ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 

ԼՂՀ ՀՌՉԱԿՈՒՄԸ

1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ բոլոր կարգի պատգամավորների մասնակցությամբ։

Առաջնորդվելով ինքնավար մարզն Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու մասին ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի, հունիսի 21-ի եւ հուլիսի 12-ի նստաշրջանների ընդունած որոշումներով, հաշվի առնելով Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի 1991 թվականի օգոստոսի 30-ի հռչակագիրը «1918-1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին», հիմք ընդունելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթը, նստաշրջանը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ 

Մինչեւ իշխանության պետական մարմինների ձեւավորումը հանրապետության կառավարումը հանձնվել է Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմին՝ նրա նախագահ Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ։

ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ

1991թ. դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ԼՂՀ Անկախության հանրաքվեն, որն իրականացվել է «ԼՂՀ հանրաքվեի անցկացման մասին ժամանակավոր կանոնակարգ»-ին համապատասխան։  Հանրաքվեին, որն  անց է կացվել ԼՂՀ տարածքում կազմված 81 ընտրատարածքում, մասնակցել է ձայնի իրավունք ունեցող եւ ընտրողների ցուցակում ընդգրկված 132328 քաղաքացիներից 108736-ը (82.2%): Քվեարկությանը չմասնակցած քաղաքացիների մեծամասնությունն ադրբեջանական բնակավայրերի բնակիչներ էին։   

 

ԼՂՀ 1-ԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ի կատարումն 1991թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեում ժողովրդի կամքի արտահայտության, 1991թ. դեկտեմբերի 28-ին անց են կացվել ԼՂՀ  պետական իշխանության բարձրագույն մարմնի՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավորների ընտրություններ։

Հիմնականից բացի՝ 1992թ. հունվարի 11-ին  անց են կացվել  լրացուցիչ ընտրություններ։ Հաշվի առնելով, որ  ոչ բոլոր ընտրատարածքներում են ընտրվել պատգամավորներ՝ ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարբեր ժամկետներում՝ ընդհուպ մինչեւ 1994 թվականի հուլիսի 3-ը, անց է կացրել նոր ընտրություններ։ Վերջնական արդյունքում կազմավորվել է 75 պատգամավորից բաղկացած  խորհրդարան։

ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լիազորությունները սահմանված էին 5 տարի ժամկետով։ Օրենսդիր մարմնի ձեւավորմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատվել է խորհրդարանական կառավարման կարգ։

Առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր անդրանիկ նստաշրջանը գումարել է 1992թ. հունվարի 6-8-ը՝ ընտրելով ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահին եւ Գերագույն խորհրդի քարտուղարին, նշանակելով ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահին։

ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ է ընտրվել Արթուր Մկրտչյանը, նախագահի տեղակալ՝ Գեորգի Պետրոսյանը, Գերագույն խորհրդի քարտուղար` Վլադիկ Հակոբյանը։

ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նստաշրջանի որոշմամբ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահ է նշանակվել Օլեգ Եսայանը։ 

ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի մարմիններն էին. ԳԽ նախագահը, ԳԽ նախագահի տեղակալը, ԳԽ քարտուղարը, ժողովրդական պատգամավորները, մշտական հանձնաժողովները։

Գերագույն խորհրդում կազմավորվեցին հետեւյալ խումբ-խմբակցությունները. ՀՅԴ խմբակցություն, որը սկզբնական շրջանում ընդգրկում էր 27, 1994թ. դրությամբ՝ 35 անդամ (խոսնակ՝ Լեւոն Մելիք-Շահնազարյան),  «Արցախի ժողովրդական ճակատ» պատգամավորական խումբ՝ 2 անդամ, «Մարտակերտցիների խումբ»-18 անդամ, ղեկավար՝ Վահան Գաբրիելյան, խոսնակ՝ Ներսես Օհանջանյան,  «Միացում» պատգամավորական խումբ՝  19 անդամ, խոսնակ՝ Ռոբերտ Քոչարյան, չեզոք անդամներ՝ 4 հոգի,  զինվորականներ՝ 13 հոգի։

 ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի 11 պատգամավոր  զոհվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի տարիներին, այդ թվում՝   Արթուր Մկրտչյանը (ԳԽ նախագահ), Վաղարշակ Առուշանյանը, Վագիֆ Գալստյանը, Ժորա Պողոսյանը, Բորիս Հակոբյանը, Նորայր Դանիելյանը, Բարմեն Գրիգորյանը, Սուրեն Ծատրյանը, Բորիս Բաբայանը, Շահեն Մեղրյանը, Վիգեն Գրիգորյանը։

ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահության 1992թ. ապրիլի 14-ի որոշմամբ ԳԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է Գերագույն խորհրդի  նախագահի տեղակալ Գեորգի Պետրոսյանը:

ԳԽ նախագահությունը 1992թ. օգոստոսի 15-ին  ընդունել է հրամանագիր ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու մասին, որին լրիվությամբ փոխանցվել են գործադիր իշխանության գործառույթները եւ մասամբ՝ օրենսդիր իշխանության լիազորությունները։ Նույն հրամանագրով ԼՂՀ ՊՊԿ նախագահ է նշանակվել Գերագույն խորհրդի պատգամավոր Ռոբերտ Քոչարյանը:

ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահության 1992թ. օգոստոսի 15-ի որոշմամբ ընդունվել է ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահ Օլեգ Եսայանի, իսկ 1993թ. հունիսի 14-ի որոշմամբ՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանի հրաժարականը։ Վերջին որոշմամբ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները դրվել են ԳԽ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բաբուրյանի վրա։

ԼՂՀ Գերագույն խորհրդի 1994թ. դեկտեմբերի 21-ի որոշմամբ Արցախում  մտցվել է նախագահական կառավարման համակարգ։

ԼՂՀ ԳԽ  դեկտեմբերի 22-ին ընդունած որոշմամբ  Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ընտրվել է ԼՂՀ նախագահ՝  երկու տարի ժամկետով։

Առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1994թ. դեկտեմբերի 22-ին ընդունել է «ԼՂՀ Խորհրդարանի մասին» օրենքը, որը պետք է  ուժի մեջ մտներ մշտական հիմունքներով գործող խորհրդարանի ընտրության պահից:

Հաշվի առնելով կառավարման նոր համակարգի պայմաններում մշտական հիմունքներով գործող խորհրդարան ունենալու անհրաժեշտությունը, ԼՂՀ ԳԽ 1995թ. փետրվարին ընդունել է որոշում խորհրդարանի ժողովրդական պատգամավորների վաղաժամկետ  ընտրություններ անցկացնելու մասին։

Հանրապետության տարածքում կազմավորվել է 33 ընտրատարածք՝ նախկին 81-ի փոխարեն. համապատասխան փոփոխության է ենթարկվել նաեւ պատգամավորական տեղերի քանակը։      

Իր գործունեության ողջ ընթացքում ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն ընդունել է 22 օրենք:

 

ԼՂՀ 2-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ (ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ)

1995թ. ապրիլի 30-ին անցկացվեցին ԼՂՀ Խորհրդարանի ընտրությունները, որոնք կազմակերպվել են մեծամասնական ընտրակարգով։ Ընտրությունները տեղի են ունեցել 33 ընտրատարածքից 31-ում, իսկ 2-ում՝ պատգամավորության մեկական թեկնածուների ինքնաբացարկի պատճառով չկայացան։ ԼՂՀ ԿԸՀ 1995թ. մայիսի 5-ի նիստի որոշմամբ գրանցվեց 23 պատգամավոր։

1995թ. հունիսի 30-ին 5 ընտրատարածքում անց են կացվել նոր ընտրություններ։

ԼՂՀ Խորհրդարանի 1995թ. հունիսի 23-ի առաջին նիստում Խորհրդարանի նախագահ է ընտրվել պատգամավոր Կարեն Բաբուրյանը, տեղակալ՝ Լավրենտ Գաբրիելյանը, քարտուղար՝  Էմմա Գաբրիելյանը։

1996թ. մարտի 12-ին Լավրենտ Գաբրիելյանն ազատվել է ԼՂՀ Խորհրդարանի նախագահի տեղակալի պարտականություններից՝ իր դիմումի համաձայն։

1996թ. ապրիլի 9-ին Խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվել է Բորիս Առուշանյանը, ով, իր դիմումի համաձայն, 1996թ. սեպտեմբերի 16-ին ազատվել է Խորհրդարանի նախագահի տեղակալի պարտականություններից։ 

ԼՂՀ Խորհրդարանն ուներ հետեւյալ մարմինները. Խորհրդարանի նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար, 6 մշտական հանձնաժողով։ Յուրաքանչյուր հանձնաժողովում ընդգրկված էր 5 պատգամավոր, որոնցից 1-ը՝ հանձնաժողովի նախագահ, 1-ը՝ հանձնաժողովի քարտուղար:

ԼՂՀ Խորհրդարանը 1996թ. մարտի 12-ի լիագումար նիստում ընդունել է Խորհրդարանի նախագահ Կարեն Բաբուրյանի հրաժարականը: ԼՂՀ Խորհրդարանի  նախագահ է ընտրվել  պատգամավոր Արթուր Թովմասյանը։

ԼՂՀ Խորհրդարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ օրենսդիր մարմինն անցավ աշխատանքի  կիսամշտական հիմունքների: Որոշմամբ սահմանվել է, որ մշտական հիմունքներով կարող են աշխատել Խորհրդարանի նախագահը, նախագահի տեղակալը, Խորհրդարանի քարտուղարը, մշտական հանձնաժողովների նախագահները եւ քարտուղարները։

1996թ. մարտի 19-ին ԼՂՀ Խորհրդարանի որոշմամբ Խորհրդարանը վերանվանվել է Ազգային ժողով։

2-րդ գումարման Ազգային ժողովը 1997թ. սեպտեմբերի 4-ին ընդունել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հրաժարականը։

Նույն թվականի դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահ է ընտրվել պատգամավոր Օլեգ Եսայանը։

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի 1997թ. դեկտեմբերի 31-ի կարգադրությամբ Ազգային ժողովի քարտուղար Էմմա Պավելի Գաբրիելյանը նշանակվել է Ազգային ժողովի փոխնախագահ։

ԼՂՀ 2-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեության ընթացքում  ընդունել է  167 օրենք, ԼՂՀ  հողային եւ ջրային օրենսգրքերը, հարկային օրենսդրությանը եւ դատա-իրավական համակարգի բարեփոխումներին վերաբերող մի շարք օրենսդրական ակտեր եւ այլն:

1996թ. նոյեմբերի 24-ին համաժողովրդական քվեարկության միջոցով անցկացվեցին նախագահական ընտրություններ, որի արդյունքում ԼՂՀ առաջին նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը։

ԼՂՀ գործող նախագահի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ անհրաժեշտություն դարձավ անցկացնել պետության նոր ղեկավարի արտահերթ ընտրություններ։

1997թ. սեպտեմբերի 1-ին անցկացված նախագահական արտահերթ ընտրությունների  արդյունքում ԼՂՀ նախագահ է ընտրվել Արկադի Ղուկասյանը։ 

 

ԼՂՀ 3-ՐԴ  ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

2000 թվականի հունիսի 18-ին տեղի են ունեցել ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի  ընտրությունները։

Ընտրություններն անց են կացվել մեծամասնական ընտրակարգով՝ 33 ընտրատարածքում։

ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի 2000թ. հուլիսի 10-ի առաջին նիստում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Օլեգ Եսայանը,  ԱԺ նախագահի տեղակալ՝ Մուշեղ Օհանջանյանը։

ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի կազմը բազմակուսակցական էր եւ ներկայացնում էր հանրապետության քաղաքական դաշտը։ ԱԺ պատգամավորներ էին ընտրվել «Ժողովրդավարական Արցախ միություն» (ԺԱՄ) հասարակական-քաղաքական կազմակերպության 20, Հայ Հեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) Արցախի կառույցի 9, Արցախի Արմենական կուսակցության 1, Արցախի սոցիալ-դեմոկրատական կուսակցության 1 անդամ, ինչպես նաեւ անկուսակցականներ։ Ազգային ժողովում 6  անդամ ուներ անկախ պատգամավորի կարգավիճակ։

2002թ. օգոստոսի 11-ին կայացել են հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում ԼՂՀ նախագահ է վերընտրվել Արկադի Ղուկասյանը։

ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 329 օրենք։

 

ԼՂՀ 4-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 2005 թվականի հունիսի 19-ին անց են կացվել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով։ Մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները կայացել են բոլոր 22 ընտրատարածքում։

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 2005թ. հունիսի 30-ի առաջին նիստում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Աշոտ Ղուլյանը, նախագահի տեղակալ՝ Ռուդիկ Հյուսնունցը։

 ԼՂՀ Ազգային ժողովը 2006թ. նոյեմբերի 1-ի լիագումար նիստում ձայների բացարձակ մեծամասնությամբ՝ 29 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունել է որոշում՝ ԼՂՀ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին։  

2006թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական քվեարկության՝ հանրաքվեի  միջոցով  ընդունվել է ԼՂՀ Սահմանադրությունը:

2007թ. հուլիսի 19-ին տեղի են ունեցել նախագահի հերթական ընտրությունները, որոնց  արդյունքում ԼՂՀ նախագահ  է ընտրվել Բակո Սահակյանը։

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորական կազմից գործադիր իշխանության մարմնում կատարված նշանակումների պատճառով առանձին պատգամավորների լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորական կազմը 2007-2008թթ. փոփոխության է ենթարկվել՝ համալրվելով 4 նոր պատգամավորներով, որոնցից 2-ը՝ մեծամասնական ընտրակարգով անցկացված լրացուցիչ ընտրությունների արդյունքում  (թիվ 4 եւ 15 ընտրատարածքներ), 2-ը՝ համամասնական:

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովում գործում էր 6 մշտական հանձնաժողով՝  արտաքին հարաբերությունների, արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների, ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի, պետական-իրավական հարցերի, սոցիալական ոլորտի հարցերի, պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի։

Համաձայն սահմանադրական պահանջի եւ «ԼՂՀ վերահսկիչ պալատի մասին» օրենքի՝ 2007թ. վերջերին ԼՂՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատը դադարեցրեց իր լիազորությունները. նրա փոխարեն 2008թ սկզբից սկսեց գործել պետական վերահսկողություն իրականացնող առանձին մարմին՝ ԼՂՀ վերահսկիչ պալատը։

 ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովը  շարունակում էր աշխատել կիսամշտական հիմունքներով։ Մշտական հիմունքներով աշխատում էին Ազգային ժողովի նախագահը եւ փոխնախագահը, 6 մշտական հանձնաժողովների նախագահները եւ փոխնախագահները։

 ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովում ի սկզբանե կազմավորվել են 2 պատգամավորական խմբակցություններ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» խմբակցությունը (16 անդամ), «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցությունը (12 անդամ) եւ 1 պատգամավորական խումբ՝ «ՀՅԴ-Շարժում-88» կուսակցական դաշինքի համանուն խումբը (3 անդամ),  2 հոգի ուներ անկախ պատգամավորի կարգավիճակ։  ԱԺ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խումբը 2007թ. մայիսից, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, վերակազմավորվել է խմբակցության՝ բաղկացած 3, իսկ 2007թ. հոկտեմբերից՝ 2 անդամից։

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովում տեղի է ունեցել քաղաքական ուժերի երկրորդ վերախմբավորումը. ԱԺ 2009թ. փետրվարի18-ի լիագումար նիստում, առաջնորդվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքով, հայտարարվել է «Արցախատուն» պատգամավորական խմբի ստեղծման մասին, որի կազմում ընդգրկվել է «Ժողովրդավարություն» խմբակցության նախկին 5 անդամ։  ԼՂՀ ԱԺ 4 անդամ ուներ անկախ պատգամավորի կարգավիճակ։

ԼՂՀ Սահմանադրությամբ զգալիորեն ընդլայնվել է երկրի օրենսդիր մարմնի՝ ԼՂՀ Ազգային ժողովի իրավասությունների շրջանակը: Երկրի Հիմնական օրենքով նախատեսված բարեփոխումների այդ գործընթացի առաջին կայացած իրողություններից են ԼՂՀ վարչապետի նշանակումը խորհրդարանի համաձայնությամբ՝ 2007թ. սեպտեմբերի 14-ին, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը՝ 2008թ. ապրիլի 16-ին, ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի նշանակումը՝ 2007թ. հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ գլխավոր դատախազի նշանակումը՝ 2007թ. դեկտեմբերի 19-ին, ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի նշանակումը՝ 2007թ. դեկտեմբերի 26-ին, ԼՂՀ գերագույն դատարանի դատավորի նշանակումը՝ 2008թ. ապրիլի 16-ին, Ազգային ժողովից ԼՂՀ արդարադատության խորհրդի երկու իրավաբան անդամների նշանակումը՝ 2009թ. մարտի 25-ին։

2010թ. փետրվարի 20-ին՝ ի նշանավորումն Ղարաբաղյան շարժման 22-րդ տարեդարձի եւ Արցախի վերածննդի օրվա, Ազգային ժողովում անց է կացվել հանդիսավոր հավաք՝ ԼՂԻՄ 20-րդ գումարման մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի նստաշրջանի մասնակից պատգամավորների, ԼՂՀ բոլոր գումարումների խորհրդարանի պատգամավորների, հանրապետության քաղաքական ղեկավարության, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի, գործադիր եւ դատա-իրավական իշխանությունների պատասխանատուների, Պաշտպանության բանակի հրամանատարական կազմի մասնակցությամբ։

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովը, ինչպես նաեւ  խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը, արտահայտելով իրենց դիրքորոշումը հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի զարգացումների վերաբերյալ, հանդես են եկել մի շարք հայտարարություններով։

ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովն ընդունել է 421 օրենք:

 

ԼՂՀ 5-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

2010 թվականի մայիսի 23-ին անց են կացվել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները` համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով սահմանված   պատգամավորական տեղերի նոր քվոտաներով. 17 համամասնական եւ 16 մեծամասնական հարաբերակցությամբ (նախորդ ընտրությունների քվոտաները կազմում էին համապատասխանաբար 11 եւ 22)։

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2010թ. հունիսի 10-ի անդրանիկ նիստում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը, նախագահի տեղակալ՝ Արթուր Թովմասյանը։

ԼՂՀ 5-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներն էին. արտաքին հարաբերությունների (հանձնաժողովի նախագահ՝ Վահրամ Աթանեսյան), արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների (հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Կասյան), ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արպատ Ավանեսյան), պետական-իրավական հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Գագիկ Պետրոսյան), սոցիալական ոլորտի հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Զոյա Լազարյան), պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Ժաննա Գալստյան), գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Սարգսյան)։

Հետագայում ԱԺ պատգամավորական կազմը ենթարկվել  է որոշակի փոփոխության։ Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ Զոյա Լազարյանը եւ Վլադիմիր Կասյանը, ովքեր զբաղեցնում էին, համապատասխանաբար, սոցիալական եւ առողջապահության հարցերի ու արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները,  2012թ. սեպտեմբերի 19-ին վաղաժամկետ դադարեցրել են իրենց լիազորությունները՝ գործադիր իշխանության մարմիններում այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն թվականի դեկտեմբերի 23-ին տեղի են ունեցել   ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ թիվ 10 եւ 15 ընտրատարածքներում, որոնց արդյունքներով համալրվել են պատգամավորական կազմի թափուր տեղերը. ԱԺ պատգամավորներ են ընտրվել Հրանտ Սաֆարյանը եւ Նելսոն Մինասյանը։ ԱԺ 2013թ. հունվարի 9-ի արտահերթ նստաշրջանում նորընտիր պատգամավոր Հրանտ Սաֆարյանն ընտրվել է արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի, սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արամ  Գրիգորյանը՝ միեւնույն հանձնաժողովի նախագահ։ Պատգամավոր Արեւիկ Պետրոսյանն ընտրվել է սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում կազմավորվել են 3 պատգամավորական խմբակցություն՝ «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցությունը (14 անդամ), Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» խմբակցությունը (10 անդամ) եւ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության «Դաշնակցություն» խմբակցությունը (6 անդամ), եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը (3 անդամ)։ ԱԺ 6-րդ նստաշրջանից սկսած՝  «Դաշնակցություն» խմբակցությունը գործել է 4 անդամ կազմով։ Նույն ժամանակահատվածից ԱԺ-ն ուներ 2 անկախ պատգամավոր։

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատել են Ազգային ժողովի նախագահը, նախագահի տեղակալը, մշտական հանձնաժողովների նախագահները եւ նրանց տեղակալները։

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը 2010թ. սեպտեմբերի 15-ին նշանակել է ԼՂՀ գերագույն դատարանի նոր նախագահին, 2011թ. մարտի 23-ին, 2012թ. ապրիլի 26-ին, 2012թ. նոյեմբերի 29-ին՝ ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորների՝  համաձայն պետության ղեկավարի առաջարկած համապատասխան թեկնածությունների։ 

2012թ. հուլիսի 19-ին տեղի են ունեցել հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հանրապետության նախագահ է վերընտրվել Բակո Սահակյանը:

Ի շարունակումն ձեւավորված ավանդույթի՝ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը նույնպես, ի դեմս իր կառույցների եւ խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի, հետեւողականորեն  արտահայտել է իր դիրքորոշումը հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի զարգացումների վերաբերյալ։

  • գումարման խորհրդարանի լուրջ ձեռքբերումներից էր այլ երկրների խորհրդարանների հետ բարեկամական հարաբերությունների ինստիտուցիոնալացումը: Այսպես, 2013 թվականի փետրվարի 26-ին Լիտվայի Սեյմասի մի խումբ պատգամավորների հայտարարությունը Լիտվայի Հանրապետության Սեյմասում Արցախի Հանրապետության հետ Բարեկամության խումբ ստեղծելու որոշման մասին: Նույն թվականի մարտի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովում ստեղծվել է Լիտվայի Հանրապետության հետ` Արցախ-Լիտվա Բարեկամության խումբը: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ստեղծումը 2013 մարտի 19-ին ամրապնդել է խորհրդարանական կապերի մեջ նոր միտումների ճիշտ ուղղվածությունը: 2014 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարվել է Եվրախորհրդարանում ԵՄ-ԼՂՀ խումբ ստեղծելու մասին:

5-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում Արցախի խորհրդարան են այցելել 24 երկրների 97 խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

5-րդ գումարման Ազգային ժողովի կողմից  ընդունվել է 440 օրենք։ 

 

ԼՂՀ 6-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով սահմանված   պատգամավորական տեղերի նոր քվոտաներով՝ 22 համամասնական եւ 11 մեծամասնական հարաբերակցությամբ, տեղի են ունեցել 2015թ. մայիսի 3-ին:

Նոր գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2015թ. մայիսի 21-ի անդրանիկ նիստում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Աշոտ Ղուլյանը, նախագահի տեղակալ՝ Վահրամ Բալայանը։

6-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներն են. արտաքին հարաբերությունների (հանձնաժողովի նախագահ՝ Արզիկ Մխիթարյան), արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների (հանձնաժողովի նախագահ՝ Արպատ Ավանեսյան), ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արամ Գրիգորյան), պետական-իրավական հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Հովիկ Ջիվանյան), սոցիալական ոլորտի եւ առողջապահության հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արարատ Օհանջանյան), պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Ժաննա Գալստյան), գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Սարգսյան)։

ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովում կազմավորվել է 5 պատգամավորական խմբակցություն՝ «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցությունը (14 անդամ), Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության «Դաշնակցություն» խմբակցությունը (7 անդամ)  Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» խմբակցությունը (6 անդամ), «Շարժում-88» կուսակցության «Շարժում-88» խմբակցությունը (3 անդամ) եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» խմբակցությունը (1 անդամ), 1 անկախ պատգամավոր:   

Խորհրդարանում ստեղծվել ու վերակազմավորվել են այլ խորհրդարանների հետ ունեցած բարեկամական խմբերը. «Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն» բարեկամական շրջանակ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խումբ,  «Արցախի Հանրապետություն - Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ,  Արցախի Հանրապետություն –Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ«Արցախ – Կանադա» բարեկամական խումբ, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով:

6-րդ գումարման Ազգային ժողովը գործում է մշտական հիմունքներով:  

 

ԱՀ 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

2020թ-ի մարտի 31-ին տեղի են ունեցել համապետական ընտրություններ: Ընտրությունների արդյունքներով կազմավորվել է ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը: Պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ,
  2. «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,
  3. Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
  5. Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի 2020թ-ի մայիսի 21-ի նիստում Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արթուր Թովմասյանը («Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն), նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը («Միասնական հայրենիք» խմբակցություն):

7-րդ գումարման ԱԺ մշտական հանձնաժողովներն են. արտաքին հարաբերությունների (հանձնաժողովի նախագահ՝ Վահրամ Բալայան), արտադրության և արտադրական ենթակառուցվածքների (հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Կասյան), ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արթուր Հարությունյան), պետական-իրավական հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Սևակ Աղաջանյան), սոցիալական ոլորտի և առողջապահության հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արամ Գրիգորյան), պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի (հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյան), գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի (հանձնաժողովի նախագահ՝ Արամ Հարությունյան)։

ԱՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում կազմավորվել է 5 խմբակցություն՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը (16 անդամ), «Միասնական հայրենիք» խմբակցությունը (9 անդամ), Արցախի «Արդարություն» խմբակցությունը (3 անդամ), «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը (3 անդամ) «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը (2 անդամ):

Խորհրդարանում ստեղծվել ու վերակազմավորվել են բարեկամական խմբեր և շրջանակներ.

«Արցախի Հանրապետություն -Եվրախորհրդարան» բարեկամական խումբ, «Արցախի Հանրապետություն Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարան» բարեկամական խումբ, «ԱրցախԿանադա» բարեկամական խումբ, «Արցախի ՀանրապետությունԼիտվայի Հանրապետություն» բարեկամության շրջանակԱրցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակ, Արցախի ՀանրապետությունԲելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակ, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակ, «Արցախ-Կիպրոս» բարեկամության շրջանակ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով:

7-րդ գումարման Ազգային ժողովը գործում է մշտական հիմունքներով: