«Ազգային անվտանգության մարմինների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենք

Ընդունված է 2019 թվականի

                                                                                մարտի 27-ին

 

 

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-75 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3. Ազգային անվտանգության մարմինների համակարգը

 

Ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ լիազորված մարմին) Արցախի Հանրապետության նախագահին ենթակա մարմին է։ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազորված մարմնից, նրան ենթակա՝ կենտրոնական և քաղաքային (շրջանային) կառուցվածքային ստորաբաժանումներից։»։

 

Հոդված 2Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Լիազորված մարմինը

 

Լիազորված մարմնի գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության նախագահը (այսուհետ՝ Հանրապետության նախագահ), իսկ անմիջական ղեկավարումը՝  լիազորված մարմնի ղեկավարը։

Լիազորված մարմնի համակարգում սահմանված կարգով գործում են հետախուզական, հակահետախուզական, ռազմական հակահետախուզական և քննչական մարմիններ։

Լիազորված մարմինը Արցախի Հանրապետության տարածքում իրականացնում է ազգային անվտանգության խնդիրներին առնչվող հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը։

Լիազորված մարմնի կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից։»։

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու նրա տեղակալների նշանակումը և ազատումը

 

Լիազորված մարմնի ղեկավարին (Ազգային անվտանգության ծառայության տնօրեն),  պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը։

Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանրապետության նախագահը՝ լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ։

 

Հոդված 4.2. Քննչական մարմինը

 

Քննչական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կազմակերպում և իրականացնում է նախաքննություն։

Քննչական մարմնին՝ հատուկ կարևոր գործերով ավագ քննիչին, նշանակում և ազատում է լիազորված մարմնի ղեկավարը:»։

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով։

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի երրորդ, 11-րդ հոդվածի չորրորդ և 24-րդ հոդվածի երրորդ պարբերություններից հանել «գերատեսչական նորմատիվ» բառերը։

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում «ներքին զորքերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասերում և այլ» բառերը փոխարինել «զորքերում, այլ զորքերում  և» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերության «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն

«Ազգային անվտանգության մարմիններն օրենքով իրենց իրավասությանը հանձնված գործերով իրականացնում են դեպքի վայրի պահպանություն, որի կանոնները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը։»։

 

Հոդված 8. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։

 

    Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրու­թյամբ.

 

«Հոդված 15. Ազգային անվտանգության մարմինների լիազորու­թյունները

 

Ազգային անվտանգության մարմինները՝

1) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, պետական սահմանների անձեռն­մխե­լիությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, ամրապնդում են հանրապետության պաշտպանունակությունը.

2) գաղտնի հիմունքներով համագործակցում են դրա համար համաձայնություն տված անձանց հետ.

3) օրենքով սահմանված կարգով իրականացնում են հետաքննություն, նախաքննություն և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ունեն և օգտագործում են ձերբակալվածներին պահելու վայր.

4) ներթափանցում են հետախուզական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանը.

5) օրենքով սահմանված կարգով տեղեկատվական անվտանգության ոլորտում իրականացնում են պետական վերահսկողություն, ինչպես նաև համակարգում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպան­վող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեությունը, սահմանում են Արցախի Հանրապետու­թյունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգը.

6) ծառայողական պարտականությունները կատարելիս օգտագործում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին   պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում` նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները` համարժեք հատուցմամբ.

7) հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև դեպքի վայր մեկնելու համար անհետաձգելի դեպքերում օգտագործում են ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։ Ազգային անվտանգության մարմինները, օրենքով սահմանված կարգով, պարտավոր են հատուցել նրանց ծախսերը կամ պատճառած վնասը.

8) հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելիս օրենքով սահմանված կարգով մուտք են գործում ֆիզիկական անձանց պատկանող բնակելի և այլ շինություններ, հողամասեր, կազմակերպությունների շինություններ, եթե բավարար տվյալներ կան ենթադրելու, որ այնտեղ հանցագործություն է կատարվում կամ կատարվել է, և հապաղումը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը.

9) ստուգում են ֆիզիկական անձանց և պաշտոնատար անձանց` անձը հաստատող փաստաթղթերը, եթե հանցագործության կատարման մեջ նրանց կասկածելու համար բավարար հիմքեր կան.

10) ձերբակալում են այն անձանց, որոնք ներթափանցել են կամ ներթափանցելու փորձ են կատարել հատուկ ռեժիմային օբյեկտների և պահպանվող այլ օբյեկտների հսկվող տարածքներ, ինչպես նաև ստուգում են նրանց անձը հաստատող փաստաթղթերը, նրանցից ստանում են բացատրություններ, կատարում են այդ անձանց զննում, նրանց իրերի ու փաստաթղթերի զննում և առգրավում.

11) սահմանված կարգով պետական մարմիններ և կազմակերպու­թյուններ են ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումն ու խափանումը վերապահված են լիազորված մարմնի իրավասությանը.

12) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանում են  տեղեկություններ (այդ թվում` առցանց), որոնք անհրաժեշտ են ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

13) Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ունեն տեղեկատվական համակարգեր, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և տեխնիկական կենտրոններ.

14) անցկացնում են քրեագիտական և այլ փորձաքննություններ ու հետազոտություններ.

15) ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում` փոխադարձության հիման վրա, համագործակցում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ ու սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ փոխանակում են օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.

16) իրենց իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով մասնակցում են Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը և կնքում քաղաքացիաիրավական պայմանագրեր.

17) իրականացնում են միջոցառումներ` ուղղված սեփական անվտան­գության ապահովմանը (այդ թվում` լիազորված մարմնի համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելը), ազգային անվտանգության մարմինների պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանմանը, օգտագործում են տեխնիկական միջոցներ` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, հանցավոր խմբերի և առանձին անձանց ներթափանցման կանխման ու խափանման նպատակով.

18) ազգային անվտանգության մարմինների աշխատակիցների, ազգա­յին անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում են պետական մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերը, այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են քողարկման համար.

19) անցկացնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգու­թյան հիմնահարցերի գիտական հետազոտություններ.

20) պայմանագրային հիմունքներով օգտվում են ֆիզիկական անձանց և կազմակերպությունների բնակելի և այլ շինություններից.

21) կադրերի մասնագիտական նախապատրաստության նպատակով, օրենքով սահմանված կարգով, ունեն համապատասխան ուսումնական հաստատություններ.

22) հատուցմամբ կամ անհատույց իրականացնում են կադրերի պատրաստում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների անվտանգության ծառայությունների համար, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.

23) Հանրապետության նախագահին  և նրա հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն են ներկայացնում Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.

24) բացահայտում, կանխում և խափանում են Արցախի Հանրապե­տության անվտանգության դեմ ուղղված` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունը.

25) հետախուզական տեղեկություններ են հավաքում Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

26) բացահայտում, կանխում և խափանում են իրենց քննչական ենթակայությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված իրենց լիազորությունների կատարման ընթացքում հայտնի դարձած այլ հանցագործությունները, իրականացնում են այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.

27) բացահայտում, կանխում և խափանում են ահաբեկչական գործողությունները.

28) մշակում և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնում են միջոցառումներ` ուղղված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն երևույթների, օտարերկրյա պետությունների հետ կապված` զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, դրանց մաքսանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, զինված կազմավորում­ների, հանցավոր խմբերի, Արցախի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ պայքարին.

29) իրենց իրավասության սահմաններում ապահովում են անվտանգությունը Արցախի Հանրապետության պետական մարմիններում և հիմնարկներում, Արցախի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում.

30) իրենց իրավասության սահմաններում ապահովում են Արցախի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.

31) մասնակցում են պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը և իրականացմանը, վերահսկում են պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով իրականացնում են միջոցառումներ` կապված քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվության հետ.

32) անցկացնում են միջոցառումներ` ուղղված Արցախի Հանրապետու­թյան սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացի­ների անվտանգության ապահովմանը.

33) Արցախի Հանրապետության տարածքում ապահովում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը.

34) իրենց իրավասության սահմաններում, իրավասու պետա­կան մարմինների հետ համատեղ, մասնակցում են Արցախի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը.

35) ռադիոհսկողության ճանապարհով իրականացնում են հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, բացահայտում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումները և ռադիոալիքները.

36) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մասնակցում են Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և դադարեցնելուն, Արցախի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու տարածքից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Արցախի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը.

37) պահպանում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգու­թյան մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածությունը.

38) մասնակցում են Արցախի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը և իրացնում են դա.

39) Հանրապետության նախագահին, պետական և տեղական ինքնակա­ռավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց ապահովում են կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով.

40) իրականացնում են ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.

41) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում են Արցախի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը.

42) կազմակերպում և իրականացնում են հակահետախուզական գործունեություն, որոշում են հակահետախուզական միջոցառումների անցկացման և դրանք իրականացնելիս գաղտնի մեթոդների ու միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաև սահմանում են ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություն­ներ և կազմակերպություններ ներթափանցելու կարգը.

43) աջակցում են Արցախի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման  մարմինների  մարտունակության և մարտական պատրաստության պահպան­մանն ու ամրապնդմանը.

44) ստանում, մշակում և վերլուծում են Արցախի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը, կանխատեսում են դրա վտանգը.

45) օրենքով սահմանված կարգով ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ մասնակցում են իրականացվող միջոցառումներին.

46) սահմանում են ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգը.

47) օրենքով սահմանված կարգով սահմանում են հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումներ և նորմեր, մշակում և ներկայացնում են առաջարկություններ` հատուկ նշանակության հողերի օգտագործման կարգի, պաշտպանական գոտիների, հատուկ կարգավորման դրույթների, քաղաքաշինական գործունեություն ծավալելու կարգի վերաբերյալ.

48) իրենց իրավասության սահմաններում հրապարակում են ազգային անվտանգության  ապահովման հարցերի վերաբերյալ ակտեր ու հետևում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպու­թյուն­ների կողմից դրանց կատարմանը.

49) ազգային անվտանգության մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին գործուղում են օտարերկրյա պետություններ` այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավասու մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով.

50) Հանրապետության նախագահին ու նրա հանձնարարությամբ պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմիններին իրազեկում են Արցախի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի  մասին.

51) ապահովում են Արցախի Հանրապետության տնտեսական անվտանգությունը և իրենց իրավասության սահմաններում պայքարում են տնտեսական հանցագործությունների դեմ.

52) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում են ռադիոհաճախականու­թյունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում են Արցախի Հանրապե­տության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Արցախի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար.

53) ապահովում են Հանրապետության նախագահի, Ազգային ժողովիպետական նախարարի, նախարարություններիտարածքային կառավարման մարմինների, Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատախա­զության, պետական այլ մարմինների, Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված զորամասերի (բացառությամբ Արցախի Հանրապե­տության պաշտպանության նախարարության զորամասերի), ինչպես նաև Արցախի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների փոստատա­րային օպերատիվ կապը (բացառությամբ դիվանագիտական փոստի).

54) փոխադրում են պետական և դիվանագիտական մարմինների հատուկ կարևորության, հույժ գաղտնի, գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունները, ապահովում են դրանց պահպանումը.

55) լիազորված մարմնում գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար ստեղծում են կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ), Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում են լիազորված մարմնի գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգը.

56) իրենց իրավասության սահմաններում ընդհանրացնում են Արցախի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկան, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնում Հանրապետության նախագահին, մասնակցում են համապա­տասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակմանը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս իրականացնում են ազգային անվտանգության մարմինների  մեթոդական ղեկավարումը.

57) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում են լիազորված մարմնում գործավարության և արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջները.

58) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով կազմակերպում են ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումներ և հաղորդումներ.

59) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուց­չու­թյուններում կազմակերպում, իրականացնում և վերահսկում են տեխնիկական հետախուզություններին հակազդման հատուկ միջոցառումներ, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացումը.

60) հանցավոր ոտնձգություններից ապահովում են ազգային անվտանգության մարմինների զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի, այդ   մարմիններին   աջակցող անձանց ազգային անվտանգու­թյան մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների, նրանց ընտանիքների անդամների և հարազատների կյանքի, առողջության, պատվի և արժանապատվության, ինչպես նաև գույքի պաշտպանությունը.

61) կազմակերպում են քաղաքացիների ընդունելությունը, իրենց իրավասության սահմաններում քննարկում նրանց հանրագրերը, դիմումները և բողոքները.

62) սահմանված կարգով պատրաստում են օպերատիվ-հետախու­զական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթերը.

63) մասնակցում են սպառազինության և հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը, իրականացնում են սպառազինու­թյան և հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաև դրանց մատակարարման և վերանորոգման պատվերների տեղաբաշխում.

64) ազգային անվտանգության մարմինների պարտականությունների կատարման համար սահմանված կարգով ունեն հատուկ ստորաբաժա­նումներ։»։

 

Հոդված 10Օրենքի 16-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1) երկրորդ պարբերության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիազորված մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համատեղ նորմատիվ ակտերով» բառերը փոխարինել «օրենքով» բառով

2) 9-րդ պարբերությունը «պայմանագրերի» բառերից հետո լրացնել «ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ փոխադարձության» բառերով։

 

Հոդված 12 Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) հինգերորդ պարբերության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ»  բառերը փոխարինել «օրենքով» բառով.

2) վեցերորդ պարբերությունից հանել «գերատեսչական նորմատիվ» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության»  բառերով։

 

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում  «անօրինական գործողությունները» բառերը փոխարինել «գործողությունները, անգործությունը և որոշումները» բառերով։

 

Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին պարբերությունում  «գերատես­չական»  բառը փոխարինել  «ենթաօրենսդրական» բառով։

 

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանրապետության նախագահը՝ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահած լիազորությունների շրջանակներում։»։

 

Հոդված 17. Օրենքի տեքստում, բացառությամբ 19-րդ հոդվածի 6-րդ պարբերության և 21-րդ հոդվածի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով։

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2019թ. ապրիլի 12

Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն