«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին » Արցախի Հանրապետության օրենք

Ընդունված է 2019 թվականի

                                                                                մարտի 27-ին

 

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության 2007 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-127 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում «անկախության» բառը փոխարինել «չեզոքության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ  և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պետական պահպանություն տրամադրվում է՝

1) Արցախի Հանրապետության նախագահին.

2) Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.

3) Արցախի Հանրապետության պետական նախարարին:

Արցախի Հանրապետության նախագահը (այսուհետ՝ Հանրապե­տու­թյան նախագահը), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը և Արցախի Հանրապետության պետական նախարարն իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:

3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել Արցախի  Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 4-րդ և 5-րդ մասեր.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված Կառավարության որոշումը ենթակա չէ հրապարակման:

4. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց) վարչական զանցանք կամ հանցագործություն (հակաօրինական արարք) կատարվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է՝

1)  հատուկ պետական պաշտպանության ենթակա անձին անհապաղ տեղեկացնել, որ պետական պահպանությունը կարող է կասեցվել այդ անձի կողմից հակաօրինական արարք կատարվելու ընթացքում.

2)  անհապաղ զեկուցել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության   ծառայության ղեկավարին հետագա պահպանությունը իրականացնելու նպատակահարմարության վերաբերյալ:

Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով իրազեկվելուց հետո հատուկ պետական պահպանության ենթակա անձի կողմից հակաօրինական արարքը շարունակվելու դեպքում պետական պահպանություն իրականացնող խմբի ղեկավարի որոշմամբ այդ արարքի կատարման ընթացքում կարող է կասեցվել պետական պահպանությունը: Նույն կարգով իրազեկվելուց հետո վարչական զանցանք կամ հանցագործություն կրկին կատարվելու դեպքում ազգային անվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ հատուկ պետական պահպանությունը դադարեցվում է:

5. Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց, կարող են ժամանակավորապես հրաժարվել պետական պահպանությունից՝ այդ մասին գրավոր իրազեկելով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարին:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի  «և (կամ) բառերը փոխարինել «ինչպես նաև» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն: Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահները կարող են ժամանակա­վորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից՝ այդ մասին գրավոր իրազեկելով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ղեկավարին:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և Արցախի Հանրապետության պետական նախարարի պետական պահպանությունը

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին և Արցախի Հանրապետության պետական նախարարին պետական պահպանություն տրամադրվում է նրանց պաշտոնավարման ժամանակահատվածում:»։

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում «և 7-րդ հոդվածում» բառերը փոխարինել  «, 6-րդ և 7-րդ հոդվածներում» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «Նախագահի սահմանած կարգով և ժամկետներում» բառերից հետո  լրացնել    «, որը ենթակա չէ հրապարակման» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել Արցախի  Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերում «հանրապետական մարմնի» բառերը փոխարինել «ծառայության» բառով.

2)  8-րդ մասում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 8-րդ կետի երկրորդ պարբերությունը «հակառակ» բառից հետո լրացնել «՝ զուգորդվելով այդ անձանց ազատությունից զրկելով» բառերով.

2)  15-րդ կետից հանել «և կնքել միջգերատեսչական պայմանագրեր» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «և կամ» բառերը փոխարինել «կամ» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2019թ. ապրիլի 12

Ստեփանակերտ

ՀՕ-15-Ն