19 մարտի 2019
Այս օրերին Արցախի Հանրապետության խորհրդարանի մշտական հանձնաժողովներում տեղի են ունենում նիստեր՝ շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ ձևավորելու նպատակով:
ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Ժաննա Գալստյանի նախագահությամբ կայացած նիստի ընթացքում քննարկել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը և «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:
Նախագծերը հանձնաժողովին է ներկայացրել ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանը:
Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը:
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Նախագծի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Այնուհետև քննարկվել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացրած՝ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Այս նախագծի վերաբերյալ դիրքորոշումը հանձնաժողովը թողել է ԱԺ լիագումար նիստին: