ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2019Թ. ՄԱՅԻՍԻ 3-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Ղուլյան – Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հարգարժան պետնախարար, Կառավարության անդամներ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և Ազգային ժողովի Կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն, Հանրապետության նախագահի կողմից պաշտոնական գրություն է ուղարկվել Ազգային ժողով՝ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Օրենքով սահմանված կարգով նախաձեռնողի կողմից ներկայացվել է օրակարգային մեկ հարց՝ Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին, Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխություն կատարելու շարժառիթը կապված է նախորդ տարվա դեկտեմբերին Արցախի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ. մարտին՝ Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին Արցախի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով: Ազգային ժողովի կանոնակարգ Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի կողմից ներկայացվել է նաև հարցի քննարկման, հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագիծը պետք է քննարկվի երկու ընթերցմամբ: Հատուկ ընթացակարգի համաձայն՝ նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու դեպքում մինչև 2-րդ ընթերցում՝ դրա վերաբերյալ գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն 3-ական ժամ: Այսքանը՝ որպես այսօրվա նիստի մեր անելիքների մասին ծանոթություն: Հիմա կարող ենք անցնել նիստի աշխատանքներին, ինչի համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Ներկա՝ 29, բացակա՝ 4: Մեր ընկերների բացակայության պատճառի մասին տեղյակ ենք՝ կապված գործուղման և առողջության հետ: Նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները, քանի որ մենք խոսեցինք արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթների մասին և հղումները կատարեցինք Կանոնակարգ օրենքի 37-րդ հոդվածի համապատասխան մասերի վրա: Ուզում եմ, մինչև կոնկրետ առաջարկված հարցին անդրադառնալը նորից հիշեցնել, որ արտահերթ նիստում ընդգրկված օրենքի նախագիծը, մի քանի ընթերցմամբ քննարկելու մասին, եթե այդպիսի հարցեր են, ապա նախաձեռնողը ներկայացնում է հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ որով նախագծի վերաբերյալ, գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովին եզրակացություն ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն 3-ական ժամ: Ձեր տրամադրության տակ կա որոշման նախագիծը, մենք պետք է այն քվեարկենք: Եթե կան հարցեր կապված որոշման նախագծի հետ՝ խնդրեմ: Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն Ղուլյան, արտահերթ նիստ, թե՞ նստաշրջան: Այսինքն, եթե նիստը 90 րոպեից ավել տևեց, 2-րդի անհրաժեշտություն է լինելու, նորից արտահերթ նիստ ե՞նք անելու:
Աշոտ Ղուլյան – Երևի 90 րոպեի հարց չկա այստեղ, եթե 90 րոպեի հարց լինում է, ապա՝ նախաձեռնողի կողմից:
Էդուարդ Աղաբեկյան – Կանոնակարգի պահանջով՝ 3-ական ժամ պետք է քննարկումներ ընթհանան հանձնաժողովում, իսկ նիստերի ընդհատում՝ Կանոնակարգով, ըստ իս, ունենք մենակ բյուջեում: Մնացածը թե 90, թե 45 է, նիստը հաշվում է պրծած: Արտահերթ նստաշրջան մեկ, երկու նիստից բաղկացած:
Աշոտ Ղուլյան – Արտահերթ նիստ է, պարոն Աղաբեկյան: Սա բոլորովին ուրիշ հոդվածի է վերաբերվում՝ 90 րոպեներով: Ուրիշ հարցեր: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը, Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին, Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքի նախագծի՝ 2-րդ ընթերցմամբ քննարկման, հատուկ ընթացակարգի մասին: Հիմք ընդունելով Ազգային ժողովի կանոնակարգ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 60-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետը, 37-րդ հոդվածի 5-րդ մասը և 85-րդ հոդվածի 6-րդ մասը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է՝ 1-ին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի ամսին, Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ ընթերցմամբ քննարկումը, կազմակերպել 1-ին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24-ժամվա ընթացքում: 2-րդ մասը՝ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել 3-ական ժամ: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Էդուարդ Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Պարոն Ղուլյան, լուսաբանվում է Ազգային ժողովի աշխատանքը՝ ուղիղ եթերո՞ւմ, ինչպես միշտ, ընտրողաբար, թե՞ ուղիղ եթերում:
Աշոտ Ղուլյան – Ինչպես միշտ, ուղիղ եթերում, լրիվ: Շնորհակալություն: Մենք ընդունեցինք նաև հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշումը: Այժմ անցնում ենք մեր օրակարգային հիմնական հարցին, օրակարգը առաջարկում է, ինչպես արդեն նշեցինք, նախաձեռնողի կողմից: Այսօր արտահերթ նիստի միակ հարցը՝ Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին, Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքի նախագիծն է: Նշված օրենքի նախագիծը՝ Ազգային ժողովում ներկայացնելու համար լիազորված է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է 2018թ. դեկտեմբերի 20-ի Արցախի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ. մարտի 27-ին բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին Արցախի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է երեք միլիարդ դրամով ավելացնել 2019թ. պետական բյուջեում նախատեսված հարկային եկամուտները և պետական տուրքեր, եկամտատեսակը: Նույն չափով՝ ավելացնել, 2019թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը, Արցախի Հանրապետության Կառավարության առջև դրված առաջնային և ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով: Կուզենայի նշել, որ երեկ գլխադասային հանձնաժողովում քննարկումներ եղան և կային հարցեր՝ կապված ծրագրի բացակայության, այսինքն ծրագրում ներառվող օբյեկտների հետ կապված: Ասեմ, որ օրենքը ընդունելուց հետո կա այս պահին Կառավարության կողմից նախագիծ, օրենքը ընդունելուց հետո այն կհաստատվի և կներակայցվի ձեր քննարկմանը:
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Մեր ընթացակարգը, այնպես, ինչպես սովորաբար մենք օրենքի նախագծերը քննարկում ենք, նույն ձևով է: Հիմա պատգամավորները հնարավորություն ունեն հարցերով դիմել հիմնական զեկուցողին, հետո կլինի հարակից զեկցող, գլխադասային հանձնաժողով և հարցեր: Հետո կլինի մտքերի փոխանակության հնարավորություն, եզրափակիչ ելույթների հնարավորություն, որից հետո համապատասխան որոշում կընդունենք: Հիմա խնդրում եմ գրանցվել: Հարցեր տալու համար՝ Հայկ խանումյան, Էդուարդ Աղաբեկյան: Խնդրեմ, սկսում ենք հարցերի ներկայացումը՝ Հայկ Խանումյան:
Հայկ Խանումյան – Պարոն Հարությունյան, ճի՞շտ հասկացա, որ կապիտալ ներդրումների ծրագիրը փոփոխությունների նախագիծը պետք է ներկայացվի խորհրդարան, խորհրդարանո՞վ են հաստատվում փոփոխությունները:
Արթուր Հարությունյան - Կառավարության որոշման նախագիծը կա, բյուջեն ընդունելու դեպքում Կառավարության կողմից կհաստատվի:
Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք: Ոչ, Էդուարդ Աղաբեկյան, խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան – Կառավարությունը ինքնուրույն է որոշելու՝ հաշվի չառնելով նույնիսկ կողմ ձայն տվողների կարծիքները: Ինչո՞ւ հնարավոր չէ ավելի շուտ, օրենքի նախագիծը ոչ արտահերթ ռեժիմով բերել Ազգային ժողով: Ես այդ հարցը՝ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցնեի գործադիր իշխանության ղեկավարին, Հանրապետության նախագահին, բայց, քանի որ ներկա չի եղել, խախտել է Սահմանադրական՝ պատգամավորի Սահմանադրական իրավունքը՝ հարց տալու իրավունքը, դրա համար ստիպված եմ Ձեզ տալ, կարող եք, նույնիսկ չպատասխանել:
Արթուր Հարությունյան - Շնորհակալություն հարցի համար: Մենք՝ երեկ, հանձնաժողովում այդ հարցը շոշափել ենք, քանի որ այստեղ ավելացումը վերաբերվում է երկու հարկատեսակի՝ շահութահարկ, ռոյալթի եկամտատեսակներն են ու այս երկու եկամտատեսակը հաշվարկվում է տարեկան հաշվարկներով: Այսինքն, նրանք տարեկան մեծություններ են, և 2019թ. վճարում ենք կանխավճարային տեսքով: Մենք բնապահպանության, բնօգտագործման վճարների մասին օրենքի փոփոխությունը քննարկելու ժամանակ՝ այդտեղ մենք այդ հարցն ենք քննարկել, որ նախորդ տարվա հաշվարկված ռոյալթիի եռամսյակային մեկ քառորդը դարձրել ենք մեկ երրորդ, իսկ ռոյալթիի և շահութահարկի հաշվարկները՝ 2018թ. համար, օրենքով սահմանված են մինչև ապրիլի 20-ը: Հաշվարկները ընկերության կողմից ներկայացվել են ապրիլի 18-ին, և այդ հաշվարկները ներկայացնելուց հետո, որպեսզի այդ թվերը լինեն հստակ՝ իրենց կողմից հստակ ներկայացված հաշվարկներով, դրա համար օրենքի նախագիծը մենք կազմել ենք և ապրիլի 25-ին ներկայացրել ենք Կառավարություն և ապրիլի 30-ին հաստատվել է Կառավարության նիստում: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Ինչո՞ւ հատկապես արտահերթ ռեժիմով, ինչո՞ւ ոչ հերթականով, ինչո՞ւ արտահերթ ռեժիմով, որովհետև ես չեմ վստահում այն պարզ պատճառով, որ գործադիր իշխանությունը օրենքի նախագծի վերաբերյալ՝ Ընդերքի մասին նախագծի վերաբերյալ, կարծիք էլ չի հայտնել, կարծիք չի ունեցել: Գումարը գալիս է կարծիք չունեցող Կառավարությունը:
Արթուր Հարությունյան – Մենք այդ հարցը բազմիցս քննարկել ենք՝ մեր կարծիքի չներկայացման հետ կապված, դրա համար չեմ կարծում, որ դրան նորից անդրադառնալը այդքան անհրաժեշտ է: Ինչ վերաբերում է հրատապությանը, իհարկե, մենք նախատեսում էինք, որ ավելի շուտ պետք է ներկայացվի հաշվարկները, այն ներառեինք ավելի շուտ, քանի որ կան ծրագրեր, որոնք որ պետք է ներառվեն այդ երեք միլիարդի մեջ, որոնք ժամանակի առումով պետք է իրականացվեն հենց օրենքը ընդունելուց և որոշում ընդունելուց անմիջապես հետո, դրա համար օրենքի ընդունումը ևս մի մասով կամ երկու ամսով երկարաձգելը՝ մեր կարծիքով, նպատակահարմար չէ, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Դուք կարող եք նստել: Մենք հարցերը սպառեցինք՝ հիմնական զեկուցողին, այժմ գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար ես հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին: Պարոն Գրիգորյանին նույնպես կարող եք դիմել հարցերով՝ եթե կան:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում: Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պահանջի համաձայն ընթացավ հատուկ ընթացակարգով, մենք դրական եզրակացությամբ ներկայացնում ենք ձեզ՝ առաջարկելով այն ընդունել առաջին ընթերցմամբ, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, եթե կան հարցեր՝ գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ, գրանցվել: Ալյոշա Գաբրիելյան, ուրիշ չկա՞, խնդրեմ:
Ալյոշա Գաբրիելյան – Ճիշտն ասած, չեմ կարողացել ներկայանալ հանձնաժողովի նիստին, բայց, արդյոք հնչե՞լ են հարցեր, թե ինչ ուղղությամբ է ծախսվելու այդ գումարները կապիտալ շինարարության ոլորտներում:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Այո, հանձնաժողովում այդ հարցը բարձրացվել է պատգամավորների կողմից, Կառավարության լիազոր ներկայացուցիչը տվել է, կարելի է ասել նույն պատասխանը, որը լսել եք հենց հիմա՝ այս դահլիճում:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, արձագանքո՞ւմ եք, պարոն Գաբրիելյան: Շնորհակալություն, կարող եք նստել: Մենք հիմա սկսում ենք մտքերի փոխանակությունը՝ ելույթների համար, և ես խնդրում եմ գրանցվել ելույթների համար: Հայկ Խանումյան, Արթուր Թովմասյան, Ալյոշա Գաբրիելյան, Էդուարդ Աղաբեկյան, Հովիկ Ջիվանյան: Մենք հինգ ելույթի հայտ ունենք: Այժմ ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Հայկ Խանումյանին:
Հայկ Խանումյան – Շնորհակալություն: Հարգելի ներկաներ, այս օրենքի փոփոխության՝ բյուջեի փոփոխության նախապատմությունը բոլորդ գիտեք: Այն առաջացավ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի Ընդերքի մասին փոփոխություններ առաջարկելուն, կարծում եմ Կառավարությունը պետք է առնվազն օրինագծի հեղինակի հետ՝ օրինագծի հեղինակի հետ, իրենց խմբակցության հետ քննարկի այդ ավելորդ գումարի ծախսման ուղղությունները կամ լսել նրանց առաջարկները, առնվազն: Օրինագծի հեղինակի հետ նախաընտրելի է նաև Ազգային ժողովի մյուս քաղաքական ուժերի հետ, գոնե կողմ քվեարկածների հետ: Ինչ մնում է իմ դիրքորոշմանը, ապա մեր կուսակցության դիրքորոշումը այս հարցում հստակ է, մենք ելնում ենք այն դրույթից, որ ընդերքը պատկանում է ժողովրդին և գտնում ենք, որ ընդերք շահագործող, ընդհուպ բնական ռեսուրսներ արտադրության մեջ օգտագործվող, այդ թվում ՀԷԿ-երի շահութահարկը պետք է լինի բավականին բարձր: Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է և ընդերք շահագործող ընկերությունները՝ հանքարդյունաբերությունը, ՀԷԿ-երը և այլն, մեծ ծավալով հարկվում են, և կարծում եմ Արցախում մենք պետք է նույնպես դրան հասնենք: Անցյալ տարի դեկտեմբերին, ՀԷԿ-երի շահութահարկը 10-ից 20 տոկոս ենք սարքել, ժամանակին մեծ արտոնություններ ենք տվել հանքարդյունաբերությանը, չնայած նշում ենք, որ ներդրումներ ներգրավելու համար, սակայն, փաստն այն է, որ այդ ներդրումների մեծ մասը տեղի են ունեցել կառավարական վարկով կամ Կառավարության երաշխիքով վերցրած վարկերով: Հետևաբար` գտնում եմ, որ նույնիսկ այն արտոնությունները, որ տվել ենք, իզուր ենք տվել, և դա կորցված ռեսուրսներ են: Այնպես որ իմ տեսակետը մնում է նույնը, ինչպես այս օրենքների շարքերի՝ սկզբից Ընդերքի մասին, ապա Բնօգտագործման վճարների մասին օրինագծերի քվեարկության ժամանակ, այս քվեարկության ժամանակ նույնպես կողմ եմ քվեարկելու՝ բյուջեում երեք միլիարդ դրամի ավելացման նախագծին: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հաջորդ ելույթը՝ Արթուր Թովմասյան, խնդրեմ, թող պատրաստվի Ալյոշա Գաբրիելյանը:
Արթուր Թովմասյան – Ճիշտ է, օրենքի նախագիծը ներկայացրել է պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը, բայց առանց Հայրենիք խմբակցության, այն կյանքի չէր կոչվելու: Կառավարությունը թեկուզ պատասխան չի տվել՝ ոչ դրական, ոչ՝ բացասական, բայց Արցախում այս պահին գործող ամենամեծ խմբակցությունը կողմ է քվեարկել: Ի՞նչ տեսակետից, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել երկրի նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագիրը կյանքի կոչելու, և մասամբ համամիտ եմ պարոն Խանումյանի հետ, որ նաև Կառավարությունը հաշվի կնստի այն քաղաքական ուժերի հետ՝ որոշ մասով, գումարային, առաջնահերթությունները կատարեն նաև որոշակի գումարների մասով՝ առաջարկություններ անենք: Շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Ելույթի համար հրավիրվում է պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, թող պատրաստվի Հովիկ Ջիվանյանը:
Ալյոշա Գաբրիելյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Ընդերքի մասին օրենքի նախագիծը, երբ քննարկում էինք, Դաշնակցություն կուսակցությունը հատուկ վերաբերմունք է ցույց տվել, մտահոգություն է հայտնել: Չենք մասնակցել այն պատճառով, որ կարևորը վերջնական արդյունքն է, և մեզ մոտ այդ մտավախությունը առայսօր կա, որ տարվա կտրվածքով, սակայն բյուջեի այն նախատեսված նիշը՝ մտավախություն ունենք, որ կարող է նաև չկատարվի, որովհետև դա է հուշում այն, ինչ որ գործող իրականության մեջ տեսնում ենք: Հիմնական իմ հարցը այն է, որ մենք ամեն անգամ բյուջեի ավելացմանը կողմ ենք, կուսակցությունը կողմ է, որ պետական բյուջեի ավելացում է: Մեր մտահոգող միակ հարցը՝ ծախսային մասն է: Անցած տարի, եթե հիշում եք, երբ 2019թ. պետական բյուջեն ներկայացնում են, ինչքան լավ է, երբ կապիտալ շինարարության ծախսերը նշված էին, մենք նախօրոք կարողացանք անդրադառնալ, քննարկենք, առաջարկություններ մտցնել: Կարծում եմ՝ սա պետք է լինի, կոնկրետ մեր մոտ կան որոշակի հարցեր՝ թե ի՞նչ ուղղությամբ են ծախսվելու այս գումարները, և մենք հիշում ենք, որ այն ժամանակ, խոսք է գնացել, որ այն հիմնականում օգտագործվելու է ճանապարհաշինարարության վրա, և մենք կողմ ենք այն բանին, որովհետև, այսօր մեր գյուղական ճանապարհները, ինչպես նաև այն ճանապարհները՝ հանրապետական նշանակության գտնվում են շատ ծանր, ոչ բարվոք վիճակում, հատկապես ես ուշադրությունը կսևեռեի գյուղական ճանապարհների վրա, որ անանցանելի են և ինչքան ժամանակ է պահանջում մի համայնքից մյուս համայնք տեղափոխվելու վրա: Մի կարևոր առաջարկություն. ես, խնդրում եմ, որ գործադիր իշխանությունը հաշվի առնի. այսօր պատկերացրեք գյուղացիների վիճակը, հողագործների վիճակը, երբ, ամեն անգամ, ժամանակը եկել է մայիս, հունիս ամիսներին հատկապես, երբ սպասում են բերքի, բայց նաև բնական արհավիրքները փչացնում են այն՝ թողնելով մարդկանց շատ ծանր կացության մեջ: Այսօրվա գործող հակակարկտային կետերը իրենց տեխնոլոգիայով բավականին հնացած են և չեն օգնում հողագործներին և ընդհանրապես, կարելի է ասել, անօգտագործելու բաներ են, որովհետև դա է՝ հասարակական, հանրային կարծիքը: Կան առավել ավելի առաջնակարգ, ավելի ժամանակակից հակակարկտային կայաններ, Հայաստանի Հանրապետությունում սկսել են արդեն օգտագործել, մեր առաջարկությունը կլինի, թեկուզ օրինակով՝ մի քանի տեղ, գումարից հատկացվեն հողագործներին օգնելու համար:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Ելույթի համար, խոսքը տրվում է պատգամավոր Հովիկ Ջիվանյանին և եզրափակիչ ելույթ՝ Էդուարդ Աղաբեկյան:
Հովիկ Ջիվանյան – Ողջույն բոլորին: Ճիշտն ասած, հարցի քննարկման ժամանակ՝ հանձնաժողովի նիստում բարձրացվել են հարցերը, որոնք որ այս նիստի ընթացքում նույնպես բարձրաձայնեցին, բայց ես ուզում եմ ուղղակի, շատ հակիրճ, կարելի է այն անվանել հորդոր: Կհորդորեի Կառավարությանը, մենք «Ընդերքի մասին» օրենքի քննարկումների ժամանակ հնչեցնում էինք թվեր՝ մոտավոր 5 միլիարդ թիվ էինք հնչեցնում: Կհորդորեի, ընդհանրապես, ուշադիր լինել, եթե այսօր մենք պիտի ստանանք 5-ի փոխարեն 3 միլիարդ, հետևաբար, ճիշտ կլիներ, որ քննարկումների ժամանակ շատ զգույշ հնչեցվեն այդ թվերը: Մենք խոսում ենք 3 միլիարդի մասին, իհարկե, բոլորս կողմ ենք լինելու՝ օրենքի նախագծին, քանի որ դրանով ավելանում է երկրի բյուջեն 3 միլիարդով՝ միանշանակ ողջունելի է: Հիմա շատ ավելի կարևոր են խաղի կանոնները, ճշտենք՝ բյուջեն 3 միլիարդով ավելացնում ենք առանց իմանալու ի՞նչի համար ենք դա օգտագործում: Այսինքն, մենք անմասն ենք մնալու այդ գումարների ծախսերից: Կառավարության որոշումը՝ թե ե՞րբ կլինի, ի՞նչ կլինի, ո՞նց կլինի, համ էն դեպքում մենք դրա վրա որևէ ազդեցություն, լծակ չենք ունենալու: Այնինչ, բյուջեի մասին օրենքը, երբ որ ներկայացնում ենք, բացվածքը Կառավարությունը տալիս է: Միգուցե, չգիտեմ, որպես էքստրեմալ պայմաններում կայացվող որոշում է՝ ընդունենք, բայց կհորդորեի հաշվի առնել այս երկու գործոնները: Այսքանը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Ելույթի համար խոսք ունի պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ: Չգիտեմ, չեմ հիշում ավելի շուտ, Թումանյանի «Տերն ու ծառան է» մոտավորապես մեր իրավիճակին համապատասխանում, որ աշխատելուց հողի հետ, ծառան մի կճուճ ոսկի է գտնում, տերը ասում է՝ բեր այդ ոսկին տուր մեզ, նրանից հետո մենք կորոշենք, դուք սոված եք, թե՝ չէ: Թումանյանից անցնեմ Ռեյգանին: Ռեյգանը Ամերիկայի ամենահայտնի նախագահն է, նույնիսկ Վաշինգտոնից էլ է հայտնի: Չնայած, իր անունից պիտի ներողություն խնդրեմ՝ ասեմ, Կառավարությունը միշտ էլ ունի անհագ ծարավի, չմիզելու ոչ մի ցանկություն, չի կարելի նման գործելակերպ: Բազմիցս նշել ենք՝ պատգամավորական հայտարարությամբ միշտ էլ հանդես եմ եկել՝ ասֆալտապատել, չորս տարի անընդհատ, գրավոր ասում ենք, գրավոր գրում ենք բյուջեի քննարկումներին, գյուղը ողնաշարին, Արցախի ողնաշարին կապել, ողնաշարը կողեր էլ ունի, գյուղերը կկապեք այդ ողնաշարին՝ մայրուղուց: Փող չունենք, փող չկա, հիմա ասում եք՝ փող չունենք: Էս փողը, էս էլ ծրագիրը, առավել ևս Կառավարությունը կարևորել է բյուջետային ծրագրավորում հասկացողությունը, որը չնչին պրոտոտիպերով գյուղատնտեսության նախարարությամբ փորձում է իրականացնել: Էս էլ ծրագիրը, փորձեք իրականացնել բյուջետային ծրագրավորումը, որովհետև սրանից հետո էլ հնարավորություն չի լինելու: Մինչև 2020թ. իրավասությունները արդեն վերջացել են, եռամյա ծրագիրը վերջանում է: Սա վերջին անգամն է, որ այս կազմով խորհրդարանը, այս Կառավարությանը դեռ հսկելու է՝ մայիսին, այն էլ՝ հարցական է: Որոշումները ընդունում է հունիսին՝ ընդունենք, փոխանցենք հաջորդին: Շատ տեղին կլիներ՝ ծրագրային բյուջետավարում հասկացողությունը, հրապարակայնորեն հանրությունից էլ հարցրեք: Կոնկրետ տարածքներ ենք ասել, կոնկրետ՝ ստրատեգիական նշանակության, ըստ մեզ՝ ռազմավարական նշանակության: Քարվաճառի խաչմերուկից դեպի Քարվաճառ, Մեծ շենից դեպի Թալիշի ուղղություն, Ճարտարից դեպի Զորավանի ուղղություն: Երկու պաշտպանական շրջանները այնտեղ կապող ուղղություն, թեկուզ երկու, երեք, չորս կիլոմետր արեք, ինչ է եղել որ: Ժողովուրդը պետք է տեսնի, ժողովրդի մեջ պետք է հույսը ծագի: Ճիշտն ասած, չեմ հավատում, որ այդ նպատակին կծառայի: Ավելի ճիշտ կլիներ քվեարկել դեմ, մինչև ծրագիր չներկայացնեն, բյուջետային ծրագրավորման համապատասխան: Միայն դրանից հետո՝ տաս օրից հետո՝ գնացեք, կատարեք: Համապատասխան, առանձին վերահսկել, ոչ թե խառնել բյուջեի հետ և այլն, և այլն: Չեմ հավատում, որովհետև 12 տարի է, չեն որոշել, որ այս քաղաքացին ամրագոտի կապի՞, թե՝ չէ: Հիմա ասում եք՝ միանգամից տվեք մեզ՝ գնալու ենք որոշենք: Ինչո՞ւ ոռոգման մասին ոչ մեկը չի խոսում: Աշխարհի 40 տոկոսը մի քսան տարուց հետո ծարավ է լինելու, արդեն ծարավ է: Հիմա պետք է այդ ենթակառուցվածքները դնենք, ոչ թե շենքեր վերանորոգենք, կոսմետիկ վերանորոգումներով զբաղվեք: Թեկուզ քիչ, դնենք այդ ուղղությունը, գնանք: Կարևորում ենք, ելույթներով կարևորում ենք, բայց արդյունքը՝ զրո: Չեմ հասկանում, ճիշտն ասած, իմ գործընկեր Գաբրիելյանի առաջարկությունը, որ բոյկոտել համարեն, հիմա առաջարկեն: Տրամաբանությունը չեմ հասկանում, ճիշտն ասած: Նույնիսկ, կասկածում եմ՝ ինչպիսին է լինելու քվեարկությունը՝ կողմը, դեմը, չնայած կուզեի, որ դեմ քվեարկենք: Չանցնի, հաջորդ ծրագրային բյուջետավորման հետ միասին քվեարկենք, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Մենք մտքերի փոխանակությունը ամփոփեցինք, այժմ անցնում ենք եզրափակիչ ելույթների: Եզրափակիչ ելույթների իրավունք ունեն և հիմնական զեկուցողը, և հարակից զեկուցողը: Եզրափակիչ ելույթ ունի Արցախի Հանրապետության պետական նախարար, պարոն Գրիգորի Մարտիրոսյանը, խնդրեմ, պարոն պետնախարար:
Գրիգորի Մարտիրոսյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ոչ թե, որպես ելույթ, այլ, ուղղակի որոշ հնչեցրած կարծիքների վերաբերյալ, մեկնաբանություններ, պարզաբանություններ պետք է ներկայացնեմ: Նախ՝ արտակարգ ռեժիմով նախագծի ներկայացման հետ կապված նշեմ, որ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարությունը առաջարկել է ուղղել նշված՝ պետական բյուջեի եկամտային մասով լրացուցիչ եկամուտները՝ առաջին հերթին ներդրումներին, այսինքն` տնտեսության ուղղվող ծախսերի ավելացման, որը ինչպես հայտնի է, նաև կունենա բազմապատիկ էֆեկտ: Հաշվի առնելով, որ հիմնականում ուղղվելու է կապիտալ շինարարության ծրագրին, այդ ծրագրում ներառվող աշխատանքների կատարման ժամկետների հրատապությամբ և շինարարական հիմնական սեզոնի սկսման հետ կապված, որոշում է կայացվել, նպատակահարմար է գտնվել ներկայացվել արտակարգ ռեժիմով, որպեսի այդ աշխատանքների սկիզբը ընթանա ժամանակին, և որևէ ուշացում՝ դրանով պայմանավորված, մենք չունենանք: Բազմիցս նշվել է գումարի ուղղությունների մասին: Իմ գործընկերը ներկայացրել է հիմնականում, որտեղ և որ ուղղություններին են ներկայացվելու: Ինչպես հայտնել է, կապիտալ ներդրումների այդ ընդհանուր ուղղությունը, որը նշված է օրենքի նախագծում, այդ ծրագրի ներսում, հիմնականում գումարները կուղղվեն ճանապարհաշինությանը և այլ ենթակառուցվածքների զարգացմանը: Ընդ որում, ճանապարհաշինության շրջանակներում, զգալի մասը կուղղվի ռազմավարական նշանակություն ունեցող՝ Քարվաճառ-Սոթք ճանապարհահատվածի կառուցմանը: Այդ ճանապարհի նշանակության մասին, կարծում եմ՝ լրացուցիչ հիմնավորումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա, որովհետև այն իրականում կրում է ստրատեգիկ բնույթ և ավելի կարևորվում է Կառավարության կողմից, քան տեղական նշանակության այլ ճանապարհների կառուցումը: Սա՝ ուղղությունների մասին: Պետք է նշեմ նաև, որ օրենքի հեղինակի կողմից, «Բնապահպանական վճարների» փոփոխության մասին օրենքի հեղինակի կողմից ներկայացված առաջարկությունը, գյուղերի ճանապարհները, մայրուղուն կապող ճանապարհահատվածի վերաբերյալ, դրանց շուրջ աշխատանքները նույնպես իրականացվում են: Ես չգիտեմ ինչքանով պետք է հավատալ կամ չհավատալ փաստացի իրականացվող աշխատանքներին, որոնք յուրաքանչյուրը կարող է իր աչքով տեսնել: Խոսքը՝ թե Հաթերքին միացնող ճանապարհի, թե Թալիշին միացնող ճանապարհների մասին է, որոնք իրականացվել են և սկսվում են արդեն իրականացվել, և այդ աշխատանքներ՝ ակնհայտ իրականացվում են: Նաև կուզենայի անդրադառնալ այն հարցին, թե Կառավարությունը կարծիք չի ունեցել նախորդ օրենքի նախագծի վերաբերյալ: Բնական է, Կառավարությունը յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ունի իր կարծիքը, բնական է, որ շատ է պարզաբանվել այդ հարցը և կարիք չկա նորից՝ մանրամասն անդրադառնալու, սակայն պետք է նշեմ, որ այն անորոշ և այն նախնական տեղեկությունները, որոնք նախորդ օրենքի, նախագծի քննարկման ժամանակ հայտնվել է: Հենց այդ պատճառով է, որ գումարը մինչև վերջին ժամանակները, մինչև ապրիլի ավարտը չեն հստակեցվել՝ հիմք են տալիս մեզ եզրակացնելու, որ այսպիսի անորոշ և այսպիսի ոչ հստակ ֆինանսական պայմանների պարագայում, այլ կարծիք հայտնվել չէր կարող: Ի դեպ, հիշեցնեմ, որ երբեք Կառավարության ներկայացուցիչները չեն հայտնել որևէ թիվ, թիվ չեն հնչեցրել՝ հինգ միլիարդի չափով կամ այլ գումարների չափով: Դրանք հնչեցվել են պատգամավորների կողմից: Այդ հիմնական, վճարող հանդիսացող կազմակերպության կողմից, բայց որպես Կառավարության անդամների կողմից: Պետք է անդրադառնամ նաև կապիտալ ներդրումների բացվածքի ներկայացմանը: Ինչպես գիտեք, մենք որդեգրել ենք այդ հնարավորինս մանրամասն, կապիտալ ներդրումների ծրագիրը Ազգային ժողովին, դեռևս նախագծման փուլում ներկայացնելու քաղաքականությունը և 2019թ. պետական բյուջեի շրջանակներում, այդ ծրագիրը՝ նախնական տարբերակով, բյուջեի հետ միաժամանակ ներկայացվել է: Հավաստիացնում եմ, որ 2020թ. պետական բյուջեի հետ միաժամանակ նույնպես կներկայացվի՝ կապիտալ ներդրումների ծրագիրը: Ընդ որում, ի լրումն անցած տարվա այդ քաղաքականության նշեմ, որ այս տարի մենք՝ երեք տարվա կտրվածքով, կապիտալ ներդրումների ծրագիրը ավելի խոշորացված կներկայացնենք նաև միջնաժամկետ ծախսերի ծրագրի հետ՝ ի գիտություն Ազգային ժողովի, ինչպես որ ներկայացնում է միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Եվ վերջին հարցը վերաբերում է հակակարկտային կայաններին, ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս Կառավարության նիստում քննարկվել է այդ հարցը նախագահի մասնակցությամբ, և, ուղղակի, որպես պարզաբանում նշեմ, որ ներկայումս Կառավարությունում քննարկվում է գործող հակակարկտային կայանների արդյունավետության և հետագա շահագործման նպատակահարմարության հարցը: Ինչպես նշվեց, Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է կիրառել այլ շարժական կայանների, որոնց դրական արդյունավետության դեպքում մենք նույնպես կմասնակցենք և Արցախում նույնպես կկիրարկենք նշված հակակարկտային այլ եղանակող գործող շարժական կայանները: Այդքանը, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն պետնախարար: Չնայած գլխադասային հանձնաժողովը պետք էր մինչև այդ լիներ: Կա ցանկություն եզրափակիչ ելույթի: Շատ լավ, մենք այսքանով ամփոփում ենք մեր քննարկումների առաջին փուլը, մենք, փաստորեն լսեցինք և նախագծի հեղինակին, և Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովին, պատգամավորները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերով դիմել, մասնակցել նաև մտքերի փոխանակությանը, որպեսզի մենք ճիշտ կողմնորոշիչներ ունենանք, հաջորդ ժամերի մեր աշխատանքի մասին նորից եմ ուզում կրկնել՝ մենք հիմա քվեարկելու ենք ներկայացված օրենքի նախագիծը 2019թ. պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ առաջին ընթերցմամբ ընդունելու համար, որից հետո ֆիքսում ենք ժամը՝ երեք ժամվա ընթացքում հնարավորություն է տրվում, որպեսզի պատգամավորները և խմբակցությունները ներկայացնեն իրենց առաջարկությունները, հաջորդ երեք ժամը արդեն Կառավարությունը կամփոփի, կընդհանրացնի այդ ներկայացված առաջարկությունը: Այդպիսի առաջարկություններ լինելու դեպքում մենք կունենանք գլխադասային հանձնաժողովի նոր նիստ, որտեղ այդ ներկայացված առաջարկությունները կներկայացվեն և առաջարկությունների հեղինակները կտեղեկացվեն իրենց ներկայացրած կարծիքների և ցանկությունների մասին: Սա է լինելու ընթացակարգը, որից հետո՝ մենք արդեն վեց ժամից հետո շարունակելու ենք Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը և ընդունելու ենք վերջնական որոշումը: Սա է մեր հետագա քայլերը: Խնդրում եմ պատգամավորներին՝ լինել ուշադիր: Կարծում եմ՝ բոլոր կարծիքները ասված են, քանի որ սա վերջնական քվեարկությունը չէ՝ չեմ էլ ուզում որևէ լրացուցիչ գնահատական հնչեցնել: Թվում է ամեն ինչ պարզ է: Մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի մեր պետական բյուջեն ունենա լրացուցիչ հնարավորություններ, իսկ թե ինչպե՞ս ծախսել, եթե 33 հոգուն էլ հարցնենք՝ 33 տարբեր կարծիքներ ենք ունենալու: Ամեն դեպքում, մենք ունենք այս դրական արձանագրումը, և առաջարկում եմ՝ այժմ քվարկենք Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Արցախի Հանրապետության օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 4: Որոշումն ընդունված է, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունված է: Հիմա առաջարկում եմ ֆիքսենք այս պահը, կարծում եմ՝ տասը րոպեն որևէ բան չի փոխելու: Եթե դեմ չեք, 17 անց 30 մենք շարունակում ենք նիստը՝ 2019թ. պետական բյուջեում փոփոխություն կատարելու նախագիծը քննարկելու համար, բայց այս պահից, մինչև ժամը 14 անց 30, առաջարկությունները ներկայացնելու ժամանակն է, շնորհակալություն, ընդմիջում:
Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, շարունակում ենք Ազգային ժողովի արտահերթ նիստը: Ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր առավոտյան բացեցինք Ազգային ժողովի արտահերթ նիստը ունենալով Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ 2019թ. մայիսի 3-ին ժամը 11.00-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ հրավիրելու մասին, և օրակարգում ընդգրկելով Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին, Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Մենք առավոտյան այդ հատվածում լսեցինք նաև օրենքի նախագծի ներկայացումը՝ մեր լիազորված անձանց կողմից, որից հետո կանոնակարգի պահանջներին համապատասխան ունեցանք նաև հարցեր պատգամավորների կողմից, մենք անցկացրեցինք նաև մտքերի փոխանակություն, որից հետո՝ առավոտյան, մեր կողմից ընդունված Ազգային ժողովի որոշման համաձայն, հիմք ընդունելով հատուկ ընթացակարգ նաև շարունակեցինք, որ նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում, մինչև երկրորդ ընթերցում, դրա վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ: Այդ երեքական ժամը անցել է, մենք քիչ առաջ ունեցանք նաև Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի հերթական նիստը, որն ամփոփեց այս հատվածում ունեցած առաջարկությունները: Որպեսզի դրանք կրկնողություններ չլինեն, ես նույնպես չհնչեցնեմ: Այժմ ես ուզում եմ հրավիրել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանին, ներկայացնելու՝ այս հատվածում կանոնակարգային պահանջներին համապատասխան, տեղի ունեցած աշխատանքները: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: 2019թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ մենք ստացել ենք պատգամավորների երկու առաջարկություն՝ Արմեն Օհանյանի և Լյուդմիլա Բարսեղյանի կողմից: Առաջին հարցը վերաբերում է Հադրութի շրջանի, Այգեստան-Ակնաղբյուր ռազմավարական ճանապարհին, Մելիքաշեն-Պլետանց գյուղերի ձորից մինչև Պլետանց գյուղի գերեզմաններն ընկած հատվածը՝ այդ հատվածի ճանապարհի շինարարության մասով ծրագրում ընդգրկելու: Այս մասով, մենք հանձնաժողովում քննարկել ենք, ես ներկայացրել եմ Կառավարության եզրակացությունը, մենք այստեղ ունենք որոշ տեխնիկական խնդիրներ՝ գազատարի տեղափոխման հետ, աշխատանքների իրականացման հետ կապված: Այդ աշխատանքներն իրականացնելուց հետո, այդ ճանապարհի այդ հատվածը կշարունակենք շինարարությունը և կհասեցնենք ավարտին: Երկրորդ հարցը վերաբերում է՝ Տիգրան Մեծ փողոցի մայրուղուց դեպի 2-րդ փակուղի 5-րդ շենք տանող ասֆալտապատման աշխատանքներին: Մենք այդ հարցը նաև 2019թ. պետական բյուջեի նախագիծը քննարկելու ժամանակ ստացել ենք այդ առաջարկությունները, և Կառավարության եզրակացությունը եղել է, որ այդ ճանապարհը ներառված է 2020թ. պետական բյուջեի կապիտալ ներդրումների ծրագրում: Մենք արդեն այդ հաշվարկները ունենք, այդ ճանապարհի արժեքը կազմում է 72 միլիոն 450 հազար դրամ, և ինչպես նշել ենք 2020թ. կապիտալ ներդրումների ծրագրում այն ընդգրկված է և կսկսեն աշխատանքները: Շնորհակալություն
Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Ուզում եմ հիշեցնել, որ այս փուլում քննարկումները շարունակում ենք, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 77-րդ հոդվածի համապատասխան, որի համաձայն, Ազգային ժողովի նիստում օրենքի նախագծի քննարկումը 2-րդ ընթերցմամբ կատարվում է հետևյալ տրամաբանությամբ՝ 2-րդ մասով՝ զեկուցողներին հարցեր տալու իրավունք ունեն միայն նախագծի վերաբերյալ, կանոնակարգով սահմանված կարգով ներկայացված առաջարկների հեղինակները, խնդրեմ, եթե հեղինակները առաջարկություններ ունեն: Քիչ առաջ, հանձնաժողովի նիստում հարցեր ունեցանք, բայց եթե համարում եք, որ այստեղ շարունակելու կարիք կա, ունեք լրացուցիչ հարցեր, կարող եք դիմել հիմնական զեկուցողին: Հարցե՞ր՝ առաջարկությունների հեղինակներից: Չկան, շնորհակալություն, պարոն Հարությունյան: Մենք հիմա պետք է լսենք գլխադասային հանձնաժողովի նոր եզրակացությունը՝ երկրորդ ընթերցմամբ նախագիծը ներկայացնելու համար: Ես հրավիրում եմ խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ընդմիջումից հետո, պատգամավորական նախաձեռնությունների հետ, առաջարկների հետ միասին քննարկվել է հանձնաժողովի նիստում: Ինչպես ասաց Կառավարության լիազոր ներկայացուցիչը, սպառիչ պատասխաններ ներկայացվեցին, պատգամավորները, ինչքան ես հասկացա, բավարարված են Կառավարության պատասխանով՝ հանձնաժողովը դրական եզրակացությամբ առաջարկում է ձեզ ընդունել այն որպես օրենք, շնորհակալություն:
Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Եթե հարցեր ունեք գլխադասային հանձնաժողովի նախագահին, խնդրեմ, գրանցվեք, հարցե՞ր: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, կարող եք նստել: Մենք կանոնակարգային պահանջներով առաջնորդվելու դեպքում ունենք նաև մեկ հատված՝ նորից մտքերի փոխանակության, եթե կա այդպիսի ցանկություն՝ ելույթների, կարող ենք շարունակել քննարկումը ներկայացված նախագծի, եթե՝ չէ, ուրեմն արդեն պիտի ամփոփենք: Չկա, շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մենք այսքանով հանրագումարի ենք բերում արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցը: Փաստորեն, մեր սպասումների համաձայն, այս պահին խորհրդարանը քննարկման ընդունեց 2019թ. պետական բյուջեի մասին Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նոր օրենքի նախագիծ, համաձայն որի մեր պետական բյուջեն համալրվեց ևս երեք միլիարդ դրամով: Մեր այսօրվա քննարկումների մեծ մասը կապված էր այդ գումարների ծախսման նպատակահարմարության հետ, կարծում եմ՝ մենք Կառավարության ներկայացուցիչների հետ այս մտքերի փոխանակության ընթացքում հանգեցինք այն եզրակացությանը, որ, իհարկե, այն տրամաբանությունը, որ դրված է բյուջետային գործընթացի հիմքում, հուշում է, որ այս երեք միլիարդը պետք է մուտք գործի Կառավարության համար, այդ բյուջետային փաթեթի մեջ, որից հետո լինի դրա բաշխումը: Հույս ունեմ, որ այսօրվա պատգամավորների առաջարկները հաշվի առնելով՝ առաջիկայում անպայման առիթ գտնենք քննարկելու համար, թե ինչպիսի ծրագրեր են առաջարկում կապիտալ շինարարության ներդրումների համար: Խնդրում եմ պատգամավորներին ուշադիր լինել, որովհետև մենք այսքանով եզրափակում ենք արտահերթ նիստի օրակարգային հարցը: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին, Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 2: Որոշումն ընդունված է: Օրենքում համապատասխան փոփոխությունների առաջարկը, հետևաբար նույնպես ընդունվեց: Շնորհակալություն, այսքանով մենք ավարտում ենք մեր աշխատանքը: Շնորհակալություն բոլոր մասնակիցներին, Ցտեսություն: