նախագծերի վրա:

 

Հոդված  2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացու­թյունները.

1) նորմատիվ իրավական ակտ` Արցախի  Հանրապետության ժողո­վրդի, ինչպես նաև Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն) և օրենքներով նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունա­կում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

2) օրենսդրական ակտ` Արցախի Հանրապետության ժողովրդի կամ  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտ`Սահմանադրություն և օրենքներ.

3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանա­դրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.

4) օրենսգիրք` օրենք, որը միավորում է իրավունքի ամբողջ ճյուղի կամ դրա առանձին մասի` համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող բոլոր կամ հիմնական նորմերը.

5) անհատական իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց.

6) ներքին իրավական ակտ` նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից.

7) օրենսդրություն՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջություն.

8) համատեղ նորմատիվ իրավական ակտ` օրենքով ուղղակի նախատեսված դեպքում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն ունեցող երկու կամ ավելի մարմինների համատեղ ընդունած նորմատիվ իրավական ակտ.

9) կարգավորման ազդեցության գնահատում` նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքով հնարավոր փոփոխությունների վերլուծություն, իսկ Արցախի  Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում` Արցախի Հանրապետության նախագահի բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվություն.

10) հանրային քննարկում`իրավաստեղծ գործընթացին հասարակու­թյան մասնակցության, գործընթացի թափանցիկության և հաշվետվողակա­նության ապահովման նպատակով սույն օրենքով սահմանված նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկման, ինչպես նաև հանրային կարծիքը բացահայտելու, դրանց վերաբերյալ դիտողու­թյուն­ներ և առաջարկություններ ստանալու և դրանք ամփոփելու գործընթաց:

 

Հոդված 3. Նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը

 

1. Արցախի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն ունի (ունեն)`

1) Արցախի Հանրապետության ժողովուրդը` միայն հանրաքվեի միջոցով.

2) Արցախի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետու­թյան Ազգային ժողովը, Արցախի Հանրապետության կառավարությունը, Արցախի Հանրապետության պետական նախարարը և նախարարները (այսուհետ նաև՝ Արցախի Հանրապետության նախարարներ)   և Արցախի  Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը (այսուհետ` կարգավորող հանձնաժողովներ).

4) Արցախի  Հանրապետության Գերագույն դատարանը՝ սահմանադրա­կան արդարադատություն իրականացնելիս.

5) Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ դատարանը և Գերագույն դատարանը` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով.

6) Արցախի  Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը` Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված դեպքերում, Արցախի  Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը` դատական ծառայության մասով.

7) համայնքի ավագանին և համայնքի ղեկավարը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով չսահմանված մարմինները և անձինք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ օժտված չեն:

3. Նորմատիվ իրավական ակտերի ընդունման իրավասության փոխանցումն այլ մարմինների՝ արգելվում է:

 

Գ Լ ՈՒ Խ 2

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 4. Նորմատիվ իրավական ակտերի համակարգը

 

1. Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի համակարգը Արցախի Հանրապետությունում գործող, Սահմանադրությամբ սահմանված աստիճանակարգություն ունեցող օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ամբողջությունն է:

2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին:

3. Գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միմյանց հետևյալ հաջորդակա­նությամբ`

1) Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրեր և կարգադրություններ.

2) Արցախի Հանրապետության կառավարության որոշումներ.

3) Արցախի Հանրապետության նախարարների և պետական կառավա­րման այլ մարմինների ղեկավարների հրամաններ.

4) համայնքի ավագանու որոշումներ.

5) համայնքի ղեկավարի որոշումներ:

4. Օրենքները և  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու արդյունքում կայացված որոշումներին:

5. Արգելվում է նորմատիվ իրավական ակտում նախատեսել հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ գերակայության մասին նորմ:

 

Գ Լ ՈՒ Խ 3

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված  5. Հանրային քննարկումների ներկայացվող նախագծերը

 

1. Օրենսդրական ակտերի նախագծերը ենթակա են հանրային քննարկման, բացառությամբ միջազգային պայմանագրի վավերացման (դրան միանալու) մասին օրենքի նախագծի:

2. Այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հանրային քննարկման կարող են դրվել նախագիծը մշակող կամ այն ընդունող մարմնի նախաձեռնությամբ:

 

Հոդված  6. Հանրային քննարկումներին ներկայացվող պահանջները

 

1. Հանրային քննարկումը կազմակերպում է նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Արցախի Հանրապետության կառավարության անդամը կամ  նախագիծը մշակող մարմինը:

2. Հանրային քննարկումների տևողությունն առնվազն 15 օր է:

3. Հանրային քննարկումներն անցկացվում են սույն հոդվածով սահմանված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտի նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ հրապարակելու միջոցով:

4. Հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրանց հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են:

5. Հանրային քննարկման ենթակա` հանրային քննարկում չանցած Արցախի Հանրապետության կառավարություն ներկայացված նախագիծը Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է վերադարձնել այն ներկայացնող մարմին:

6. Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

 

 

Գ Լ ՈՒ Խ 4

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 7. Նորմատիվ իրավական ակտի  նախագծի  կարգավորման

ազդեցության գնահատումը

 

1. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում օրենքի կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակող պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:

2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագիծը կարող է Արցախի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ ենթարկվել կարգավորման ազդեցության գնահատման:

3. Ըստ բնագավառների` կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը, ժամկետները և դեպքերը, դրա արդյունքում տրվող եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 8. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի     փորձաքն­նությունը և ժամկետները

 

1. Պետական-իրավական փորձաքննությունը (այսուհետ` փորձաքննու­թյուն) իրականացվում է Սահմանադրությանը և սույն օրենքին նորմատիվ իրավական ակտի նախագծի համապատասխանությունը որոշելու նպատակով:

2. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը փորձաքննության է ենթարկվում արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունում (այսուհետ՝ նախարարություն), որից հետո տրվում է փորձագիտական եզրակացություն:

3. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պարտադիր ենթակա են փորձաքննության, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

4. Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ փորձաքննության է ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Արցախի Հանրապետության կառավարության անդամը:

5. Փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը:

6. Նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձագիտական եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձագիտական եզրակացության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:

7. Եթե սույն հոդվածով նախատեսված ժամկետներում նախարարու­թյունը փորձագիտական եզրակացություն չի տալիս նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ կամ չի երկարաձգում փորձագիտական եզրակացության տրամադրման ժամկետը, ապա ակտն ընդունող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել հրապարակման` առանց փորձագիտական եզրակացության:

 

Հոդված 9. Փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական 

  ակտերը

 

1. Փորձաքննության չեն ենթարկվում ռազմական և արտակարգ դրություն, արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերը:

2. Փորձաքննության չեն ենթարկվում հանրաքվե կամ ընտրություններ նշանակելու վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընտրությունների ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

3. Փորձաքննության չեն ենթարկվում սակագների, պարտադիր վճարների, դրանց դրույքաչափերի վերաբերյալ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի որոշումների նախագծերը:

 

Հոդված 10. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի

նախագծերի պարտադիր փորձաքննությունը

 

1. Եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվածների, տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերացնելուց հետո այն ընդունում և ուղարկում է պաշտոնական հրապարակման: Փորձաքննության բացասական փորձագիտական եզրակացությանը չհամաձայնելու դեպքում ակտը կարող է ուղարկվել հրապարակման` գրավոր տեղյակ պահելով նախարարությանը:

2. Եթե Արցախի Հանրապետության նախարարների կամ պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տրվել է բացասական փորձագիտական եզրակացություն, ապա համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինն այն կարող է ընդունել և ուղարկել պաշտոնական հրապարակման` փորձաքննությամբ հայտնաբերված թերությունները վերա­ցնե­լուց հետո: Փորձաքննության բացասական փորձագիտական եզրակացու­թյանը չհամաձայնելու դեպքում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կարող է նախագիծը և բացասական փորձագիտական եզրակացությունը ներկայացնել Արցախի Հանրապետության նախագահի քննարկմանը: Արցախի Հանրապետության նախագահի կողմից փորձաքննության բացասական փորձագիտական եզրակացությանը չհամաձայնվելու դեպքում ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը այն կարող է ուղարկել հրապարակման՝ գրավոր տեղյակ պահելով նախարարությանը Արցախի Հանրապետության նախագահի դիրքորոշման մասին:

3. Եթե նախարարությունը գտնում է, որ հրապարակված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը չի համապատասխանում Սահմանադրության կամ սույն օրենքի պահանջներին, ապա դիմում է դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

 

Գ Լ ՈՒ Խ 5

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Հոդված  11. Նորմատիվ իրավական ակտին ներկայացվող ընդհանուր

 պահանջները

 

1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:

2. Համատեղ ընդունվող նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ կիրառվում են օրենքի լիազորող նորմում որպես ընդունող մարմին առաջինը նշված իրավաստեղծ մարմնի` նորմատիվ իրավական ակտին ներկայացվող պահանջները:

 

Հոդված 12. Նորմատիվ իրավական ակտի լեզուն

 

1. Նորմատիվ իրավական ակտերը շարադրվում են պետական լեզվով՝ հայերենով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

2. Նորմատիվ իրավական ակտերում օտարերկրյա կազմակեր­պություն­ների անվանումները, ֆիզիկական անձանց անունները, աշխարհագրական օբյեկտների անունները, դրանց հապավումները, ինչպես նաև թարգմանության ոչ ենթակա իրավական, ֆինանսական, տեխնիկական և այլ տերմինները (եզրույթները) գրվում են հայերեն տառադարձությամբ: Անհրաժեշտության դեպքերում հայերեն հապավումների կամ տերմինների հետ փակագծերում կարող են կիրառվել նաև լատիներեն կամ օտարալեզու հապավումներ կամ տերմիններ:

3. Նորմատիվ իրավական ակտերով սահմանվող ձևաթղթերը կարող են շարադրվել օտար լեզվով կամ հայերենով՝ օտար լեզվի զուգորդմամբ:

 

Հոդված 13. Նորմատիվ  իրավական  ակտի  վավերապայմանները

 

1. Նորմատիվ իրավական ակտի վավերապայմաններն են`

1) ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը.

2) ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը.

3) վերնագիրը.

4) հերթական (գրանցման) համարը և նշում դրա բնույթի մասին.

5) տեսակի անվանումը.

6) ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:

 

Հոդված 14. Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը

 

1. Նորմատիվ իրավական ակտն ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:

2. Նորմատիվ իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով և վերնագրի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

3. Նորմատիվ իրավական ակտերի վերնագրերում արգելվում է կիրառել հապավումներ կամ բառերի կրճատումներ:

4. Նորմատիվ իրավական ակտերը չեն կարող ունենալ միևնույն վերնագիրը, բացառությամբ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող իրավական ակտերի վերնագրերի:

5. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ իրավական ակտի գործողությունը դադարեցնող իրավական ակտի վերնագրում բերվում է միայն փոփոխվող կամ լրացվող  կամ գործողությունը դադարեցվող իրավական ակտի` սույն օրենքով սահմանված կրճատ անվանումը:

 

Հոդված 15. Նորմատիվ իրավական ակտի կառուցվածքը

 

1. Նորմատիվ իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները: Նախաբանը չի շարադրվում առանձին հոդվածով, չի համարակալվում և չի բաժանվում հոդվածների (կետերի): Նախաբանով չեն սահմանվում նորմատիվ դրույթներ: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:

2. Նորմատիվ իրավական ակտն ունենում է հիմնական մաս, որում շարադրվում են իրավական նորմերը:

3. Նորմատիվ իրավական ակտն ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները.

2) գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը.

3) նորմատիվ իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործո­ղու­թյունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը:

4. Նորմատիվ իրավական ակտն ունենում է անցումային դրույթներ, եթե`

1) նորմատիվ իրավական ակտը լրիվ գործողության մեջ դնելու համար պահանջվում են ժամկետներ կամ որոշակի պայմաններ, կամ

2) որոշակի ժամկետների (սահմանափակ ժամանակահատվածի) կամ նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված պայմանների համար անհրաժեշտ է սահմանել իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերից տարբերվող այլ նորմեր, կամ

3) նորմատիվ իրավական ակտի հիմնական մասով սահմանված նորմերի ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտ է սահմանել ըստ որոշակի անձանց շրջանակի կամ տարածքի` ակտի հիմնական մասով սահմանված նորմերի գործողության համար այլ նորմեր:

5. Եթե օրենքով սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենքի  անցումային դրույթներով սահմանվում են նաև`

1) օրենքի  այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

6. Նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

7. Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մասը և անցումային դրույթները կարող են շարադրվել առանձին գլուխների կամ հոդվածների կամ կետերի ձևով` սույն օրենքով սահմանված կարգով:

8. Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները և ներքին հակասությունները:

9. Նորմատիվ իրավական ակտով հաստատվող կանոնները, կանոնադրությունները, կարգերը, ցանկերը, աղյուսակները, ձևաթղթերը և այլն ամրագրվում են (կամ ձևակերպվում են) նորմատիվ իրավական ակտի անբաժանելի մաս համարվող հավելվածների ձևով: Հավելվածներն առանց տվյալ նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժ չունեն: Նորմատիվ իրավական ակտի համապատասխան մասերը հղում են պարունակում այդ հավելվածներին:

 

Հոդված 16. Նորմատիվ իրավական ակտի մասերը, դրանց համարա­կալումը և վերնագրերը

 

1. Օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր և հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր և հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները: Ընդհանուր և հատուկ մասերը չեն համարակալվում: Ընդհանուր և հատուկ մասերի վերնագրերն են համապատասխանաբար` «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ» և «ՀԱՏՈՒԿ ՄԱՍ»: Վերնա­գրե­րի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

2. Օրենսդրական ակտերում նորմերը շարադրվում են հերթական համար ունեցող հոդվածների տեսքով: Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:

3. Օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

4. Օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում, իսկ բաժինները` մասերում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:

5. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը` միայն համարակալված պարբերությունների:

6. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում բովանդա­կությամբ համասեռ կետերը կարող են միավորվել գլուխներում: Գլուխները կարող են միավորվել բաժիններում: Անհրաժեշտության դեպքում բաժինները կարող են բաժանվել ենթաբաժինների՝ միավորելով առանձին գլուխներ:

7. Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

8. Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի: Հոդվածների վերնագրերը համապատասխանում են հոդվածների բովանդակությանը: Հոդվածների վերնագրերի վերջում որևէ կետադրական նշան չի դրվում: Հոդվածի մասերը, կետերը և ենթակետերը վերնագիր չեն ունենում:

9. Ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում կետերը, ենթակետերը և պարբերությունները վերնագրեր չեն ունենում: Կետերը և ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ պարբերությունները` հայերենի այբուբենի փոքրատառերով: Կետերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, ենթակետերը` փակագծերով, իսկ պարբերությունները` միջակետով:

10. Նորմատիվ իրավական ակտի բաժինները, ենթաբաժիններն ու գլուխները համարակալվում են արաբական թվանշաններով: Բաժինները, ենթաբաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանըգրվում են մեծատառերով  և դրանց վերջում որևէ կետադրական նշան չի դրվում:

11. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիս փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, ենթաբաժիններիգլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում: Նորմատիվ իրավական ակտի բաժինների, ենթաբաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջև համապատասխանաբար նոր բաժին, ենթաբաժինգլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով:

12. Նորմատիվ իրավական ակտի բաժնի, ենթաբաժնիգլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուս բաժինների, ենթաբաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատասխանաբար չեն փոփոխվում: Նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցված բաժնի, ենթաբաժնիգլխի, հոդվածի, մասի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, ենթաբաժին, գլուխ, հոդված, մաս, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:

 

  Հոդված  17. Նորմատիվ  իրավական ակտում հասկացությունների և

տերմինների  կիրառումը

 

1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ:

2. Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցություն­ները` որոշակի հերթականությամբ:

3. Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:

4. Նույն նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացության կամ տերմինի բովանդակությունը տարբեր իմաստներով կրկնվելու դեպքում կիրառվում է հասկացության կամ տերմինի այն բովանդակությունը, որը բխում է տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարա­բերու­թյունը կարգավորող իրավունքի սկզբունքներից:

 

Հոդված 18. Նորմատիվ իրավական ակտում որոշ շաղկապների և բառերի կիրառումը

 

1. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ

3) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով:

2. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, ապա չի կարող կիրառվել «կամ» շաղկապը:

3. Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում`

1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ

2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով և «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:

4. Եթե նորմատիվ իրավական ակտում թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի առկայությունը, ապա չի կարող կիրառվել «և» կամ «ու» շաղկապը, կամ դրանք չեն կարող բաժանվել ստորակետով կամ կետադրական այլ նշանով:

5. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով կամ «և» կամ «ու», ինչպես նաև «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա ստորակետերով կամ «և» կամ «ու» շաղկապներով բաժանված պայմանների մասով այդ նորմի կիրառման համար անհրաժեշտ է բոլոր պայմանների առկայությունը, իսկ «կամ» շաղկապով բաժանված պայմանների մասով բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը:

6. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է առանձնացված կետերով բաժանված պայմաններով, և այդ կետերն իրարից առանձնացված չեն ստորակետով կամ «և» կամ «ու» կամ «կամ» շաղկապով, ապա այդ նորմի կիրառման համար բավարար է պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե այլ բան չի բխում տվյալ նորմի բովանդակությունից:

7. Նորմատիվ իրավական ակտում «և (կամբառերը կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ նորմի կիրառման համար անհրաժեշտ է կամ կիրառել պայմաններից մեկը կամ` երկու պայմանն էլ միասին:

8. Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:

9. Եթե նորմատիվ իրավական ակտում բառը նշված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ բառի հոգնակիի վրա և ընդհակառակը, եթե տվյալ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ, կամ ուղղակի այլ բան չի բխում այդ իրավական ակտի բովանդակությունից:

 

Հոդված 19. Նորմատիվ իրավական ակտում հղումների կիրառումը

 

1. Նույն մարմնի ընդունած նույն տեսակի նորմատիվ իրավական ակտերում չպետք է անհիմն կրկնվեն գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերը:

2. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված նորմերի անհիմն կրկնություններից խուսափելու նպատակով իրավական ակտում կիրառվում են հղումներ: Հղումները նորմատիվ իրավական ակտի հոդվածներում, մասերում, կետերում, ենթակետերում, պարբերություններում նորմատիվ իրավական այլ ակտի հոդվածներին, մասերին, կետերին, ենթակետերին, պարբերություններին, ինչպես նաև նորմատիվ իրավական այլ ակտերին կամ դրանց առանձին դրույթներին կիրառվում են նաև, երբ անհրաժեշտ է ընդգծել այդ դրույթների փոխադարձ կապը:

3. Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին: Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտին հղումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտը, փոփոխություններից կամ լրացումներից բացի, պարունակում է հիմնական իրավական ակտում չպարունակվող այլ նորմեր` այդ նորմերի մասով:

4. Հղումները կատարվում են հստակ և ուղղակի:

5. Արգելվում է կատարել`

1) անորոշ հղումներ, մասնավորապես միևնույն ակտի այլ մասերին հղումներ կատարելիս չեն կարող առանձին կիրառվել «վերոհիշյալ», «վերոգրյալ», «նախկինում նշված», «նման», «սրանով», «նշված», «սույնում», «սույնով» բառերը.

2) շրջանաձև հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին.

3) շարունակական հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում մեկ այլ նորմի:

6. Օրենսդրական ակտերի մասերին հղում կատարելիս նշվում են օրենսդրական ակտի կրճատ անվանումը, ակտի հոդվածի հերթական համարը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հոդվածի մասի համարը, հոդվածի մասի կետի կամ ենթակետի համարը:

7. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի մասերին հղում կատարելիս նշվում են իրավական ակտի կրճատ անվանումը, կետի, ենթակետի կամ պարբերության համարը:

8. Հղում կատարելիս նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակվում է նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող կամ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում: Մյուս դեպքերում նորմատիվ իրավական այլ ակտի հղումներ կատարելիս կարող է նշվել իրավական ակտի կրճատ անվանումը:

9. Եթե օրենսդրական ակտով սահմանվում է, որ դրանում նշված առանձին հարաբերություններ կարգավորվում են կամ պետք է կարգավորվեն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով, ապա ընդունվող օրենսդրական ակտում կոնկրետ նշվում է դրանում չկարգավորված հարաբերությունները կարգավորելու լիազորություն ունեցող իրավաստեղծ մարմնի անվանումը:

 

Հոդված 20. Նորմատիվ իրավական ակտի անվանումը և դրա հիշատակումը

 

1. Սահմանադրության անվանումը հիշատակվում կամ այլ իրավական ակտում նշվում է, հղումներ կատարվում են (այսուհետ` հիշատակելիս) «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» բառերով:

2. 2006 թվականի Սահմանադրության անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են դրա ընդունման տարին և «Սահմանադրություն» բառը:

3. Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը և «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը և «օրենք» բառը:

4. Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, օրենսգրքի վերնագիրը: Օրենսգրքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենսգրքի վերնագիրը:

5. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, ակտի վերնագիրը, ակտի հերթական համարը, բնույթը և տեսակը: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում հետևյալ հաջորդականությամբ ներառվում են այդ ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, ակտի հերթական համարը, բնույթը և տեսակը:

 

Հոդված 21. Նորմատիվ իրավական ակտի հերթական (գրանցման) համարը և բնույթը նշելը

 

1. Նորմատիվ իրավական ակտի հերթական (գրանցման) համարը սահմանում է նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը` միայն արաբական թվանշաններով: Համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համարակալվում են միայն ամբողջ թվերով:

2. Նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին:

Հոդված  22. Նորմատիվ իրավական ակտի տեքստի ստորագրումը և

հաստատումը

 

1. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական տեքստն ստորագրում են`

1) Արցախի Հանրապետության օրենքը, Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը և կարգադրությունը` Արցախի Հանրապետության  նախագահը.

2) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

3) Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների, կարգավորող հանձնաժողովների որոշումները` այն ընդունող մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինելու լիազորություն ունեցող անձը.

4) Արցախի  Հանրապետության պետական նախարարի կամ նախարարի հրամանը` համապատասխանաբարԱրցախի Հանրապետության պետական նախարարը կամ նախարարը.

5) Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամանները՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները.

6) համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումները` համայնքի ղեկավարը.

7) այլ իրավական ակտերը` իրավական ակտն ընդունելու կամ ստորագրելու լիազորություն ունեցող մարմնի պաշտոնատար անձը:

2. Արցախի Հանրապետության կառավարության որոշումները հաստատում է Արցախի Հանրապետության նախագահը, իսկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով նախատեսված դեպքում՝ Արցախի Հանրապետության պետական նախարարը:

3.  Ստորագրությունը դրվում է նորմատիվ իրավական ակտի պաշտոնական տեքստի վերջին էջի տեքստից հետո` նշելով պաշտոնատար անձի պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը և իրավական ակտի ստորագրման (հաստատման) տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը:

 

Հոդված  23. Օրենսդրական տեխնիկայի այլ կանոններ

 

1. Նորմատիվ իրավական ակտում բացատրությունների կամ ծանոթագրությունների տեքստը տրվում է առանձին հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների տեսքով:

2. Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաև բառերի կամ տերմինների հապավումներ:

3. Արգելվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումների կրճատումները, բացառությամբ Սահմանա­դրությամբ և օրենքներով նախատեսվածների:

4. Նորմատիվ իրավական ակտում հաճախակի կիրառվող երկար արտահայտությունները նույն նորմատիվ իրավական ակտում կարող են սահմանվել կրճատ տարբերակով` իրավական ակտում առաջին իսկ կիրառումից հետո նախատեսելով կամ տվյալ արտահայտության սահմանումը, կամ փակագծերում նշելով կրճատ տարբերակը:

5. Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը և ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը և դրա հոլովաձևերը գրվում են ամբողջությամբ:

6. Նորմատիվ իրավական ակտում ժամկետ սահմանելիս անհրաժեշտ է հստակ նշել ժամկետի սկիզբն ու ավարտը: Եթե ժամկետը նշված է ամսաթվերով, ապա ժամկետի վերջին օրը ևս պետք է հաշվարկվի այդ ժամկետում: Եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: Ժամերը գրվում են թվերով` քսանչորսժամյա ռեժիմով: Ժամերը նշելիս ժամը և րոպեն արտահայտող թվերի միջև դրվում է երկու կետ, իսկ դրանցից առաջ նշվում է «ժամը» բառը:

7. Իրավական ակտերի նախագծի առաջին էջի վերևի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

 

Հոդված 24. Նորմատիվ իրավական ակտի պաշտոնական թարգմանու­թյունը

 

1. Օրենսդրության պաշտոնական թարգմանությունը հայերենից օտար լեզու իրականացնում է նախարարությունը:

2. Պաշտոնական թարգմանությամբ նորմատիվ իրավական ակտի վերևի ձախ անկյունում թարգմանության լեզվով գրվում են «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, ինչպես նաև թարգմանությունը կատարած մարմնի անվանումը:

3. Պաշտոնական թարգմանության տեքստն ստորագրում է արդարադատության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:

4. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական թարգմանության իրականացման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Գ Լ ՈՒ Խ 6

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԴՐԱՆՑ

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

Հոդված  25. Նորմատիվ իրավական ակտերի ուժի մեջ մտնելը

 

1. Նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

2. Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը:

3. Նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել նորմատիվ իրավական ակտի բաժինների, ենթաբաժիններիգլուխների, հոդվածների, հոդվածների մասերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համար ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ, քան նախատեսված է տվյալ նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու համար: Եթե նորմատիվ իրավական ակտի որոշակի մասով այլ ժամկետում ուժի մեջ մտնելու համար նորմատիվ իրավական ակտը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում մասնակի: Այս դեպքում պետք է հստակ նշվի այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնելու այլ ժամկետում:

4. Անհետաձգելի համարվող օրենքները, ռազմական կամ արտակարգ դրությամբ կամ արտակարգ իրավիճակով պայմանավորված նորմատիվ իրավական ակտերը կարող են ուժի մեջ մտնել հրապարակվելուց հետո` անմիջապես, այդ ակտով նախատեսված լինելու դեպքում:

5. Նորմատիվ իրավական այն ակտը, որով ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեսված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

6. Անհատական իրավական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:

7. Ներքին իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ ակտերի, որոնք պարունակում են պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք: Պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող ներքին ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ: Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, իսկ եթե ընդունող մարմինը չունի պաշտոնական ինտերնետային կայքէջ, ապա այն անձանց համար տեսանելի և հասանելի վայրում տեղադրելով, որոնց ուղղված է այդ ակտը: Ընդունող մարմինը պարտավոր է նշել ակտի հրապարակման օրը: Ընդունող մարմինը պարտավոր է հրապարակել նաև ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ակտի ինկորպորացված տարբերակը:

 

 

 

Հոդված 26. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարա­կումը  պարբերա­­կան հրատարակությունների միջոցով

 

1. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ակտերի, դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում պաշտոնապես հրապարակվում են «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:

2. Սույն հոդվածով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրանց ամբողջական տեքստը «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» առաջին անգամ հրատարակման (լույս ընծայման) օրը:

3. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հրատարակման օր է համարվում տվյալ համարի համար նախատեսված տպաքանակի 80 տոկոսի իրացման համար առաքման օրը, որը նշվում է տեղեկագրի շապիկի առաջին էջի վրա:

4. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» հրապարակվում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

5. Եթե նորմատիվ իրավական ակտը չի հրապարակվել դրանում նշված ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, ապա իրավական ակտի ուժի մեջ մտնելու օր է համարվում դրա հրապարակմանը հաջորդող օրը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

6. Եթե նորմատիվ իրավական ակտի շապիկի առաջին էջում զետեղված պաշտոնական հրապարակման օրվա նշումը չի համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նախատեսված տեղեկագրերի փաստացի հրատարակման օրվան, ապա իրավական ակտի պաշտոնական հրապարակման օր է համարվում տեղեկագրերի փաստացի հրատարակման օրը, որի մասին տեղեկագրերը հրատարակող մարմինը` այդ տեղեկագրի հրատարակման օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում պարտավոր է տեղեկագրի հաջորդ համարում տալ պաշտոնական հաղորդագրություն:

7. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հրատարակումն իրականացնում է նախարարությունը` Արցախի  Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

8. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» ենթակա է ազատ իրացման և բաժանորդագրության:

9. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականը պետական պատվերով ստացող պետական մարմինների և կազմակերպությունների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

10. Համայնքի ավագանու և ղեկավարի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեսված ցուցատախտակներին փակցնելու օրը: Ցուցատախտակները տեղադրվում են` ելնելով համայնքի բնակչության թվից` 300 բնակչին ոչ պակաս, քան մեկ ցուցատախտակ:

11. Յուրաքանչյուր տարվա համար նախարարությունը հրատարակում է համայնքների նորմատիվ իրավական ակտերի ժողովածուներ: Այդ ժողովածուների հրատարակումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հոդված  27. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի»

 կառուցվածքը

 

1. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից`

1) առաջին բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

2) երկրորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության օրենքները.

3) երրորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու արդյունքում կայացված որոշումները.

4) չորրորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերը.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության նախագահի կարգադրությունները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության կառավարության որոշումները.

8) ութերորդ  բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի որոշումները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

12) տասներկուերորդ  բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության պետական նախարարի,   նախարարների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամանները.

13) տասներեքերորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի կողմից վճռաբեկ բողոքի քննության արդյունքում կայացված որոշումները.

14) տասնչորսերորդ բաժնում հրապարակվում են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորություն­ները դադարեցնելու, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ  համաձայնություն տալու մասին Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի որոշումները.

15) տասնհինգերորդ բաժնում հրապարակվում են Արցախի Հանրապետության առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ դատարանի և Գերագույն դատարանի` օրենքին կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին հակասող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասով կայացրած որոշումները, ինչպես նաև Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ դատական ծառայության մասով կայացրած որոշումները:

2. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

3. «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և տարեթիվը:

4. Արցախի Հանրապետության նախարարների հրամանները հրապարակվում են համապատասխան նախարարությունների, ապապետական կառավարման այլ մարմինների անվանումների այբբենական հերթականությամբ:

5. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրատարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման:

6. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` տեղեկագրի հաջորդ համարում ուղղում կատարած լինելու վերաբերյալ տալով պաշտոնական հաղորդագրություն:

7. Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Արցախի  Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական վերահրատարակման իրավունք ունեն նախարարությունը կամ օրենքով նախատեսված այլ անձինք:

 

Հոդված 28. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումը նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում

 

1. Նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է նախարարության կողմից վարվող նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (այսուհետ` միասնական կայք) հրապարակելու միջոցով:

2. Պաշտոնական հրապարակման օրը ակտի վերջնական խմբագրությամբ ընդունված կամ ստորագրված, հրապարակման ենթակա ամբողջական տեքստն առաջին անգամ միասնական կայքում հրապարակելու օրն է:

3. Նախարարությունը պարտավոր է երկու աշխատանքային օրվա ընթացքում ապահովել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի միասնական կայքում հրապարակելը, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիան:

4. Պաշտոնական հրապարակումն իրականացվում է այն տեսքով, ինչ տեսքով դրանք ուղարկվել են հրապարակման: Այլ անձանց կամ մարմիններին արգելվում է կատարել լեզվաոճական, խմբագրական, շարադասական կամ այլ բնույթի փոփոխություններ իրավաստեղծ մարմնի` վերջնական խմբագրությամբ ընդունած նորմատիվ իրավական ակտում, բացառությամբ ուղղագրական կամ կետադրական սխալների ուղղման, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում:

5. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:

6. Նորմատիվ իրավական ակտերն ընդունող մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերը հրապարակման ներկայացնելու կարգը, միասնական կայքում դրանք հրապարակելու, դրանցում ուղղում կատարելու և պաշտոնական ինկորպորացիայի կարգը սահմանվում են արդարադա­տության ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի հրամանով:

 

Հոդված 29. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառումը և պահպանումը

 

1. Նորմատիվ իրավական ակտն ընդունող մարմինը պարտավոր է սահմանված կարգով իրականացնել իր կողմից ընդունված իրավական ակտերի ներքին հաշվառում և պահպանում:

2. Ընդունող մարմինը հաշվառված նորմատիվ իրավական ակտերը պահում է անժամկետ:

3. Նորմատիվ իրավական ակտերի հաշվառումը և պահպանումն իրականացվում են ընդունող մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 30. Նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը

 

1. Եթե նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթ կարող է կատարվել միայն այդ նորմատիվ իրավական ակտով նախատեսված այլ նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է նորմատիվ իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա նորմատիվ իրավական ակտի այդ դրույթը գործում է համապատասխան նորմատիվ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

 

Գ Լ ՈՒ Խ 7

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ, ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Հոդված 31. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ

 

1. Նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով:

2. Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

3. Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխան` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:

4. Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված  32. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը

 տարածության մեջ

 

1. Նորմատիվ իրավական ակտերի գործողությունը տարածվում է Արցախի  Հանրապետության ամբողջ տարածքի վրա, եթե այլ բան սահմանված չէ այդ նորմատիվ իրավական ակտով, կամ դրա էությունից չի բխում, որ դրա գործողությունը տարածվում է միայն որոշակի տարածքի վրա:

 

Հոդված  33. Նորմատիվ իրավական ակտերի  գործողությունն անձանց  շրջանակներում

 

1. Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության` ի դեմս դրա մարմինների, Արցախի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության իրավաբանական անձանց, Արցախի  Հանրապետության համայնքների` ի դեմս դրանց մարմինների, Արցախի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա իրավաբանական անձանց, Արցախի Հանրապետությունում գործող օտարերկրյա իրավաբանական անձանց և միջազգային կազմակերպու­թյունների առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող Արցախի Հանրապետության դիվանագիտական, հյուպատոսական և այլ ներկայացուցչությունների վրա, եթե այդ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

 

Հոդված  34. Նորմատիվ իրավական ակտերի գործողության ժամկետը

 

1. Նորմատիվ իրավական ակտը գործում է անժամկետ, եթե տվյալ նորմատիվ իրավական ակտով այլ գործողության ժամկետ նախատեսված չէ:

2. Ժամանակավոր գործողություն կարող է սահմանվել ողջ նորմատիվ իրավական ակտի կամ դրա առանձին մասերի համար: Մինչև սահմանված ժամկետի ավարտն ակտն ընդունող մարմինը կարող է երկարաձգել ակտի գործողության ժամկետը կամ դրան հաղորդել անժամկետ բնույթ:

 

Գ Լ ՈՒ Խ 8

ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՀԱՇՎՈՒՄԸ

 

Հոդված 35. Նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետի որոշումը

 

1. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, օրերով և ժամերով:

2. Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:

3. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

4. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

5. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:

6. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և հավասար է 15 օրվա:

7. Օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:

8. Եթե ժամկետի ավարտը պայմանավորված է վրա հասած իրադարձությամբ, ապա այն ավարտված է համարվում վրա հասած իրադարձության օրվան հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի ավարտը:

9. Եթե կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտով սահմանված է ժամկետների հաշվարկման այլ կարգ, ապա տվյալ ակտով կարգավորվող իրավահարաբերությունների ժամանակ կիրառվում է այդ նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետների հաշվարկման կարգը:

10. Եթե ժամկետի հաշվարկը պայմանավորված է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ պայմանա­վորված իրադարձության վրա հասնելու փաստով, ապա այդ մարմինը պարտավոր է իրադարձության վրա հասնելու մասին տեղեկատվությունը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքէջում:

 

Հոդված 36. Ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու

 կարգը

 

1. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն:

2. Եթե այդ գործողությունը պետք է կատարվի որևէ կազմակերպությունում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ այդ մարմնում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով դադարեցվում են համապատասխան գործառնությունները:

3. Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը 24:00-ն կապի կազմակերպությանը հանձնված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված:

4. Եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:

 

Գ Լ ՈՒ Խ 9

ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

 

Հոդված 37. Նորմատիվ իրավական ակտի փոփոխությունները և

լրացումները

 

1. Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր, թվեր կամ կետադրական նշաններ այլ բառերով, թվերով կամ կետադրական նշաններով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, ենթաբաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժիններիենթաբաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված փոփոխություններն իրականացվում են նորմատիվ իրավական ակտերի գործողության դադարեցման համար նախատեսված կարգով ու պայմաններով և առաջացնում են իրավական ակտի գործողության դադարեցման համար նախատեսված համապատասխան հետևանքներ:

3. Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, ենթաբաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով:

 

Հոդված 38. Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և

 լրացումներ կատարելու ընդհանուր կանոնները

 

1. Նորմատիվ իրավական ակտերում փոփոխություն կամ լրացում կատարում է միայն այդ նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը:

2. Նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերում փոփոխություն կամ լրացում կատարվում է օրենքով:

3. Նորմատիվ իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձևը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձևին (տեսքին):

4. Եթե նորմատիվ իրավական ակտում կատարվում են ծավալուն փոփոխություններ կամ լրացումներ, ապա ակտը կարող է ամբողջությամբ շարադրվել նոր խմբագրությամբ:

5. Սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:

6. Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա` հիմնական նորմատիվ իրավական ակտում:

7. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններն ու լրացումները կատարվում են ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ ընդունած նորմատիվ իրավական ակտով:

 

Հոդված  39. Նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցումը

 

1. Իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողությունը կարող է կասեցվել:

2. Նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման մասին նորմատիվ իրավական ակտով պետք է սահմանվեն`

1) նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման պատճառը, նպատակը և ժամկետը.

2) մինչև նորմատիվ իրավական ակտի կամ նորմատիվ իրավական ակտի մասի գործողության կասեցման դադարեցումը դրանով կարգավորվող հարաբերությունների կարգավորման կարգը և պայմանները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները չնախատեսող իրավական ակտի գործողությունը կասեցնող իրավական ակտն իրավաբանական ուժ չունի:

 

Հոդված 40. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումը

 

1. Նորմատիվ իրավական ակտի, բացառությամբ Սահմանադրության, գործողությունը դադարեցվում է`

1) նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում.

2) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում.

3) նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչվելու դեպքում.

4) նորմատիվ իրավական ակտը վերացված ճանաչվելու դեպքում:

2. Եթե նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվելու է դրանով կարգավորվող հարաբերությունների միայն որոշակի մասով, որը հնարավոր չէ առանձնացնել նորմատիվ իրավական ակտի մասերի ձևով, ապա նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է մասնակի: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցնող ակտում հստակ նշվում է այն հարաբերությունների շրջանակը, որոնց մասով դադարեցվում է նորմատիվ իրավական ակտի գործողությունը:

3. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցմամբ դադարեցվում է նաև այդ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նորմատիվ իրավական ակտի գործողությունը:

4. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցման մասին նորմատիվ իրավական ակտ ընդունելու դեպքում գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտով կամ դրա համաձայն գործողությունը դադարեցված նորմատիվ իրավական ակտերի գործողությունը չի վերականգնվում:

5. Նորմատիվ իրավական ակտի գործողության դադարեցումն այն ընդունած մարմինը կամ նրա իրավահաջորդը կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմինը կատարում է նույն տեսակի կամ բնույթի նորմատիվ իրավական ակտով: Օրենսգրքերի գործողությունը դադարեցվում է համապատասխան օրենքով:

6. Սույն օրենքով նախատեսված` նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ կանոնները կիրառվում են նաև դրանց մասերի գործողությունների դադարեցման ժամանակ: Նորմատիվ իրավական ակտի մասի գործողության դադարեցումը չի հանգեցնում այդ նորմատիվ իրավական ակտի կամ դրա այլ մասերի գործողության դադարեցման, բացառությամբ այդ մասով հաստատված հավելվածի:

7. Համատեղ ընդունված նորմատիվ իրավական ակտի գործողությունը կարող է դադարեցվել նորմատիվ իրավական ակտն ընդունած մարմինների կամ դրանց իրավահաջորդների համատեղ նորմատիվ իրավական ակտով:

 

Հոդված 41. Նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում`

1) իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե`

ա. վերացել է նորմատիվ իրավական ակտով կարգավորվող հարաբերությունների հետագա իրավական կարգավորման անհրաժեշտությունը,

բ. նորմատիվ իրավական ակտով կարգավորվող հարաբերությունները կարգավորվում կամ կարգավորվելու են այլ նորմատիվ իրավական ակտով,

գ. ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտ, որին հակասում են այդ նորմատիվ իրավական ակտի դրույթները,

դ. ուժի մեջ է մտել Արցախի  Հանրապետության միջազգային պայմանագիր, որի նորմերին հակասում է այդ նորմատիվ իրավական ակտը:

2. Ժամկետային, գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ սահմանափակված նորմատիվ  իրավական  ակտի  համար  նախատեսված  ժամկետը լրանալու դեպքում գործողության կատարմամբ կամ փաստի առաջացմամբ նորմատիվ իրավական ակտը համարվում է ուժը կորցրած: Նման դեպքերում նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առանձին նորմատիվ իրավական ակտ չի ընդունվում:

3. Եթե նորմատիվ իրավական ակտը հակասում է հետագայում ուժի մեջ մտած ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, ապա իրավաստեղծ մարմինը, բացառությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և հանրաքվեով ընդունված օրենքների, պարտավոր է իր ընդունած նորմատիվ իրավական ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին կամ փոփոխություն կամ լրացում կատարելու մասին ընդունել նորմատիվ իրավական ակտ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, եթե ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտով այլ ժամկետ նախատեսված չէ:

4. Իրավաստեղծ մարմնի` առանց իրավահաջորդի գործունեության դադարման դեպքում դրա նորմատիվ իրավական ակտերն ուժը կորցրած են ճանաչվում իրավական ակտն ընդունող մարմնի լուծարման պահից, եթե իրավաստեղծ մարմնի գործունեության դադարեցման մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 42. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե նորմատիվ իրավական ակտն ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:

2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին ակտի ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավական ուժը կարող է կորցնել այդ իրավական ակտի ընդունման պահից, իսկ այն դեպքում, երբ անվավերության հիմքն առաջացել է նորմատիվ իրավական ակտն ընդունելուց հետո, ապա անվավերության հիմքի առաջացման պահից` հանրային շահերի պաշտպանությունից ելնելով՝ անվավեր ճանաչելու մասին ակտով ուղղակիորեն նախատեսելու դեպքում:

4. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով լուծվում են`

1) նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու հետևանքով անձանց խախտված իրավունքները ճանաչելու կամ մինչև խախտումը եղած իրավական վիճակը վերականգնելու հարցերը.

2) անձանց իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կասեցնելու կամ վերացնելու հարցերը.

3) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն ընդունելու և անվավեր ճանաչելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու հարցերը:

5. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչվելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պարտավոր չեն անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա իրենց տրամադրված իրավունքներից, ազատություններից, արտոնություններից օգտվելու հետևանքով պետությանը կամ համայնքին պատճառած վնասները հատուցել կամ վերականգնել:

 

Հոդված 43. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե ընդունված նորմատիվ իրավական ակտը դեռևս չի կիրառվել և աննպատակահարմար է կիրառել, կամ դրանով նախատեսված հարաբերություններն այդ նորմատիվ իրավական ակտով կամ դրանով նախատեսված կարգով հնարավոր չէ կարգավորել, կամ դրանով նախատեսված պահանջները հնարավոր չէ իրականացնել:

2. Նորմատիվ իրավական ակտը չեղյալ է ճանաչվում ընդունման պահից:

 

Հոդված 44. Նորմատիվ իրավական ակտը վերացված ճանաչելը

 

1. Նորմատիվ իրավական ակտը վերացված է ճանաչվում իրավաստեղծ մարմնիդրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ, եթե վերացել է դրանով կարգավորվող հարաբերությունների իրավական կարգավորման անհրաժեշտությունը, և այդ իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտին տրվելու է հետադարձ ուժ:

Սույն դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ նորմատիվ իրավական ակտի գործողությունը դադարեցվում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին հակասելու կամ հակասող ճանաչվելու պատճառով:

2. Նորմատիվ իրավական ակտը վերացված ճանաչվելու մասին իրավական ակտով պետք է լուծվեն իրավական ակտին հետադարձ ուժ տալու կարգը և պայմանները:

3. Նորմատիվ իրավական ակտը վերացված ճանաչվելու դեպքում չեն իրականացվում սույն օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջոցառումները:

 

Գ Լ ՈՒ Խ 10

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԻՐԱՎԱԿԱՆ ԿՈԼԻԶԻԱՆԵՐԻ) ԵՎ

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ

 

Հոդված 45. Իրավունքի և օրենքի անալոգիայի (համանմանության)

 կիրառումը

 

1. Եթե օրենսդրության մեջ բացակայում է կոնկրետ հասարակական հարաբերությունը կարգավորող իրավական նորմը, սակայն օրենսդրությամբ սահմանված է համանման հարաբերությունները կարգավորող այլ իրավական նորմ, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ (եթե դա չի հակասում դրանց էությանը) կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը (օրենքի անալոգիա):