ԼՈՒՐԵՐ
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը
25 հունիսի 2019

Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռամելա Դադայանը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախարարի փոխանցմամբ՝ առաջին ընթերցումից հետո ԱԺ պատգամավորներ Գագիկ Բաղունը, Էդուարդ Աղաբեկյանը և «Դաշնակցություն» խմբակցությունը, նախագծի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, ներկայացրել են երեք առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել՝ համապատասխան հիմնավորումներով: Արթուր Հարությունյանը, խոսելով առաջարկների մասին, նշել է.

- հնարավոր չէ անձի կուտակային կենսաթոշակը, իր իսկ ցանկությամբ, սահմանել միաժամանակ երկու արժույթով,

- հնարավոր չէ կամավորության սկզբունքով միանալ համակարգին և մի քանի տարի հետո հրաժարվել դրանից, քանի որ համակարգին միանալու պահից այդ գումարներն հաշվարկվում և ներդրվում են կառավարիչ ընկերությունների կողմից:

- ճիշտ չէ օրինագիծը ևս մի քանի տարով հետաձգել, քանի որ այն միտված է կենսաթոշակային համակարգի բարելավմանն ու սոցիալական արդարության ապահովմանը:

Պատգամավորները նախարարին են առաջադրել նախագծի վերաբերյալ հանրության շրջանում անհանգստություն առաջացրած մի շարք հարցեր և ստացել պարզաբանումներ:

Հանձնաժողովը 3 կողմ, 1 ձեռնպահ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ դրական եզրակացություն է տվել օրինագիծը հերթական նիստի օրակարգում ներառելուն:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը:

 

ԼՈՒՐԵՐ