Ընդունված է 2019 թվականի
մարտի 27-ին
Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի (այսուհետ` Օրենք) 13.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.3. Ռոյալթիի հաշվարկման բազան
1. Ռոյալթիի հաշվարկման բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառությունը:
2. Ռոյալթիի հաշվարկման համար իրացման շրջանառությունը որոշվում է հաշվեգրման եղանակով:
3. Ռոյալթի վճարողների կողմից խտանյութի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.
1) մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` մատակարարման պայմանագրին համապատասխան որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով): Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) մետաղների պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
2) որպես մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գին հիմք է ընդունվում մատակարարված խտանյութի համար մատակարարի և գնորդի միջև կնքված՝ խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան ըստ գնորոշման ժամանակահատվածի և գնանշումների (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) որոշված պայմանագրի գինը: Եթե խտանյութի մատակարարման պայմանագրին համապատասխան խտանյութի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են ռոյալթիի հաշվարկման տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում, ապա խտանյութի մատակարարման հաշվետու ժամանակաշրջանում իրացման շրջանառության հաշվարկման համար, որպես ֆիզիկական ծավալի գին, հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով որոշված պայմանագրի գինը` առանց ավելացված արժեքի հարկի.
3) ռոյալթիի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված (անկախ մատակարարման պայմաններից) խտանյութի իրացման շրջանառություն է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ֆիզիկական ծավալի համար մատակարարի և գնորդի միջև կնքված արտադրանքի մատակարարման պայմանագրով որոշված (պայմանագրին համապատասխան կատարվող վերջնահաշվարկի արդյունքներով) պայմանագրի գինը՝ հիմք ընդունելով հետևյալը.
ա. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պայմանագրի վերջնահաշվարկի արդյունքներով որոշված ֆիզիկական ծավալից մատակարարման պահին որոշված ծավալի բացասական շեղման առավելագույն չափ է համարվում մատակարարման պահին որոշված ծավալի 2 տոկոսը,
բ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս խտանյութի առանձին տեսակների համար վճարվող մետաղներ են համարվում՝
պղնձի խտանյութերի դեպքում՝ պղինձը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,
մոլիբդենի խտանյութի դեպքում՝ մոլիբդենը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,
ցինկի խտանյութի դեպքում՝ ցինկը, ոսկին, արծաթը, ինչպես նաև խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող այլ մետաղներ,
այլ խտանյութերի դեպքում՝ խտանյութի վաճառքի պայմանագրի համաձայն վճարվող մետաղները,
գ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի իրացման շրջանառությունը որոշելիս Արցախի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել՝
վճարվող մետաղների համար գնորդի կողմից չվճարվող (նվազեցումների ենթակա) մասի առավելագույն սահմանաչափերը։ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,
մատակարարման պայմանագրով որոշված՝ վերամշակման, զտման կամ այլ համանման ծախսերի (ներառյալ՝ տրանսպորտային) առավելագույն սահմանաչափերը: Սահմանաչափերը հրապարակվում են՝ հիմնվելով մասնագիտացված միջազգային պարբերականների, այդ թվում՝ Վուդ Մակենզի (Wood Mackenzie), Մետալ Բյուլետին (Metal Bulletin) կամ համանման հեղինակությամբ միջազգային այլ պարբերականների կողմից մետաղական խտանյութերի վերամշակման և զտման ծախսերի վերաբերյալ հրապարակվող տվյալների վրա՝ հղում կատարելով համապատասխան աղբյուրին։ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չլինելու դեպքում դրանք ընդունվում են պայմանագրով սահմանված չափով,
դ. ռոյալթիի հաշվարկման իմաստով խտանյութի մատակարարման պահին կամ դրանից հետո արձանագրված` պայմանագրով նախատեսված ցուցանիշներից ավելի շեղումներով պայմանավորված իրացման շրջանառության նվազեցումները (այդ թվում՝ մատակարարված խտանյութում տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի (տուգանային տարրերի) համար պայմանագրով նախատեսված չափից ավելի գների նվազեցումները, խոնավության համար պայմանագրով նախատեսված թույլատրելի ցուցանիշի խախտման դեպքում պայմանագրի գնի նվազեցումները) հաշվի չեն առնվում,
ե. եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ սույն օրենքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում՝ սույն օրենքով կամ մատակարարման պայմանագրով վճարվող հանդիսացող մետաղների վերջնական պարունակության և նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը,
զ. խտանյութի մատակարարման պայմանագրերով նախատեսված` ռոյալթիի հաշվարկման բազայի վերջնահաշվարկների արդյունքում ճշտումները կատարվում են, և դրանց արդյունքներն արտացոլվում են վերջնահաշվարկն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում (արտացոլվում են այդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիների հաշվարկ-հաշվետվություններում):
4. Ռոյալթի վճարողի կողմից ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.
1) ձուլվածքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված ձուլվածքի մատակարարման պայմանագրին համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.
2) հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ձուլվածքի համար օգտագործված խտանյութի հաշվարկային մեծություն (խտանյութի ֆիզիկական ծավալ) է համարվում ձուլվածքի կշռի միավորի արտադրության համար փաստացի օգտագործված` տեխնոլոգիապես հիմնավորված խտանյութի ֆիզիկական ծավալը` խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով).
3) ձուլվածքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված ձուլվածքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:
5. Ռոյալթի վճարողի կողմից խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է հետևյալ կարգով.
1) վերջնական արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում մատակարարի և գնորդի միջև կնքված` արտադրանքի մատակարարման պայմանագրին համապատասխան մատակարարված արտադրանքի արտադրության համար ծախսված բոլոր մետաղների կշիռը` արտահայտված գրամներով կամ տոննաներով.
2) վերջնական արտադրանքում յուրաքանչյուր մետաղի համար ռոյալթիի հաշվարկման իմաստով հիմք է ընդունվում տվյալ մետաղի խտանյութի ֆիզիկական ծավալի (խտանյութում մետաղների վերջնական պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) տեխնոլոգիապես հիմնավորված այն հաշվարկային մեծությունը, որը ծախսվել է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված արտադրանքում պարունակվող տվյալ ծավալի մետաղի ստացման համար.
3) վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մատակարարված վերջնական արտադրանքին համապատասխան օգտագործված խտանյութի ֆիզիկական ծավալից, կիրառելով խտանյութում պարունակվող մետաղների միջազգային միջին գները:
6. Իրացման շրջանառության որոշման նպատակով, առանց խտանյութի ստացման հանքաքարի վերամշակումից հետո ստացվող ցանկացած արտադրանքի ֆիզիկական ծավալ է համարվում դրանում պարունակվող մետաղի փաստացի քանակությունը` գրամներով կամ տոննաներով: Սույն կետով սահմանված արտադրանքի օտարման դեպքում իրացման շրջանառությունը հաշվարկվում է՝ ելնելով մետաղների վերջնական պարունակությունից (արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով), կիրառելով մետաղների միջազգային միջին գները:
7. Սույն օրենքի կիրառության իմաստով՝ մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որևէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաև աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությունը հանել:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածը` Օրենքի 13.3-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի «ե» պարբերությանը վերաբերող մասով, և 2-րդ հոդվածը տարածվում են 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:
2. Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` ընդերքօգտագործման հավաստագիր ստացած ընդերքօգտագործողը մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան ռոյալթի վճարելու դեպքում հավաստագրի գործողության ժամկետի ավարտին հաջորդող տարվա համար Օրենքով սահմանված ռոյալթիի եռամսյակային կանխավճարները կատարում է նախորդ տարվա ընթացքում մետաղական օգտակար հանածոների համար հաշվարկված բնօգտագործման վճարների և ռոյալթիների հանրագումարի մեկ երրորդի չափով:
3. Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` ընդերքօգտագործման հավաստագիր ստացած ընդերքօգտագործողը մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող օրենսդրությանը համապատասխան բնօգտագործման վճար վճարելու դեպքում հավաստագրի գործողության ժամկետի ավարտին նախորդող ժամանակահատվածներում մետաղական օգտակար հանածոների փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար Օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիի գումարից հաշվանցում է հաշվարկված բնօգտագործման վճարի գումարը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
2019թ. ապրիլի 12
Ստեփանակերտ
ՀՕ-17-Ն