Ընդունված է 2002 թվականի
հոկտեմբերի 30-ին
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, պաշտպանության բնագավառում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, հանրապետության պաշտպանության գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի (այսուհետ՝ զինված ուժեր) դերն ու խնդիրները, դրանց կառուցվածքը և ղեկավարումը, պաշտպանության բնագավառում օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը:
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությունը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, սոցիալական, իրավական և այլ միջոցների ու միջոցառումների համակարգ է՝ ուղղված հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովմանը:
Պաշտպանությունը կազմակերպվում և իրականացվում է պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության հիման վրա:
Պաշտպանության նպատակով ստեղծվում են զինված ուժեր և սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների զինապարտություն:
Պաշտպանությանն առնչվող խնդիրներ լուծելու նպատակով, միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված կարգով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարող են տեղակայվել օտարերկրյա պետությունների զորամիավորումներ:
Ռազմական դրության ժամանակ պաշտպանության իրականացմանը կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանապահ զորքերը, ներքին զորքերը, ազգային անվտանգության և արտակարգ իրավիճակների վարչությունների զինված ստորաբաժանումները (այսուհետ` այլ զորքեր):
Սույն հոդվածում նշված զորքերի թվարկումը սպառիչ է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այլ զինվորական կազմավորումների ստեղծումն արգելվում է:
Հոդված 2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կազմակերպումը ներառում է՝
ա) ռազմական քաղաքականության մշակումը.
բ) ռազմական վտանգի կանխատեսումը և գնահատումը.
գ) պաշտպանության բնագավառի իրավական կարգավորումը.
դ) անհրաժեշտ կառուցվածքով և թվակազմով, ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով հագեցած, մարտական զորահավաքային բարձր պատրաստականություն ունեցող զինված ուժերի ստեղծումը, ինչպես նաև դրանց օգտագործման ծրագրավորումը.
ե) զորակոչի անցկացումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պայմանագրային հիմունքներով զինծառայության ներգրավումը.
զ) կոլեկտիվ անվտանգության և համատեղ պաշտպանության նպատակներով միջազգային համագործակցությունը.
է) տնտեսության, պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, հաղորդակցության միջոցների ու հանգույցների, տարածքի և բնակչության զորահավաքային նախապատրաստումը.
ը) տարածքային և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրավորումն ու իրականացումը.
թ) ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական գիտության զարգացումը՝ ներառյալ ռազմական ուսուցման կազմակերպումը.
ժ) պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման ապահովումը.
ժա) զինված ուժերի պահեստազորի, ռազմական ուսուցում անցած զինապարտների, ինչպես նաև անհրաժեշտ քանակությամբ զենքի և զինամթերքի, տեխնիկայի, պարենի և այլ նյութերի պաշարների նախապատրաստումը.
ժբ) պաշտպանության բնագավառի այլ միջոցառումներ:
Հոդված 3. |
Պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը |
Պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերից (համաձայնագրերից), սույն օրենքից և օրենսդրական այլ ակտերից:
ԳԼՈՒԽ II
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4. |
Պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի լիազորությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝
ա) համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում.
բ) նշանակում և ազատում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը.
գ) շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ, պարգևատրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով և մեդալներով.
դ) վարում է բանակցություններ, կնքում և ստորագրում է պաշտպանության բնագավառի միջազգային պայմանագրեր (համաձայնագրեր), վավերացնում է միջկառավարական պայմանագրեր (համաձայնագրեր).
ե) հայտարարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայության զորակոչ և սահմանված ժամկետը ծառայած անձանց զորացրում.
զ) որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին և տալիս է ռազմական գործողություններ վարելու` զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրամաններ:
Հոդված 5. |
Պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
ա) ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության իրականացումը.
բ) մշակում և հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները
գ) հաստատում է զինված ուժերի զարգացման, զորահավաքային նախապատրաստման, տեղակայման և ռազմավարական օգտագործման ծրագրերը.
դ) սահմանում է զինված ուժերի ընդհանուր թվաքանակը և կառուցվածքը.
ե) իր իրավասության շրջանակներում կազմակերպում, ղեկավարում և վերահսկում է պետական կառավարման մարմինների գործունեությունը զինված ուժերի սպառազինման, բնակավորման, ֆինանսավորման և թիկունքային ապահովման ոլորտներում.
զ) ապահովում է զինված ուժերի պահեստազորի նախապատրաստումը, կազմակերպում է զորահավաքային ծրագրերի, առաջադրանքների և պետական պահուստի կուտակման պլանների մշակումը.
է) ծրագրում և ապահովում է ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության զարգացումը.
ը) սահմանում է զինվորական կոչումների շնորհման կարգը և զորակոչի ենթակա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների թվաքանակը.
թ) սահմանում է պետական պաշտպանական պատվերի ձևավորման կարգը և իրականացնում վերահսկողություն՝ պաշտպանական ծախսերի նկատմամբ.
ժ) կազմակերպում է ընդհանուր և մասնակի զորահավաքների անցկացումը, հաստատում է զորահավաքային ռեզերվի և նյութական պաշարների կուտակման ծրագրերը, ղեկավարում է տնտեսության զորահավաքային (մոբիլիզացիոն) նախապատրաստությունը և դրա փոխադրումը ռազմական դրության իրավական հատուկ ռեժիմի.
ժա) իրականացնում է տարածքային և քաղաքացիական պաշտպանության ընդհանուր ծրագրումը, որոշում է դրանց կազմակերպման կարգը, խնդիրները, վերահսկում է հաստատված ծրագրերի կատարումը.
ժբ) մշակում է բնակչության հետ տարվող ռազմահայրենասիրական դաստիարակության պետական ծրագրերը և ապահովում դրանց իրականացումը.
ժգ) ապահովում է զինծառայողների, նրանց հավասարեցված, ինչպես նաև նշված կատեգորիաների անձանց ընտանիքների անդամների օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովությունը և սոցիալական պաշտպանվածությունը.
ժդ) ստեղծում, վերակազմավորում և լուծարում է պաշտպանական ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ռազմաուսումնական հաստատությունները.
ժե) պաշտպանության հարցերով օտարերկրյա պետությունների հետ վարում է բանակցություններ, կնքում է միջկառավարական պայմանագրեր (համաձայնագրեր), որոշում է ռազմական վտանգի նվազեցման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների վստահության ամրապնդման միջոցները.
ժզ) կազմակերպում է զենքի և ռազմական տեխնիկայի, ստրատեգիական նյութերի, առաջավոր տեխնոլոգիայի և երկակի նշանակության արտադրանքի արտահանման ու ներմուծման վերահսկողությունը.
ժէ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 6. |
Պաշտպանության բնագավառում պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը՝
ա) իրագործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պաշտպանությանբնագավառի տարածքային քաղաքականությունը.
բ) ապահովում են շրջաներում պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, զինված ուժերի զորահավաքային պատրաստությունը և զորակոչի իրականացումը, զինծառայողների, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածությունը.
գ) պաշտպանության նպատակով իրականացնում են տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումները, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների կատարումը.
դ) մասնակցում են տարածքային պաշտպանության միջոցառումների ծրագրավորմանն ու օժանդակում դրանց իրագործմանը.
ե) կազմակերպում և ղեկավարում են շրջանի բնակչության քաղաքացիական պաշտպանությանաշխատանքները.
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով զինված ուժերն ապահովում են նյութական միջոցներով և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ արտադրանքով:
Պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:
ԳԼՈՒԽ III
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. |
Պաշտպանության բնագավառում ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործառույթները և պաշտոնատար անձանց պարտականությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, դրանց պաշտոնատար անձինք պետական պաշտպանական պատվերով սահմանված կարգով կատարում են ռազմական արտադրանքի թողարկման, վերանորոգման, մատակարարման հանձնարարություններ և ծառայություններ, իրականացնում են զորահավաքային նախապատրաստման ծրագրերով նախատեսված միջոցառումներ, անհրաժեշտ պայմաններ են ստեղծում իրենց աշխատողների զինվորական պարտականությունների կատարման համար, ինչպես նաև մասնակցում են քաղաքացիական պաշտպանությանխնդիրների իրագործմանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Հոդված 8. |
Պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտականությունն է:
Պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն ունեն պետության կողմից երաշխավորված իրավունքներ և կրում են պարտականություններ, որոնց իրագործումը կարգավորվում է սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
Օտարերկրյա պետությունների զինված ուժերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում օտարերկրյա պետությունների քաղաքացիների ծառայությունը կարգավորվում է միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով):
ԳԼՈՒԽ IV
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԶՈՐՔԵՐԸ
Հոդված 9. |
Պաշտպանության բնագավառում զինված ուժերի խնդիրները և կառուցվածքը |
Զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության հիմքն են և ռազմավարական, մարտավարական խնդիրների զուգորդմամբ ապահովում են հանրապետության զինված պաշտպանությունը:
Զինված ուժերը կոչված են զինված հարձակմանը դիմակայելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) համաձայն խնդիրներ լուծելու համար:
Զինված ուժերը ներառում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերի, զորախմբերի, զորամիավորումների, զինվորական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և ռազմաուսումնական հաստատությունների ամբողջական համակարգը:
Հոդված 10. |
Զինված ուժերի ղեկավարումը և կառավարումը |
Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ իրենց լիազորությունների շրջանակներում:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպաշտպանության նախարարը:
Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում հանրապետության պաշտպանության ապահովման, զինված ուժերի ստեղծման, զարգացման և մարտական պատրաստականության համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը՝
ա) իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրում և գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը, ռազմական վտանգի և հանրապետության պաշտպանվածության աստիճանը.
բ) մասնակցում է հանրապետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակմանը.
գ) առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն՝ զինված ուժերի կառուցվածքի, թվաքանակի և ապահովման վերաբերյալ.
դ) իրականացնում է միասնական ռազմատեխնիկական քաղաքականություն, համարվում է սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ գույքի գնման, արտադրության, գիտահետազոտական և նորոգման պետական պատվիրատուն (պետական պատվերը տեղադրող լիազորված մարմին).
ե) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ֆինանսական, տեխնիկական և թիկունքային ապահովվածությունը, անձնակազմի պատրաստվածությունը, կարգապահությունն ու մարտունակությունը.
զ) ղեկավարում է զինված ուժերի օպերատիվ ապահովումը, մարտական պատրաստությունը և անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակությունը.
է) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության մյուս ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
Զինված ուժերի օպերատիվ կառավարման հիմնական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանպաշտպանության նախարարության գլխավոր շտաբն է, որը՝
ա) մշակում է զինված ուժերի օգտագործման և զորահավաքային ծրագրերը.
բ) իրականացնում է զորքերի օպերատիվ կառավարումը.
գ) իրականացնում է զինված ուժերի զորահավաքային նախապատրաստումը և ծավալումը.
դ) մասնակցում է հանրապետության տնտեսության զորահավաքային նախապատրաստման ծրագրերի մշակմանը.
ե) կազմակերպում է շտաբների և զորքերի օպերատիվ նախապատրաստումը.
զ) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է հանրապետության պաշտպանության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ այլ միջոցառումներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության խնդիրները, գործառույթները և լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և օրենսդրական այլ ակտերով:
Հոդված 11. |
Զինված ուժերի տեղակայումը |
Զինված ուժերի տեղակայումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանությաննախարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Զինված ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) հիման վրա:
Հոդված 12. |
Այլ զորքերը |
Այլ զորքերի ստեղծումը, կառավարումը և գործունեությունն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների հիման վրա:
Այլ զորքերը՝
ա) մասնակցում են զինված ուժերի օգտագործման ծրագրերի մշակմանը և իրենց մասով ապահովում դրանց իրականացումը.
բ) զինված ուժերի հետ մեկտեղ մասնակցում են հանրապետության վրա զինված հարձակմանը դիմակայելուն.
գ) պաշտպանության բնագավառում իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Այլ զորքերի համալրումն իրականացվում է զինված ուժերի համար սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ V
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶՈՐԱՀԱՎԱՔ
Հոդված 13. |
Ռազմական դրություն |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը հայտարարում է ռազմական դրություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ նրա մի մասում ռազմական դրությունը հայտարարվում և իրավական ռեժիմը սահմանվում է «Ռազմական դրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
Հոդված 14. |
Զորահավաք |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը ռազմական դրություն հայտարարելու հետ միաժամանակ կամ դրանից հետո կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք:
Զորահավաքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական մարմինների գործունեության, զինված ուժերի (կամ առանձին ստորաբաժանումների) կազմակերպման և կազմի ռազմական դրության ռեժիմի անցման միջոցառումների համակարգ է:
Զորահավաքային նախապատրաստումն իրականացվում է խաղաղ ժամանակ և նպատակ ունի պետական կառավարման համակարգը, զինված ուժերը, տնտեսությունը, տարածքային կազմավորումները նախապատրաստել պետությունը զինված հարձակումից պաշտպանելու, պատերազմի ժամանակ տնտեսության և բնակչության պահանջմունքները բավարարելու համար:
Զորահավաքային նախապատրաստման և զորահավաքի անցկացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
ԳԼՈՒԽ VI
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. |
Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ստեղծման և կանոնադրական գործունեության արգելումը |
Զինված ուժերում և այլ զորքերում կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ստեղծումը և կանոնադրական գործունեությունն արգելվում է:
Զորամասերում, ռազմական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ռազմաուսումնական հաստատությունների տարածքում կուսակցական քարոզչության կազմակերպումը և անցկացումն արգելվում է:
Հոդված 16. |
Զինված ուժերում և այլ զորքերում օրինականության ապահովումը |
Զինված ուժերում և այլ զորքերում օրինականությունն ապահովվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, զինված ուժերի և այլ զորքերի համազորային կանոնագրքերով նախատեսված կարգով:
Զինված ուժերում և այլ զորքերում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունը՝ օրենքով սահմանված կարգով:
Զինված ուժերում և այլ զորքերում քրեական գործերի դատաքննությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանները՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 17. |
Պատասխանատվությունը պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար |
Պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը խախտելու համար մեղավոր անձինք կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԳԼՈՒԽ VII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
Հոդված 19. |
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համապատասխանեցումը սույն օրենքին |
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան փոփոխություններ կատարել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 նոյեմբերի 2002թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-11 |