ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2019Թ. ԱՊՐԻԼԻ 17-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ժամը 11.00

Նիստին մասնակցում են Հանրապետության նախագահը, ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 31, բացակա՝ 2 պատգամավորներ:

Աշոտ Ղուլյան - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Կառավարության անդամներ, հրավիրվածներ, Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթների և ԱԺ Կանոնակարգ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում 6-րդ գումարման Արցախի Հանրապետության խորհրդարանը 9-րդ նստաշրջանում շարունակում է իր աշխատանքները: Ինչպես միշտ, Ազգային ժողովի գործունեության թիրախում օրենսդրական կարգավորման ենթակա նախագծերն են, խորհրդարանական վերահսկողության արդեն հայտնի ուղղությունները և երկրի ներքին ու արտաքին կյանքին վերաբերող քաղաքական տեսակետները:

Երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը մենք ամփոփել ենք խորհրդարանի մշտական հանձնաժողովների կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները, որի արդյունքում մի շարք օրինագծեր դրական եզրակացությամբ երաշխավորվել են Ազգային ժողովի նիստում քննարկելու համար: Եթե այս շարքին ավելացնենք պարտադիր քննարկման ենթակա թեմաները՝ կարելի է պատկերացնել մեր այսօրվա նիստի օրակարգը:

Հարգելի գործընկերներ, հերթական նիստի աշխատանքները մեկնարկելուց առաջ կցանկանայի անդրադառնալ մեկ այլ կարևոր թեմայի. հավանաբար բոլորն էլ տեղյակ են երկու օր առաջ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետևանքով քրիստոնեական քաղաքակրթության հրաշագեղ կոթողին հասցված մեծ վնասի մասին: Աստվածամոր տաճարը համամարդկային մշակութային արժեք է, ուստի բոլորիս անունից մեր զորակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Առաջիկա օրերին Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի անդամների հետ մենք քննարկումներ կունենանք և կկապվենք Ֆրանսիայի մեր գործընկերների հետ՝ հստակեցնելու, թե ինչպիսի օժանդակություն մենք կարող ենք ունենալ:

Այսքանը՝ որպես մուտքի խոսք, իսկ այժմ խնդրում եմ պատգամավորներին գրանցվել սկսելու համար նիստի աշխատանքները: Գրանցում: Ներկա են 31 պատգամավորներ, բացակա՝ 2-ը: Մեր գործընկերների բացակայության պատճառը գիտենք՝ հարգելի պատճառով, գործուղման և առողջական վիճակով: Շնորհակալություն: Ամեն դեպքում, նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները:

Վահրամ Բալայան -  Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար, խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, ինչպես բոլոր հերթական նիստերի սկզբին, այս անգամ էլ, մեր աշխատանքները պետք է սկսենք այսօրվա նիստի օրակարգը թարմացնելուց, հաստատելուց: Ձեր տրամադրության տակ կան այսօրվա որոշման նախագծերը: Առաջինը այս շարքում 6-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն է: Այս որոշման նախագծի մեջ, ինչպես Կանոնակարգն է պահանջում, Կանոնակարգի պահանջով նստաշրջանի օրակարգի կառուցվածքը հետևյալն է՝ սկզբից ներառված են պարտադիր քննարկման ենթակա հարցերը, և այդ հարցերը այսօրվա համար երկուսն են՝ Արցախի Հանրապետության նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը և Արցախի Հանրապետության դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումը: Նստաշրջանի օրակարգի 2-րդ մասում Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած նախագծերն են, և այսօր դրանք  համալրվում են 4-ով՝ ոչ թե 4-ն են լինելու նախագծում: Այս հարցերն էլ նախորդ օրերի հանձնաժողովների քննարկման արդյունքներում ենք ստացել՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին, Պետական սուրհանդակային կապի մասին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծրագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերն են: Ահա այսպիսինն է մեր նստաշրջանի օրակարգի համալրումը:

Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ: Չկան:

Աշոտ Ղուլյան – Այժմ, ես առաջարկում եմ քվեարկենք Ազգային ժողովի որոշման նախագծի համար՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Շնորհակալություն:

Վահրամ Բալայան - Հարգելի գործընկերներ, ապրիլի 17-ի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Մեր այսօրվա նիստի օրակարգը բխում է քիչ առաջ հաստատած նստաշրջանի օրակարգից: Ըստ այդմ, մենք նույնպես ունենք երկու բաժին մեր այսօրվա ապրիլի 17-ի հերթական նիստի օրակարգում, դրանք քիչ առաջ նշված երկու հաղորդումներն են: Մենք ունենք՝ Ներման մասին Արցախի Հանրապետության օրենքը, և այն ներկայացված է փաթեթով: Այս նախագիծը ներկայացված է 2-րդ ընթերցմամբ, դրա համար նստաշրջանի օրակարգում արդեն կար: Հաջորդ բաժնում մենք ունենք 4 այն նախագծերը, որոնք ներկայացված են, որպես օրենքի նախագծեր՝ դրական եզրակացությամբ և այսօրվա նիստի օրակարգում մենք ունենք  Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին հարց ու պատասխանի օրակարգային հարց, ինչպես նաև վերջին օրակարգային հարցը՝ պատգամավորների հայտարարություն:

Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ, պարոն Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Քանի որ Կառավարության անդամները՝ նախագահի գլխավորությամբ, գտնվում են դահլիճում, հարցեր Կառավարությանը բերել 2-րդ հարց, որ մի անգամ չգնան ու նորից գան: 2-րդ հարցը՝ հարցեր Կառավարությանը, այս առումով, որպեսզի իրենք զբաղվեն իրենց աշխատանքով, մենք էլ՝ մեր:

Աշոտ Ղուլյան – Մենք օրակարգը հաստատում ենք այնպես, ինչպես Կանոնակարգում է ներկայացված, բայց, բնական է, որ աշխատանքային կարգով, մենք այս առաջարկությունները հաշվի կառնենք:

Վահրամ Բալայան - Եթե ուրիշ հարցեր կա՞ն՝ չկան:

Աշոտ Ղուլյան – Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. ապրիլի 17-ի նիստի օրակարգը հաստատելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 31, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Մենք հաստատեցինք այսօրվա նիստի օրակարգը և նաև հընթացս լրացումներ կատարեցինք նստաշրջանի օրակարգում, և այժմ անցնում ենք մեր հաստատած օրակարգային հարցերի քննարկմանը: Այս շարքում առաջինը, ինչպես նշեցինք՝ Արցախի Հանրապետության նախագահի հաղորդումն է: Մենք մի քանի օր առաջ ստացել ենք Հանրապետության նախագահի նամակը, որտեղ Սահմանադրության 93-րդ հոդվածին համապատասխան, առաջարկվում է Նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հարցը ընդգրկել Ազգային ժողովի ապրիլի նիստի օրակարգում: Սա նաև մեր կանոնակարգային պահանջներին համապատասխան է, թե ինչ ժամանակում պետք է քննարկենք: Ուզում եմ մինչև հարցի քննարկումը սկսելը հիշեցնել պատգամավորներին, որ Նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդումը ներկայացվում և քննարկվում է Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի 114-րդ հոդվածին և մասամբ 115-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչը նշանակում է, որ Հանրապետության նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողովին է ներկայացնում նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդում: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ, հաղորդումը ներկայացնելու համար Հանրապետության նախագահին հատկացվում է մինչև մեկ ժամ, հարակից զեկուցմամբ կարող են հանդես գալ բոլոր մշտական հանձնաժողովների մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև Հանրապետության նախագահի ներկայացմամբ Կառավարության մինչև երեք անդամ, որից հետո նրանց կարող են տրվել հարցեր: Եզրափակիչ ելույթի համար Նախագահին հատկացվում է մինչև 30 րոպե, իսկ 115-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ Ազգային ժողովի նիստում այս հարցերը քննարկվում են հետևյալ կարգով` Նախագահին հատկացվող ժամանակի  մասին խոսեցինք, հարակից զեկուցում չի լինում: Հարցեր են լինում արդեն  ըստ զեկույցի ներկայացման, որից հետո կարող է լինել մտքերի փոխանակություն և եզրափակիչ ելույթ: Ահա այսպիսն է լինելու մեր ընթացակարգը այսօր՝ Նախագահի ծրագրի հաղորդման, և այժմ, սիրով ուզում եմ խոսքը տրամադրել Արցախի Հանրապետության նախագահ, պարոն Բակո Սահակյանին:

Բակո Սահակյան – Հարգելի պատգամավորներ, Կառավարության անդամներ, ներկաներ:

Իմ հաղորդման մեջ ես ամփոփ կներկայացնեմ Արցախի Հանրապետության նախագահի 2018թ. ծրագրի կատարման ընթացքն ու արդյունքները եւ 2019թ. ծրագիրը, ինչը Սահմանադրության պահանջ է:

2018թ. մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել եւ ներկայումս կյանքի են կոչվում  ընթացիկ տարվա ծրագրերը:

Բնական է, որ պետության, թերևս, ամենակարևոր առաջադրանքներից եղել է, կա և կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը:

Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված առաջադրանքները՝ պահպանելով սահմանների անձեռնմխելիությունը և պետության լիարժեք անվտանգությունը:

Վերջին ժամանակահատվածում, հատկապես՝ սկսած անցած տարվա սեպտեմբեր ամսից, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում սահմանների ողջ երկայնքով զինադադարի խախտումների դեպքերը կտրուկ նվազել են: Այս մասին մենք բազմիցս նշել ենք:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի վերանայել հայատյացության վրա հիմնված իր տեսլականն ու մոտեցումները եւ շարունակում է ագրեսիվ, ոչ կառուցողական քաղաքականությունը դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական եւ այլ հարթություններում:

Դուք քաջատեղյակ եք նաև այն լայնածավալ զորավարժությունների մասին, որոնք իրականացվել են Ադրբեջանում 2018թ. և 2019թ. այս ամիսների ընթացքում: Նույնիսկ Վիեննայի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և կատարում տարբեր հայտարարություններ:

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակորդի նպատակները ու դրանց հասնելու ձեւերը չեն փոխվում, և ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ուժային տարբերակով շարունակում է գերակայել նրա ռազմաքաղաքական օրակարգում: Եվ դա մենք չենք կարող հաշվի չառնել:

Անցած տարվա ընթացքում հետեւողական աշխատանքներ են տարվել բանակի մարտական պատրաստականության, զորքերի դաշտային պատրաստվածության մակարդակի բարձրացման, մարտական հնարավորությունների ընդլայնման, բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման, ղեկավարման համակարգի կատարելագործման, առաջնածին տեխնիկական հագեցվածության և ծառայության պայմանների բարելավման, զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման և մի շարք այլ ուղղություններով:

Հատուկ ուշադրության կենտրոնում էին անձնակազմի հետ տարվող աշխատանքները զինված ուժերի շարքերում բարոյահոգեբանական վիճակի բարելավման, ոչ կանոնադրական հարաբերությունների դեմ համառ պայքարի ուղղությամբ:

Ծավալուն աշխատանքներ են կատարվել՝ ուղղված ինժեներական ամրակառույցների ու կապի համակարգի զարգացմանը և արդիականացմանը, ինչպես նաեւ  զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը:

2019թ. կշարունակվի բանակաշինության ոլորտում բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը՝ ըստ հաստատված ժամկետների և ապահովելով կատարվող աշխատանքների բարձր որակը:

Նման մոտեցման հիմքում ընկած է այն ակնհայտ ճշմարտությունը, որ ինչքան ուժեղ լինեն մեր զինված ուժերը, այնքան ավելի ամուր ու կայուն է լինելու իրավիճակը սահմաններում և մեր տարածաշրջանում:

Մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորմանը, սակայն ցանկացած ագրեսիայի դեպքում, եթե այդպիսին լինի, մեր կողմից արվելու է ամեն ինչ հայրենիքի անկախությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը պաշտպանելու համար:

Մեր անվտանգության հետ անմիջականորեն առնչվում է նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այստեղ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է ընթանա խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, Արցախի Հանրապետության՝ որպես բանակցային լիիրավ կողմի մասնակցությամբ:

Անցած տարի շարունակվել է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ սերտ համագործակցությունը։ Հետեւողական աշխատանքներ են տարվել միջազգային կազմակերպություններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր ուղղությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կառույցներում տարածվել են Արցախի արտաքին գերատեսչության մի շարք պաշտոնական փաստաթղթեր։

Առաջին անգամ պատրաստվել են երկու կամավոր զեկույցներ՝ Արցախի Հանրապետության կողմից 1992թ. նոյեմբերի 26-ին միակողմանի կարգով միացած «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի դրույթների կատարման, ինչպես նաեւ Արցախում ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակների իրականացման վերաբերյալ, որոնք ուղարկվել են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներ։

Մենք բազմիցս նշել ենք, որ արցախյան կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված հակամարտ կողմերի շփման գծում միջադեպերի կանխարգելմանն ու  կայունության, բանակցային գործընթացի շարունակականության համար բարենպաստ պայմանների ապահովմանը։ 

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության, սփյուռքի ազդեցիկ կազմակերպությունների եւ արտերկրում Արցախի համակիրների հետ  շարունակվել են  Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների առաջմղման և դրա անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Համագործակցության մասին հռչակագրեր են ստորագրվել  Արցախի եւ օտարերկրյա պետությունների 6 քաղաքների միջև։ Քայլեր են ձեռնարկվել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում հաստատված հարաբերություններին գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ, մասնավորապես` աշխատանքներ են իրականացվել Արցախի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, կրթության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Մեծ կարեւորություն է տրվել միջազգային կապերի զարգացմանն ու խորացմանը՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող մեկուսացման քաղաքականությանը դիմակայելու տեսանկյունից։ Օտարերկրյա տարբեր պետություններից և միջազգային կառույցներից Արցախ է այցելել ավելի քան 70 պատվիրակություն։

Շարունակվել են աշխատանքները միջխորհրդարանական կապերի զարգացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական ձեւաչափերում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Հատկապես ակտիվ էին փոխշփումները և հանդիպումները Ֆրանսիայի, Բելգիայի, Կիպրոսի, ինչպես նաև ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանական շրջանակների, Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի հետ։ 

Արտաքին քաղաքականության ասպարեզում ծավալուն աշխատանք կիրականացվի նաեւ ընթացիկ տարում: Մենք շարունակելու ենք կառուցողական ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ համառորեն հետամուտ լինելով բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանը:

Շարունակական  են լինելու նաև միջազգային հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության տարածումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ փոխգործակցության հաստատման ու ընդլայնման գործընթացը:                           

Արտաքին քաղաքականության ասպարեզում մեր ծրագրերի արդյունավետ իրականացումը մեծապես կախված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունից, որը հանդիսանում է մեր բոլոր հաղթանակների ու հաջողությունների գրավականը, և մենք շարունակելու ենք անել ամեն ինչ այն անսասան պահելու համար: Հարգելի ներկաներ, Արցախի Հանրապետության նախագահի 2018 և 2019թթ. ծրագրերում կարեւոր տեղ է զբաղեցնում մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված ու նախատեսվող աշխատանքը:

Ապահովվել է մակրոտնտեսական կարեւոր ցուցանիշների գծով դրական դինամիկա: Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 112,1 տոկոս, համախառն ներքին արդյունքը գերազանցել է 310 միլիարդ դրամը՝ արձանագրելով 11,9 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում ապահովվել է նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես` հանքաարդյունաբերության եւ էներգետիկայի, շինարարության, ինչպես նաև առեւտրի ու ծառայությունների ոլորտներում ավելացված արժեքների աճի հաշվին:

Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կազմել է շուրջ 4 հազար 355 ԱՄՆ դոլար  կամ 2 միլիոն 100 հազար դրամ՝ ավելանալով 510 ԱՄՆ դոլարով կամ 247 հազար 400 դրամով, ինչը տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 13,3 տոկոս:

Պահպանվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի միտումը, ինչը 2018թ. վերջին կազմել է ավելի քան 161 հազար դրամ: Սպառողական ապրանքների գնաճ չի արձանագրվել: Տարեսկզբի դրությամբ առեւտրային բանկերի կողմից բնակչությանը տրամադրված վարկերի ընդհանուր գումարը աճել է 30,8 տոկոսով, իսկ բանկերում բնակչության ավանդների ծավալը՝ 25,5 տոկոսով:

Հատուկ ուզում եմ ընդգծել, որ անցած տարի ավելացել է նաև մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը: Բնական աճի դինամիկան գերազանցել է 4 տոկոսը:

Ընդհանրապես, վերջին տարիներին նկատվում է բնակչության աճ, սակայն արձանագրված տեմպը մեզ չի կարող բավարարել: Արցախի պայմանները թույլ են տալիս ունենալ ավելի շատ բնակչություն, քան մենք հիմա ունենք: Այդ իսկ պատճառով ժողովրդագրական իրավիճակի բարելավումը մեզ համար եղել ու մնում է ռազմավարական գերխնդիրներից, և այսուհետ էլ կարվի հնարավորը այս ուղղությամբ:

Նշված խնդիրների լուծման նպատակով իրականացվում են տարբեր ծրագրեր, այդ թվում՝ ուղղված ծնելիության աճի խթանմանը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենցաղային պայմանների բարելավմանը, հասարակության մեջ նրանց ինտեգրմանը, բազմազավակ ընտանիքների, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց բնակարանային ապահովությանը, միգրացիոն գործընթացների կարգավորմանը:  Այսուհետ ևս կարվի հնարավորը այս եւ դրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Տնտեսական ակտիվությունը բնութագրող կարեւոր ցուցանիշներից է առեւտրի շրջանառության ծավալը, որը անցած տարի  կազմել է մոտ 121 միլիարդ դրամ՝ աճելով 3 տոկոսով, իսկ ծառայությունները՝ ավելի քան 67 միլիարդ դրամ՝ ապահովելով մոտ 14 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ:

Հարկային եկամուտների եւ պետական տուրքի մասով բյուջե է մուտքագրվել ավելի քան 53,5 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 34,5 տոկոսով կամ ավելի քան 13,7 միլիարդ դրամով:

Դրական եմ գնահատում այն փաստը, որ պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման: Նախատեսված ծրագրերը հիմնականում իրականացվել են նախանշված ծավալներով` ապահովելով ակնկալվող արդյունքները: Պետական բյուջեի ծախսերը գերազանցել են 104 միլիարդ դրամը` կազմելով նախատեսված ծրագրի 97,7 տոկոսը: 

Ընթացիկ տարում ոլորտում նախատեսվող բարեփոխումները կուղեկցվեն տնտեսության հարկաբյուջետային կայունության մակարդակի բարձրացմամբ, ինչը կապահովի պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների պլանային առաջադրանքների ամբողջական ծավալով կատարումը` նպաստելով երկարաժամկետ հատվածում հարկային եկամուտների կայուն աճին:

Երկրի տնտեսական զարգացման ռազմավարության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում գործարար միջավայրի բարելավմանը, իրավական բարենպաստ դաշտի ձեւավորմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը: Այս համատեքստում կարեւորում եմ 2019թ. հունվարի 1-ից կիրառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը միտված է գործարար միջավայրի, հատկապես` փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկման առավել բարենպաստ պայմանների ձևավորմանը, որոշ ոլորտներում առավել օպտիմալ դրույքաչափերի սահմանմանն ու արդյունավետ հարկային վարչարարության իրականացմանը:

Նախատեսվում է գործարար շրջանակների ներգրավմամբ Արցախի Հանրապետության Հարկային օրենսգրքի նախագծի մշակում, որի ընդունմամբ կայուն եւ կանխատեսելի միջավայր կապահովվի ինչպես գործարարների, այնպես էլ հարկային համակարգի համար:

Նպատակ ունենալով բիզնեսի ֆինանսավորման հարցերում աջակցել փոքր ու միջին ձեռնարկատերերին՝ պետական համապատասխան ծրագրերով շուրջ 548 միլիոն դրամ է ուղղվել արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության եւ այլ ճյուղերում գործող սուբյեկտների՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման համար:

Իրականացվել են մի շարք գործնական միջոցառումներ՝ ուղղված իրական հատվածում ակտիվության բարձրացմանը, մասնավորապես` աշխատանքներ են տարվել արտաքին շուկաներում տեղական արտադրանքի առաջմղման ուղղությամբ՝ ապահովելով արցախյան գործարարների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան ցուցահանդեսներում: Առաջին անգամ մեր արտադրողները հանդես են եկել ասիական ցուցահանդեսներում, որտեղ ունեցել են հաջողություններ:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավումը այսուհետ ևս լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում, և այս ուղղությամբ աշխատանքները կրելու են համակարգված ու մշտական բնույթ:

Մեր տնտեսության կարեւոր հիմքերից է արդյունաբերությունը: Հանրապետությունում թողարկվել է շուրջ 125 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք` ապահովելով նախորդ տարվա նկատմամբ ավելի քան 29 տոկոս աճ:

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում, ինչպես և նախորդ տարի, գերակշիռ մաս է կազմել հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում բաժինը` ավելի քան 55 տոկոս, մշակող արդյունաբերությունը կազմել է մոտ 23 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի մատակարարումը` շուրջ 22 տոկոս:

Արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունների թիվը ավելացել է 21-ով` կազմելով 416, իսկ աշխատողների թվաքանակը աճել է 200-ով՝ կազմելով 6518:

Երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից է էներգետիկան: Անկախ եւ հուսալի էներգետիկ համակարգի ստեղծումը մեզ համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող նպատակ է:

Նախորդ տարիներին ձեռնարկված փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրերի իրագործման շնորհիվ  ներկայումս էներգահամակարգը ամբողջովին բավարարում է  էլեկտրաէներգիայի ներքին շուկայի պահանջարկը, եւ առկա է էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ:

Կառուցվում են եւս 16 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնցից 6-ը  նախատեսվում է շահագործման հանձնել 2019թ.:

Էներգետիկ ոլորտում բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով նախատեսվում է փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ստեղծում, որը թույլ կտա ծրագրի շրջանակներում արդի տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացնել ջրօգտագործողների կողմից օգտագործված ջրի քանակության ավտոմատ, առցանց հաշվառում:

Միջոցներ են ձեռնարկվել նաեւ արեւային համակարգային կայանների ստեղծման և զարգացման համար՝ շարունակելով ոլորտում դիվերսիֆիկացման քաղաքականությունը:

Ընդլայնվող ծավալներով արտադրվող էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումն ու բաշխումը ապահովելու նպատակով ընթացիկ տարի կշարունակվեն հանրապետության բաշխիչ ցանցի արդիականացման, բարձրավոլտ եւ ցածրավոլտ օդային գծերի վերանորոգման, ինչպես նաեւ տրանսֆորմատորային նոր ենթակայանների կառուցման, գազամատակարարման ոլորտում սպասարկման որակի բարձրացման և անվտանգ գազամատակարարման ապահովման ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Էներգետիկայի զարգացմանը զուգընթաց անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները բնության պահպանման ուղղությամբ, եւ այստեղ պետությունը վարելու է հետեւողական քաղաքականություն:

Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով իրականացվել են մակերեւութային ջրերի որակի ուսումնասիրություններ հանրապետության տարածքի մեծ ու փոքր գետերի և վեց ջրամբարի ջրահավաք ավազաններում եւ հարակից տարածքներում, ինչի հիման վրա նախնական գնահատվել է մակերեւութային ջրերի էկոլոգիական վիճակը: Կատարվել են նաեւ կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրություններ Արցախի որոշ  շրջանների տարածքներում: 

Ընթացիկ տարի այս բնագավառում նախատեսվել է ոչ միայն իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովում, այլ նաև նոր ծրագրերի մեկնարկ:

Դրական դինամիկա է նկատվում նաեւ առեւտրաշրջանառության բնագավառում: Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը աճել է մոտ 25 տոկոսով՝ կազմելով 555 միլիոն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ապրանքանյութական արժեքների ներմուծման աճի հաճախակի կազմել է 22,6 տոկոս, իսկ արտահանմանը` 29 տոկոս:

Կարեւորելով արտադրական ենթակառուցվածքների դերը տնտեսական աճի ապահովման եւ բնակչության կենսապայմանների բարելավման գործում՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում դրանց զարգացմանն ու արդիականացմանը:

Շարունակական բնույթ են կրում Արցախի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների հիմնանորոգման ու շահագործման, ինչպես նաեւ փողոցների ու գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները: 2018թ. կապիտալ ներդրումների ծրագրով այդ նպատակով ծախսվել է 6 միլիարդ 221 միլիոն դրամ: Այս տարի նախատեսվող աշխատանքների ծավալը կլինի ոչ պակաս, քան անցած տարվա ցուցանիշը:

Իհարկե, այստեղ դեռեւս արդիական են մնում աշխատանքների կատարման որակի հետ կապված հարցերը, եւ այս խնդիրը այսուհետ եւս կլինի կառավարության ու համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում:

Անցած տարի ավարտվել է հանրապետությունում հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգի ներդրման գործընթացը, ինչը թույլ է տվել Արցախի Հանրապետության բնակչության ավելի քան 98 տոկոսի համար ապահովել որակյալ թվային հեռուստատեսության  եւ ռադիոյի հեռարձակում:

Սկսվել է  արբանյակային կապով Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակման գործընթացը: Սույն թվականի մարտի 1-ից, ինչպես գիտեք, Արցախի հանրային հեռուստատեսության օրական հեռարձակման ծավալը կազմել է ութ ժամ:

Այսօրվա դրությամբ ինտերնետ կապը հասանելի է մոտ 234 բնակավայրում: Այս ուղղությամբ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ՝ մոտակա ժամանակներում հանրապետության ողջ տարածքում համացանցը հասանելի դարձնելու հեռանկարով:

Կառավարության գործունեության օրակարգում հատուկ տեղ է զբաղեցնում գյուղատնտեսությունը: Այս ոլորտում 2018թ. համախառն արտադրանքը կազմել է  74 միլիարդ դրամ:

Բնագավառում տարվող քաղաքականությունը նպատակաուղղված է եղել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացմանը՝ հողօգտագործման կատարելագործման ու անասնապահության ոլորտի զարգացման, գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների և տնտեսավարողների աջակցության գործուն մեխանիզմների շարունակականության ապահովման եւ նոր տեխնոլոգիաների ներդրման խթանման միջոցով:

Տասնյակ ծրագրերի շրջանակներում շարունակվել է սերմերի, պարարտանյութերի անհատույց տրամադրման կամ ձեռքբերման ծախսերի սուբսիդավորման ձևով պետական աջակցության տրամադրումը ոլորտի տնտեսավարողներին:

Գյուղատնտեսության լիարժեք զարգացման համար անհրաժեշտ է արդիական ոռոգման ցանց: Այս ուղղությամբ անցած տարի կատարվել է նպատակասլաց աշխատանք: Այսպես՝ հանրապետության տարբեր համայնքներում հորատել, վերականգնվել և վերանորոգվել են խորքային հորեր, կառուցվել են ջրատարներ, ջրընդունիչներ, ենթակայաններ եւ էլեկտրասնուցման գծեր, ինչի արդյունքում ոռոգվող տարածքները ավելացել են ևս 223 հեկտարով:  Իրականացվել են 265 կիլոմետր ջրանցքների քարտեզագրման և հինգ տեղանքում ստորերկրյա ջրերի որոնման միջոցառումներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել կաթիլային ոռոգման համակարգերի ցանցի ընդլայնմանը: 2019թ. նախատեսվում է կաթիլային համակարգով ոռոգվող այգիների տարածքը ավելացնել  եւս 400 հեկտարով՝ հասցնելով 1400-ի:

Կշարունակվեն ոլորտում ձեռնարկված բարեփոխումները՝ ուղղված գյուղատնտեսության զարգացման հայեցակարգային նպատակների իրագործմանը, մասնավորապես՝ ցանքաշրջանառության շնորհիվ հողի բերրիության պրոգրեսիվ աճի և բերքատվության ապահովմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման խթանմամբ պտղաբուծության զարգացմանը, անասնաբուծության ոլորտի կանոնակարգմանը, սննդամթերքի անվտանգության համակարգի կատարելագործմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության տնտեսվարման ձևերի զարգացման համատեքստում  գյուղատնտեսական կոոպերացիայի ու փոխօգնության կոոպերատիվների համակարգի զարգացման խթանմանը: 

Մեր տնտեսության դինամիկ զարգացող ուղղություններից է շինարարությունը: 2018թ. հանրապետությունում, ընդհանուր առմամբ,  իրականացվել է շուրջ 52,5 միլիարդ դրամի շինարարություն, որից ավելի քան 23,7  միլիարդ դրամի չափով` պետական բյուջեի միջոցների հաշվին: 

Պետական բյուջեի միջոցներից բնակարանային շինարարության ծրագրերին է ուղղվել ավելի քան 2 միլիարդ 730 միլիոն դրամ: Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների եւ առաջին կարգի հաշմանդամների ընտանիքների, ինչպես նաեւ բազմազավակ եւ այլ սոցիալական խմբերի պատկանող ընտանիքների համար կառուցվել է 65 բնակելի տուն, գնվել՝ 24 և  վերանորոգվել՝ 224 բնակարան ու բնակելի տուն, ինչպես նաեւ 423 ընտանիքի  բնակելի տների վերանորոգման նպատակով  անհատույց տրամադրվել է շինանյութ: 2019 թվականի կապիտալ ներդրումների ծրագրով  բնակարանային շինարարության համար հատկացվել է 2 միլիարդ 217 միլիոն դրամ:

2018թ. հանրապետությունում շահագործման են հանձնվել 7 համայնքային կենտրոններ, կառուցվել եւ վերանորոգվել են  10 դպրոց ու նախադպրոցական հաստատություններ: Շրջաններում շահագործվել են 75 բնակավայրի ջրամատակարարման համակարգերը: Ստեփանակերտ քաղաքում իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման, բակերի և փողոցների բարեկարգման աշխատանքներ:

Հրատապ հարցերից է մայրաքաղաքի կոյուղագծերի եւ համապատասխան ենթակառուցվածքների վերանորոգման ու արդիականացման խնդիրների լուծումը, որը պահանջում է առանձնակի ուշադրություն և միջոցների ձեռնարկում: Այս ուղղությամբ արդեն տարվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ, կապիտալ ներդրումների ծրագրերի իրականացման համար   նախատեսված է 19 միլիարդ 86 միլիոն 800 հազար դրամ, որը ուղղված է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ու սոցիալական նշանակություն ունեցող շինարարական նախագծերի իրականացմանը:

2019թ. նախատեսվում է ավարտին հասցնել Թալիշ գյուղի վերականգնման աշխատանքները:

Կառավարության ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ նորակառույց շենքերի ու շինությունների սեյսմակայունության եւ հուսալիության ապահովման խնդիրները: Գործուն միջոցներ կձեռնարկվեն ապօրինի և անորակ շինարարության կանխարգելման ու վերջիններիս նկատմամբ վերահսկողության ուժեղացման ուղղությամբ:

Մեր պետության համար հատուկ կարեւորություն ունի սոցիալական ոլորտը, որտեղ անցած տարի իրականացվել է ծավալուն աշխատանք:

Այս շրջանակներում շարունակվել են երեխաների ծննդյան, նորաստեղծ ընտանիքներին ամուսնության կապակցությամբ միանվագ նպաստների տրամադրման, ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ երեխայի անվամբ նպատակային ժամկետային ավանդների բացման, 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների համար նոր բնակարանների կառուցման ծրագրերը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել է արցախյան ընտանիքներում ծնված 4-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ 230 ընտանիքի 4000-ական ԱՄՆ դոլարի տրամադրման գործընթացը:

Զբաղվածության քաղաքականության ծրագրերի շրջանակներում աշխատանքներ են տարվել՝ ուղղված բնակչության գործազրկության մակարդակի իջեցմանը, աշխատանք փնտրողների, մասնավորապես՝ երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 140 անձ:

Շարունակվել են քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման աշխատանքները: Աշխատանքային եւ սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը ներկա պահին կազմում է ավելի քան 22 հազար մարդ: 2018թ. աշխատանքային կենսաթոշակի միջին չափը կազմել է 42 հազար 900 դրամ, իսկ սոցիալական կենսաթոշակի միջին չափը՝ 18 հազար 300 դրամ: 2019 թվականից հանրապետությունում նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի ոչ պակաս, քան 25 հազար 500 դրամ։  

2019թ. հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը, որի նպատակն է հանրապետությունում աշխատանքային գործունեության ընթացքում կուտակային կենսաթոշակային վճար կատարած անձանց համար ստեղծել  կենսաթոշակային տարիքում պետական կենսաթոշակից զատ կուտակված լրացուցիչ եկամտի ստացման հնարավորություն՝ ապահովելով կատարված կենսաթոշակային վճարների եւ ստացվող կենսաթոշակի չափի միջև ուղղակի կապը: 

Շարունակվել է ֆինանսական օգնության ցուցաբերումը Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի հաշմանդամներին, Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում զինծառայության ժամանակ հաշմանդամ դարձած անձանց, զինծառայության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաև նյութական օժանդակության համար դիմած անձանց:

Պետությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամների եւ տարեցների խնդիրները: 2019թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 8794  հաշմանդամից 407-ը երեխա է: Հաշմանդամների շուրջ 27 տոկոսը հաշմանդամություն առաջացնող պատճառը ձեռք է բերել Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում: Վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակներում նրանց տրամադրվում է աջակցություն տարբեր վերականգնողական տեխնիկական միջոցների ձեռքբերման հարցերում:

Հիփոթեքային վարկավորմամբ արցախյան ընտանիքների, հատկապես՝ սոցիալական որոշ խմբերի պատկանող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման բնագավառում շարունակվել են պետական ֆինանսական աջակցության ծրագրերը, որոնց  շրջանակներում 433 ընտանիք բարելավել է իր բնակարանային պայմանները: Նրանցից 238-ը գնել կամ կառուցել է նոր բնակարան։ Գործողության մեջ դրված բարեփոխումները կնպաստեն ծրագրի շահառուների թվաքանակի ավելացմանը, մասնավորապես՝ հիփոթեքային վարկերի մատչելիության բարձրացման և գործընթացի պարզեցման շնորհիվ:

Ընթացիկ տարում Ստեփանակերտում պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում բնակելի թաղամասերի կառուցապատման ծրագրերի նախատեսումը ուղղված է նոր, մատչելի գներով բնակարանների առաջարկի ավելացմանը,  ինչը կնպաստի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, հատկապես՝ երիտասարդ ընտանիքների, ինչպես նաեւ պետության՝ որոշ սոցիալական խմբերի պատկանող քաղաքացիների հանդեպ ստանձնած բնակարանային պայմանների բարելավման պարտավորությունները իրականացնելու խնդիրների լուծմանը:

2019թ. գործող ծրագրերով սահմանված պետական աջակցության  պայմանների բարելավմամբ կընդլայնվեն նաեւ շրջկենտրոններում եւ գյուղական բնակավայրերում բնակվող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները:

Կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել եւս մի կարեւորագույն հարցի վրա: Հաշվի առնելով Հայաստանում  և Արցախում ոլորտային խնդիրների կարգավորման մոտեցումների փոխկապակցվածությունը՝ մենք ևս ընթացիկ տարում նախատեսում ենք իրականացնել ուսումնասիրություններ ու քննարկումներ՝ Պաշտպանության բանակի սպայական անձնակազմի և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման նպատակով:

Առողջապահության ոլորտը եղել և շարունակում է մնալ կարեւորագույն օղակներից մեկը: Այստեղ կյանքի են կոչվել մի շարք նպատակային ծրագրեր՝ ուղղված բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման բարելավմանը:

Աշխատանքներ են տարվել բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, ինչպես նաեւ նորագույն սարքավորումներով համալրման,  համակարգը բժշկական կադրերով, գերազանցապես՝ շրջանային բուժհիմնարկները նեղ մասնագիտացված բժիշկներով համալրելու, բժիշկների մասնագիտական որակավորումը բարձրացնելու ուղղությամբ, այդ թվում՝ արտասահմանյան երկրներում:

Շրջանային բուժհիմնարկների աշխատակիցների կողմից պարբերաբար կազմակերպվում են գյուղական այցեր` բնակչությանը տրամադրելով մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ:

Պետության կողմից հաստատված ծրագրերի  շրջանակներում կենտրոնացված ձեւով ձեռք է բերվել ավելի քան 253 միլիոն դրամի դեղորայք և անվճար տրամադրվել հիվանդներին:

Մեկ այլ ծրագրով՝ մինչեւ 18 տարեկան, հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար տրամադրվող դրամական օգնության չափը անցած տարի կազմել է հիվանդների բուժման ծախսերի մինչեւ 50 տոկոսը: 2019թ. այդ ծախսերը պետությունը լրիվությամբ վերցնում է իր վրա՝ յուրաքանչյուր դեպքում հատկացնելով ոչ ավել, քան 2 միլիոն դրամ:

2019թ. հունվարի 1-ից 15 տոկոսի սահմաններում բարձրացվել են բուժաշխատողների աշխատավարձերը:

Շրջանային բժշկական հաստատությունները բժիշկներով համալրելու նպատակով ֆինանսական աջակցություն կտրամադրվի պետական պատվերի շրջանակներում ուսումնառած բժիշկ մասնագետներին։

Կրթության, գիտության եւ սպորտի ոլորտներում կառավարությունը շարունակել է իրականացնել հետեւողական քաղաքականություն՝ հանրապետությունում նախադպրոցական և դպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնման և որակական ցուցանիշների բարձրացման ուղղությամբ: Բացվել են նոր նախադպրոցական խմբեր, շարունակվել են դպրոցների՝ դասագրքերով, մասնագիտական գրականությամբ ապահովման, ուսուցիչների վերապատրաստման ու ատեստավորման, առարկայական օլիմպիադաների, աշակերտների հանգստի կազմակերպման աշխատանքները:

Ակտիվացվել են նախնական տեխնոլոգիական կրթության ապահովման եւ դպրոցներում ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հատկանշական է տարվա ընթացքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող երեխաների թվի ավելացումը 350-ով:

Ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառում աշխատանքներ են տարվել մարզադպրոցների պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, մարզական միջոցառումների կազմակերպման, Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին արցախցի մարզիկների մասնակցությունը ապահովելու ուղղությամբ: 1793 մարզիկ մասնակցել է մրցաշարերի եւ առաջնությունների, որից 110-ը արձանագրել է բարձր ցուցանիշներ:

Այս տարի կարեւոր իրադարձություններից է լինելու Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացումը Արցախում: Պետք է արվի ամեն ինչ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, որի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ ընթանում են ակտիվ կերպով:

Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի այս տարվա ամռանը Արցախում անցկացվելիք չճանաչված պետությունների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կազմակերպելու ժամանակ: Ստեղծված է կառավարական հանձնաժողով՝ պետնախարարի գլխավորությամբ, ձեռնարկվում են բոլոր միջոցները, համապատասխան կառույցների կողմից իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ:

Ընթացիկ տարում կշարունակվի կրթության, գիտության և սպորտի ոլորտներում  իրականացվող պետական քաղաքականությունը՝  ուշադրության կենտրոնում ունենալով համընդհանուր ներառական կրթության անցման, տեխնոլոգիական կրթության և մասնագիտական կողմնորոշման ընդլայնման, բուհերի գիտահետազոտական գործունեության խթանման, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական թեմաների խրախուսման, սպորտի մասսայականացման եւ առողջ ապրելակերպի խթանման հարցերը: 

Մշակույթի ոլորտում եւս իրականացվել են միջոցառումներ ազգային մշակույթի պահպանման, մայր Հայաստանի, արտասահմանյան երկրների հետ կապերի զարգացման, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ այլ գերակա ուղղություններով։

Որպես տնտեսական զարգացման եւ մեր երկիրը արտաքին աշխարհին ներկայացնելու մեծ ներուժ ունեցող ոլորտ՝ համապատասխան աշխատանքներ են տարվել զբոսաշրջության ասպարեզում: Հատկանշական է, որ այն դինամիկ զարգանում է վերջին տարիներին: Արձանագրվել է զբոսաշրջիկների թվաքանակի 23 տոկոս աճ, իսկ գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը ավելացել է 18-ով` հասնելով 64-ի, որակական առումով բարձրացել է ծառայությունների մատուցման մակարդակը:

Ընթացիկ տարում կառավարությունը կշարունակի մշակույթի եւ զբոսաշրջության բնագավառներում որդեգրած քաղաքականությունը: Հարգելի ներկաներ, այժմ կանդրադառնամ ներքին անվտանգության, հասարակական կարգի պահպանման և արտակարգ իրավիճակների ոլորտներին առնչվող մի շարք խնդիրների:

Համապատասխան աշխատանքներ են իրականացվել Արցախի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ  պայքարի կազմակերպման, հասարակական անվտանգության ապահովման ուղղություններով, ինչի արդյունքում պահպանվել է կայուն եւ վերահսկելի օպերատիվ իրավիճակը:

2017թ. համեմատ անցած տարի նվազել են գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը և դրան զուգընթաց հանցավորության մակարդակը: Դրական կարելի է համարել նաեւ այն փաստը, որ հանցագործությունների ընդհանուր թվի նվազում է գրանցվել հանրապետության գրեթե ողջ տարածքում, ներառյալ՝ մայրաքաղաքը:

Մեր երկիրը հասարակության անվտանգության տեսանկյունից շարունակում է մնալ անվտանգ երկրներից մեկը:

Բնակչության անվտանգության ապահովումը, հասարակական կարգի պահպանումը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարի կազմակերպումը ևս կլինեն համապատասխան կառույցների գործունեության հիմնական խնդիրների շարքում:

Կառավարության կողմից արտակարգ իրավիճակներում բնակչության եւ տարածքների պաշտպանության ոլորտում կատարվել են աշխատանքներ՝ ուղղված քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների ամրապնդմանը և կատարելագործմանը, հակահրդեհային և տեխնիկական անվտանգության կանոնների պահպանմանը, համալրվել է համակարգի նյութատեխնիկական բազան, ինչի շնորհիվ բարձրացել է իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

Այդ գործընթացը կշարունակվի: Առանձնակի ուշադրություն կդարձվի նաեւ համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացման հարցերի մշակմանն ու կատարմանը:

Մեր պետականաշինության գործընթացում կարեւոր տեղ է զբաղեցնում դատական մարմինների գործունեությունը: Այս ուղղությամբ տարվել է նպատակասլաց աշխատանք:

Արցախի Հանրապետության Սահմանադրության ընդունումը դատական իշխանությանը  օժտեց  բավարար անկախության երաշխիքներով, իսկ մարդու իրավունքներն ու ազատությունները՝ առավել արդյունավետ պաշտպանվածությամբ: Դա հանգեցրեց ոլորտին առնչվող հիմնական իրավական ակտերը Սահմանադրությանը համապատասխանեցնելու և արդիականացնելու անհրաժեշտության:

Շարունակվել է գործունեությունը այդ ուղղությամբ, մասնավորապես՝ քրեական, քաղաքացիական եւ վարչական արդարադատության ոլորտներում նոր կարգավորումներ ու արդյունավետ լուծումներ տալու միջոցով՝ ապահովելով ոլորտի շարունակական եւ կայուն զարգացումը:

Այսուհետ ևս պետությունը միջոցներ կձեռնարկի դատական համակարգի զարգացման ու կատարելագործման, դատական իշխանության ինքնուրույնության եւ ինքնակառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:

Անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Արցախի Հանրապետությունում միասնական քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով տրված են հանձնարարականներ, եւ արդարադատության նախարարությունում շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ մշակվում է համապատասխան օրենսդրական փաթեթ, որը շուտով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Նախատեսվում է կազմավորել քննչական կոմիտե՝ որպես ինքնուրույն պետական մարմին:

Կատարվող բարեփոխումների նպատակն է ամրապնդել քննչական մարմինների անկախությունը եւ դատավարական ինքնուրույնությունը, ուժեղացնել մինչդատական քրեական վարույթում քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, բացառել իրավապահ մարմինների կրկնվող գործառույթները եւ օպտիմալացնել բյուջետային ծախսերը: Հարգելի գործընկերներ,

իմ ելույթում ես կանգ առա մեր հանրապետության կենսագործունեության տարբեր ոլորտներում իրականացված եւ 2019թ. նախատեսված որոշ ծրագրերի վրա, ինչը տալիս  է կատարված աշխատանքների եւ անելիքների ամփոփ պատկերը:

Հանրապետության օրենսդիր մարմինը իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ կառուցողական համագործակցության եւ սկզբունքային դիրքորոշման համար:

Համոզված եմ՝ 2019թ. մեզ կհաջողվի կյանքի կոչել բոլոր նախանշված ծրագրերը և ակնկալում եմ սերտ փոխգործակցություն ու շահագրգիռ ներգրավվածություն այս գործընթացում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն, պարոն Նախագահ՝ համապարփակ հաղորդման համար: Այժմ մենք անցնում ենք այդ հաղորդման քննարկմանը՝ Ազգային ժողովի Կանոնակարգով, արդեն ներկայացված ընթացակարգով: Հիմա պիտի խնդրեմ պատգամավորներին գրանցվել հարցերի համար, եթե այդպիսին կա, որից հետո հնարավորություն կլինի մտքերի փոխանակության: Արթուր Թովմասյան, Հայկ Խանումյան, Դավիթ Ինշխանյան, Դավիթ Մելքումյան, այսքանը չէ՞: Ուրեմն, հարցերի համար գրանցվել են պատգամավորներ Արթուր Թովմասյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մելքումյանը: Հիմա սկսում ենք հարցերի առաջադրումը, խնդրում եմ տեղավորվել հարցերի համար՝ երկու րոպե ժամանակահատվածում: Հարցերը հնչում են տեղից, խոսափողները կմիացվեն, խնդրեմ հարցի համար Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Պարոն Նախագահ, 2019թ. մարտի 29-ին Վիենայում ԵԱՀԿ նիստի հովանու ներքո տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հանդիպումը: Գո՞հ եք հանդիպման արդյունքներից, մենք՝ պատգամավորներս, այնքանով ենք տեղյակ, ինչքան լրատվամիջոցներից օգտվել ենք: Երկրորդ հարցը, պարոն Նախագահ: Պլանավորվում է արդյո՞ք 2019թ. սկսել Պատարայի ջրամբարի կառուցումը, որը գյուղատնտեսական աշխատանքների զարգացման մեծ խթան կհանդիսանա, շնորհակալություն:

Բակո Սահակյան – Շնորհակալություն Արթուր Բաբկենի: Կպատասխանեմ 2-րդ հարցին, մենք հրավիրել ենք մասնագետներ և դուք տեղյակ եք դրա մասին: Այդ մասնագետների հետ այս տարիների ընթացքում մենք իրականացրել ենք տարբեր ծրագրեր: Այդ թվում նաև ջրամբարի կառուցման հետ կապված: Քաշաթաղի շրջանում՝ ոչ հեռու կառուցվող ջրամբարը, առաջին հետխորհրդային տարիներին առաջին զրոյից կառուցվող ջրամբարն է Հայաստանում և Արցախում: Այդ խմբի հետ միասին մենք անդրադարձ ենք կատարել նաև Պատարայի ջրամբարի կառուցմանը: Մենք կարևորում ենք այդ առաջադրանքը և այս պահի դրությամբ շարունակում ենք մեր աշխատանքները այդ մասնագետների հետ, պատրաստ լինելու դեպքում, նախ մենք չունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ունենալու դեպքում՝ հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ, թե երբ ենք սկսելու ջրամբարի կառուցման աշխատանքները: Որպես առաջադրանք, մենք կարևորում ենք այդ առաջադրանքները, և համոզված ենք, որ այդ ջրամբարի կառուցմամբ նոր հնարավորություններ ենք ստեղծելու մեր տնտեսության համար և  ընդհանրապես այդ կարգի առաջադրանքները մենք համակարգում ենք մեր անվտանգության համակարգի աստիճանը բարձրացնող առաջադրանքները: Երբ, ես և իմ գործընկերները պատրաստ լինենք՝ ձեզ լրացուցիչ տեղեկություններ կհաղորդենք:

         Վիեննայի հանդիպման հետ կապված՝ դուք տեսնում եք, որ մենք բազմաթիվ խորհրդատվություններ ենք անցկացնում մինչև այդ հանդիպումները՝ Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների հետ: Բացառություն չի եղել այդ վերջին հանդիպումը՝ Վիեննայի հանդիպումը: Մենք Հայաստանի Հանրապետության վարչապետի, արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ հնարավորություն ենք ունեցել՝ մինչև այդ հանդիպումը, մեր դիրքորոշումը ներկայացնելու, իսկ  մեր դիրքորոշումը չի փոխվել: Այս տարիների ընթացքում մեր որևէ անգամ մենք ձեզ հետ միասին չենք առաջնորդվել ծայրահեղության, մենք որևէ անգամ չենք տառապել մեծամտությամբ և պարտավոր ենք այդպիսին լինելու, որովհետև այդ հիմնախնդիրը մեզ համար ունի ճակատագրական նշանակություն և Հայաստանի Հանրապետության մեր գործընկերները այդ նույն գիտակցության շրջանակներում են իրականացնում իրենց այսօրվա աշխատանքները, և այդ աշխատանքները ոչ միայն կասկած չեն առաջացնում մեր մոտ, այլ՝ ընդհակառակը: Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու այդ մասին՝ որակելու, Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների մոտեցումները հիմնախնդրի հետ կապված, և դուք կարող եք համոզված լինել, որ Վիեննայի հանդիպումը, նախորդ հանդիպումները, հաջորդ հանդիպումները որևէ կերպ չեն կարող ազդեցություն ունենալ մեր դիրքորոշումը վերանայելու: Մեր դիրքորոշման մասին՝ այս տարիների ընթացքում, բազմիցս հայտնել ենք, որ վերադարձ անցյալին՝ թե տարածքների, թե կարգավիճակի առումով չի լինելու: Այդ տեսակետը մենք պաշտպանել ենք և շարունակում ենք պաշտպանել ամենայն հաստատակամությամբ: Այդ ամենի հետ մեկտեղ, մենք մեր պարտքն ենք համարում՝ ամեն  կերպ նպաստելու ԵԱՀԿ համանախագահների գործունեությունը հնարավորինս արդյունավետ դարձնելու: Այս վերջերս, ես հանդիպում եմ ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ՝ պարոն Կասպրշիկը հետ, որտեղ քննարկել ենք լրացուցիչ հնարավորությունների կիրառման մասին՝ թե ինչպես կարող ենք ազդել ներկայիս՝ մեր պետական սահմանների հատվածում այդ վիճակի ամրապնդմանը: Ես իմ ելույթում նշեցի, որ տարբերություն կա նախորդ ժամանակաշրջանի հետ կապված: Մենք շարունակելու ենք մեր այդ աշխատանքները Հայաստանի մեր գործընկերների հետ, նշված դիրքորոշումը պաշտպանելու ուղղությամբ: Ես չեմ տեսնում, որ որևէ մի հավանական փոփոխություն, որը իր ազդեցությունը կունենա մեր այդ դիրքորոշումը վերանայելու: Մենք այդ նույն հաստատակամությամբ և այդ գիտակցության շրջանակներում շարունակելու ենք մեր դիրքորոշումը պաշտպանել: Ոչ թե Դուք չունեք տեղեկություններ, այլ այն, ինչ եղել է Վիեննայում, դրա մասին հայտարարվել է: Գիտեք՝ երկու օր առաջ տեղի է ունեցել հանդիպում Մոսկվայում, որովհետև այդ Վիեննայի հանդիպման ժամանակ խոսել էին մի շարք մոտեցումների անհրաժեշտության մասին: Այդ մոտեցումների մասին, մենք այս տարիների ընթացքում, բազմաթիվ անգամներ հնչեցրել ենք: Այդ վերջին հանդիպման ընթացքում՝ Մոսկվայի հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը այդ շփման գծում, պետական սահմանների հատվածում ավելորդ լարվածություն չստեղծելու: Մենք էլ հետամուտ ենք լինելու այդ պայմանավորվածությունների կյանքի կոչելու հետ կապված, որևէ արտառոց դեպք կամ որևէ դեպք այդ հանդիպման ընթացքում կամ հանդիպումներում՝ Վիեննայի, չեն եղել: Այն ինչ եղել է հրապարակավ այդ ամսին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախագահ: Հարցի համար, խնդրեմ, Հայկ Խանումյան, հաջորդը՝ Դավիթ Իշխանյան:

 Հայկ ԽանումյանԴուք Ձեր հաղորդման մեջ նշեցիք, որ գյուղարտադրանիքի ծավալը կազմում է 74 միլիոն դրամ: Ի՞նչ մեթոդոլոգիայով եք հաշվում գյուղարտադրանքի ծավալը, ինչպե՞ս եք ստացել այս թվերը:

Բակո Սահակյան Ես չեմ հաշվում: Կա վաղուց կիրառվող չափորոշիչներ և այդ չափորոշիչների և այդ մեթոդիկայի համաձայն, այդ հաշվարկումը կատարվում է: Ավելի քան համոզված եմ, որ մեր ոլորտի պատասխանատուները և մեր վիճակագրության պատասխանատուները օգտվել են այդ մեթոդիկայի և այդ չափորոշիչների կիրառմամբ: Դա նորություն չէ՝ վաղուց կիրառվող գործիքակազմ է և այդ առումով մենք որևէ վերանայում մենք չենք իրականացրել, առաջնորդվում և օգտագործում ենք բոլոր այն միջոցները, որոնցով առաջնորդվել է ոլորտը և մենք բոլորս այս տարիների ընթացքում տեղեկացված չեմ, որ այդ հաշվարկները կատարվել են այդ նոր գործիքակազմերի կիրառմամբ: Ինչպես նախկինում այդ հաշվարկումը կատարվել է, մենք շարունակում ենք այդ նույն միջոցների կիրառմամբ առաջնորդվել: Դուք կասկածներ ունե՞ք կապված այդ թվերի հետ:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք: Հայկ Խանումյան:

Հայկ ԽանումյանՄինչև այսօր, մենք գյուղատնտեսության համատարած  հաշվառման համակարգ չունենք՝ նոր պետք է մտնի և այդ թվերը մի քիչ կասկածելի են, որովհետև զանգել գյուղապետին և հարցնել, թե այս տարի ձեր գյուղի հավերը քանի ձու են ածել և դրա ընդհանուր արժեքը ի՞նչ է, դա այնքան էլ բան չէ: Մի խոսքով, գյուղարտադրանքի, թե դրա հաշվումը համախառն ներքին արդյունքում, թե այս ծավալը լուրջ կասկածներ է առաջացնում իմ մոտ: Իմ կարծիքով, պետք է ավելի ինստիտուցիոնալ մակարդակի վրա դրվի այս թվերի հաշվումը: Շնորհակալություն:

Բակո ՍահակյանԱյս վերջերս ես հրավիրել եմ մեր գործընկերներից մեկին՝ Դավիթ Լոքյանին, մենք այս տարիների ընթացքում, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, պարոն Լոքյանի հետ իրականացրել ենք մի շարք աշխատանքներ և այս վերջին մեր քննարկումների ժամանակ ես լսել եմ պարոն Լոքյանից, որ գոյություն ունի աշխարհում նոր մեթոդիկա և այդ մեթոդիկայի կիրառման դեպքում մեր թվերը կտրուկ աճելու են: Ես նաև հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի Հանրապետության վիճակագրական ծառայության ղեկավարության հետ, և նրանք ինձ տվել են հետևյալ տեղեկությունը, որ աշխարհում՝ այսօր, կիրառվում են տարբեր մեթոդիկաներ: Միացյալ ազգերի կազմակերպությունում, հերթական անգամ Հայաստանի Հանրապետության վիճակագրության մեր մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումները այդ նոր միջոցների կիրառման հետ կապված՝ վիճակագրության ոլորտում: Բազմաթիվ երկրների համար հիմք է հանդիսացել այդ մոտեցումը, և այդ համակարգը նրանք կիրառում են իրենց երկրներում: Ես կասկած չունեմ այդ թվերի նկատմամբ: Ես հակված եմ ավելի շատ մտածելու, որ պարոն Լոքյանը ճիշտ էր իր բնութագրություններում, և եթե մենք այդ նոր մոտեցումները կիրառենք՝ մեր թվերը կաճեն, որովհետև մենք, ընդհանրապես նպատակ չունենք այդ թվերի հետ խաղալու, թե վիճակագրական ծառայության մեր պատասխանատուների կողմից ներկայացրած թվերը, թե մեր ոլորտների պատասխանատուների կողմից ներկայացրած թվերը, որևէ անգամ կասկած չի առաջացրել, և մենք միշտ դեմ ենք եղել արհեստական, ձևական, մեր գործունեությունը նկարագրելու քաղաքականությանը, հետևաբար չեմ կարծում, որ մեր պատասխանատուները կարող են իրենց գործունեությունը ներկայացնել թվերի ուղեկցությամբ և դրանով իսկ փորձել՝ եթե անգամ ունենք բացեր ոլորտներում, կեղծ թվերի ներկայությամբ փորձել այդ բացերը, այսպես ասած՝ մեղմելու կամ շտկելու: Այսպիսինն է իմ կարծիքը:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Դավիթ Իշխանյան, հաջորդը՝ Դավիթ Մելքումյան:

Դավիթ ԻշխանյանՊարոն նախագահ, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության հետ կապող՝ երկու ռազմավարական ճանապարհների կառուցումը և դրանց քաղաքականության նշանակության մասին, չեմ կարծում՝ այստեղ քննարկելու կամ բարձրացնելու անհրաժեշտություն կա: Ամիսներ առաջ Ձեր կողմից որոշակի տեղեկատվություն փոխանցվեց հարավային ուղղության 3-րդ ճանապարհը՝ Հադրութ, Կովսական, Մեխակավան, Ղափան: 3-րդ ռազմավարական ճանապարհի վերակառուցման մասին՝ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում և հաղորդման մեջ չկար: Կուզենայի որոշակի տեղեկատվություն ստանալ այդ առումով: Շնորհակալություն:

Բակո ՍահակյանՄեր համատեղ անվտանգության խորհուրդների նիստի ժամանակ ես առաջարկել եմ, որ ունենանք ազգային օրակարգ, ինչը ողջունվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության մեր գործընկերների կողմից: Գտնում եմ, որ այս պահի դրությամբ մեր բացերից մեկը՝ ազգային օրակարգի բացակայությունն է: Մենք ունակ պետք է լինենք՝ բոլորս միասին, այդ ազգային օրակարգում  առաջադրանքներ սահմանելու և ըստ առաջնահերթության, դասակարգելու մեր առաջադրանքները: Խոսել եմ նաև այդ ճանապարհի մասին՝ նշելով, որ կարծում եմ՝ եթե մենք ունենանք այդպիսի   օրակարգ այդ առաջադրանքը իր տեղը կզբաղեցնի այդ օրակարգում՝ Ձեր կողմից նշված այդ ճանապարհի կառուցումը: Հիմնավորել եմ իմ առաջարկությունը: Ասել եմ. «Չի կարելի համեմատել, թե որ մասն է կարևոր՝ Վարդենիս-Սոթք-Մարտակերտ այդ ճանապարհի շինարարությունը, թե՝ պայմանական Հադրութ-Ղափան-Արաքս ճանապարհի շինարարությունը, որովհետև դրանք հավասարաչափ նշանակություն ունեն մեր երկրի համար»: Երբ մենք խոսում ենք այդ ծրագրերի մասին, ավելորդ չեմ համարում նշելու, որ ժամանակ առ ժամանակ մենք՝ ձեզ հետ միասին հայտնվում ենք մթնոլորտային լարված շրջանում և որպեսզի չհայտնվենք այդպիսի շրջանում, որովհետև բազմաթիվ հարցեր են ուղղվում քաղաքական գործիչներին՝ թե ի՞նչ է լինելու այդ մեր ազատագրված հայրենիքի հետ կապված: Ես ավելի քան համոզված եմ, որ այդ կարգի առաջադրանքները, և այդ կարգի աշխատանքները ավելի խոսուն են, քան ցանկացած փայլուն պատասխան: Որովհետև նման ծրագրերի մասին մենք խոսելուց, եթե այսպիսի միջավայր է, մենք թույլ ենք տալիս մեզ ասելու, որ՝ այո ,այդ ծրագրերը, այդ աշխատանքները իրենց ազդեցությունը կունենան մեր տնտեսության զարգացման համար և այլն: Ես իմ ելույթում եմ նշել, որ եթե մեր հակառակորդը դիմելու լինի հերթական ագրեսիային, մենք պաշտպանելու ենք մեր երկրի անվտանգությունը և արժանապատվությունը: Ես արդեն Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրինության հետ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարել եմ: Հիմա նրանք իրականացնում են չափագրումներ: Երեկ անդրադարձել եմ Հայաստան համահայկական գործադիր տնօրենի հետ այդ խնդրին, հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի հետ: Մոտ ապագայում նրանք նույնպես պատրաստվում են այցելել, և մեր քննարկվող խնդիրներից մեկը լինելու է այդ ճանապարհի շինարարությունը: Բնականաբար, խոսել եմ դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, խոսել եմ այդ մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, որը չի բացառում, եթե այս շրջանում մենք ավարտենք մեր նախնական քննարկումները, հաջորդ Հայաստան համահայկական ծրագիրը լինի այդ ճանապարհի շինարարությունը: Երեկ փորձել եմ իմանալ նախնական ինչ գումարի մասին է խոսքը գնում, դժվարացել է պատասխանել հիմնադրամի տնօրինությունը: Կարծում եմ՝ շուտով կունենանք առաջին մեր այդ տեղեկությունները այդ չափագրումներից հետո: Պատրաստ լինելու դեպքում մենք կտանք լրացուցիչ տեղեկություններ: Ինքը՝ որպես առաջադրանք, համարում եմ այս շրջանում ամենապահանջված առաջադրանքներից մեկը, և դա նաև կնպաստի մեր մյուս առաջադրանքի կատարմանը: Գաղտնիք չէ, որ տարբեր ձևաչափերով, մենք փորձել ենք, միջոցներ ենք ուղղել Արաքսի հովտում ավելի արդյունավետ աշխատանքներ կատարելուն, և ավելի քան համոզված եմ, որ այդ ճանապարհի շինարարությունը կնպաստի այդ մեր մյուս ռազմավարական առաջադրանքը արդյունավետ իրականացնելուն:

 Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, Դավիթ Մելքումյան:

Դավիթ ՄելքումյանՃիշտն ասած, իմ հարցն էլ էր վերաբերում արտաքին քաղաքականության ոլորտին, բայց, քանի որ իմ գործընկերոջ կողմից արդեն հնչեցվել էր, կարծում եմ՝ պետք է հանել: Հանում եմ: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Խնդրեմ, Ռուսլան Իսրայելյան, հարցերի համար գրանցվում ենք սկզբից:

Ռուսլան ԻսրայելյանՊարոն Նախագահ, Արթուր Թովմասյանի հարցին պատասխանելիս, Դուք նշեցիք, որ Ձեր տեսակետը չի փոխվել, չկա վերադարձ հին կարգավիճակին և տարածքներին: Ես դա համարում եմ շատ վտանգավոր ձևակերպում, որովհետև հին կարգավիճակի վերադարձ դա դեռևս չի նշանակում չլինել Ադրբեջանի կազմում, դրա համար պետք է պատասխանը կազմակերպել, որ այլևս Ադրբեջանի կազմ վերադարձ չկա, տարածքների մասին բանակցությունների ընթացքում:

Բակո ՍահակյանՉէ, իմ պատասխանը դա չէր նշանակում, որովհետև այս տարիների ընթացքում մենք հնարավորություն ենք ունեցել, թե դա ինչ է նշանակում: Ես չեմ սահմանափակվել միայն այդ հայտարարությամբ, երբ պարզաբանումների անհրաժեշտություն կար, ես տալիս էի այդ պարզաբանումները և շարունակում եմ նման պարզաբանումներով հանդես գալ, որ մեր երկրի անվտանգությունը և անկախությունը սակարկությունների ենթակա չէ: Դա կարգավիճակի հետ կապ չունի, մենք հանդես ենք եկել ամենայն հաստատակամությամբ: Ես բազմիցս նշել եմ, որ երկրի նախագահը պարտավոր է հաշվի առնել քաղաքացիների կարծիքները, և այդ կարծիքների համաձայն այդ ընդհանուր տեսակետը ներկայացնելու, որովհետև դա էլ է մտնում նրա առաքելության շրջանակներ և որևէ անգամ այդ հանձնարարականից չեմ շեղվել և դրա համար էլ ավելորդ չեմ համարում ամեն անգամ նշելու, որ որևէ իրադարձություն չի կարող ունենալ իր ազդեցությունը մեր դիրքորոշումը վերանայելու համար և մենք շարունակելու ենք այդ նշված շրջանակներում, մեր այդ հաստատակամ քաղաքականության  իրականացումը: Այսպիսին է մեր դիրքորոշումը: Դա չի նշանակում Ադրբեջանի կազմ վերադառնալ: Մենք այդպիսի բան չենք փորձում անենք: Անկախության ճանաչումը, սա է մեր ընտրությունը, մեր կարգավիճակը, և մենք հետևողականորեն գնում ենք այդ դիրքորոշման իրականացման:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Ես հիմա պիտի խնդրեմ՝ մենք մտքերի փոխանակության մասն ենք սկսում, գրանցվել՝ ելույթների համար, մտքերի փոխանակություն. Ալյոշա Գաբրիելյան, Էդուարդ Աղաբեկյան և Վարդգես Բաղրյան երեք ելույթ ունենք մենք և՝ Արթուր Թովմասյան, խնդրեմ, սկսում ենք ելույթները: Ելույթի համար խոսքը տրվում է պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանին:

Ալյոշա Գաբրիելյան - Արցախի Հանրապետության հարգարժան նախագահ, սիրելի գործընկերներ, կառավարության անդամներ, հայրենակիցներ: Իմ ելույթը նվիրված է լինելու գյուղին և գյուղատնտեսությանը: Նաև պետք է նշեմ, որ ինչպես Դուք զեկուցեիք այնքանով, որքան ծանոթ ենք, ընդհանրապես, այս տարիներին համատեղ գործունեության: Ընթացքում որոշակի աշխատանքներ կատարվել են, տեսնում ենք՝ ինչ է կատարվում, պետության կողմից ինչ ծրագրեր են իրականացվում, և դա, իհարկե, գովելի է, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ տեղ թերի է, քանզի այսօր, այնքանով որքանով ես տեղյակ եմ, համենայնդեպս, միջազգային փորձին՝ գյուղատնտեսության, ես ոչ մի պետության մեջ չեմ եղել, բայց ինտերնետի հետ կապված, տեսնում եմ այն արդյունավետ աշխատանքները, որ կատարվում են, ընդհանրապես զարգացած երկրներում: Իմ շփումը, հիմնականում լինում է Հայաստանի Հանրապետությունում, հատկապես Արարատյան դաշտավայրում, որտեղ կապ ունեմ, որտեղից շատ բան եմ վերցնում, և այն ինչ-որ համեմատում եմ Արցախի Հանրապետության հետ՝ տարբերությունը բավականին մեծ է: Մի անգամ ես ասել եմ՝ մի խորհրդակցության ժամանակ, որ մեզ պետք չեն այն մասնագետները, այն ագրանոմները, այսպես ասենք կամ անասնաբուծության գծով, այն մասնագետները, որոնք այսօր ֆինանսավորում են, բայց գիտելիքները քիչ են: Ես ընդամենը, պարոն վարչապետին, դա եղել է այն ժամանակ, ես եղել եմ համայնքի ղեկավար, պարոն Հարությունյանին խորհուրդ եմ տվել Արարատյան դաշտավայրից մի քանի մասնագետներ բերել, և նրանք կարող են այստեղ զարգացնել և ընդօրինակենք այն ամենը ինչ-որ կա: Այդքանով հանդերձ, ես մի առաջարկություններով եմ եկել այստեղ, կարծում եմ՝ այն առաջարկությունները, որ անում եմ, պետք է ինչ-որ ժամանակ, պարոն նախագահ, քանի դեռ պաշտոնավարում եք, այս ժամանակամիջոցում կարող եք դա էլ նախաձեռնել, և դա օգուտ կլինի ոչ միայն գյուղատնտեսությանը, այլ նաև գյուղերին, որովհետև գտնում եմ, որ գյուղը գյուղ կդառնա, գյուղը իր սոցիալական, կենցաղային հարցերը կլուծի այն ժամանակ, երբ գյուղացին լավ ապրի, կենսամակարդակը կբարձրանա, իսկ դա անելու համար մեր մոտեցումները դեռևս քիչ են: Այսինքն, այն աջակցության ծրագրերը, որ այսօր պետությունը, գյուղատնտեսության բնագավառում, ոլորտներում օգտագործում է, լինի անասնապահություն, թե այգեգործություն, թե բանջարաբուծություն: Հիմնականում, եթե վերցնենք մեծ, հաշվով դա վերաբերում է մեր սահմանամերձ գոտիներին, մեր շրջանների հարթավայրային գոտիներին: Սա մի կողմից լավ է, գնահատում եմ, հատկապես վերաբնակեցման, տարածքների զարգացման առումով, բայց այն չի շոշափում անմիջապես գյուղական համայնքները: Տեսեք, մի օրինակ կբերեմ ես. վերցնենք բանջարաբուծության բնագավառը: Մեկ հեկտար և կես հեկտար տարածքները, ովքեր զբաղվում են մի կտոր հողամասում, պետության կողմից ստանում են աջակցություն՝ 200 հազար: Մի հեկտարից, որը գյուղացին՝ համայնքում ապրող, երբևէ չի կարող դրանից օգտվել: Առաջարկում եմ, մոտեցումը լինի տարբերակված, այսինքն` համայնքներում գյուղատնտեսության աշխատողների նկատմամբ լինի այլ վերաբերմունք, իսկ այդ տարածքներում, որ հնարավոր է ավելի բարձր՝ այսօր կատարվում է, այլ լինի: Եվ երբևէ այս մոտեցման ժամանակ համայներում գյուղատնտեսություն չի զարգացնելու, չկա շահագրգռվածություն, որպեսզի գյուղացին զբաղվի հողագործությամբ, անասնապահությամբ: Այսօր, Հայաստանի Հանրապետությունում՝ Արարատյան դաշտավայրում, ինչպիսի ջերմոցներ, ջերմատներ կան: Ի՞նչի համար է այդքանը կատարվում, որովհետև այստեղ բերքը երաշխավորված է: Դրսում, ինչքան էլ ուզում ես աճեցնել՝ հնարավոր չէ և կլիմայական այս փոփոխությունների և ընդհանրապես: Իսկ այն թաղանթները, որոնք փոքր թաղանթապատում են՝ փոքր թաղանթներում ընդամենը՝ պաշտպանված են, բերքը այստեղ լինում է: Նայեք տեսեք մեր համայնքներում համապատասխան աշխատանքներ կատարվո՞ւմ են, որովհետև պետական ծրագիրը չի աջակցում, որովհետև պահանջեր է դնում և կաթիլային համակարգի, և ջեռուցվող: Պետք է վերանայվի այս բաները: Ես իմ վրա եմ վերցնում, պարոն նախագահ, մոտավորապես ունեմ 1000-ին մոտ քառակուսի մետր ջերմոցներ, բայց ես չեմ օգտվում, չեմ կարողանում, որովհետև ես օգտագործում եմ արևի էներգիա և կարողանում եմ կայուն բերք աճեցնել, մի՞թե դա ճիշտ է, կաթիլային էլ եմ անցկացնում: Կաթիլայինում էլ այլ բան կա, եթե ջուրը վերցնում ես ջրանցքից, պղտորում է և հնարավոր չէ: Դրա համար մի քիչ վերանայենք այդ քաղաքականությունը: Ես ապրում եմ Ասկերանում, ցավով եմ նկատում, որ կամաց-կամաց այն բանջարահողագործները, որոնք փոքր տարածության վրա բանջարագործությամբ են զբաղվում՝ փչանում են: Կան հողամասեր՝ բերրի, լավ, ջրի տակ, չեն օգտագործում: Ես առաջարկություն արել եմ, պարոն նախագահ, դուք էլ եք եղել Ասկերանում, առաջարկություն արել եմ, որպեսզի համայնքների ղեկավարները, համայնքները վերագնահատեն այն, որովհետև նրանք վարձակալությամբ են տված հիմնականում: Եթե չեն օգտագործում, պետք է վերցվի ու տրվի նրան ով, որ օգտագործում է: Այսպես` չի կարելի: Այսօր, խոսում ենք այն ծրագրերի մասին, որ պտղաբուծության օգնությունը կա, աջակցությունը կա, բայց էլի թերի է այն տեսակետից, որ այսօր բերք ստանալու համար այդ այգիները պետք է պաշտպանված լինեն: Դրա համար այսօր անհրաժեշտ է մտցնել նաև ցանցապատման համակարգը: Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ես տեղյակ եմ, ապահովագրական համակարգին են անցնում որոշ ռեգիոններում: Ես, որոշ ռեգիոններում չեմ ցանկանա, բայց ես կարծում եմ՝ կամաց-կամաց գյուղատնտեսության որոշ ոլորտներ, թեկուզ այգեգործությունը, պետք է ապահովագրական համակարգի անցնի՝ կամաց-կամաց: Գյուղացին այսօր երաշխավորված բերք չի կարող ստանալ այն մշակման ձևից, որ այսօր Արցախում գոյություն ունի: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Գաբրիելյան: Ես հիմա հայտարարում եմ հաջորդ ելույթը՝ Էդուարդ Աղաբեկյան:

Բակո Սահակյան – Էդուարդ Աղաբեկյան, մի րոպե, ես ուզում եմ պատասխանել ընկեր Գաբրիելյանին: Ընկեր Գաբրիելյան, ես հիշում եմ այդ մեր հանդիպումը Ասկերանում՝ համայնքների ղեկավարների հետ, բայց նաև Ձեր առաջարկության համաձայն, հատկապես այդ սածիլների հետ կապված և այլն: Մենք երեք ձևաչափով Ասկերանում հանդիպում ենք ունեցել, որտեղ Դուք ներկա եք եղել, երբ մենք անդրադարձ ենք կատարել գյուղատնտեսության ոլորտին: Դուք Ձեր ելույթում նշեցիք, որ Դուք որևէ տեղ չեք եղել, ես Ձեզ խոստանում եմ, որ հաջորդ պատվիրակություն այցելելուց, Դուք, անպայման, կլինեք այդ պատվիրակության կազմում: Դուք գիտեք, որ Ձեր գործընկերները այցելել են Լեհաստան: Մեր խնդրանքով, մեր բարեկամները հնարավորություն են ստեղծել, որպեսզի հատկապես մեր պատասխանատուները հնարավորություն ունենան գյուղատնտեսության ոլորտին ծանոթանալու: Անկասկած, Դուք ճիշտ եք, դեռևս թերի են մեր աշխատանքները, ես էլ չեմ բավարարված, բայց մենք 24 միլիարդ դրամից ենք սկսել և  հասցրել ենք 74 միլիարդ դրամի: Ես հնարավորություն եմ ունենում նաև հանդիպելու տարբեր մասնագետների հետ, ովքեր ունակ են անկեղծ գնահատական տալու, ովքեր իրենց գնահատականները տալիս են ոչ թե հաճոյանալու համար, ովքեր գնահատականներ են տալիս դիտողություններով, և նրանք համարում են, որ ինչ-որ տեղ՝ զարմանում, թե մենք ինչպես ենք կարողանում այս ծանրագույն պայմաններում հայտնված այդպիսի ցուցանիշներ արձանագրել ոլորտում: Եվ, երբ Դուք լինեք այդ արտասահմանյան երկրներում՝ կտեսնեք, թե այդ պետությունները ինչ միջամտություն են ապահովում այդ ոլորտում: Մենք դեռևս հեռու ենք այդպիսի միջամտություն ապահովելուց, բաց մենք հետևողականորեն, հաշվի առնելով նաև այդ խորհուրդները, իրականացնում ենք աշխատանք, որտեղ տեսնում ենք, որ այդ աշխատանքները, թեկուզ՝ համեստ, բայց տալիս են իրենց արդյունքները: Հաջորդը՝ նշեցիք մասնագետների հետ կապված, որ դեմ եք այդ մասնագետներին հրավիրելու: Մենք չենք կարողանում ավելի մեծ հաջողություններ արձանագրել, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որովհետև ժամանակակից փորձը աշխարհում կիրառվող դեռևս բավարար չափով չի կիրառվում մեր գյուղատնտեսությունում: Հիշո՞ւմ եք՝ երկու անգամ, հրավիրել եմ ակադեմիկոս Աթաբեկյանին, և կատարել է հետազոտություններ և ուսումնասիրություններ: Մեր գյուղատնտեսությունում այսօր արձանագրվող ցուցանիշները, արդյունք են նաև նրա ուսումնասիրությունների և ոչ միայն մեր հնարավորությունների շրջանակում, մենք բազմաթիվ մասնագետներ ենք ընդգրկել այդ խորհրդատվությունները կազմակերպելու, այդ խորհուրդները տալու, այդ փորձը մեզ համար ավելի հասանելի դարձնելու և այլն: Ունենք դիտարկում, որ մեր մասնագետները մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, տարբեր մասնագիտացված դասընթացներին, ինչպիսի արդյունավետության աճ ենք ապահովում՝ մասնակցելով այդ միջոցառումներին: Ավելի քան համոզված եմ, որ մյուս անգամ, որ Դուք գնաք այդ պատվիրակությունների կազմում, Դուք կունենաք Ձեր տեսակետը, որը ավելի համահունչ կլինի իրականությանը: Խնդրեմ, Էդուարդ Արտավազդի:

Էդուարդ Աղաբեկյան – Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի նախագահող: Քանի որ Նախագահի ինստիտուտը հաշվետվության Ազգային ժողովում համեմատաբար նոր ինստիտուտներից է, սակայն, որպես քաղաքական  գործընթացով պետք է մոտենալ այս ինստիտուտին՝ երևույթին: Ըստ էություն, 2017թ. Սահմանադրության պտուղներն ենք արդեն քաղում՝ դրական և բացասական առումներով: Դրականները թողնում եմ: Առանձին մտահոգիչ երևույթներին կանդրադառնամ: Նախ, Հանրապետության նախագահի ելույթի մասին, քանի որ անվտանգության բնագավառով և արտաքին անվտանգության հարցերում՝ ես էլ սկսեմ ելույթս այս բնագավառում: Ես չտեսա ելույթում մեր հիմնական դիմադրության, կոմպոնենտների մեկը՝ ազգ-բանակ գաղափարախոսության հիմքը, որը կարծես՝ 15 և ավելի տարիներից հետո բերվել էր օրակարգ, սակայն ինչ-որ տեղ մղում է նաև 2-րդ մաս, քանի որ ազգ-բանակ չի նշանակում միայն 1000 դրամ և մնացած-մնացած պարզունակ գործառույթները, այլ նշանակում է ազգ-բանակ: Ի վերջո, այս երկու ազգերի միջև պատերազմ լինելու է՝ հիմա էլ է լինելու, որովհետև 2008թ. Մայնդորֆում էլի քաղաքասիրական որոշակի գործողություններ են նախաձեռնել, կարևորել՝ չի խանգարել հետագա 2016թ.-ին կամ մնացածին: Ավելի պատրաստ լինելուն, որ այդ երկուսի միջև ոչ միայն բանակների, այլ ժողովրդների պատերազմ է լինելու:  Ժողովրդի պատերազմին պետք է նաև ազգ-բանակ կոնցեպցիայով, որը, սկսած նախակրթական համակարգից, դպրոցից մինչև մոբ ռեսուրսի վարժություններ և այլն, և այլն: Միանշանակ, ուզում եմ ողջունել, հատկապես արտաքին գործերի նախարարության թիրախային, գրագետ, հասցեական, դիպուկ հայտարարությունները, հատկապես վերջին ամիսներին, հատկապես Հայաստանի նոր իշխանություն և Ադրբեջանի հին իշխանությունների բանակցությունների ֆոնի վրա:  Շարունակեմ մնացած ոլորտներից՝ անվտանգությունից հետո նաև կարևորում եմ կրթությունը, որովհետև կրթությունը պակաս անվտանգություն չէ՝ ռոբոտներ, կույսեր, աստվածներ արտադրողները ներկայիս դարում, ունենալ այն ձևի կրթական համակարգ, ինչ որ մերն է, պարզապես չի կարելի: Ունենք կրթական համակարգի փլուզված կրթական համակարգ, չի կարելի այս բառից վախենալ: Ռեպետիրությունը եկել հասել է մինչև տարրական դպրոց, շուտով կանցնի մանկապարտեզներին: Հինգ անգամ այս ամբիոնից հայտարարել ե՞ն, որ բերում են հնգամյա ծրագիր: Հնգամյա ծրագիրը բերելու ենք, թե ի՞նչ ենք իրականացնելու՝ առանց այդ ծրագրում նախանշված մանրամասն  քննարկումներում՝ անհասկանալի է: Ֆինանսների նախարարի համար, կրթության մասին օրենքի 4-րդ կամ 5-րդ հոդվածը միայն կրթական ծրագրերը ֆինանսավորվում են Ազգային ժողովի կողմից հաստատված հնգամյա ծրագրի կողմից: Առիթ եմ ունեցել այս ամբիոնից ասելու, բարձրաձայնելու, որ 20,30 տարի առաջ՝ 1-ին դրամաշնորհները տրվել են հայկական կրթական համակարգին՝ ոչ թե ենթակառուցվածքներին, ճանապարհներին, երկրաշարժի գոտուն, որովհետև պետք է ամրացնել, հայկական ուղեղը տարանջատել սովետական կրթական համակարգից, որովհետև այն տալիս էր նորմալ արտադրանք: Ու հասել են դրան, որովհետև ադրբեջանական և վրացական համալսարանները ռեյտինգներով գերազանցում են հայկական համալսարաններին: Մեր մոտ, եթե մի բան աճում է՝ երկուսները աբիտուրենտների, ամայի լսարանները՝ ուսումնական հաստատություններում:

         Տեղական ինքնակառավարման համակարգը, ցավոք, ընտրությունների և դեմոկրատական, ժողովրդավարական: Բնական է, որ մենք ունենք մի քանի հիմնական խնդիր՝ տնտեսության աճի համար, ինչպես նաև անվտանգության համար պետք է ժողովրդավարության նորմալ մակարդակ, իսկ դրա համար պետք է ընտրություններ, իսկ այն ինչ-որ կատարվում է տեղական ինքնակառավարման համակարգում, կներեք բառեր չեմ գտնում ասելու, որովհետև, պարզապես տեղական ինքնակառավարման համակարգ, որպես այդպիսին՝ չկա, խոսակցական մակարդակներով կան, որ իբր, սեպտեմբերին ինչ-որ լինելու են ընտրություններ: Եթե որևէ հայեցակարգ, որևէ հիմնարար նորություններ, որևէ նոր գաղափարներ, որևէ զարգացումներ մենք չենք առաջարկել, ինչի՞ ենք այսքան ուշացնում, ինչի՞ ենք այսքան ուշացրել: Լավ, եթե լինելու է սեպտեմբերին, գոնե՞ մի քանի աշխարհի կողմից ընդունված նորմեր ընդունեք՝ տեղական ինքնակառավարման մարմինների միասնական օր հաստատել կամ, եթե պետությունը ազնիվ է իր նպատակներում, իշխանությունը ազնիվ է իր նպատակներում, չի օգտագործելու իշխանական ռեսուրսները տեղական ինքնակառավարման համակարգ կոչվածին այս եղածին, գրենք այդ հայեցակարգում, որ ժամանակավոր պարտականությունները իրականացողները իրավունք չունեն առաջադրվել հետագա ընտրություններում՝ նորմալ ձևով, որպեսզի մենք էլ հասկանալի լինենք մնացածներին: Բավականին առաջարկություններ ունեմ այս ոլորտների վերաբերյալ, ցավոք, հնարավորություն չի լինում բարձրաձայնել դրանց մասին և ստիպված եմ լինում այստեղ անդրադառնալ՝ օգտագործել պահը: Փոշիացած տեղական ինքնակառավարման մարմիններին, եթե ավելացնեմ մեր կադրային անհասկանալի քաղաքականությունը, որի մասին չեմ խոսում՝ նորից Նադեժդա, Նադեժդից ու Նոյ, ինչպես ժողովուրդն է ասում: Կարծեմ եմ՝ ամեն ինչ բավականին իրա տեղը կընկնի: Սահմանադրության վերաբերյալ: Արդեն ճաշակում ենք գործադիր իշխանության անվերահսկելու փաստի հետևանքները: Գործադիր իշխանությունը՝ ներկայիս, մեր Սահմանադրությամբ, փաստորեն, քաղաքական սկզբունքը, քաղաքական պատասխանատվություն կրելու հետագա սկզբունքը, որ պիտի լինի, մեր Սահմանադրությունում ամրագրված չէ, որովհետև Կառավարության և կառուցվածքը և կազմը հաստատում է միանձնյա, առանց քաղաքական ուժերի, առանց քաղաքական տոկոսային հարաբերակցության, անկախ նրանից ինչքան տոկոս է և կարծիքների, և այլն, և այլն: Սրանով է հենց բացատրվում նաև 30-ամյա պետության մեջ կուսակցությունների անհամար քանակության աճը, զանազան բողոքները և զանազան հանդիպումները: Սրանք, ըստ էության, ժամանակակից պետության, կլասիկ պետության դիմադրողականության անկման նշաներ են: Տնտեսության աճեր, իհարկե ողջունելի են աճերը, ահագին՝ դինամիկայի անկումները: Ի վերջո, միշտ էլ տնտեսություն աճեցնելը ավելի հեշտ է, քան այդ աճած տնտեսության այդ աճած տեմպը հետագայում պաշտպանելը: Ուզում եմ մի հարցին էլ անդրադառնալ, որ առայսօր Ազգային ժողով, Կառավարության կողմից չի ներկայացվել Ընդերքի մասին օրենքը, որպես հետևություն, Բյուջեի մասին փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը: Այս տարին արդեն մոտենում է իր կեսին, որովհետև, բացի այդ, հավելյալ նկատառումներն ունեինք, նաև այդ հավելյալ դրամական միջոցները՝ միայն ու միայն ենթակառուցվածքներում օգտագործելու համար: Օրինակ, 4 տարի անընդհատ գրավոր ասում ենք, հյուսիս–հարավ ողնաշարի մայրուղում կապել գյուղերը՝ հնգամյա ծրագրով, պատասխան ստանում ենք՝ գումար չունենք: Գումարի առաջարկ էլ ենք տվել, գումար ունեք, մնում է ծրագիրը դնեք կամ մնացածը: Նույն Պատարայի, աշխարհի համարյա կեսը արդեն ջրի խնդիր ունեն: 5,10,20 տարի հետո, աշխարհի 50%-ը ջրի խնդիր են ունենալու՝ 50%-ը ջրի, պարզապես որակյալ խմելու ջրի խնդիր է ունենալու, իսկ մեր ջրային ռեսուրսները կազմավորել է պետք: Կրթական համակարգից մի բան էլ՝ 44%-ը ռազմաբժշկական ծառայության ղեկավարի՝ նորակոչիկների 44%-ը առողջապահական ինչ-որ խնդիրներ ունեն՝ առողջական, սկալիոզից սկսած մինչև աղեստամոքսային տրակտ: Այն ժամանակ էլ, այստեղ խոսում էին հանրային առողջության հիմնական կոմպոնենտներից, որ նույնիսկ Նիգերիայում է օգտագործվում տաք սնունդ կոչվածը, որի արդյունքները այս 44%-ի չգիտեմ քանիսնն են: Սրանք խնդիրներ են, ժողովուրդ: Ենթաօրենսդրական դաշտի մեր հանձնաժողովը գործատուներով պետաիրավական հանձնաժողովում, տնտեսության աճը և սահմանադրականության աստիճանը ուղիղ համեմատական են իրար, առանց սահմանադրականության բավարար մակարդակի տնտեսությունում զարգացում չի կարող լինել, առավել ևս իմպերատիվ տնտեսության զարգացում չի լինի: Էկստրատիվ ինստիտուտներում կարող են լինել՝ ժամանակավոր, ստալինյան, լենինյան և այլն, և այլն, բայց իմպերատիվ տնտեսությունների նման բան հնարավոր չէ: Ենթաօրենսդրական դաշտ՝ յուրաքանչյուր օրենք ընդունելով, մոտ 15, 20 ենթաօրենսդրական ակտեր ենք: 2016թ. առնչվել ենք բանակի, զինծառայության հետ կապված որոշակի ենթաօրենսդրական ակտերի և այլն, և այլն, լրիվ չթվարկեմ: Համարյա, ամայի դաշտ է՝ սահմանում է Կառավարության կողմից, 10 տարի է անցել, 20 տարի է անցել՝ չկա, իսկ օրենսդրություն, մեր Սահմանադրությամբ գրված օրենսդրություն, չի նշանակում միայն օրենք՝ Սահմանադրություն, օրենսգիրք, օրենք, ենթաօրենսդրական դաշտ, նորմատիվային մարդիկ, որոնք ունեն նորմատիվ իրավական բաները ընդունեն, այս բուրգի մասին է խոսքը, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Ես պիտի խնդրեմ նախ՝ տեղավորվել այս 10 րոպեում, կարծում եմ՝ դա առանձնակի խնդիր չէ: Հիմա մի բան պետք է համաձայնեցնենք, մենք մեր ժամանակը՝ մեկ ու կես ժամվա, սպառել ենք, որպեսզի ընդմիջում չանենք, որովհետև ընդմիջումից հետո հարց ու պատասխան է, եթե դեմ չեք, երկու ելույթներն էլ լսենք, որից հետո մի 15, 20 րոպե ընդմիջում կանենք՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի: Ընդունե՞լի է այս տարբերակը, երկու ելույթ ունենք: Շատ լավ, ելույթի համար հրավիրվում է Վարդգես Բաղրյանը, հաջորդը՝ Արթուր Թովմասյանը:

Վարդգես Բաղրյան - Շնորհակալություն: Մեծարգո պարոն նախագահ, մենք ուշադիր լսեցինք Ձեր տարեկան հաղորդումը երկրի կենսագործունեությանը վերաբերող կարևորագույն  ոլորտներում  ունեցած արդյունքների մասին, որոնք ընդհանուր  առմամբ, պետք է  համարել գոհացուցիչ:

         Գաղտնիք չէ, թե մեզ համար որքան կարևոր են  մեր երկրի անվտանգությունն  ու բանակաշինությունըՏեսանելի է, որ  մենք ճիշտ դասեր ենք քաղել  ապրիլյան պատերազմից, արել համապատասխան  եզրահանգումներ և էլ ավելի ամրապնդել Արցախի սահմանները: Դրանում համոզվել ենք նաև  մենք՝ պատգամավորներս, լինելով առաջնագծում  և տեսնելով, թե որքան  բարձր է  զինվորի և սպայի ոգին: Որևէ  կասկած չկա, որ նրանք  պատրաստ են հարկ եղած դեպքում հուժկու հակահարված հասցնելու  հակառակորդին, եթե նա փորձի դիմել արկածախնդրության:

         Հայտնի  ճշմարտություն է, որ եթե ամուր է թիկունքդ, բանակցային  սեղանի  շուրջ  քեզ ավելի վստահ ես  զգում:

Արտաքին  քաղաքականության  բնագավառում, ինչպես  քանիցս նշել եք Դուք, պարոն  նախագահ, մեզ համար շարունակում է  առաջնահերթություն մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով, Արցախի հանրապետության  միջազգային ճանաչումը և երկկողմ կապերի հաստատումն ու խորացումը: Մեր արտաքին գերատեսչությունը իր խոսքն  ասելու ժամանակ վստահաբար  արտահայտում է  մեր ժողովրդի կարծիքը՝ վերադարձ անցյալին չկա:

           Բոլոր ոլորտներն էլ կարևոր են՝ և տնտեսությունը, և առողջապահությունըև գիտություն ու կրթություն, մշակույթ ոլորտը,   բոլորը, սակայն, եթե  մենք չունենանք  ամուր, հուսալիպաշտպանված երկիր և ճկուն, խելացի արտաքին քաղաքականությունկարող ենք չունենալ ոչինչ :

        Մեր կարգի երկրներում շատ ավելի մեծ դեր ու  նշանակություն ունի պետական կառավարման համակարգի  արդյունավետությունը: Մեզ հաջողվել  է  վերջին տարիներին ապահովել  կառավարման համակարգի անխափան գործունեությունը, բայց ժամանակակից  աշխարհում շատ բան կախված է այդ համակարգի  մշտական կատարելագործումից:

        Պարոն նախագահ, բնականաբար, Դուք Ձեր ելույթում խոսեցիք նաև անելիքների մասին, որոնց պատշաճ մակարդակով կատարելուց  է լինելու կախված  մեր երկրի վաղվա օրըԵվ այստեղ շատ անելիք ունենք  բոլորս՝ առանց գլուխ պահելու, նվիրվածությամբ:

         Ուզում եմ երկու խոսք ասել առաջիկա  ընտրությունների մասինԻնչպես գիտենք, այս տարվա աշնանը մեզանում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման  մարմինների  ընտրություններ, իսկ եկող տարվա  գարնանը՝  համապետական ընտրություններ, այսինքն՝ Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանի  միաժամանակյա  ընտրություններ: Չափազանց կարևոր է, որպեսզի  հատկապես երկրի  նախագահի  և Ազգային ժողովի  ընտրություններն անցկացվեն  բարձր մակարդակով, օրենքի տառին և ոգին  համապատասխան՝ ազատարդար ու թափանցիկ: Եվ այդ սկզբունքները պետք է  մեզ ուղեկցեն  ոչ միայն  քարոզարշավի ժամանակ, այլև  առաջիկա բոլոր ամիսներին: Այդ ընտրությունները ոչ թե պետք է ջլատեն մեր ուժերը, խաթարեն մեր միասնությունը, այլ ավելի  համախմբեն մեզ:

        Վստահ ենք, պարոն նախագահ, որ Դուք  կլինեք  հենց  այդպիսի  ընտրությունների  երաշխավորըև միայն այդ դեպքում  մենք կունենանք   միջազգային չափանիշներին  համապատասխանող ընտրություններ:

Դա, անշուշտ, կնպաստի  Արցախի Հանրապետության միջազգային վարկանիշի էլ ավելի  բարձրացմանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եզրափակիչ մտքերի փոխանակության համար, խնդրեմ պարոն Արթուր Թովմասյան:

Արթուր Թովմասյան – Մեծարգո պարոն նախագահ, Արցախի Հանրապետության, հարգարժան Ազգային ժողովի նախագահ և պետնախարար, հարգելի կառավարության անդամներ և գործընկերներ: Անգլիայի խորհրդարանում, ընդդիմադիր պատգամավորներին դիմում են՝ ձերդ մեծություն, ես ձեզ դիմում եմ սիրելի պատգամավորներ: Տարբեր լրատվամիջոցներում՝ ձեր հարցազրույցներում, ինչու չէ նաև Ազգային ժողովի այս ամբիոնից դուք շոշափում եք այնպիսի հարցեր, որոնք պետական գաղտնիքներ են պարունակում՝ իմ կարծիքով: Ամեն ինչ այս աշխարհում իր գինն ունի: Փոխադարձ վստահությունը ամենաբարձր գինն է ինձ համար: Հանուն ներկայի՝ չպետք է մոռանալ անցյալը և հանուն: Ձեր ներկան ու անցյալը՝ ինձ համար, պարզ է: Դուք ապրել եք ձեր ճշտով, որը, երբեմն, ցավ է պատճառել ինձ: Ոչ թե, որպես Հայրենիք խմբակցության ղեկավար, այլ որպես Արցախի պետական շինարարության ոչ վերջին մասնակցի: Ձեր ապագայի ճշտի մարտավարությունը և ռազմավարությունը այնքան պրիմիտիվ է, որ այլևս ցավ չեք պատճառում: Գանդին ասել է. Վրեժի վրա կառուցված երկիրը կույր երկիր է, բայց լավ է լինել կույր, քան անուղեղ: Դուք ոչ կույր եք, ոչ անուղեղ: Հորդորում եմ ձեզ՝ պետական գաղտնիքներ պարունակող ինֆորմացիաները հասանելի չդարձնել թշնամուն: Հայրենասիրության պակաս ձեր մոտ չկա, կենտրոնացեք ձեր ծրագրերի և թիրախավորեք մեր թերությունները: Ցանկանում եմ ձեզ տեսնել՝ հաջորդ գումարման խորհրդարանում, բայց իմ ցանկությունը քիչ է: Ժողովուրդը պետք է ցանկանա: Քաղաքականությամբ զբաղվելը շատ լավ բան է, եթե դու անկեղծ ես և հոգիդ մաքուր, այսքանը ձեր մասով:

         Արցախի Հանրապետության նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրի վերաբերյալ, հաղորդման վերաբերյալ կասեմ հետևյալը. բոլորը կարող են հզոր լինել, եթե ցանկանում են ծառայել ժողովրդին և հայրենիքին: Այս առումով՝ Դուք անկրկնելի եք, պարոն Նախագահ, շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Մենք այսքանով ամփոփում ենք, և կանոնակարգի պահանջներին համապատասխան, մենք կարող ենք ունենալ եզրափակիչ ելույթ: Պարոն նախագահ, ցանկությո՞ւն կա:

Բակո Սահակյան – Կուզենայի անդրադառնալ Արթուր Բաբկենիչի ելույթին՝ կապված գաղտնիքների հետ: Ես որոշակի մտահոգությունների մասին, ուզում եմ տեղեկացնել, Դավիթ Ռուբենիչի կողմից բարձրացրած հարցի հետ կապված՝ ճանապարհի շինարարության հետ կապված, մենք ինչ խնդիրների հետ ենք առնչվում մեր այս գործունեության շրջանում: Քանի որ պատրաստվում ենք այդ հարցը ընդգրկել Հայաստան համահայկական հիմնադրամի հաջորդ աշխատանքների շրջանակ, և մեկ, երկու անգամ մենք ձախողվել ենք այս տարիների ընթացքում, որովհետև մեր ընկերները այլ երկրներում համաձայնություն չեն տվել մասնակցելու նման ծրագրերի իրականացման: Օրինակ, բոլորիս կողմից հայտնի և շատ ջանասիրաբար իր պարտականությունները կատարող Պետրոս Սերժյանը՝ երկու ծրագրի հետ կապված, ներկայացրել է Ֆրանսիայի Կառավարության մոտեցումը այդ ծրագրերի հետ կապված, և Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը չի մասնակցել այդ ծրագրերի իրականացմանը, որովհետև նրան ոչ թե զգուշացրել են, այլ բարեկամական խորհուրդ են տվել, որ լավ կլինի, որպեսզի այդ կառույցը՝ Ֆրանսիայի հիմնադրամի, տվյալ տարում իր ծրագրերը ուղղի այլ աշխատանքների իրականացմանը: Եթե մենք ժամանակից շուտ սկսում ենք խոսել այս ծրագրերի մասին: Պետք է ասեմ, ընդհանուր առմամբ, մեր լրագրողները այս տարիների ընթացքում առաջնորդվել են այդ սկզբունքներով և դա խոսում է ոչ թե նրանց համարձակության բացակայության մասին, այլ ես կարծում եմ՝ այդ մոտեցումը խոսում է նրանց բարձր գիտակցության մասին, որովհետև եթե մենք ավելորդ տեղեկություններ հաղորդելով՝ մեզ համար լրացուցիչ դժվարություններ ենք ստեղծում՝ չեմ կարծում, թե այդպիսի աշխատանքը կարելի է որակել բավարար կամ արդյունավետ աշխատանք: Մենք պարտավոր ենք այսօր՝ աշխարհում տեղ գտած, այս կամ այն յուրահատկությունները հաշվի առնել և մեր աշխատանքները, ինչու չէ անհրաժեշտության դեպքում, իրականացնել այդ գաղտնիության ռեժիմի պահպանման պայմաններում: Եթե դա է գրավականը, դա է բերելու մեզ հաջողության, մենք, ուղղակի պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը: Եթե մենք նախապես խոսենք այդ ծրագրերի մասին և լրացուցիչ դժվարություններ ստեղծենք՝ չեմ կարծում, որ դրանից մենք ինչ-որ օգուտ ենք քաղելու: Հետևաբար, ընդունում եմ Արթուր Բաբկենիի ասածը, որ ոչ միայն մի առաջադրանքի հետ կապված, այլ մեր կյանքը այդպիսինն է, մեր իրողություններն է այդպիսին: Սա ոչ թե թուլության ցուցաբերում է: Մենք տեսնում ենք չէ՞, որ հիստերիայի դրսևորումներ ենք չէ՞ ունենում, տարբեր ծրագրերի և աշխատանքների հետ կապված: Օրինակ, մենք ունենք թվով շատ մեծ բարերարներ, ովքեր մասնակցել և մասնակցում են մեր տնտեսության վերականգմանը, տարբեր ծրագրերի իրականացման գործում, բայց նրանք չենք ցանկանում, որպեսզի այն հանգանակությունները և այն մասնակցությունը, որոնք իրենք բերում են այդ մասին, բարձրաձայնվի: Ինչո՞ւ, որովհետև տեղերում խնդիրներ են ունենում, որովհետև Ադրբեջանը նոտաներ է ուղղում այդ երկրների արտաքին գործերի նախարարությանը: Ադրբեջանը, բոլոր հանդիպումների ժամանակ իրենց արտասահմանյան գործընկերների հետ այդ մասին, անպայման, խոսում են՝ և այլն, և այլն: Հետևաբար, ես էլ եմ կողմնակից մի շարք առաջադրանքներ և աշխատանքներ իրականացնելուց առաջնորդվել այդ նշված պահանջներով՝ համոզված լինելով, որ այդ վերաբերմունքը ստեղծում է մեզ համար լրացուցիչ հնարավորություններ մեր առաջադրանքները և աշխատանքները ժամանակին և որակով կատարելու համար:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն նախագահ: Ես ուզում եմ ամփոփել և ասել, որ այսօր մենք օգտակար քննարկումներ ունեցանք, և խոսեցինք կարևոր հարցերի մասին և անպայման այդ թեմաները ապագայում լինելու են մեր աշխատանքների կենտրոնում: Այսքանով մենք ավարտում ենք օրակարգային առաջին հարցը, ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Հանրապետության նախագահին, Կառավարության անդամներին: Հիմա հայտարարվում է ընդմիջում մինչև 13 անց 20, որպեսզի Կառավարության անդամները նորից չգնան՝ հետ վերադառնան: Ընդմիջում, մինչև 13 անց 20:

    

          14.00

Հարց ու պատասխան

Հարգելի գործընկերներ, Կառավարության անդամներ, շարունակում ենք ապրիլի 17-ի հերթական նիստի աշխատանքները, և մեր այսօրվա օրակարգով այս պահին մենք սկսում ենք Կառավարության հետ հարց ու պատասխանի օրակարգային հարցը: Կառավարության անդամները ներկա են պետնախարարի գլխավորությամբ: Հիմա խնդրում եմ հարցերի համար գրանցվել, որից հետո, ինչպես Կանոնակարգ օրենքն է պահանջում, հարցերը տրվում են ամբիոնից, պատասխանները նույնպես, և ձեր դիմաց դուք տեսնելու եք այն ժամանակաչափը, որի ընթացքում պետք է հարցերը տալ և որի ընթացքում պետք է հնչեցնել պատասխանը:

Հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հայկ Խանումյան, Գագիկ Բաղունց, Ռիտա Մնացականյան,Վիլեն Սաֆարյան, Լյուդմիլա Բարսեղյան, Արմեն Օհանյան, Վարդգես Ուլուբաբյան, Արպատ Ավանեսյան, Սերգեյ Հարությունյան: Նորից կարդում եմ: Հարցերի համար գրանցվել են պատգամավորներ Հայկ Խանումյան, Գագիկ Բաղունց, Ռիտա Մնացականյան,Վիլեն Սաֆարյան, Լյուդմիլա Բարսեղյան, Արմեն Օհանյան, Վարդգես Ուլուբաբյան, Արպատ Ավանեսյան, Սերգեյ Հարությունյան: Ճի՞շտ է, շատ լավ: Սկսում ենք հարց ու պատասխանը: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Հայկ Խանումյանը, հաջորդը Գագիկ Բաղունցն է:

Հայկ ԽանումյանՀարգելի գործընկերներ, եթե հիշում եք, երկու տարի առաջ ես հարցապնդում էի ուղարկել Կառավարություն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի երաշխիքների մասին տեղեկություն ստանալու: Բոլորդ էլ տեղեկություններ ունեք՝ մոտ 200 միլիոն դոլարի պետական երաշխիքներ են տրվել տարբեր իրավաբանական անձանց, տարբեր կազմակերպություններին: Հիմա ուզում եմ հարց ուղղել Կառավարությանը. այս պետական երաշխիքները, որ տրվել են տարբեր ընկերությունների՝ վարկեր վերցնելու, վարկերից ինչքա՞ն է մնացել Կառավարության վրա, ինչքա՞ն է Կառավարությունը ստիպված եղել այդ ընկերությունների փոխարեն վճարել վարկեր: Ես, օրինակ, այստեղ տեսնում եմ ընկերություն, որը 4 միլիոն 8 հարյուր 50 հազար ԱՄՆ դոլարի պետական երաշխիք է վերցրել, վերջնաժամկետը՝ մինչև 2018թ. դեկտեմբեր: Վերջերս Արցախի ներդրումային հիմնադրամը դրա 50 տոկոս բաժնետերն է դարձել: Արդյո՞ք, մարդիկ վարկ են վերցնում՝ չեն կարողանում փակել վարկը, և ներդրումային հիմնադրամը դառնում է դրա ամբողջական կամ մասնակի փայատերը: Տեսնում եմ բազմաթիվ այլ ընկերություններ, իհարկե, գերակշիռ մասը ներդրումային հիմնադրամն է, որը վերցրել է, ասենք, 25 միլիոն դոլար, 3 միլիարդ 700 հազար դրամ և այդպես միլիարդավոր դրամներ ու միլիոնավոր դոլարներ: Հիմա խնդրում եմ պատասխանեք, Կառավարությունը այս ընկերությունների փոխարեն վճարե՞լ է, եթե վճարել է և ո՞ւմ է վճարել, և եթե ոչ, այս ի՞նչ սխեմա է, վերցնում են վարկը, չեն կարողանում տան, հետո այդ ընկերությունը աշխատող կամ չաշխատող կամ վատ աշխատող, դառնում է ներդրումային հիմնադրամի սեփականատեր: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՀարցին պատասխանում է Արցախի Հանրապետության պետական նախարար պարոն Գրիգորի Մարտիրոսյանը, խնդրեմ:

Գրիգորի ՄարտիրոսյանՇնորհակալություն: Հարցման պահին փաստացի գործող երաշխիքների վերաբերյալ տեղեկությունները Կառավարությունը տրամադրել էր ներկայացրած պատգամավորին: Այս պահի դրությամբ, եթե այդպիսի անհրաժեշտություն, եթե լինի այսպիսի հարցում, մենք կարող ենք թարմացնել այդ տեղեկությունները: Այս պահի դրությամբ, ինչքան երաշխիքներ կան գործող և դրանցից, որն է արդեն մարվել կամ ժամկետն ավարտվել և դուրս է եկել ընդհանուր շրջանառությունից: Նշեմ, որ իրականում այդ տրամադրված երաշխիքների գերակշիռ մասը տրամադրված էր հիմնադրամներին, որը պայմանավորված էր նրանով, որ հիմնադրամները իրենց կանոնադրական գործունեությունը իրականացնելու համար, փոխառու միջոցների ներգրավման նպատակով, որպես ապահովություն, ֆինանսական կազմակերպությունների պահանջներին համապատասխան, միշտ ներկայացվում է պետական բյուջետային երաշխիք: Դա ընդունված պրակտիկա է: Այս պահին ես ճշգրիտ տեղեկություններ՝ արդյո՞ք վճարվել է որևէ երաշխիքով՝ ֆինանսական միջոցներ, թե՝ ոչ, ավելի շուտ կպատասխանենք ճշգրիտ տվյալ հարցը գրավոր ուսումնասիրելուց հետո և կհայտնենք Ձեզ՝ արդյո՞ք այդպիսի դեպքեր եղել են, թե՝ ոչ:

Աշոտ Ղուլյան Արձագանքո՞ւմ եք, պարոն Խանումյան:

Հայկ ԽանումյանՔանի որ տեղեկություն չունեք ձեռքի տակ այս պահին, խնդրում եմ նշված հարցին պատասխանել գրավոր: Շնորհակալություն:

 Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն Մարիտիրոսյան: Հարցի համար հրավիրվում է Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Ռիտա Մնացականյանը:

Գագիկ ԲաղունցՀարգելի գործընկերներ, գոհունակությամբ ուզում եմ նշել կրթության նախարարության կողմից ձեռնարկված մի շարք քայլեր, որոնք ուղղված են կրթության, մասնավորապես տեխնիկական առարկաների որակի բարձրացմանը, սակայն այդ միտումի ամրապնդման և վերջնական արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ են ևս մի շարք առանցքային անհետաձգելի քայլեր՝ առաջին հերթին ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում: Վերջերս Հայաստանի Հանրապետության կրթության նախարարը հայտարարեց սեպտեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մտադրության մասին: Հայաստանի Հանրապետությունում նշված գործընթացը իրականացման փուլ մտնելուն զուգահեռ, նախատեսվո՞ւմ է նմանատիպ քայլեր Արցախում: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՀարցին պատասխանում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար տիկին Նարինե Աղաբալյանը, խնդրեմ:

Նարինե ԱղաբալյանՇնորհակալություն: Այսօր նախագահի ելույթի մեջ նույնպես կար այդ մասին, որ վերանայվելու են Արցախում ուսուցիչների աշխատավարձերը: Այո, այպիսի հայտարարություն եղել է Հայաստանի Հանրապետությունում և առաջիկա օրերին նախատեսված է հանդիպում Հայաստանի Հանրապետության՝ վաղը չէ մյուս օրը, նախատեսված է հանդիպում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ, որպեսզի համատեղ քննարկենք այդ հարցը և ընդհանրապես, կրթության ոլորտի ֆինանսավորման աշակերտների, մեկ աշակերտի հաշվով պետության կողմից կատարվող ծախսերի բանաձևի վերանայման խնդիրները: Մենք համատեղ աշխատանքներ ունենք իրականացնելու, որի արդյունքում, երևի կկարողանանք ավելի կոնկրետ առաջարկություն ներկայացնել: Համենայն դեպս, սկզբունքային, նախագահի կողմից էլ եղավ այդպիսի հավաստիացում, որ վերանայվելու են 2019թ. սեպտեմբերից:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Արձագանքո՞ւմ եք, պարոն Բաղունց: Չէ: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Ռիտա Մնացականյանը, թող պատրաստվի Վիլեն Սաֆարյանը:

Ռիտա ՄնացականյանԱզգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան ներկաներ: Հարցս վերաբերում է բազմազավակ ընտանիքներին պետության կողմից անհատույց տրվող բնակարաներին: Ցավալի է, բայց փաստ է, որ  այսօր այդ առանձնատուն կամ բնակարան ստանալուց հետո, սկսվում է դիմումների հոսքը՝ տան վերանորոգման համար: Հետաքրքիր է, ի՞նչ չափանիշներով են ընտրվում նման բնակարանները կամ առանձնատները բազմազավակ ընտանիքներին բավարարելու համար: Ինչո՞ւ նրանց տրամադրված տները, կարծես թե, որպես կանոն, գտնվում են անմխիթար վիճակում: Դիմումները վերջանում են նրանով կամ, որ մի շարք առանձնատներ կամ բնակարաններ վերանորոգվում են, ավելի մեծ ծախս դառնում մեր բյուջեի համար կամ չեն վերանորոգվում, ինչպես ասում են՝ բողոքների տեղիք տալով: Եվ երկրորդ հարցս, ոչ թե ավելի շատ հարց է, այլ կցանկանայի Կառավարության ուշադրությունը հրավիրել մի խնդրի վրա, որ գոյություն ունի այսօր մեր համայնքներում, և խմբակցության հանդիպումների ժամանակ շատ համայնքներում է բարձրացվել այս հարցը: Այսօր մեր գյուղական համայնքներում կան անտեր ու լքված տներ, դա բնակիչների խոսքերն են, անտեր չեն, այլ ունեն սեփականատեր, որոնք գյուղում չեն հայտնվում 40-50 տարի: Այդ տները հիմա գտնվում են փլուզման եզրին, անգամ փլվում են, և քանի որ հին տները, որպես կանոն, շատ մոտիկ են եղել, փլուզվելիս նրանք մեծ վտանգ են ներկայացնում  բնակիչների համար, ճանապարհներ են փակում և այլն: Բնակիչների խնդրանքով, ես այդ հարցը, ոչ թե հարցը, այլ Կառավարության ուշադրությունը հրավիրում եմ այդ խնդրի վրա, որպեսզի որոշակի լուծում գտնի: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը:

Կարեն ՇահրամանյանՇնորհակալություն հարցի համար: Ինչպես գիտեք, մենք բազմազավակների, ավելի շուտ ծնելիության խթանման ծրագիրը իրականացնում ենք տարբեր եղանակներով. կամ կառուցվում է բնակելի տուն, կամ գնվում է բնակարան և նվիրատվությամբ հանձնվում բազմազավակ ընտանիքին: Դուք ճիշտ եք նկատել, նախկինում կար այսպիսի դեպքեր, երբ տանտերը, այսինքն, բազմազավակ ընտանիքը, պայմանավորվելով այդ վաճառվող տան  սեփականատիրոջ հետ, գնում է իր համաձայնությամբ: Մենք միշտ պահանջում ենք գրավոր համաձայնությունը բազմազավակ ընտանիքի ծնողների, գնում է այդ բնակարանը՝ ինչ-որ ֆինանսական պարտավորությունները իրար մեջ պայմանավորվելով, որից հետո՝ մի քանի տարուց հետո, խնդիր է առաջանում. բա այդ բնակարանը վերանորոգման ենթակա են, ինձ խաբել են կամ այդպիսի մի շարք այլ հարցեր: Այդ իսկ պատճառով, ներկա դրությամբ, մենք այդպիսի բնակարանները ի սկզբանե ուսումնասիրում ենք, անկախ նրանից, թե այդ բազմազավակ ընտանիքի ծնողները ցանկություն են հայտնել գնել այդ բնակարանը, թե՝ չէ: Բնակարանը, եթե վերանորոգման ենթակա է, եթե դա տեղավորվում է մեր նախատեսված գումարների շրջանակներում, մենք գնում, վերանորոգում և, որից հետո տրամադրում ենք այդ ընտանիքներին, իսկ եթե վթարային է, ենթակա չէ վերանորոգման, պարզապես մենք չենք գնում այդ բնակարանները: Ինչ վերաբերում է նորակառույց տներին գյուղական բնակավայրերում, երբ մենք կառուցում ենք, դրանք լրիվությամբ համապատասխանում են բոլոր նորմաներին՝ որակյալ, լուսավոր, բոլոր պահանջներին համապատասխան, և, որից հետո նվիրատվությամբ հանձնում այդ ընտանիքներին: Սա՝ կապված առաջին հարցի հետ, իսկ երկրորդ հարցի հետ կապված՝ իրոք, մեր գյուղական  բնակավայրերում կան բազմաթիվ տներ, որոնց սեփականատերերը ինչ-որ պատճառներով գտնվում են մեր հանրապետությունից դուրս, արդեն երկար տարիներ չեն բնակվում այստեղ և ինչ-որ տեղ կարող են այդպիսի խնդիրներ առաջանալ, երբ այդ տան վթարային լինելու պատճառը կարող է հանգեցնել նաև կպած նույն տան՝ հարևանի տան վթարային լինելուն: Դրանք առանձնահատուկ հարցեր են, և ամեն դեպքում կարող ենք մենք քննարկել և տալ լուծումներ: Կոնկրետ այդպիսի հարց դեռևս մեր մոտ մուտք չի գործել և մենք տեղյակ չենք այդպիսի իրավիճակներից:

Աշոտ Ղուլյան Արձագանքո՞ւմ եք,տիկին Մնացականյան: Ռիտա Մնացականյան:

Ռիտա ՄնացականյանԻնձ մոտ կան հասցեներ, որոնք դիմել են մեզ՝ առաջին հարցին է վերաբերվում: Ես կարո՞ղ եմ այդ հասցեները և այդ դիմումները ուղարկեմ Ձեզ՝ նայելու համար: Շնորհակալություն:

Կարեն ՇահրամանյանԱյո:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն, պարոն Շահրամանյան: Հաջորդ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վիլեն Սաֆարյանը, թող պատրաստվի Լյուդմիլա Բարսեղյանը:

Վիլեն Սաֆարյան - Հարգելի Կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ: 2019թ. մեր խմբակցության կողմից եղել է առաջարկություն, Հանրապետության գործող և լքված հանքավայրերի շրջակայքում, ինչպես նաև պոչամբարների շրջակայքում, էկոլոգիական վիճակի ուսումնասիրության և բացահայտման նպատակով որոշակի գումար հատկացնելու վերաբերյալ, որը ընդունվել է Կառավարության կողմից և հատկացվել է 10 միլիոն դրամ: Արդեն ավարտվում է տարվա 4-րդ ամիսը, իսկ այդ վիճակի ուսումնասիրությունը՝ բավականին երկար ժամանակ տևող ուսումնասիրություն է և չեմ կարծում, որ մինչև հիմա ինչ-որ բան է կատարվել: Հարցս՝ ի՞նչ է կատարվել այս ուղղությամբ, ո՞ւմ կողմից է, եթե չեն կատարվել կամ կատարվում են, ո՞ւմ կողմից է նախատեսվում կատարվել տվյալ աշխատանքները, որովհետև ո՞ւմ կողմից, որովհետև դա խիստ կարևոր է, որպեսզի կատարվի անկախ փորձագիտական կազմակերպության կողմից, ոչ թե հանքը շահագործող կազմակերպության կամ բնապահպանության նախարարության մասնագետների կողմից: Անկախ փորձագետների կողմից կատարված պարտադիր պայման է: Երկրորդ հարցս վերաբերում է նույն կարգով տրված մեր առաջարկություններին, որի ֆինանսական կողմը, չնայած չի ընդունվել, բայց Կառավարության կողմից խոստում է եղել, որ հարցը կքննարկվի: Մասնավորապես հարցը վերաբերվում է Արցախի Հանրապետության ատլասի վերամշակման և հրատարակման վերաբերյալ, պարզապես ես նորից ուզում եմ ամբիոնից հայտարարել, որ Արցախի Հանրապետության ատլասի  քաղաքական նշանակությունն ավելի մեծ է, քան նրա՝ որպես աշխարհագրական նյութ, և կարծում՝ եմ ինչ-որ որոշակի գումարներ հատկացնել վերամշակման և հրատարակման համար:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության բնական ռեսուրսների և բնապահպանության նախարար պարոն Ֆելիքս Գաբրիելյանը, խնդրեմ պարոն Գաբրիելյան:

Ֆելիքս ԳաբրիելյանՇնորհակալություն հարցի համար: Ինչպես Դուք նշեցիք, որ Արցախի Հանրապետության տարածքի լքված և կոնսերվացված հանքավայրերի և արդյունաբերական թափոնների մոնիտորինգի ծրագրի շրջանակում նախատեսված է անցկացնել այդ միջոցառումը, և Ձեզ կարող եմ տեղեկացնել, որ այդ պրոցեսը սկսվել է, արդեն հանձնաժողովը սկսել է իր աշխատանքները, իսկ մնացածը, որ ասում եք փորձանմուշների հետ կապված հետո մասնագիտական առումով կարող է առաջանալ հարցեր, մենք այդ փորձանմուշների մասով մենք կօգտագործենք Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության  այն համակարգերը, որը տեխնիկապես հնարավորություն ունեն լինել օգտակար: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան, խնդրեմ, պարոն Սաֆարյան, Վիլեն Սաֆարյան:

Վիլեն Սաֆարյան - Պարոն նախարար, ես նկատի ունեի, որ այդ հետազոտությունները, ես չեմ ուզում, պարզապես թվեր հայտարարեմ, որ վիճակը ավելի քան  վատ է: Այդ ուսումնասիրությունները պետք է կատարվեն անկախ փորձագիտական խմբի կողմից, իմ հայտարարության իմաստը դա է: Անկախ փորձագիտական խումբ, որպեսզի ոչ մեկի կողմից կախված չլինի: Մեզ պետք է ռեալ իրական տվյալներ, որովհետև որոշ ծանր մետաղների պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է թույլատրված նորմաները:

Ֆելիքս ԳաբրիելյանԵս կարող եմ պատասխանել Ձեր հարցին: Ինչի՞ համար եք Դուք նայում կասկածամտությամբ այդ ամեն ինչի՞ն: Սա մեր հայրենիքն է, մեր երկիրն է, և մենք մեր հնարավորության սահմաններում օգտագործելով այդ մասնագետների ունակությունը, մենք ճշմարիտ տեղեկություն կստանանք և այդ ճշմարիտ տեղեկությունից մենք չենք փախչելու:

Վիլեն ՍաֆարյանԵս չեմ կասկածում է, ընդունված նորմա է դառել:

Ֆելիքս ԳաբրիելյանԲա ինչի՞ մասին եք խոսում: Ասեցի, որ եթե լինի մասնագետների պահանջ, մենք ունենք մասնագետներ, և եթե լինի պահանջ՝ մենք կօգտագործենք: Եթե պետք լինի Ձեր հնարավորությունը, խնդրեմ, կմոտենաք և Ձեր հնարավորության սահմանում օգտակար կլինեք

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը, խնդրեմ, պարոն նախարար:

Լևոն ԳրիգորյանՇնորհակալություն հարցի համար: Իհարկե, ատլասը Հանրապետության համար ոչ միայն աշխարհագրական նյութ է, շատ ճիշտ եք նկատել, ինքը շատ կարևոր դերակատարություն ունի մեր երկրի ներկայացվածությանն և ընդհանրապես, երկրի կյանքում: Մենք բյուջետավորման ընթացքում քննարկել ենք, Ձեր առաջարկը ընդունելի է, ուղղակի ֆինանսական կտորը բացակայում է այս տարվա բյուջետային ծախսերի մեր ծրագրերում: Այդ առումով մենք որոշել ենք գույքագրենք այն փոփոխությունները, որոնք պետք է ընդգրկվեն երկրորդ հրատարակության մեջ՝ առկա մեր ռեսուրսներով, մեր մասնագետների օգնությամբ և մեր հայաստանյան գործընկերների օգնությամբ: Երբ-որ գույքագրումը ավարտենք, պարզ կլինի՝ ինչ ծավալի աշխատանք է, կփորձենք դրա տակ ինչ-որ ռեսուրսներ ներգրավել մեր չկատարված ծախսերից: Այդ ժամանակ կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին, որպեսզի այդ խմբագրական կազմում ընդգրկվեն և տարվեն այդ աշխատանքները: Մեր հաշվարկով դա կլինի տարվա երկրորդ կիսամյակին:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, պարոն Սաֆարյան, խնդրեմ, Վիլեն Սաֆարյան, խնդրեմ:

Վիլեն ՍաֆարյանԾախսերը նվազեցնելու առումով ես պատրաստ եմ ֆիզիկական աշխարհագրության բլոկի քարտեզների հասանելիք մասը ես կատարել առանց որևէ բանի, իմ մասնագետ ընկերների աջակցությամբ, առանց որևէ վարձավճարի:

Լևոն ԳրիգորյանՇնորհակալություն, մենք հաշվի կառնենք Ձեր առաջարկը:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հաջորդ հարցի համար հրավիրվում է Լյուդմիլա Բարսեղյանը, թող պատրաստվի Արմեն Օհանյանը:

Լյուդմիլա Բարսեղյան - Շնորհակալություն: Ունեմ երկու հարց, երկուսն էլ, ճիշտն ասած, տարիներ շարունակ, սկսած 2015թ., բարձրացվել են իմ կողմից թե բանավոր՝ հարց ու պատասխանի ժամանակ, թե գրավոր տեսքով: Պատասխաններ եղել են, կլուծվեն մոտ ժամանակներս, առաջարկություններս ընդգրկվել են նաև պետական բյուջեի մասին օրենքի նախագծում: Հիշեցնեմ, հարց առաջին. Տիգրան Մեծ մայրուղու դեպի երկրորդ փակուղի՝ «официцерский дом» են ասում այդ շենքին: Այդ շենքը տանող ճանապարհը տարիներ ի վեր գտնվում է անմխիթար վիճակում, որի բարեկարգման ընթացքում, շենքի բնակիչները բազմաթիվ անգամ դիմել են համապատասխան մարմիններին, այդ թվում՝ ինձ, ե՞րբ է լուծվելու այս հարցը: Հարց երկրորդ՝ Ալեք Մանուկյան թիվ 15 երթուղայիններից միայն թիվ 15-ն է անցնում հիվանդանոցի պոլիկլինիկա, իսկ այն, սովորաբար մարդաշատ է լինում և անհնար է լինում օգտվել: Ստեփանակերտի քաղաքապետարանում խոստացել են, որ այդ գծում կգործեն մեծ չափի ավտոբուսներ: Ե՞րբ է լուծվելու այդ հարցը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը, խնդրեմ:

Կարեն ՇահրամանյանՇնորհակալություն հարցի համար: Նախ և առաջ, ես ուզում եմ մի փոքր տեղեկություն տալ, թե ինչպիսի աշխատանքներ են կատարվում Ստեփանակերտ քաղաքում՝ կապված փողոցների և բակերի հետ, որպեսզի այնպիսի տպավորություն չլինի, որ Կառավարությունը չի տիրապետում իրավիճակին: Արդեն յուրաքանչյուր տարի, կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրում, զգալի գումարներ են նախատեսվում Ստեփանակերտ քաղաքի փողոցների և բակերի բարեկարգման ուղղությամբ, և տարեցտարի այդ գումարը ավելանում է: Եթե օրինակ 2018թ. այդ նպատակով նախատեսվել է մեկ միլիարդ դրամ, ապա 2019թ. այն դարձել է արդենմիլիարդ 400 միլիոն դրամ: Սա խոսում է նրա մասին, որ պարբերաբար, յուրաքանչյուր տարի ավելացվում է այդ գումարը՝ հաշվի առնելով, որ մեր փողոցները, մանավանդ ծայրամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում: Այստեղ գումարվում է նաև այդ փողոցների շատ բարդ ռելիեֆները, որոնք յուրաքանչյուր սելերից հետո՝ կարծես թե, դառնում են անանցանելի: Կոնկրետ, Ձեր բարձրացրած հարցի հետ կապված, ասեմ, որ նախորդ տարի այդ հարցը բարձրացվել է, մենք մշակել ենք այդ նախագիծը փողոցի, որը կազմում է մոտ 72 միլիոն դրամ, իսկ ընդհանուր առմամբ, նշեմ, որ փողոցների բարեկարգման աշխատանքները շատ մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում: Եթե մեկ կիլոմետր փողոցի բարեկարգումը նստում է մեր վրա մոտավորապես 300-ից մինչև 450 միլիոն դրամ, խոսքը քաղաքային փողոցների մասին է, ապա ընդհանուր օգտագործման ճանապարհների մեկ կիլոմետրը հասնում է մինչև 150 միլիոն դրամ, որպեսզի դուք պատկերացնենք՝ ինչպիսի միջոցներ են այստեղ անհրաժեշտ: Սա կապված է նրա հետ, որ մենք փողոցներում զգալի աշխատանքներ ենք կատարում՝ նաև ենթակառուցվածքները փոխելու ուղղությամբ: Բացի ճանապարհի երթևեկելի մասի և մայթերի, լրիվությամբ փոխվում են ենթակառուցվածքները՝ ստորգետնյա և վերգետնյա: Այս տարի մենք Ստեփանակերտ քաղաքում իրականացնում ենք նոր՝ մի շարք փողոցներ, կոնկրետ Մելիք փաշա և հարակից փողոցները: Սա շատ բարդ ռելիեֆային գոտում է գտնվում Ստեփանակերտ քաղաքում, և յուրաքանչյուր անձրևներից հետո, միանշանակ դառնում է անանցանելի: Մենք չենք կարող թողել այդ փողոցը և կոնկրետ իրականացնել այդ փոքր հատվածը ճանապարհի՝ Ձեր նշված, որը տանում է դեպի սպայական շենքը: Դրանք մենք կարող ենք պահել անցանելի՝ խճապատմամբ, մինչև հնարավորություն կլինի կանդրադառնանք նաև այդ հարցերին, բայց կոնկրետ այս տարի, ինչպես նշեցի՝ Մելիք Փաշա, Սպանդարյան, Գարեգին Նժդեհ այդ փողոցներում իրականացվում են կապիտալ աշխատանքներ: Սրանք շատ մեծ ֆինանսական միջոցներ պահանջող փողոցներ են, շատ լայն փողոցներ: Դրանից հետո մենք ունենք նաև ծայրամասային մի շարք փողոցներ՝ կոնկրետ Սարի լանջ թաղամասը, Զորգեի վերևի աջ հատվածը, Աբովյան փողոցը, որոնք, իրոք պահանջում են և անհնարին է այնտեղ  ամեն տարի իրականացնել խճապատման աշխատանքներ:

Աշոտ Ղուլյան –  Արձագանքո՞ւմ եք, տիկին Բարսեղյան: Կարող եք մի րոպե  արձագանքել:

Լյուդմիլա Բարսեղյան - Ուրեմն ասեմ, որ ոչ թե անցյալ տարի, այլ այս հարցը բարձրացվել եմ 2015թ. բնակիչները դիմել են քաղաքաշինության նախարարություն, ի պատասխան գրել եք, որ մինչև 2015թ. ավարտը այս հարցը կլուծվի: Հողային աշխատանքներ այնտեղ, ճիշտ է, կատարվել են, բայց հիմա շատ-շատ անմխիթար վիճակում է: Համոզված եմ, որ Կառավարությունը տիրապետում է այդ վիճակին, բայց կարողանաք՝ լավ կլինի:

Կարեն Շահրամանյան - Եթե ուշադիր լինեք, մեր գրության մեջ մենք գրել ենք, որ հնարավորության սահմաններում մենք կիրականացնենք, այսինքն, եթե լինում է լրացուցիչ հնարավորություններ՝ 72 միլիոն դրամ, կարելի է ինչ-որ տեղ իրականացնել:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Երկրորդ հարցին պատասխանում է էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար պարոն Լևոն Գրիգորյանը:

Լևոն ԳրիգորյանՇնորհակալություն հարցի համար: Ուղևորափոխադրումների կամ քաղաքային տրանսպորտի խնդիրը համայնքային խնդիր է, բայց մեր նախարարության մասնագետները միշտ համայնքների հետ, շրջանների հետ փորձում են հստակեցնել և հնարավորություններ ստեղծել: Ըստ էության, երթուղիները, որոնք որ ձևավորվում են, ձևավորվում են՝ հաշվի առնելով մի քանի հանգամանք, որոնցից կարևորը ուղևորահոսքն է: Եթե ժամանակին Ձեր նշած երթուղիներում սահմանվել է ինչ-որ դասի ավտոմեքենա, մենք պարբերաբար մշտադիտարկումներ իրականացնում ենք՝ հոսքի ավելացման կամ պակասեցման մասին: Զարմանալի է, եթե Ձեր տեղեկություններով ուղևորահոսքը ավելացել է, մեքենաները չեն հերիքում: Մենք կնայենք, մասնագետների հետ կնայենք: Մենք պատվիրելու ենք նաև տեխնիկական միջոցներ, որպեսզի ուղևորահոսքը հաշվարկվի: Կոնկրետ, փաստը կնայենք: Համայնքը ունի այդ հնարավորությունը՝ կներգրավի լրացուցիչ մեքենաներ, որպեսզի մարդիկ չմնան դրսում, այսպես ասած:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, Լյուդմիլա Բարսեղյան:

Լյուդմիլա Բարսեղյան - Ճիշտն ասած, անհրաժեշտությունը կա: Մինչ այսօր բողոքում են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում տաքսի ծառայությունից օգտվեն՝ տուժում են և երկու երթուղիներով են օգտվում:

Լևոն ԳրիգորյանԿնայենք անպայման: Միջանկյալ մշտադիտարկում կկազմակերպենք և լուծում կտանք:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, պարոն նախարար: Հաջորդ հարցը՝ Արմեն Օհանյան, թող պատրաստվի Վարդգես Ուլուբաբյանը:

Արմեն ՕհանյանՀարգելի Ազգային ժողովի նախագահ, պետական նախարար, Կառավարության անդամներ, կոլեգաներ, ներկաներ: 2016թ. ապրիլյան դեպքերից հետո Հադրութի շրջան է տեղափոխվել ահագին քանակությամբ ծանր տեխնիկաներ՝ բուլդոզերներ, էքսկավատորներ և սկսել էր կառուցապատել Այգեստանից Ակնաղբյուր կապող ռազմավարական, ինչու չէ, նաև տնտեսական ռազմավարական ճանապարհը: Կառավարության անդամներից քաղաքաշինության նախարարը և նախկին դիվիզիայի հրամանատարը տեղյակ է, որ ճանապարհը կառուցվել է մոտավորապես 80 տոկոսի չափով, սակայն Մելիքաշենի և Պլետանց ձորից երկու համայնքները կապող ձորից մինչև համայնքի տարածքը անցնող ճանապարհը մնացել է թերի և նշված ռազմավարական ճանապարհից, որը պետք է ճյուղավորվեր դեպի դիրքեր այդ ճյուղավորվումը չի կատարվել: Այն ժամանակ կարծում եմ՝ գազի խողովակի տեղափոխման ժամանակ դադարեցվել են աշխատանքները, այժմ Արցախգազ ընկերությունը այնտեղ կատարում է գծի տեղափոխման աշխատանքներ, գիծը տեղափոխվելուց հետո, խնդրում եմ միջամտել, որպեսզի տվյալ տարածքում ևս գիծը տեղափոխվի, որպեսզի այդ աշխատանքները կատարվեն: Նախատեսվո՞ւմ է այդ մնացած ճանապարհի թերի մնացած մասը կառուցապատել, որպեսզի այն հետագայում օգտագործել, որպես տնտեսական և ռազմավարական զարգացման ճանապարհ, ինչու չէ նաև համայնքները կապող ճանապարհ: 2-րդ հարցս՝ կարճ կասեմ: Արտադրված կաթը չընդունվելու համար՝ Հադրութի տարածքում, որևէ տեղ չկա կաթի ընդունման տեղ, որպեսզի վարկառուները, անասնապահական ծրագրով զբաղվող ֆերմերները կաթ հանձնեն: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը, երկրորդ հարցը գյուղատնտեսության ոլորտից է:

Կարեն ՇահրամանյանՇնորհակալություն: Իրոք, ապրիլյան պատերազմից հետո, հարց է առաջացել, որ պետք է ունենալ այդ ճանապարհը, որը կարելի է ասել, որ համարյա թե զրոյից է կառուցվել, բայց կառուցվել է խճային հիմքով: Կառուցելու ընթացքում խնդիր է առաջացել միջին ճնշման գազատարի տեղափոխման հետ կապված, որը այդ պահին հնարավոր չէր տեղափոխել, և Արցախգազ ընկերության կողմից պարտավորվել է՝ հետագայում այդ աշխատանքը իրականացնել: Հիմա, եթե իրենք ավարտեն իրենց աշխատանքները, մենք արդեն կանդրադառնանք այդ հարցին: Կոնկրետ այս պահի դրությամբ պետական բյուջեով գումար նախատեսված չէ, բայց ավարտելուց հետո մենք արդեն կտեսնենք և անհրաժեշտության դեպքում կտեսնենք և կվերանայենք:

Աշոտ Ղուլյան Արձագանքո՞ւմ եք, պարոն Օհանյան: Արմեն Օհանյան:

Արմեն Օհանյան - Պարոն նախարար, խնդրում եմ միջամտել Արցախգազ-ի խողովակի տեղաշարժի  տեղափոխման աշխատանքին, քանի որ նշված տարածքում Արցախգազ-ը տվյալ խողովակը չտեղափոխի և հետագայում ունենանք նորից խնդիր: Եվ ուզում եմ տեղեկացման կարգով նշել, որ Ծակուռի-Այգեստան նախկին ծրագրի 2-րդ հատվածում է, որը այդ հատվածը կատարելու դեպքում այդ ծրագիրը լրիվ կյանքի է կոչվում, և կարելի է նախատեսել միջշրջանային ուղևորատար երթուղգիծ՝ Դրախտիկ-Այգեստան-Հադրութ՝ ներքևի մասով, որը կարող է կապել 16 համայնք իրար հետ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն: 2-րդ հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար պարոն Ժիրայր Միրզոյանը, խնդրեմ:

Ժիրայր ՄիրզոյանՇնորհակալություն հարցի համար: Պարոն Օհանյան, կաթի մթերման խնդիրը գյուղատնտեսության նախարարության օրակարգային հարցերից մեկն է: Ոչ միայն Հադրութի շրջանում, այլ, բացի  Ստեփանակերտից, մնացած որևէ շրջանում կամ ենթաշրջանում, չկա կաթի ընդունման կետ, որպես միջանկյալ օղակ, հետագա մշակման համար, բայց առաջիկայում նախատեսում ենք գործնական քայլեր կատարել այս ուղղությամբ: Պետք է նշեմ, որ կաթի ընդունման կետեր ունենալը կամ փոքր սառնարանային տնտեսություններ ունենալը՝ հարցի լուծում չէ, որովհետև մեր ունեցած վերամշակման հնարավորությունները իրենց արտադրական ամբողջ հզորությամբ չեն աշխատում, խոսքը վերաբերում է Ստեփանակերտում տեղակայված Արցախկաթ և Առաջնեկ ընկերություններին, որոնք, մեկը՝ 75, մյուսը՝ 80 տոկոսով է իր արտադրական հզորություններով գործում: Խնդիրը շատ ավելի խորքային է, որովհետև մենք, ունենալով գրեթե 50 տոկոսի չափով ինքնաբավություն, կաթի և կաթնամթերքի, միևնույն ժամանակ մենք ամբողջությամբ չենք օգտագործում մեր եղած հնարավորությունները: Ունեցել ենք մի քանի ձախողված փորձեր նախկին տարիներին, հատկապես Քաշաթաղի շրջանում, դրա համար մենք հարցը այլ կերպ ենք դիտարկում: Օրեր առաջ Կառավարությունում քննարկում է եղել պետական նախարարի մոտ այս հարցի վերաբերյալ, և առաջիկայում մենք փորձելու ենք տալ համալիր լուծում, որովհետև առանց մրցակցային առավելություն ունենալու և իրացման աշխարհագրություն ավելացնելու կամ մեծացնելու, չի լինելու այս հարցը լուծել ամբողջությամբ: Հարցը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում և առաջիկայում կարծում եմ՝ այս տարվա ընթացքում գործնական քայլեր կարվեն: Խնդիրը նաև առաջանում է կամ որոշակի խոչընդոտներ են ստեղծվում շուկայում բազմազան և բազմատեսակ կաթնամթերքի առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում և նույնիսկ արտերկրում արտադրված, որոնց նկատմամբ մենք մրցակցային առավելություն ստանալու միջոցով պետք է վերջնական այս հարցի լուծումը տանք, միայն կաթի մթերման կետեր ունենալով՝ հարցը չի լուծվելու, միանշանակ: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան Արձագանքո՞ւմ եք, պարոն Օհանյան: Արմեն Օհանյան:

Արմեն ՕհանյանՊարոն նախարար, կարծում եմ՝ ոչ թե մրցակցային դաշտ ստեղծու ձևով պետք է հարցին լուծում տաք, այլ առաջարկում եմ մտածել արտահանման ծրագրերի մասին, որովհետև այսքան արտադրությունը, մի պահ հետո, ասենք, Արցախի Հանրապետության քաղաքացիները ի վիճակի չեն դրանք սպառել: Ավելին` ասեմկարճ ժամանակահատվածում հնարավոր է՝ մի քանի օրվա մեջ լուծել հարցը, որ Հադրութի շրջանի անասնապահությամբ զբաղվող ֆերմերները հանձնեն կաթը: Այսօր, մոտավորապես 1,5-ից 2 տոննա կաթը չի հանձնվում, որը ասենք՝ վարկառուների կամ անասնապահությամբ զբաղվողների հիմնական եկամուտն է:

Ժիրայր ՄիրզոյանԿարճ ժամանակում իրատեսական չեմ համարում, որովհետև այսօր՝ Ստեփանակերտում հնարավոր մթերվող կաթը ամբողջությամբ չի մթերվում՝ Ստեփանակերտում և նրա շրջակայքում: Կարծում եմ՝ տարվա ընթացքում կարող ենք այս հարցի լուծման մասին խոսել և որևէ կերպ՝ կարճ, կարճաժամկետ տիրույթում չեմ տեսնում այս հարցի վերջնական լուծումը:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Վարդգես Ուլուբաբյանը, հաջորդը՝ Արպատ Ավանեսյանը:

Վարդգես ՈւլուբաբյանՀարգելի գործընկերներ, առաջին հարցս վերաբերում է Դաշուշենի մոտ գտնվող՝ բարձրունքի վրա խաչին, որը որ արդեն մեզ համար սիմվոլ է դառել՝ բրենդ, բայց կամաց-կամաց մարում է: Հնարավո՞ր է լուծել այդ հարցը: Միգուցե մասնավորին հայտնենք շնորհակալություն, բարերարին ու պետությունը կամ Կառավարությունը վերցնի իր վրա կամ չգիտեմ՝ մի ձև լուծում տան: Արդեն հարմարվել ենք այդ սիմվոլին: Երկրորդ հարցս՝ երկրորդ սիմվոլին է վերաբերում՝ մեր նորակառույց եկեղեցուն, որի շուրջը դեռ կան շենքեր ու շինություններ: Ինձ թվում է՝ ամբողջական այդ տեսքը փչացնում են: Հարցս հետևյալն է, ե՞րբ է մաքրվելու մեր այդ եկեղեցու շրջակայքը: Եթե կարելի է, շարունակեմ: Վազգեն Սարգսյան 1-ից մինչև՝ 5-ը, երևի՝ խրյուշովկաները, միգուցե կարելի է նույնպես ինչ-որ տեղ վերանորոգել, թեկուզ դրսից, ինչպես արել ենք մեր քաղաքի մյուս խրյուշովկա կոչված շենքերը ու ստացվել է շատ սիրուն բան:                             

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Առաջին հարցին պատասխանում է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, հաջորդը՝ քաղաքաշինության նախարարը կպարզաբանի:

Գրիգորի ՄարտիրոսյանՇնորհակալություն: Հարցի մեջ ճիշտ նշվեց, որ այդ խաչը կառուցվել է մասնավոր միջոցներով և այս պահի դրությամբ պետական սեփականություն կամ համայնքային սեփականություն չի հանդիսանում: Մենք կքննարկենք այն, որպես պետական քաղաքականության մաս կազմելու նպատակահարմարության հարցը կամ համայնքային սեփականության շրջանակներում դիտարկելու հարցը, և, ըստ այդմ, կորոշվի նաև պահպանման և ընթացիկ ծախսերի սպասարկման աշխատանքները:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան: Երկրորդ հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը:

Կարեն ՇահրամանյանԵս առաջին հարցին մի փոքր ավելացնեմ: Տեղյակ եմ դրա մասին և այդ հովանավորը, ով կառուցել է այդ խաչը, այս պահի դրությամբ, մտածում ենք այնպիսի լուսատուներ գտնել, որոնք ցանկացած եղանակային պայմաններին կարող են աշխատել և աշխատել ավելի երկար: Այդ ուղղությամբ, կոնկրետ՝ հովանավորը, մտածում է:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին՝ եկեղեցու հետ կապված, իրոք ընդհանուր նախագծով նախատեսվում է նաև հարակից տարածքում գտնվող շինությունները լրիվությամբ կազմաքանդել, և այնտեղ լինելու է Վաչագան Բարեպաշտի արձանը և ընդհանուր կբարեկարգվի: Այս պահի դրությամբ իրականացրել ենք սեփականատիրոջ մեկի տան փոխհատուցման գործընթացը՝ տունը քանդվել է, իսկ մնացածը՝ եկեղեցու բացման ընթացքում, հովանավորներից մեկը՝ Հրանտ Վարդանյանի որդիները, տրամադրել են եկեղեցուն 100 միլիոն դրամ, որը Սրբազանը ցանկություն է հայտնել տրամադրել այդ սեփականատերերին՝ փոխհատուցման տարբերակով՝ քանդելու համար այդ շինությունները: Դա  լրիվությամբ չի հերիքումայստեղ մնում է միայն էլեգանտ ռեստորանային համալիրի հարցը լուծել, որը ընթացքում է և հնարավորության սահմաններում այդ հարցն էլ է լուծվելու:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք:

Վարդգես Ուլուբաբյան - Խրյուշովկաների հետ կապված:

Կարեն ՇահրամանյանԽրյուշովկաների հետ կապված: Ես չեմ գտնում, որ այդ շենքերը այսօրվա դրությամբ շատ անշուք տեսք ունեն, բայց, իրոք ճակատային մասերը ենթակա են վերանորոգման: Քաղաքապետարանին մենք կտեղեկացնենք: Քաղաքապետարանը ունի ծրագիր՝ քաղաքի բարձրահարկ շենքերի ճակատների վերակառուցման համար և այդ ծրագրերի շրջանակներում այդ շենքերը կընդգրկվեն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն նախարար: Հարցի համար հրավիրվում է պատգամավոր Արպատ Ավանեսյանը:

Արպատ ԱվանեսյանՔանի որ իմ հարցի հասցեատերերը չկան՝ ես հանում եմ հարցս:

Աշոտ ՂուլյանՀանո՞ւմ եք, շատ լավ, շնորհակալություն: Եվ եզրափակիչ հարցի համար հրավիրվում է պատգամավոր Սերգեյ Հարությունյանը:

Սերգեյ ՀարությունյանՀարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ: Հարցս վերաբերում է, Հանրապետության տարածքում իրականացվող բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների կամ բնակարանների կառուցման ծրագրին: Այս ծրագիրը ֆինանսավորվում է երկու աղբյուրից՝ Հայաստան համահայկական հիմնադրամի և պետական բյուջեի միջոցների կողմից: Հիմնադրամի միջոցների հաշվին բնակարանը կամ բնակելի տունը շահագործման է հանձնվում կահավորված վիճակում, իսկ պետբյուջեի կողմից՝ ոչ, ինչը առաջացնում է բազում դժգոհություններ քաղաքացիների մոտ: Արդյո՞ք, հնարավոր չէ՞ բնակելի տան, գոնե մասնավոր կահավորումը մտցնել նախահաշվի մեջ: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարար պարոն Կարեն Շահրամանյանը:

Կարեն Շահրամանյան - Շնորհակալություն: Նշեմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամը այդպիսի ծրագիր, ինչպիսին  Կառավարությունն ունի՝ չունի, ընդամենը երկու տարիների ընթացքում, հովանավորների միջոցով, որոնք ցանկություն են հայտնել իրենց հանգանակած միջոցների հաշվին իրականացնել բազմազավակների տների կառուցման աշխատանքները, մի քանի բնակելի տներ է կառուցվել: Այդ ծրագիրը այսօրվա դրությամբ չկա, և այդ կառուցված տները կառուցվել են՝ վերջում կահավորման ենթարկվելով: Պետական ծրագրով՝ բազմազավակության խթանման ծրագրով, մենք կառուցում ենք բնակելի տներ՝ առանց կահավորման: Այդ հարցը, այսօրվա դրությամբ մեր օրակարգում դեռևս չկա՝ կապված ֆինանսական միջոցների սղության պատճառով: Հետագայում, եթե հնարավորություն լինի, մենք էլ կանդրադառնանք այդ հարցին, բայց այս պահի դրությամբ չկա: Օգտվելով առիթից՝ ուզում եմ տեղեկացնել, որ Դուք ևս տեղեկացնեք այդ ընտանիքներին, որովհետև այնպիսի խոսակցություն է ընթանում, իբրև պետությունը չի իրականացնում այդ կահավորման աշխատանքները, նախատեսված է, բայց չեն անում: Այդպիսի բան չկա, մենք կառուցում ենք՝ առանց կահավորման:

Աշոտ ՂուլյանԱրձագանքո՞ւմ եք, պարոն Հարությունյան: Չէ, շնորհակալություն, պարոն նախարար:

Մենք ամփոփում ենք հարց ու պատասխանի ժամանակ մեր աշխատանքի արդյունքները: Հարցերի համար գրանցվել են 9 պատգամավորներ, հարցերը հնչեցրել են 8 պատգամավորներ: Ընդհանուր առմամբ հնչել է 13 հարց, բոլոր հարցերին տրվել են անհրաժեշտ պատասխաններ և պարզաբանումներ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Կառավարության մեր գործընկերներին՝ պետնախարարի գլխավորությամբ, բնական է, որ աշխատանքը շարունակվելու է՝ արդեն զուտ աշխատանքային կարգով: Շնորհակալություն այսօրվա համատեղ աշխատանքի համար: Գործընկերներին խնդրում եմ մնալ դահլիճում, Ազգային ժողովը շարունակում է նիստը, իսկ ձեզ մենք ասում ենք՝ ցտեսություն:

Շարունակում ենք այսօրվա հերթական նիստի աշխատանքները, և մեր օրակարգային հաջորդ հարցը՝ Արցախի Հանրապետության դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդումն է: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ, պարոն Արթուր Մոսիյանը, խնդրեմ պարոն Մոսիյան:

Արթուր ՄոսիյանՀարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Օրենքով սահմանված կարգով ձեզ է ներկայացվում 2018թ.դատախազության գործունեություը: Մինչև դատախազության Սահմանադրական լիազորությունների իրացմանը անցած հարցերի քննարկմանը՝ կարճ ներկայացնենք հանցավորության վիճակը՝ 2018թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:       

2018թ. Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների  739 դեպք` 10.000 բնակչի հաշվով միջինը 50.2 հանցագործություն (բացահայտման %-ում հաշվող հանցագործությունները` 723) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազելով 27 դեպքով կամ 3,5%-ով  (2017թ.-ին` 766` բացահայտման %-ում հաշվող հանցագործությունները` 742), որից բացահայտվել են 621-ը (2017թ.-ին` 688), չբացահայտված են մնացել 21-ը, որից բացահայտման  %-ում հաշվող հանցագործությունները` 14-ը (2017թ.-ին` 23, որից բացահայտման %-ում հաշվող հանցագործությունները` 11), քննության փուլում է գտնվում  97 հանցագործություն (2017թ.-ին՝ 55):

Չբացահայտված 14 հանցագործություններից 1-ը՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 11-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, ընդ որում 1-ը՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ գողության, 10-ը՝  անձնական գույքի հափշտակության, որից 5-ը՝ գողության, 3-ը՝ խարդախության, 2-ը՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու,  2-ը ապօրինի ծառահատման դեպքեր  են:

Ըստ վարչատարածքային միավորների՝ չբացահայտված հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ չի բացահայտվել Ստեփանակերտ քաղաքում արձանագրված խարդախության 1, Ասկերանի շրջանում՝ առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, պետական կամ հանրային գույքի հափշտակության, անձնական գույքի հափշտակության՝ գողության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի ծառահատման 1-ական դեպքեր, Մարտակերտի շրջանում արձանագրված անձնական գույքի հափշտակության 4, որից 3-ը անձնական գույքի գողության և  գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու  1 դեպքՄարտունու շրջանում չի բացահայտվել սեփականության դեմ ուղղված հանցագործություններից անձնական գույքի հափշտակության՝ խարդախության և գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ապօրինի ծառահատման 1-ական դեպքՔաշաթաղի շրջանում՝ անձնական գույքի հափշտակության՝ գողության և խարդախության            1-ական դեպք:

Հադրութի, Շուշիի և Շահումյանի  շրջանում արձանագրված բոլոր հանցագործություններն էլ բացահայտվել են:

2018թ. արձանագրված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  կազմել է 97,8%(2017թ.-ին՝ 98,4%):

Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի 2018թ. գրանցվել է  առանձնապես ծանր հանցաործությունների 7 (2017թ.-ին՝ 9), ծանր հանցագործությունների` 52(2017թ.-ին՝ 47), միջին ծանրության հանցագործությունների`244 (2017թ.-ին՝ 259) և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 436 (2017թ.-ին՝ 451) դեպք:

2017թ. համեմատությամբ 2018թ.  առանձնապես ծանր հանցագործությունների թիվը նվազել  2-ով, իսկ ծանր հանցագործությունների թիվը աճել է 5-ով: Միջին և ոչ մեծ ծանրության հանցագործությունները նվազել են           15-ական  դեպքով:

Ողջունելի է այն դրական փաստը, որ 2018թ. Հանրապետության տարածքում արձանագրված 739 հանցագործության դեպքից  միայն 59-ը կամ ընդամենը 7,9%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, (2017թ. հանրապետության տարածքում արձանագրված 766 դեպքից 56-ը կամ 7,3%-ը) իսկ Շուշիի և Շահումյանի շրջաններում հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքեր  չեն արձանագրվել:             

Այսպես, հանրապետության տարածքում արձանագրված առանձնապես ծանր հանցագործության 7 դեպքից  1-ը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքում (թմրամիջոցի իրացում), 1-ը՝ Ասկերանի (14 տարին չլրացած անձի hետ սեռական հարաբերություն ունենալը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը), 4-ը՝ Մարտակերտի (1-ը՝ սպանություն, 3-ը՝ 14 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), 1-ը՝ Հադրութի (սպանություն) շրջաններում:

Արցախի Հանրապետությունում, ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից երևում է, որ  2018թ. Ստեփանակերտ քաղաքում և շրջանների մեծ մասում արձանագրվել է հանցագործությունների դեպքերի նվազում: Մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում 18(2018թ.-ին 223, 2017թ.-ին՝ 241), Ասկերանի շրջանում` 16(2018թ.-ին՝ 113, 2017թ.-ին՝ 129),  Մարտակերտի շրջանում՝ 11(2018թ.-ին՝ 102, 2017թ.-ին՝ 113), Շուշիի շրջանում՝ 15(2018թ.-ին՝ 13, 2017թ.-ին՝ 28), Շահումյանի շրջանում՝ 5(2018թ.-ին՝ 20, 2017թ.-ին՝ 25) Քաշաթաղի շրջանում՝ 22(2018թ.-ին 74, 2017թ.-ին՝ 96) դեպքով, իսկ հանցագործության թվի կտրուկ  աճ է արձանագրվել Մարտունու շրջանում 58(2018թ.-ին 143, 2017թ.-ին՝ 85) և       2(2018թ.-ին՝ 51, 2017թ.-ին՝ 49) դեպքով Հադրութի շրջանում:

         2018թ. Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է՝ մարդու դեմ ուղղված հանցաործությունների 239(2017թ.-ին՝ 260), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 223(2017թ.-ին՝ 233), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 174(2017թ.-ին՝ 179), այդ թվում 27-ը՝ (2017թ.-ին՝ 18)   պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 147-ը՝ (2017թ.-ին 161),   անձնականույքի հափշտակության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 13(2017թ.-ին՝ 11),  պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 56 (2017թ.-ին՝ 37), այլ հանցագործությունների 18 (2017թ.-ին՝ 22) դեպք:  

        2018թ. արձանագրված մարդու դեմ ուղղված   հանցագործությունները նվազել են 21 դեպքով (2018թ.-ին՝ 239, 2017թ.-ին՝ 260): 2018թ.  հանրապետության տարածքում մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ հաշվետու ժամանակահատվածում  հանրապետության տարածքում արձանագրվել է սպանությանդեպք: (2018թ.-ին՝ 2, 2017թ.՝ 1): 2018թ.  գրանցված սպանության դեպքերը  արձանարվել  են Մարտակերտի և Հադրութի շրջաններում:

2018թ. սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել(2017թ. ևս չի արձանագրվել):

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 74 դեպք (2017 թվականին՝ 79), որից 6-ը՝ (2017 թ.՝ 4-ը) առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր են: Նշված 6 դեպքերից 1-ը արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում, 2-ը՝ Ասկերանի, 1-ը՝ Մարտունու, 2-ը՝ Հադրութի  շրջաններում:

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ 10 դեպքով աճել էին սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված  հանցագործությունների թիվը, հաշվետու ժամանակահատվածում նշված բնույթի հանցագործությունների թիվը նվազել է      10-ով: Եթե 2017թ. արձանագրվել է 19, ապա 2018թ. նման հանցագործության 9   դեպք: Նշված հանցագործության շեշտակի՝ 6 դեպքով նվազում է արձանագրվել Քաշաթաղի շրջանում՝ 1 դեպք նախորդ տարվա 7-ի դիմաց: Միևնույն ժամանակ ողջունելի է, որ 2018թ. հանրապետության տարածքում բռնաբարության և բռնաբարության փորձի դեպքեր չեն արձանարվել (2017թ. ևս չի արձանագրվել):

7 դեպքով նվազում է արձանագրվել մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում (2018թ.-ին՝ 154, 2017 թվականին՝ 161), որոնց տեսակարար կշռում մեծ թիվ են կազմում  հիմնականում քրեական օրենսգրքի 117-րդ՝ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերը:

Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100% (2017թ.-ին՝ 100%):

          Ուսումնասիրելով մարդու դեմ ուղղված հանցագործությունների կատարման պատճառները և դրանց նպաստող պայմանները՝ արձանագրվել է, որ նշված բնույթի հանցագործությունների կատարման պատճառ են հանդիսացել հիմնականում կենցաղային հողի վրա առաջացած հարցերը: Մասնավորապես ծեծի, առողջությանը վնաս պատճառելու հանցագործության դեպքերով ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքերին հիմնականում նախորդում են հանցագործություն կատարած անձանց և տուժողների միջև ծագած վիճաբանությունները, դրանց վերաբերյալ  պարզաբանումները, որոնք հաճախ կրում են շարունակական բնույթ, իսկ առանձին դեպքերում զուգորդվում են հասարարական վայրերում կամ բնակավայրերից հեռու կազմակերպվող հանդիպումներով:

2018թ. 5 դեպքով նվազել են հանրապետության տարածքում գրանցված  սեփականության դեմ ուղղված հանցագործությունները (2018թ.-ին՝ 174, 2017 թվականին՝ 179 դեպք):

  Վերլուծությունից երևում է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում 9-ով աճել են պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը: 2018թ. գրանցվել է նման բնույթի հանցագործության 27 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 18 դեպք:  2018թ. ավազակության և  կողոպուտի  եղանակով պետական կամ հանրային գույքի հափշտակության  դեպքեր չեն արձանագրվել: Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է պետական կամ հանրային գույքի խարդախության եղանակով հափշտակության 9(2017թ.՝ 0), յուրացման կամ վատնման եղանակով հափշտակության 6 (2017թ.՝ 9) դեպք: 2 դեպքով աճել ենողության եղանակով պետական կամ հանրային գույքի հափշտակության դեպքերը (2018թ.-ին՝ 9, 2017-ին՝ 7):

         Ողջունելի է այն փաստը, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցված անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 14 դեպքով (2018թ.՝ 147, 2017թ.՝ 161 դեպք), որից գողության 111(2017թ.՝ 125) դեպք, ընդ որում դրանցից 8-ը (2017թ.՝ 16-ըբնակարանային գողության  դեպքեր են:  5 դեպքով աճել են խարդախության եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերը (2018թ.՝ 15, 2017թ. 10), իսկ յուրացման կամ վատնման եղանակով անձնական գույքի հափշտակության դեպքերի թիվը նվազել է 3-ով (2018թ.՝ 2, 2017թ.՝ 5 դեպք):

          Վարչատարածքային միավորների հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ  Ստեփանակերտ քաղաքում և շրջանների զգալի մասում արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործություների նվազում, իսկ աճ արձանագրվել է Ասկերանի և Մարտունու շրջաններում՝ համապատասխանաբար 9 և 15 դեպքով:

Վերլուծելով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների պատճառները և դրանց կատարմանը նպաստող պայմանները՝ կարելի է արձանագրել, որ ինչպես նախորդ տարիներին՝ հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց կատարմանը նպաստող հիմնական պայմանը ազգաբնակչության զբաղվածության ցածր մակարդակն է հանցագործություն կատարած 645 անձանցից 235-ը կամ շուրջ 36,4%-ը գործազուրկ է և  սոցիալական ծանր վիճակը:

           Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը նպաստող պայման է  հանդիսացել նաև սեփականատիրոջ կողմից իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ ոչ պատշաճ հսկողություն իրականացնելը, բնակարանների, ավտոմեքենաների  դռների, պատուհանների  անփութությամբ բաց թողնելընշված օբյեկտների անվտանգության պայմանների ոչ պատշաճ ապահովումը: Հիմնականում հանցագործությունները կատարվել են շահադիտակական դրդումներով, որոնց կատարման նպատակը հանդիսացել է ուրիշի սեփականության հաշվին հարստանալը: Հափշտակված առարկաները կամ դրամը օգտագործվել են կենցաղում, անձնական, գույքային կարիքները հոգալու կամ օգտաործելու համար: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ծնող պատճառների  ու դրանց նպաստող պայմանների մեջ գերակշռող գործոնները շարունակում են հանդիսանալ հեշտությամբ նյութական արժեքներ ձեռք բերելու, համեմատաբար անհոգ կյանք վարելու ձգտումը և այլն:

           Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է և հաշվետու ժամանակահատվածում կազմել է 92,3%(2017 թ.՝ 94,6%):

2018թ.  արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 13 դեպք (2017թ.՝ 11) դեպք: Հաշվետու ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է ապօրինի ձեռնարկատիրության 6 դեպք, որից 1-ը՝ առանձնապես խոշոր չափերով՝ Մարտունու շրջանում, Ստեփանակերտ քաղաքում 1 և Մարտակերտի շրջանում՝ 4 դեպք (2017 թ.՝ 1 դեպք): Հաշվետու ժամանակահատվածում կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու (2017թ.՝ 1 դեպք), հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության և մաքսանենգության  դեպքեր չեն գրանցվելՆշված հանցատեսակներով հանցագործության դեպքեր 2017թ. ևս չէին արձանագրվել: 2018թ.հանրապետության տարածքում գրանցվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործության 7 դեպք:

          2018թ. Արցախի Հանրապետության տարածքում արձանագրված հասարակական անվտանգության, հասարակական  կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված  հանցագործությունները նվազել են 10 դեպքով (2018 թ.՝  223, 2017թ.՝ 233):  Մասնավորապես  17-ով նվազել են  հրազեն, ռազմամթերք պահելու և պատրաստելու  դեպքերի թիվը (2018թ.՝ 99, 2017թ.՝ 116): 

Դեռևս Արցախյան պատերազմի ժամանակաշրջանից ազգաբնակչության մոտ  ապօրինի  պահվող զենքի, ռազմամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ իրավապահ մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների՝ մասնավորապես շրջանային թերթերի միջև առկա է սերտ համագործակցություն, մասնավորապես եռամսյակային կտրվածքով թերթերում հայտարարություն է տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 5-րդ մասի խրախուսական նորմի նշումով՝ նշված առարկաները կամովին հանձնած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պարզաբանումով:

Հաշվետու ժամանահատվածում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 41 հանցաործության դեպք (2017թ.՝ 62), որից 33-ը (2017թ.՝ 54-ը) առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ  8-ը (2017թ.՝ 8-ը)՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են: Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 8 դեպքից 6-ը արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում, 2-ը՝  Մարտունու շրջանում:

  Արձանագրված թվերը վկայում են այն մասին, որ  ազգաբնակչության մի որոշ հատվածի մոտ շարունակում է պահպանվել թմրանյութերի նկատմամբ հետաքրքրությունը, որոշ դեպքերում նաև հիվանդագին կախվածությունը, ինչը առաջ է բերում իրավապահ մարմինների կողմից առավել հետևողական ու անզիջում պայքար տանելու անհրաժեշտություն՝ հատկապես դրանց ձեռք բերման աղբյուրների և  իրացման գործընթացի  շղթայական կապի բացահայտման ուղղությամբ: Միևնույն ժամանակ ողջունելի է այն փաստը, որ հաշվետու ժամանակահատվածում 21-ով նվազել են նշված հանցատեսակների թիվը:

          2018թ. հանրապետության տարածքում արձանագրվել է խուլիգանության 5 դեպք, որից 2-ը՝ զենքի գործադրմամբ: Խուլիգանության 5 դեպքից 3-ը արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում, 2-ը՝ Մարտունու շրջանում:

         Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է  ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված  հանցագործությունների 47 դեպք (2017թ.՝ 44), այդ թվում՝ 11-ը՝ (2017 թ.՝ 8-ըմահվան ելքով, որոնցից 3-ը Ստեփանակերտ քաղաքում, 2-ը՝ Մարտունու, 2-ը՝ Քաշաթաղի, 1-ական Ասկերանի, Շուշիի, Մարտակերտի և Շահումյանի շրջաններում: Նշված հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանների և պատճառների վերլուծությունը ցույց է տվել, որ վարորդները վատ տեսանելիության, վազանց կատարելու կամ արագությունը գերազանցելու պատճառով  կորցրել են տրանսպորտային միջոցի կառավարումը, որն էլ պատճառ է հանդիսացել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների:

          Հասարակական անվտանգությանհասարակական կարգի և բնակչության առողջության  դեմ ուղղված  հանցագործությունների  բացահայտման  ցուցանիշը կազմել է 99,5 %(2017թ.՝ 100%):

2018թ.  արձանագրված պետական  իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված  հանցագործությունները աճել են 19-ով (2018 թ.՝ 56, 2017թ.՝ 37):

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու 8(2017 թ.՝ 2) դեպք:

2018թ. Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 1 դեպք: 2017թ. չի արձանագրվել:

Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված պաշտոնական կեղծիքի դեպքերը նվազել են 13-ով: 2018թ. արձանագրվել է նման հանցագործության 8, իսկ 2017թ.՝ 21 դեպք:

Հաշվետու ժամանակահատվածում 4-ով աճել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը: 2018թ. արձանագրվել է նման հանցագործության 7 դեպք, որոնցից 2-ը՝  Ստեփանակերտ քաղաքում, 2-ը՝ Մարտակերտի, 2-ը՝ Մարտունու,  1-ը՝ Քաշաթաղի  շրջաններումիսկ 2017թ. 3 դեպք:

2017թ. արձանագրվել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ  հանցագործությունների 32 դեպք (2017թ.՝ 11):

Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է  100%(2017թ.՝ 100%):

Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում արձանագրվել է  այլ հանցագործությունների 18 դեպք: Դրանց մեջ մեծ թիվ են կազմում ապօրինի ծառահատման և  ապօրինի որսի   դեպքերը:

Վերլուծելով 2018թ. հանրապետության տարածքում արձանագրված հանցավորության վիճակը և ուսումնասիրելով քրեական գործերով ներկայացված միջնորդագրերն ու դրանց քանակական ցուցանիշը՝ կարելի է եզրահանգել, որ նախաքննական մարմինների կողմից առավելապես չեն պահպանվել հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու ծնող պայմանները վերացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու հանձնարարական պարունակող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի դատավարական պահանջները: Ինչպես և նախորդ տարիներին, 2018թ. ևս պահպանվել է այն կայուն միտումը, որ նախաքննությամբ ավարտված  քրեական գործերից միայն 21-ով 2017թ. 13 են ներկայացվել  միջնորդագրեր, ինչը վկայում է հանցագործությունների նախականխման ուղղությամբ նախաքննական մարմինների ոչ բավարար աշխատանքի մասին: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ նախաքննությունն ավարտված 262 քրեական գործերից 77-ով խախտվել է նախաքննության երկամսյա ժամկետը, որը հիմնականում պայմանավորված է քննչական գործողությունների կատարման հետ:

Դրական  է այն փաստը, որ 2018թ. 11 դեպքով նվազել են անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների թիվը: 2018թ. արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված 34 (2017թ.՝ 45) հանցագործություն, որից 13-ը՝ Ստեփանակերտ քաղաքում, 3-ը՝ Ասկերանի,  8-ը՝ Մարտակերտի, 5-ը՝ Մարտունու, 2-ը՝  Հադրութի, 1-ը՝ Շուշիի,  2-ը՝  Քաշաթաղի  շրջաններում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ, ինչպես և նախորդ տարիներին, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների գերակշիռ մասը  գողության, ծեծի, դիտավորությամբ առողջությանը  վնաս պատճառելու դեպքեր են: Հանցագործություն կատարած 31 անչափահասներն էլ  արական սեռի են, 14-15 տարեկան՝ 4 անձ, 16-17 տարեկան՝ 27 անձ: Նրանցից 16-ը սովորողներ են, 1-ը՝ վարձու աշխատող, 14-ը` այլ զբաղմունքի տեր կամ չաշխատողՈղջունելի է այն փաստը, որ ի տարբերություն 2017թ., երբ 20 հանցագործություն կատարվել էր խմբի կողմից, որից 15-ը միայն անչափահասների խմբի կողմից, 5-ը՝ նրանց մասնակցությամբ, հաշվետու ժամանակահատվածում ընդամենը 4 հանցագործություն է կատարվել անչափահասների խմբի կողմից:

Ընդհանրացնելով անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված  հանցագործությունների դեպքերը՝ կարելի է արձանագրել, որ այն պայմանավորված է հիմնականում դեռահասների մոտ սխալ ընկալված արժեքային համակարգի, ինքնադրսևորվելու ցանկության, ծնողների և մանկավարժների կողմից երեխաների մեջ իրական ու ճիշտ արժեքներ ձևավորելուն ուղղված դաստիարակչական աշխատանքների  անբավարարության հետ: Անչափահասների կողմից հանցագործությունների կատարմանը նպաստող պայման է հանդիսացել նաև վերջիններիս ընտանիքների սոցիալ-կենցաղային ծանր պայմանները, քանի որ ըստ հանցատեսակների կատարված  վերլուծությունից պարզվել է, որ նրանց կատարած հանցագործությունների մեջ մեծ թիվ են  կազմում գողության դեպքերը:

Վիճակագրական հիշատակված մտահոգիչ ցուցանիշը վկայում է այն մասին, որ անչափահասների ծնողների, ուսուցիչների և ոստիկանության անչափահասների գործերով տեսուչների կողմից պետք է մշակվեն ու իրացվեն անչափահասների վարքագծի իրավաչափությունն ու պաշտպանունակությունը ապահովող առավել առարկայական, ժամանակակակից մարտահրավերներին համահունչ միջոցառումներ, մոտեցումներ և մեթոդներ, որոնք հնարավորություն կտան շոշափելի արդյունքներ արձանագրել անչափահասների շրջանում արատավոր երևույթները չեզոքացնելու պատասխանատու գործում:

      Ուսումնասիրելով հանցագործություն կատարած անձանց կրիմինոլոգիական հատկանիշները, պարզվել է, որ հանցագործությունների տեսակարար կշռում էական մաս են կազմում արական սեռի ներկայացուցիչները: 2018թ. ցուցանիշներով հանցաործություն կատարած 645 անձանցից 588-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 57-ը` իգական: Հարկ է ընդծել, որ եթե Արցախի Հանրապետության շրջաններում գերակշռում են արական սեռի հանցագործություն կատարած անձինք, ապա Ստեփանակերտ քաղաքում արձանագրված հանցագործությունների տեսակարար կշռում մեծ թիվ են կազմում նաև իգական սեռի ներկայացուցիչները:

      Ըստ տարիքային խմբի՝ 14-15 տարեկաններ՝ 4 անձ, 16-17 տարեկաններ՝  27 անձ, 18-24 տարեկաններ՝  98, 25-29 տարեկաններ՝ 98, 30-49 տարեկաններ՝ 287, 50 տարեկան և ավելի՝ 131: Հանցագործություն կատարած անձանց տարիքային առանձանահատկությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 14-24 տարիքային խմբում ընդգրկված հանցագործություն կատարած անձինք մեծ թիվ են կազմել Մարտունու և Մարտակերտի շրջաններում ու Ստեփանակերտ քաղաքում:

         Հանցագործություն կատարած անձանցից 552-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, 88-ը՝ ՀՀ քաղաքացիներ, 4-ը՝ օտարերկրացի, 1-ը՝ քաղաքացիություն չունեցող անձ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց կողմից կատարված հանցագործությունները արձանագրվել են հիմնականում Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում, որը պայմանավորված է նշված շրջանների՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանակից լինելու հանգամանքով: 4 օտարերկրացիներից 2-ը՝ Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ, 1-ը՝ Ուզբեկստանի ազգությամբ ուզբեկ, 1-ը՝ Ադրբեջանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացի: Քաղաքացիություն չունեցող անձը թիվ 161059/17 քրեական գործով Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի    3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար դատապարտված  Հովհաննես Սիմոնի Գևորգյանն է:

           Ըստ կրթական մակարդակի՝  35-ը ունեն տարրական, 398-ը՝ միջնակարգ,   69-ը՝ միջնակարգ-մասնագիտական, 12-ը՝ թերի բարձրաույն, 124-ը՝ բարձրագույն կրթություն: Հատկանշական է, որ 7 անձ չունի նույնիսկ տարրական կրթություն: Բարձրագույն կրթություն ունեցող հանցագործություն կատարած անձանց մեծ թիվ է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում, Մարտունու, Քաշաթաղի և Ասկերանի շրջաններում:

Ըստ սոցիալական վիճակի՝ 60-ը՝ ծառայողներ են, 48-ը՝ բանվոր, 83-ը՝ վարձու աշխատող, 29-ը՝ անհատ ձեռնարկատեր, 2-ը՝ գյուղատնտեսությամբ զբաղվող,    235-ը՝ գործազուրկ, 20-ը՝ սովորող, որից 7-ը՝ ուսանող, 168-ը՝ այլ զբաղմունքի տեր անձինք:

Հանցանքը կատարելու պահին 51 անձինք գտնվել են ալկոհոլային հարբածության վիճակումԹմրանյութի ազդեցության կամ թունային հարբեցողության վիճակում կատարված հանցագործության դեպքեր չեն արձանագրվել:

         Այսպիսով, ընդհանրացնելով 2018թ. հանրապետության տարածքում արձանագրված հանցավորության վիճակի վերաբերյալ զեկույցըորպես դրական դինամիկա կարելի է արձանագրել, որ  2018թ. Ստեփանակերտ քաղաքում և շրջանների մեծ մասում արձանագրվել է հանցագործություննների թվի նվազում: Մյուս դրական ցուցանիշը այն է, որ 2018թ. արձանագրված 739 հանցագործության դեպքից միայն 59-ը կամ 7,9%-ն են կազմել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Ողջունելի է նաև այն փաստը, որ կրկնակի նվազել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թիվը:

           Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ հանցագործությունների թվի կտրուկ աճ է արձանագրվել Մարտունու շրջանում՝ 58 դեպքով կամ 68%-ովՄարտունու շրջանում հանցագործությունների թվի աճը (մեծ մասը) պայմանավորված է նախկին տարիներին կատարված, բայց 2018թ. բացահայտված հանցագործությունների դեպքերով: Մասնավորապես, դրանցից  հանցագործության 16 դեպք կատարվել է Տիգրանակեր ՓԲԸ աշխատակիցների կողմից Մարտունու շրջանի Խնուշինակ, Հերհեր, Կոլխոզաշեն, Սոս, Հացի, Գիշի և Ննգի համայնքներին սալիկապատման համար քարեր պակաս մատակարարելու և դրա արդյունքում պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերի գումար խարդախությամբ հափշտակելու՝ 8 դեպք և փաստաթղթեր կեղծելու՝ 8 դեպքԱրդշինինվեստբանկ ՓԲԸ-ի աշխատակցի կողմից  լիազորությունները չարաշահելու և  փաստաթղթեր կեղծելու՝ 8 դեպք, 12-ը՝ հրազեն, ռազմամթերք պահելու փաստերով: Հանցագործության 5 դեպք կատարվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանցակազմով:

Որպես բացասական դինամիկա անհրաժեշտ է ընդգծել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների տարեցտարի աճող դեպքերը, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանության և պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների աճի դեպքերը: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Մենք այս մասն էլ ավարտեցինք, այժմ հայտարարություններ: Պատգամավորական հայտարարություններ, խնդրեմ՝ Հայկ Խանումյան, Վահրամ Բալայան, Աշոտ Ղուլյան: Խնդրեմ, Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան - Հարգելի ներկաներ, ես կրկին ուզում եմ անդրադառնալ Մաղավուզի քարածխի հանքի պատմությանը և վերջերս դրա շուրջ նախկին վարչապետ Արա Հարությունյանի տված պարզաբանմանը: Ակնհայտ է, որ մենք գործ ունենք մի գործարքի հետ, որի հետևը միլիարդավոր դրամների գումարներ են գողացված: Զարմանալի է, որ այս պարզ գողությունը փորձում են ներկայացնել որպես Հայրենիքը փրկելու գործարք: Նման պարզաբանումներ անողներն իրենց մեկնաբանություններով ուղղակի ծաղրում են հասարակությանը:

Կուզեի մի քանի հստակ փաստերից խոսալ: Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից Մաղավուզի քարածխի հանքը շահագործող ՛՛Էներգիա պլյուս՛՛ ընկերության ձեռքբերման մասին տեղեկությունը դրված է Հիմնադրամի եռալեզու կայքում` հաշվետվությունների մեջ: Էներգիա պլյուս և Էներգիա մինուս ընկերությունների մասին ինֆորմացիան ազատ կարելի է ստանալ էլեկտրոնային ռեգիստրում, ՛՛Հասա գրուպ՛՛ ՍՊԸ-ի մասին տեղեկությունը ևս առկա է էլեկտրոնային ռեգիստրում, ցանցից կարելի է գտնել նաև այս ընկերության աուդիտի հաշվետվությունը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից այս ընկերությանը տրված հարկային արտոնությունները: Միակ պետական գաղտնիքը մնաց այն, որ Գագիկ Բախտամյանը Արա Հարությունյանի դասընկերն է, այն էլ նախկին վարչապետն իր պարզաբանման մեջ դա հաստատեց:

Որևէ քննադատության չի դիմանում նաև այն, որ Մաղավուզի քարածխի հանքը կոնսերվացվել է իբր պատերազմի ժամանակ նավթ, վառելանյութ և Երևանի ջերմաէլեկտրակայանի վառելիք ստանալու համար, եթե հանկարծ հայտնվենք էներգետիկ ճգնաժամի մեջՄի հատ այդ քարածուխ կոչեցյալով գոնե մի վառարան վառեք, նոր խոսեք նավթ ստանալու մասին: Մտածում եք պատերազմի ժամանակ էներգետիկ անվտանգության մասին` թիկունքային շրջաններում գազի, դիզվառելիքի ու բենզինի պահեստարաններ կառուցեիք, ոչ թե սահմանից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Մաղավուզի հանքը կոնսերվացնեիք:

Ինչ վերաբերում է Արցախի ներդրումային հիմնադրամ-պետական բյուջե հարաբերակցությանը: Ամեն տարի մի քանի միլիարդ դրամ է փոխանցվում հիմնադրամին Արցախի պետական բյուջեից, ավելին` Արցախի պետական բյուջեից մոտ 200 միլիոն դոլարի պետական երաշխիք է տրվել տարբեր ընկերությունների և այլ իրավաբանական անձանց, որի զգալի մասը հենց հիմնադրամին:

Քանի որ Արա Հարությունյանը պնդում է, որ ԱՀ և ՀՀ իշխանություններն են որոշում կայացրել կոնսերվացնել Մաղավուզի հանքը, և կոպիտ ասած, փոխհատուցել Սերժ Սարգսյանի փեսայի ծախսերը, ապա ես կդիմեմ ՀՀ կառավարությանը, խնդրելով տեղեկություն տալ նրա մասին, թե կա արդյո՞ք կառավարության որևէ որոշում վերոնշյալ հանքի կոնսերվացման համար:

Թե չէ Արցախի ներդրումային հիմնադրամը դարձել է բոլոր անհաջողակ բիզնեսմենների փրկությունը: Մարդիկ գործ են սկսում, ձախողում, մեկ էլ, հոպ, հիմնադրամը գալիս է գնում ձախողված բիզնեսը: Օրինակ, հիմնադրամը գնել է մեկ այլ չհաջողված հանքի 50 տոկոս բաժնեմասերը, որը շահագործող ընկերության փայատեր է նաև Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավար անդամներից մեկը: Բայց դրա մասին մեկ անգամ կխոսեմ:

Վերջում ուզում եմ ասել, գողությունը վատ բան է, իսկ այն հայրենասիրությամբ քողարկելն ուղղակի ստորություն է: Կատարվել է գողություն, գողացվել են միլիարդավոր դրամներ, այդ գումարները պետք է վերադառնան ժողովրդին:

 

Աշոտ ՂուլյանՀաջորդ հայտարարությունը՝ Վահրամ Բալայան, որպեսզի Կանոնակարգը չխախտենք՝ իմ փոխարեն պարոն Ավանեսյանն է:

Վահրամ Բալայան  - Անցյալ նիստին ես խոսում էի գյուղի, գյուղատնտեսության զարգացման թեմայով, բայց ժամանակս թուլ չտվեց, որպեսզի միտքս ավարտեմ: Իմ առաջարկություններից մեկը արել եմ, երկրորդ առաջարկության միտքն եմ ուզում շարունակել: Երկրորդ խնդիրը՝ այստեղ գյուղատնտեսական մասնագետների պակասի խնդիրն է: Իհարկե, ժամանակին Շուշիում ունեցանք ագրարային համալսարան, որ այդպես էլ չհաջողվեց իր գործունեությունը շարունակել, այսօր ունենք տեխնոլոգիական համալսարանը, բայց այդ խնդիրներն էլ մնում են այդպես անլուծելի: Ինչո՞ւ, որովհետև մաթեմատիկայից, ֆիզիկայից կամ քիմիայից խորհրդային չափանիշներով՝ երկուսի գիտելիքներ կամ երեքին հասնող գիտելիք ունեցող աբիտուրենտը՝ դիմորդը, չի կարող դառնալ լավ ուսանող և հետագայում դառնալ լավ մասնագետ: Մյուս կողմից էլ, մանավանդ, մենք ենք խնդրում, առանց քննությունների գալ և դառնալ անասնաբույժ, գյուղատնտես կամ անասնաբույծ: Սրան գումարած էլ՝ դասախոսական անձնակազմի հետ կապված խնդիրներ ունենք: Այսինքն, այստեղ վիրահատական մոտեցման անհրաժեշտություն կա: Հայտնի է, որ առանց մասնագետի մենք ոչ միայն գյուղատնտեսության, այլ ընդհանարապես բոլոր ասպարեզներում մենք չենք կարող շարժվել առաջ: Երկրորդ խնդիրը՝ սպայական անձնակազմին բնակարաններ հատկացնելու հարցն է: Կարող է հարց առաջանալ, իսկ ի՞նչ կապ ունի սպայական անձնակազմի բնակարաններ հատկացնելը գյուղի և գյուղատնտեսության հետ: Կասեմ, որ ուղղակի կապ ունի: Ճիշտ է, այս թեմայի շուրջ մենք բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց, ցավոք սրտի, այդ հարցը մնաց անլուծելի: Տարիներ շարունակ սպայական անձնակազմին, որոնք գյուղաբնակ են, այսինքն` մեր հայրենակիցները, որոնք ծնվել են գյուղում, մեծացել քաղաքներում, մենք բնակարաններ տալով, կտրեցինք մարդկանց իրենց օջախներից: Մյուս կողմից էլ՝ նաև այն երեխաները, որոնք պետք է հաճախեին դպրոց, ստիպված էին հաճախել դպրոց քաղաքներում, և այս պարագայում բազմաթիվ դպրոցներ կամ փակվեցին, կամ  էլ, եթե չփակվեցին, համենայնդեպս հնարավոր չէր ուսումնական այնպիսի գործընթաց կազմակերպել, որպեսզի մարդ նորմալ կրթություն ստանա: Մյուս կողմից էլ, այս մարդիկ իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ կատարելուց հետո, հայտնի է, որ զինվորականները մի քինչ ավելի շուտ են գնում թոշակի: Դրանից հետո՝ քաղաքում գործազուրկների մի նոր՝ մեծ բանակ ենք ունենում: Կարծում եմ՝ այս մարդկանց պետք է ապահովել բնակարաններով իրենց հայրենի օջախներում, իրենց հայրենի բնակավայրում: Այս հարցին էլ կարելի է այսպիսի լուծում տալ: Անցյալ անգամ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ սա, բնականաբար գործադիր իշխանությունների խնդիրն է հանդիսանում, բայց դա չի նշանակում, որ մենք լվանում ենք մեր ձեռքերը ու քաշվում մի կողմ: Մենք պատրաստակամ ենք, մեր աջակցությունն ենք հայտնում այդ խնդիրների լուծումն ապահովելու համար: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն, պարոն Բալայան: Այժմ՝ Արպատ Ավանեսյան, խնդրեմ:

Արպատ ԱվանեսյանՆախ՝ ուզում եմ շնորհակալությունս հայտնել Ձեզ՝ պարոն Ղուլյան, որովհետև ես, երևի թե ձեռս լավ չեմ պահել, չի աշխատել, բայց ինձ հնարավորություն տվեցիք, որպեսզի արտահայտվեմ: Սովորաբար, մենք մեկս մյուսի նկատմամբ կամ ավելորդ դաժանություն ենք ցուցաբերում, կամ ավելորդ մարդասիրություն: Այն, որ այս ամբիոնը՝ մեր գործընկեր պարոն Խանումյանը, օգտագործում է մեր պետական այրերին, մեր կառույցներին վարկաբեկելու և չգիտեմ ինչ կարգի մեղադրանքներ ներկայացնելու: Ես համարում եմ, որ շատ ճիշտ է անում: Ինչո՞ւ, որովհետև շատերդ արդեն երեխաներ ունեք, գիտեք՝ փոքր հասակից, նույնիսկ մի ամսեկանից սկսած, եթե որևէ երեխա կամ ընտանիքի անդամ սխալ է անում, անպայման սաստում են: Մենք, երբևէ լուրջ չենք սաստել, ունենալով մեր ձեռքի տակ հաղորդագրություն, ստորագրված 162 հոգու կողմից, այդ մասին մի անգամ ասել եմ: Բոլորս էլ, տարբեր առիթներով, սեղանների շուրջը բարձրագոչ կենացներ ենք խմում՝ նահատակված մեր զինվորներին, մեր քաղաքացիներին, նրանց հիշատակի վերաբերյալ, բայց 162 զոհվածների, տարբեր զավակներ դիմում են գրել և մենք մատնել ենք անգործության: Ինչո՞ւ այն ժամանակ, ես Կառավարությանը հարց չտվեցի, որովհետև մեր իրավապահ մարմիններից չկային ներկայացուցիչներ, և ես գտնում եմ, որ այս ոտնձգությունները, որ մեր պարոնն անընդհատ կատարում է, պայմանավորված է նրանով, որ մենք սրան գնահատական չենք տվել: Եթե տայինք գնահատական, հիմա ինքը պետք է չադրա գցած այս քաղաքում քայլեր, ոչ թե գար՝ տրիբունան օգտագործեր այս կամ այն մարդկանց հասցեին չգիտես՝ ինչ ասես: Բացի դրանից, քարածխի հանքից եք խոսում, գիտեք չէ, որ սովորաբար մարդ խոսում է այն բանից, ինչից ինքը գաղափար չունի: Եթե դուք համացանցում ինչ-որ բաներ եք կարդացել, կոնկրետ ես, կարծես թե, կանխազգացել եմ, որ դուք այդպիսի բան կանեք և կարող եմ ցույց տալ, որ հինգ հատ հեղինակային իրավունք ենք ստացել, այնտեղից նավթամթերքներ, գազ ստանալու համար: Մոտ օրերս կսկսենք այդ գործընթացը: Դուք ի՞նչ եք ձեզ թույլ տալիս, ինչո՞ւ եք համացանցում տեղադրում նյութ, որ վաղը Ադրբեջանը կարող է ցանկացած ամբիոնից մեր Ղարաբաղի ներկայացուցիչներին, Հայաստանի ներկայացուցիչներին սաստի, թե չգիտեմ՝ ինչ եք անում: Չգիտե՞ք, որ անում են, թե դուք պատվե՞ր եք կատարում: Ոնց, որ այստեղ է գրված , որ 15 հազար եվրո եք ստացել, հիմա չգիտեմ ինչ եք ստացել, որ այդ կարգի խոսակցություններ եք տարածում: Ձեզ հավաքեք, այլապես ես այս 162 հոգուն հավաքելու եմ՝ գամ Ազգային ժողովի դռանը, աստիճանների վրա կանգնեմ և քեզ չեմ թողնի, որպեսզի մտնես այս շենքը: Հավաքիր քեզ: Մինչև դուք փորձեք ինձ որևէ բան սովորեցնես, շատ հաց ու պանիր պիտի ուտեք: Ու զգուշացնում եմ, եթե մի անգամ էլ փորձեք, չեմ ուզում իրական բառը ասել, այդպիսի ապատեղեկատվություն հնչեցնեք, ես խոստանում եմ՝ հավաքել այս 162 հոգուն և գամ Ազգային ժողովի մուտքը փակեմ ու ձեզ ներս չեմ թողնի:

Աշոտ Ղուլյան Ինչպես նախորդ նիստերին, հիմա էլ եմ բոլորիդ կոչ անում՝ համբերատար լինել, հանդուրժող լինել և Ազգային ժողովի ամբիոնը օգտագործել միայն հավաստի տեղեկություններ ներկայացնելու համար: Մենք այսքանով ամփոփում ենք մեր այսօրվա աշխատանքը: Կարծում եմ՝ երկար աշխատեցինք, բայց ամեն դեպքում, օրակարգն էր այսպիսին և օրակարգում ներառված հարցերը: Շնորհակալություն բոլորիդ, ցտեսություն, մինչև նոր հանդիպում: