Պետական գույքի մասնավորեցման 2019-2022 թթ-ի ծրագրի մասին (առաջին ընթերցում)

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ  ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Արցախի Հանրապետության պետական գույքի 2019-2022 թվականների մասնավորեցման նպատակները

 

1. Արցախի Հանրապետության պետական գույքի (այսուհետ՝ պետական գույք) մասնավորեցման 2019-2022 թվականների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

2. Պետական գույքի մասնավորեցման ոլորտում 2019-2022 թվականների պետական քաղաքականության հիմնական նպատակներն են՝

1) Արցախի Հանրապետության տնտեսության մրցունակության և արդյունավետության խթանումը.

2) ընկերությունների պետական բաժնեմասի մասնավորեցման միջոցով դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և մրցակցային միջավայրի բարելավմանը նպաստելը.

3) մասնավորեցման ենթակա ընկերությունների (օբյեկտների) մասնավորեցման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում և միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող գործիքակազմի և մասնավորեցման ձևերի (մրցույթ, ուղղակի վաճառք և այլն) կիրառման շնորհիվ արդյունավետ տնտեսական գործունեություն իրականացնող գնորդի կամ ներդրողի ընտրությունը.

4) Արցախի Հանրապետության ՀՆԱ-ի մեջ մասնավոր կապիտալի տեսակարար կշռի ավելացումը և մասնավորեցման քաղաքականության շարունակության ապահովումը.

5) պետական և համայնքային գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

Մասնավորեցման նախորդող ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, վարձակալված տարածքների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995-1996 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի որոշումը (11 օգոստոսի 1995 թվական, Հ.Ն 0034-1), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (19 հոկտեմբերի 1998 թվական, ՀՕ-33), «Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (28 մարտի 2002 թվական, ՀՕ-203), «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (19 մայիսի 2004 թվական, ՀՕ-120), «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (30 մայիսի 2007 թվական, ՀՕ-38) և «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (14 ապրիլի 2010 թվական, ՀՕ-17-Ն):

  1. Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները:

 

Հոդված 3.

 Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

 

1. Ծրագրում ընդգրկված՝ մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են՝

1) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարումը.

2) պետական մասնակցությամբ ընկերությունների ոչ մրցունակ լինելը.

3) հանրության կարիքների լիարժեք կառավարումն ապահովելու տեսանկյունից պետական մասնակցությամբ ընկերություններին վերապահված պարտավորությունների կարևորության մակարդակի նվազումը.

4) պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով (բաժնեմասով) այն ընկերությունների մասնավորեցումը, որոնք անհրաժեշտ չեն պետական գործառույթների իրականացման համար:

 

Հոդված 4.

Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

 

1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն՝

1) քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.

2) քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ոլորտների, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի պահպանումն իրականացնող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

3) պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները.

4) ստանդարտացման և չափագիտության ծառայություններ մատուցող՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները.

5) միջպետական և հանրապետական նշանակության երկաթուղիները և ավտոճանապարհները, գնացքների երթևեկության և օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունները, զորային տիպի ավտոշարասյուները.

6) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում և դրանք առանձնացվում են մասնավորեցվող գույքի կազմից, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝

1) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, սոցիալական և մշակութային ոլորտի օբյեկտներում (ուսումնական հաստատություններում, մշակութային օբյեկտներում).

2) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այն կարող է օգտագործվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարձակալական հիմունքներով:

 

Հոդված 5.

Պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտները, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

 

1. Սույն ծրագրի մաս է կազմում 2019-2022 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված) ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները, «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

3. Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները՝ մասնավորեցման օբյեկտները: Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների՝ դատարանի կողմից անվավեր ճանաչվելու արդյունքում գնորդներին վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին, իսկ դրանց անբավարարության դեպքում` Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Սույն ծրագրի մաս են հանդիսանում մասնավորեցման նախապատրաստման աշխատանքների արդյունքում Արցախի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ կառավարություն) որոշումներով ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի տարրերը:

5. Ծրագրի մաս են կազմում նաև մասնավորեցման նախորդ ծրագրերի ցանկերում առանձին ծածկագրով չընդգրկված «փոքր» և անավարտ շինարարության օբյեկտները՝ դրանց սեփականատեր հանդիսացող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց գույքի կազմից առանձնացվելուց հետո:

 

Հոդված 6.

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

1. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտների ու վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում և մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ:

2. «Փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքում տարաժամկետ վճարումների սանդղակը ներկայացված է սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող N 2 հավելվածում:

3. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը վճարվում է հավասար մասերով՝ տարին մեկ: Հերթական վճարման ժամանակ կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում գնահատման պահի և վճարման պահերի` ԱՄՆ դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է վճարել մնացած ամբողջ արժեքը կամ դրա մասը:

4. Մասնավորեցված օբյեկտի գնորդի՝ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից, սակայն այդ գույքը համարվում է գրավադրված մինչև գույքի արժեքի լրիվ վճարման կամ մասնավորեցման պայմանագրով ստանձնած պարտավորությունների լրիվ կատարման պահը: Ընդ որում, գույքը գնորդի կողմից կարող է օտարվել բացառապես այն պայմանով, երբ նոր գնորդին է փոխանցվում օբյեկտի գնի մնացորդի վճարումը կամ ստանձնած պարտավորությունների կատարումը նույն պայմանով, և գրավի իրավունքը պահպանվում է մինչև նշված պարտավորությունների ամբողջական մարումը: Գույքը կարող է գրավադրվել (հաջորդող գրավ) բացառապես գնորդի կողմից գրավով ապահովված պարտավորության (պարտավորությունների), բացառությամբ աշխատատեղերի ստեղծման պարտավորության, կատարմանը համաչափ:

5. Պետական գույքի մասնավորեցման առանձին դեպքերում (բացառությամբ «փոքր» օբյեկտների և վարձակալած գույքի մասնավորեցման դեպքերի) կառավարությունն իրավասու է սահմանելու տարաժամկետ վճարումների իրականացման այլ համամասնություններ և ժամանակացույց:

 

Հոդված 7.

Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները՝ ըստ առանձին ընկերությունների

 

1. Մասնավորեցում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին) կազմում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների բովանդակության վերաբերյալ առաջարկ: Նախապատրաստական աշխատանքների բովանդակությունը, ժամկետը և իրականացնող մարմինը հաստատվում է կառավարության որոշմամբ, ընդ որում՝

1) լիազորված մարմնի սահմանած կարգով Արցախի Հանրապետության գործադիր և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում իրենց ենթակայության մասնավորեցման գործընթացում ներգրավված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասեր ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ՝ այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.

2) կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է մասնավորեցվող օբյեկտների ակտիվների և պասիվների չափի ճշգրտումը, ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության ստուգումը և այլն.

3) անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, կամ հրավիրվում են անկախ փորձագետներ և խորհրդատուներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու) ուղղությամբ:

 

Հոդված 8.

Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների նկատմամբ Արցախի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

 

1. Արցախի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո դրանում ընդգրկված՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերով ընկերությունները լուծարելու կամ վերակազմակերպելու (միաձուլելու, միավորելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Արցախի Հանրապետության պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասում նշված ընկերություններին թույլ չտալ իրականացնելու ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես՝ բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական (համայնքային) կառավարման մարմնի աշխատակիցների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեության հետ չառնչվող սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ:

3. Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման (լուծարման) և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին են փոխանցվում ընկերության՝ պետությանը պատկանող բաժնեմասերի տնօրինման լիազորությունները, եթե կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

4. Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների պետական գույքի դուրսգրումը, օտարումը և վարձակալության հանձնումը կատարվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ Արցախի Հանրապետության պետական և տարածքային մարմինների ներկայացմամբ:

 

Հոդված 9.

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները

 

1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են՝

1) հասարակությանը և հավանական ներդրողներին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, պետական գույքի մասնավորեցման մասին կառավարության համապատասխան որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

2) մասնավորեցման նշանակալի գործարքների մասին հավանական ներդրողներին տեղեկացնելու գործընթացը կազմակերպելը և նրանց հետ բանակցություններ վարելը.

3) մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.

4) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնի կողմից անհրաժեշտության դեպքում մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերություններ ու փորձագետներ ներգրավելը.

5) մասնավորեցում իրականացնող լիազորված մարմնին անհրաժեշտության դեպքում տեխնիկական և ֆինանսական աջակցությունը:

 

Հոդված 10.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ     

ՆԱԽԱԳԱՀ                                                                             Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

Հավելված N 1

 

ՑԱՆԿ     

                                                                                                                                                                                                                                                                                        2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ) ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ

ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

                 

Հ/հ

Ծածկագիրը

Ընկերության (ձեռնարկության) անվանումը

Հասցեն

Ծանոթություն

 

1

2

3

 

4

5

 

Շինանյութերի արտադրություն

 

1.

7201

«Արմատ» ՍՊԸ

ԱՀ ք. Ստեփանակերտ, Առաքելյան փողոց N17

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն

 

 

 

Ճանապարհաշինություն և շահագործում

 

2.

7140

«Վահե Կարապետյան ճանշահագործում» ՓԲԸ

ԱՀ ք. Շուշի, Համահայկական 7/1

ԱՀ քաղաքաշինության նախարարություն

 

3.

7218

«Արցախուղի» ՓԲԸ

ԱՀ ք. Ստեփանակերտ, Մելիքավան 23

 

 

Կոմունալ տնտեսություն

 

4.

7086

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ

ԱՀ ք. Ստեփանակերտ,                                                    Տ. Մեծի փողոց N 40

ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարան

 

5.

7087

«Ջերմային տնտեսություն» ՓԲԸ

ԱՀ ք. Ստեփանակերտ,                                            Վ. Սարգսյան N 7

 

Այլ ճյուղեր

 

6.

7202

«Արցախի Ձայն» ՓԲԸ

ԱՀ ք. Ստեփանակերտ,                    Առաքելյան 2/7

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն

 

 

7.

7225

Մասնագիտացված մոնտաժային շահագործման տեղամաս ՓԲԸ

ԱՀ ք. Ստեփանակերտ,                                                                     Նաբերեժնայա N 1

ԱՀ ոստիկանություն

 

                         

 

 

 

 

             

 

 

 

Հավելված N 2

 

 

«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ

 

 

Վճարման ենթակա գումարը (դրամ)

Առաջին վճարի չափը (տոկոս)

Վճարման ժամկետը (տարի)

Վճարումների թիվը (անգամ)

Մինչև 250.000

100

-

-

250.001-1.000.000

50

1

2

1.000.001-2.000.000

40

2

3

2.000.001-3.000.000

35

3

4

3.000.001-4.000.000

30

4

5

4.000.001-5.000.000

25

5

6

5.000.001-6.000.000

25

6

7

6.000.001-7.000.000

20

7

8

7.000.001-8.000.000

20

8

9

8.000.001-9.000.000

20

9

10

9.000.001-10.000.000

20

10

11

10.000.001-ից ավելին

20

11

12