ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ
Ընդունված է 2019 թվականի
ապրիլի 17-ին
ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է ներման, ներման խնդրագրերը ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Ներման մասին օրենսդրությունը
1. Ներման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով և սույն օրենքով:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ներում՝ մարդասիրական դրսևորում, որի միջոցով Արցախի Հանրապետության նախագահը սույն օրենքով սահմանված կարգով հանցագործության համար դատապարտված անձին կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից կամ պատժի չկրած մասը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով, կամ կարող է վերացնել դատվածությունը.
2) ներման խնդրագիր՝ գրավոր դիմում, որը հանցագործության համար դատապարտված անձը ներկայացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից ներում շնորհելու նպատակով:
ԳԼՈՒԽ 2
ՆԵՐՄԱՆ ԽՆԴՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ: ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ
Հոդված 4. Ներման խնդրագրերը ներկայացնելու կարգը
1. Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
2. Այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ: Ներման միջնորդություններ ներկայացնելու դեպքում դրանք կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներկայացրած ներման խնդրագրին: Ներման միջնորդությունները չեն քննարկվում, եթե առկա չէ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձի ներման խնդրագիրը:
3. Ներման խնդրագիրը ներառում է՝
1) ներման խնդրագիրը ներկայացնող անձի անունը, ազգանունը.
2) ծանուցման վայրի մասին նշում.
3) գործի հակիրճ նկարագրությունը.
4) ներման խնդրագրով հայցվող խնդրանքի էությունը.
5) դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ.
6) ներման խնդրագիրը հիմնավորող հանգամանքները.
7) ներման խնդրագիրը ներկայացնող անձի կարծիքով ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
4. Ներման միջնորդությունների առկայության դեպքում ներման խնդրագիր ներկայացնող անձը դրանք կարող է կցել ներման խնդրագրին:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ ներման խնդրագրին ներկայացվող պահանջները չպահպանելն արգելք չէ ներման խնդրագրի քննարկման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ներման խնդրագրով հնարավոր չէ նույնականացնել այն ներկայացնող անձին:
6. Ներման խնդրագրերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կողմից առձեռն կամ փոստով ներկայացվում կամ պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ (այսուհետ՝ աշխատակազմ):
7. Ներման խնդրագրերը պատիժը կատարող մարմնի միջոցով ուղարկվելու դեպքում պատիժը կատարող մարմնի վարչակազմը ներման խնդրագրերը ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է աշխատակազմ:
8. Ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք առձեռն կամ փոստով ներկայացնում են աշխատակազմ:
Հոդված 5. Ներման խնդրագրերը քննարկելու կարգը
1. Հանցագործության համար դատապարտված անձին կարող է ներում շնորհվել, եթե նա ներկայացրել է ներման խնդրագիր:
2. Ներման խնդրագիրը քննարկելու նպատակով աշխատակազմը ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ:
3. Ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ անձնական գործը (այսուհետ՝ անձնական գործ) կազմվում է պատիժը կատարող մարմնի ներկայացրած տվյալների հիման վրա: Պատիժը կատարող մարմինը աշխատակազմի հարցումն ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում պահանջվող տեղեկատվությունը ներկայացնում է աշխատակազմ:
4. Անձնական գործը պետք է ներառի հանցագործության համար դատապարտված անձի ներկայացրած ներման խնդրագիրը, ներման միջնորդությունները (առկայության դեպքում), նրա վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսևորած վարքագծի բնութագիրը, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված՝ ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքների մասին ամփոփ տեղեկանքը:
5. Ներման խնդրագրերը, նախքան Արցախի Հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Արցախի Հանրապետության նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով):
6. Հանձնաժողովը ներման խնդրագրի վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահին ներկայացնում է առաջարկություն:
7. Նախնական քննարկման համար Հանձնաժողով, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ նյութերը նախապատրաստում է աշխատակազմը:
Հոդված 6. Ներման խնդրագրերի քննարկման ժամանակ ուսումնասիրվող հանգամանքները
1. Ներման խնդրագրերը քննարկելիս ուսումնասիրվում են հետևյալ հանգամանքները`
1) ներման խնդրագրով հայցվող խնդրանքի էությունը.
2) կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը.
3) դատապարտյալի անձը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ դատապարտյալի ունեցած վերաբերմունքը.
5) դատապարտյալի վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
6) պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագիծը.
7) ռեցիդիվի առկայությունը.
8) տուժողին պատճառված վնասը հատուցելը կամ այլ կերպ հարթելը.
9) մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին և ծրագրերին.
10) առողջական վիճակը.
11) սոցիալական դրությունը.
12) ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
13) նախկինում ներում շնորհված լինելու կամ համաներում կիրառված լինելու, նախկինում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված լինելու հանգամանքը.
14) ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Հոդված 7. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերը: Ներում շնորհելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի կատարումը
1. Ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին Արցախի Հանրապետության նախագահը ընդունում է հրամանագիր:
2. Ներում շնորհելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերը կատարման նպատակով ուղարկվում են՝
1) տուգանքի կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կամ հանրային աշխատանքների կամ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու կամ գույքի բռնագրավման կամ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կամ դատվածության վերացման վերաբերյալ՝ Արցախի Հանրապետության ոստիկանություն.
2) զինվորական ծառայության մեջ սահմանափակման կամ կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
3. Ներում շնորհելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերը ի կատար են ածվում անհապաղ՝ հրամանագրերի քաղվածքները ստանալուն պես։ Սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները հրամանագրերի կատարման մասին հաղորդագրություններն անհապաղ ուղարկում են աշխատակազմ, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշված մարմինը՝ նաև Արցախի Հանրապետության ոստիկանություն:
4. Աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է Արցախի Հանրապետության ոստիկանություն, Արցախի Հանրապետության դատարաններ և Արցախի Հանրապետության դատախազություն, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն: Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին ներման խնդրագրեր ներկայացրած անձինք ծանուցվում են պատիժը կատարող մարմինների միջոցով:
5. Ներման ակտով անձը չի կարող ազատվել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական և ոչ նյութական վնասը հատուցելու պարտականությունից:
6. Ներում շնորհված դատապարտյալների նկատմամբ կայացված դատավճիռները նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում Արցախի Հանրապետության դատարաններն իրենց կայացրած՝ հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին դատական ակտերի մասին տեղեկացնում են աշխատակազմին:
7. Դատապարտյալի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի նախորդ քննության ժամանակ թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման հիմքով վերանայելու դեպքում ներման խնդրագրի քննարկումը կասեցվում է մինչև վերանայման վարույթի արդյունքով կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
Հոդված 8. Ներման նոր խնդրագրեր ներկայացնելը
1. Ներման խնդրագրերը մերժելու կամ մասնակիորեն բավարարելու դեպքում, եթե առկա չեն ուշադրության արժանի նոր հանգամանքներ, ներման նոր խնդրագրերը Արցախի Հանրապետության նախագահի քննարկմանը կարող են ներկայացվել ներման նախորդ խնդրագրերի մերժման կամ մասնակիորեն բավարարման օրվանից մեկ տարի հետո։
2. Մինչև սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտն ստացված ներման նոր խնդրագրերը կցվում են դատապարտյալի ներման գործին։
Հոդված 9. Ներում շնորհելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողությունը
1. Ներում շնորհելու մասին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կատարումը վերահսկում է աշխատակազմը:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
Հոդված 10. Հանձնաժողովի կազմը և աշխատակարգը
1. Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Արցախի Հանրապետության նախագահը:
ԳԼՈՒԽ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 12. Օրենքի գործողությունը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված ներման խնդրագրերի և այն խնդրագրերի վրա, որոնք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ են ներկայացվել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն դեռևս չեն քննարկվել:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. մայիսի 3
Ստեփանակերտ
ՀՕ-18-Ն