ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ 9-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

2019Թ. ՄԱՐՏԻ 27-Ի ՆԻՍՏԻ ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ժամը 11.00

 

Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորներ, Կառավարության անդամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ: Նիստին ներկա են` 29, բացակա 4 պատգամավորներ:

Աշոտ Ղուլյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ, տիկնայք և պարոնայք: Նախորդ շաբաթների ընթացքում խորհրդարանի մշտական հանձնաժողովների կողմից կատարված աշխատանքները հիմք են տվել երկու օր առաջ՝ Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ամփոփել այդ քննարկումները և հերթական նիստին ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունների մի մեծ ցանկ, որին մենք կանդրադառնանք այսօրվա նիստի օրակարգը հաստատելուց հետո: Նախքան այդ հարցերին անցնելը առաջարկում եմ խոսել մեկ այլ հաճելի թեմայից:

Հարգելի գործընկերներ, ուրախությամբ տեղեկացնում ենք խորհրդարանական դիվանագիտության բնագավառում և Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ընդլայնման համատեքստում օրերս գրանցված նոր հաջողության մասին:

Մարտի 19-ին Կանադայի համայնքների պալատում պատգամավոր Ռեյչել Հարդերի գլխավորությամբ Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամական խումբ է ձևավորվել, որին մինչև այժմ միացել են 7 պատգամավորներ: Արցախի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնած Կանադայի մեր գործընկերներին արդեն ուղարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից շնորհակալական նամակ:

Հարաբերությունների հետագա ինստիտուցիոնալացման տեսանկյունից մեր կողմից հաջորդ քայլը պետք է լինի խորհրդարանում համապատասխան բարեկամական խմբի ստեղծումը: Այս նպատակով մարտի 25-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին ընդգրկել ներկայացուցիչներ բարեկամական խմբում: Աշխատակազմը արդեն գրանցել է խմբակցությունների կողմից առաջարկված պատգամավորների ցանկը և այժմ՝ ձեր թույլտվությամբ, ներկայացնում եմ բարեկամական խմբի ձևավորման մասին հայտարարությունը:

Հայտարարություն  «Արցախ–Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու մասին.

Երախտագիտությամբ ընդունելով Կանադայի Համայնքների պալատի պատգամավորների 2019թ. մարտի 19-ի հայտարարությունը՝ «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խումբ ստեղծելու մասին, վերահաստատելով Արցախի Հանրապետության հանձնառությունը՝ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու բոլոր ազգերի հետ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգման վրա, գնահատելով Կանադայի օրենսդիրների պատրաստակամությունը՝ զարգացնելու երկխոսություն և փոխադարձ շփումներ, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածելու հանդուրժողականություն և հարգանք մարդու իրավունքների հանդեպ, նպատակ ունենալով հետևողականորեն ընդլայնելու Կանադայի հետ կապերը, մասնավորապես` մարդասիրական համագործակցության բնագավառում, մենք` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոստորագրյալ պատգամավորներս, ներկայացնելով խորհրդարանի բոլոր խմբակցությունները, հայտարարում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովում «Արցախ– Կանադա» բարեկամության խումբ ստեղծելու մասին: Հայտարարությունը ստորագրել են պատգամավորներ՝ Ռամելա Դադայան՝ «Հայրենիք», Արարատ Օհանջանյան՝ «Հայրենիք», Դավիթ Մելքումյան՝ «Ժողովրդավարություն», Ռիտա Մնացականյան՝ «Դաշնակցություն», Էդուարդ Աղաբեկյան՝ «Շարժում - 88»,  Հայկ Խանումյան՝ «Վերածնունդ» խմբակցություններից: Ուզում եմ շնորհավորել բոլորիս, և վստահ եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի խորացնել ծանոթությունը և աշխատել հետաքրքրությամբ տարբեր ուղղություններով: Այսքանը որպես նախաբան նիստի համար: Այժմ խնդրում եմ պատգամավորներին գրանցվել նիստը սկսելու համար: Գրանցում: Գրանցման արդյունքներով նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակայում են 3-ը: Երեք գործընկերների բացակայության պատճառների մասին մենք նախապես տեղյակ ենք եղել: Ամեն դեպքում նիստը իրավասու է սկսել իր աշխատանքները:

Վահրամ Բալայան –  Հարգելի գործընկերներ, նստաշրջանի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ, պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մեր նստաշրջանի օրակարգը ձևավորում է շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագծերը խմբավորելու ճանապարհով, ձեր տրամադրության տակ կա նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այստեղ ներառված են հարցեր, որոնք մենք նախորդ շաբաթվա ընթացքում քննարկել ենք Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում, ըստ այդմ այստեղ խմբավորվել են այն նախագծերը, որոնք ստացել են Ազգային ժողովի հանձնաժողովների դրական եզրակացությունները, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցն է, դրա հետ մեկտեղ՝ փաթեթով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական վիճակագրության մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերն են: Մենք ունենք նոր փաթեթ՝ «Ներման մասին» նոր օրենքի նախագիծ, որի հետ մեկտեղ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը: Հաջորդ խումբ նախագծերը վերաբերում են անվտանգության համակարգին՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն է, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն է և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն է: Նշեմ, որ այս նախագծերը ներկայացված են երկրի Սահմանադրությանը օրենսդրությունը համապատասխանեցնելու ենթատեքստով: Հաջորդը՝ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցն է և երկրորդ խումբ հարցերը, որտեղ մշտական հանձնաժողովների կողմից եզրակացություն չներկայացրած նախագծերն են: Այս նախագծերի շարքում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու  մասին հարցն է: Այսպիսինն են նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումները:

Վահրամ Բալայան – Եթե հարցեր կան՝ խնդրեմ: Չկան:

Աշոտ Ղուլյան – Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 6-րդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 29, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է:

Վահրամ Բալայան – 2019թ. մարտի 27-ի Ազգային ժողովի նիստի օրակարգը ներկայացնելու համար խոսքը տրվում է պարոն Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Մեր այսօրվա նիստի օրակարգը, իհարկե, ձևավորվում է քիչ առաջ մեր նստաշրջանի հաստատած օրակարգի հիման վրա, և այստեղ մենք խմբավորումը կատարում ենք Կանոնակարգի մյուս պահանջներին համապատասխան: Առաջին խմբում մենք ունենք երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Արցախի Հանրապետության օրենքն է, որը նախորդ նիստում անցել է առաջին ընթերցում, դրա հետ մեկտեղ՝ փաթեթով «Քրեական օրենսգրքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», մյուս խումբ հարցերը դրական եզրակացություն ստացածներն են, ես նորից չընթերցեմ: Մենք ունենք նաև հաջորդ նախագիծը, որը նախորդ նիստում ենք մտցրել օրակարգ՝ «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նախագիծն է: Դրա հետ մեկտեղ՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Այսպիսինն է այսօրվա նիստի օրակարգը և պատգամավորական հայտարարությունները:

Վահրամ Բալայան - Եթե հարցեր կան, խնդրեմ: Պարոն, Գագիկ Բաղունց, ուրի՞շ: Ուրիշ չկա, խնդրեմ:

Գագիկ Բաղունց - Հաշվի առնելով արդարադատության նախարարության հավաստիացումն առ այն, որ «Վարչական իրավախախտումների մասին»  օրենսգրքի նախագիծը մշակման փուլում է գտնվում և մոտ ժամանակներս կներկայացվի Ազգային ժողով, նպատակահարմար եմ գտնում՝ «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը չընդգրկել այսօրվա նիստի օրակարգում և անդրադառնալ օրենքի նախագծի քննարկմանը՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի ընդունումից հետո:

Աշոտ Ղուլյան - Հարգելի գործընկերներ, քանի որ նշված նախագիծը ներկայացվել է պատգամավորական նախաձեռնության կարգով, իսկ նախաձեռնության հեղինակն ինքն է որոշում՝ նիստում ընդգրկելու, քվեարկության դնելու, քվեարկությունից հանելու, առաջարկում եմ այսօրվա հերթական նիստի օրակարգի հաստատմանը վերաբերող որոշման նախագծին, հիմա անդրադառնալ առանց պարոն Բաղունցի  օրենսդրական նախաձեռնության, այսինքն` քվեարկության ենք դնելու այսօրվա նիստի օրակարգը՝ այդ օրակարգից ձեր տրամադրության տակ եղած փաստաթղթից հանելով «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը, դրա հետ ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը: Պա՞րզ է, չէ՞: Նախագիծը՝ օրակարգի հաստատման, նույնն է, բացառությամբ մեկի՝ «Մտքի, խղճի, դավանանքի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին»: Եթե պարզ է, ուրեմն քվեարկության է դրվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2019թ. մարտի 27-ի նիստի օրակարգը հաստատելու մասին: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Դահլիճում այս պահին 28 պատգամավորներ են, դրա համար քվեարկությունը ճիշտ է նաև տեխնիկապես: Շնորհակալություն, մենք այսօրվա օրակարգը արդեն հաստատել ենք, և այժմ, հաստատված օրակարգի հիմքով սկսում ենք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը:

Ինչպես նշեցի, օրակարգը ներկայացնելու ժամանակ, կանոնակարգի պահանջներին համապատասխան, առաջին խումբ նախագծերի շարքում ներկայացնում են 2-րդ ընթերցմամբ ներկայացված նախագծերը, և այդ պատճառով էլ ես հիմա հայտարարում եմ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին»  օրենքի նախագծի քննարկման սկիզբը՝ փաթեթով է ներկայացված: Կառավարության կողմից այն լիազորված է ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Արարատ Դանիելյանը, խնդրեմ:

Արարատ Դանիելյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովին 2-րդ ընթերցմամբ ներկայացվում է քննարկելու նպատակով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: Պետք է նշեմ, որ օրենքի նախագիծը նպատակ ունի կարգավորել օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացրած բնագավառում ծագող իրավահարաբերությունները և նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացման և մարդու իրավունքների պաշտպանության միջև արդարացի հավասարակշռությունը: Առաջին ընթերցումից հետո հարցեր չեն եղել ու ամփոփաթերթ չի կազմվել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Խնդրեմ, եթե հարցեր ունեք հիմնական զեկուցողին: Կանոնակարգի համաձայն, հարցեր կարող են տալ այն պատգամավորները, որոնք առաջարկություններ են ներկայացնում, քանի որ առաջարկություններ չեն եղել, եթե ընդհանուր օրենքի նախագծի հետ կապված որևէ բան չունենք, մենք հիմա պետք է լսենք գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը:

Հովիկ Ջիվանյան – Հարգելի գործընկերներ, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» նախագիծը դեռևս նախորդ, փետրվարյան հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր, քննարկվել է, ընդունվել է 1-ին ընթերցմամբ, հիմա հեղինակը ներկայացրեց 2-րդ ընթերցմամբ: Ասեմ, որ գրավոր առաջարկներ՝ Կանոնակարգով նախատեսված կարգով, չեն եղել, 2–րդ ընթերցման նախօրյակին նույնպես գլխադասային հանձնաժողովը քննարկել է մշտական հանձնաժողովի նիստում տվել է իր դրական եզրակացությունը, և հիմա առաջարկում եմ այն ընդունել որպես օրենք, այսքանը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Հարցեր ունե՞ք պարոն Ջիվանյանին: Շնորհակալություն պարոն Ջիվանյան: Եթե կա ցանկություն այս թեմայով մտքերի փոխանակություն ծավալելու, խնդրեմ: Մենք այս թեմայով, քանի որ երկու ընթերցում է անցնում, ինչքան հնարավոր է, և Կանոնակարգը թույլ է տալիս, այս քննարկումները իրականացրել ենք և ընթացքում, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մենք անդրադարձել ենք որոշ մտահոգությունների, որոնք բարձրացվել են պատգամավորների կողմից, և հենց այդպիսինն է կարգը և այդպես է ճիշտ, որ մենք քննարկումների ժամանակ նաև ստանում ենք այդ բոլոր հարցերի պարզաբանումները և հանվում են մտահոգությունները: Կարծում եմ՝ մենք այս մասով արդեն կարող ենք ամփոփել աշխատանքները, և այժմ ես պատգամավորներին խնդրում եմ ուշադրություն դարձնել որոշման նախագծին: Ազգային ժողովի որոշման նախագիծն է ներկայացվում քվեարկության՝  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 28, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: Հաջորդ նախագիծը մեր այսօրվա նիստի օրակարգով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծն է: Այն ներկայացվում է փաթեթով՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքին: Ազգային ժողովին այն ներկայացնում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար  պարոն Արարատ Դանիելյանը:

Արարատ Դանիելյան –  Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղիր Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է 2017թ. ընդունված Սահմանադրությամբ, քանի որ 4-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումները, ընդհանուր առմամբ և այդ գլխում ամրագրված դրույթները կարգավորում են այդ հարցերը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծում առաջարկվում է. 2-րդ հոդվածում և 33-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետում «Սահմանադրության» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերով: Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասը, հետևյալ կերպ տեղական ինքնակառավարումը, տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունները՝ ելնելով համայնքի բնակիչների շահերից, սեփական պատասխանատվությամբ լուծելով համայնքային շահառությամբ հանրային հարցերը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Օրենքի 4-րդ հոդվածում «Համայնքն իրավաբանական անձ» բառերը փոխարինել՝ «Համայնքը հանրային իրավաբանական անձ է» բառերով: Օրենքի 7-րդ հոդվածում  տեղական ինքնակառավարման մարմինները 1-ին մասի 4-րդի, 1-ին մասում «4 տարին» փոխարինել «5 տարի» բառերով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 150-րդ հոդվածի 1-ին մասը և լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 1-ին՝ մեկ մաս: Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու իրավունք ունեն ընտրվելու ընտրության օրը 25 տարին լրացած տվյալ համայնքում առնվազն վերջին հինգ տարվա հաշվառում ունեցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ընտրական օրենսգրքում նախատեսված այլ անձինք: Այս փոփոխությունը առաջարկվում է՝ հիմք ընդունելով Սահմանադրության 48-րդ հոդվածի 4-րդ մասը: Ուժը կորցրած է ճանաչում օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, որը կարգավորում է համայնքի, ավագանու հետ կապված հարցերը և 25-րդ հոդվածը՝ համայնքի ղեկավարին վերաբերվող դրույթները: Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ավագանու իրավասությունը, 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 53-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում, 54-րդ հոդվածի 2-րդ մասում և 64-րդ հոդվածի 1-ին մասում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով, քանի որ Սահմանադրությամբ հնգամյա ժամկետ է սահմանում տեղական ինքնակառավարման մարմինների համար: Նոր օրինագծով նախատեսվում է օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում՝ 17-րդ հոդվածի առաջին մասի 31-րդ կետում և 2-րդ մասում, 32-րդ հոդվածի առաջին մասի 23-րդ կետում 46 –րդ հոդվածի 1-ին մասի, 72-րդ հոդվածի 2-րդ մասում և 72-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետություն Սահմանադրություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով: Օրենքի 76-րդ հոդվածի առաջին մասում «Վարչապետը» բառը փոխարինել «Կառավարությունը» բառով: 76-րդ հոդվածի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հոդվածն է: Մեկ այլ նախագծով՝ «Ընտրական օրենսգիրքն» է, որտեղ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել և համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին: Առաջին՝ վերաբերում է 1-ին հոդվածին և 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անց են կացվում ընդհանուր, ազատ, հավասար և ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ: 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով: Օրենսգրքի 2-րդ հոդվածում վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ընդհանուր ընտրական իրավունքով՝ գործող օրենսգրքում ընտրելու իրավունք» բառակապակցությունն է: 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «հիմք ընդունելով սահմանադրության 48-րդ հոդվածի  5-րդ մասը՝ ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով՝ անգործունակ ճանաչված, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած՝ դատարանով դատապարտված և պատիժը կրող անձինք»: Օրենսգիրքը առաջարկում է լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր երեք-մեկ հոդվածով, այսինքն` Սահմանադրության 7-րդ հոդվածում նշվում է որպես ընտրական իրավունքի ազատ ընտրական իրավունքը և հոդված 3/1-ում առաջարկվում է այդ հասկացության հետևյալ կարգավորումը: Ընտրությունները անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման ազատության և կամավորության սկզբունքների հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին՝ որևէ թեկնածուին, կուսակցության օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին: Օրենսգրքի 130-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածությունների առաջադրվող պահանջներն են: Գործող օրենսգրքում սահմանված է 23 և 21 տարիքային ցենզը և համապատասխանեցնելով Սահմանադրության պահանջներին՝ 130-րդ հոդվածում առաջարկվում է նշել 25 տարի բառերը: Օրենսգրքի 145-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4/1 մաս՝ արտահերթ ընտրություններ նշանակել և անցկացնելու հոդվածն է,  4/1-ի բովանդակությունը հետևյալն է՝ ռազմական դրության ժամանակ, ընտրություններ չանցկացնելու դեպքում կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասի դրույթներից: 4-րդ մասը կարգավորում է պատերազմի և արտակարգ դրության պայմաններում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացնելը:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Դանիելյան, խնդրեմ, հարցեր հիմնական զեկուցողին: Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան – Պարոն Դանիելյան, տարբեր հարթակներից հնչում են կարծիքներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեպտեմբերին անցկացման մասին, կխնդրեի պարզաբանել իրավական հիմք: Շնորհակալություն:                                                           Արարատ Դանիելյան –  Հարթակներում չգիտեմ ինչ են ասում, մեր համար հիմքը գործող օրենքն, է և երևի թե այդ հարթակներում հնչող լուրը կարող են հիմք ունենալ կամ չունենալ: Այսինքն, այն ինչ որ մենք ունենք, մենք փորձում ենք կարգավորել Սահմանադրության պահանջներին և գրեթե վերջին ժամկետը, որ նախատեսված է 2006թ. Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների 4 տարվա ժամկետը՝ Ստեփանակերտի համայնքի լիազորությունների ժամկետն է, քանի որ Ստեփանակերտի ավագանու և քաղաքապետի լիազորությունների ժամկետը ավարտվում է այս տարի հոկտեմբերին, ապա ընտրական օրենսգրքի համաձայն, Կառավարությունը 70 օր առաջ, այդ լիազորությունների ավարտումից 70 օր առաջ, պետք է նշանակի օրը, բայց այդ օրը պետք է լինի ոչ ուշ, քան 30 օր առաջ, մինչև լիազորությունների ավարտը: Անձամբ ես չգիտեմ՝ դա սեպտեմբերին կլինի, թե երբ կլինի, դա կորոշի Կառավարությունը, կընդունի նման որոշում:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք: Էդուարդ Աղաբեկյան:

Էդուարդ Աղաբեկյան - Ստեփանակերտի քաղաքապետի արտահերթ ընտրությունն է կայանում, Կաղարծին ու Դրախտիկ էլ ըստ Ձեր ասածի պետք է փոխվի:

Արարատ Դանիելյան - Դուք գիտեք, որ մի քանի ամիս առաջ 146-րդ հոդվածում լրացում է կատարվել անցումային դրույթներում, թեկուզ մենք հիմա այդ դրույթներում բառն ենք փոխում՝ դրույթ ու ավելացել է մի կետ, որ այն ավագանիների անդամների, այն տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքի ղեկավարների լիազորությունները ավարտելուց հետո հնարավորություն է տրվել՝ ինչ-որ ձևի կարգավորել, մենք դրա մասին շատ ենք խոսել, երկար ենք խոսել, որպեսզի թափուր չմնա, այլ կարգավորվի՝ թեկուզ լիազորությունները ավարտված են այդ մարմինների: Մենք գիտենք, որ կա պահանջ՝ Սահմանադրության պահանջ, գործողը՝ 4 տարի է, իսկ նոր Սահմանադրության համաձայն՝ 5 տարի, ուստի ասենք, մեկը մյուսի հետ կապելը ճիշտ չի: Գրեթե բոլոր համայնքների լիազորությունները այսօրվա դրությամբ արդեն ավարտված են: Կան ժամանակավոր նշանակված պաշտոնակատարներ:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն: Ուրիշ հարցեր: Չկան: Շնորհակալություն, պարոն Դանիելյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար նորից հրավիրվում է պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, խնդրեմ պարոն Ջիվանյան:

Հովիկ Ջիվանյան – Հարգելի գործընկերներ, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը քննարկվել են պետաիրավական հանձնաժողովում, տրվել է դրական եզրակացություն, սակայն սրանով չսահմանափակվեմ, անդրադառնամ պարոն Աղաբեկյանի մտահոգություններին: Հանձնաժողովի նիստում հնչել են նաև այլ մտահոգություններ, որոնք իմիջիայլոց, նաև կիսվում են  մեր կողմից, մենք համաձայն ենք այդ մտահոգությունների հետ, բայց միևնույն ժամանակ մենք պիտի հասկանանք մի բան, որ սա մեր ընդհանուր բացն է: Այդ բացը մենք աշխատում ենք փակենք, սա նշանակում է իրավիճակից դուրս գալ, որովհետև բոլորս էլ գիտենք, որ մեր ակնկալիքները և «Ընտրական օրենսգրքի» և «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի փոփոխությունները այլ էին և իրենց ծավալով, և իրենց բովանդակությամբ, մենք լրիվ այլ բան էինք նախատեսում, հիմա չենք արել, բոլորս մայիսին, միգուցե հետագայում կանենք: Այսքանը՝ որպես անդրադարձ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան, կարող եք նստել: Եթե կա ցանկություն մտքերի փոխանակության, խնդրում եմ գրանցվել՝ Էդուարդ Աղաբեկյան, ուրի՞շ: Չկան, խնդրեմ: Ելույթի համար հրավիրվում է Էդուարդ Աղաբեկյանը:

Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, ես տարբեր առիթներով, մտահոգություն հայտնել եմ՝ տեղական ինքնակառավարման համակարգի առկա իրավիճակի, տեսլականի, ապագայի վերաբերյալ, քանզի տեղական ինքնակառավարումը, որպես առանձնահատուկ ժողովրդական ձև, եղել է մեր անկախ պետականության հաղթաթղթերից մեկը: Դրանք բարձրագոչ, ամպագորգոռ բառեր չեն: Մենք, նույնիսկ Ադրբեջանի հանրապետությունից ավելի շուտ ենք մեր մոտ ներառել տեղական ինքնակառավարման համակարգը՝ 1997թ։ Ցավոք, ունենք այն, ինչ որ ունենք: Հայկական ասացվածք կա. «Մտածելուց առաջ պետք է խոսել», պարզվում է, երևի չինացիները մեզանից ավելի երկարատև մշակույթի տեր են: Լռելուց առաջ նաև նրանք առաջարկում են, որ լռելուց առաջ պետք է նաև մտածել: Մի անգամ ևս մտածել՝ արդյո՞ք, ճիշտ ենք արել, որ լռել ենք երկարատև, մեր շատերիս լռության պատճառով ունենք այն, ինչ որ ունենք՝ աղճատված, քայքայված, անօրինական համակարգ, իսկ քիչ թե շատ ինստիտուցիոնալ համակարգ ընդունել ենք: Սահմանադրության ընդունման ժամանակահատվածում՝ 7,8 ամսվա ընթացքում, Սահմանադրություն փոխող պետությունը կարող է նաև 2-3 տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման հայեցակարգ՝  հետևաբար և ռազմավարական օրենքի նախագիծ ներկայացնել, և ոչ թե այսպիսի օրենքի նախագիծ՝ հատվածական, այսպես ասեմ, հատվածական են՝ 4-ը փոխենք 5-ի, 5-ը 4-ի, ինչի՞: Մեր Սահմանադրության 1/3-ը ժողովրդավարություն, իրավունք և այլն, և այլն: Դրանից բխող ցանկացած օրենք նշանակում է նաև այդ 1/3-ին տալ միս ու արյուն, որից մենք զրկել ենք մեր ժողովրդին մեր գործելակերպով: Երկու տարին բավականին լի ու լի ժամանակ է՝ հայեցակարգ ներկայացնել: Ի՞նչ ենք ուզում, ինչպի՞սի տեղական համակարգ ենք ուզում, չէ՞ որ այդ տեղական համակարգում բնակչության 70 տոկոսը համարյա առնչվում են ամեն օր, և պետության մասին կարծիք կազմում են այդ ոլորտից սկսած, գումարած մնացածները: Խոսք ենք տվել, նույնիսկ, Սահմանադրության, ժողովրդավարական, տո, չգիտեմ, գերմանական, Վենետիկի եզրակացություն ենք բերելու, անցել է 2,3 տարի, ո՞ւր է այդ եզրակացությունը, ո՞վ է կարդացել, որտե՞ղ է այդ եզրակացությունը, և ավելի շատ խնդիրներ ենք առաջացրել այդ Սահմանադրությամբ: Գոնե փորձենք այդ տեղական ինքնակառավարումը, ինչի՞ չխոսել, օրինակ` տեղական ինքնակառավարման մասին օր ունենալու մասին: Աշխարհի 30,40%-ը են ամենազարգացած, ժողովրդավարական, զարգացած երկրում ունեն միասնական օր, ընդ որում, տեղական ինքնակառավարման ժամանակահատվածը ավելի բարձր, քան խորհրդարանի և նախագահի, որպես ինդուլգենցիայի լրացուցիչ օղակ: Ինչո՞ւ չխոսել տեղական ինքնակառավարման մասին օրենքը սահմանադրական օրենք հաստատող, ոչ թե մեծամասնությամբ, ցանկացած ժամ, ինչպես մեր հարևան Վրաստանը: Կարծում եմ՝ լի ու լի բավարար էր: Նման գործելակերպը  2,3 տարվա ընթացքում կբերեք՝ այս թիվը կփոխենք, այս մեկը կփոխենք այն մեկը, կատարում ենք Սահմանադրության պահանջ, կարող ենք երկու ամիս 3-րդ տարին կատարել, բայց կարող ենք կատարել նաև հաջորդ ամիսը, հաջորդ ամսվա ընթացքում կատարել՝ Սահմանադրությունը ընդունելուց հետո: 30 տարեկան պետությունը առաջնորդվել նման տրամաբանությամբ, նման քայլերով, ես ճիշտ չեմ համարում: Եթե կարելի է 3 տարեկան պետությունում նման քայլերով առաջնորդվել՝ էլի ինչ-որ տեղ հասկանալի կլինի, 30 տարին արդեն՝ հասուն պետականությունը (չի լսվում): Շնորհակալություն:

Վահրամ Բալայան – Արտահերթ ելույթի իրավունքով, խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ պարոն Աշոտ Ղուլյանին:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, մենք այս հարցի հետ կապված՝ մշտական հանձնաժողովում բոլոր հնարավոր մտահոգությունները և հնարավոր զարգացումները փորձել ենք պարզաբանել: Իհարկե, այն մասով, ինչ-որ պարոն Աղաբեկյանը ներկայացրեց՝ տեղական ինքնակառավարման մարմինների նշանակության և նրանց գործունեության կարևորության մասին լրիվ համաձայն եմ, բայց, կարծում եմ՝ բոլորս ապրում ենք այս երկրում և տեղյակ ենք, որ ինչ-որ կատարվել է՝ ինչու է կատարվել, ինչ որ չի կատարվել, ինչու չի կատարվել, և այնպես չէ, որ որևէ մեկը ցանկություն է ունեցել դա անել, ցանկություն չի ունեցել՝ չի արել: Միշտ էլ կարելի է, իհարկե, բացատրություններ գտնել,  տալ, բայց ես ուզում եմ, որ այս օրենքի նախագծին իսկապես, կողմ քվեարկենք՝ մի քանի կարևոր նկատառումներ հաշվի առնելով: Առաջին հերթին, այդ նույն հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը շատ կարևոր է, որպեսզի մեր երկրի կառուցվածքում, ներքևից եկող այդ կառավարման համակարգը՝ իրավական առումով, լինի անխոցելի: Մենք մեծամասամբ, օբյեկտիվ, պատճառներով, 2016թ. ապրիլից հետո, ստիպված ենք եղել գնալ ոչ ստանդարտ քայլերի, երբ որ ժամանակավորապես դադարեցրել ենք՝ տեղական ինքնակառավարման մարմիններում համայնքի ղեկավարների, ավագանու ընտրությունները, որպեսզի հետագայում կարողանանք դրան ճիշտ իրավական լուծում տալ, մենք բոլորս այս դահլիճում քվեարկել ենք մի նախագծի օգտին, որը ժամանակավորապես օրինական դաշտ է բերել այդ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններ չիրականացնելու հանգամանքը: Դա արվել է այն նպատակով, որ 2017թ. Սահմանադրությունից հետո, մենք, անպայման, պետք է քննարկեինք տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման նոր մոդելը, որովհետև բոլորիս համար էլ պարզ է, որ գործող համակարգն ունի բազմաթիվ թերություններ և ճիշտ կլինի, որ փորձենք գտնել այն ճիշտ մոդելը, շատ ճիշտ է նկատում, 38 տարվա ընթացքում, պետք է, վերջապես, մեր երկրի  պետական կառավարման հիմքում լինել, և իսկապես դա իր առավելությունների շնորհիվ նաև օգտակար լինի, և մեր ժողովուրդը կարողանա իր իշխանությունը իրականացնի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Մենք 2018թ. սկզբից մի քանի քննարկումներ ունեցել ենք, բայց 2018թ. ներքաղաքական իրավիճակը, կարծում եմ՝ տեղ չի թողել, որպեսզի մենք այս հարցին լուրջ անդրադառնանք: Ես անձամբ դեմ եմ, որպեսզի մենք այս հարցին նորից մակերեսային անդրադառնանք, այսինքն, ստացվի, որ ինչ-որ մի մոդել ենք առաջարկում հնի փոխարեն, որը մինչև վերջ հիմնավորված չէ և դրա հիմքում ավելի շատ Հայաստանի Հանրապետությունում վերջերս գործողության մեջ դրված տեղական ինքնակառավարման մարմինների այդ մոդելն էր, որը հիմա էլ բոլորս տեսնում ենք, որ որոշակի քննադատությունների է արժանանում: Ինչևէ, այս նախագծով, մենք, իսկապես, շատ կարևոր քայլ ենք ուզում անել՝ նորից տեղական ինքնակառավարման մարմինների և ընտրությունները, և նրանց գործունեությունները վերադարձնելու իրավական, օրինական դաշտ: Շատ տեղին են բոլոր քննադատությունները, մտահոգությունները, բայց հենց այս քայլերով նաև քաղաքական այն ազդանշանն ենք տալիս, որ Արցախի Հանրապետությունը նպատակայնություն ունի նորից՝ 2019թ. աշնանից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերադարձնել, գոնե նախկին գործող այդ մոդելի կարգին: Թե ինչպիսին կլինի ապագա տեղական ինքնակառավարման մարմինների մոդելը, կարծում եմ, որ դա մենք ժամանակ ունենք հիմա էլ քննարկել, բայց շատ ավելի ճիշտ կլինի 2020թ. համապետական ընտրություններից անմիջապես, որպես առաջին քայլ, առաջին գործողություն, անդրադառնալ հենց դրան: Հետևաբար, հենց այս օրենքի նախագծերը առաջարկելով, վերականգնելով Սահմանադրության պահանջները տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի մեջ, մենք հենց այս ազդակն ենք տալիս, որ պետությունը նպատակադրված է առաջիկայում տեղական ինքնակառավարման ընտրություններ անցկացնել: Թե ինչու  հենց Ստեփանակերտի օրինակով՝ մենք կարող ենք ընդունել տարբեր հիմքեր, բայց գոնե մենք գիտենք, որ 4 տարի առաջ տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների մեծ մասի միասնական օրը ընտրություններ անելով՝ փորձել ենք դա ամբողջացնել: Իհարկե, այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ համայնքներ՝ տարբեր ընտրությունների օր, մի տեղ ժամանակից շուտ լիազորությունները դադարել են, մի տեղ համայնքի ղեկավարը հրաժարական է տվել, և այս համայնքներում ընտրությունները ընկել են տարբեր օրեր, բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող բոլոր այս գործընթացները նորից վերադարձնել քաղաքական բնականոն հուն: Կարծում եմ՝ շատ ճիշտ է անդրադառնալ այս օրենքին, և խնդրում եմ բոլորիդ կողմ քվեարկել, որպեսզի մենք կարողանանք դրանից բխող մյուս ենթաօրենսդրական ակտերը իրականացնել, իսկ տեղական ընտրությունների օրը, այնպես, ինչպես Սահմանադրությունն է պահանջում, ինչպես ընտրական օրենսգիրքն է պահանջում՝ դրանք կհայտարարվեն իրենց սահմանված ժամկետում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Հարգելի գործընկերներ, մենք այս հարցով մտքերի փոխանակությունն էլ իրականացրեցինք և, մեզ մնում է՝ եթե կա եզրափակիչ խոսքի ցանկություն՝ խնդրեմ, արդարադատության նախարար, պարոն Արարատ Դանիելյան:

Արարատ Դանիելյան – Որոշ չափով ես ընդունում եմ այդ ասածը, բայց պիտի ասենք, որ այս 30 տարիների ընթացքում մենք բացարձակ արժեք այդ համակարգում չենք ստացել, որովհետև մի 10 անգամ համայնքի ղեկավարների դասընթացներ են կազմակերպվել, պարոն Գաբրիելյանն էլ է եղել մի անգամ ներկա: Մենք շատ մեծ ուշադրություն էինք դարձնում այդ աշխատանքներին, որը պետք է կատարեր համայնքի ղեկավարը, բայց ավագանու ինստիտուտը չի կայացել, չի գործում: 2, 3 օր մնացած՝ մինչև ընտրությունները, անձնագրերը պիտի հավաքեն, բերեն, ասեն, որ այս մարդը ավագանու անդամ է: Ուզում եմ ասել, որ կարևոր է: Երկրի ժողովրդավարությունը սկսում է տեղական ինքնակառավարման մարմիններից, երկրի տնտեսությունը սկսում է տեղական ինքնակառավարման մարմիններից: 2006թ. փորձում էի ստեղծել հասարակական կազմակերպություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ասոցիացիա: Քայլեր որոշակի կատարել ենք՝ հասարակական, ուզում եմ դա կրկնել՝ ոչ թե պետության գումարների հաշվին: Այն, ինչ որ այսօր կա՝ կա: Սա Սահմանադրությունից բխող ինչ-որ իրավիճակ է, և ես կոչ պիտի անեմ, որ մեր պատգամավորները քվեարկեն, դա լուծում է և 2016թ., պարոն Աղաբեկյան, Դուք գիտեք մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, դրա համար ես էլ  եմ պատասխանատու այդ օղակի համար, այդ կառույցի համար, դրա համար, ինչ որ ասվել է, ընդունվում է քննադատությունը, բայց միևնույն ժամանակ, կա օբյեկտիվ պատճառներ, որը հնարավորություն չէր տալիս ժամանակին կատարել ամեն քայլ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Պարոն Ջիվանյան, կարո՞ղ է եզրափակիչ խոսքի ցանկություն լինի, եթե կա՝ այստեղից: Չկա, շատ լավ: Մենք ամփոփում ենք այս հարցի քննարկումները, և նորից եմ ուզում շեշտել, որ ամեն ինչով հանդերձ, այս նախագծի օգտին քվեարկելով՝ նորից տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը լրիվությամբ օրինական և իրավական հիմքերի վրա ենք դնում: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ 3: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Անցնում ենք հաջորդ հարցին, հաջորդը «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցն է, այն Ազգային ժողովին է ներկայացնում վիճակագրության պետական խորհրդի անդամ Իրինա Ավանեսյանը, խնդրեմ:

Իրինա Ավանեսյան – Մեծարգո նախագահ Ազգային ժողովի, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության 2017թ. փետրվարի 20-ի Սահմանադրությանը համապատասխանեցմամբ: Օրենքի նախագծում առաջարկվում է օրենքի ամբողջ տեքստում Լեռնային Ղարաբաղի բառերը փոխարինել Արցախի բառերով: Օրենքի նախագծով առաջարկվում է՝ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածի 1-ին ենթակետը, շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Եռամյա ծրագիրը հաստատվում է օրենքով»: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք տիկին Ավանեսյանին, խնդրեմ: Հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Ավանեսյան: Մենք այս նախագիծն էլ ենք քննարկում՝ երկրի Սահմանադրությանը համապատասխանեցնելու այդ ընդհանուր ցանկի շրջանակներում, և այժմ ես հրավիրում եմ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Հովիկ Ջիվանյանին:

Հովիկ Ջիվանյան – Հարգելի գործընկերներ, «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում: Ըստ էության, հեղինակի կողմից ներկայացվեց օրենքի ընդունման անհրաժեշտությունը, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, առաջարկում եմ ընդունել այն որպես օրենք:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա ցանկություն ելույթների, մտքերի փոխանակության, նույնպես, խնդրում եմ գրանցվել: Չկան: Շատ, իհարկե, սեղմ է և շատ կոնկրետ է այս նախագիծը, խոսքը վերաբերում է նախկինում գործող այդ համակարգի փոխարեն՝ Սահմանադրության պահանջներով, այժմ վիճակագրության հետ կապված՝ եռամյա ծրագիրը օրենքով հաստատելուն: Այստեղ երևի շատ ծավալվելու տեղ էլ չկա: Եթե դեմ չեք, մենք միանգամից անցնենք քվեարկության: Քվեարկության է ներկայացվում  Ազգային ժողովի որոշման նախագիծը՝  «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Շնորհակալություն: Անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնությանը, խոսքը վերաբերվում է «Ներման մասին» Արցախի Հանրապետության օրենքին և դրան կից ներկայացված փաթեթին: Այն Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, պարոն Արայիկ Լազարյանը, խնդրեմ:

Արայիկ Լազարյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Ներման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Մինչև 2017թ. Սահմանադրության ընդունումը ներման խնդրանքի իրավունքը իր ամրագրումն է ստացել 2006թ. Սահմանադրության 50-րդ հոդվածում, որի համաձայն, յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք, իսկ Սահմանադրության՝ նախկին 68-րդ հոդվածի 18-րդ կետով սահմանվում էր Հանրապետության նախագահի դատապարտյալների ներում շնորհելու իրավասությունը: 2006թ. Սահմանադրության 50-րդ հոդվածը չէր պարունակում ներման իրավունքի իրացման մանրամասների օրենսդրական կարգավորման պահանջ: Այդ իրավունքի իրացման հետ կապված հարաբերությունների կանոնակարգման համար, իրավական հիմք է ծառայել և ներկայումս ծառայում է դատապարտյալների ներման խնդրագրերի  քննարկելու կարգը հաստատելու մասին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը: 2017թ. Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ներման խնդրանքի իրավունքը, որպես հիմնական իրավունք, իր ամրագրումը ստացավ Սահմանադրության 70-րդ հոդվածում: Այն է՝ յուրաքանչյուր դատապարտյալ ունի ներման, ներառյալ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք, մանրամասները սահմանվում են օրենքով: Միաժամանակ Սահմանադրության 93-րդ հոդվածով սահմանվեց, որ Հանրապետության նախագահը օրենքով սահմանված կարգով,  լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը: Սահմանադրության վերը նշված հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումների համատեքստում ներման խնդրանքի իրավունքի իրացման բոլոր մանրամասները և Հանրապետության նախագահի կողմից ներում շնորհելու հարցի լուծման հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորել օրենքով: Նախագծով առաջարկվում է կարգավորել՝ ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման խնդրագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Նախագծում տվել են հետևյալ առանցքային կարգավորումները. Հստակեցվել են ներման դրսևորումները՝ սահմանելով, որ ներման շնորհման դեպքում հանցագործության դատապարտված անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժիչ կամ պատիժը չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով կամ պատժաչափով կամ կարող է վերացվել դատվածությունը: Հաջորդը՝ նախատեսվել է այլ անձանց կողմից ներման միջնորդությունը ներկայացնելու հնարավորությունը, 3-րդը ամրագրվել է ներման խնդրագրերի բովանդակությանը ներկայացրած պահանջները, 4-րդ՝ նախատեսվել են այն հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնվեն ներման խնդրագրերը քննարկելիս, 5-րդ՝ կարգավորվել են ներման խնդրագրերը մերժելու դեպքում ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

Պետք է նշեմ, որ ինչպես գործող կարգում, այնպես էլ օրենքի նախագծով, նույնպես նախատեսվում է, որ ներման խնդրագրերը նախապես պետք է քննարկվեն նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում, որի կազմը և աշխատակարգը կսահմանվի օրենքն ընդունվելուց հետո, կսահմանվի նախագահի հրամանագրով: Փաթեթում ներառված մյուս երկու նախագծերը, դրանցում կատարվող փոփոխությունները պայմանավորված են դրանք «Ներման մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Այս օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով գործող նախագահի հրամանագրով հաստատված գործող դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգի մասին հրամանագիրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող համանուն օրենքը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, պարոն Լազարյան: Եթե հարցեր կան այս նախագծի հետ կապված, խնդրում եմ գրանցվել: Հարցերի համար Ժաննա Գալստյան, ուրի՞շ: Ուրիշ հարցեր չկան: Խնդրեմ, հարցի համար՝ պատգամավոր Ժաննա Գալստյան:

Ժաննա Գալստյան – Պարոն Լազարյան, 4-րդ հոդվածի 8-րդ կետով ասվում է՝ ներման միջնորդությունները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք: Հիմա, սույն հոդվածի 2-րդ մասով պարզ չէ ներման միջնորդությունը ներկայացնող անձինք ովքե՞ր կարող են լինել:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն, տիկին Գալստյան: Ուրեմն, անդրադառնամ նախ 4-րդ հոդվածի 1-ին մասին. ներման խնդրագրեր ներկայացնելու իրավունք ունեն հանցագործության համար դատապարտված անձինք, այսինքն, դատապարտյալին Նախագահին ուղղված ներում շնորհելու գրությունը մենք անվանում ենք ներման խնդրագիր: Այլ անձինք, որոնց շրջանակը անորոշ է և յուրաքանչյուր անձ կարող է կոնկրետ դատապարտյալի համար ներկայացնել ներման միջնորդություն: Այդ շրջանակը անսահմանափակ է, այսինքն, յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ ինքը մի դատապարտյալի համար ներման միջնորդություն ներկայացնի, դրա իրավունքը ունի, ինքը գրավոր դիմում է նախագահին և միջնորդում այսինչ դատապարտյալին ներում շնորհելու մասին: Այս անձինք իրենց միջնորդությունները կարող են կամ առձեռն կամ փոստով ներկայացնել աշխատակազմ: Այդ անձանց շրջանակը չի սահմանափակում: Դա բխում է դատապարտյալների շահերից:

Աշոտ Ղուլյան - Արձագանքո՞ւմ եք, տիկին Գալստյան: Չէ, պարզ է հա՞: Հա: Շնորհակալություն, հարցերն էլ ավարտեցինք, շնորհակալություն, պարոն Լազարյան: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար նորից հրավիրվում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Հովիկ Ջիվանյանը, խնդրեմ:

Հովիկ Ջիվանյան – Հարգելի գործընկերներ, «Ներման մասին» Արցախի Հանրապետության օրենքը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը նույնպես քննարկվել է պետաիրավական հանձնաժողովում: Հեղինակը մանրամասն ներկայացրեց օրենքը: Հանձնաժողովը տվել է իր դրական եզրակացությունը,  առաջարկում ենք քվեարկել օրենքի ընդունման օգտին: Քանի որ «Ներման մասին» օրենքը, հիմնական օրենք է, հետևաբար առաջարկում եմ այն ընդունել առաջին ընթերցմամբ, հնարավորություն կլինի, եթե հարցեր ծագեն կբարձրացնենք մինչև 2-րդ ընթերցումը, եթե՝ չէ, նոր արդեն կընդունենք 2-րդ ընթերցմամբ:

Աշոտ Ղուլյան - Շնորհակալություն, եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Ջիվանյան: Եթե կա ցանկություն ելույթների, մտքերի փոխանակության՝ նույնպես չկա: Մենք այս հարցով նույնպես մանրամասն խոսել ենք մշտական հանձնաժողովի նիստում և կարծում եմ՝ այս պահին եղած հարցերի մեծ մասի պատասխանները տրվել են հաշվի առնելով, որ մենք օրենքը առաջարկում է ընդունել առաջին ընթերցմամբ, ժամանակ ունենալու ենք նաև դրան անդրադառնալու նաև հետագայում, բայց կարծում եմ՝ շատ կարևոր քայլ է նույնպես մեր օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու այս գործընթացի հաջորդական քայլերի մեջ, որովհետև մենք առաջին անգամ, ներման իրավունքին անդրադառնում ենք արդեն օրենսդրական կարգավորման ձևով, և դա  ճիշտ ուղղորդում է մարդու իրավունքները նաև համալրելու, դրանք ամրապնդելու տեսանկյունից: Քանի որ արդեն այս թեմայով խոսվել է, և առաջարկությունը եղել է առաջին ընթերցմամբ, ես հիմա խնդրում եմ պատգամավորներին Ազգային ժողովի որոշման նախագծին ուշադրություն դարձնել, հիմա քվեարկում ենք: «Ներման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքներնը 1-ին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 25, դեմ՝ չկա, ձեռնպահ՝  նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն: Այս պահից սկսվում է 2-րդ ընթերցման ռեժիմով օրենքի նախագիծը քննարկելու գործընթացը: Հաջորդ օրենսդրական նախաձեռնություններին ենք մենք հիմա անցնում: Ինչպես այսօր օրակարգը հաստատելուց նշեցինք, խոսքը վերաբերում է անվտանգության մարմիններում նույնպես մեր երկրի օրենսդրությունը, Սահմանադրությանը համապատասխանեցնելուն: Հիմա ես հայտարարում եմ՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկման սկիզբը: Այն Ազգային ժողովին է ներկայացնում, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, պարոն Սամվել Շահրամանյանը, խնդրեմ, պարոն Շահրամանյան:

Սամվել Շահրամանյան – Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ: Ազգային ժողովի նիստի օրակարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ կետերի համաձայն՝ հակիրճ ձեզ եմ ներկայացնում «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի հիմնավորումները: «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը առաջին հերթին պայմանավորված է 2017թ. փետրվարի 20-ին՝ հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության սահմանադրությամբ, որում սահմանվել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության տեղն ու գործունեության կարգը գործադիր իշխանության հանրապետական մարմինների կառուցվածքում և նրա ենթակայությունը: Այսպես, Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, հանրապետության նախագահը սահմանում է Կառավարության, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքն ու գործունեության կարգը: Հանրապետության նախագահի 2018թ. սեպտեմբերի 25-ի 103-N հրամանագրով, սահմանվել է Արցախի Հանրապետության Կառավարության կառուցվածքը, որի 2-րդ մասի առաջին կետի համաձայն, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդիսանում է Կառավարության այլ մարմին, իսկ Հանրապետության նախագահի 2017թ. սեպտեմբերի 25-ի 108-N հրամանագրով սահմանվել է Արցախի Հանրապետության Կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը, որի 9-րդ կետի համաձայն, Կառավարության քաղաքականությունը առանձին բնագավառներում մշակվում և իրականացնում են հանրապետական գործադիր մարմինները, որոնք ստեղծվում, վերակազմավորվում և լուծարվում են Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով: Փաստորեն, եթե մինչև Սահմանադրության ընդունումը Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության առընթեր մարմին էր, և գտնվում էր եռակի ենթակայության տակ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կառավարության, ապա գործող Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության նախագահի 2017թ. սեպտեմբերի 25-ի 103-N և 108-N հրամանագրով Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդիսանում է կառավարման այլ մարմին, որի ընդհանուր ղեկավարումը իրականացնում է Արցախի Հանրապետության նախագահը:

Օրենքի նախագծում հստակեցվել են Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգը այդ մարմինների կառավարման, ղեկավարման հիմնադրույթները և վերահսկողության իրականացումը: Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և նրա   տեղակալների նշանակման և ազատման կարգը, Ազգային անվտանգության ծառայության մարմինների լիազորությունները, ինչպես նաև ծառայության աշխատակիցների պաշտպանվածությունը: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը, նույնպես՝ առաջին հերթին  պայմանավորված է 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերաոիշյալ օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել Սահմանադրությանը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում կհստակեցվեն Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի և նրա տեղակալների պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման, ինչպես նաև բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելու, պետական մարմինների և Ազգային անվտանգության ծառայության պաշտոնների համապատասխանության դրույթները: Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը օժանդակող անձանց խրախուսման, Ազգային անվտանգության մարմինների ծառայությունից ազատելու հիմքերը, արձակուրդների տրամադրման կարգը և այլն:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունում, նույնպես, առաջին հերթին պայմանավորված է 2017թ. փետրվարի 20-ին հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել մի շարք դրույթներ համապատասխանեցնել Սահմանադրությանը: Օրենքի նախագծի ընդունման պարագայում կհստակեցվեն հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց ցանկը, այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց, պետական պահպանության տրամադրման կարգը, վերջիներիս կողմից հակաօրինական արարք կատարելու հետևանքները, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին՝ ցմահ, պետական պահպանության տրամադրման կարգը և այլն: Այսքանը՝ հակիրճ, նախատեսվող լրացումները և փոփոխությունների վերաբերյալ:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Քանի որ այս նախագծերը նույն տրամաբանության մեջ են՝ երեք նախագծեր ել, իհարկե, մենք քվեարկությունը կատարելու ենք առանձին-առանձին, բայց, քանի որ նույն տրամաբանության մեջ են, ես առաջարկում եմ երեք նախագծերի հետ կապված, պարոն Շահրամանյանը դրանք ներկայացրեց իրար հետևից: Եթե կան հարցեր, գրանցվել, բայց նշենք նաև, որ նախագծի  մասին է ձեր հարցադրումը, խնդրեմ: Եթե հարցեր կա՞ն, այս երեք նախագծերի հետ կապված, կարող եք առաջարկել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Շահրամանյան: Մենք հիմա լսելու ենք Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը, և այս դեպքում՝ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության  հանձնաժողովին է վերաբերվում, այն ներկայացնում է հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Ժաննա Գալստյանը, խնդրեմ:

Ժաննա Գալստյան – Հարգարժան Ազգային  ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ: «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների օրինագծերը քննարկվել են մեր հանձնաժողովում: Քննարկման  արդյունքում  հեղինակի կողմից վերալրացումներ են կատարվել, ինչի արդյունքում էլ հանձնաժողովը դրական եզրակացությամբ ներկայացնում է օրինագծերը ձեր դատին՝ իհարկե, ակնկալելով ձեր դրական քվեն:

Աշոտ Ղուլյան – Շնորհակալություն: Եթե կան հարցեր, այս երեք նախագծերի հետ կապված գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ նույնպես գրանցվել, հարցեր չկան: Շնորհակալություն, տիկին Գալստյան, կարող եք նստել: Եթե ցանկություն կա մտքերի փոխանակության, մենք բոլոր նախագծերի համար էլ դա բացում ենք: Եթե կա ելույթի ցանկություն՝ նույնպես չկա: Ուզում եմ, մեր այս քննարկումների ընդհանուր այդ տրամաբանությանը ավելացնել, որ մենք հանձնաժողովում ավելի մանրամասն ենք անդրադարձել այս նախագծերին, և պատգամավորների կողմից բարձրացված հարցերը հիմք են հանդիսացել, որպեսզի մենք՝ համատեղ, որոշ հարցերի հետ կապված, նաև խմբագրական և բովանդակային փոփոխություն ներկայացնենք այս նախագծերի շուրջ, ինչի արդյունքում, կարծում եմ՝ նախագծերն ավելի ամբողջական և լիարժեք են դարձել հենց այն օրենսդրական կարգավորումների անհրաժեշտ պայմաններից ելնելով, որոնց համար էլ հենց այս նախագծերը մտահղացել են: Ընդհանուր առմամբ, նորից եմ ուզում շեշտել, որ այս երեք նախագծերի հիմնական դրդապատճառը մեր երկրի Սահմանադրությանը գործող օրենսդրությունը համապատասխանեցնելն է, և այս դեպքում գործող օրենսդրությունը անվտանգության մարմիններին, անվտանգության մարմիններում ծառայողների իրավունքների և պարտականություններին է վերաբերվում: Քանի որ այսքանով մենք ամբողջացրել ենք, և վստահ եմ, որ հասել ենք մեր դրած նպատակներին: Ես ուզում եմ առաջարկել, որ Ազգային ժողովը հիմա կենտրոնանա այս նույն հարցերի շուրջ՝ Ազգային ժողովի որոշման նախագծերի քվեարկության վրա: Հիմա հերթականությամբ եմ դրանք դնելու, որովհետև առանձին նախագծեր են և առանձին նախագծերի հետ կապված՝ որոշման նախագծեր են: Առաջինը՝ Ազգային ժողովի որոշումը «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է:

Երկրորդ նախագիծը՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, և եզրափակիչ՝ այս թեմայով վերջին հարցի՝ Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 23, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումներն ընդունված են, այսինքն` այս ոլորտում ներկայացված առաջարկությունները լրիվությամբ ընդունելի են և ցանկանում ենք հաջողություններ այդ ոլորտում ձեր աշխատանքների ընթացքում, շնորհակալություն:

Մենք այս խումբ հարցերն էլ ենք ավարտում, և  անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնություններին, և ես հիմա հայտարարում եմ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» քննարկման սկիզբը, որը Ազգային ժողովին է ներկայացնում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Մասիս Մայիլյանը, խնդրեմ, պարոն Մայիլյան:

Մասիս Մայիլյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, պատգամավորներ, սիրելի ներկաներ: Ձեր քննարկմանն ենք ներկայացնում «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: Փոփոխությունը վերաբերում է «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ կետի բ ենթակետին: Նախատեսվում է պետական տուրք չգանձել մինչև 21 օր ժամկետով՝ Արցախի Հանրապետություն, մեկանգամյա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար: Նախատեսված օրենսդրական փոփոխությունը, մասնավորապես, նպատակ ունի խթանել Արցախում, որպես հեռանկարային ճյուղ՝ զբոսաշրջության զարգացումը, դրանից բացի, օրինագծի ընդունումը հնարավորություն կտա լիարժեք կիրարկել օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը: Մասնավորապես, նախատեսվում է  օտարերկրյա քաղաքացիների մուտքերի արտոնագրերը ձևակերպել Արցախի Հանրապետության սահմանակետերում: Ինչպես գիտեք, Վարդենիս-Մարտակերտի մայրուղու բացումից հետո, Նոր Խարխափուտ, այդ գյուղում տեղակայված սահմանակետերում ավելացել է հոսքը զբոսաշրջիկների, և իրենց մի մասը ցանկություն ունեն այցելելու միայն Դադիվանք կամ Շահումյանի շրջանի տարբեր տեսարժան վայրեր և հիմա իրենք ստիպված են հասնել Ստեփանակերտ, մեր նախարարությունում, մեր հյուպատոսական ծառայությունում ձևակերպել իրենց արտոնագրերը: Եթե այս օրենքին դուք հավանություն տաք՝ քվեարկեք, մենք կդյուրացնենք այդ մարդկանց այստեղ լինելը: Սա ևս կնպաստի զբոսաշրջության զարգացմանը: Հաշվի առնելով այս օրինագծի կարևորությունը՝ խնդրում եմ Ազգային ժողովին՝ կողմ քվեարկել օրինագծին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, պարոն Մայիլյան: Եթե հարցեր ունենք «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի հետ կապված, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն, պարոն Մայիլյան, կարող եք նստել: Մենք հիմա լսելու ենք Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը և այս դեպքում, խոսքը վերաբերվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովին, այն ներկայացնում է հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանը, խնդրեմ պարոն Գրիգորյան:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Լիազոր մարմնի ներկայացուցիչը մանրակրկիտ ներկայացրեց ընդունման անհրաժեշտությունը՝ ընդունման այս օրենքի նախագծի, ինձ մնում է միայն նշել, որ հանձնաժողովը նույնպես տվել է դրական եզրակացություն և կոչ ենք անում ընդունել այն, որպես օրենք: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն, եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան: Եթե կա ցանկություն արտահայտվելու այս հարցով՝ մտքերի փոխանակություն ծավալելու՝ չկա: Ամփոփելով ուզում եմ նշել, որ այս հարցի հետ կապված առանձին-առանձին և, գուցե խմբերով, խմբակցություններով, հանձնաժողովներում ստացել ենք բազմաթիվ բողոքներ, եղել են, որ ինչո՞ւ չի դյուրացվում: Իհարկե, դրա համար միշտ էլ եղել են որոշ հիմքեր, միշտ էլ մենք առաջին տեղում դրել ենք մեր սահմանների անվտանգության, սահմանն անցնելու և մեր երկրից դուրս գալու կարևորագույն խնդիրները, բայց ժամանակի ընթացքում այդ բոլոր հարցերն էլ, կարծես թե, կարգավորվում են, և մենք այսօր ունենք վերահսկողության ավելի կատարելագործված հիմքեր, հնարավորություններ և միջոցներ, հետևաբար այս օրենքը ընդունելով մենք նաև մեծ հույսեր ունենք, որ խթանենք ոչ միայն զբոսաշրջության զարգացումը, այլև Արցախ այցելողների տրամադրության մեջ որոշակի փոփոխություններ էլ կլինեն, և նրանք էլ իրենց հերթին կքաջալերեն, որպեսզի մյուսներն էլ այցելեն, որովհետև մենք նպատակ ունենք հեշտացնել մարդկանց մուտքը և ավելորդ դժվարություններ չլինեն: Ես հիմա առաջարկում եմ, որպեսզի Ազգային ժողովը անցնի քվեարկության: Ազգային ժողովի որոշումը՝  «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է: Ազգային ժողովը հավանություն է տալիս օրենքի նախագծին, և այն ուժի մեջ կմտնի Հանրապետության նախագահի կողմից ստորագրելուց հետո: Շնորհակալություն: Անցնում ենք հաջորդ օրենսդրական նախաձեռնությանը՝ այս դեպքում, քանի որ մենք օրակարգը հաստատելուց հանեցինք վերջին հարցը՝ օրենսդրական նախաձեռնությունների եզրափակիչ թեման է, որը վերաբերում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, Ազգային ժողովին այն ներկայացնում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար, պարոն Արթուր Հարությունյանը, խնդրեմ, պարոն Հարությունյան:

Արթուր Հարությունյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկմանն է ներկայացվում  «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ներկայացումը պայմանավորված է «Արցախի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում 2018թ. դեկտեմբերի 20-ին կատարված փոփոխությամբ, ինչպես նաև ռոյալթի բազայի անուղղակի եղանակով հաշվարկման համար սահմանված չափերի վերանայման անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ օրենքի նախագծով  առաջարկվում է` վերանայել ռոյալթի բազայի անուղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում սահմանված 90% սահմանաչափը և միաժամանակ կառավարության որոշմամբ սահմանված ռոյալթի հաշվարկման համար իրացումից հասույթի որոշման կարգը ամբողջությամբ տեղափոխել և սահմանել օրենքով: Գործող օրենքով ռոյալթի հաշվարկման բազա է համարվում հանքաքարի վերամշակման արդյունքում ստացված վերջնական արտադրանքի իրացման շրջանառությունը և ըստ այդմ, ռոյալթի բազան որոշվում է՝ ելնելով վերջնական արտադրանքի իրացման պայմանագրային արժեքից, որը չպետք է ավելի ցածր լինի՝ օրենքով նախատեսված իրացման հաշվարկային արժեքի 90%-ից: Հաշվի առնելով, որ միջազգային պրակտիկայում վերջնահաշվարկի արդյունքներով որոշվող խտանյութի ֆիզիկական ծավալների և մատակարարման պահին որոշված ծավալների միջև շեղումները, որոնք պայմանավորված են խոնավության, պարունակվող մետաղների քանակի, ինչպես նաև տեխնոլոգիական բարդություններ առաջացնող քիմիական տարրերի պարունակության և մի շարք այլ տեխնոլոգիական  գործընթացների հետ, հիմնականում տատանվում են 20 տոկոսի սահմաններում, նախագծով առաջարկվում է՝ պայմանագրով նախատեսված վերջնահաշվարկի գումարը 20%-ից ավել շեղման դեպքում ռոյալթին հաշվարկել  իրացման հաշվարկային արժեքի 80 %-ից ոչ պակաս արժեքից:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ գործող օրենքով ռոյալթի վճարողի կողմից կատարված ցանկացած ծախսեր հիմք են ընդունվում կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված չափերով, նախագծով առաջարկվում է՝ կառավարությանը իրավասություն վերապահել սահմանել վճարվող մետաղների կազմը, ինչպես նաև վերամշակման, զտման, տրանսպորտային կամ այլ համանման ծախսերի առավելագույն սահմանաչափերը: Արդյունքում, կառավարության սահմանած առավելագույն չափերը գերազանցող` գործարքի կողմերի միջև կնքված պայմանագրով կատարված ծախսերը ենթակա չեն լինելու հարկման բազայից նվազեցման:

Նախագծով հստակեցվում է  նաև  Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն հավաստագիր ստացած հարկ վճարողների կողմից հավաստագրի գործողության ժամկետի ավարտին հաջորդող առաջին տարվա ընթացքում կատարվելիք ռոյալթի կանխավճարների հաշվարկման օբյեկտը և չափը` այն սահմանելով նախորդ տարվա ընթացքում հաշվարկված բնօգտագործման վճարների և ռոյալթի հանրագումարի նկատմամբ`  եռամսյակային 1/3-ի չափով, գործող 1/4 փոխարեն: Իսկ  նույն օբյեկտի համար կրկնակի հարկումը բացառելու, այսինքն` միաժամանակ բնօգտագործման վճար և ռոյալթի չհաշվարկելու նպատակով նախագծով առաջարկվում է  սահմանել, որ  մինչև 2019թ. հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում փաստացի մարված պաշարների համար բնօգտագործման վճար հաշվարկված լինելու դեպքում այդ մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար հաշվարկված ռոյալթի գումարից պակասեցվի նախկինում հաշվարկված բնօգտագործման վճարի գումարը: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան  Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Եթե հարցեր կան այս նախագծի հետ կապված, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան, շնորհակալություն: Գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը լսելու համար, հրավիրում ենք ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արամ Գրիգորյանին:

Արամ Գրիգորյան – Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նիստին, բացի շահագրգիռ պատգամավորներից, հանձնաժողովից ներկա էին 5-ից 4 պատգամավոր: Քվեարկման ընթացքում 2-ը՝ կողմ, 2-ը՝ ձեռնպահ արդյունքներով, ներկայացնում ենք օրենքի նախագիծը լիագումար նիստին: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան  Շնորհակալություն: Եթե հարցեր կան գլխադասային հանձնաժողովին՝ խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան:   Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, եթե ցանկություն կա ելույթների, մտքերի փոխանակության՝ նույնպես չկա: Մենք հանձնաժողովի նիստում խոսել ենք երկար և, կարծես թե, բոլոր մտահոգությունները, որ հնչեցվել են, ստացել են անհրաժեշտ պարզաբանումներ, և մեզ մնում է միայն քվեարկությամբ որոշել Ազգային ժողովի դիրքորոշումը կապված այս հարցի հետ: Քվեարկության է ներկայացվում Ազգային ժողովի որոշումը «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքն ընդունելու վերաբերյալ: Քվեարկություն: Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ նույնպես: Որոշումն ընդունված է, շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, մենք՝ այսքանով սպառում ենք օրենսդրական նախաձեռնությունների ցանկը, և մենք ունենք միայն մեկ հարց մեր այսօրվա օրակարգում՝ պատգամավորական հայտարարությունների բաժինն է: Հայտարարվում է պատգամավորական հայտարարությունների համար օրակարգային հարցի սկիզբը: Հայտարարությունների համար խնդրում եմ գրանցվել:

Հայտարարությունների համար գրանցվել են պատգամավորներ Արթուր Թովմասյանը, Գագիկ Բաղունցը, Հայկ Խանումյանը, Վահրամ Բալայանը, Գեղամ Ստեփանյանը և Արպատ Ավանեսյանը: Ճի՞շտ է, շատ լավ: Սկսում ենք պատգամավորական հայտարարությունների օրակարգային հարցը, և ես հիմա, հայտարարության համար հրավիրում եմ պատգամավոր Արթուր Թովմասյանին: Երեք րոպե է, խնդրում եմ, տեղավորվեք:

Արթուր ԹովմասյանԱզգային ժողովի հարգելի նախագահ, հարգարժան փոխնախագահ, հարգելի գործընկերներ: Մարդ՝ մինչև որևէ մի միտք արտահայտելը, այդ մտքի տերը ինքն է: Այն արտահայտելուց հետո այդ միտքն է դառնում քո տերը: Վերջին շաբաթներին հետևելով քաղաքական անցուդարձին՝ մասնավորապես, Հայկ Խանումյանի քաղաքական գործունեությանը, որը աչքի ընկավ հավասարակշիռ ընդդիմադիր գործչի պահվածքով՝ ուզում եմ մի ուղղում մտցնել: Ես ափսոսանք եմ ապրում, ճիշտն ասած, ես սպասում էի, որ ինքն էլ կօգտագործի այդ անեծք բառը, որ մեր հասարակական կյանքին չի վերաբերվում: Անեծքը նույնպես քաղաքական  բանավեճի ձև է: Կա բանավեճ, արհամարհանք, վեճ, անեծք: Սրանք քաղաքական տերմիններ են, և սպասում էի, որ կօգտագործեր այս բառը, ես էլ ժպտալով կընդունեի և դրանով էլ կվերջանա: Բայց ինքը ավելի լավ գտնվեց։ Ես միշտ էլ լավին ասել եմ լավ, վատին՝ վատ, որպեսզի անեծք բառը չդառնա իմ տերը, ես հիմա օրհնում եմ այդ մի ամսվա իր պահվածքը: Մենք իրականում պետք է իրար հետ բանավիճենք, ոչ թե վիճենք, ոչ թե իրար արհամարհենք, ոչ թե իրար անիծենք: Ինձ համար Արցախում ապրում են 150 հազար հայրենապաշտ մարդիկ: Սա հիմա չեմ ասում, սա ասել եմ նախկինում: Ուղղակի, Հայկ ջան, այդ պահվածքդ էլ պահվածք չէր, հայտարարություն ես անում ու դուրս գալիս, թեկուզ դա քո իրավունքն է, Կանոնակարգը թույլ է տալիս՝ ցանկացած պատգամավոր իր հայտարարությունը անելուց հետո ինքը որոշի՝ լսում է մնացածին, թե՝ չէ, թեկուզ Կանոնակարգը այդ հնարավորությունը թույլ է տալիս: Շնորհակալություն:

Աշոտ ՂուլյանՇնորհակալություն: Հաջորդ պատգամավորական հայտարարության համար հրավիրվում է պատգամավոր Գագիկ Բաղունցը, թող պատրաստվի Հայկ Խանումյանը:

Գագիկ ԲաղունցԸնթացիկ ամսում հանրային բուռն քննարկումների առարկա դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում ևս մեկ անգամ ընդգծվում է մադրիդյան սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Հստակ մեկնաբանություն հնչեցրեց ԱՀ արտգործնախարարը՝ «Եկել է հնացած սկզբունքներից հրաժարվելու ժամանակը»: Արձագանքելով հայտարարությանը, Հայաստանի Հանրապետության Վարչապետը նշեց, որ առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը: Հուսով եմ, որ պարզաբանումները նախատեսված են համանախագահների և ադրբեջանական կողմի համար, քանզի մադրիդյան սկզբունքների պարզ և միանշանակ մերժումը բարձրաձայնվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր առողջ ուժերի կողմից սկզբունքների հրապարակումից անմիջապես հետո: Թույլ տամ մեջբերում դեռ տաս տարի առաջ Մոսկվայում REGNUM գործակալությանը տված իմ հարցազրույցից. փաստաթղթի գլխավոր վտանգներից է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները, նույնիսկ Լեռնային Ղարաբաղը, նշված են, որպես օկուպացված տարածքներ: Մենք պետք է կատեգորիկ մերժենք հարցի լուծման նման մոտեցումները: Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների հանձնումը կդառնա վերջի սկիզբը: Մենք կորցնում ենք այն հիմքը, որի վրա փաստացի կանգուն է մեր հոգեւոր ռեսուրսը: Ռազմական տեսանկյունից նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կկանգնեցնի Ադրբեջանի դիրքերի ամրապնդմանը և նրա ագրեսիվ մտադրությունների ուժեղացմանը: Միջանկյալ կարգավիճակը մեկ քայլ հետ է համեմատած նրա հետ, ինչ ունենք: Ինչ վերաբերում է փախստականների վերադարձին, ապա այսպես կոչված ադրբեջանական խաղաղ բնակչության վերաբնակեցման ֆոնին տեղի կունենան բազմաթիվ հակասություններ: Միջնորդների կողմից առաջարկվող առանց այդ էլ հետաձգված հանրաքվեի անցկացումը նման քաղաքական, քաղաքացիական եւ ռազմական հակամարտություններից հետո կհայտնվի մեծ հարցականի տակ: Ակնհայտ է, որ մադրիդյան սկզբունքները հանգեցնելու են ոչ միայն անիմաստ տարածքային կորուստների, այլև նոր պատերազմի՝ արդեն մեր համար անբարենպաստ դիրքերում։

Բայց հայկական կողմից պետք է լինի հստակ ընկալում, որ բանակցային գործընթացի ընդհատումը հղի է դեպի լայնամասշտաբ պատերազմի վերսկսում արագընթաց սահքով: Պետք է մասնակցել բանակցություններին և հիմնավորելով միջնորդ կողմերին այդ սկզբունքների հիման վրա լուծման անհնարինությունը։

Եվ վերջապես, պետք է դադարել թոզ փչել մարդկանց աչքերին, և սկսել երկիրը և ամբողջ հայությունը պատրաստել պատերազմի։ Հակառակորդը պետք է համոզված լինի, որ մենք ազգովի պատրաստենք կռվի, և որ իր կողմից ցանկացած ռազմական արկածախնդրություն կբերի իր իսկ համար հսկայական կորուստների: Այդ դեպքում շանս կա, որ մենք հիմա  կխուսափենք պատերազմից: Բայց դա երբեք չպետք է դառնա ինքնահանգստացման առիթ: Մենք չենք կարող և իրավունք չունենք ապրելու շվեյցարական ռեժիմով: Չենք կարող մեզ թույլ տալ ունենալու պետության  հաշվին ապօրինի հարստացող օլիգարխներ, չենք կարող մեզ թույլ տալ բնակչության սոցիալապես անպաշտպան մի ահռելի  խավ, որը կատարելապես ծնում է արտագաղթը: Չենք  կարող   մեզ թույլ տալ կորցնել 20-րդ դարում իրեն հիանալի դրսևորած կրթության համակարգը, որը կարող է  եւ պետք է դառնա տեխնոլոգիական ճեղքման հիմք, մեր երկիրը՝ համաշխարհային քաղաքակիրթ հասարակության պահանջված  եւ անբաժանելի մաս դարձնելու առաջմղիչ ուժ:

Աշոտ Ղուլյան Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը՝ Հայկ Խանումյան:

Հայկ Խանումյան –  Ես անեծքներով, թուղթ ու գրով չեմ զբաղվում, դրա համար էլ անեծքները մեզ վրա չեն անդրադառնում: Ուրիշ բանի մասին կուզեի խոսալ։ Նախորդ նիստի ժամանակ՝ ելույթում հնչած ընդդիմության և առաջատար քաղաքական ուժի մասին, քանի որ քաղաքագետ ենք: Ընդդիմությունը մեզ համար դրոշակի տեսքով չի ներկայացել, ոչ էլ ընդդիմությունը դրոշակ ունի, ընդդիմությունը քաղաքական համակարգի մաս է: Մեր կուսակցությունը ստեղծվել է մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ խորհրդարանում կար երեք խմբակցություն և մեկ խումբ, և չորսն էլ պաշտպանում էին գործող նախագահի ծրագիրը: Երբ 2010թ. ընտրություններն էին, խորհրդարանական չորս ուժերը մասնակցում էին ընտրություններին, չորսն էլ պաշտպանում էին գործող նախագահի ծրագիրը: Դրա համար ընդդիմությունը մեզ համար դրոշակների տեսքով չէ, ընդհակառակը, այդ կուսակցությունը, որ ստեղծել ենք, ստեղծել ենք առանց ռեսուրսների՝ գրեթե ոտքով շրջելով գյուղից գյուղ, և մեր հետևից մտել է ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և ստեղծված բջիջները շատ հաճախ ցրվել են: Այդ պայմաններում է ստեղծվել այդ կուսակցությունը և խորհրդարանական ամբիոնից՝ առաջին նիստի ժամանակ, ես հայտարարել եմ, որ մեր կուսակցությունը, մեր խմբակցությունը լինելու է ընդդիմություն դրանից բխող բոլոր հետևանքներով: Ամբողջ գործունեությունը եղել է դրա տրամաբանության մեջ: Առաջատար քաղաքական ուժը որոշումների վրա ազդեցություն ունեցող ուժն է, առաջատար քաղաքական ուժը տարիները ընթացքում եղել է Սերժ Սարգսյանը, երբ որ հայտարարում եք, որ խորհրդարանական պետության եք կողմնակից, Սահմանադրության փոփոխությունների ժամանակ և դրա մասին եք անընդհատ խոսում և բերում մի թուղթ են դնում, հետո այդ թուղթը վերցնում եք ձեր կոալիցիոն գործընկերոջ հետ գնում բոլորին համոզում, որ այս մեկն է ճիշտը, դա արդեն քաղաքական առաջատար ուժի գործելակերպ չի: Սա ուղղակի հիշեցում՝ ոչ փոքր անցյալից, մնացածը թող լինի անցածՇնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը, պարոն Վահրամ Բալայանինն է, խնդրեմ:

Վահրամ ԲալայանՀարգելի գործընկերներ, վերջին 2 տարիների ընթացքում ես բավականաչափ նյութեր եմ հավաքագրել Արցախի գյուղերի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի, ժողովրդագրական գործընթացների և ընդհանրապես կյանքի բոլոր ասպարեզների վերաբերյալ:

Միանգամից ասեմ, որ պատկերը սփոփիչ չէ: Այս կարծիքը վերահաստատվել է նաև գյուղերում ՀՅԴ խմբակցության կազմակերպած հանդիպումների ժամանակ:

Ճիշտ է, վերջին տարիներին հանրապետության իշխանությունների կողմից ծրագրեր են կյանքի կոչվել, զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվել հողագործության, ոռոգման համակարգերի ձևավորման, գյուղատնտեսական մեքենատրակտորային կայանների թարմացման, անասնապահության խթանման, դպրոցաշինության, ջրագծերի կառուցման, ճանապարհաշինության ասպարեզում, այնուամենայնիվ, արդյունքները, մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղատնտեսական արտադրության կազմակերպմանը, գոհացուցիչ չեն:

Այդպես էլ, ցորենի, գարու արտադրությունից բացի մեզ անհասանելի են մնում խորհրդային ժամանակաշրջանի գյուղատնտեսական մթերքների արտադրության ցուցանիշները:

Գյուղատնտեսական երկիր լինելով՝ մենք շարունակում ենք մնալ բանջարեղեն, մրգեղեն, կաթնամթերք, մսամթերք ներմուծող երկիր:

Գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող երկրում, և ըստ էության, հողերի անսահմանափակ քանակության պայմաններում մենք ունենք գյուղերում ապրող չափահաս, աշխատունակ բնակչության գործազրկության զգալի տոկոս:

Պատերազմում հաղթած, ինքնաբավ, բոլոր առումներով հպարտ, նոր բնագծեր նվաճելուն պատրաստ գյուղաբնակ մեր հայրենակիցների փոխարեն, այսօր ունենք նպաստների, բարերարների հույսին մնացած, կենցաղային հարցերի մեջ խճճված, իր ապագան օտար ափերում կամ լավագույն դեպքում ԱՀ և ՀՀ քաղաքներում տեսնող զգալի քանակությամբ բնակչություն:

Գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման ոչ ճիշտ մեթոդաբանության պայմաններում մերձգյուղյա հողատարծքները մացառապատվել են, իսկ նախկինում ունեցած անասնապահական համալիրները՝ ոչնչացվել:

Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է դեմքով շրջվել դեպի գյուղ՝ վերականգնելու աշխատասեր, ինքնաբավ գյուղաբնակ արցախցու համբավը:

Այդ իսկ տեսանկյունից առաջարկում եմ արմատապես փոխել գյուղատնտեսության վարման մեթոդաբանությունը.

ա) անհրաժեշտ է մենատնտեսների կողքին ունենալ կոոպերատիվ տնտեսություններ՝ համապատասխան օրենսդրական դաշտ Ազգային Ժողովի կողմից ժամանակին ստեղծվել կոոպերատիվների ստեղծումը ոչ միայն կնպաստի գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների մեծացմանը, այլ նաև այդ ոլորտում մրցակցային դաշտ կստեղծվի, կվերացվի գործազրկությունը, կհաղթահարվի աղքատությունը: Ավելին, համատեղ աշխատանքը մարդկանց մեջ կստեղծի միջանձնային ջերմ մթնոլորտ, համակեցության նպաստավոր դաշտ:

Բնակչության մեջ այս գաղափարը տարածելու և գործնական հունի մեջ դնելու համար անհրաժեշտ է, որպեսզի ԱՀ կառավարությունը նախաձեռնի և ամեն շրջանում այս տարի ստեղծի մեկ կամ 2 նմանօրինակ կոոպերատիվներ: Հաջողված պատմությունների օրինակը միշտ էլ վարակիչ է լինում:

բ) Այս ոլորտում երկրորդ կարևորագույն խնդիրը գյուղատնտեսության ասպարեզում որակյալ մասնագետներ պատրաստելն է:

Ճիշտ է, մենք ժամանակին Շուշիում ունեցել ենք Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի մասնաճյուղ, որն այդպես էլ չի հաջողել, այսօր էլ ունենք առանձին տեխնոլոգիական համալսարան, բայց, ցավոք սրտի, առայսօր մեզ չի հաջողվում պատրաստել բարձր որակավորման գյուղատնտեսներ, անասնաբույժներ, անասնաբույծեր: Պատճառը պարզ ու ակնհայտ է: Անհնարին է՝ հիմնական դպրոցը ավարտած, խորհրդային գնահատման չափանիշներով  մաթեմատիկայից, ֆիզիկայից, կենսաբանությունից, քիմիայից երկու կամ մի կերպ երեքի ձգող աշակերտից կամ դիմորդից լավ մասնագետ պատրաստել, մանավանդ, երբ այդ դիմորդին դու ես խնդրում առանց քննության դառնա ուսանող: Էլ չեմ խոսում այդ ասպարեզի բարձր որակավորում ունեցող դասախոսների պակասի մասին:

Վերոհիշյալ հարցերի նկատմամբ պետք է «վիրահատական» մոտեցում ցուցաբերել:

գ) Գյուղական կյանքի աշխուժացման, գյուղատնտեսական արտադրությանը նոր որակ ապահովելու գործում կարևոր է նաև սպայական անձնակազմին բնակարաններով ապահովելու հարցը:

Երևի, կհարցնեք, թե ինչ կապ ունեն սպաների բնակարանները գյուղի և գյուղատնտեսության զարգացման հետ: Ես կասեմ, որ անմիջական: Տարիներ շարունակ այս հարցի մասին խոսում ենք, բայց՝ ապարդյուն:

Արցախի Հանրապետության  Պաշտպանության բանակի սպաների մի զգալի մասը, ովքեր ծագումով մեր հանրապետության գյուղերից են, քաղաքներում նրանց ընտանիքներին բնակարաններով ապահովելով, մենք նրանց կտրում ենք հայրենի օջախից: Ավելին, սպաների երեխաները դարձնելով քաղաքաբնակ, մենք հարցականի տակ ենք դնում մի շարք դպրոցների լինել-չլինելու հարցը: Իսկ հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած և թոշակի անցած, բայց դեռևս ավյունով լեցուն սպաներին քաղաքում դարձնում ենք գործազուրկ: Թեման տարողունակ է, բավարարվենք այսքանով: Կարծում եմ, որ այս հարցերում առանցքային պետք է դառնա գործադիր իշխանության, տվյալ պարագայում՝ Արցախի Հանրապետության կառավարության դերակատարությունը:

Որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, Սահմանադրությամբ մեզ տրված իրավասությունների սահմաններում, վերոնշյալ հարցերի լուծման գործում մեր պատրաստակամությունն ենք հայտնում: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Հաջորդ հայտարարությունը՝ Գեղամ Ստեփանյան:

Գեղամ Ստեփանյան –  Հարգելի գործընկերներ, նախորդ տարվա դեկտեմբերին կայացած Ազգային Ժողովի լիագումար նիստում ես արդեն խոսել եմ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գործունեությունից բնակչության շրջանում տարածված դժգոհություններին համարժեք արձագանքելու անհրաժեշտության մասին:

Այս ընթացքում մի շարք հարցումների, ուսումնասիրությունների, մասնագիտական ու փորձագիտական խորհրդատվությունների արդյունքներն ու եզրակացությունները ավելի են ամրապնդել իմ այն կարծիքը, որ հեռահաղորդակցության ոլորտը Արցախում, մեղմ ասած, լուրջ վերահսկողության կարիք ունի: Վերջերս ստեղծված նախաձեռնող խմբերի կողմից հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները նույնպես վկայում են կապի ոլորտում տիրող որոշ երևույթների, մասնավորապես՝ մատուցվող ծառայությունների որակի և դրա դիմաց գանձվող վճարների անհամապատասխանության մասին:

Հաշվի առնելով այս ամենը՝ եկել եմ այն եզրահանգման, որ իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար մենք համակողմանի և ընդգրկուն քննարկումների կարիք ունենք: Այս առաջարկությամբ ես դիմել եմ մեր խմբակցությանը և համաձայնություն ստանալով՝ ուզում եմ տեղեկացնել, որ «Ժողովրդավարություն» խմբակցության նախաձեռնությամբ ապրիլ ամսին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ՝ բոլոր շահագրգիռ կողմերի համար իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորություն ստեղծելու և ոլորտում առկա իրողությունների պատկերը ամբողջացնելու  նպատակով:

Հայտարարությունը նպատակն է՝ նախապես տեղեկացնելու  և այդ ոլորտի գլխավոր օպերատորին, և պետական վերահսկող մարմնին, ինչպես նաև այս ուղղությամբ ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպություններին՝ պատրաստվելու նախատեսվող լսումներին, որի տեղն ու ժամկետը կհայտարարվեն լրացուցիչ:

Վստահ եմ, որ այլ խմբակցություններ ներկայացնող մեր գործընկերները նույնպես շահագրգիռ վերաբերմունք կդրսևորեն՝  հանրության համար վաղուց արդեն ցավոտ դարձած այս հարցերի լուծումներին աջակցելու նպատակով: Շնորհակալություն:

Աշոտ Ղուլյան –  Շնորհակալություն: Մենք պատգամավորական հայտարարությունների համար գրանցել էինք 6 պատգամավորների, հայտարարություններով հանդես են եկել 5 պատգամավորներ: Այսքանով եզրափակում ենք: Ուզում եմ այսօրվա պատգամավորական հայտարարությունների մեջ ողջունել համերաշխության  փոխադարձ ցանկությունները և առաջարկները: Կարծում եմ՝ սա շատ ավելի դրական է ազդում մեր այն հոգեբանական տրամադրվածության վրա: Մի բան եմ միայն խնդրում, ինչպես մինչև հիմա հաջողվել է հիմնականում պահել քաղաքական կոռեկտությունը և քաղաքական մշակույթը այս ամբիոնից, կարծում եմ՝ մեզ մնացած ժամանակահատվածում կհաջողվի նույն ավանդույթները շարունակել, դա վերաբերում է բոլորին: Շնորհակալություն, այսօրվա համատեղ աշխատանքի համար, ավարտում ենք այսքանով Ազգային ժողովի աշխատանքը: Ցտեսություն, մինչ նոր հանդիպում: